Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Եթե սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները, ցանկալի արդյունքները չեն ուշանա. ՄՊՀ նախագահ

Եթե սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները, ցանկալի արդյունքները չեն ուշանա. ՄՊՀ նախագահ

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձ է հղել Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ «Շնորհավորում եմ բոլորիս Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Սպառողների շահերի պաշտպանությունն այսօր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամենակարևոր առաջնահերթություններից է: Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ հստակ նպատակով՝ ունենալ մեր երկրում համաշխարհային լավագույն փորձին համահունչ ստանդարտներ, որոնց կիրառումը լիարժեք կպաշտպանի սպառողի իրավունքը: Նախորդ տարի Հանձնաժողովը միացավ Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին (ICPEN)՝ դառնալով վերջինիս գործընկեր երկիր: Սա առաջին կարևոր քայլն էր այդ ճանապարհին, և մենք շարունակում ենք հաստատակամորեն առաջ շարժվել դեպի մեր առջև դրված նպատակի իրականացմանը: Ցանկալի արդյունքները չեն ուշանա, եթե այս հարցում նաև սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ և մյուս պետական մարմիններին՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները: Չէ՞ որ սա այն ոլորտն է, որտեղ խնդիրները բոլորինս են, և յուրաքանչյուրիս վերահսկողությունը, անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, հավասարապես կարևոր է և հաճախ՝ որոշիչ:  Լինե՛նք իրազեկ, որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ, դառնանք ավելի պահանջատեր և անզիջում մեր իրավունքների պաշտպանության հարցում»,-նշված է ուղերձում։
12:30 - 15 մարտի, 2024
Տնտեսավարողները հավաստիացրել են, որ առաջիկայում ՀՀ-ում ձվի շուկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում

Տնտեսավարողները հավաստիացրել են, որ առաջիկայում ՀՀ-ում ձվի շուկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում

ՄՊՀ-ում հանդիպում է տեղի ունեցել ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարողների հետ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: «Տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։  
16:01 - 14 մարտի, 2024
ՄՊՀ-ն ուսումնասիրել է առցանց տաքսի ծառայությունների ոլորտը

ՄՊՀ-ն ուսումնասիրել է առցանց տաքսի ծառայությունների ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որևէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի անկում են ապրել։Ներկայումս օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման և կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ: Հարթակներում ուղևորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեքորեն ներկայացված չէ: Մյուս կողմից, հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել. գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է: Ուսումնասիրության արդյունքում ներկայացված առաջարկներին և ուսումնասիրությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ հանձնաժողովի կայքում:
10:49 - 14 մարտի, 2024
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ: Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, ընկերության նկատմամբ արդեն մի քանի անգամ պատասխանատվության միջոցներ են կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Էկո» բառի նման «ԷՍՈ» բառի օգտագործմամբ ընկերության կողմից արտադրված հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք։ Հիշեցնենք, որ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել են պատասխանատվության միջոցներ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար: Մասնավորապես՝ Հանձնաժողովն ընկերության կողմից «ECO», «eco», «eoos», «ԷԿՈՍ» և «ԷԿՈս» բառերի օգտագործմամբ հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։
10:55 - 11 մարտի, 2024
Նոր օրենսդրական կարգավորումներ առևտրային ցանցերի և մատակարարների համար. ՄՊՀ

Նոր օրենսդրական կարգավորումներ առևտրային ցանցերի և մատակարարների համար. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ սահմանվել են մատակարարված ապրանքների դիմաց վճարումների իրականացման առավելագույն ժամկետները: 2024 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և արդեն իսկ հրապարակվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները: Նշված օրենսդրական փոփոխություններով՝ արդար առևտրի կանոններ են սահմանվել փոքր և միջին տնտեսավարողների և առևտրային ցանցերի միջև մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով: Մասնավորապես՝ ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը և այլն: Նոր կարգավորումների համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է՝ ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները, մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը: մատակարարարի հետ կնքել գրավոր պայմանագիր, որն առնվազն պարունակում է պայմանագրի գինը,  վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը և այլն: մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում: Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի դեպքում Հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով: Վերոնշյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 6-ից: ՄՊՀ-ից հիշեցնում են, որ օրենսդրական բարեփոխումների փաթեթը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից  Էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ:
16:02 - 15 փետրվարի, 2024
«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ. ՄՊՀ

«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ. ՄՊՀ

Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները. «Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․ Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը զետեղվում է փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․ Մթերքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելն այն պայմաններում, երբ ապրանքի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս համապատասխանում է կաթնային ճարպի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերքի սահմանմանը, և ոչ թե թթվասերի սահմանմանը, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ․ Հանձնաժողովի կողմից վարույթի նախաձեռնման համար հիմք հանդիսացած՝ ապրանքի փորձարկման արձանագրությունը հանդիսանում է վարչական վարույթի նյութ և կարող է դրվել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի հիմքում․ Վարչական վարույթի ընթացքում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վարչական վարույթի ընթացքում փորձարկման արձանագրությունը չի վիճարկվել․ Իրավախախտումը հիմնավորող հանգամանք է նաև վարչական բողոքում բողոք բերած անձի կողմից իրավախախտման փաստն ընդունելը։ Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «թթվասեր» մակնշելն ու իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով ապրանքը չի հանդիսանում «թթվասեր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է 14 306 034 (տասնչորս միլիոն երեք հարյուր վեց հազար երեսունչորս) դրամի չափով տուգանք:
11:14 - 05 փետրվարի, 2024
«Toto»-ն ու «Vbet»-ը բողոքում են իրար դեմ․ երկուսի նկատմամբ էլ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել |factor.am|

«Toto»-ն ու «Vbet»-ը բողոքում են իրար դեմ․ երկուսի նկատմամբ էլ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել |factor.am|

factor.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել  վիճակախաղերով,  և ինտերնետ շահումով խաղերով զբաղվող «Սոֆթ Կոնստրակտ», տեսալսողական ծրագրեր հեռարձակող «Ֆասթ Մեդիա», վճարահաշվարկային ծառայույթուններով զբաղվող «Ֆասթ Շիֆթ» և մշակութային ծրագրեր իրականացնող «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունների նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՄՊՀ-ից։  Վարույթը հարուցվել է «Դիջիթեյն» ընկերության հաղորդման վրա։  Ընկերությունը դեկտեմբերի 27-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն իր հետ փոխկապակցված և իր բաժնետերերի կողմից անմիջապես վերահսկվող մի շարք հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական անձանց միջոցով շարունակաբար գովազդում է «Vbet» և «Vivaro» ապրանքային նշանները՝ շրջանցելով «Գովազդի մասին» օրենքով սահմանված խաղային ոլորտի առնչությամբ կիրառելի սահմանափակումները և ներգրավվելով անբարեխիղճ մրցակցության մեջ: Այսպես․ «Դիջիթեյն» ընկերությունը պնդում է, որ  «Սոֆթ Կոնստրակտ», «Ֆասթ Մեդիա», «Ֆասթ Շիֆթ» և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունների կողմից արվում է «հովանոցային» կամ թաքնված գովազդ, ինչն օրենքով արգելված է։  Ըստ հաղորդման՝ «Ֆասթշիֆթ» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում, կայքում ցուցադրում է Vbet ապրանքային նշանը պարունակող նշումներ, դրանք տեսանելի են նաև վճարային տերմինալների վրա։ Տերմինալների գովազդային վահանակի վրա առկա Fastex ծառայության գովազդում առկա է «MR. First» անիմացիոն կերպարի պատկերը V տառը խորհրդանշող ձեռքի ժեստով։ Իսկ «MR. First» անիմացիոն կերպարի լինկդինյան և ֆեյսբուքյան էջերում առկա են Vbet ապրանքային նշանը պարունակող հեշթեգեր և այլ գրառումներ։  Նշվում է նաև, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման կայքում ջեքփոթ շահում առաջարկող «Mr. First» անիմացիոն կերպարն իր մեջ նույնպես պարունակում է կայծակի բրենդավորման տարր, իսկ կայծակի պատկերով արտաքին գովազդներ տեղադրված են Երևան քաղաքի ամենատարբեր հատվածներում: Ըստ ընկերության՝ կայծակի ոճայնացված պատկերի օգտագործումը խմբի կողմից անխուսափելիորեն ասոցացվելու է նաև խաղային ոլորտի հետ: Ընկերությունը նշել է, որ խմբի անդամ գրեթե բոլոր ընկերություններն իրենց ապրանքային նշաններում, գովազդային արշավների գրաֆիկական պատկերներում և կայքերում օգտագործում են նույնական «magenta» (մագենտա) գույնը կամ վերջինիս երանգները՝ այդ կերպ ևս ընդգծելով բոլոր ընկերությունների և դրանց արտադրանքի փոխկապվածությունը, ինչի շնորհիվ պայմանական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության (Fastex) գովազդման միջոցով գովազդվում են նաև նույն կամ նման գունային երանգ կրող մնացյալ ընկերությունները, ներառյալ՝ «Vbet» ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը կամ հենց «Vbet» ապրանքային նշանը, որն ասոցացվում է սահմանափակ գովազդման հնարավորություն ունեցող խաղային ոլորտի հետ: Ընկերությունը հայտնել է, որ խմբի անդամ ընկերությունները «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությանը պատկանող «Vbet» ապրանքային նշանի ներքո ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս: Ի թիվս այլ երկրների՝ խմբի անդամ ընկերությունները գործունեություն են ծավալում նաև Ուկրաինայի Հանրապետությունում: Այստեղ խնդրո առարկա ընկերությունները հանդես են գալիս որպես մի շարք սպորտային միջոցառումների գլխավոր հովանավոր, ավելին՝ մի շարք առաջնություններ Ուկրաինայի Հանրապետությունում իրենց անվան մեջ կրում են «Vbet» ապրանքային նշանը, օրինակ՝ «Vbet Лira»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:02 - 29 հունվարի, 2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ
հարուցել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ հարուցել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով:   Մասնավորապես «citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են հետևյալ հրապարակումները․ - կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ. - «Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը, - «Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը։   Հիշեցնենք, որ «Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի վերաբերյալ նաեւ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ավելի վաղ «Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաև ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։ Այս սխեման ֆինանսական բուրգ էր հիշեցնում։
10:31 - 23 դեկտեմբերի, 2023
ՄՊՀ անդամի ընդդիմության միասնական թեկնածուն Մանվել Բադալյանն է
 |1lurer.am|

ՄՊՀ անդամի ընդդիմության միասնական թեկնածուն Մանվել Բադալյանն է |1lurer.am|

1lurer.am: Ընդդիմությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել Մանվել Բադալյանի թեկնածությունը: Նրան ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ»-ի անունից ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովի անդամն իր գործունեությունը սկսել է 1982 թվականից՝ որպես տնտեսագետ: 1998-1999 թվականներին ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի անդամ է եղել, 2005-2012 թվականներին՝ Հայաստան պետական ագրարային համալսարանի խորհրդի նախագահը, 1999-2002 թթ.՝ ԱԺ պատգամավոր, 2002-2018 թթ.՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ: 2019-ից «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է: Նա իրականացնում է նաև մանկավարժական գործունեություն, դասավանդել է ԵՊՀ-ում, Ազգային ագրարային համալսարանում, Պետական կառավարման ակադեմիայում, Հայ-ռուսական համալսարանում: Մանվել Բադալյանը կրթությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:
16:13 - 08 դեկտեմբերի, 2023
ՄՊՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին. կմեկնարկի նոր ծրագիր սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

ՄՊՀ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին. կմեկնարկի նոր ծրագիր սպառողների շահերի պաշտպանության ոլորտում

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում: ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված  ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝  առանձնահատուկ շեշտադրելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) մրցակցության ոլորտին  առնչվող  լայնածավալ բարեփոխումները, մասնավորապես իրականացված օրենսդրական փոփոխությունները: Կողմերն անդրադարձել են նաև նոր մեկնարկող տեխնիկական աջակցության ծրագրին, որն ուղղված է լինելու սպառողների շահերի պաշտպանության մի շարք առաջնային կարևորություն ունեցող հարցերի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:
10:54 - 06 դեկտեմբերի, 2023
ՀՀ վարչական դատարանը «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի կողմից առաքումների ժամկետների սահմանման առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

ՀՀ վարչական դատարանը «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի կողմից առաքումների ժամկետների սահմանման առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0056/05/23 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 8-ի վճռով՝ գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 8-ի ««Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 429 Ա որոշման իրավաչափությունը, առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները. Առաքումների ժամկետներ սահմանելիս «≈» նշանի օգտագործումը տպավորություն է ստեղծում, որ «մոտավոր» տերմինը վերաբերում է առաքումների նշված ժամկետների միջև ընկած միջակայքին, ուստի առաքումների առավելագույն ժամկետը որևէ պարագայում չի կարող գերազանցել նշված միջակայքի առավելագույն թիվը․ Տնտեսավարող սուբյեկտի կայքէջում հրապարակված «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» հատվածում «ընկերությունը ուշացումների համար պատասխանատվություն չի կրում» նշագրումը չի կարող հիմք հանդիսանալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվությունից խուսափելու համար․ Տնտեսավարող սուբյեկտը երկարաժամկետ գործունեության ընթացքում պարբերաբար առաջացող խնդիրները (խոսքը չի գնում բացառիկ դեպքերի մասին) պարտավոր է հաշվի առնել առաքումների ժամկետային քաղաքականությունը որոշելիս. Առաքումներ իրականացնող սուբյեկտի գործունեության երաշխիքը հենց անորոշ թվով անձանց մոտ հետաքրքրություն առաջացնելն է (վերջիններիս եկամուտը կապված է հաճախորդների քանակից), իսկ հետաքրքրությունը կարող է առաջանալ հենց ցանկալի ապրանքի «գայթակղիչ» ժամկետներում առաքումը կազմակերպելու միջոցով, հետևաբար ծառայությունների մատուցման հարթակում՝ կայքում և բջջային հավելվածում ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը հանդիսանում է գովազդ․ Տնտեսավարող սուբյեկտի կողմից առաքումների համար որոշակի միջակայքով ժամկետի սահմանման դեպքում առաքումները գործնականում սահմանված առավելագույն ժամկետի ուշացումով իրականացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն է։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հիշեցնում է, որ հանձնաժողովը հիշատակված որոշմամբ ««Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ վերգետնյա առաքումների ժամկետի առնչությամբ կատարված հրապարակումների շրջանակում տեղեկությունը թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման) հնարավորության առաջացման ձևով ներկայացնելը, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալը, ինչպես նաև օրենքին հակասող գովազդ իրականացնելը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 3 միլիոն դրամի չափով։
17:12 - 27 նոյեմբերի, 2023
ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

ՄՊՀ-ն անդրադարձել է բենզինի շուկայում գների բարձրացմանը՝ նշելով, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում, ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը: «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան: Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսվարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրներում, որոնք ընդ որում ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։ Միաժամանակ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսվարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսվարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:30 - 17 նոյեմբերի, 2023
«Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին
 |armenpress.am|

«Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ  է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի ևս  «Սև ուրբաթ»-ին և տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ուրբաթ»-ին ընդառաջ» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: «Փորձով էր ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես, երբ որևէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին և այլն»,-ասաց Մարկոսյանը: Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:  Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Հանձնաժողովը մշակած Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի հուլիսի 31-ից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանից հետո նախորդ տարի «Սև ուրբաթ»-ին, նաև Ամանորին ընդառաջ սկսել է ակտիվ մշտադիտարկման գործողություններ: Հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ներկայումս ոլորտն էականորեն բարելավվել է: Հանձնաժողովը դիտարկել է ավելի քան 80 ակցիա: «Դրա ընթացքում շուրջ 35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Տնտեսվարողների մի մասը պատճառաբանել է, որ ակցիայի նոր օրենսդրությանը չի տիրապետել, մեղքն ընդունել է և խնդրել արագացված վարույթ կիրառել: Մի մասն էլ տարբեր պատճառներով ավելի ուշ է գիտակցել խնդիրը, ավելի ուշ  ընդունել մեղքը: Արդյունքում իմ նշած 35 վարույթից մեծամասնության դեպքում ունեցել ենք մեղքի ընդունման փաստեր: Եվ այս բոլոր վարույթների առնչությամբ հանձնաժողովը կիրառել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ վարույթները ներառում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակցիաները: Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացնել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի ոլորտում, հագուստի, շինանյութերի ոլորտում և այլն: Մարկոսյանը վստահեցրեց, որ հետևողական են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Գալիք «Սև ուրբաթ»-ի և այլ ակցիաների առնչությամբ ևս դիտարկելու են տնտեսվարողների վարքագիծը, գնահատում են ստացվող տարբեր ազդակները: Մարկոսյանը ներկայացրեց կարգավորումները: Չեղչի տեսանկյունից առկա են մի քանի բովանդակային հիմնական պահանջներ: «Առաջին հերթին՝ զեղչի կիրառումը ձևավորվում է ոչ թե նախորդող մեկ օրվա գնի հետ կապված, այլ զեղչի մեկնարկին նախորդող 1 ամսվա ապրանքի միջին գնից: Եթե, օրինակ, տնտեսվարող սուբյեկտը 10 օր ունեցել է X գնով վաճառք, 12 օր՝ Y, դրանից հետո մնացած 8 կամ 9 օրը ունեցել է երրորդ գնով, ապա պետք է թվաբանական միջին ստանալ, և այդ միջին գինը պետք է հիմք ընդունվի զեղչման տոկոսը որոշելիս, ոչ թե վերջին օրը բարձրացնել 200 տոկոսով, հետո իջեցնել 80 տոկոսով»,-ասաց Մարկոսյանը: Ընդ որում՝ վաճառքի ընթացքում պետք է տեսանելի լինի այդ միջին գինը, այսինքն՝ սպառողի համար ջնջված գինը պետք է լինի միջին գինը: Զեղչը կարող է տևել ոչ ավելի, քան 3 ամիս: Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան ինչ ապրանքների շրջանակին է վերաբերում, պետք է նշի, թե ակցիան երբ է մեկնարկում, երբ է ավարտվում: «Կարող են հայտարարել զեղչ, գնաք խանութ, պարզվի, որ զեղչն արդեն ավարտված է: Սա անհարմարություն է սպառողների համար, նաև՝ խայծ, որ մտեք առևտրի օբյեկտ և հնարավոր է, որ որևէ գնում կկատարեք»,-ասաց հանձնաժողովի անդամը: Եթե կան հատուկ պայմաններ, թե որ դեպքում է զեղչը կիրառվում, ապա տնտեսվարողը անպայման պետք է իրազեկի: Կան նաև իրազեկման առումով պահանջներ: «Օրինակ՝ այնպես չլինի, որ 50 կամ 70 տոկոս զեղչ արտահայտությունը շատ մեծ լինի, իսկ դրա դիմաց գրված «մինչև» բառը շատ փոքր, որ սպառողը թակարդում չհայտնվի: Եթե գործ ունենք «մինչև X»  տոկոս, այսինքն՝ միջակայքային զեղչի հետ, դա պետք է վերաբերի ապրանքների առնվազն 1/5-րդին: Շատ դեպքերում կարելի էր տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի հայտարարություն, սակայն առևտրի օբյեկտ գնալիս պարզվվում էր, որ ընդամենը 1-2 փոքրարժեք ապրանքին է դա վերաբերում»,-ասաց Մարկոսյանը: Նա շեշտեց, որ տնտեսվարողը զեղչի վերաբերյալ իրազեկումներում ևս պետք է լինի բարեխիղճ: Ցանկացած բան, որը կարող է սպառողի մոտ թյուր տպավորություն կամ ապակողմնորոշում առաջացնել, մրցակցային օրենսդրության տեսանկյունից հանգեցնում է անբարեխիղճ մրցակցության՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ: Դրա հետևանքն էլ այն է լինելու, որ տնտեսվարողը նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով կարող է ենթարկվել պատասխանատվության:
15:40 - 10 նոյեմբերի, 2023