Չեխիա

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն |hetq.am|

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն |hetq.am|

hetq.am: Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում կայացած ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն։ Հանդիպումը մեկնարկեց չեխերի ակտիվ գրոհներով և հենց առաջին րոպեների ընթացքում մի քանի գոլային պահ ունեցան, սակայն դրանցից ոչ մեկը չկարողացան հաջողությամբ իրացնել։ Ի տարբերութուն Չեխիայի՝ Հայաստանի հավաքականն օգտագորրծեց իր եզակի շանսերից մեկը։14-րդ րոպեին հարձակման ձախ եզրից Կամո Հովհաննիսյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, և նրա փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Էդգար Սևիկյանը՝ խփելով հավաքականի կազմում իր առաջին գոլը։ Խփած գոլից հետո Հայաստանի հավաքականը հաջողությամբ պաշտպանվում էր, և նույնիսկ պարբերաբար հաջող գրոհներ էր կազմակերպում։ Եվ երբ թվում էր, թե թիմերը այս հաշվի պայմաններում կգնան ընդմիջման, մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին չեխերը անկյունայինի խաղարկման արդյունքում հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Լադիսլավ Կրեյչին։ Երկրորդ խաղակեսն առաջին խաղակեսի համեմաստ անցավ ավելի ցածր տեմպով։ Գնդակին կրկին հիմնականում տիրում էր Չեխիայի հավաքականը, սակայն լուրջ գոլային պահեր չէր կարողանում ստեղծել, իսկ մեր հավաքականը կարողանում էր հետ մղել մրցակցի գրոհները։ Այնուամենայնիվ, 78-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց  առաջ անցնել հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Տոմաշ Խորին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չեղան, և Չեխիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով։ Հիշեցնենք՝ մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում կրկին ընկերական խաղում 0:1 հաշվով պարտություն էր կրել Կոսովոյի ընտրանուց։ Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այս տարվա հունիսի 4-ին և ընկերական հանդիպման շրջանակներում կհյուրընկալվի Սլովենիայի հավաքականին։ 
09:53 - 27 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին: «Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես նաեւ իմ անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետություն մեր պաշտոնական այցի ընթացքում ջերմ ընդունելության համար: Մեր փոխադարձ քննարկումները շատ ոգեշնչող էին ինձ համար, եւ ես խորապես հավատում եմ, որ դա մեր ավելի սերտ համագործակցության միայն սկիզբն է: Ի նշան մեր աջակցության Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ձեր հավակնություններին` խնդրում եմ ընդունել նամակին կից եվրոպական դրոշը: Ընդունե՛ք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասվում է նամակում: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունների եւ արգասաբեր այցի համար Հայաստան: «Հայաստանը բարձր է գնահատում Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը եւ Չեխիայի անվերապահ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Չեխիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործում: Հայաստանը պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան դա թույլ կտա եվրոպական կողմը: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք արգասաբեր փոխգործակցության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի եւ այլ թեմաների շուրջ:
17:15 - 18 մարտի, 2024
Ադրբեջանում ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել ՀՀ-ում ԵՄ առաքելության դեմ Բաքվի արշավի կապակցությամբ
 |azatutyun.am|

Ադրբեջանում ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել ՀՀ-ում ԵՄ առաքելության դեմ Բաքվի արշավի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն ափսոսանք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ադրբեջանական լրատվամիջոցների արշավի կապակցությամբ։ «Ցավում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն քննադատություն են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին», - X-ի իր էջում գրել է Միխալկոն՝ շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։ Նա վերահաստատել է՝ առաքելության նպատակը կայունության և վստահություն ամրապնդելն է։ «ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը», - եզրափակել է դեսպանը։ Օրերս Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները փորձում են կապ գտնել նրա և ԵՄ դիտորդական առաքելության միջև՝ Չեխիայի քաղաքացուն մեղադրելով լրտեսության համար։
15:39 - 06 փետրվարի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարությանը
 |aysor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարությանը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հայտարարությանը, ըստ որի, կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ավելի տեղին կլիներ, եթե Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը  հարցներ իր հայ հյուրընկալողներին, թե երբ է Հայաստանը պատրաստվում վերացնել իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված տարածքային պահանջներն իր հարևանների նկատմամբ՝ հայկական կեղծ պատմությունների վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն»: Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Ադամովային հարց էին ուղղել, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ: «Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչո՞ւ նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք: Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասել էր Ադամովան։
12:01 - 01 փետրվարի, 2024
Վահագն Խաչատուրյանի և Մարկետա Պեկարովա Ադամովայի հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև գործընկերության զարգացումը

Վահագն Խաչատուրյանի և Մարկետա Պեկարովա Ադամովայի հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև գործընկերության զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Չեխիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Հույս ունեմ, որ ձեր այցելության ընթացքում մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություններ կստանանք և ավելի լավ կճանաչեք: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր գործընկերներն ամբողջական պատկերացում կազմեն Հայաստանի Հանրապետության մասին: Վստահ եղեք, որ դուք գտնվում եք ժողովրդավարական երկրում, որտեղ գնահատվում են ժողովրդավարական արժեքները, որտեղ երկրի իշխանությունը և պետական կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի նոր հաջողություններ գրանցվեն ժողովրդավարության ամրապնդման գործում: Վստահ եղեք, որ այս բարդ իրավիճակում, որում մենք գտնվում ենք վերջին չորս տարիների ընթացքում, մենք նահանջ չենք ունեցել մեր բռնած ուղուց, հակառակը՝ ավելի խորն ենք համոզվել, որ այդ արժեքներն են Հայաստանին ապահովելու բարեկեցություն և հետագա զարգացում»,- նշել է նախագահը:Անդրադառնալով Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մենք մեծապես գնահատում և արժևորում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնց 30-ամյակն անցյալ տարի նշվեց: Դրանք եղել են բարեկամական և փոխշահավետ: Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության շրջանակում ձեր երկրի աջակցության համար, որը լրացուցիչ խթան է հանդիսանում՝ դիմակայելու այն բոլոր մարտահրավերներին, որոնց առջև կանգնած ենք»:Մարկետա Պեկարովա Ադամովան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար մասնավորապես ասել է. «Մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք երկարամյա ամուր հիմք ունեն, և այստեղ ենք այդ կապերն ավելի ամրապնդելու նպատակով: Ժողովրդավարական երկիր դառնալու գործընթացը մարտահրավերներով լի է, և այս առումով մենք իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ բարգավաճող, խաղաղ գործընկերներ, որոնք կիսում են միևնույն արժեքները, հիմնված՝ ժողովրդավարության, ազատության, խոսքի ազատության, ազատ մամուլի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վրա: Այդ ամենը շատ կարևոր է և մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ այդ գործընթացում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև փոխշահավետ գործընկերության զարգացումն ու նոր կապերի հաստատման անհրաժեշտությունը: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը նպաստել են ոչ միայն ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, այլև իրենց դրական ազդեցությունն են ունեցել երկրի տնտեսական կյանքի վրա՝ ձևավորելով տնտեսական գործունեության և ներդրումների համար գրավիչ միջավայր: Զրուցակիցները կարևորել են նաև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա սերտ համագործակցությունը և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է վերջնական ու կայուն խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ կայունությունը բխում է տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող գործընկեր երկրների շահերից, քանի որ առավել լայն հնարավորություններ են բացվում տնտեսական զարգացման համար:
20:17 - 31 հունվարի, 2024
Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը. Մարկետա Պեկարովան՝ Փաշինյանին

Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը. Մարկետա Պեկարովան՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը կարևորել է տիկին Պեկարովայի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստան-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Մարկետա Պեկարովան ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը և նշել, որ դրա զարգացմանը նպաստել է նաև վարչապետ Փաշինյանի՝ 2023 թվականին Չեխիա կատարած պաշտոնական այցը:Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք միտված են քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի և համատեղ նախագծերի ընդլայնմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգությանն ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ, վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները:
18:11 - 31 հունվարի, 2024
Սահմանադրությունը պետք է վերանայվի` հաշվի առնելով վերջին իրադարձությունները. Ալեն Սիմոնյան |tert.am|

Սահմանադրությունը պետք է վերանայվի` հաշվի առնելով վերջին իրադարձությունները. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Սահմանադրական հարցերով հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ քան Սահմանադրության փոփոխությունների մասին խոսակցություններն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմանյանը՝ պատասխանելով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին հարցին։ Նրա դիտարկմամբ՝ Սահմանադրությունն ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն` հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները։ԱԺ նախագահի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է ՀՀ-ի գոյությունը։ «ՀՀ-ի գոյությունն արդյոք նրա համար է, որպեսզի վերականգնենք պատմական Մեծ Հայքն ու Փոքր Հայքը, թե՞ Սեպտեմբերի 21-ի մասին է, որ մենք ստացանք անկախություն, թե՞ ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով», - նկատեց Սիմանյանը։ Նա նաև ասաց, որ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնեց, որ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։  
12:48 - 31 հունվարի, 2024
Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ քննարկվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. նա Երևանից կմեկնի Բաքու. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ քննարկվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. նա Երևանից կմեկնի Բաքու. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: «Մեր հյուրը այստեղից ուղևորվելու է հարևան երկիր, և դրա հետ կապված նույնպես՝ մենք քննարկումներ ունեցանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ խոսնակը նաև հիշեցրեց, որ Մարկետա Պեկարովա Ադամովայի առաջին այցը չէ Հայաստան: «Նա այստեղ տարիներ առաջ եղել է և նույնպես արձանագրում է մեծ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել»,- ասաց նա Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառությանը, ինչպես նաև տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
12:46 - 31 հունվարի, 2024
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին: Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
12:44 - 31 հունվարի, 2024
Հայաստանը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա
 |1lurer.am|

Հայաստանը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա։ Հայաստանի և Չեխիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը: Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: Որոշումը հնարավորություն կստեղծի ՊՆ-ի համար Չեխիայում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկակամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, որը կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է հիմնականում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի կազմակերպությունների շրջանակներում՝ բազմակողմ համագործակցության ձևաչափով: Սակայն երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ռազմական կցորդի առկայությունը Ղրղզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի: Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:
11:51 - 25 հունվարի, 2024
Չեխիայի կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը
 |1lurer.am|

Չեխիայի կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ES Group Europe ընկերության կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել հատուկ պատվերով պատրաստված շարժական դիզել-գեներատորային կայանքի (ԴԳԿ) լրակազմի առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից: «Աջակցությունն իրականացվում է Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո ՀԱԷԿ-ում անցկացված եվրոպական մեթոդոլոգիայով սթրես-թեստի միջոցառումների կատարման շրջանակներում և ուղղված է ատոմակայանում հնարավոր միջուկային և ռադիոլոգիական վթարային իրավիճակներին պատրաստվածության բարձրացմանը: ԴԳԿ ամբողջ լրակազմի մատակարարման ավարտից հետո այն էապես կբարձրացնի ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ:  
15:17 - 11 հունվարի, 2024
Հայաստանը 6-րդ անգամ կհանդիպի Չեխիային. վիճակագրությունը չեխերի օգտին է

Հայաստանը 6-րդ անգամ կհանդիպի Չեխիային. վիճակագրությունը չեխերի օգտին է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնել է, որ Պրահայում մարտի 26-ին կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական մրցավեճը: Մարզադաշտը եւ հանդիպման մեկնարկի ժամը, ըստ ՀՖՖ-ի, հայտնի կդառնան ավելի ուշ:  Մինչ այս Հայաստանն ու Չեխիան ազգային հավաքականների մակարդակով հանդիպել են 5 անգամ, որից 4-ը՝ պաշտոնական խաղերում:  Առաջին երկու խաղերը կայացել են աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2004-ի հոկտեմբերի 13-ին մերոնք Երեւանում մրցակցին զիջեցին 0-3 հաշվով, իսկ 2005 թ. սեպտեմբերի 7-ին չեխական Օլոմոուցում գրանցվեց 4-1 հաշիվը՝ հօգուտ դաշտի տերերի: Մերոնցից միակ գոլը խփեց Արա Հակոբյանը:  Թիմերը հանդիպել են նաեւ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: 2013-ի մարտի 26-ին չեխերը Երեւանում հաղթեցին 3-0 հաշվով: Հետաքրքիր է, որ գալիք խաղը կայանալու է այս հանդիպումից ուղիղ 11 տարի անց՝ կրկին մարտի 26-ին: Պատասխան խաղը կայացավ նույն տարվա սեպտեմբերի 6-ին Պրահայում: Մեր թիմը պատմական հաղթանակ տարավ Կառլեն Մկրտչյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերի շնորհիվ՝ 2-1:  2016-ի օգոստոսի 31-ին էլ ընկերական մրցավեճ անցկացվեց չեխական Մլադա Բոլեսլավում, որում 3-0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը:  Այսպիսով՝ կայացած 5 հանդիպումներում մեր թիմը տարել է 1 հաղթանակ եւ կրել 4 պարտություն: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը ի վնաս մեզ է՝ 3-14:  ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում, որը վերջին անգամ թարմացվել է դեկտեմբերին, Հայաստանի ընտրանին 93-րդն է, իսկ Չեխիան՝ 39-րդը: Այդուհանդերձ, մինչեւ ընկերական հանդիպումը՝ փետրվարի 15-ին, ՖԻՖԱ-ն հրապարակելու է վարկանիշային նոր ցուցակ: 
16:33 - 08 հունվարի, 2024