Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։

1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։ 

Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ՀԱՊԿ-ում մնանք, ինչի՞ համար մնանք, մնանք, որ ի՞նչ անենք. Սամվել Բաբայան
 |news.am|

Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ՀԱՊԿ-ում մնանք, ինչի՞ համար մնանք, մնանք, որ ի՞նչ անենք. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Հայաստանը հայտարարում է, որ սառեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում ու չի բացատրում, թե ինչու է սառեցնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը: «Ես ժամանակին իմ կարծիքը հրապարակային եւ գործող իշխանությանը գրավոր ներկայացրել եմ, որ պետք է սառեցնել: Պատճառն այն է, որ Բելառուսը լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանին զենք է տվել, «Պոլոնեզ» ու էլի զենքեր է տվել, որոնք անգամ Ռուսաստանը չի վաճառել եւ լոբբինգ է անում Ադրբեջանին ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այսինքն Բելառուսը շահագրգիռ կողմ է եւ Ադրբեջանի շահերը լոբբին է անում այդ կառույցում: Կենտրոնական Ասիայի երկրները այդ նույն վիճակում են, 20 մլրդ-ից ավելի ներդրում է արել Ադրբեջանը այդ երկրներում, նրանք լոբբինգ են անում, չեն էլ թաքցնում: Շնորհավորում են Ադրբեջանի հաղթանակը, ամեն ինչ արել են, որ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը որեւէ դիրքորոշում չձեւակերպի 2020-ի պատերազմի ժամանակ: Այսինքն մենք այնտեղ չունենք դաշնակիցներ: Ունենք Ռուսաստանի հետ հարաբերություն, մնացածը ավելի շատ ադրբեջանամետ են: Մի ընտանիքի մեջ, որտեղ 6 հոգուց 4-ը քո դեմ են, հարց է ծագում՝ դու այնտեղ ի՞նչ ես անում: Դրա համար ես առաջարկել եմ Ռուսաստանի հետ ուղիղ ճանապարհային քարտեզ, պայմանագրերը փոխել, մինչեւ նորմալ վիճակի կգա Ռուսաստանը, հսկողություն կլինի այդ ընտանիքում, կհասկանանք՝ ով որտեղ է գնում: Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ՀԱՊԿ-ում մնանք, ինչի՞ համար մնանք, մնանք, որ ի՞նչ անենք, ինչ խնդիր լուծենք: Պարզ չի՞, որ անգամ Ռուսաստանի ցանկության դեպքում, այդ պետությունները դեմ են ՀՀ սահմանների պաշտպանության համար զորքեր մտցնելուն: Դրա համար ես դեռ 2021-ին առաջարկել եմ ուղիղ Ռուսաստանի հետ երկխոսության նստեն»,-ասաց Սամվել Բաբայանը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։      
18:40 - 11 մարտի, 2024
«Մեծ քայլերով գնում ենք պատերազմի». Սամվել Բաբայան
 |azatutyun.am|

«Մեծ քայլերով գնում ենք պատերազմի». Սամվել Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա կարծիքով՝ պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց, այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։ Թեհրանը, ըստ Սամվել Բաբայանի, դեմ է այդ ավտոճանապարհի տրամադրմանը, քանի որ այդ դեպքում կկորցնի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է Իրանի ճանապարհով։ «Մենք ունենք այսօր ճանապարհային քարտեզ, այպես ասենք, «Խաղաղության խաչմերուկ» կոչված, որը ներկայացրել է գործող իշխանությունը, բայց մենք գնում ենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության խաչմերուկի։ Փորձեմ հիմնավորել։ Եթե Թուրքիան 220 կիլոմետր ճանապարհ է կառուցում, այս տարի տենդեռը սկսվել է, երկաթուղի և տրանսպորտի մինչև Նախիջևանի կամուրջ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ մինչև Ռուսաստան արել է, հիմա հակառակ՝ եկել է Հորադիս ու գալիս է դեպի այստեղ, այսինքն՝ մեջտեղը մնում է Հայաստանը, մենք այդ ճանապարհը չենք տալիս, գործող իշխանությունը հայտարարում է, ասում է՝ մենք այդ թեման չենք էլ քննարկելու, չկա նման բան, կա խաղաղության խաչմերուկը Կապանով, Սիսիանով, Սոթքով, Դիլիջանավ, ուզում են, թող օգտվեն։ <> Դրա համար Ադրբեջանը երբ վստահ առանց մեր համաձայնության արդեն իսկ կառուցում է այդ ճանապարհները, Թուրքիան բանակի 17 միլիարդ բյուջեն հասցրել է 43, թե 44 միլիարդի, Ադրբեջանը 2.8 միլիարդից 6 միլիարդի է հասցրել, այդտեղ խաղաղություն չկա։ Մենք մեծ քայլերով տանում ենք պատերազմի։ Ադրբեջանն ամեն անգամ մի պատճառ է դնելու, ասի՝ դուք կրակեցիք, մենք սպանեցինք», - ասաց Սամվել Բաբայանը։ «Ես ի՞նչ եմ առաջարկում, ես ասում եմ՝ եկեք որոշենք՝ որ ճանապարհն ենք ընտրում։ Ադրբեջանն առաջարկում է տարածաշրջանի լոգիստիկ ճանապարհները, որը և Հայաստանի, և Թուրքիայի, և Կենտրոնական Ասիան, և դա ամբողջ Եվրոպայի ու Ամերիկայի կարծիքն է, Ռուսաստանի տակից դուրս բերել և Կենտրոնական Ասիան, և Կովկասը», - շարունակեց նա։ Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ինչպես է ինքն այդ ճանապարհը պատկերացնում՝ անարգել, առանց խոչընդոտի, ռուսներն էլ պետք է իրենց անվտանգությունն ապահովեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեջբերելով, Սամվել Բաբայանն արձագանքեց. - «Ադրբեջանի նախագահի խորհրդականը ասաց՝ մենք համաձայն ենք Կալինինգրադի տարբերակը քննարկենք, իսկ դա տրանզիտ է ավտոմատացված, մուծումներն անում ես, անցնում ես»։ Հարցին՝ այսինքն՝ կարելի՞է ինքնիշխանությունը պահպանելով այդ ճանապարհը տրամադրել Ադրբեջանին, արցախցի նախկին պաշտոնյան պատասխանեց. - «Ոչ թե կարելի է, այլ այլընտրանք էլ չկա, որևէ այլ կերպ իրենց ճանապարհ չի տալիս, բայց մենք պետք է այդտեղ հասկանանք, որ երբ մենք այդ տարածքով ճանապարհ ենք տալիս, և Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, որն այսօր ավելի շատ Իրանի ազդեցության տակ է, քան Ադրբեջանի, ավտոմատ զրոյանում է Իրանի ազդեցությունը Ադրբեջանի վրա Նախիջևանի միջոցով և ինչո՞ւ ոչ, ընդհանրապես։ Այսօր եկել է, ասում է՝ հանկարծ դուք այդ ճանապարհը եթե դուք տաք, մեր կարմիր գիծն է։ Ճանապարհը՝ երկաթուղին Արաքս գետի ափով է անցնում, կողքով ադրբեջանցին ասում է՝ նոր ճանապարհ կառուցենք, որ ես այդտեղով կապվեմ Նախիջևանի հետ, ամենակարճ ճանապարհը լինի, Իրանի Իսլամական պետությունն ասում է՝ դա կարմիր գիծ է ինձ համար, և Հայաստանի քաղաքական ղեկավարության առջև դնում է, որ դա չտրամադրեն։ Սա մեկ խնդիր է։ Հիմա կարող ենք խոսենք, ինչ, Ղարաբաղը պետք է վերադառնա, Ղարաբաղի ինքնավար հանրապետություն, այդ ճանապարհի գինը շատ թանկ է։ Դա այդպես չէ, այդտեղ մի շարք հարցեր կան, որից ես չեմ խոսում։ Ես ասում եմ ռազմավարությունը, որը թուրք-ադրբեջանական Կենտրոնական Ասիայի և Արևմուտքն ընդհանրապես, մենք այդտեղ մասնակցո՞ւմ ենք, թե՞ չենք մասնակցում։ Եթե մասնակցում ենք, պիտի այդ ճանապարհը տանք»։ Կարդալ ավելին՝ azatutyun.am-ում։
21:53 - 29 փետրվարի, 2024
«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

«Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում»,- «Առավոտին» տված իր հոդվածում գրում է Սամվել Բաբայանը:
22:13 - 06 փետրվարի, 2024
Սամվել Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ. հայտարարություն

Սամվել Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ. հայտարարություն

Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու և նրանց Արցախ վերադարձնելու վերաբերյալ տեղեկություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը: «Հաշվի առնելով խնդրի զգայունությունն ու հասարակական-քաղաքական շրջանակների կողմից այն կապիտալիզացնելու մեծ գայթակղությունը՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանն անհատապես կամ համագործակցաբար չի զբաղվում նմանաբնույթ աշխատանքներով։ Փոխարենը նա Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնի և կառավարության քննարկմանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ համապարփակ մոտեցումներ։ Այդ մոտեցումներով առաջարկվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, վերջինիս օժտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ։ Բացի այս, Սամվել Բաբայանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում է, որ բնակչության վերադարձի հնարավորության քննարկումն, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արկածախնդրություն է։ Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կոչ է անում իրավապահ մարմիններին համապատասխան աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, իսկ արցախցի հայրենակիցներին հորդորում է չհավատալ ինքնակոչ փրկիչների ստահոդ խոստումներին և չնպաստել նրանց բիզնես-գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։
17:07 - 25 հունվարի, 2024
Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան
 |azatutyun.am|

Սամվել Շահրամանյանն Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում. Սամվել Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 19-ից հետո Արցախում տեղի ունեցած զարգացումների համար մեղադրանքների սլաքներն ուղղում է Արցախի իշխանությանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցած արցախցի նախկին պաշտոնյան պնդեց, որ Արցախի իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից, ինչն էլ հանգեցրել է արցախյան ողբերգական իրադարձություններին։ «Արցախը էս վերջին՝ ամսի 19-ի դեպքերով հանձնել են Արցախի իշխանությունները՝ իր քաղաքական ամբողջ…», - ասաց նա։ Հարցին, թե Արցախի անկմանը չնպաստե՞ց ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը 44-օրյա պատերազմից հետո, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Նպաստեց, նպաստեց, որովհետև ես իմ ելույթներում ասել եմ, որ ֆինանսավորել, այն ձև անել, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը Արցախում, ճիշտ չեմ համարում»։ Սամվել Բաբայանը, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրաժարվել էր Արցախի հերոսի կոչումից, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռանալու որոշում էր կայացրել՝ քննադատելով Արցախի և Հայաստանի իշխանություններին, այսօր, ըստ էության, խուսափեց կոնկրետ գնահատականներ տալ Լեռնային Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, բայց հայտարարեց, թե Արցախի հարցը լուծված չէ։ Թե այդ լուծումն ինչպես է պատկերացնում, չպարզաբանեց, փոխարենը պնդեց, որ Արցախը բոլորս ենք հանձնել։ Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, թե այս պահին Արցախ վերադարձի հարցով բանակցություններ է վարում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ում հետ է Շահրամանյանը Բաքվում բանակցություններ վարում, ով է իրեն այդ տեղեկատվությունը փոխանցել՝ նա մանրամասներ չհայտնեց։
16:10 - 29 նոյեմբերի, 2023
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան |news.am|

Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Ես չեմ գտնում, որ պատերազմը կանգնեցնում է պարտություն կրող կողմը. հաղթողը թելադրում է իր կանոնները, այդ պարագայում կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ր հնարավորություն կանգնեցնելու 44-օրյա պատերազմը: Հարցին՝ Արցախը ով հանձնեց Ադրբեջանին, նա պատասխանեց. «Մենք բոլորս միասին: Բոլորս միասին 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել մի բան արվի՝ իշխանության հետ միասին: Բոլորս միասին՝ Արցախի, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ»: Նա վստահեցրեց, որ մեղադրում է ՀՀ իշխանությանը Արցախը հանձնելու մեջ. «Բա հո ձեզ չեմ մեղադրելու»: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Արցախի դատախազությունը այն ժամանակ հարցաքննել է իրեն, եւ այդ մասին ասել է Գուրգեն ներսիսյանը, Սամվել Բաբայանն ասաց. «Ինձ ոչ մեկը չի հարցաքննել, Գուրգեն ներսիսյանին դիմեք, թող հրապարակի այդ հարցաքննությունը»:
12:31 - 29 նոյեմբերի, 2023
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին |news.am|

Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին |news.am|

news.am: Խնդրում եմ՝ ամեն մեկին մի լսեք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ ինքը խոսել է ադրբեջանցիների հետ, նրանք ասել են, որ Սամվել Բաբայանի հետ չեն բանակցում: «Քննություն է ընթանում, երեւի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե չի եղել»,-ասաց նա: Հիշեցմանը, որ ինքը նախկինում ասել էր, որ արցախահայերի վերադարձի հարցը կարող է կազմակերպել, եթե ցանկանան, Սամվել Բաբայանն ասաց. «Ես ամեն ինչով զբաղվում եմ»: Լրագրողների հարցին, թե արցախահայերի վերադարձին ուղղված իշխանությունների գործողություններին ինչպես է գնահատում, նա ասաց. «Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում, ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում»:
12:01 - 29 նոյեմբերի, 2023
Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով |tert.am|

Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով |tert.am|

tert.am: Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ «Ինձ հրավիրել են, ես էլ համաձայնվել եմ ներկա գտնվել և պատասխանել իրենց հարցերին, ինչու պետք է խուսափեմ»,- ասաց նա։ Բաբայանն ասաց, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։ Լրագրողների հարցին՝ ինչպես է պատկերացնում լուծման ձևը՝ հաշվի առնելով, որ ինքն առաջարկում էր կոմիտե ստեղծել, Բաբայանը պատասխանեց․ «Ես առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանությունները երևի իրենց ձևը ունեն, իսկ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել։ Մենք ունենք շատ խելոք ընդդիմություն, չէի ցանկանա նրանց խանգարել, ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում»։
11:44 - 29 նոյեմբերի, 2023
Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Սամվել Բաբայանը. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Մինչև դեկտեմբերի 3-ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նշենք, որ այսօր Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ «Շատ կուզենք լսել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին»,–ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 3–ին, որից հետո ոչ ոքի իրենք իրավասու չեն հրավիրելու։ «Մեր երկիրը այդպիսի փորձ չունի նման ծավալի զեկույցներ պատրաստելու։ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո տևեց երեք ամիս մինչև զեկույցը ներկայացրին լիագումար նիստին»,–ասաց Քոչարյանը։ Հարցին, թե երբ պատրաստ կլինի զեկույցը, Քոչարյանը պատասխանեց. «Զեկույցը պատրաստ կլինի ողջամիտ ժամկետներում, բայց պետք է ունենան որակական բարձր ցուցանիշ: Այդ ժմանակ, ես ամսի 3-ին կամ 4-ին նամակով կդիմեմ ԱԺ նախաագահին եւ կառաջարկեմ այն ժամկետը, երբ քննիչ հանձնաժողովը կներկայցնի զեկույցը: Կարծում եմ՝ կլինի մի քանի ամիս հետո»:    
16:11 - 24 նոյեմբերի, 2023
ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից
 |azatutyun.am|

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, պնդելով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։ Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։ Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։ «Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»: Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։ ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։ «Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։ Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։ «Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը: ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: «Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը: «Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:
17:20 - 22 նոյեմբերի, 2023
Ստեղծել Հատուկ ծրագրերի կոմիտե և օժտել Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ․ Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունը

Ստեղծել Հատուկ ծրագրերի կոմիտե և օժտել Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ․ Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունը

Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ «Ս․թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի և դրան նախորդած ու հաջորդած ժամանակահատվածում Արցախի ինքնահռչակ իշխանությունների հանցավոր գործունեության արդյունքում հայ ժողովրդի լավագույն զավակների կյանքի և առողջության գնով վաստակած,  Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական մեծադիր ջանքերով փայփայած, Արցախի ժողովրդի ամենօրյա զրկանքներով կերտված Արցախի պետականությունը փոշիացվեց։ Այնինչ, եթե ոչ ինքնիշխան, ապա հայկական Արցախը ոչ միայն կայուն նախադրյալներ, այլև հեռանկար ուներ։ Բռնատեղահանվելուց և Հայաստանի Հանրապետությունում ապաստանելուց երկու շաբաթ անց «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձևակերպել և Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի միջոցով Արցախի խորհրդարանին է փոխանցել «Արցախի Հանրապետության ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ» օրակարգ, մասնավորապես առաջարկելով․ -              Հրավիրել խորհրդակցություն Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ։ -              ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով։ -              ԱԺ որոշմամբ ձևավորել բռնատեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի կոմիտե։ -              Հատուկ ծրագրերի կոմիտեին օժտել ԼՂ կարգավիճակի և բռնատեղահանված բնակչության վերադարձի շուրջ միջազգային հանրության և Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ, դրա անհնարինության պարագայում՝ ՀՀ-ում վերաբնակեցման կազմակերպման իրավասությամբ։ Խորհրդարանականները, սակայն, չեն համաձայնել մասնակցել վերոնշյալ օրակարգով խորհրդակցության, որի պատճառների պարզումն ու հանրայնացումը լրագրողական համայնքի գործառույթն է։ Խորհրդարանական երկրորդ՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով Ազգային ժողովի, որպես միակ լեգիտիմ մարմնի պատասխանատվությունը, հայտարարում է, որ ԱԺ չորս քաղաքական ուժերը դիսկոմֆորտ են ապրում նրանից, որ ԱԺ նախագահին ֆորմալ առումով օրենքի ուժով փոխարինում է «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը, ուստի մեդիանախապատրաստություն են իրականացնում նրան ցանկալի մեկով փոխարինելու համար։ «Միասնական հայրենիք» կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է․ եթե կառավարություն, ապա բացառապես Արցախում, իսկ Արցախից դուրս՝ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ընտրված մարմին՝ Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվելու գործառույթով»։
10:45 - 09 նոյեմբերի, 2023
Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան

Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ եւ հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով ինքը առաջարկել է, որ դեմ չէ, թող Բաբայանը ներկայացնի իր ծրագիրը, եւ եթե այն իրենց համար ընդունելի է, ինքը պատրաստ է գնալ նաեւ այդ քայլերին: «Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն, եւ ինքը իրականացնի մնացած գործընթացները: Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ եւ փորձել ճշտել, թե կա՞ Արցախում ուրիշ թեկնածու, ում հետ պատրաստ են բանակցել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան։ Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր, եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ», - ասաց Սամվել Շահրամանյանը։
23:14 - 28 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակել, ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել․ Սամվել Բաբայան
 |aysor.am|

Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակել, ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել․ Սամվել Բաբայան |aysor.am|

aysor.am: Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել, «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը: «Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ ուժեղ զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Ուրախ եմ, որ ի վերջո այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ՝ հրթիռային համակարգ՝ թե՛ խփելու, թե՛ պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»,-ասել է նա: Ըստ Բաբայանի՝ «ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի վաղուցվանից»։ «2020 թվականի պատերազմից հետո դա չկա, որևէ օգնություն, որևէ զենք չի տրամադրվել: Դրա համար Հայաստանը որոշել է իր համար իր հակաօդային պաշտպանության ուժերը թարմացնել և ընտրել այն զենքերը, որոնք իրեն հարմար են և  ինքը ճիշտ է համարում»,- ասել է նա։ Բաբայանի խոսքով՝ Ռուսաստանին փող է տրվել  զենք մատակարարելու դիմաց, ինչը չի արվել. «Իրենք այնքան զբաղված են Ուկրաինայում, որ չեն կարող մատակարարել, իսկ մենք էլ չենք կարող նստել, սպասել, թե երբ են մատակարարելու»,- նշել է նա։ Սամվել Բաբայանը խնդիր չի տեսնում, որ Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ համակարգը լինի ֆրանսիական, իսկ հրետանային համակարգերը, օրինակ, հնդկական:
17:42 - 24 հոկտեմբերի, 2023
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել |azatutyun.am|

Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։ Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (Քրեական օրենսգրքի հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։ Գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:
12:53 - 16 հոկտեմբերի, 2023