Մեծամորի ԱԷԿ

Հայկական ատոմային էլեկտրակայանը (Մեծամորի ատոմակայան) միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 2003 թ․ ատոմակայանը շահագործում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։

ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ատոմակայան

ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ատոմակայան

2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։ Կայանի արտադրական տարածքում կազմակերպված տեխնիկական շրջայցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին: Շրջայցից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց համար հայտարարվող մրցույթներին կարող են մասնակցել նաև ոլորտում ընդգրկված չինական ընկերությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծին. ըստ այդմ՝ նախանշվել են դիվանագիտական գերատեսչության միջնորդությամբ չինական ոլորտային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու եղանակները: Փոխադարձ քննարկումների արդյունքում կողմերը ողջունել են համագործակցության պատրաստակամությունն ու դրական են գնահատել այդ ուղղությամբ տեսանելի նախադրյալները:
10:01 - 18 հունվարի, 2024
ՀԱԷԿ-ը փակելու հիմքեր չկան. Խաչատուր Խաչիկյանը հակադարձում է Թուրքիայի նախաձեռնությանը
 |armenpress.am|

ՀԱԷԿ-ը փակելու հիմքեր չկան. Խաչատուր Խաչիկյանը հակադարձում է Թուրքիայի նախաձեռնությանը |armenpress.am|

armenpress.am: Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու հիմքեր չկան, սեյսմիկ անվտանգության առումով էլ այն բավարարում է պահանջներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը: Խաչիկյանը նախ վստահեցրեց, որ ներկա պահին անվտանգության մակարդակը բավարար է, որպեսզի ՀԱԷԿ-ն անվտանգ աշխատի: Աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:  «Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան փորձում է շահարկել ՀԱԷԿ-ի շահագործումը շարունակելու փաստը, պարբերաբար բարձրաձայնում է, դա իր իրավունքն է, սակայն ատոմակայան փակելու կամ չփակելու խնդիրը դուրս է իր դաշտից, դա տվյալ ատոմակայանը շահագործող պետության իրավասության ներքո է գտնվում, որը փաստել է նաև թուրքական մեջլիսի դիմումերի հանձնաժողովի կողմից»,-ասաց Խաչիկյանը: Հայաստանը և Թուրքիան հանդիսանում են Միջուկային անվտանգության կոնվենցիան վավերացրած երկրներ։ Համաձայն այդ կոնվենցիայի պահանջներին անդամ երկրները, ներառյալ Հայաստանը, հաշվետվություններ են ներկայացնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ)՝ երկրում միջուկային անվտանգության վիճակի վերաբերյալ, որը փորձագիտական գնահատման է ենթարկվում մյուս անդամ երկրների կողմից՝  հարցադրումներ, խնդիրներ ներկայացնելով հաշվետվությունը մշակած երկրին: Խաչիկյանը վստաեցնում է, որ առ այսօր ներկայացված հարցադրումներին և խնդիրներին Հայաստանի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։ «Փորձագիտական դիտարկման արդյունքները ամփոփվում են հաշվետվության մեջ, որտեղ նշվում է թե պետությունն ինչ միջոցառումներ պետք է իրականացնի, որի իրականացման կարգավիճակը ներկայացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածում: Չկա նշված մի այնպիսի միջոցառում, որը մեր պետության ուժերից վեր  լինի, կամ հրաժարվենք դրա իրականացումից: Միջոցառումները, որոնք հնարավոր է լինում իրականացնել կարճ ժամանակում, իրականացվում են հաջորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, որոնք երկարաժամկետ են,  մշակվում է իրականացման ճանապարհային քարտեզ և աշխատում ենք դրանց իրականացման ուղղությամբ»,-վստահեցրեց կոմիտեի նախագահի պաշտոնակատարը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՀՀ միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակում  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ցուցաբերվում է մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և միջուկային անվտանգության մակարդակի բարձրացմանը: ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման շրջանակում իրականացվել են անվտանգության բարձրացմանն ուղղված  բազմաթիվ աշխատանքներ՝ համակարգերի մոդիֆիկացիաներ և արդիականացումներ: Շահագործման ժամկետի երկարացման շրջանակում ստացած անվտանգության հիմնավորման դիտարկման գործընթացում ներգրավված են  եղել ոչ միայն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները, այլ նաև միջազգային փորձագետները։ Որոշումները կայացնելիս հաշվի են առնվում նաև միջազգային փորձագետների տրամադրված կարծիքները: «Վթարային պատրաստվածության շրջանակում ատոմակայան շահագործող ցանկացած երկրում իրականացվում են որոշակի միջոցառումներ՝ վթարային պլանի մշակում, հակավթարային վարժանքների իրականացում, ազդակիր համայնքների բնակիչներին անհրաժեշտ յոդի դեղահաբերի պահեստավորում: Դա պարտադիր պահանջ է: Հայաստանը նույնպես պարբերաբար իրականացնում է վարժանքներ և ՀՀ-ում առկա է յոդի դեղահաբերի պահուստ, որը անհրաժեշտության դեպքում պետք է տրվի ատոմակայանի հարակից բնակավայրերի բնակչությանը»,-ասաց նա: Անդրադառնալով սեյսմիկ անվտանգության հարցին՝ Խաչիկյանն ընդգծեց, որ հայկական ատոմակայանը, նախագծված լինելով Խորհրդային միության նորմատիվ պահանջներին համապատասխան, բավականին մեծ պահուստային գործակիցներ ունի: «Չնայած այն նախատեսված է եղել ավելի ցածր սեյսմիկ ցնցումների համար, սակայն 1995թ-ի վերագործարկումից սկսած՝ պարբերաբար իրականացվել է սեյսմիկ անվտանգության վերագնահատում: Արդյունքում մեր ատոմակայանը բավարարում է ներկա պահանջներին: Վերագնահատման արդյունքում ցույց է տրվել, որ ատոմակայանի անվտանգության համար կարևոր համակարգերը կարող են դիմանալ մինչև 0.35 g (ազատ անկման արագացում) հողի ցնցումներին: Մենք պահանջ ենք դրել, որ իրականացվի այդ անվտանգության համակարգերի վերագնահատում և վերազինում, որը արդյունքում կհիմնավորվի, որ համակարգերը կդիմանան 0.42 g ցնցումներին։ Վերագնահատման խնդիրը ի հայտ է եկել նաև Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո իրականացված «Ստրես-տեստի» իքնագնահատման արդյունքում»,-ասաց Խաչիկյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ 
12:36 - 05 հոկտեմբերի, 2023
Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա. ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. Սանոսյան |1lurer.am|

Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա. ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Ես պետք է վստահեցնեմ, որ դեռ 1993 թվականից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և շարունակում են իրականացվել ծրագրեր աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: «Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա, և վերջերս Կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում. առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որ ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչև 2036 թվական»,- ասաց Գնել Սանոսյանը: Նա նշեց, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվել: «Կարելի է շատ երկար թվարկել: Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. բազմաթիվ դետալներ, սարքավորումներ, համակարգեր փոխվել են»,- ասաց նախարարը: 
19:04 - 04 հոկտեմբերի, 2023
ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ
 |armeniasputnik.am|

ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վիեննայում օրեր առաջ անցկացված ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) ամենամյա 67-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանին առնչվող ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Արմատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը։ Ելույթի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ իրենք զբաղվում են «ազատագրված տարածքների մոնիտորինգով», չնշելով՝ ինչ ի նկատի ունի։ Այնուհետև հայտարարվեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցված է բարձր սեյսմիկ գոտում՝ հին տեխնոլոգիայիով և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչի առնչությամբ ադրբեջանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին խնդրում է առանձնակի ուշադրություն դարձնել դրա հետագա շահագործման նպատակահարմարությանը։ «Մեր կողմը` դիվանագետները և մենք` մասնագետներս, պատրաստեցինք մեր պատասխանը, որը հնչեցրել ենք։ Նշել ենք, որ դա կեղծիք է, ՄԱԳԱՏԷ-ի կողմից տրված բոլոր առաջադրանքները և առաջարկություները` անվտանգության մակարդակի բարձրացման, մենք կատարում ենք։ Նշեցինք նաև մեր համագործակցության շրջանակները ՄԱԳԱՏԷ-ի հետ, նշեցինք, որ 30 տարի համագործակցում ենք այդ կառույցի հետ և բոլոր պահանջները` ատոմակայանի հետ կապված, իրագործում ենք, փոխադարձ ըմբռնման բարձր մակարդակ ունենք», - հավելեց Պետրոսյանը։ Նշենք, որ օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի խորհրդարան քաղաքացիներից դիմում է ստացվել` Մեծամորի ԱԷԿ-ի կողմից ստեղծվող ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այն հարցին, թե արդյոք թուրքական պատվիրակությունը նման մտավախություններ է հնչեցրել, Պետրոսյանն ասաց, որ ոչ։ «Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ելույթ ունեցավ, խոսեց Թուրքիա- ՄԱԳԱՏԷ հարաբերությունների, ատոմային էներգետիկայի զարգացման ընթացքի մասին Թուրքիայիում։ Ոչ մի բան Հայաստանի մասին նա չի ասել», - նշեց Պետրոսյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:10 - 04 հոկտեմբերի, 2023
Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր է ստացել
 |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր է ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը Թուրքիայից16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր է ստացել՝ ատոմակայանը փակելու միջոցներ ձեռնարկելու համար։ Տեքստում նշվում է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը լրանալու պատճառով, այն կարող է իրենից վտանգ ներկայացնել։Խորհրդարանական հանձնաժողովը պատասխանել է, որ Իգդիր քաղաքի համար ճառագայթային արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր ու նման սցենարի դեպքում գործողությունների սկզբունքներ են մշակվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին անցյալ տարեվերջին էր Երևանում։ Նա այցելեց Մեծամորի Ատոմակայան։ Այցից հետո Գրոսսին հայտարարեց․ - «Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, թե հայկական ատոմակայանը վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար։Անդրադառնալով միջազգային հարթակներում Մեծամորի ատոմակայանը փակելու Բաքվի պահանջին՝ Գրոսսին հայտարարել էր․ - «Ես գիտեմ, որ անցյալում նման բաներ հայտարարվել են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միշտ ասել է, որ միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այդպես չի լինի։ Եվ ես դա շատ հստակ եմ ասել», - նշել էր ԱԷՄԳ տնօրենը։
16:39 - 03 հոկտեմբերի, 2023
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի

 |armenpress.am|

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է նա։ Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստան է ժամանել հոկտեմբերի 4-5-ը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, առողջապահության նախարարի հետ։ Հոկտեմբերի 5-ին ակնկալվում է Գրոսիի դասախոսությունը Երևանի պետական համալսարանում։
10:23 - 05 հոկտեմբերի, 2022
Մեծամորի ատոմակայանը առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորությունների 98 տոկոսի չափով․ Սանոսյան

 |armenpress.am|

Մեծամորի ատոմակայանը առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորությունների 98 տոկոսի չափով․ Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարևոր ձեռքբերում է համարում 2040 թվականի համար էներգետիկ ոլորտի ռազմավարության ընդունումը։ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Սանոսյանը ընդգծեց, որ Կառավարության բոլոր գործողությունները բխում են հենց այդ ռազմավարությունից: «Նախորդ տարի կարևոր էր «Արմփաուեր» 254 մեգավատ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների շահագործման հանձնելը, որը մեր էներգետիկ համակարգում կարևոր դեր ունի, խոշոր ներդրում եղավ՝ շուրջ 250 միլիոն դոլարի չափով, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին, իսկ այդ ջերմակայանի օգտակար գործողության գործակիցը բարձր է»,-ասաց Սանոսյանը: Նախարարը նաև անդրադարձավ Մեծամորի ատոմակայանի աշխատանքին։  «Ամեն տարի որոշակի պարբերականությամբ ատոմակայանը կանգնում է , որոշակի վերանորոգման փուլ է անցնում։ Նախորդ տարի բավական ծավալուն փուլ էր, կարևոր հատվածներում փոփոխություններ տեղի ունեցան, վերջում մի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ 1995 թվականից սկսած՝ ատոմակայանն աշխատել է իր հզորության 92 տոկոսի չափով, իսկ անցած տարի կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98 տոկոսի չափով»,-հայտարարեց Գնել Սանոսյանը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:44 - 15 հունիսի, 2022
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը ապրիլի 16-ին՝ ժամը 00:30-ին, կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայկական ատոմային էլեկտրակայանը: Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, տուրբագեներատորների միջին վերանորոգում: Շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է հունիսի 28-ին:
12:05 - 16 ապրիլի, 2022
Էդուարդ Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի վերաբերյալ |armenpress.am|

Էդուարդ Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նոր ատոմակայանի մասնագետները, որը «Ռոսատոմ»-ը պատրաստվում է կառուցել Հայաստանում, կպատրաստվեն Ռուսաստանում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: «Ռուսաստանում, հենց Ռուսաստանում»,- ասել է Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ են պատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը: Նշվում է, որ Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, որից հետ կերկարաձգվի ևս 10 տարով: Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ նոր ատոմակայանի շինարարությունը կտևի 10-12 տարի: Մարտիրոսյանը հայտնել է, որ նոր ատոմակայանի համար կադրերը կպատրաստվեն Ռուսաստանի բուհերում: Նա նշել է, որ Հայաստանի գործող ատոմակայանի մասնագետներն էլ սովորել են և սովորում են Ռուսաստանի բուհերում: Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ դիտարկվել է նաև փոքր կայանների տարբերակը: Նրա խոսքով՝ կա հավանականություն «Գեոպրոմայնինգ Հայաստան» ընկերության համար Սյունիքի մարզում նման կայան կառուցելու: Նշվում է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությանն է փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը: «Դուբայ էքսպո-2020»-ի շրջանակներում «Ռոսատոմ»-ի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել համագործակցության նոր ատոմային էներգաբլոկների վերազինման մասին Հայաստանի գործող ատոմակայանի փոխարեն, որը պետք է հանվի շահագործումից 2036 թվականին: Ըստ Էդուարդ Մարտիրոսյանի՝ նոր ատոմակայանը հզորությամբ չպետք է զիջի գործողին՝ 500-600 ՄՎՏ: Նա նաև չի բացառել, որ ավելի հզոր կայան կառուցելու խնդիր առաջանա՝ 2 էներգաբլոկ 1200 ՄՎՏ հզորությամբ: Դա կախված կլինի էներգիայի սպառման մակարդակից, որը կձևավորվի այդ ժամանակ, և հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդլայնելու հնարավորությունից: 
10:28 - 21 հունվարի, 2022
Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին

Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին

Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո հոկտեմբերի 17-ից գործարկվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը և միացել ՀՀ միասնական էներգահամակարգին:  Այս մասին հայտնում են ՀԱԷԿ-ից:  Նշվում է, որ աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ:  «Պլանային նախազգուշական վերանորոգում (ՊՆՎ) 2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ իրականացվեց ՀԱԷԿ-ում և կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բլոկի տևական կանգի ընթացքում իրականացվել են նաև անվտանգության հիմնական համակարգերի՝ ակտիվ գոտու վթարային հովացման, սպրինկլերային, հուսալի սնուցման, ներռեակտորային տեխնոլոգիական վերահսկման և տեղեկատվահաշվողական համակարգերի արդիականացման աշխատանքները»,-ասված է ՀԱԷԿ-ի հաղորդագրությունում:    Նշվում է, որ АО "Русатом Сервис" ընկերության և ներգրավված ենթակապալառու ընկերությունների մասնագետների, ինչպես նաև կայանի անձնակազմի մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի պատմության մեջ եզակի, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվել են շուրջ 730 մ խողովակաշարի և շուրջ 270 միավոր խողովակաշարային փականների մոնտաժման աշխատանքներ, 420 նոր եռակցվածք, ինչպես նաև շուրջ 4700 եռքակարանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում/վերահսկում, անցկացվել և մոնտաժվել է շուրջ 42 կմ երկարությամբ մալուխ և այլն: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ավարտական փուլի աշխատանքներին զուգահեռ ընթացել են տարեկան պլանային վերանորոգման նախատեսված աշխատանքները՝ շուրջ 520 միավոր սարքավորման հիմնանորոգում, ինչպես նաև մոտ 330 միավոր սարքավորման միջին և ընթացիկ վերանորոգում և այլն:  «ՊՆՎ-2021-ը Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համար ամենաերկարատևն էր. այն հնարավոր եղավ հաղթահարել ՀԱԷԿ-ի անձնակազմի ջանքերի առավելագույն կենտրոնացման, աշխատանքների հստակ կազմակերպման, կապալառու կազմակերպություններից ներգրավված մեծաքանակ մասնագետների հետ համաժամանակյա իրականացրած աշխատանքների կոորդինացման շնորհիվ»,-նշում են ՀԱԷԿ-ից:  Հայկական ատոմային էլեկտրակայանը շարունակում է գործել՝ մշտական ուշադրության կենտրոնում պահելով անխափան և անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները:  Ատոմակայանը կանգնեցվել էր 141 օրով:
12:48 - 18 հոկտեմբերի, 2021
Հայաստանը սպառում է բացառապես ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում |armenpress.am|

Հայաստանը սպառում է բացառապես ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում |armenpress.am|

armenpress.am: Չնայած աննախադեպ իրավիճակին՝ ատոմակայանի և Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի կանգնելուն, Արցախում ՀԷԿ-երի կորստին, եղանակով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի աննախադեպ բարձր սպառմանը՝ Հայաստանը ներքին ռեսուրսներով ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայի իր պահանջարկը և շարունակում դեպի Իրան արտահանումը: Հուլիսի 11-ից էլ ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում, սակայն չի բացառում, որ կրկին էժան առաջարկի դեպքում ներմուծում կարվի:  Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: «Այս պահին Վրաստանից էլեկտրաէներգիա չենք ներմուծում, ներմուծել ենք միայն տնտեսական էֆեկտի համար, այսինքն՝ այդ պահին Վրաստանն առաջարկել է ավելի ցածր գնով, քան Հրազդան ՋԷԿ-ի գինն է, այսինքն՝ նախընտրություն է տրվել ներմուծելուն: Ավելի շատ գազ պետք է ծախսեինք Հրազդանի ՋԷԿ-ում, որպեսզի արտադրանք տայինք, Վրաստանից ներմուծել ենք ավելի էժանով: Հուլիսի 11-ից այլևս ներմուծում չի կատարվում, որովհետև Վրաստանում ևս այս պահին ավելցուկային հոսանք չկա»,- ասաց Վարդանյանը: Փոխնախարարը նշեց՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիա միշտ են միմյանցից ներմուծել: «Իրենց մոտ ձմռանը թանկ է հոսանքը, ՋԷԿ-երն են միայն աշխատում, եթե կարողանում ենք ավելի էժան առաջարկել, քան իրենց արտադրանքն է, մենք ենք տալիս և՝ հակառակը:  Սեզոնային փոխանակումները կամ փոխադարձ գնումները միշտ եղել են»,-ասաց փոխնախարարն ու նկատեց, որ պարզապես այս տարի ներմուծման փաստն ավելի վառ արտահայտված է, քանի որ մարդիկ անհանգստություններ ունեին՝ ատոմակայանի երկար ժամանակով կանգնելու հետ կապված: Վարդանյանը չբացառեց, որ եթե, օրինակ, մյուս ամսին Վրաստանը կարողանա առաջարկել ավելի էժան էլեկտրաէներգիա, քան Հրազդան ՋԷԿ-ի բլոկինն է, ապա բլոկը կանջատեն և կներմուծեն Վրաստանից: Ատոմակայանի կանգնելով պայմանավորված՝ ազատ տեղ էր առաջացել, դա սովորաբար զբաղեցնում է Հրազդանի ՋԷԿ-ը, որը բավականին թանկ հոսանք է արտադրում: Վարդանյանը նշեց՝ այն բավականին ճկուն է, աշխատող երեք բլոկներից ընդամենը մեկն են անջատում, փոխարենն ավելի մատչելի գնով ներմուծում Վրաստանից: Վարդանյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականին էժան է, և եթե այն կանգնած չլիներ, Վրաստանը դրա նկատմամբ մրցունակ գին չէր կարողանա առաջարկել: Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը սկսել էր մայիսի 5-ից: Այսպիսով, Հայաստանը ոչ միայն բավարարում է իր ներքին պահանջարկը, այլ նաև շարունակում է արտահանումն Իրան: Պատերազմի արդյունքում Արցախում ՀԷԿ-երի կորուստներ ունենք, ատոմակայանը երկար ժամանակով կանգնել է, Հրազդանի հինգերորդ բլոկը տեխնիկական խնդիրների պատճառով կանգնած է: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:51 - 22 հուլիսի, 2021
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային վերանորոգում, այն չի աշխատի 141 օր
 |lragir.am|

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային վերանորոգում, այն չի աշխատի 141 օր |lragir.am|

lragir.am: Այսօր` մայիսի 15-ին, Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետլորպորացիայի էլեկտաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով․ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով։ ԱԷԿ-ում իրականացվող միջոցառումները միտված են դրա արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։ «Ուզում եմ ընդգծել, որ անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման և ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները ֆիզիկապես կիրականացվեն ՊՆՎ-2021-ի ընթացքում՝ մինչև 2021-ի հոկտեմբեր նեռարյալ», – ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։ Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը․ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Խորհրդանշական է, որ այժմ՝ արդիականացումից հետո, կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։ «Այս առանցքային դադարը կլինի որոշիչ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և մենք ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը», – ասաց Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից:
12:37 - 15 մայիսի, 2021