Նուբար Աֆեյան

Որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա. Արմեն Սարգսյանը և Նուբար Աֆեյանը քննարկում են անցկացրել

Որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա. Արմեն Սարգսյանը և Նուբար Աֆեյանը քննարկում են անցկացրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկում է ունեցել ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանի և Նուբար Աֆեյանի զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: Նախագահ Արմեն Սարգսյան - Ուրախ եմ այս քննարկման համար, սակայն ցավում եմ, որ չկարողացաք գալ Դիլիջան՝ անձամբ ներկա լինելու «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին: Հուսով եմ՝ կկարողանաք գալ հաջորդ տարի՝ սեպտեմբերին, STARMUS-ի հետ համատեղ կազմակերպվելիք գագաթնաժողովին: Ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը մի քանի թեմաների վերաբերյալ: Դրանցից մեկը նորարարությունների դերակատարումն է: Ժամանակները փոխվել են: Եթե գիտության, տեխնոլոգիաների պատմության մեջ մենք ունեցել ենք արդյունաբերական հեղափոխություններ, և մարդիկ տևական ժամանակ օգուտներ էին քաղում այդ հեղափոխություններից, իմ կարծիքով, հիմա հեղափոխությունները գրեթե ամեն օր են տեղի ունենում: Եվ այս ամենի հիմքում նորարարությունն է: Կցանկանայի լսել, թե ինչպես է այս նորարարությունը տրանսֆորմացիայի ենթարկում աշխարհը, և ինչպես է ինքը՝ նորարարությունը, ենթարկվել տրանսֆորմացիայի: Այսօրվա նորարարությունը տարբերվում է 10-20 տարի առաջվա նորարարությունից: Նուբար Աֆեյան - Նախ և առաջ, պարոն նախագահ, շնորհակալ եմ, հրավերի համար: Ցավում եմ, որ չկարողացա անձամբ ներկա լինել: Այն ամենը, ինչ անում եք այսօր, մեծապես առնչվում է նաև իմ ոլորտին: Նորարարության հիմնական գործառույթն է՝ դառնալ որևէ գործընթացի կամ առարկայի բարելավված տարբերակը, որն օգտակար կլինի այն մարդու համար, ով դա կիրառում է: Դա առաջընթացի շարժիչ ուժն է: Կարծում եմ՝ մարդկային վիճակի անբաժան մասն է նորարարությունների գնալը, բարելավվելը: Սակայն նորարարությունն ավելի ու ավելի շատ վերածվել է ապրանքի: Կա նորարարությունների բազային մակարդակ: Ի տարբերություն նորարարությունների բազային մակարդակի, մենք իրական կարիք ունենք բեկումնային նորարարությունների: Կարիք ունենք երևույթների, որոնք որոշակի տարածքում իսկապես կփոխեն հնարավորությունների կորը: Եվ դրանք իրենց բնույթով թվում են անկանխատեսելի և պատահական։ Եթե իսկապես փորձում ես մտածել բեկումնային նորարարությունների մասին, դու պետք է նայես ապագային, այլ ոչ թե առաջնորդվես ներկայով: Պետք է աշխատել այն ուղղությամբ, թե ինչ է լինելու, այլ ոչ թե արդեն իսկ գոյություն ունեցող ուղղությամբ: Նախագահ Արմեն Սարգսյան - Իսկ ի՞նչ կարող եք ասել COVID-ի մասին: Երբ ասում ենք COVID, մեզնից շատերը մտածում են Ձեր մասին, հնարավոր է՝ «Moderna»-ի, պատվաստվելու պատճառով: COVID-ը, որպես համաշխարհային իրադարձություն, որևէ ազդեցություն ունեցե՞լ է նորարարությունների զարգացման գործընթացներում, օգնե՞լ է, թե խանգարե՞լ:Նուբար Աֆեյան - Կարծում եմ՝ համավարակն, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն ունեցել է և կունենա... Նախագահ Արմեն Սարգսյան - Այն արագացուցիչ է: Նուբար Աֆեյան - Ինչ-որ առումով այն արագացուցիչ է, սակայն, նաև որոշակիորեն դանդաղեցրել է որոշակի ոլորտների աշխատանքը, նույնիսկ դեղագործական արդյունաբերության: Իհարկե, համավարակի դեմ պայքարի համար պատվաստանյութերի պատրաստման, ախտորոշումների ոլորտում ահռելի արագացում եղավ, քանի որ ժամանակը սկսվեց տարբեր կերպ արժևորվել՝ պայմանավորված մարդկային կյանքերի կորստով: Համավարակի պարագայում, երբ մեկ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ սկսեցին մահանալ, շատերը ասացին, որ պետք է արագացնել և զուգահեռաբար փորձարկումներ անել, 6 ամիս չսպասել յուրաքանչյուր քայլից առաջ: Դեղագործական ոլորտում վատն այն է, որ մնացած հիվանդությունների կլինիկական փորձարկումները դադարեցվել կամ դանդաղել են: Համավարակը մեծապես դանդաղեցրել է դեղորայքի պատրաստման, կլինիկական գործընթացները: Նման համավարակները և՛ տալիս են, և՛ վերցնում են, և այս դեպքում, կարծում եմ, որ այն հավասարապես տվել և վերցրել է: Նախագահ Արմեն Սարգսյան - Նորարարությունների ոլորտում տեղի ունեցող գործընթացն այս նոր աշխարհում դասական չէ, և ես նախընտրում եմ այն անվանել քվանտային: Այն քվանտային է, քանի որ դու չես գնում Ա-ից դեպի Բ, այլ՝ գնում ես դեպի ապագա, և հետո, հնարավոր է, հաշվարկում ես հավանականությունը, թե ինչպես հասնել այնտեղ՝ հնարավոր բոլոր ճանապարհներով: Անշուշտ, նորարարությունը մեկ կոնկրետ ոլորտում մեկուսացված չէ: Այս քվանտային աշխարհը կամ այս արագորեն զարգացող աշխարհը զարգանում է ոչ միայն կենսատեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում, այլ նաև արհեստական բանականության, ՏՏ և շատ այլ բնագավառներում: Քանի որ Դուք այս ամենի մեջ եք, ըստ Ձեզ, ինչպե՞ս են այս ոլորտները միասին աշխատում, այլ ոլորտների զարգացումները կամ այլ նորարարությունները ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Ձեր ոլորտի ՝ կենսատեխնոլոգիաների ու դեղագործության վրա: Նուբար Աֆեյան - Մեր նորարարության մեթոդաբանությունը, որը վերջերս ենք ձևակերպել որպես այդպիսին, հիմնված է այն բանի վրա, որ դու պետք է բազմաթիվ լուծումներ գտնես, հնարավոր դեպքեր կանխատեսես և թողնես, որ դրանք մրցակցեն՝ օպտիմալ տարբերակ գտնելու համար: Դա է արագ առաջընթաց գրանցելու ճանապարհը, այն պետք է նաև լինի մարդակենտրոն, ծրագրված: Աշխարհում մարդիկ են դարձել պատասխանների հիմնական շարժիչները, և նպատակաուղղված մարդիկ արժեքավոր են: Ամենամեծ տեխնոլոգիական առաջխաղացումներից մեկը, ըստ էության, արհեստական բանականությունն է ու մեքենայական ուսուցումը: Նախագահ Արմեն Սարգսյան - Եթե ցանկանում ես հասկանալ, թե ինչ է կատարվում մեխանիկայի կամ քվանտային մեխանիկայի աշխարհում, կենսաբանության ոլորտում, որն, ըստ էության, կրկին, ինչպես նշեցիք, քվանտային մեխանիկան է, ապա պետք է բոլոր հնարավոր տարբերակները դիտարկես: Անշուշտ, այդ նույն գաղափարը հնարավոր է կիրառել ոչ միայն քվանտային մեխանիկայում, կենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, այլև մեր սոցիալական վարքագծում: Իմ երրորդ և վերջին հարցով ցանկանում եմ Ձեզ դիմել որպես հայի. Դուք ապրում եք Սփյուռքում , իսկ ես ապրում եմ Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է, ունի շատ ավելի մեծ սփյուռք: Մենք բոլորս տեսլական կամ երազանք ունենք՝ Հայաստանը դարձնել գլոբալ նորարարությունների կենտրոն: Դա է հիմնական ճանապարհը, որպեսզի մեր երկիրը զարգանա, ավելի ուժեղ լինի և իր ներդրումն ունենա աշխարհում: Պատմությունն ապացուցել է, որ Հայաստանը կարող է շատ նորարար լինել: Դուք մեկն եք պատմության ապացույցներից, որ հայկական միտքը կարող է լինել նորարար: Եվ ավելի քան բնական է՝ փորձել Հայաստանը դարձնել նորարարական կենտրոն: Ո՞րն է առաջ գնալու ճանապարհը: Արդյոք այն լինելու է դասական, թե մենք կրկին պետք է ավելի քվանտային մտածենք՝ Հայաստանը Ա կետից, որտեղ գտնվում ենք, տանելու դեպի ցանկալի Բ կետ, որտեղ այն լինելու է շատ ավելի ուժեղ և նորարարությունների կենտրոն: Նուբար Աֆեյան - Կարծում եմ, որ որքան ավելի փոքր ես, այնքան նորարարությունն ավելի շատ է քեզ համար դառնում ելքի ուղի: Մեր ամենամեծ մարտահրավերը մեր մտածելակերպն է: Գուցե սա անվանենք Մտածելակերպերի գագաթնաժողով, քանի որ այստեղ, ցավոք, մենք ունենք լուրջ հակամարտություն: Անշուշտ, մարտահրավերը կապված է ապագայի հետ: Թույլ տվեք բերել հետևյալ օրինակը. երբ մարդիկ տառապում են ներկայում, մարդկային բնույթից ելնելով՝ նրանք չեն մտածում ապագայի մասին: Անգամ, երբ ներկայիս խնդիրների լուծումը հաճախ ի հայտ է գալու ապագայից: Եվ քանի դեռ ժամանակ չես հատկացնում, որ ապագան ինչ-որ կերպ միջամտի ներկային, այդպես էլ մնալու ես ներկայի մեջ: Վերջին շուրջ 20 տարիների ընթացքում Հայաստանում զարգացման ծրագրերի մեջ ներգրավվելով՝ ես եկել եմ այն մտքին, որ այս երկու մտածելակերպերը, ցավոք, հակասում են իրար: Բնական է, որ բնակվելով Սփյուռքում, հայերը, նախ, հասանելիություն ունեն շատ տարբեր մտածելակերպերի և, երկրորդը, չեն տառապում երկրի այդ օրվա խնդիրներով: Հետևաբար, նրանք բնական կերպով արդեն հարցերին մոտենում են այդ տեսանկյունից:Հարցը հետևյալն է՝ արդյոք հնարավոր է մտավոր, սոցիալական տարածք նման մտածելակերպի համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց գոյությունը, որպեսզի բույսերը կարողանան արմատավորվել պարտեզում, թե՞ հողը նրանց մշտապես կմերժի՝ հասկանալի պատճառներից ելնելով: Չեմ ցանկանում մտնել քաղաքական հարցերի մեջ, սակայն մարդիկ ընտրում են կառավարություններին՝ ելնելով այն մտքից, թե ինչ կարող են դրանք անել իրենց համար այսօր և ցավոք, ոչ նրա համար, թե ինչ են անելու վաղը: Եվ եթե այսօրվա համար միակ լուծումը կենտրոնանալն է նրանց վրա, ովքեր հետաքրքրված են միայն այս օրով, շատ բարդ է պատկերացնել... Նախագահ Արմեն Սարգսյան - Քաղաքականությունը խոստումների արվեստ է: Նուբար Աֆեյան - Ցավոք, դրանք անիրատեսական խոստումներ են այսօրվա մասին: Այդ խոստումները կարող են շատ ավելի իրատեսական լինել, եթե որոշ ժամանակ հատկացվի դրանց: Սակայն ժամանակը սովորաբար գերազանցում է ընտրությունների ցիկլը: Սա մի հարց է, որտեղ մենք՝ որպես հայեր, պետք է հետ գնանք հազարավոր տարիների պատմության մեջ և գտնենք ճանապարհ՝ նստելու սեղանի շուրջ ու հասկանալու, թե ինչպես կարող ենք տարբեր տեղերում բնակվող հայերին ստիպել հավատալու վերածնված Հայաստանի ու հայերի գաղափարին, և ինչպես միավորել հնարավորությունները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում, հետահայաց մտածելակերպից: Միայն դրանից հետո, կարծում եմ, նորարարությունը կդառնա առաջընթացի գործիք, միայն դրանից հետո կարելի է ակնկալել համագործակցություն: Սա է այն մեծ մարտահրավերը, որի առջև բոլորս կանգնած ենք:Նախագահ Արմեն Սարգսյան - Ես լիովին համամիտ եմ, որ այսօրվա խնդիրների լուծումն ապագայում է։ Եվ որպեսզի այսօր լուծենք մեր խնդիրները, մենք պետք է շատ աշխատենք և կենտրոնանանք ապագայի վրա: Հակառակ դեպքում, եթե կանգ առնենք միայն այսօրվա վրա, մենք երբեք դա չենք անի: Այսօրն ավելի կապված է անցյալի, քան ապագայի հետ: Համաձայն եմ, որ պետք է այսօրվա խնդիրները լուծելու համար կենտրոնանանք վաղվա վրա, աշխատենք վաղվա օրվա համար, զարգացնենք տարբեր ուղղություններ վաղվա համար:Ես նաև համաձայն եմ այն հարցում, որ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրելը երկու տարբեր մտածելակերպ է ենթադրում: Դրսում բնակվելը բացում է հնարավորություններ, նոր մտածելակերպեր: Հենց այդ պատճառով էլ, երբ այսօր խոսում ենք Հայաստանի մասին, մտածում ենք երկու մոդելի մասին: Մեկը փակ մոդելն է, որը գերիշխում է այսօրվա Հայաստանում: Իսկ մյուսը բաց մոդելն է, որի դեպքում մենք պետք է աշխատենք աշխարհի և մասնավորապես հայկական Սփյուռքի հետ: Որպես Հանրապետության նախագահ, ես աշխատում եմ Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ, որը թույլ կտա նաև Ձեզ, հարգելի Նուբար, որպես Հայաստանի անձնագիր ունեցող հայի, ցանկացած պահի գալ և ծառայել երկրին՝ բերելով ոչ միայն Ձեր ունեցած գիտելիքը, փորձառությունը, այլև մտածելակերպը, որը գլոբալ է: Ահա, թե ինչի կարիք ունի մեր երկիրը: Նուբար Աֆեյան - Ես ողջունում եմ Ձեր այդ նախաձեռնությունը, կարծում եմ՝ դա կարևոր քայլ է: Ինձ նման հազարավոր մարդիկ կան, ովքեր բոլորն էլ ունեն նույն իդեալիստական մտածելակերպը՝ ունենալ ավելի լավ հայկական պետություն։ Սակայն ինչ-որ չափով նրանց գործողությունները սահմանափակված են:Այս ամենը մեծապես կապ ունի նաև հավատի հետ: Ես մշտապես մարդկանց ասում եմ, որ մեծ առաջընթացը նախ և առաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախ և առաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու և հավատալու նրան, ինչ պատկերացնում ես: Եթե չկարողանաս հավատալ նրան, ինչ պատկերացնում ես, ապա նախ՝ կլինես ընկճված վիճակում և, երկրորդը, չես կարող առաջընթաց ունենալ: Ուստի, պատմականորեն հավատի խորը արմատներ ունեցող երկրի համար բնազդներից մեկը պետք է լինի հավատալն ապագային: Մենք պետք է գտնենք դա մեր պատմության, մեր մշակույթի մեջ, որպեսզի կարողանանք կրկին հավատալ ավելի լավ ապագային:
17:29 - 23 հոկտեմբերի, 2021
Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման
 |1lurer.am|

Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և «Մոդեռնա» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ թեման: Կանադայի կառավարության ղեկավարը Թվիթերի իր միկրոբլոբում գրել է, որ Աֆեյանի հետ խոսել են նաև բնակչությանը պատվաստելու նպատակով տարվող աշխատանքների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտելու համար: Թրյուդոն նշել է, որ պատվաստումներն իրենց համար խիստ առաջնահերթ են: Միաժամանակ Նուբար Աֆեյանը Թվիթերի իր միկրոբլոգում նույնպես գրառում  է արել: Նա ողջունել է Կանադայի վարչապետի հետ կապի հաստատումը և կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց առաջընթացի, մասնավորապես՝ Կանադայում «Մոդեռնայի» արտադրության նպատակով գործարանի կառուցմանը վերաբերող թեմայի քննարկումը:
13:54 - 14 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նուբար Աֆեյանին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նուբար Աֆեյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Աֆեյանին և նշել. «Հարգելի պարոն Աֆեյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք COVID-ից առաջ, ճի՞շտ է: Պետք է նշեմ, որ այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ մեր Հայրենիքում:Մենք մեծ հուզմունքով և ոգևորությամբ էինք հետևում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ձեր ունեցած ներդրմանը, նաև շատ ուրախանում էինք հաջողություններով, որ Դուք, Ձեր ընկերությունն ունեցաք այդ ասպարեզում:Կորոնավիրուսի համավարակի հետ կապված այս շրջանում համարում ենք, որ իրադրությունը կառավարելի է, մեր ձեռք բերած փորձը շատ բան սովորեցրեց: Այժմ փորձում ենք հնարավորինս շատ պատվաստումներ իրականացնել մեր քաղաքացիների շրջանում:Նաև այնպես է ստացվել, որ օտարեկրյա քաղաքացիների շրջանում ենք պատվաստում իրականացնում: Հույս ունեմ այսօր լսել Ձեր տեսակետները և կանխատեսումները կորոնավիրուսի հետագա պահվածքի և այն մասին, թե ինչքանո՞վ պատվաստանյութերի ի հայտ գալը կօգնի, որ հարցը լուծված համարենք, ինչքանո՞վ է դա արդեն մտնում կառավարելիության փուլ և ի՞նչ անկանխատեսելի հնարավորություններ ու սպառնալիքներ կան:Իհարկե, նախկինում իրար հետ քննարկել ենք նաև մեր համազգային օրակարգին, Հայաստանի զարգացման հեռանկարների ռազմավարությանը վերաբերող հարցեր: Համոզված եմ, որ այդ թեմաներով նույնպես այսօր քննարկում կունենանք:Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել»:Իր հերթին Նուբար Աֆեյանը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շնորհավորում եմ Ձեզ ընտրությունների և հաջողությունների կապակցությամբ, որ ազգը, երկիրը կարողացավ շարունակել ընտրությունների արդար և օրինակելի տարբերակը, որը հաստատվեց: Դա շատ լավ նշան է մեր ապագայի համար:Գիտեմ, որ շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով»։Նիկոլ Փաշինյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են համազգային օրակարգին, ՀՀ կառավարության ծրագրերին, Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։
16:54 - 18 հուլիսի, 2021
Թրամփի խոսքով` Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է |azatutyun.am|

Թրամփի խոսքով` Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով` կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է, մատակարարումները կսկսվեն առանց հապաղելու։ Ավելի վաղ ամերիկյան կառավարության համապատասխան գերատեսչությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ պայքարի համար Moderna-ի արտադրանքին։ Moderna-ի ներկայացուցիչը Bloomberg-ի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը պլանավորում է ԱՄՆ-ին ապահովել մինչև 20 միլիոն չափաբաժնի արտադրանք դեկտեմբերին և 85-100 միլիոն չափաբաժին էլ` 2021 թվականի առաջին եռամսյակում։ Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը, որի համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, առաջիններից է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքները։ Դեղամիջոցը համարվում է առաջատարներից մեկը, դրա արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս։
17:51 - 18 դեկտեմբերի, 2020
Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքի մարդկանց մոտ |tert.am|

Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքի մարդկանց մոտ |tert.am|

tert.am: Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունից հայտնել են, որ իրենց ստեղծած փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ անվտանգ է և իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների մոտ։ Ինչպես փոխանցում է CNN-ը, պատվաստանյութի անվտանգության փորձարկումների փուլի արդյունքում ստացված տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցը միայն աննշան կողմնակի ազդեցություն է ունենում, սակայն իմունային արձագանք է առաջացնում բոլորի մոտ: Գիտափորձին մասնակցել են 18-71 տարեկան կամավորներ: Նրանք բոլորը 100 մգ չափաբաժնով երկու ներարկում են ստացել 28 օրվա տարբերությամբ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստանալուց հետո ամենատարածված ախտանշաններն են եղել թուլությունը, գլխացավը, մկանային ցավն ու դողը: Սակայն ախտանշանների մեծ մասը վերացել են երկու օրվա ընթացքում:
09:31 - 27 օգոստոսի, 2020
Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ |mediamax.am|

Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ |mediamax.am|

mediamax.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն նմուշ ձեռք բերելու մասին: CNBC-ն հաղորդում է, որ Moderna-ն իր հերթին հայտնել է, որ գործարքի գինը կկազմի 1.53 մլրդ դոլար: Գործարքը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռք բերել եւս 400 միլիոն նմուշ: 2020թ. հուլիսի վերջին Moderna ընկերությունը, որի համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, հայտնել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի մեկնարկի մասին: Այդ փուլում նախատեսվում է ներգրավել 30 հազար կամավոր։ Ավելի վաղ Նուբար Աֆեյանը հույս էր հայտնել, որ 2020 թվականի ավարտին կամ 2021թվականի սկզբին կունենան պաշտոնապես հաստատված պատվաստանյութ, եւ ավելացրել, որ ընկերությունն ակնկալում է 2021 թվականին պատրաստել 500 մլն-ից մինչեւ 1 մլրդ դեղաչափ։
12:43 - 12 օգոստոսի, 2020
«Ավրորան» աջակցում է պայթյունից տուժած Բեյրութին

«Ավրորան» աջակցում է պայթյունից տուժած Բեյրութին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին: «Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար եւ միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից: Որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ, մենք կոչ ենք անում հումանիտար բոլոր կազմակերպություններին անել հնարավոր ամեն ինչ՝ Լիբանանին աջակցելու համար: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին՝ սատարելու Լիբանանի ողջ բնակչությանը, ինչպես նաեւ հայ համայնքին»,- հայտարարում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Լիբանանի Կարմիր խաչի եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի (NEF) միջոցով 100.000 ԱՄՆ դոլար մարդասիրական աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետեւանքները մեղմելու համար: Միեւնույն ժամանակ «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 50.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար: 2020 թ. օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge  շարժումը կօգնի նաեւ միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք-հանգանակություն: Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել եւս 50.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:
10:17 - 11 օգոստոսի, 2020
«Moderna» ընկերությունն անցում է կատարում կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումների փուլ

 |armenpress.am|

«Moderna» ընկերությունն անցում է կատարում կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումների փուլ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, հուլիսի 27-ին հայտնել է, որ անցում է կատարել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման հաջորդ մակարդակի, որում ներգրավվել է մոտ 30,000 չափահաս մարդ` չվարակված կորոնավիրուսով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սա առաջին փորձարկումն է, որն անցկացվում է կառավարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի որքան հնարավոր է շուտ ստեղծելուն, փորձարկելուն և մատակարարելուն: ԱՄՆ-ի կառավարությունը «Moderna Therapeutics»-ի ծրագրի համար հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար և ընտրել է ընկերության կողմից մշակված պատվաստանյութը մարդկանց շրջանում մասշտաբային փորձարկումների համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտությունների գլխավոր նպատակն է հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումների կանխարգելումը:
18:52 - 27 հուլիսի, 2020
«Մոդերնա»-ի պատվաստանյութի փորձարկումը խոստումնալից արդյունք է ցույց տվել. եղել է իմունային պատասխան |armenpress.am|

«Մոդերնա»-ի պատվաստանյութի փորձարկումը խոստումնալից արդյունք է ցույց տվել. եղել է իմունային պատասխան |armenpress.am|

armenpress.am:  «Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2- ի դեմ: Այս մասին տեղեկացավ ընկերության կայքից: Պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլերում 18-ից 55 տարեկան 45 առողջ անձինք 28 օր ընդմիջումով երկու պատվաստում են ստացել՝ 25 մկգ, 100 մկգ և 250 մկգ դեղաչափերով:  Նախնական դեղաչափերի մասնակիցներից ստացված արդյունքները վերահաստատել են, որ նրանց մոտ, որոնք ստացել են երկու պատվաստում, mRNA-1273- ն առաջացրել է արագ և ուժեղ իմունային պատասխաններ SARS-CoV-2- ի դեմ: mRNA-1273- ը ընդհանուր առմամբ անվտանգ է, և 57 օրվա ընթացքում որևէ լուրջ կողմնակի ազդեցության մասին չի հաղորդվել: Կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են անցողիկ և մեղմ:100 մկգ դեղաչափով երկրորդ պատվաստումից հետո ամենատարածված կողմնակի ազդեցություններն են եղել հոգնածությունը (80%), սարսուռը (80%), գլխացավը (60%) և մկանային ցավը (53%), բոլորն էլ եղել են անցողիկ և մեղմ: 100 մկգ դեղաչափ ստացածների մոտ ամենատարածված ոչ ցանկալի դսրևորումն է  եղել ցավը՝ ներարկման տեղում (100%): Առավել ուշագրավ ոչ ցանկալի դսրևորումներ են դիտվել  250 մկգ դեղաչափ ստացածների մոտ, այդ 14 մասնակիցներից երեքը (21%) հայտնում են ավելի ծանր դրսևորման մասին:
12:22 - 15 հուլիսի, 2020
Նուբար Աֆեյանի ընկերությունը նախատեսում է հուլիսին սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման 3-րդ փուլը |tert.am|

Նուբար Աֆեյանի ընկերությունը նախատեսում է հուլիսին սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման 3-րդ փուլը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, հաստատել է, որ նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսել հուլիսին: Ինչպես փոխանցում է CNN-ը, փորձարկումների վերջնական փուլը 30 000 մասնակից է ներառելու, որոնց մի մասը ենթարկվելու է պլացեբո փորձարկման: Մյուս մասին նախատեսվում է 100 մգ պատվաստանյութ ներարկել, որը բնորոշվում է որպես «նախընտրելի չափաբաժին առավելագույն իմունային ակտիվություն զարգացնելու համար»: Փորձարկումների երրորդ փուլը ևս կանցկացվի ԱՄՆ Առողջապահության հարցերով ազգային ինստիտուտի հետ համատեղ: Ընկերությունից հայտնում են, որ նախատեսում են տարեկան 500 մլն-1մլրդ չափաբաժին արտադրել՝ 2021 թվականից սկսած:
09:33 - 12 հունիսի, 2020