Նիդերլանդներ

Հայաստանը Նիդեռլանդներում կունենա կապի սպա՝ Եվրոպոլի հետ փոխգործակցությունն ապահովելու համար |armenpress.am|

Հայաստանը Նիդեռլանդներում կունենա կապի սպա՝ Եվրոպոլի հետ փոխգործակցությունն ապահովելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության հետ անդրազդային հանցավորության դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախարարի տեղակալի խոսքով՝համաձայնագիրը միտված է անդրազդային հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում: «Հաշվի առնելով Եվրոպոլի դերն ու նշանակությունը հատկապես Եվրոպայի տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր ձեռքբերում կլինի ապահովելու ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև փոխգործակցությունը։ Մեր կապի սպան, որը կներկայացնի ամբողջ իրավապահ համակարգը, կունենա Նիդեռլանդներում համապատասխան նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները։ Համանման ենթակառուցվածք կունենանք նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շենքում։ Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր հնարավոր դատաբազաներին, որոնք թույլ կտան ապահովելու փոխգործակցությունը Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև։ Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրոպոլի և Հայաստանի միջև»,-եզրափակեց Սարգսյանը։  
13:00 - 08 ապրիլի, 2024
Հայաստանի և Նիդերլանդների գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանը Նիդերլանդներում է

Հայաստանի և Նիդերլանդների գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանը Նիդերլանդներում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է: Դատախազությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազ Սյու Փրինենին (ՆԹ գլխավոր դատախազների խորհրդի անդամ): Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման պատրաստակամության համար և վստահություն հայտնել, որ հանդիպումը որակապես նոր փուլ կտեղափոխի երկու երկրների դատախազությունների միջև առկա համագործակցությունը։ Գլխավոր դատախազների զրույցի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության շրջանակում շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագիրը՝ ուղղված Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցման հմտությունների արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանը։ ՀՀ գլխավոր դատախազը գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է Երևանում նախորդ տարի կայացած՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակին  նվիրված խորհրդաժողովի արդյունքներին և տեղեկացրել, որ այս տարվա ապրիլին կրկին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանում կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով՝ Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդաժողովի նպատակն է համախմբել Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների բարձրաստիճան դատախազներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու այն մարտահրավերներն ու հեռանկարները, որոնք առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում: Միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության հարցերին անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը կարևորել  է 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը և առանձնացրել շաբաթներ առաջ գրանցված ձեռքբերումը. ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ: Սյու Փրինենի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարին: Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցությունը խորացնելու  պատրաստակամություն է հայտնել և անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
14:53 - 05 մարտի, 2024
Մեր իշխանությունները կշարունակեն աջակցել հայրենազրկված արցախահայությանը. Նիդերլանդների դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Մեր իշխանությունները կշարունակեն աջակցել հայրենազրկված արցախահայությանը. Նիդերլանդների դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Փետրվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին, հաջողություններ մաղթեց Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ամստերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը։ Խոսելով Նիդերլանդների հայկական համայնքի գործունեության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա գործակցության մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ տեղի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործընթացին։ Հայոց Հովվապետը, անդրադառնալով նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, բռնի տեղահանված արցախահայերի ծանր կացությանը, իր երախտագիտությունը  հայտնեց Նիդերլանդների Թագավորությանն այս դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանը ցուցաբերած զորակցության համար։ Յապ Ֆրեդերիքսը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ Նիդերլանդների իշխանությունները կշարունակեն իրենց աջակցությունը ցուցաբերել հայրենազրկված արցախահայությանը, ինչպես նաև ջանքեր կներդնեն Հայաստանի անվտանգային և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման գործում։
18:21 - 29 փետրվարի, 2024
Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել
 |armenpress.am|

Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել |armenpress.am|

armenpress.am: Հաագայում Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը փետրվարի 12-ին արգելել է կառավարությանը F-35 կործանիչների մասեր ուղարկել Իսրայելին` Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողության պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։ «Չի կարելի հերքել այն ակնհայտ ռիսկը, որ F-35-ի արտահանվող մասերը կարող են օգտագործվել մարդու իրավունքների լուրջ խախտումների ժամանակ», - ասվում է դատարանի որոշման մեջ: Պաշտպանական կողմի իրավաբաններն իրենց հերթին նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն կկարողանա ինքնուրույն, առանց Նիդեռլանդների ծառայություններին դիմելու, F-35-ի համար պահեստամասեր ուղարկել Իսրայել։ Նիդեռլանդների Վոյենսդրեխտ քաղաքում գտնվում է պահեստ, որը պատկանում է ԱՄՆ-ին։ Այնտեղ պահվում են F-35-ի պահեստամասեր, որոնք Վաշինգտոնն այնուհետև բաժանում է այն երկրներին, որոնք խնդրում են դրանք, պարզաբանում է Associated Press-ը: 2023 թվականի դեկտեմբերին հոլանդական երեք իրավապաշտպան կազմակերպություններ քաղաքացիական հայց էին ներկայացրել դատարան, որում ասվում էր, թե երկրի կառավարությունը պետք է վերանայի արտահանման լիցենզիան՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով: Հայցում նշվում էր, որ, Իսրայելին F-35 կործանիչների պահեստամասեր մատակարարելու պատճառով Նիդեռլանդները կարող է մեղսակից դառնալ ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների։ Հունվարին ավելի ստորին ատյանի դատարանն այս վեճում սատարել էր Նիդեռլանդների կառավարությանը:
17:08 - 12 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը

ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման  հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։  Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:  Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում նախարար Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:45 - 08 փետրվարի, 2024
«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

«Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։ Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու և առավելապաշտական նկրտումները: Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման և Ալմա Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որևէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար և բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի և Արևելքը Արևմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաև որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք: Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերի: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը՝ նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրացիոն կառույցի հետ ՀՀ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա, ներառում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների զարգացումը: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:00 - 07 փետրվարի, 2024
ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք. Միրզոյանը՝ Նիդերլանդների խորհրդարանականներին

ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք. Միրզոյանը՝ Նիդերլանդների խորհրդարանականներին

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝  խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, որոնց արդյունքում առկա ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային համապատասխան ցուցանիշներում։  Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի ու հստակ հանձնառության ցուցաբերման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը:  Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ի կողմից կարևորվող չորս՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներն իրենց լավագույն արտացոլումն են ստացել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ներկայացվել և արժանացել է միջազգային գործընկերների ուշադրությանը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականների հարցերին՝ տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների ու կարիքների հասցեագրման, ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև, այդ թվում՝ խորհրդարանականների մակարդակում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ձևաչափում փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայունությանն աջակցելու նպատակով և ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության ապահովման։
17:31 - 07 փետրվարի, 2024
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։ Արձագանքելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այցի ընթացքում մտադիր է քննարկել միայն երկկողմ հարաբերությունները, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները։ Ադրբեջանից նշում են՝ առաջին դեպքը չէ, երբ եվրոպացի պաշտոնյաները նման «անպատասխանատու» հայտարարություններ են անում։  «Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերին զուգահեռ, տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակներ են։ Նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները հարված են Ադրբեջանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններին և կապերին», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
19:02 - 27 հունվարի, 2024
ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համընդհանուրացման կարևորությունը

ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համընդհանուրացման կարևորությունը

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 28-րդ նստաշրջանը։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից: Համաժողովին մասնակցող հայկական պատվիրակության կազմում էին ՔԶԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վ․ Բիյագովը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական Ա․ Հովհաննիսյանը և ՔԶԱԿ-ում ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Վ․ Քալաեջյանը։ Համաժողովին հնչեցվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում ընդգծվում էր Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նշանակալի դերը՝ զանգվածային զենքերի չտարածման և դրանց ոչնչացմանն ուղղված միջազգային օրակարգում, Հայաստանի հանձնառությունը կոնվենցիայի արդյունավետ կիրարկման հարցում, ինչպես նաև ՔԶԱԿ շրջանակներում փոխշահավետ համագործակցության կարևորությունը։ ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց նաև ոչ պետական դերակատարների կողմից առկա վտանգին դիմակայելու, քիմիական ահաբեկչության դեմ պայքարի և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համընդհանուրացման կարևորությունը։ Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցան ՔԶԱԿ Գործադիր խորհրդի կազմում Արևելյան Եվրոպայի խմբի ներկայացուցիչների ընտրություններ, որի արդյունքում ընտրվեցին Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև հաստատվեց ՔԶԱԿ երկամյա բյուջեի ու ծրագրի նախագիծը։
10:44 - 02 դեկտեմբերի, 2023
Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ ՀՀ-ին սպառազինություն տրամադրելու խնդրանքի մասին
 |azatutyun.am|

Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ ՀՀ-ին սպառազինություն տրամադրելու խնդրանքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը, որով օրենսդիրը Թագավորության գործադիր մարմնին կոչ է անում դրական արձագանքել Հայաստանին սպառազինության օգնություն տրամադրելու խնդրանքին։ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը նման որոշում է ընդունել նախօրեին։ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավորները կառավարությունից պահանջել են հստակեցնել՝ ավելի քան 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը մտնո՞ւմ է էթնիկ զտումների սահմանման տակ։ «{Փաստաթուղթը} ապակառուցողական է և մեր տարածաշրջանը մղում է ռազմականացման, այլ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտեցման»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը ԵՄ-ի կազմում Նիդերլանդների դաշնակից Իտալիայի հետ բոլորովին վերջերս ռազմական օդանավերի ձեռքբերման գործարք է կնքել, մինչ այդ էլ՝ իսպանական ռադարներ ձեռք բերել Իսպանիայից, Հաուբիցներ՝ Չեխիայից ու Սլովակիայից, որոնք ստացել է Իսրայելի միջոցով։
17:33 - 18 հոկտեմբերի, 2023
Կարեւոր է, որ Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար

Կարեւոր է, որ Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար

  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավատարիմ մնալով 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ժամանակավոր հավատարմատարն ի պատասխան արձագանքել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարեւոր է, որպեսզի Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետագա ճակատագրին առնչվող մի շարք հարցերի՝ առաջնահերթություն դիտարկելով անվտանգությունն ու իրավունքների անվերապահ իրացումը: Խոսվել է Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ ձեռնարկելու հնարավորություններից: Յապ Ֆրեդերիքսն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ այն համարելով առաջնային եւ շատ կարեւոր քայլ: Նա նշել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին:
16:05 - 13 հոկտեմբերի, 2023
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը գործուղվում է Նիդերլանդներ. հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակված

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը գործուղվում է Նիդերլանդներ. հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակված

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կմեկնեն նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանը։ Նրանք Նիդերլանդներում կլինեն հոկտեմբերի 9-13-ը ներառյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նշանակված բանավոր լսումներին մասնակցելու, նախապատրաստական աշխատանքներ կատարելու և քննարկումներ անցկացնելու նպատակով: Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել։ Հայաստանի կառավարությունը դիմել էր միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
14:01 - 09 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենը։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղադրիչները: Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից ուժի հետագա կիրառման կանխման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման հրամայականը և կարևորել դրան ուղղված միջազգային գործընկերների միասնական քայլերը: Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։
18:38 - 03 հոկտեմբերի, 2023
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին

Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանկը Սլոթեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնություններով հնարավոր կլինի շարունակել Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում՝ վերահաստատելով ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը:
12:43 - 23 սեպտեմբերի, 2023