Սասուն Խաչատրյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության գործող պետն է, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։

Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 12-ին` Երևան քաղաքում: 1993 թվականին ընդունվել և 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1998-2000թթ. ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում: 2000 թվականի մայիսից աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ։

2000-2003թթ. աշխատել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում՝ որպես քննիչ։ 2003-2008թթ.՝ Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ։ 2008-2013թթ.՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ։

2013-2014թթ. եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ։ 2014-2016թթ.՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։

2017-2018թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ։

2018 թվականի հունիսի 11-ից ՀՀ ՀՔԾ պետն է։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությանը

Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությանը

Նախօրեին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ մեջբերելով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ կոնկրետ քրեական գործի առնչությամբ նույն օրը ՀՀ կառավարության նիստի ընթացքում կատարած այն դիտարկումը, որ դատարանը, քրեական գործը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է. «Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Դատական դեպարտամենտը, փաստերի վերը նշված արձանագրումները դիտարկելով որպես դատական իշխանությանն ուղղված մեղադրանք, հայտարարություն է տարածել կոնկրետ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմնավորումների և նախաքննական մարմնի կողմից ներկայացված ապացույցների բավարարության վերաբերյալ: Ըստ էության, Դատական դեպարտամենտը, որպես Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ, կոչված լինելով ապահովել ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը, փորձել է մեկնաբանություններ կատարել դատական ակտերի և նախաքննական մարմնի ներկայացարած ապացույցների հիմնավորվածության կապակցությամբ, որի լիազորությամբ օժտված չէ: Ավելին, իրեն վերագրելով իրավապահ այլ մարմինների համար օրենքի կիրառման մեկնաբանություններ կատարելու գործառույթ՝ որոշակի դասագրքային վերլուծություններ է կատարել խափանման միջոցների նշանակության, կիրառման նպատակների վերաբերյալ և ապա՝ դատական իշխանության անունից պատրաստակամություն հայտնել հրապարակային քննարկումներում հանրությանը, իշխանության մյուս թևերին և անկախ մարմիններին ներկայացնել իր հիմնավորումներն ու մտահոգությունները: Զերծ մնալով դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով դատարանների կայացրած որոշումների հրապարակային քննարկումներից և ապացույցների գնահատումից՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա նաև այդ մասին Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը տարածած մարմինը նույնպես նման որևէ իրավասություն չունի»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
19:10 - 24 նոյեմբերի, 2023
Դատական դեպարտամենտը պարզաբանում է ներկայացրել զինվորական համազգեստների գործի վերաբերյալ

Դատական դեպարտամենտը պարզաբանում է ներկայացրել զինվորական համազգեստների գործի վերաբերյալ

Դատական դեպարտամենտն արձագանքել է այսօր Կառավարության նիստում հնչած մեղադրանքին.   «Այսօր Կառավարության նիստին, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտահոգության, որ ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է. «Մենք հիմա քրեական գործ ունենք դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամի կաշառքի դիմաց ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ։ Այդ քրեական գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է։ Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում, դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»։   Խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ:   Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը, իսկ վերջինի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:   Դատարանը, հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները, գտել է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, անհրաժեշտ չէ, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Ավելին՝ նախաքննական մարմնի կողմից բավարար ապացույցներ ու հիմնավորումներ չեն ներկայացվել, որ մեղադրյալները կալանքի բացակայության դեպքում կարող են խոչընդոտել քննությանը:   Նաև հարկ ենք համարում ընդգծել, որ խափանման միջոցներն առհասարակ չեն պարունակում պատժիչ տարրեր: Առավել ևս, անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան կամ քննության հետ ավելի օպերատիվ համագործակցելու մոտիվացիոն գործիք ծառայացնելը: Եթե որևէ դատավորի որոշում որևէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու գործիքակազմը:   Նշված և այլ գործերի ձգձգման համար որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական ոչ մի վարույթ առկա չէ, ինչը վկայում է, որ չկա փաստարկված որևէ դատական սխալ, որը Հակակոռուպցիոն կոմիտեին հիմք կտար դիմել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:   Վերջում, որպես ամփոփում, կարևոր է ընդգծել, որ հանուն կոռուպցիայի դեմ արագ և արդյունավետ պայքարի՝ դատական իշխանությունը պատրաստ է ցանկացած քննարկման և աշխատանքային համագործակցության, որը, անշուշտ, կլինի օրինականության և դատավորների էթիկայի վարքականոնների շրջագծում: Նման աշխատանքային և հրապարակային քննարկումներում դատական իշխանությունը պատրաստ է ներկայացնել իր հիմնավորումները և մտահոգությունները, թե՛ հանրությանը, և թե՛ իշխանության մյուս թևերին ու անկախ մարմիններին:   Դատական իշխանությունը 2024 թվականի հունվարից նաև հրապարակային հարթակներում կներկայացնի բոլոր թերացումների, ձգձգումների, չարդարացված ակնկալիքների ու եղած ձեռքբերումների մասին»:
20:14 - 23 նոյեմբերի, 2023
Մարտի 1-ի գործը բացահայտել ենք, կարդացեք մեղադրական եզրակացությունը․ Սասուն Խաչատրյան
 |armenpress.am|

Մարտի 1-ի գործը բացահայտել ենք, կարդացեք մեղադրական եզրակացությունը․ Սասուն Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործը բացահայտված է համարում։ Սասուն Խաչատրյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մարտի 1-ը բացահայտել ենք։ Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը ներկայումս հայտնի է և արդեն հասանելի է։ Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, ամեն ինչ շարադրված է։ Այդ գործով մեղադրանքներ են շարադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ այլ կարծիք հայտնելը։ Վերցրեք մեղադրական եզրակացությունը, կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը և՛ ձեռք բերված ապացույցների, և; այդ իրադարձությունների, և՛ 1000-ից ավելի պարկուճները կեղծելու, և՛ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- շեշտեց Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ զարգացած ժողովրդավարական երկրներում և՛ արդարացման դատավճիռներ են լինում, և՛ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումների դադարեցումներ են լինում։ «Դա նորմալ երևույթ է»,- ավելացրեց Խաչատրյանը։ Նա ընդգծեց՝ Մարտի 1-ի գործով շատ բարեխիղճ են աշխատել։
15:31 - 01 նոյեմբերի, 2023
Խաչատրյանի՝ բնակարանը զգալիորեն էժան գնելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չտվեց |azatutyun.am|

Խաչատրյանի՝ բնակարանը զգալիորեն էժան գնելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չտվեց |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գերատեսչությունը։ «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, միաժամանակ այն չի բովանդակում այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, հետևաբար հրապարակումը չի ուղարկվել իրավասու քննչական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով», - հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, «Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատ զգալիորեն ավելի ցածր գնով։ Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ է կա. - «Առնվազն ռիսկ, որ պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, Դատախազության կողմից»:
10:32 - 18 ապրիլի, 2023
«Ինֆոքոմ»-ի հոդվածն ընդգրկվել է Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնված գործին |azatutyun.am|

«Ինֆոքոմ»-ի հոդվածն ընդգրկվել է Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնված գործին |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունից դեռ չեն հստակեցնում՝ ինչ քայլեր են ձեռնարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակման առիթով։ Գերատեսչությունից հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնում են՝ ուսումնասիրում են Սասուն Խաչատրյանի վերաբերյալ հոդվածը։ «Ինֆոքոմ»-ի հրապարակած հոդվածը՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է» վերնագրով,  ընդգրկվել է հանձնաժողովի կողմից դեռ ամիսներ առաջ նախաձեռնված Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման գործին։ Արդյոք բնակարանի ձեռքբերման գործընթացում կա կոռուպցիոն ռիսկ, հանձնաժողովում խուսափում են հստակ պատասխանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասում է, թե ինչ որոշում կընդունեն, կախված կլինի նաև Սասուն Խաչատրյանի պարզաբանումից։ «Ներկայացված պարզաբանումը գնահատելուց հետո հանձնաժողովը արդեն համապատասխան որոշման հիման վրա կա՛մ ավարտում է տվյալ վերլուծության ընթացքը, կա՛մ հիմքերի առկայության դեպքում հարուցում է համապատասխան վարույթ, կա՛մ առավել քրեական տարրեր պարունակող հանգամանքների առկայության դեպքում գործերն ուղարկում է գլխավոր դատախազություն», - ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը։
11:25 - 31 մարտի, 2023
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Խաչատրյանը բնակարանն իր հարևանների համեմատությամբ ձեռք է բերել էականորեն ավելի էժան գնով։  Այդ ընթացքում տարօրինակ ճակատագրի է արժանացել Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննվող քրեական գործը, որն առնչվում էր 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ընտրակաշառք բաժանելու դեպքին և կարող էր կապ ունենալ կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի անդամի հետ։   Ո՞վ է կառուցապատողը «Բյուրեղ» թաղամասը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում և ընդգրկում է 16-25 հարկանի 7 բնակելի շենքեր՝ 1170 բնակարանով ու 815 ավտոկայանատեղիով։ Տարածքում կառուցվելու են նաև հասարակական շինություններ, խաղահրապարակներ, շատրվաններ, լինելու է 1.2 հեկտար կանաչ տարածք։ Թաղամասը նախագծել է քաղաքաշինության նախկին նախարար, ջերմուկցի Նարեկ Սարգսյանը։ Թաղամասը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն,  որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին։  Սասուն Խաչատրյանի հետ գույքի գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիրը 2021-ի փետրվարի 23-ին ստորագրել է Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերն է։ Վահագն Արսենյանն այժմ Ջերմուկի համայնքապետն է․ 2021թ․ դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններին նա մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Ձեռք բերված բնակարանը թաղամասի Դ մասնաշենքում է, դրա մակերեսը 167  քառակուսի մետր է։ Պայմանագիրը վավերացրել է Աշոտ Արսենյանի դուստրը՝ նոտար Քրիստինե Արսենյանը։    Բնակարանի գինը՝ շուկայականից ցածր Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը, ըստ պայմանագրի, կազմել է 425 331 դրամ։ Ընդհանուր առմամբ, բնակարանի գինը կազմել է 71.1 միլիոն դրամ։  «Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ գտնվող պայմանագրերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ «Ջերմուկ գրուպ»-ը բնակարանը Սասուն Խաչատրյանին վաճառել է ավելի էժան գնով, քան նույն մասնաշենքում նույն ամսվա ընթացքում բնակարան գնած առնվազն 3 այլ անձանց։ Այսպես, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին 1 քառ․ մետրը վաճառվել է 425 331 դրամով, նույն մասնաշենքում այլ քաղաքացիներ 1 քառ․ մետրի համար վճարել են 576 708, 572 660 և 640 000 դրամ։ Թաղամասում բնակարանի 1 քառ․ մետրի մակերեսի դինամիկան հասկանալու համար նշենք, որ «Ինֆոքոմ»-ն ունի մեկ այլ քաղաքացու՝ գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որը 2020-ի դեկտեմբերի 30-ին է կնքվել։ Այդ պայմանագրով քառ․ մետրի գինը կազմել է մոտ 517 000` դարձյալ ավելի բարձր գին, քան վճարել է Սասուն Խաչատրյանը։  Եթե միջինացնենք նույն ամսում նույն շենքի նույն մասնաշենքում 3 անձանց գնած բնակարաններիի 1 քառ․ մետրի արժեքը, ապա այն կկազմի 596 456 դրամ, այլ կերպ ասած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը իր բնակարանի 1 քառ․ մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 000  դրամով նվազ է գնել։ Նույն տրամաբանությամբ հաշվարկի դեպքում Սասուն Խաչատրյանի համար բնակարանի «զեղչը» կազմել է 28․5 միլիոն դրամ։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու և ինչ գործոններով պայմանավորված է Սասուն Խաչատրյանն այլ բնակարանների համեմատ էժան գնով բնակարան ձեռք բերել։ Ընկերությունից պատասխանել են՝ անշարժ գույքերի գնման իրավունքները տարբեր ժամանակահատվածներում վաճառվել են տարբեր արժեքներով՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածությամբ և այլն։ Խնդրել էինք նաև մեզ տրամադրել Խաչատրյանի կողմից բնակարանի ամրագրումը հավաստող որևէ փաստաթուղթ. այն չի տրամադրվել։ Թաղամասում 1 քառակուսի մետրի գինը վերջին տարիներին կայուն աճել է ու հիմա 1 քառ․ մետրի գինն առնվազն 960 000 դրամ է։  Հակակոռուպցիոն կոմիտեից, պատասխանելով «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը, հայտնել են՝ «անշարժ գույք գնելու իրավունքի առքուվաճառքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ կնքվել է 2021-ի փետրվարի 23-ին, որի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նույն թվականին կոմիտեի նախագահի կողմից ներկայացված հայտարարագրում»։ Սասուն Խաչատրյանից խնդրել էինք մեզ տրամադրել թաղամասում բնակարան գնելու համապատասխան ամրագրումը հավաստող փաստաթուղթ, եթե այդպիսին առկա է։ Պատասխանել են՝ բնակարանի ամրագրումը կատարվել է ավելի վաղ, պայմանագրի ստորագրումից ամիսներ առաջ, սակայն ամրագրումը հավաստող այլ փաստաթղթեր չեն տրամադրվել։ Անդրադառնալով Սասուն Խաչատրյանին զեղչ տրամադրելու մասին հարցին, Հակակոռուպցիոն կոմիտեից խորհուրդ են տվել այդ հարցն ուղղել տեղեկատվությունը տնօրինողին (նկատի ունեն «Ջերմուկ գրուպ»-ին)։    Չբացահայտված և կասեցված  ընտրակաշառքի գործ Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով, կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի հետ։ Այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։  Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվել է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին։ Նույն օրը ՀՀ-ում սկսել է գործել նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որին փոխանցվել է ՀՔԾ-ի վարույթում եղած գործերի մեծ մասը։ Իսկ Սասուն Խաչատրյանը, որը ՀՔԾ պետն էր, նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։  Ընտրակաշառքին վերաբերող քրեական գործը ներառում է նաև խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագ։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել էր, որ Մալիշկայի համայնքապետը ձևակերպել է, որ իր հարսը համայնքի մարզադպրոցի բուժքույրն է, և չնայած նա աշխատանքի երբևէ չի հաճախել, կանոնավոր կերպով աշխատավարձ է ստացել, համայնքապետարանն էլ աշխատաժամանակի կեղծ տեղեկագրեր է կազմել։ Մեկ այլ դրվագով Մհեր Մովսիսյանը մեղադրվում է սոցիալապես անապահով անձանց ընտանիքներին համայնքապետարանի բյուջեից գումարներ փոխանցելու, ապա դրանք կանխիկացնելու և հափշտակելու համար։ Այս դրվագները քննվում էին ընտրակաշառք բաժանելու դեպքի հետ մեկ քրեական գործում։  Ոստիկանության բացահայտումից գրեթե մեկ տարի անց՝ 2019 թ․ հունիսի 6-ին, ՀՔԾ-ն, Մհեր Մովսիսյանի կողմից գույք հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու դրվագի ապացույցները բավարար համարելով, գործն այդ մասով ուղարկում է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարան ուղարկված գործով Մովսիսյանը, ի թիվս այլնի, մեղադրվում է ընդհանուր 230 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք տալու մեջ։ Նկատենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ընտրակաշառք բաժանելու նպատակով Մովսիսյանը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել էր 13 միլիոն ՀՀ դրամ։ Դատարան ուղարկված գործը դեռ քննության փուլում է։ Գործն այդ մասով դատարան ուղարկելու հետ մեկտեղ ՀՔԾ-ն իր վարույթում է պահում ու շարունակում քննել ընտրակաշառքի գործը։ Ենթադրվում է, որ դրա շրջանակում պիտի պարզվեր՝ կոնկրետ որ թեկնածուի համար է ընտրակաշառք վճարել Մհեր Մովսիսյանը, ումից է նա ստացել այդ ընտրակաշառքի գումարը, ովքեր են ներգրավված եղել այդ գործընթացում և այլն։ Գործով, սակայն, ըստ էության ոչինչ էլ չի պարզվում,  և 2021 թ․ հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում գործի վարույթը կասեցվում է։ Ինչպես տեղեկացրին Կոմիտեից, այն կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ Աշոտ Արսենյանն այս գործով այդպես էլ որևէ կարգավիճակ չի ունեցել։  Փաստացի, Հակակոռուպցիոն կոմիտեն գործերի նախաքննության փուլում չի կարողացել հիմնավորել ու ապացուցել ոստիկանության կողմից իրեն փոխանցված ընտրակաշառքի դեպքը, աղբյուրները, նաև պարզել այն անձին, որը գումար է փոխանցել Մալիշկայի համայնքապետին՝ ընտրակաշառք բաժանելու համար։ Այդ ընթացքում էլ Սասուն Խաչատրյանը իր հարևաններից էականորեն տարբերվող գնով բնակարան է գնել Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող  ընկերությունից։    Սասուն Խաչատրյանի ընտանիքի մյուս գույքերը 2018-ին՝ ՀՔԾ պետ դառնալուց հետո, Սասուն Խաչատրյանը կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի հետ բնակարան էր գնել Քանաքեռ-Զեյթունի Ահարոնյան փողոցում գտնվող բնակելի շենքից։ Խաչատրյանը բնակարանը գնել էր 24.3 միլիոն դրամով, այդ նպատակով վարկ էր ներգրավել նաև ՎՏԲ բանկից։ Բնակարանի մակերեսը 96 քառ. մետր է։ 2021-ի օգոստոսին բնակարանը գնահատվել էր առքուվաճառքի գնի կրկնակիի չափով՝ 48.8 միլիոն դրամ։ Այս շենքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ունի նաև ավտոկայանատեղի։  2013-ին Սասուն Խաչատրյանը մասնակցել էր Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդին ու հողամաս ձեռք բերել Դավիթ Անհաղթ 2/2 հասցեում։ 2013-ին Սասուն Խաչատրյանին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կառուցելու նպատակով։ Հողամասի մակերեսը 185 քառ. մետր է։ Քաղաքապետարանի հայտարարած աճուրդին, բացի Խաչատրյանից, մասնակցել է նաև քաղաքացի Գագիկ Հովսեփյանը, սակայն ավելի բարձր գին առաջարկել ու հաղթել է Սասուն Խաչատրյանը։ Նա այդ ժամանակ, ըստ պաշտոնական կենսագրության, Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ էր։ Աճուրդում հաղթելուց հետո Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրել է առքուվաճառքի պայմանագիր՝ հողամասի համար վճարելով 4.2 միլիոն դրամ։  Սրանցից բացի` Սասուն Խաչատրյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան ունի Երևանի Ազատության պողոտայում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Խաչատրյանը սա նշել է որպես նվիրատվություն։  Սասուն Խաչատրյանի կինը՝ Լիլիթ Խաչատրյանը, հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Նա այս բնակարանի համասեփականատերերից է։ Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, որ այժմ փաստաբան է, եղել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի՝ քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ։ Սեփականության իրավունքով նրան են պատկանում Երևանի Բաբայան փողոցում գտնվող մեկ բնակարան և ավտոկայանատեղի։ Մի հողամաս էլ ունի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի այգեգործական տարածքում։ Մհեր Խաչատրյանին է պատկանում «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակը։  Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը իրավաբան է, 2021-ից՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
20:11 - 29 մարտի, 2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, Ռումինիայի դեսպանն ու լիազոր նախարարը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, Ռումինիայի դեսպանն ու լիազոր նախարարը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կորնել Իոնեսկուին և լիազոր նախարար Իոնել Իվանին: Ինչպես տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ողջունելով ռումինական պատվիրակությանը և նրանց ներկայացնելով իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեծապես կարևորում է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումն ու ներդրումը՝ հատկապես հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում: Ռումինիայի դեսպանը ևս ներկայացրել է իրենց երկրի՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած Ազգային հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը՝ նշելով, որ Ռումինիան մեծ առաջընթաց է արձանագրել հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների քննության բնագավառում: Դեսպան Իոնեսկուի խոսքով՝ Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն մարմինը թափանցիկ և հրապարակային աշխատանքի շնորհիվ այսօր վայելում է հանրության զգալի մասի վստահությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում ավելի արդյունավետ միջոցառումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների հակակոռուպցիոն մարմինների միջև համագործակցային կապերի ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում՝ փոխադարձ այցերի միջոցով:  
12:32 - 03 մարտի, 2023
Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է

 |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականին քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, այս տարի ծանրաբեռնվածությունն աճել է 110 տոկոսով: Այս մասին ասաց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Խաչատրյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն 2021-ի հոկտեմբերի 23-ին, նույն օրը մեկնարկել է կոմիտեի գործունեությունը, այսպիսով՝ իր ներկայացվածը վերաբերում է կոմիտեի գործունեության այդ 2 ամիսներին: 2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով կոմիտեին հատկացվել է 870 մլն դրամ: «Կոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառմամբ կոմիտեին հատկացվել է 341.1 մլն դրամ: «Հաշվետու ժամանակահատվածում հաստիքները համալրվել են մասամբ և մինչև տարեվերջ ժամանակի սղության պատճառով գնման գործընթացները մնացել են անավարտ, ինչով պայմանավորված 2021 թվականին ծախսը կազմել է 175.9 մլն դրամ կամ հատկացված միջոցների 51.6 տոկոսը, տարբերություն 165 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե»,-ասաց Խաչատրյանը: Ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով քրեական վարույթների թիվը նախատեսվել է 350, սակայն քննվել է 228 քրեական գործ: Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ սխալ պլանավորում չի կատարվել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի անցումային դրույթներով մյուս քննչական մարմիններում, որտեղ քննվել են կոռուպցիոն բնույթի գործերը, չեն փոխանցվել Հակակոռուպցիոն կոմիտեին և շարունակել են քննել: «2021-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 280 քրեական գործ: Ընդ որում` այդ գործերից 114-ը կոմիտե է փոխանցվել Հատուկ քննչական ծառայությունից: 2021-ին վարույթում քննված 280 քրեական գործից ավարտվել է 120-ը: Այս տարի արդեն ծանրաբեռնվածությունն աճել է մոտ 110 տոկոսով: Այսօր մենք վարույթում ունենք մոտ 240-250 քրեական գործ»,-ասաց նա՝ հավելելով որ քննիչների ծանրաբեռնվածությունն աննախադեպ է: Այդ կապակցությամբ կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը օրենսդրական փոփոխություն է կատարել:
20:17 - 02 հունիսի, 2022
Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազը առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։  Նշենք, որ 53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաեւ քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, զոհված զինծառայողների մի խումբ ծնողների պահանջի հիման վրա ապրիլի 26-ին Գլխավոր դատախազությունը ցուցում էր տվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ զոհված զինծառայողներին գործով տուժող, իսկ նրանց ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին։ Միեւնույն ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացվել էր առանձին պահանջ՝ նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, որը հսկող դատախազն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննարկելու նպատակով: Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել էր, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ առարկություն էր ներկայացրել։  Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ դատախազը վերացրել է քննիչի առարկությունը  եւ որոշում կայացրել 27 զոհված զինծառայողի տուժող ճանաչելու մասին, քանի որ պատշաճ կերպով այդ միջնորդություններն են ներկայացված եղել․ «Իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչելու ընթացակարգն արդեն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեի,- հեղ․) շրջանակում կլինի»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։ Հիշեցնենք՝ քրեական գործը, որի մասին խոսվում է, հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում, որին հետագայում միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանցով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։   Միլենա Խաչիկյան
21:38 - 04 մայիսի, 2022
Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին: Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, Հիզեր Բերգին շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ հակակոռուպցիոն ոլորտում ակտիվ համագործակցությունը շարունակում է մնալ ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկը, ուստի կարևոր է նորաստեղծ կառույցի հետ համատեղ աշխատանքների ներկա փուլում գործնական քայլերի մեկնարկն ու առաջիկա անելիքների պլանավորումը:   Առաջնահերթ աշխատանքների շրջանակում կողմերը դիտարկել են Հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետ գործունեության համար պահանջվող տեխնիկական հագեցվածության հարցերը, այդ թվում` ԱՄՆ գործընկերների աջակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների համար ժամանակակից տեխնիկայի ձեռք բերման և դրանց գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հնարավորությունը: Նշվում է, որ հաշվի առնելով հակակոռուպցիոն բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է նաև այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կոռուպցիոն բնույթի գործերի շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձին առնչվող միջազգային իրավական փոխօգնության հարցումների ընթացքին: Կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցային կապերն ընդլայնելուն ուղղված աշխատանքներն ու դրա շրջանակում նախանշված ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ:
13:50 - 15 դեկտեմբերի, 2021
Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է 2022-ին քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: Այս մասին ասաց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ Կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է 2021-ի հոկտեմբերի 23-ին: Այդ պատճառով կազմակերպության 2022-ի բյուջեն դեռևս գտնվում է մշակման փուլում, առկա է դրա նախնական տարբերակը: Կոմիտեն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Կոմիտեի պահուստային ֆոնդը կազմում է 30.3 մլն դրամ: «Ծրագրի գծով վերջնական արդյունքի չափորոշիչը ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քննված քրեական գործերն են: Թվային ցուցանիշ հնարավոր չէ կանխատեսել: Բայց 2022-ին նախատեսում ենք քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, քանի որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդ քանակի քրեական գործեր»,- ասաց Խաչատրյանը: Կոմիտեն ծանրաբեռնվելու է ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմամբ: Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:
15:57 - 03 նոյեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։ Սասուն Խաչատրյանին շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ԱՄՆ դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այն ոլորտն է, որի ուղղությամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը սերտ և շարունակական բնույթ է կրում, և այժմ էլ ԱՄՆ-ն պատրաստակամ է նորաստեղծ կառույցի հետ աշխատանքներ տանել այդ համագործակցությունը խորացնելու նպատակով: Միաժամանակ, դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախության և թափանցիկության ապահովումը: Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքներին և կառույցի առջև ծառացած մարտահրավերներին` Սասուն Խաչատրյանն առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ, որոնց համատեղ առկայության պայմաններում հնարավոր կլինի առարկայական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ Սասուն Խաչատրյանի` նշված բաղադրիչներն են կամքն, աշխատասիրությունը, մասնագիտական գիտելիքները և նյութատեխնիկական բազան: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր ներդնել հատկապես վերջին երկու բաղադրիչների ապահովման ուղղությամբ, որին մեծապես կնպաստի ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը:  Խաչատրյանը կարևորել է ԱՄՆ դրական փորձի ներդրումը նաև միջազգային իրավական փոխօգնության ոլորտին  առնչվող աշխատանքներում: Ինչ վերաբերում է քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ապա ամերիկյան կողմի փոխանցմամբ` այդ ուղղությամբ արդեն նախանշվում են վերապատրաստման և կարողությունների զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր: Այդ համատեքստում անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննությանը` Սասուն Խաչատրյանն ընդգծել է դրանց վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շրջանակներում առավել հաջողված կոնկրետ դեպքերի ներկայացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերի գործադրմամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը:
15:42 - 05 հոկտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

 |armenpress.am|

Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով: Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը սեպտեմբերի 24-ին արդեն իսկ ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:
12:56 - 25 սեպտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ |azatutyun.am|

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարության որոշմամբ, Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ, Խաչատրյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից, որը ղեկավարում էր 2018-ի հունիսից։ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը սեպտեմբերի 10-ին էր կառավարությանը ներկայացրել մրցույթը հաղթահարած թեկնածուներին։ 3 թեկնածու էր առաջադրվել այս պաշտոնի համար, երեքն էլ հաղթահարել էին հարցազրույցի փուլը, հետագա որոշումը վարչապետինն էր։ Մրցույթում ամենաշտ միավորները ստացել էր Սասուն Խաչատրյանը։ Երբ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսի գործել, կդադարեցվի 2007 թվականին ստեղծված Հատուկ քննչական ծառայության գործունեությունը։
11:54 - 16 սեպտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|

Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի ամենազգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և, դրանով պայմանավորված, անշուշտ կմեծանա գործերի քննության արդյունավետությունը։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։  «Անկախ նրանից՝ ես կղեկավարեմ այդ մարմինը, թե այլ անձ, ամեն դեպքում դա դրական տեղաշարժ է»,- հավելեց Խաչատրյանը: Ըստ ՀՔԾ պետի` քննչական մարմինը առհասարակ պետք է ունենա իր օպերատիվ մարմինը, ինչպես շատ զարգացած երկրներում է: «Կցանկանայի, որ այդ մարմինը ունենար նաև իր փորձագիտական հզորությունները, փորձագիտական կենտրոն՝  համալրված լավագույն մասնագետներով ու տեխնիկայով»,- եզրափակեց Խաչատրյանը:
13:05 - 10 սեպտեմբերի, 2021