Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ «Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։ Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։
11:30 - 01 մարտի, 2024
ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել Դատավորների ընդհանուր ժողովի 158 դատավոր
 |1lurer.am|

ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել Դատավորների ընդհանուր ժողովի 158 դատավոր |1lurer.am|

1lurer.am: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Նախքան Ազգային ժողովում նրա թեկնածությունը ներկայացնելը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը պարզաբանեց, թե ինչպես է առաջադրվել Բալայանի թեկնածությունը: 2024 թվական հունվարի 4-ին դադարել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները, և ՍԴ նախագահը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար: Թեկնածուի ընտրության նպատակով փետրվարի 2-ին հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցել են ՀՀ-ում գործող 314 դատավորներից 283-ը: Կարգի համաձայն՝ ՍԴ դատավորի թեկնածու կարող է ինքնառաջադրվել, նաև առաջադրվել այլ դատավորի կողմից: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի կողմ ձայները: Որպես ՍԴ թեկնածու՝ ինքնաառաջադրման եղանակով իրենց թեկնածություններն են առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քերական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը և վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը: «Ընտրությունն իրականացվել է գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել է 100 դատավոր, Դավիթ Բալայանի թեկնածությանը՝ 158 դատավոր, իսկ Արմեն Ներսիսյանի թեկնածությանը՝ 12 դատավոր: Արդյունքում Դատավորների ընդհանուր ժողով կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Կիմի Բալայանը»,- ասաց Լիլիթ Թադևոսյանը:
13:06 - 28 փետրվարի, 2024
Արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում, ինչը լրջագույն խնդիր է. վարչապետ

Արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում, ինչը լրջագույն խնդիր է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն պետական կարևոր ինստիտուտներից մեկն է: «Ընդգծելով և կարևորելով իշխանությունների տարանջատման և բաժանման սկզբունքը, որը, կարծում եմ՝ ցանկացած պետության կայացման համար կարևորագույն նախապայման է, սակայն այնպես է, որ Կառավարությունը պատասխանատվություն ունի իշխանության բոլոր օղակների գործունեության պայմաններ ապահովելու համար: Կարծում եմ՝ Կառավարությունն ի ցույց է դրել բոլոր անհրաժեշտ միջոցները կամ առնվազն բավարար այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական անկախ համակարգի ձևավորման և գործունեության համար: Այդ որոշումները կայացվել են, իհարկե, գործընթացներն ու բարեփոխումները, իմ ընկալմամբ, երբեք չեն ավարտվում: Այսինքն՝ չկա մի կետ, երբ որևէ կառավարություն և պետություն կարող է արձանագրել՝ վերջ, բարեփոխումներն ավարտվեցին: Եվ այդտեղ ուզում եմ ընդգծել Կառավարության և խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը՝ Սահմանադրական դատարանի բնականոն և ընդհանրապես՝ դատական անկախ համակարգի գործունեության համար իրենից կախված ամեն հնարավորն անելու: Սահմանադրական դատարանը, իհարկե, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել, կարծում եմ մեր ժամանակների համար արդիական մի մտքով, որն արդիական է եղել մեր հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում: Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում: Այսինքն՝ արդարադատությունը մեծ հաշվով օրենքներ են, այդ օրենքներն իրականացնող և օրենքի առաջ հավասարությունն ապահովող մարմիններ: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությանը ծառայող մարմինները գործում են լիարժեք, բայց պետք է նաև կիսեմ իմ տպավորությունը, որպես նաև Կառավարության ղեկավար, ով մարդկանց հետ շփվելու ամենատարբեր առիթներ է ունենում. արդարադատության մեր ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Եթե, օրինակ՝ հարցում իրականացնենք պետական ինստիտուտների մեջ, թե, այնուամենայնիվ, մեր գործունեությունը տեղավորվո՞ւմ է արդարության շրջանակներում, թե՞ չի տեղավորվում, կարծում եմ՝ պետական ինստիտուտների և դատական ինստիտուտների պատասխանը դրական կլինի, բայց հանրության պատասխանն այնքան էլ դրական չի լինի: Ի՞նչն է սրա պատճառը: Կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում: Եվ սա լրջագույն պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք և որի հետ պետք է հասցեագրվենք։ Մեծ հաշվով, մեր երկրում ամենատարբեր առիթներով խոսում ենք ստանդարտի մասին, բայց, կարծում եմ՝ պետք է խոսենք նաև արդարադատության ստանդարտի մասին, թե ինչ է դա նշանակում գործնականում։ Նաև կարևոր է հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարադատության մասին համընկնեն։ Կարծում եմ, որ այդ հարթակը, որտեղ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բանավեճն է Սահմանադրության շուրջ և ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ես երկար եմ այս թեմայի մասին մտածել և կարծում եմ, որ հենց այս խաչմերուկում տեղի ունեցած հանդիպման առանձնահատկություններն են, որ ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարության և արդարադատության մասին չեն համընկնում։ Այսինքն` այս հանգրվանում է, որ այդ խոսակցությունը, այդ կոնսենսուսը չի ձևավորվել, և կարծում եմ, որ սա հիմա արդեն ակնհայտորեն մեր պետական ինստիտուտների և ընդհանրապես՝ պետության կայացման համար կարևորագույն մի խնդիր է, որի հասցեագրումն առնվազն մեր օրակարգում պետք է ունենանք։ Եվ այստեղ, իհարկե, շնորհակալ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն առանց իշխանությունների բաժանման սկզբունքների խախտման, նաև այս թեմայով հաղորդակցության հնարավորություն ստեղծի Կառավարության համար, որովհետև սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են։ Կրկին ուզում եմ բոլորիս շնորհավորել այս առիթով, ընդգծել իմ խոր հարգանքը Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ և հույս հայտնել, որ մենք Սահմանադրության սահմանված կարգով բաժանված ինստիտուտների փոխգործակցության և երկխոսության հնարավորություն կարող ենք ստեղծել՝ ի վերջո արդարադատություն ինստիտուտի և արդարություն զգացողության համադրման և նույնականացման մեխանիզմների ձևավորման մասին, որովհետև կարծում եմ` դա շատ կարևոր է։ Ձեզ հայտնի հանգամանքների, ողբերգական հանգամանքների բերումով մեր հանրության մեջ շատ խոր դիսոնանսի զգացողություն կա։ Եվ այդ դիսոնանսի զգացողությունը, կարծում եմ, ամենաշատն արտահայտվում է կամ այդ դիսոնանսի եռման կետը հենց արդարադատություն ինստիտուտի և արդարության զգացման այս բաժանման միջև ընկած տիրույթում է գտնվում։ Շնորհակալ կլինենք, եթե Սահմանադրական դատարանը, մեր մյուս պետական ինստիտուտները ցանկանան, ուզենան և կարևոր համարեն այս դիլեման լուծելու գործում ներդրում ունենալ», - իր խոսքում նշել է վարչապետը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
14:59 - 09 փետրվարի, 2024
ՍԴ-ն որոշել է՝ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը |hetq.am|

ՍԴ-ն որոշել է՝ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի առնվազն 1/5 պատգամավորների դիմումի հիման վրա քննվող գործի մասին ամբողջական որոշումը, որը վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների օրենսդրական կարգավորմանը: Սահմանադրական դատարանը գտել է, որ գործող օրենսդրական դրույթը չի հակասում Սահմանադրությանը: Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները  2022թ. փետրվարի 15-ին դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն` Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը և որոշ դեպքերում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Պատգամավորների ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ Դատական օրենսգրքով Արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի համապատասխանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին և հակասում է Սահմանադրության պահանջներին: Սահմանադրական դատարանը գտել է, որ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը դատավորի նկատմամբ միջամտող ակտ չէ, որը դատավորի նկատմամբ իրավական հետևանք է առաջացնում: Ընդամենը նախաձեռնում է Բարձրագույն դատական խորհրդի առջև դատավորի կարգապահական գործով վեճի լուծման հնարավորություն։
22:36 - 22 հունվարի, 2024
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը
 |factor.am|

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները 2023-ի հուլիսի 3-ին դադարեցվել են, դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով․  1․ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:  Նշենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու դահլիճից հեռացում սանկցիան։ Իսկ դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ  «Դատական նիստերի դահլիճից հեռացում չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաև տվյալ պահին ցուցմունք տվող վկայի և օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ: 2․  «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և դրա փոխկապակցված 11-րդ հոդվածի 2-րդ մասը, և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»։ Նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ  «Դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»: Կարդալ ավելին՝ factor.am-ում։ 
21:32 - 19 հունվարի, 2024
Արայիկ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

Արայիկ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

ՀՀ ՍԴ արդեն նախկին դատավոր Ա․ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԴ-ից։ «Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարեցվել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորւթյունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։ Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնում, որ պարոն Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:21 - 08 հունվարի, 2024
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության լիազորությունն է. ՍԴ որոշում

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության լիազորությունն է. ՍԴ որոշում

ՀՀ Սահմանադրական դատարանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 138-րդ հոդվածի, ինչպես նաև այդ դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով  որոշման եզափակիչ մասը:  «Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշել է.   1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը:   2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:   3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:   4. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին և 19-րդ մասին համապատասխան` Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2024 թվականի մայիսի 31-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշմանը:   5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:   ՍԴ որոշումն՝ ամբողջությամբ՝ այստեղ:
21:51 - 22 դեկտեմբերի, 2023
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը 2023 հոկտեմբերի 19-ից 21-ը այցելել է Բաթումի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։Վրաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բարձր դատարանների դատավորների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումը։Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետություններում սահմանադրական վերահսկողությանը, ընդհանուր իրավասության դատարանների հետ Սահմանադրական դատարանների փոխգործակցությանը, Բարձր դատարանների նախադեպային որոշումներին և ինստիտուցիոնալ երկխոսության մեխանիզմներին առնչվող հարցեր։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանըբարձր է գնահատել երկու երկրների Սահմանադրական դատարանների համագործակցությունը՝ կարևորելով փոխգործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը։ Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան շնորհակալությունէ հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պատվիրակությանը այցի համար, ընդգծելով Բարձր դատարանների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Վրաստանի գործընկերների հետ այցելել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայ առաքելական եկեղեցի։ Ճանաչողական այց է իրականացվել Բաթումիում գտնվող միջնադարյան շրջանի Պետրա։
17:10 - 24 հոկտեմբերի, 2023
ԱԺ-ն լիագումար նիստում քննարկում է կառավարության ներկայացրած՝ Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը

ԱԺ-ն լիագումար նիստում քննարկում է կառավարության ներկայացրած՝ Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը

Ազգային ժողովը լիագումար նիստում քննարկում է կառավարության ներկայացրած՝ «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը։ Խորհրդարանում նախագիծը ներկայացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Վերջինս ԱԺ ամբիոնից նշեց, որ սա կարեւորագույն նախագիծ է․ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 98թ․-ին՝ Հռոմում, այն ուժի մեջ է մտել 2002թ․ հուլիսի 1-ից։ Այս պահին 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, ՀՀ-ն այն ստորագրել է դեռ 1999թ․ հոկտեմբերի 1-ին, բայց դրա ստորագրումից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ 2004-ին ՍԴ-ն Կանոնադրության մեջ ամրագրված որոշ պարտավորություններ ճանաչել էր Սահմանադրությանը հակասող»,- ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ դրա վավերացման վերաբերյալ քննարկումները վերսկսեցին դեռ մեկ տարի առաջ, երբ Հայաստանի սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ նեւ ՀՀ սուվերեն տարածքում, այդ պահից սկսվեցին քննարկումները Կանոնադրության վավերացման եւ իրավազորությունը հետադարձ ճանաչելու հարցի վերաբերյալ։ Այս քննարկումներից ընթացքում ՍԴ-ն վերստին գնահատել է Կանոնադրության սահմանադրականության հարցը եւ 2023-ի մարտի 24-ին կայացրել է որոշում, ըստ որի՝ Սահմանադրությանը համապատասխանում են Կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները։ «Միջազգային քրեական դատարանն իր իրավազորության շրջանակում քննություն է իրականացնում ծանրագույն միջազգային հանցագործությունների վերաբերյալ, նրա նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց, խոսքը պատերազմական հանցագործությունների, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների․ ցեղասպանության հանցագործությունների մասին է։ Նաեւ նոր հանցակազմ է ավելացել՝ ագրեսիայի հանցագործությունը»,- մանրամասնեց Կիրակոսյանը՝ նշելով, որ այս պահին Կանոնադրության սկզբնական տարբերակն է վավերացվում։  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ասաց, որ վավերացման նպատակը հիմնականում միտված է Ադրբեջանի կամ նրա զինծառայողների կողմից իրականացված պատերազմական եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն․ «Հուսով ենք, որ այս վավերացման քայլով այն կունենա էական կանխարգելիչ ազդեցություն ՀՀ տարածքում նմանատիպ ծանր հանցագործությունների կատարումը բացառելու եւ կանխարգելելու նպատակով»,- նշեց Կիրակոսյանը։ Նրա խոսքով կանոնադրության վավերացումը ՀՀ տարածքի նկատմամբ սահմանում է Դատարանի իրավազորությունը․ «Այսինքն՝ կարելի է ասել, որ ՀՀ-ն որոշակիորեն երաշխիք է ստանում, որ իր տարածքում կատարված ցանկացած ծանրագույն հանցագործություն (խոսքը վերաբերում է պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված, ցեղասպանության հանցագործություններին) ենթակա կլինի դատարանի իրավազորությանը։ Այսինքն՝ անձինք, որոնք մտադրություն ունեն կատարաելու նման հանցագործություն, նրանց նկատմամբ կունենա կանխարգելիչ ազդեցություն»։
11:16 - 03 հոկտեմբերի, 2023
ՍԴ-ն հրաժարվում է իր պարտականություններից՝ հերթական անգամ դառնալով օրվա իշխանության կամակատարը․ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ

ՍԴ-ն հրաժարվում է իր պարտականություններից՝ հերթական անգամ դառնալով օրվա իշխանության կամակատարը․ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․«Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց, առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց: Քրեական արդարադատության հետ աղերս չունեցող և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հայտնի այս օրինագիծն ընդունվեց, արհամարելով մասնագիտական բացասական կարծիքները, անգամ անտեսվեցին իշխանության քմահաճույքները սպասարկող ԲԴԽ-ի, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ մարմինների բացասական եզրակացությունները: Հետամուտ լինելով այս հակասահմանադրական օրենքը չեղարկելու գործին, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները՝ իրացնելով Սահմանադրությամբ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին վերապահված անվիճելի իրավունքը, 2023թ. օգոստոսի 9-ին ՍԴ ներկայացրեցին այս օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում՝ միջնորդելով նաև կասեցնել օրենքի գործողությունը մինչև գործի վերաբերյալ ըստ էության որոշման կայացումը, քանի որ այս օրենքի գործադրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թեև ի սկզբանե ենթադրվում էր, որ քաղաքական իշխանության կողմից զավթված ՍԴ-ն կաշկանդված է լինելու այս հարցով, սակայն այն ինչ արեց վերջինս վեր է ողջամտության սահմաններից: Նախ, ՍԴ-ն խախտելով Դիմումի գրանցման/ընդունման Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասի» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի դրույթներով ամրագրված պահանջները, 3-օրյա ժամկետի փոխարեն միայն դիմումը մուտքագրելուց հետո 21-րդ օրը՝ ի դեմս զեկուցող դատավոր Երվանդ Խունդկարյանի, գրություն ուղարկեց դիմումատու Ազգային ժողովի պատգամավորներին, որով ոչ ավել ոչ պակաս կասկածի տակ դրեց պատգամավորների կողմից դիմումը ստորագրելու հանգամանքը: Այս աննախադեպ վարքագիծը թեև դիմումը ստորագրած պատգամավորների կողմից համարվեց անընդունելի, այնուամենայնիվ նրանք երկրորդ անգամ ստորագրելով վերահաստատեցին դիմումը իրենց կողմից ներկայացրած լինելու հանգամանքը՝ հուսալով, որ ՍԴ-ն ի վերջո կանցնի Սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործադրմանը: Տեսնելով, որ հնարավոր չէ այս պրիմիտիվ քայլով հրաժարվել դիմումը քննարկելու և բավարարելու պարտականությունից, ՍԴ-ն 2023թ. սեպտեմբերի 12-ին ապօրինի կերպով ընդունեց աշխատակարգային որոշում (այն հրապարակելով մի քանի օր անց), որով մերժեց դիմումի քննությունը՝ արձանագրելով, որ իբրև թե դիմողը չի հաղթահարել ՍԴ քննության ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանները: Ընդգծելով իրավական պետությունում Սահմամադրական դատարանի բացառիկ առաքելության կարևորությունը՝ սահմանադրական նորմերի մեկնաբանման միջոցով ապահովել իրավունքի գերակայությունը, փաստում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, հաճախ միտումնավոր կերպով անտեսելով դիմումը վարույթ ընդունելուն և/կամ գործի քննությանը ներկայացվող պահանջները, ցուցաբերելով բացարձակ կամայականություն՝ շեղվում է իր բարձր առաքելությունից: Նման էժան աճպարարությունը անհամատեղելի է «Բարձր դատարան» պատվավոր կոչմանը: «Պատշաճ հիմնավորում» ստեղծելու նպատակով դատական նիստում քննության ենթակա հարցերը ապօրինի կերպով աշխատակարգային քննարկումներով փոխարինելով՝ աղճատվել է դիմումի բովանդակությունը, աշխատակարգային որոշման մեջ Դիմողի կողմից բարձրացված հարցերը միտումնավոր կերպով մեջբերվել են կոնտեքստից կտրված, չեն ներկայացվել դիմումով բարձրացված բոլոր հարցերը: Ինչի հիման վրա Սահմանադրական դատարանը կատարել է կցկտուր և դեֆորմացված դատողություններ և դատարկ ու անհիմն պնդումներ՝ օգտագործելով նաև Սահմանադրական դատարանին ոչ հարիր բառամթերք: Առ այդ, վերահաստատելով իրավական պետություն կերտելու, իրավունքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների անշեղ գործադրելու հրամայականը՝ Սահմանադրական դատարանի վերը նկարագրված վարքագիծը գնահատում ենք որպես հակասահմանդրական, ինչը ցավալիորեն տարածում է ստանում նաև այլ դատական ատյաններում և իրավապահ համակարգում: Դիմումի քննության մերժումը գնահատում ենք որպես օրվա քաղաքական իշխանության հերթական ապօրինի որոշման հետևանք, որը հանգեցնում է ՍԴ-ի կողմից Սահմանադրությամբ սահմանված պարտականությունից փաստացի հրաժարում: Սա փորձ է փաստացի դադարեցնել իրավական պետության սահմանադրական անփոփոխելի նորմի գործողությունը, ինչն առերևույթ առանձնապես ծանր հանցագործություն է: Դիմում ենք իրավունքի գերակայության ապահովման հարցերով զբաղվող և լիազորված տեղական և միջազգային կազմակերպություններին՝ դատապարտել օրվա քաղաքական իշխանության և վերջիներիս կամակատար դատական և իրավապահ մարմինների ու պաշտոնատար անձանց ապօրինի վարքագիծը, ինչպես նաև պահանջել վերջիներից վերադառնալ օրինականության սահմաններ: Վստահեցնում ենք, որ սահմանադրությունը խախտած բոլոր անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»: Խմբակցությունների դիմումին կարող եք ծանոթանալ այստեղ։
20:31 - 16 սեպտեմբերի, 2023
Մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը. ՍԴ նախագահի ուղերձը

Մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. Սիրելի՛ հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,Արդեն 28 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր:Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ հարկ եմ համարում վերստին փաստել, որ պետության համար բացարձակ արժեքներ հանդիսացող պետական խորհրդանիշների նշանակության գիտակցումն ու պատշաճ արժևորումը կենսական կարևորություն ունեն երկրի և ժողովրդի ներկայի ու ապագայի համար: Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։ Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին: Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ արժեքներ, որոնք պահանջում են մշտական հոգածություն, քաղաքացիական համախմբվածություն և զգոնություն՝ հաշվի առնելով այն բարդ միջազգային զարգացումները, որոնցով անցել և անցնում է մեր հանրապետությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հուլիսի 5-ի խորհուրդն ավելի ընդգրկուն է. այս օրը, ինչպես պետական իշխանության գերագույն մարմինները, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր անվարան հանձնառությունը և նվիրումը՝ սրբորեն պահպանելու պետական խորհրդանիշները և Սահմանադրությունը, գործելու արժեքային որոշակի տրամաբանության շրջանակներում, որոնց վրա էլ հենվում է մեր ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին:
10:08 - 05 հուլիսի, 2023