Մարտին Գալստյան

Մարտին Արտաշեսի Գալստյան․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ։ Ծնվել է 1978 թվականին։ 1994-99թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ընդհանուր տնտեսագիտություն, ապա 1999-2002թթ. սովորել է ասպիրանտուրայում։ 

Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ
 |armenpress.am|

Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո այս տարի կունենանք, մեր գնահատականով, 7.2 տոկոս: Կարծում ենք, որ մյուս տարի աճը որոշակիորեն պետք է նվազի՝ մոտենալով պոտենցիալ աճի մակարդակին: Մեր գնահատականներով՝ այնուամենայնիվ, աճը պոտենցիալից որոշակի բարձր կլինի, քանի որ բավականին մեծ ծախսեր են նախատեսված: Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով աճը 2024-ի համար լինելու է 5.6 տոկոս»,- ասաց Գալստյանը: ԿԲ-ն մտավախություն ունի, որ 2024-ին կառավարությունը ստիպված է լինելու իրականացնել ավելի մեծ թափով ընթացիկ ծախսեր, կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել: «Եթե կապիտալ ծախսերը մատնանշած ծավալով չարեցինք, սակայն շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, ապա դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է: Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ, որին ԿԲ-ն ավելցուկային պահանջարկի զսպման տեսանկյունից արձագանքելու է: Արձագանքը լինելու է տոկոսադրույքի բարձրացումը»,-ասաց նա: Գալստյանը հույս հայտնեց, որ այդ սցենարով չեն գնա: Այս պահին  Հայաստանում կա 0.1 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը ±4 տոկոսն է:
15:15 - 30 հոկտեմբերի, 2023
Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ
 |armenpress.am|

Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին  Գալստյանը: Նա հիշեցրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 տոկոս: «2023 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և օգոստոսի վերջին կազմել  0.4 տոկոս»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների ու ծառայությունների գները մնում են բարձր: Հետևաբար, գործընկեր երկրների Կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն: «Ֆինանսական խիստ պայմանների և համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձևավորվել ցածր մակարդակներում: Արդյունքում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն»,-ասաց ԿԲ նախագահը: Նա նաև նշեց, որ 2023 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռևս պահպանվելով բարձր մակարդակներում: Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը, վերջիններս կրում են տնտեսությունում պահպանվող ներքին և արտաքին բարձր պահանջարկի ազդեցությունները: Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը և գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են, այդուհանդերձ ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար ավելի դանդաղ տեմպերով: ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Ըստ ԿԲ-ի՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում առաջիկայում 12-ամսյա գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: ԿԲ-ն գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Կենտրոնական բանկից վստահեցնում են, որ ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:                                                                     
17:18 - 12 սեպտեմբերի, 2023
«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ
 |aravot.am|

«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ |aravot.am|

aravot.am: «Մեր կանխատեսումների համաձայն՝ գնաճն այս տարի կլինի թիրախից ցածր, այսինքն՝ մենք կունենանք նպատակադրված թիրախից ցածր գնաճ, որը, մեր պատկերացմամբ, խելամիտ քաղաքականության է, որովհետեւ երկու տարի անընդմեջ բարձր գնաճ ունենալուց հետո պիտի լինի ժամանակ, երբ ԿԲ-ն իրականացնելու է դիսինֆլյացիոն քաղաքականություն»,- այսօր ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ ԿԲ նախագահը նշեց, որ հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունների գնաճը 8․7 տոկոս է մինչ այսօր։ «Ինչո՞ւ է Կենտրոնական բանկն ավելի զուսպ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հարցում, որովհետեւ մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,- հավելեց Գալստյանը։ Նա անդրադարձավ հարցին, թե տնտեսական աճի կանխատեսման հիմքում ի՞նչ գործոններ են ընկած։ «Մենք կարծում ենք, որ ծառայությունների ու շինարարության ոլորտը շարունակելու են աճել այս տարվա ընթացքում՝ պայմանավորված նաեւ ներքին եւ արտաքին գործոններով։ Արդյունաբերության աճը լինելու է 6 տոկոսի շրջանակներում եւ մի քիչ ավել, գյուղատնտեսությունն ունենալու է փոքր դրական աճ»։ Ըստ Գալստյանի՝ ԿԲ վերջին կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 6․9 տոկոս, որը կրկնակի պակաս է նախկին կանխատեսումից։ Ըստ ԿԲ նախագահի՝ պետք է հասկանալ, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատեւ աճել ավելի շատ, քան իր ներուժն է։
11:31 - 15 հունիսի, 2023
Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ
 |aysor.am|

Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ |aysor.am|

aysor.am: Ներդրողները հայտնվել  են Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Հայաստանի ֆինանսական շուկայում հարակից ազդակներ կան, որ, երևի թե, պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրում են իրականացնում հայկական պետական պարտատոմսերի շուկայում, խոսքը դրամով արտահայտված շուկայի մասին է», - ասաց նա` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանի հարցին, թե ինչպիսին է ՀՀ անվտանգության ռիսկի ազդեցությունը ներդրումային միջավայրի ու ՀՀ ֆինանսական համակարգերի վրա: «Կարծում եմ, որ ածանցված կարող ենք նաև դատողություններ անել անվտանգային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումների հետ կապված: Պատճառը, թե ինչու են ներդրողները հայտնվել  Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն», - նշեց նա: Մինասյանի մյուս հարցին, թե Արցախի ֆինանսական  hամակարգի վերաբերյալ ունի՞ ԿԲ-ն տեղեկատվություն, թե քանի բանկ է գործում Արցախում ու ի՞նչ հիմնական խնդիրներ են ձևավորվել՝ ԿԲ նախագահն արձագանքեց, որ ամենօրյա կապի մեջ են Արցախի գործընկերների հետ: «Առանց փակագծեր բացելու ասեմ` եթե հանկարծ որևէ խնդիր է լինում, շատ օպերատիվ արձագանքում ենք, այս պահին Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի», - ասաց Մարտին Գալաստյանը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե Երասխում  Ադրբեջանի երեկվա ագրեսիվ վարքագիծը հետևանք է այն բանի, որ փորձում են ազդել ՀՀ ներդրումային միջավայրի վրա, արդյոք այս գնահատականը կա՞ տրված ու եթե ոչ` նախատեսո՞ւմ են առաջիկայում: ԿԲ նախագահն  էլ արձագանքեց, թե  2020 թվականից Հայաստանն անցել է տարբեր պրոցեսների միջով, կենսափորձն ու բնազդներն արդեն այնքան են սրվել, որ հիմնականում  փորձում են կանխարգելիչ գործողություններ անել`  ֆինանսական համակարգը որևէ պոտենցիալ շոկից պաշտպանելու համար:
11:22 - 15 հունիսի, 2023
«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին

 |aravot.am|

«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին |aravot.am|

aravot.am: Հիփոթեքային վարկերի շուկայում նախորդ տարի դիտարկվել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաեւ շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացմանը, ներառյալ հիփոթեքը, սակայն հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց Մարտին Գալստյանին, թե ըստ ԿԲ գնահատականի՝ անշարժ գույքի շուկայում 25-26 տոկոսով «փուչիկ» կա։ «Նաեւ կան տնտեսագետներ, որոնք ասում են, որ այդ փուչիկն անպայման պետք է պայթի։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը՝ կպայթի՞ անպայման, թե՞ հնարավոր է կառավարել ու կամաց իջեցնել»,- հարցրեց Աղազարյանը։ Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց․ «Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ անշարժ շուկայում կա գների որոշակի աճ։ Շատ նուրբ կետի եք հանգել, այն առումով, որ տնտեսագիտական համայնքի մեջ «փուչիկի» սահմանումը հստակ չէ։ Այսինքն՝ որպեսզի հասկանանք՝ «փուչիկը» ինչ է, նախ պիտի սահմանենք։ Այսինքն՝ 25 տոկոս աճը արդյոք բավարա՞ր է, որպեսզի նկարագրենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում կա «փուչիկ»։ Երկրորդ, «փուչիկները»։ Երկու տեսակի են լինում՝ ռացիոնալ եւ իռացիոնալ։ Մեր գնահատականով՝ մենք երկու մեթոդ ունենք, փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Եվ մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իմ թվարկած փոփոխականները։ Ուստի, մեր կարծիքով, կա որոշակի ավելի աճ, քան պիտի լիներ»։
11:16 - 15 հունիսի, 2023
ԿԲ նախագահը չի հերքում, որ ՀՀ բանկերն արգելափակում են ՌԴ-ից էլեկտրոնիկայի համար վճարումները |civilnet.am|

ԿԲ նախագահը չի հերքում, որ ՀՀ բանկերն արգելափակում են ՌԴ-ից էլեկտրոնիկայի համար վճարումները |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի հերքում, որ ՀՀ առևտրային բանկերը՝ այդ թվում արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, արգելափակում են Ռուսաստանից էլեկտրոնիկայի համար վճարումները: Հունիսի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մարտին Գալաստյանը նշեց, որ Կենտրոնական բանկը չի ուղղորդում առևտրային բանկերին կայացնել այս կամ այն որոշումը: «Կենտրոնական բանկն ուղղորդում է, որ բանկերն աշխատեն միջազգային լավագույն փորձին համահունչ: Բանկերն են կառավարում իրենց ռիսկերը: Գործողությունները, որոնք ուղղված են իրենց ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել որոշակի կոնտրագենտների հետ հարաբերությունների խզման, որ դրանց հետ չաշխատեն կամ աշխատանքի պայմանները փոխվեն», – նշում է Գալստյանը՝ ըստ էության չհերքելով ռուսական «Կոմերսանտ» թերթի` ՀՀ բանկերի արգելափակումների վերաբերյալ հրապարակումը: Նրա խոսքով՝ նման որոշումներ բանկերը կարող են կայացնել այդ թվում միջազգային պատժամիջոցներով պայմանավորված: Դա կարող է լինել նաև կորեսպոնդենտ (միջնորդ) բանկերի դիրքորոշմամբ պայմանավորված: Գալստյանը, սակայն, դժվարացավ հստակ նշել՝ բանկային փոխանցումների արգելափակումները վերաբերում են միայն Ռուսաստանի՞ց կատարվող գործարքներին, թե՞ այդ ցանկում են նաև ՀՀ-ում գրանցված ռուսական կապիտալով ընկերությունները: Գալստյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ առևտրային բանկերը կառավարում են իրենց ռիսկերը. այստեղ խտրականություն ուղղակի չկա: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ հայկական բանկերը սկսել են արգելափակել Ռուսաստանից հեռահաղորդակցության սարքավորումների համար վճարումները: «Հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը սկսել են արգելափակել ռուսական իրավաբանական անձանց համար սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, տելեկոմ-սարքավորումների և էլեկտրոնիկայի այլ տեսակների համար ապրանքային անվանացանկով վճարումները»,- վկայակոչելով իր աղբյուրը՝ հաղորդել էր «Կոմերսանտը»: Նշվում էր, որ դա կապված է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթի ներդրման հետ, որով սպառնում են ՌԴ-ի հետ համագործակցող բանկերին:
17:54 - 13 հունիսի, 2023
ԿԲ գնահատմամբ՝ որոշ ժամանակ անց Հայաստանում գնաճը լինելու է բանկի թիրախից ցածր |armenpress.am|

ԿԲ գնահատմամբ՝ որոշ ժամանակ անց Հայաստանում գնաճը լինելու է բանկի թիրախից ցածր |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում Հայաստանի ապրանքների գնանկում է նկատվում: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ սա նույնիսկ կարող է բերել նրան, որ որոշ ժամանակ անց գնաճն ավելի ցածր լինի, քան ԿԲ թիրախն է (4 տոկոս):  Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս նկատում ենք մի ֆենոմեն, երբ կա ապրանքների որոշակի էական գնանկում, որը հիմնականում պայմանավորված է մի կողմից վարվող խիստ դրամավարակային քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կորոնավիրուսից հետո վերջապես արժեշղթաների վերականգնմամբ ու առաջարկի ավելացման գործոններով: Այդ առումով թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում, թե ՌԴ-ում, թե Հայաստանում տեսնում ենք, որ համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում մեր գնաճի զամբյուղի մեջ էական կշիռ ունեցող ապրանքների գները որոշակիորեն նվազման միտում են ցույց տալիս»,-ասաց Գալստյանը: Գնաճի նվազման երկրորդը պատճառը բազային էֆետներն են:  Անդրադառնալով ծառայությունների հատվածին ՝ ԿԲ նախագահն ասաց, որ մի քանի զարգացումներ կան, որոնք դեռևս թույլ չեն տալիս ասել, որ գնաճի դեմ պայքարը վերջնականապես հաղթահարվել է: «Առաջինն արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ծառայությունների գների հետևողական աճն է Հայաստանում: Ապրանքների պարագայում մենք տեսնում ենք, որ ունենք բավականին մեծ գնանկումներ, սա որոշ ժամանակ անց, շատ կարճաժամկետում նույնիսկ բերելու է նրան, որ Հայաստանում, մեր գնահատականներով, ընդհանուր գնաճը լինելու է ավելի ցածր, քան ԿԲ-ի թիրախը: Սակայն, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտում գնաճն ավելի բարձր է, քան մեր թիրախը: Մենք ամսական արտահայտությամբ 6-8 տոկոս, տարեկան արտահայտությամբ նաև 12 տոկոս գնաճ ունենք որոշակի ծառայությունների մասով»,-ասաց Գալստյանը: Ծառայությունների գների աճը մի մասով նա պայմանավորեց արտաքին շատ ուժեղ պահանջարկով, նաև երկրում աշխավարձերի աճով: ԿԲ նախագահի խոսքով՝ աշխատավարձերի աճը գերազանցում է ոչ միայն ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը, այլ նաև արտադրողականությանը, ինչն ունի գնաճային էական պոտենցիալ:  Թեև գնաճային սպասումները որոշակիրորեն նվազել են անցած տարի նկատված մակարդակներից, սակայն  շարունակում են մնալ բավականին բարձր՝ այն տարիների նկատմամբ, երբ հնարավոր էր վստահորեն ասել, որ կան խարխսված գնաճային սպասումներ: Ուստի ԿԲ խորհուրդը որոշել է այս անգամ ևս վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ: «ԿԲ-ն պայքարելու ու ստեղծելու է մի իրավիճակ, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանում գնաճը լինելու է թիրախին համարժեք»,-ընդգծեց Գալստյանը: 2023-ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս զգալիորեն նվազել է՝ կազմելով 6.4 տոկոս:  
16:55 - 02 մայիսի, 2023
Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվելու է. ԿԲ նախագահ
 |1lurer.am|

Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվելու է. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախորդ շաբաթ օրը Ջերմուկում հրավիրված հակակոռուպցիոն քաղաքականության նիստին: Վարչապետը դառնությամբ ընդգծեց, որ անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: «Ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված՝ նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով եմ մի քանի անգամ քննարկել: Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան: Ես հիշում եմ, որ մենք ժամանակին խոսել ենք այդ մասին, որ ամեն ինչ իրականացնենք մրցութային կարգով, ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,- հարց ուղղեց վարչապետը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում: «Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմինները ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,- տեղեկացրեց նա: ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ավելացրեց՝ ՔԿ-ում այդ հարցը քննարկվել է: «Իրականում ֆիքսված գնի պայմաններում հնարավոր չէ մրցույթ հայտարարել, որովհետև գինը նույնն է, մենք որոշեցինք այբբենական կարգով դասակարգել ընկերությունները և ամեն տարի հերթական ընկերության հետ պայմանագիր կնքել»,- նշեց նա:
13:42 - 16 փետրվարի, 2023
Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ |armenpress.am|

Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ՝ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ դրամի արժևորման պարագայում անգամ ներմուծվող ապրանքների գների չնվազելու վերաբերյալ հարցին: «Մենք ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են»,-ասաց Գալստյանը: Նա դա մասամբ պայմանավորեց  փոխարժեքով, մասամբ՝ նաև համաշխարհային շուկայում արձանագրված ցուցանիշներով: FAO-ի ինդեքսի համաձայն՝ միջազգային շուկաներում, օրինակ, յուղերի գները, որոնք անցյալ տարվա փետրվարին հասել էին իրենց պիկին, ներկայում գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա: «Եվ բնականաբար մենք տեսնում ենք, որ այդ պիկային արժեքներից Հայաստանում ևս սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում»,-ասաց նա: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով:  
17:57 - 31 հունվարի, 2023
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով
 |armenpress.am|

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները՝ տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն: «Ավանդներն աճել են մոտ 43 տոկոսի չափով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29.4 տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝  96.3 տոկոս»,-ասաց Գալստյանը: Ռեզիդենտների ավանդներին անդրադառնալով՝ նա նշեց, որ պաշարային ցուցանիշը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 370 մլն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 մլրդ 287 մլն դրամ: «Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»,- ասաց ԿԲ նախագահը: Նախորդ տարվա ընթացքում աճել է նաև վարկավորումը:  ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքի էֆեկտը հանած՝ շուրջ 15 տոկոսի չափով: Հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին:
17:15 - 31 հունվարի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների:«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին և այդ ադեկվատության արդյունքում մեր մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է նախագահը Խաչատուրյանը:Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատականի համար և նշել, որ մշտապես զգում Հանրապետության նախագահի աջակցությունը:«Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների և մեր ծրագրերի վերաբերյալ, ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց կենտրոնական բանկը բալանսավորված քաղաքականություն վարելով տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշերով»,- ասել է ԿԲ նախագահը:Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը և վերջիններիս չեզոքացմանն ուղղված Կենտրոնական բանկի ձեռնարկելիք միջոցառումները:
15:16 - 26 դեկտեմբերի, 2022
ԿԲ նախագահը ՀՀ նախագահին մանրամասներ է ներկայացրել դրամի փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին

ԿԲ նախագահը ՀՀ նախագահին մանրամասներ է ներկայացրել դրամի փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը: 
19:36 - 22 հունիսի, 2022
Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. ԿԲ

 |armenpress.am|

Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու, դրանով պայմանավորված, բանկերը ցուցաբերում են կոնկրետ վարքագիծ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որը չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը, որոշակի դժկամություն են ցուցաբերում դոլար տալիս: ԿԲ նախագահը նշեց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մոտեցում է փոխվել: «Եթե ունեք տրանսֆեր, ստացել եք անկանխիկ եղանակով ու մուտք է եղել մեր հայկական առևտրային բանկի հաշվին դոլարային տեսքով, ապա իրենք այստեղ այդ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա, որևէ խնդիր չկա: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին այստեղ ուզում է դա վերցնել որպես կանխիկ դոլար: Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և առևտրային բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլար, որովհետև որոշակի տեսակետ կա, թե կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու դրանով պայմանավորված բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,- ասաց Մարտին Գալստյանը:  
17:43 - 14 հունիսի, 2022
Դրամի արհեստական արժեզրկումը կբերի գնաճային նոր ալիքի. ԿԲ-ն հակված չէ նման լուծման

 |armenpress.am|

Դրամի արհեստական արժեզրկումը կբերի գնաճային նոր ալիքի. ԿԲ-ն հակված չէ նման լուծման |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ տարբեր ոլորտների արտահանողներ իրենց դժգոհությունն են հայտնում դրամի արժևորման կապակցությամբ, քանի որ տուժում են: «Հայաստանում դրամի փոխարժեքը ազատ լողացող է և դա համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը: Մենք այս պահի դրությամբ ՀՆԱ-ի ցուցանիշը վերանայել ենք ու աճը սահմանել ենք 4.9 տոկոս՝ պայմանավորված հիմնականում արտաքին պահանջարկով: Այդ նույն արտաքին պահանջարկը Հայաստանի  տնտեսությունում նպաստեց դրամի որոշակի արժևորմանը, ինչը նաև թույլ տվեց որոշակիորեն չարձագանքել ընդլայնվող գնաճային միջավայրին ու տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Չի բացառվում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը որոշակի խնդիրներ առաջացնի որոշ ընկերությունների համար: Խնդրի լուծման մի տարբերակը, որ առաջարկվում է, դրամի փոխարժեքը արհեստականորեն արժեզրկելն էր: Այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր ալիք, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ներառյալ արտահանողներին»,-ասաց Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ եթե իրավիճակը դառնա անկառավարելի, ապա այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են լուրջ խնդիրներ: Կենտրոնական բանկը կարծում է, որ կարևոր է կառավարության հետ կոորդինացված քաղաքականություն ունենալը, որի շրջանակում կկարողանան որոշակիորեն զբաղվել գնաճի խնդիրներով: Մարտին Գալստյանը նշեց, որ կառավարության կողմից էլ հասցեական, ոլորտային մոտեցում պետք է լինի այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժևորման արդյունքում:
16:58 - 14 հունիսի, 2022
12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա 4 տոկոսին. ԿԲ կանխատեսումը

 |armenpress.am|

12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա 4 տոկոսին. ԿԲ կանխատեսումը |armenpress.am|

armenpress.am: ԿԲ խորհուրդը հունիսի 14-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%:  2022թ. մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական և ֆինանսական շուկայի  զարգացումների վրա: «Համաշխարհային արժեշղթաների պահպանվող խաթարումները և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների շարունակական աճը հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության՝ համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման մասին: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է»,- նշեց Մարտին Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ 2022թ-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին: ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ: «Ստեղծված իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,-նշեց ԿԲ նախագահը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
16:30 - 14 հունիսի, 2022