Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արեւելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արեւմուտքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզկենտրոնը` քաղաք Եղեգնաձորն է։ Բնակչության թիվն ըստ Վայոց ձորի մարզի բնակչության ռեգիստրի` (01.01.2019 թվականի դրությամբ)  60663 է։Բնակավայրերի թիվը` 55, որից քաղաքային` 3, գյուղական` 52։

Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից |armenpress.am|

Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից |armenpress.am|

armenpress.am: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը: Նրա խոսքով ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորմասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում: «Հաշվի առնելով ժամանակի սղությունը և անձնակազմի տեղավորան հրատապությունը՝ որպես արագ լուծում պլանավորվել և ներկա պահին նաև իրականացվում են թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակների դիրքերի և զորամասերի, մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ»,- ասաց Սարգսյանը: Մարտական հենակետերում, ՊՆ-ի և շինարարական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա 2021-ին թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակներով կահավորվել է շուրջ 6 տասնյակի հասնող հենակետ, ընթանում են ևս մի քանի տասնյակի հենակետերի կահավորման աշխատանքներ: Սարգսյանի վստահեցմամբ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նկատի ունենալով, որ կան նոր բնագծեր: «Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են նաև ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Արդեն կարելի է ասել, որ գրեթե պատրաստ են Ջերմուկի մշտական տեղակայման վայրի կառուցապատման աշխատանքներ: Դեռևս կան որոշակի աշխատանքներ, որոնք, եղանակային պայմաններից ելնելով, առաջիկայում ավելի կակտիվացվեն»,- ասաց փոխնախարարը:
14:07 - 15 մարտի, 2022
Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին |1lurer.am|

Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չբացառեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը կարող է փակվել: «Դիտարկվում է հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Ինքնանպատակ չէ ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց բովանդակությունը չհամապատասխանի բուհին, կամ չբավարարեն ռեսուրսները, որպեսզի այդ կառույցը գործի»,- ասաց Դումանյանը: Դումանյանը կարևորեց կրթության որակը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ գործընթացը սկսելու նախաձեռնությունը ներկայացրել է բուհը:  «Բուհի ղեկավարությունից ծավալուն տեղեկանք ենք ստացել. կադրային, ֆինանսական, նաև ուսանողների քանակի հետ կապված խնդիրներ կան այնտեղ: Նախաձեռնությունը եկել է բուհից, ներկայացված հիմքերը բավականին հիմնավոր են, գործն ընթացքի մեջ է»,- ասաց Դումանյանը:
12:56 - 21 փետրվարի, 2022
Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:57 - 22 հունվարի, 2022
Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ 2022թ. հունվարի 10-ի թիվ 8-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:  Հանձնաժողովն ստեղծվել է համայնքի ջրամատակարարման համակարգում առկա շարունակական խնդիրների վերհանման և հնարավորինս սեղմ ժամկետներում հասցեագրման նպատակով։ Հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզպետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե ինչպիսի խնդիրներով է պայմանավորված ոչ ծրագրային ջրանջատումները համայնքի տարածքում և դրանք վերացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում անխափան ջրամատակարարումը կվերականգնվի մեկ օրվա ընթացքում։ Հանձնաժողովի կազմում ներառված են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դ․ Սարգսյանը, Քաղաքաշինության վարչության պետ Ա․ Հախնազարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ․ Մարգարյանը, Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ․ Մեսրոպյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ն․ Մարտիրոյանը։ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման ապահովման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ խնդիրների արագ արձագանքման և մարզում ջրամատակարարման անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
09:35 - 11 հունվարի, 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:17 - 03 հունվարի, 2022
Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Արյան պաշարների հետ կապված՝ Հայաստանում խնդիր չկա, դրանք համալրված են, համալրվում են։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արյան դոնորների հավաքագրումն ընթացիկ գործընթաց է, և արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում։  «Առողջապահության նախարարության մեր թիմն իմ տեղակալի գլխավորությամբ երեկ եղել է Սյունիքում և Վայոց ձորում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Տվյալ համայնքների բնակիչների առողջական խնդիրների լուծման ապահովումը կկազմակերպվի»,- ասել է նա՝ հավելելով, որ երեկվա ադրբեջանական սադրանքների հետևանքով վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
12:58 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է, որ ունի 7 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է, որ ունի 7 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրոթյուն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի իրադրության արդյունքում ադրբեջանական կողմը ունի 7 զոհ և 10 վիրավոր։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։    
12:03 - 17 նոյեմբերի, 2021
Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ժոլին՝ անդրադառնալով երեկ՝ նոյեմբերի 16-ի կեսօրից ադրբեջանի ագրեսիային ՀՀ արևելյանի սահմանագոտու ուղղությամբ։ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ, ինչի հետևանքով հայկական զինված ուժերը կորուստներ ունի։ Մեր մտքերը զոհերի ընտանիքների և նրանց մտերիմների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հակամարտությանը խաղաղ լուծում գտնվի»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, ճշտված տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:52 - 17 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետեւում վերջին բռնություններին եւ կոչ անում դրսեւորել զսպվածություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմանի արևելյան սահմանագոտում։  «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ավելի ուշ: Բայց պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին ու պետք է դեռեւս ստուգենք այդ հաղորդագրությունները։ Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել՝ համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ու դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում եղած էսկալացիայից»,- ասել է Անտոնիու Գուտերիշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին հայտնի տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:29 - 17 նոյեմբերի, 2021
Ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է․ ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին․ ՊՆ

Ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է․ ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին․ ՊՆ

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։  «Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
21:52 - 16 նոյեմբերի, 2021
Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին

Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին

ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ-ն հակառակորդին հակազդելու գործողություններ է ձեռնարկել։ Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս․ ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ։ Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական․ սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ․ կմ ինքնիշխան տարածք։ Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իմ գնահատականը միանշանակ է․ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը։ Այո՛, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում։ Բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է։ Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով։ Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։ Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ․ չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած, իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով, և եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։ Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված»։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ԱԽ արտահերթ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
21:04 - 16 նոյեմբերի, 2021
ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից  պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ։ Հայտարարությունը ստորև․ «Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ: 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով: 2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ: Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը և այլ իրավունքները: Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։ Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների: Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները. ● Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով. ● ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ. ● վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները. ● միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»: 1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 2. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 4. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան 5. Հեռանկարային զարգացման կենտրոն 6. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 7. Գորիսի մամուլի ակումբ 8. Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ 9. Խաղաղության երկխոսություն 10. Հանրային լրագրության ակումբ 11. Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ 12. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 13. Երեւանի մամուլի ակումբ 14. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15. «Ժողովրդավարություն այսօր» ՀԿ 16. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Հայաստանի կանանց նախաձեռնություն
14:54 - 16 նոյեմբերի, 2021