ՅՈՒՆԻՍԵՖ

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծվել է 1946 թվականին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերից է համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը՝ նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը: 1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին: 1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունն ու կրթությունը: Գործունեության ոլորտներն են՝ առողջապահություն, կրթություն, նախադպրոցական կրթություն, երեխաների պաշտպանություն, արդարադատության մատչելիություն, սոցիալական պաշտպանություն և մանկական աղքատություն, երեխայակենտրոն բյուջետավորում, երեխաների իրավունքների մշտադիտարկում, անվտանգ միջավայրի ստեղծում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վաղ ուսումնառության կենտրոններ կհիմնի Սյունիքի մարզի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վաղ ուսումնառության կենտրոններ կհիմնի Սյունիքի մարզի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Գուլունցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառության երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով:«Սյունիքի երեխաներն այսօր կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար աջակցություն և հանձնառություն է հարկավոր։ Մանուկ հասակում հանուն երեխաների զարգացման ներդրումներ անել՝ նշանակում է ներդրումներ անել Սյունիքի ապագայի համար, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է և կարող է նպաստել այս գեղեցիկ մարզի բարգավաճմանն ու զարգացմանը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Այլ խնդիրներին զուգահեռ, այս երկու բնակավայրերի երեխաները զրկված են վաղ ուսումնառության հնարավորությունից, ինչը խոչընդոտում է նրանց (կրթական) զարգացմանը և դպրոցական կյանքին պատշաճ պատրաստվելուն: 2022 թվականին նոր կենտրոններում զբաղվածություն կունենան համայնքի կանայք, իսկ կենտրոններ հաճախող 3-6 տարեկան երեխաները ուրախությամբ կսովորեն և կզարգանան:Առաջիկա 12 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու բնակավայրերի հետ միասին վերանորոգման աշխատանքներ կիրականացնի՝ հոգալով կենտրոնների հիմնման ծախսերը, կկահավորի դրանք, կտրամադրի անհրաժեշտ խաղալիքներն ու ուսումնական նյութերը, ինչպես նաև վաղ ուսումնառության թեմայով վերապատրաստում կանցկացնի  բնակավայրերի մի խումբ կանանց համար: Տեղի մանկապարտեզի դաստիարակները ևս օգուտներ կքաղեն դասընթացներից՝ ծանոթանալով նաև մեթոդաբանական նյութերին: Ծրագիրը կիրականացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ կրթական ոլորտում պետական քաղաքականությանը համահունչ:ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ ուսումնառության այլընտրանքային մոդելն առաջին անգամ փորձարկվել է Սյունիքի մարզում 2016-2017 թվականներին:  
19:45 - 23 նոյեմբերի, 2021
Աֆղանստանում 1 միլիոնից ավելի երեխաներ գտնվում են սովամահության եզրին. ՄԱԿ |armenpress.am|

Աֆղանստանում 1 միլիոնից ավելի երեխաներ գտնվում են սովամահության եզրին. ՄԱԿ |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին, երկրի ավելի քան 1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Այդ մասին ՄԱԿ-ի նորությունների ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցության հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սամանթա Մորթը: «Այսօրվա դրությամբ պարենի անբավարարությանն է բախվում ամբողջ երկրի մոտավորապես 22,8 միլիոն մարդ: Իսկ դա Աֆղանստանի բնակչության մեծամասնությունն է, որտեղ հաշվում է 38 միլիոն բնակիչ: Բազմաթիվ աֆղանցիների հասանելի չեն ոչ թանկ կամ սնուցիչ մթերքները: Այդ երեխաները մանկություն չունեն: Խոսքը ոչ միայն այն մասին է, թե ինչպես ողջ մնալ, այլեւ այն մասին, թե ինչպես ապրել մինչեւ հաջորդ օրը»,-հայտարարել է Մորթը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ մոտենում են ձմեռային ցուրտ ամիսները, եւ որ ձյան պատճառով բազմաթիվ լեռնային գյուղական շրջաններ կտրված են լինելու արտաքին աշխարհից: «Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում չափազանց անհանգստացած ենք ստեղծված իրադրության կապակցությամբ, քանի որ գիտենք, որ մոտավորապես 3,2 միլիոն երեխաներ տառապում են սուր թերասնումից, իսկ 1,1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Նրանք ողջ չեն մնա, եթե մենք չկարողանանք ապահովել նրանց անհրաժեշտ բուժումը»,-նախազգուշացրել է Սամանթա Մորթը: ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրակցությունը պետք է գիտակցի, որ Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին: «Հիմա քաղաքական սակարկությունների ժամանակը չէ: Մարդիկ Աֆղանստանում մահանում են, եւ նրանց հարկավոր է մեր աջակցությունը: Հումանիտար օգնությունը մարդկային համերաշխության դրսեւորում է»,-հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը: Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել է 23 միլիոն աֆղանցիներին սպառնացող հյուծվածության եւ սովից մեռնելու մասին, ինչը վկայում են հետազոտության տվյալները, որն անցկացվել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՖԱՈ) եւ Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը դիմել է G20-ի երկրների ղեկավարներին՝ խնդրելով կանխել զանգվածային սովն Աֆղանստանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:26 - 23 նոյեմբերի, 2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու ԵՆԿ-ն վերագործարկել են Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու ԵՆԿ-ն վերագործարկել են Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» (ԵՆԿ) վերագործարկել են դեռահասների և երիտասարդների համար նախատեսված, Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը: Նախաձեռնությանն են միացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որում ասված է. «Հիմնադրվելով 2018 թվականին՝ կենտրոնը չուներ ռեսուրսներ և համապատասխան հարմարություններ Գյումրի քաղաքում և հարակից շրջաններում բնակվող ավելի մեծ թվով դեռահասների և երիտասարդների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող, ծառայություններ մատուցելու համար: 2021 թվականի մարտին ԼՂ հակամարտությանը դրա մարդասիրական արձագանքի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռնամուխ եղավ կենտրոնը վերանորոգելու, վերակառուցելու և մատչելի դարձնելու գործին, որպեսզի համայնքը կարողանա ծառայություններ մատուցել ավելի մեծ թվով շահառուների: Կենտրոնի նպատակն է՝ բարելավել դեռահասների և երիտասարդների բարեկեցությունը, հնարավորություն տալ նրանց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, ինչպես նաև ուսման, հմտությունների և կարողությունների զարգացման, այդ թվում շրջապատ ստեղծելու հնարավորություններ ընձեռել՝ դրանով իսկ բարելավելով ապագայում աշխատանք ունենալու հավանականությունը: «Իր ծրագրերի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ -ը պարտավորություն է ստանձնել ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երեխաների և դեռահասների համար: Առաջիկա 12 ամիսների ընթացքում մենք կօգնենք վերանորոգել, վերակառուցել և հիմնել ևս 10 կենտրոն ամբողջ Հայաստանում: Այդ կենտրոնները մենք անվանում ենք «ապահով վայրեր», քանի որ դրանք տարբեր ծառայություններ են մատուցում երեխաներին և դեռահասներին, այդ թվում պաշտպանություն չարաշահումներից, անտեսումից, շահագործումից կամ բռնությունից, ինչպես նաև հոգատար խնամք, ինչն օգնում է նրանց հաղթահարել տարատեսակ դժվար իրավիճակները կյանքում և վերականգնվել», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ՄԱԿ -ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ -ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ն բարելավել են կենտրոնի կանաչապատ տարածքը, այն մատչելի դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրել են ցուցանակներ, երեկոյան լուսատուներ, թեքահարթակ, հեծանիվների կայանատեղի: Կենտրոնում տեղադրվել են նաև արևային վահանակներ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, իսկ ներսում այն վերանորոգվել է՝ մատչելի դառնալով հաշմանդամություն ունեցող անձնանց համար: «Նման կենտրոնները չպետք է շքեղություն լինեն: Դրանք անհրաժեշտություն են Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար: Ապահով վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասները կարող են զբաղվել տարատեսակ գործունեությամբ, կյանքի հմտություններ ձեռք բերել և ստանալ միջին մասնագիտական կրթություն, ինչպես նաև աջակցություն աշխատանք ձեռք բերելու հարցում, մասնակցել առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումներին, որոնք բարելավում են տարատեսակ խնդիրների լուծման կարողությունն ու ինքնազգացողությունը»,-նշել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ի նախագահ Արթուր Նաջարյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին մասնակիցները ողջունել են հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասներին և երիտասարդներին այս կենտրոնում, որտեղ քննարկում է ծավալվել Գյումրի քաղաքի և հարակից տարածքների երիտասարդական համայնքի կարիքների, ինչպես նաև հաջորդ քայլերի վերաբերյալ»:
16:01 - 03 հոկտեմբերի, 2021
Համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն |1lurer.am|

Համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարություն է տարածել՝ Մեծ յոթնյակի հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, աված է. «COVAX նախաձեռնությունը՝ COVID-19 պատվաստանյութերի համաշխարհային համահավասարությունն ապահովող կառույցը, առաջիկա օրերին առաքելու է իր 65-միլիոներորդ չափաբաժինը, այնինչ պետք է առաքեր առնվազն 170-միլիոներորդը: Երբ հաջորդ ամիս Մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպեն Մեծ Բրիտանիայում, և քանի որ կորոնավիրուսային հիվանդության մահացու երկրորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, շարունակելու է տարածվել Հնդկաստանում և հարևան հարավասիական երկրներում, պակասորդը կկազմի 190 միլիոն չափաբաժին։ Մենք բազմիցս նախազգուշացրել ենք «փայտը ձեռքից գցելու» և ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին առանց պատվաստանյութերի, ախտորոշման և բուժման միջոցների արդարացի հասանելիության թողնելու ռիսկերի մասին: Մտահոգված ենք, քանի որ Հնդկաստանում հիվանդության մահացու ալիքը ցույց է տալիս, թե ինչ կպատահի, եթե չանսան մեր նախազգուշացումներին: Չնայած Հնդկաստանում իրավիճակը ողբերգական է, բայց Հնդկաստանը միակը չէ: Դեպքերի թիվը շեշտակի աճում է, և առողջապահական համակարգերը պայքարում են Հնդկաստանի հարևան երկրներում՝ Նեպալում, Շրի Լանկայում, Մալդիվներում, ինչպես նաև այլ երկրներում՝ Արգենտինայում և Բրազիլիայում: Երեխաներն ու նրանց ընտանիքները չափազանց բարձր գին կվճարեն այս ամենի համար: Որքան երկար վարակն առանց խոչընդոտների տարածվի, այնքան մեծ է վիրուսի մահացու կամ վարակիչ նոր տեսակների առաջացման ռիսկը: Այս համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է՝ ամբողջ աշխարհում: COVAX-ը, ԱՀԿ-ի, Գավիի և CEPI-ի գլխավորությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, որպես իրականացնող գործընկեր, ցույց է տվել այդ ճանապարհը: Բայց COVAX-ում մատակարարումների պակաս կա: Պատվաստանյութեր արտադրող Հնդկաստանում իրավիճակն ունի գլոբալ հետևանքներ, այն է՝ COVAX-ին հասանելի պատվաստանյութերի խիստ կրճատումն է: Ներքին պահանջարկի աճը նշանակում է, որ մինչև մայիսի վերջ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված 140 միլիոն չափաբաժինը չի կարող տրվել COVAX-ին: Եվս 50 միլիոն չափաբաժին, ամենայն հավանականությամբ, չի տրամադրվի նախաձեռնությանը հունիսին: Այս հանգամանքը, ի լրումն պատվաստանյութերի ազգայնականությանը, սահմանափակ արտադրական կարողությունների և ֆինանսավորման բացակայությանը, պատճառ է հանդիսացել, որ COVID-19 պատվաստանյութերի բաշխումը հետ ընկնի ժամանակացույցից: Հաջորդ ամիս Մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպելու են՝ արտակարգ իրավիճակների դադարեցման հնարավոր սցենար մշակելու: Airfinity-ի հետազոտական կառույցի տրամադրած տվյալների նոր վերլուծությունը, որն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միացյալ Թագավորության ազգային կոմիտեի հանձնարարությամբ, փաստում է, որ Մեծ յոթնյակի երկրները և Եվրամիության անդամ պետությունների խումբը կարող են նվիրաբերել պատվաստանյութերի շուրջ 153 միլիոն չափաբաժին, եթե հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին նվիրաբերեն իրենց հասանելի չափաբաժինների 20 տոկոսը: Ըստ էության, նրանք կարո՛ղ են այդպես վարվել՝ միևնույն ժամանակ կատարելով իրենց սեփական բնակչությանը պատվաստելու պարտավորությունները»:
11:31 - 19 մայիսի, 2021
16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սա հերթական կարևոր քայլն է համավարակի հետևանքով կրթական համակարգում առաջացած խնդիրների լուծման գործում: «Սա գործընկերային ճկուն հարաբերությունների դրսևորում է, երբ ջանքերի համախմբմամբ ուսումնական հաստատությունների համար առաջացած ճգնաժամային իրավիճակում ստեղծվում են զարգացման, հեռավար ուսուցման բարելավման պայմաններ: Անկախ նրանից, թե երբ վերջնականապես կհաղթահարենք համավարակը, այս ընթացքում զարգացրած կարողությունների, գործիքների մի մասը կկարողանանք օգտագործել նաև հետագայում: Հույս ունեմ՝ այս սարքավորումները կծառայեն որպես ճգնաժամի հաղթահարման, հաստատությունների զարգացման գործիք: Գիտենք, որ կան ընթացիկ բարելավման խնդիրներ, բայց սա ևս շատ քայլ է: Պետք է մշտապես շարունակել զարգացման գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ևս կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային հարաբերությունները և ասել, որ համակարգչային սարքավորումների տրամադրումը ոչ թե պարզապես գեղեցիկ քայլ է, այլ կարիքների գնահատման արդյունքում առաջացած գաղափար: «Մեր ծրագրերում փորձում ենք անպայման ներառել մարդկային կարողությունների զարգացման բաղադրիչը` կրթական խնդիրների հաղթահարման և երիտասարդության՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման նպատակով: Սա հակաճգնաժամային ծրագիր է, որն իրականացվել է հետպատերազմական և համավարակի պայմաններում՝ կոնկրետ 3 մարզի համար: Սարքավորումների տրամադրման որոշումը կայացվել է կատարված հետազոտության արդյունքում. ՄԿՈՒ հաստատություններն ունեն համակարգչային տեխնիկայի թարմացման և ստեղծված պայմաններին համապատասխան գիտելիքների զարգացման կարիք»,- ասել է Կարինե Սիմոնյանը և վստահեցրել, որ պատրաստ են ծրագրերն առավել բարելավել և դարձնել հասցեական՝ հաշվի առնելով ՄԿՈՒ հաստատությունների առաջարկները: «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին» ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն. հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: Բացի դրանից՝ առցանց դասընթացները լավագույնս նախապատրաստելու և վարելու համար վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 400 աշխատակից:
16:14 - 12 մայիսի, 2021
ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից |armenpress.am|

ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգը մեկնել է Հայաստանից: Այս մասին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի ներկայացուցչության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը: «Գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը, սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարին»,֊ ասաց Զառա Սարգսյանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ նշել էր, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին: Դատախազությունն էլ նշել էր, որ տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները:
11:55 - 11 մարտի, 2021
Ստեֆան Դյուժարիկն անհիմն է համարում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքները |armenpress.am|

Ստեֆան Դյուժարիկն անհիմն է համարում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքները |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ ուղղված մեղադրանքներն առ այն, թե նա լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Միացյալ Թագավորության, անհիմն է համարում: Հարցին Դյուժարիկն անդրադարձել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ես ամբողջովին պաշտպանում եմ նրան: Ձեզ կարող եմ ասել այն, ինչ ինձ փոխանցել են «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի իմ գործընկերները. «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ և այլ նշանակում կստանա»,- ասել է Դյուժարիկը: Նա ընդգծել է, որ Մարիան Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետ է, ով նախկինում աշխատել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կենտրոնակայանում, կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալազիայում, այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիում, Գվիենայում, Բենինում և Մադագասկարում: «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը 1993 թվականից աշխատել է Հայաստանի երեխաների համար և սերտ ու արդյունավետ համագործակցության մեջ է եղել կառավարության հետ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:
10:50 - 10 մարտի, 2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում
 |armtimes.com|

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, նա այս պահին գտնվում է Հայաստանում: Այդ մասին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը: - Տիկին Սարգսյան, Կառավարությունը որոշել է դադարեցնել ձեր կազմակերպության ներկայացուցչի պաշտոնավարումը Հայաստանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա լրտեսություն է իրականացրել եւ շտապ լքել է Հայաստանը: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել:   - Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հարցը քննարկվել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու Կառավարության ներկայացուցիչների միջեւ ու համատեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում մինչեւ ս.թ. մարտի վերջ: Ինքը հիմա Հայաստանում է, կլքի այս ամսվա ընթացքում: Եվ այնուհետեւ եկող շաբաթների ընթացքում սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման: - Կա՞ արդեն թեկնածու, ձեզ հայտնի՞ է, թե ով է փոխարինելու նրան: - Նշանակում կա, պարզապես սպասում ենք, որ ԱԳՆ-ն հաստատի: Որեւէ անուն չենք կարող ասել, որովհետեւ մինչեւ ԱԳՆ-ի հաստատումը անիմաստ կլինի: Երբ որ հաստատվի՝ կտեղադրենք մեր էջում: - Իսկ Քլարկ-Հաթինգը «պերսոնա նոն գրատա՞» է հայտարարվել: Լրտեսության մասին լուրերը սո՞ւտ են:  - «Պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, իսկ նման հոդվածները չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ փաստել, որովհետեւ անհիմն ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում: ԱԳՆ-ն եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման բան չեն ասել: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։  
21:42 - 09 մարտի, 2021
Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները |armenpress.am|

Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: Հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը: Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել:
13:24 - 09 մարտի, 2021
Դա այնքան ծանր մեղադրանք է․ ես առանց պատկան մարմինների հաստատման՝ չեմ կարող ենթադրություններ անել․ Արման Եղոյանը՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հեռացման պատճառների մասին |tert.am|

Դա այնքան ծանր մեղադրանք է․ ես առանց պատկան մարմինների հաստատման՝ չեմ կարող ենթադրություններ անել․ Արման Եղոյանը՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հեռացման պատճառների մասին |tert.am|

tert.am: Տվյալ իրավիճակում ես սկզբնաղբյուր չեմ և այդ անձի հետ շփում չի եղել, քանի որ Քլարկ-Հաթթինգը նոր է սկսել աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Այն, որ խնդիրներ կան, դա արդեն ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել է, բայց, թե ինչ խնդիրներ, դա դեռ հարց է: Այսօր դեռ կսպասենք պաշտոնական տեղեկատվությանը գերատեսչություններից: Ես տվյալ հարցերում սկզբնաղբյուր չեմ տվյալ ինֆորմացիայի և երբևէ առիթ չի եղել այդ անձի հետ հանդիպելու և որևէ հարց քննարկելու, քանի որ իրենց հետ մենք չենք շփվում, մեր շփումը Եվրամիության հետ է, ոչ թե ՄԱԿ-ի: UNICEF-ի հետ համագործակցություն չկա, իսկ իր հետ՝ առավել ևս, քանի որ նոր էր եկել»,- ասաց Արման Եղոյանը: Նա նաև մեկնաբանեց լրտեսության վարկածը՝ ասելով, որ առանց պատկան մարմինների տեղեկատվության՝ չի կարող նման մեկնաբանության տալ, բայց այդ լուրերի մասին լսել է: «Դա այնքան ծանր մեղադրանք է, որ ես հիմա առանց պատկան մարմինների հաստատման չեմ կարող ենթադրություններ անել, ես չեմ կարող ասել՝ անգործությունն է պատճառը, թե կան այլ խնդիրներ: Պատկան մարմիններից պետք է սպասենք հստակ լուրերի հաստատման, քանի որ իրավիճակի հետ կապված՝ մի քանի ինֆորմացիա դուրս եկավ, մեկը հենց տելեգրամյան ալիքներից մեկում էր՝ լրտեսության հետ կապված, և եթե նման բան կա, ապա դա լրիվ այլ թեմա է: Պետք է հասկանալ՝ որ մեղադրանքն է այստեղ»,- ասաց պատգամավորը:
12:49 - 09 մարտի, 2021
Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել․ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավարը՝ ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու մասին |tert.am|

Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել․ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավարը՝ ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու մասին |tert.am|

tert.am: Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել։ Այս մասին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը: Նա նշեց, որ ոչինչ չի կարող ավելացնել։ Ինչ վերաբերում է լուրերին, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, Զառա Սարգսյանը պատասխանեց․ «Այս պահին ինձ թվում է՝ բոլորս պետք է հիմնվենք ԱԳՆ–ի հրապարակածի վրա, որտեղ այդ բառը ես չեմ տեսել»,–ասաց նա։ Անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրում ԱԳՆ-ի հայտարարած՝ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, և արդյոք մինչ այս խնդիրներ եղել են, Զառա Սարգսյանը նշեց, որ ինքը տեղյակ չի եղել և  կոչ արեց դիմել ԱԳՆ։
11:57 - 09 մարտի, 2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ
 |1lurer.am|

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը և ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Հաստատված պատվաստանյութերի 128 միլիոն չափաբաժնից, պատվաստումների ավելի քան երեք քառորդը, մինչ օրս, կատարվել է ընդամենը 10 երկրում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60% -ը։ Այժմ գրեթե 130 երկիր՝ 2.5 միլիարդ մարդ, դեռ պետք է ընդունեն մեկ դեղաչափ: Ինքնաոչնչացման այս ռազմավարությունը կյանքեր և նյութական միջոցներ կարժենա, վիրուսը կենթարկվի մուտացիայի, պատվաստանյութի ազդեցությունը կնվազի, կխարխլի համաշխարհային տնտեսության վերականգնումը։ Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և ավելի քան 70 տարվա գործընկերներ, պետություններին կոչ են անում շրջահայացություն ցուցաբերել, պատվաստանյութերի կիրառման այնպիսի ռազմավարություն մշակել, որը հնարավորություն կտա կանխարգելել վիրուսի տարածումն ու վերջ դնել համավարակին։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջապահության աշխատակիցները համավարակի առաջնագծում են եղել. պետք է նախ իրենք պաշտպանված լինեն, որպեսզի կարողանան պաշտպանել մեզ։ COVAX- ի մասնակից երկրներն արդեն իսկ պատրաստվում են պատվաստանյութերի  կիրառմանը: Առողջապահական աշխատողները վերապատրաստվել են, դեղաչափերի պահպանման համակարգերը (սառցային շղթաները) պատրաստ են: Սպասում են պատվաստանյութերի համաչափ և արդարացի բաշխմանը։ Բոլոր երկրներում 2021 թվականի առաջին 100 օրվա ընթացքում պատվաստանյութերի կիրառումը սկսելու համար անհրաժեշտ է ապահովել. որ այն երկրները, որոնք պատվաստել են իրենց առողջապահության աշխատակիցներին և հիվանդության ռիսկի խմբում գտնվող բնակչությանը, COVAX նախաձեռնության միջոցով  պատվաստանութերը տրամադրեն այլ երկրներին, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան կիրառել դրանք: որ COVAX նախաձեռնությունը լիովին ֆինանսավորվի՝  պատվաստանյութերի ստեղծման, արտադրության ու հավասար բաշխման համար, որպեսզի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն իրենց ֆինանսական և տեխնիկական միջոցներն օգտագործեն պատվաստանյութերը տեղակայելու և կիրառելու համար: Ամբողջական ֆինանսավորման դեպքում, COVAX-ում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց մինչև 166 ԱՄՆ դոլար եկամուտ կլինի: որ պատվաստանյութերի արտադրողներն արդարացիորեն բաշխեն պատվաստանյութերի սահմանափակ քանակը. կարգավորումների և քաղաքականության վերանայման նպատակով ԱՀԿ-ին տրամադրեն արտադրության անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ որպես գերակա խնդիր, արագացնել և առավելագույնի հասցնել արտադրություն ու փոխանցել տեխնոլոգիան այլ արտադրողների, որոնք կարող են օգնել ընդլայնել գլոբալ հասանելիությունը։ Պատվաստանյութերի արտադրության ընդլայնման և առավել հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է նաև երկրների ղեկավարների աջակցությունը: ՔՈՎԻԴ-19-ը ցույց տվեց, որ բոլորիս ճակատագրերը փոխկապակցված են: Հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին»:
19:55 - 12 փետրվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հետ։Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը, կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական իրավիճակում երեխաներին ուղղված աջակցության կազմակերպման, ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։«Երեխաները մեր ամենախոցելի շահառուներն են։ Կարևորագույն խնդիրը, որին առնչվում ենք, երեխաների աղքատությունն է։ Ընդ որում՝ բազմազավակ ընտանիքներում խնդիրն ավելի նկատելի է»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը՝ միաժամանակ մանրամասնելով, որ այս պահին նախարարության առաջնահերթություններից է բազմազավակ ընտանիքների համար սոցիալական երաշխիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելը։Նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների բացահայտման և նրանց՝ հասարակություն լիարժեք ինտեգրման համար պայմանների ապահովումը:«Հաշմանդամություն ունեցող երեխաներն է՛լ ավելի խոցելի են, և այդ ուղղությամբ մենք անելու ենք առավելագույնը․ մասնավորապես՝ հաշմանդամության նոր օրենքի ներդրման միջոցով առողջության գնահատման մեթոդից անցում կկատարենք ֆունկցիոնալության գնահատման»,- ասել է նախարարը։Շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու պատասխանատու մարմիններին ներդրած ջանքերի համար, որոնք զգալի փոփոխություն են մտցրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հանդեպ խտրական վերաբերմունքի վերացման հարցում, Մարիան Քլարկն ընդգծել է՝ արդյունքները շատ են, բայց անելիքներ ևս կան։Վերջինս երեխաների իրավունքների հայեցակարգերի մշակման գործում կարևորել է փորձագիտական աջակցությունը՝ այն դիտարկելով միջազգային իրավական ակտերի համապատասխանության կոնտեքստում։Մարիան Քլարկի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կորոնավիրուսի համավարակի և հակամարտության հետևանքով տուժած շուրջ 35,000 ընտանիքների կարիքների գնահատում է իրականացրել, որը կարող է օգտակար լինել առաջիկա ծրագրերի իրականացման գործում։Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև արցախայությանն ուղղված աջակցության ծրագրերում այլ գործընկերների ներգրավումն ու համագործակցության ընդլայնումը։
21:39 - 20 հունվարի, 2021
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչով դիմել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ: Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի համամարդկային և անքակտելի իրավունքներ, ցանկանում ենք կոչ անել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին քայլեր ձեռնարկել և դատապարտել այն բռնությունը, որը սանձազերծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել մարտական գործողություններն ընդդեմ երեխաների և քաղաքացիական բնակչության, ինչպես նաև՝ հավատարիմ մնալ երեխայի կյանքի անշեղելի իրավունքի պաշտպանությանը և լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ, ԼՂՀ) ողջ սահմանի երկայնքով: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանն օգտագործում է ծանր և հեռահար հրթիռներ և ավիացիա քաղաքացիական բնակչության դեմ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9-ամյա աղջնակ, ով սպանվել է իր տան բակում, իսկ նրա երկու տարեկան եղբայրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադար հայտարարելուց հետո, ադրբեջանական դիվերսիոն խումբը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչների սպանություններ: Ինչպես հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նրանց թվում եղել են երկու քաղաքացիական անձինք՝ մայր և նրա հաշմանդամություն ունեցող որդին, ովքեր սպանվել են իրենց տան մեջ: Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը սարսափելի ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ինչպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունն է ցույց տվել, կասետային ռումբերից տուժողների մոտ 40 տոկոսը երեխաներ են, ովքեր սպանվում կամ մարմնական վնասվածք են ստանում անմիջական մարտական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց: Կասետային զինամթերքի ռիսկն հատկապես մեծ է երեխաների համար, քանի որ դրանք չափսերով փոքր են և փայլուն և դրանով իսկ հետաքրքրասիրություն են առաջացնում երեխաների մոտ: Ադրբեջանի կողմից կիրառվող հաջորդ մեթոդը խաղաղ բնակչության թիրախային և պարբերական ահաբեկումն է անօդաչու թռչող սարքերի/դրոնների միջոցով: Դրանց կիրառությունը քաղաքացիական անձանց բնակության վայրերում վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 14-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք համայնքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերով կատարված այդօրինակ թիրախային հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա տղա, ով գնում էր դաշտ՝ կարտոֆիլ հավաքելու: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին անգամ թիրախավորեցին ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ այս անգամ վնաս պատճառելով Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ կոտրելով պատուհանները և վնասելով դպրոցների շենքերի պատերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում ներկայումս արձակուրդ է, և հարձակման պահին շենքերի ներսում երեխաներ չեն եղել: Այնուամենայնիվ, ներսում էին վարչական աշխատողները, ովքեր, բարեբախտաբար, կարողացել են խուսափել վտանգից: Այն երեխաները, ովքեր մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) գյուղական և քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաև  մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել է ավելի քան 10 դպրոցի, ինչպես նաև մի քանի մանկապարտեզի հիմնական և օժանդակ շինություն: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 24,000 երեխա զրկված է կրթություն ստանալու և դպրոց հաճախելու որևէ հնարավորությունից: Դրանից զատ, Հայաստանի Հանրապետության 119 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 10,815 երեխա կյանքի համար վտանգավոր պայմանների պատաճռով զրկված է դպրոց և մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Ռազմական հարձակումներին զուգահեռ,  քանի դեռ աշխարհի ժողովուրդները պայքարում են մահաբեր ԿՈՎԻԴ-19 վիրուսի դեմ՝ դժվարությամբ դիմակայելով առաջ եկած դժվարություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) նկուղներում և այլ ապաստարաններում մնացած մարդիկ չունեն սոցիալական հեռավորությունը պահպանելու որևէ հնարավորություն, որը նրանց թույլ կտար խուսափել ԿՈՎԻԴ-19-ի տարածումից: Ավելին, նրանց համար սահմանափակ է խմելու ջրի և անհրաժեշտ սանիտարական պայմանների հասանելիությունը, ինչի պատճառով այդ իրավիճակն անհամեմատ ավելի վտանգավոր է դառնում: Բազմաթիվ կառույցներ, պետությունների առաջնորդներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ չեզոք դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող այս շարունակական և անգութ հարձակումների առնչությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը) հայտարարություն տարածեց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ) տիրող իրավիճակի հետ, որում կոչ արեց զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ժամանակ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ). 📍հավատարիմ մնալ իր մանդատին և աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից և այդ վայրի միջազգային ճանաչումից, 📍դիտարկել և փաստաթղթավորմամբ արձանագրել երեխայի իրավունքների խախտման դեպքերը, 📍գնահատել երեխաների կարիքներն արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից, 📍դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ սանձազերծված բռնությունը: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Կրթության Ասպարեզ ՀԿ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ Հանրային Լրագրության ակումբ Գորիսի մամուլի ակումբ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Ունիսոն» ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ Կանանց աջակցման կենտրոն «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա «Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ «Սոցիալական արդարություն» ՀԿ Կանանց իրավունքների տուն «Տաթևիկ» ՀԿ «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ «Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ Սպիտակի Հելսինկյան խումբ «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ «Ագաթ» ՀԿ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ «Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն Կանանց Ռեսուրսային Կենտրոն «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ «Վստահություն» առողջապահական կազմակերպություն Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն Կանանց Համերաշխության հիմնադրամ «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ «Շամս» մարդասիրական ՀԿ «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն»
13:35 - 21 հոկտեմբերի, 2020