ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. նախորդ տարվա համեմատ՝ 3.3 %-ով ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը. նախորդ տարվա համեմատ՝ 3.3 %-ով ավելի քիչ հարկ վճարող է ընդգրկվել

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Կոմիտեն այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը:  Հաստատված ծրագրով նախատեսված է համալիր հարկային ստուգումներ իրականացնել 725 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 3.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 750 հարկ վճարող): Այս տարի հաստատված ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5% (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է շուրջ 98%):  Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության (համախառն եկամտի) շուրջ 53.4%-ը (նախորդ տարվա ծրագրով այդ ցուցանիշը կազմել է շուրջ 42%): 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի  «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող  ստուգումների պլան»)ենթաբաժնում: Պետական եկամուտների կոմիտեն համոզված է, որ հարկային մարմին-հարկ վճարող արդյունավետ համագործակցությունը շարունակելու պայմաններում տարեցտարի կրճատվելու են համալիր հարկային ստուգումները` նպաստելով ինքնուրույն հարկերի հաշվարկման և վճարման գործընթացին:
17:58 - 26 մայիսի, 2022
Մեղրիի մաքսային կետում հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ. ՊԵԿ

Մեղրիի մաքսային կետում հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ. ՊԵԿ

Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Զննման արդյունքում ավտոբուսի տանիքում նախապես պատրաստված թաքստոցից, ինչպես նաև որպես գաղտնարան օգտագործված վառելիքի բաքից, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 811 բլոկ տաքացվող սիգարետի գլանակ և 67 հատ էլեկտրոնային ծխախոտի տաքացման սարք: Հայտնաբերվել է նաև 15 կգ քաշով տեկիլայի շշերի համար նախատեսված խցաններ, խաղաքարտեր խառնելու սարքեր, պոկեր խաղի համար նախատեսված ֆիշկաներ ու մետաղյա քեյսեր։ Հատկանշական է, որ մաքսավորները ստիպված են եղել կիրառել հատուկ գործիքներ ավտոբուսում առկա թաքստոցները բացելու նպատակով՝ հաշվի առնելով, որ դրանք փակված են եղել եռակցման եղանակով։   Ծխախոտի մեկ այլ խոշոր խմբաքանակի անօրինական տեղափոխման դեպք էլ արձանագրվել է մայիսի 10-ին, երբ Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում առկա գաղտնարաններից հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտ։ Բացի այդ, նշված բեռնատարում առկա է եղել նաև, մաքսային հսկողությունից թաքցման եղանակով, Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծված 116 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։  Վերջին օրերին, Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները, մեկ այլ իրավախախտում էլ են բացահայտել: Իրանից ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերվել են չհայտարարագրված՝ 4,5 կգ ընդհանուր քաշով, տրյուֆել տեսակի սնկեր։ Նշված դեպքերի առնչությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և 203-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ հայտնաբերված ապրանքները վերցվել են որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ: Հարավային մաքսատուն-վարչությունը հորդորում է Ագարակ պետական սահմանի անցման կետով ժամանող և մեկնող վարորդներին և ուղևորներին զերծ մնալ ՀՀ մաքսային օրենսդրության պահանջները խախտելուց:
16:21 - 25 մայիսի, 2022
Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Իշխանափոխության հանրային պահանջ ես չեմ տեսնում: Այդ մասին Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Ես որպես քաղաքացի իմ կարծիքն արտահայտել եմ և պնդում եմ»,- նշեց նա:  Բադասյանը հիշեցրեց, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով. «Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը մեկ տարի առաջ իր ընտրությունը կատարել է: Հետընտրական իրավիճակներում կամ որևէ քաղաքական իրադարձությանն արձագանքելու դեպքում, բնականաբար, կա Սահմանադրությամբ նախատեսված պրոցես, և այդ պրոցեսները պետք է կիրառվեն»: Ինչ վերաբերում է 2018 թվականին և այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների համեմատությանը, ՊԵԿ նախագահը նկատեց. «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում ենք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձևակերպման, թե՛ այն մթնոլորտի, որով ընթանում էին 18 թվականի հավաքները: Այն ժամանակ պայքարում էինք կոռուպցիայի, ամենաթողության և դրա միջոցով պետական ինստիտուտները, այդ թվում՝ անվտանգությամբ զբաղվող պետական ինստիտուտները քայքայելու դեմ, և այդ պայքարը հաջողությամբ է պսակվել, և հիմա դժվարին պայքար է գնում, որ այդ պետական ինստիտուտները կառուցվեն»:
12:56 - 19 մայիսի, 2022
2022թ․ ապրիլին հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով․ ՊԵԿ

2022թ․ ապրիլին հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ 2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։ Այսպես, 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%:
11:47 - 03 մայիսի, 2022
ՊԵԿ պաշտոնյաները, ստանալով 65 000 դոլարի չափով կաշառք, չեն արձանագրել չվճարված շուրջ 126 մլն դրամի հարկերը․ ԱԱԾ

ՊԵԿ պաշտոնյաները, ստանալով 65 000 դոլարի չափով կաշառք, չեն արձանագրել չվճարված շուրջ 126 մլն դրամի հարկերը․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա: Մասնավորապես՝ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար: Ինչպես հայտնում է ԱԱԾ-ն, նման եղանակով, ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն: Տնտեսվարողը, վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ փոխհամաձայնությամբ, հարկային մարմիններին ներկայացրել է ճշտված հաշվետվություն, որով 126 մլն դրամի փոխարեն պետք է կատարեր 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարումներ: Նշվածի դիմաց Հ.Մ-ն և Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել և ստացել են 65 000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60 000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով:  Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձևակերպվել են  Հ. Մ.-ի և Ա. Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Դեպքի առթիվ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ:  ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի և բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր: Հ.Մ-ն, Ա.Ա-ն և ևս երեք անձ ձերբակալվել են:  Կատարվում է նախաքննություն:
13:32 - 02 մայիսի, 2022
Իրանից փորձել են Հայաստան տեղափոխել մարիխուանայի նմանվող զանգված, ծխախոտ, հաբեր. ՊԵԿ

Իրանից փորձել են Հայաստան տեղափոխել մարիխուանայի նմանվող զանգված, ծխախոտ, հաբեր. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված  ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն: Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են այդ դեպքերի վիճակագրությունը և այլ մանրամասներ: 1. «Ագարակ» պետական սահմանի անցակետում զննության է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած  ավտոբուս: Տրանսպորտային միջոցի  նստատեղերից մեկի ետնամասի կառուցվածքում  հայտնաբերվել է 2․8 գրամ ընդհանուր քաշով պոլիէթիլենային փաթեթ դեղնականաչավուն զանգ-վածի պարունակությամբ, սուր հոտով `«մարիխուանա» թմրամիջոց հիշեցնող։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։ 2. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած մեքենա: Տրանսպորտային միջոցի նստատեղերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ ընդհանուր 2460 տուփ  ծխախոտ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։ 3.«Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած ավտոբուս: Տրասպորտային միջոցի նստատեղերից մեկի  աջակողմյան հատվածից հայտնաբերվել է 0,9 գ ընդհանուր քաշով թվով 1 պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ, «Acetaminofen Codein 300/20» գրառմամբ՝ ընդհանուր 81 հաբ և «Cobra 150» գրառմամբ՝ ընդհանուր 5 հաբ։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն։  4. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած բեռնատար: Բեռնատարում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ հորատոր հաստոցի 1 գլան, 68կգ համաքաշով  43  տուփ կտրիչ նախատեսված խառատի հաստոցի համար, հորատման գլանի 5 հատ գլխիկ,  11 զսպակցուկային կապիչ, 40 տարբեր տրամաչափերի գայլիկոն և 2  յուղի պոմպ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։ Նշված դեպքով իրականացվում է վարչական վարույթ։ 5. Կանխվել է  ալկոհոլային խմիչքի ապօրինի արտահանումը: «Ալվանք» կոչվող սահմանապահ ուղեկալի ազդանշանային համալիրի 3-րդ հատվածից հայտնաբերվել և կանխել են Ագարակ քաղաքի բնակչի կողմից 50 շիշ (0.5 լիտր  տարողությամբ)  կոնյակի ապօրինի տեղափոխումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի  200-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ: 6. «Ագարակ» պետական սահմանի անցակետում մաքսային զննման է ենթարկվել ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող բեռնատար: Բեռնատարի և վարորդի քնելու համար նախատեսված խցիկից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հետևյալ ապրանքները՝ 2 ունիվերսալ բաժանարար գլխիկ, 5  էլեկտրական վահանակ` անջատիչով, 390 (РЭС8 գրառմամբ) փոփոխական ռելեյի կոնտակտ, 405 (РЭС 60 գրառմամբ) ցածր ընթացիկ ունիվերսալ ռելե, 313 շրջանաձև միացիչ, 3200 հոսանքի մետաղային դետալ։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է վարչական վարույթ:
18:32 - 29 ապրիլի, 2022
Մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում. ՊԵԿ

Մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում. ՊԵԿ

Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։   Մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության հերթականությունը ճիշտ կիրառելու նպատակով, ապրանքային հայտարարագրերը պետք է ներկայացնեն trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է հայտարարագրերը ներկայացնել մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի (1 մեթոդ)  մեթոդով, իսկ 1-ից տարբերվող մեթոդով ներկայացնելու պարագայում՝ տրամադրել հիմքեր, թե ինչ տեղեկատվության հիման վրա է իրականացվել հայտարարագրումը: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտարարագրվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ունենա փաստաթղթային հիմնավորում, սակայն հիմնավորող փաստաթղթերը մաքսային մարմիններին հարկ կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ավտոմատ ռիսկերի կառավարման համակարգով հայտարարագիրը կորակվի որպես ռիսկային (ընտրվի «դեղին» կամ «կարմիր» ընթացակարգ): Այս պարագայում հայտարարատուն մաքսային մարմիններին պետք է ներկայացնի առնվազն հետևյալ փաստաթղթերը.
16:23 - 27 ապրիլի, 2022
Ինչո՞ւ են քառապատկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վճարած հարկերը
 |civilnet.am|

Ինչո՞ւ են քառապատկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վճարած հարկերը |civilnet.am|

civilnet.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Պետեկամուտների կոմիտեի համապատասխան ակտի հիման վրա բյուջե վերականգնված 15 միլիարդ դրամը ներառվել է կոմբինատի կողմից 2022-ի առաջին եռամսյակի վճարած հարկերի մեջ։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Պետեկամուտների կոմիտեից։ Սա է պատճառը, որ կոմբինատի վճարած հարկերը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատ գրեթե քառապատկվել են։ Ապրիլի 19-ին Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք ամիսների 1 000 խոշոր հարկ վճարողների տվյալները։ Առաջին եռամսյակում 1 000 խոշոր հարկատուների կողմից մուտքերը բյուջե կազմել են 327 միլիարդ դրամ, ինչը 25,7 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-ի առաջին եռամսյակում վճարել էր ավելի քան 9,7 միլիարդ, իսկ այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով՝ 35,4 միլիարդ։ Այս աճը, սակայն, անհամապատասխան է միջազգային շուկաներում պղնձի գների աճին։ Եթե ԶՊՄԿ-ի՝ պետական բյուջե մուտքերից առանձնացնենք 15 միլիարդ դրամի հարկային ակտի կատարումը, կստացվի, որ ընկերության մուտքերը պետական բյուջե այս տարվա առաջին եռամսյակում անցյալի համեմատ աճել են ոչ թե չորս, այլ երկու անգամ։ Լոնդոնի մետաղական բորսայում առաջին եռամսյակի ընթացքում պղնձի տոննայի բարձր գները հիմնականում պահպանվել են՝ տատանվելով 9 000-11 000 դոլարի միջակայքում։
17:25 - 25 ապրիլի, 2022
Բացահայտվել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք. ՊԵԿ

Բացահայտվել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք. ՊԵԿ

Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի  անօրինական արտահանման  փորձը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի  կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի անսարքության վերաբերյալ կեղծ պատճառաբանություն, որից հետո վերջինս, առանց ավտոմեքենայի, լքել է մաքսային տարածքը: Նշվում է, որ վարորդը  մաքսային կետ-բաժին է վերադարձել երեք օր անց, որից հետո  տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն զննության: Արդյունքում պարզվել է, որ բացի հայտարարագրված ապրանքներից, կցորդում առկա են  չհայտարարագրված և առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ ընդհանուր մոտ 600 կգ քաշով: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
12:25 - 25 ապրիլի, 2022
2022 թ. թույլատրվում է ՀՀ ներմուծել Էլեկտրաշարժիչով մեքենաներ՝ զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

2022 թ. թույլատրվում է ՀՀ ներմուծել Էլեկտրաշարժիչով մեքենաներ՝ զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն՝ 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով: Մաքսատուրքի սակագնային այս արտոնությունը ստանալու նպատակով հայտարարատուն տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծումից հետո պետք է համապատասխան մաքսային մարմին ներկայացնի մաքսային հայտարարագիրը: ՀՀ մինչև 6400 հատ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ հայտարարագիրը կգրանցվի և կտրամադրվի մաքսատուրքի արտոնություն։ Նշված քանակը սպառվելու պարագայում մաքսային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում մաքսատուրքի արտոնություն չի տրամադրվի, իսկ արտոնության կիրառմամբ հաշվարկված հայտարարագիրը, գրանցումը կամ բացթողումը կմերժվի։ Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արտոնության կիրառման նպատակով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մաքսատուրքի արտոնությունը կարող է տրամադրվել միայն էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ՀՀ ներմուծումից հետո՝ մաքսային մարմիններին վերջնական հայտարարագրի ներկայացման պարագայում։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում՝ սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ ՀՀ մաքսային սահմանը հատած տրանսպորտային միջոցներին: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման պահանջներին համապատասխան, այս արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները չեն կարող տրամադրվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակություն ունեցող անձանց տիրապետման, տնօրինման և օգտագործման նպատակով։  
16:42 - 20 ապրիլի, 2022
2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:  1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ» ընկերությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆլեշ», «Թեղուտ», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ կոնտրակտ» ընկերությունները։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:  Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
15:28 - 19 ապրիլի, 2022
Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է. Բադասյանը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է. Բադասյանը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:  «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ: Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը հանդիսանում է պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչ, որով քաղաքացիները ոչ միայն լիազորում են իրենց անունից գործել, այլև դրա համար ստեղծում իրական հնարավորություններ։ Անկախությունից ի վեր, շարունակաբար այս գիտակցումն ավելի է ամրապնդվում։ Հայաստանի Հանրապետությունում անվտանգային, սոցիալական խնդիրների լուծումը, օրինականության ամրապնդումը, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովումն անմիջական կախման մեջ են հավաքագրվող հարկերից։ Հայրենիքը սիրելու, հայրենիքի մասին հոգ տանելու լավագույն և ամենակարևոր դրսևորումը սահմանադրական պարտականությունների, այդ թվում՝ հարկ վճարելու, կատարումն է։ Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ Կառավարությունը որդեգրել է հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն: Կարող եմ գոհունակությամբ փաստել, որ վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կառուցողական երկխոսության զարգացման, հարկային կարգապահության մակարդակի բարձրացման և հարկ վճարելու մշակույթի արմատավորման ուղղություններով: Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին այսօր ձգտում է յուրաքանչյուր գործարար: Օրինապահ հարկ վճարողների համար գնալով ավելի անտեսանելի է դառնալու հարկային և մաքսային վարչարարությունը, իսկ ՊԵԿ-ն ընկալվելու է որպես գործընկեր։ Հարգելի՛ գործարարներ,   վստահեցնում եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու են պետության խրախուսանքին և աջակցությանը: Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր պետականության ամրապնդման, մեր և գալիք սերունդների լուսավոր ապագայի: Հ․Գ․ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները: Նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր»,- նշված է Բադասյանի շնորհավորական ուղերձում:
11:14 - 19 ապրիլի, 2022