Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ՝ ծայրահեղ հյուծված. իրավապաշտպանի ահազանգը

Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ՝ ծայրահեղ հյուծված. իրավապաշտպանի ահազանգը

Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, գտնվել է հոր խնամքի տակ,  քանի որ մոր պայքարը վերցնել երեխային ապարդյուն է եղել։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ «Երեխան խաղացել է բացառապես հեռախոսային խաղեր, ամբողջ գիշեր չի քնել, միայն լուսադեմին մի քանի ժամ է աչք փակել, նորմալ սնունդ չի ստացել` կերել է չիփսեր ու սնիկերսներ, խմել կոկա կոլա կամ նույնատիպ ըմպելիքներ, եկել հասել է ինձ` ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով: Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։ Լավ, որտե՞ղ են պետական մարմինները, ինչո՞վ են զբաղված, լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»,- գրել է իրավապաշտպանը:
11:11 - 14 մարտի, 2024
Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։  Մուշեղ Մուրադյանը ողջունել է ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը: «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կուզենամ ներկայացնել մեր մարզն ու պատմել Շիրակի մասին։ Հայաստանի ամենահյուսիսային, միևնույն ժամանակ հյուրասեր ու հումորով, հետաքրքիր մարզերից մեկն է Շիրակը։ Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, մեր քաղաքը մշակույթի մայրաքաղաք է համարվում։ Այն հիասքանչ ճարտարապետություն ունի, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, ինչպես նաև մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։ Մեր երկրները դարավոր բարեկամության ու գործընկերության ճանապարհ են անցել և այժմ էլ հայ-իրանական հարաբերություններն ընթանում են դինամիկ զարգացման ճանապարհով»,- ներկայացրել է նա։ Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ և անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է, երբ մարզային իշխանությունները հոգացավ են ու պատրաստակամ համագործակցելու և քննարկելու համատեղ ծրագրեր․ «Պարոն Մուրադյան, շատ ուրախ եմ հանդիպման համար, կարևոր է, երբ կա համագործակցության պատրաստակամություն։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մեր երկրները դարավոր բարեկամներ են և մենք պետք է ուժերի ներածին չափով անենք հնարավորը դրանց ամրապնդման նպատակով»։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել կրկին հանդիպելու՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու համար։ «Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կանի հնարավորը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործնական ծրագրեր նախանշելու, քննարկելու և իրականացնելու առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, բաց ենք քննարկումների ու երկխոսության համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։ Հանդիպման ավարտին Մուշեղ Մուրադյանը հուշանվերներ է հանձնել պատվիրակության անդամներին։
17:36 - 02 մարտի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Արթիկում կառուցվելու է բժշկական կենտրոնի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենք |armenpress.am|

Արթիկում կառուցվելու է բժշկական կենտրոնի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենք |armenpress.am|

armenpress.am: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։ Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։ Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ «Կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ 44 մլն 138 հազար դրամ ուղղվեց մարզի 4 ամբուլատորիաների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակին։ Խոսքը Գյումրու թիվ 1, թիվ 2 պոլիկլինիկաների, Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաների մասին է։ 2023 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում իրականացվել են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 17 մլն դրամի»,- հայտնեց Մուշեղ Մուրադյանը՝ ավելացնելով, որ ՀՀ պետական բյուջեից 163 մլն դրամ էլ  ուղղվել է «Գյումրու բժշկական կենտրոնի» նորոգման նպատակին։ Անդրադառնալով նոր սարքավորումներին՝ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ 2023-ի ընթացքում մարզի բժշկական հաստատությունները համալրվել են նոր և ժամանակակից սարքավորումներով, այդ նպատակին ուղղվել է  27 մլն 180 հազար դրամ։ Ըստ նրա՝ «Գյումրու բժշկական կենտրոնը» շարունակում է «ՍՏՌՈԿ» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի համագործակցությունը «Էրեբունի» ԲԿ-ի հետ: «Էրեբունի» ԲԿ-ն Գյումրու կենտրոնում ներդնելու է «Սիմենս» մակնիշի մագնիսա-ռեզոնանսային շերտագրության նոր սարք։ Ծառայության բացումը տեղի կունենա մոտ 1 ամսից: «Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրով «Գյումրու բժշկական կենտրոնում» և «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը, «Գյումրու բժշկական կենտրոնում» փորձարարական կարգով ստեղծվել է մարզային նշանակության պրենատալ սկրինինգի ծառայություն, որի տարեկան բյուջեն կազմում է 2 մլն 242 հազար դրամ»,- հավելեց մարզպետը։
14:56 - 04 փետրվարի, 2024
Նոր զարգացումներ Գյումրիի ավագանիում. Վարդևան Հակոբյանը լքում է խմբակցությունը
 |azatutyun.am|

Նոր զարգացումներ Գյումրիի ավագանիում. Վարդևան Հակոբյանը լքում է խմբակցությունը |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրիի ավագանիում նոր խմորումներ են։ Այսօր առավոտյան ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար, համայնքապետի նախկին թեկնածու Վարդևան Հակոբյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ դուրս է գալիս իր ղեկավարած 4 հոգանոց խմբակցությունից։ Նշել է նաև, որ կգործի որպես ավագանու անկախ անդամ։ Արդյոք սատարելու է Գյումրիում ընդդիմություն դարձած «Քաղաքացիական պայմանագրին»՝ Հակոբյանը խոստացավ այսօր ավելի ուշ մեկնաբանություն տալ, միաժամանակ պնդեց, որ իր այս քայլը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Ավագանու մյուս խմբակցություններից պնդում են, թե Վարդևան Հակոբյանի որոշումն անակնկալ է եղել։ «Բալասանյան դաշինքից» փոխանցեցին, որ մեկնաբանություն չունեն, ՀՀԿ-ից՝ ևս։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասաց՝ փորձել է պարզել պատճառները, բայց չի հաջողվել։ Պատմեց, որ երեկ ավագանու արտահերթ նիստին իրար հետ հարցեր են քննարկել, բայց որ խմբակցությունից դուրս է գալու, որևէ ակնարկ անգամ չի եղել։ Ի դեպ, երեկվա նիստում Վարդևան Հակոբյանը ելույթ ունեցավ ու քաղաքապետին առաջարկեց, որ համայնքի հետ կապված բոլոր ծրագրերի քննարկումներին ավագանին մասնակից դառնա։ Իշխանությունից ընդդիմություն դարձած ՔՊ-ի խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի համար ևս անակնկալ է եղել Վարդևան Հակոբյանի «Զարթոնք» խմբակցությունից դուրս գալու որոշումը։ «Ես այդ մասին տեղեկացել եմ իր ֆեյսբուքյան էջից։ Երեկ ավագանու նիստին որևէ բան չեմ նկատել, որը կվկայեր, որ պարոն Հակոբյանը պատրաստվում է անկախ ավագանու կարգավիճակում հանդես գալ», - «Ազատությանն» ասաց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:48 - 24 հունվարի, 2024
Գյումրու ավագանին հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և քաղաքի բյուջեն |armenpress.am|

Գյումրու ավագանին հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և քաղաքի բյուջեն |armenpress.am|

armenpress.am: Գյումրու համայնքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և  բյուջեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ու աշխատանքային պլանը չէր ընդունվել  2023-ի տարեվերջյան նիստին: Նախագծին կողմ էին քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը, ձեռնպահ էին մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ էր քվեարկել նախագծին: Բյուջեին դեմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» և «Զարթոնք» կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով այն իրատեսական չէր ու չէր լուծում քաղաքի խնդիրները: Մինչ բյուջեն ավագանու անդամների հաստատմանը ներկայացնելն այն դրվել էր նաև հանրային քննարկման. 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլրդ 767,7 մլն: Ներկա ավագանու բոլոր անդամները (27) կողմ քվեարկեցին թե տարեկան պլանի, թե բյուջեի նախագծերին։        
10:39 - 24 հունվարի, 2024
Առափիում ՀՀ և ՌԴ քաղաքացիներ են կալանավորվել ապօրինի թմրամիջոցներ պահելու համար
 |aysor.am|

Առափիում ՀՀ և ՌԴ քաղաքացիներ են կալանավորվել ապօրինի թմրամիջոցներ պահելու համար |aysor.am|

aysor.am: Aravot.am-ը գրել էր, որ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված։ Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը ևս Առափիի բնակիչ է՝ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Առափի բնակավայրում հունվարի 6-ին ավտոմեքենայում գտնվող անձանց մոտ առերևույթ ապօրինի պահվող թմրամիջոցների հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի ներկայացվել է մեղադրանք։ Նրանցից մեկին, ով ՀՀ քաղաքացի է, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երկրորդին, ով ՌԴ քաղաքացի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ոստիկանության կողմից ձերբակալված՝ նշված ավտոմեքենայում գտնվող ևս 2 անձինք արգելանքից ազատ են արձակվել։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի տրամադրվում»։
13:45 - 10 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
Սպանդանոցը հեռու է. մսավաճառների ու մսագործների բողոքի ակցիան Գյումրիում
 |armeniasputnik.am|

Սպանդանոցը հեռու է. մսավաճառների ու մսագործների բողոքի ակցիան Գյումրիում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մսավաճառներն ու մսագործներն այսօր բողոքի ակցիա են արել Շիրակի մարզպետարանի մոտ։ Բողոքի թեման մորթը սպանդանոցում իրականացնելու պարտադրանքն է։ Դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվելու է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։ Նման պարագայում լավագույն եղանակը լիցենզավորված սպանդանոցային մորթն է, սակայն Գյումրու մոտակա սպանդանոցը 40 կմ հեռավորության վրա է, մարզի հյուսիսային գյուղերից հեռու է 80-90 կմ։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը ներկայացրել են մարզպետին։ Հանդիպման արդյունքում որոշվել է երեք օր չանհանգստացնել մսավաճառներին։ Վերջիններս նախատեսում են 3 օր հետո կրկին բողոքի ակցիա անել, եթե խնդրին լուծում չտրվի։
11:58 - 22 դեկտեմբերի, 2023
Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավելի անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վ․ Ղուկասյանը, 1999 թ․ նոյեմբերից մինչև 2012 թ․ հոկտեմբերը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, 2006-2011 թթ․ ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու հողամասեր՝ տվյալ ժամանակ գնահատված ընդհանուր 35.690.403 ՀՀ դրամ կադաստրային արժեքով։ Հիշյալ անշարժ գույքերն օտարվելուց հետո կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։ Բացի այդ, ձևական առուվաճառքի և անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու, նվիրատվություններ կատարելու եղանակով օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելու, այդ կերպ՝ իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնության գալով մի շարք անձանց, այդ թվում՝ եղբոր և որդու հետ, Գյումրի համայնքից հանցավոր եղանակով ստացված գույքի ծագման աղբյուրը խեղաթյուրելու, պատկանելիությունը թաքցնելու նպատակով, օրինականացրել է վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերից 4-ը՝ 16.060.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով: Մասնավորապես, Վարդան Ղուկասյանի մտերմների միջև կնքվել են անշարժ գույքն օտարելու վերաբերյալ ձևական առուվաճառքի պայմանագրեր, որոնց հիմքով գույքերի նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը։ Այնուհետև հիշյալ գույքերն անհատույց օգտագործման նպատակով Վ.Ղուկասյանին հանձնելու վերաբերյալ կնքված պայմանագրերի հիմքով կատարվել է պետական գրանցում, իսկ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագրերի համաձայն՝ գույքերը նվիրվել են Վ․ Ղուկասյանի որդուն կամ եղբորը։ Այդ հիմքով կատարվել են պետական գրանցումներ, տրամադրվել են վկայականներ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (24 դրվագ), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (26 դրվագ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) (4 դրվագ) համար։ Վերջինիս եղբորը, որդուն և երկու մտերիմներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) համար։ Քրեական վարույթով համայնքապետարանի նախկին պաշտոնատար 5 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող՝ վաղեմությունն անցնելու հիմքերով քրեական հետապնդումները դադարեցվել են։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Արգելանքներ են կիրառվել առերևույթ հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա: Վ․ Ղուկասյանի մտերիմներից մեկի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և այդ հիմքով նախաքննությունը կասեցվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:34 - 18 դեկտեմբերի, 2023
Այսօր վերադարձած տղաներից 26-ը Շիրակից են. մարզպետը նույնպես «Մուրացանի» հոսպիտալի մոտ է |tert.am|

Այսօր վերադարձած տղաներից 26-ը Շիրակից են. մարզպետը նույնպես «Մուրացանի» հոսպիտալի մոտ է |tert.am|

tert.am: Գերիների վերադարձի վերաբերյալ բանակցությունները եղել են գաղտնի, պրոցեսը եղել է փակ: Այս մասին այսօր «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով ևս եկել էր այստեղ՝ դիմավորելու գերությունից վերադարձած հայ զինծառայողներին: «Այն, որ կգա այս օրը, դրանում կասկած չենք ունեցել: Վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են, Խծաբերդում գերեվարված մեր տղաներն են»,-ասաց նա: Ինչ վերաբերում է այն գերիներին, որոնց գերի լինելու փաստը Ադրբեջանը չի հաստատել, մարզպետն ասաց. «Լիահույս ենք, որ նրանց վերադարձի օրն էլ կգա»: Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:
19:42 - 13 դեկտեմբերի, 2023
Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է
 |armenpress.am|

Գյումրիի նոր փոխքաղաքապետեր նշանակելու հարցը քննարկման փուլում է |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի տեղակալների պաշտոններից հրաժարվելուց հետո նոր փոխքաղաքապետերի նշանակման հարցը դեռ քննարկման փուլում է․ այդ պաշտոններում թեկնածուների անուններ դեռ չեն շոշափվում։ Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: «Այս պահին պաշտոնները թափուր են ու ողջ աշխատանքն իմ ուսերին է»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունից հետո «Բալասանյան դաշինքի» օրակարգում չկա Գյումրիի ավագանու այլ խմբակցության հետ միանալու և կոալիցիա կազմելու հարցը։Խոսելով իր հրաժարականի լուրերի մասին՝ քաղաքապետը նշեց, որ իր ընտրողներն են տվել քվեն ու միայն նրանք կարող են այն հետ վերցնել: Սամսոնյանը վստահեցրեց, որ իր վրա այդ հարցով ճնշումներ չեն գործադրվում։ «Մեն տրամադրված ենք աշխատելու ու էլ ավելի շատ ենք աշխատելու»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը: Հայտարարությունից հետո հրաժարական տվեցին Գյումրու երկու փոխքաղաքապետերը, որոնք ՔՊ-ի ներկայացուցիչներ էին:
17:04 - 13 դեկտեմբերի, 2023
102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին
 |factor.am|

102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Հելսինկյան ասաբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության դիմումին։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Դատախազությունից։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Ըստ ՀՔԱՎ-ի՝ Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ «ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը»,- նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ ՀՔԱՎ-ը հայտարարությանը կից պահանջ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և այլ իրավապահ մարմիններից՝ գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս։
17:26 - 11 դեկտեմբերի, 2023
ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին

ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին

Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին երեք ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած՝ 2 անձի կյանք խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում միմյանց են բախվել Վ. Կ.-ի վարած Ford Transit մակնիշի, Ա. Ս.-ի վարած BMW մակնիշի և Գ. Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով Mercedes-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ նույն տրանսպորտային միջոցի ուղևորը անգիտակից վիճակում, Ford Trasit մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և BMW  ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի ԲԿ» ՓԲ ընկերություն: Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ Mercedes մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Mercedes մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու վիրավորների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։
13:06 - 02 դեկտեմբերի, 2023