Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

aysor.am: Մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. ԱԺ պետաիրվական հանձնաժողովի նիստին դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ հարցրեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ բոլոր այն քննիչները, որոնք այդ գործերով ունեցել են մասնակցություն, նշանակվել են Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, այդ թվում՝ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։ «Իրենք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումից առաջ։ Կներեք, դատախազական մոտեցումներով համակարգը չես կարող բերել այն վիճակին, ինչ կա։ Եթե ձեզ զեկուցել են՝ պետք է իմանաք, որ այնտեղ «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ վիճակում, սկսած սենյակների կահավորանքից՝ բոլոր փաստերը փակ քննարկմանը դրվել են պարոն Գրիգորյանի և տեղակալի առջև։ Եթե նույն վիճակը շարունակվում է, ուրեմն՝ հեռու ենք ռեֆորմ բառից»,-ասաց նա։ Ըստ Քոչարյանի՝ այդ աշխարհն իր ուրույն տեղում հարմարվել է և պետությանը պարտադրում է իր հարմարվածությունը, մինչդեռ պետությունը չի կարող հարմարվել իրենց պայմաններին։ «Պետք է հասկանալ, թե ոնց են հայտնվում թմրամիջոցները ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որ հնարավոր չլինեն ընդհանրապես անցնել, իրենք ասում են էտ ի՞նչ սարք է։ Ուզում եմ հարցնել այդ թեկնածությունը, որ ընտրեցիք, այլ թեկնածուներ քննարկե՞լ եք, թե՞ ոչ։ Արդյո՞ք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի են եղել թեկնածուներ»,-հարցրեց նա։ Մինասյանը նշեց, որ հարցը մի քանի շերտ ունի։ «Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունն էր, որի արդյունքում ազատումներ եղան համակարգից, բոլոր մարդիկ, որ ներգրավված են եղել պրոցեսում, այսօր չեն աշխատում համակարգում»,-ասաց նախարարը։ՔԿԾ-ի ղեկավարի նշանակման մտահոգության հետ կապված ասաց, որ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, այսինքն՝ «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել  համակարգերում մինչև 2018թ.-ը։ «Այսինքն՝ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։ Կարող եմ վստահեցնել՝ անկաշառ, սկզբունքային պետական աշխատող է, և արձանագրենք՝ ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր, այլ աշխատանքով։ Կխնդրեմ՝ Ձեզ ուղղակի տանք ժամանակ, թև ու թիկունք կանգնենք բարդ գործում, որ իրար հետ կարողանանք վայելել արդյունքը»,-ասաց նախարարը։
12:53 - 26 մարտի, 2024
Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ «Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։ Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։
11:30 - 01 մարտի, 2024
Մարտի 1-ի գործը բացահայտել ենք, կարդացեք մեղադրական եզրակացությունը․ Սասուն Խաչատրյան
 |armenpress.am|

Մարտի 1-ի գործը բացահայտել ենք, կարդացեք մեղադրական եզրակացությունը․ Սասուն Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործը բացահայտված է համարում։ Սասուն Խաչատրյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մարտի 1-ը բացահայտել ենք։ Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը ներկայումս հայտնի է և արդեն հասանելի է։ Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, ամեն ինչ շարադրված է։ Այդ գործով մեղադրանքներ են շարադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ այլ կարծիք հայտնելը։ Վերցրեք մեղադրական եզրակացությունը, կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը և՛ ձեռք բերված ապացույցների, և; այդ իրադարձությունների, և՛ 1000-ից ավելի պարկուճները կեղծելու, և՛ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- շեշտեց Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ զարգացած ժողովրդավարական երկրներում և՛ արդարացման դատավճիռներ են լինում, և՛ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումների դադարեցումներ են լինում։ «Դա նորմալ երևույթ է»,- ավելացրեց Խաչատրյանը։ Նա ընդգծեց՝ Մարտի 1-ի գործով շատ բարեխիղճ են աշխատել։
15:31 - 01 նոյեմբերի, 2023
Մարտի 1-ի գործի շրջանակներում դադարեցվել է քրեական հետապնդումը Գեղամ Պետրոսյանի նկատմամբ |armenpress.am|

Մարտի 1-ի գործի շրջանակներում դադարեցվել է քրեական հետապնդումը Գեղամ Պետրոսյանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Հսկող դատախազի որոշման համաձայն՝ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
13:48 - 18 հոկտեմբերի, 2023
«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ. նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2008թ. հունիսի 23-ից 2011թ. հունվարի 11-ը հանդիսանալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննչական խմբի քննիչ, գործի իրական հանգամանքները, այդ թվում՝ նշված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի ներգրավածությունը հերքելու ու չբացահայտելու, դրանով իսկ քրեական գործի քննությանը սխալ ուղղություն տալու նպատակով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Գ. Կ.-ի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ. Մ.-ի դրդմամբ, քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի հետ միասին ոստիկանության այլ ծառայողների միջոցով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այդ թվում՝ կազմել և քրեական քրեական գործին կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  «Մասնավորապես՝ Գ. Կ.-ից և Գ. Մ.-ից ստացած ապօրինի ցուցումների համաձայն՝ նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա, նշված քրեական գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում քննիչ Ա. Հ.-ն և քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ն 2008 թվականի հուլիս-օգոստոսին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և հայտնել, որ քննարկվող իրադարձությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված հրազեններից կրակված 5,45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներից շուրջ 1000-ը փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի հրազեններից կրակված պարկուճներով, ինչպես նաև կազմակերպել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված և քրեական գործի նյութերին կցված ծառայողական քննության նյութերը՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը փոխելու և ոստիկանության զորքերի ծառայողների ցուցմունքները վերոհիշյալ զեկուցագրերին համահունչ արձանագրելու  գործընթացը: Այնուհետև ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ոստիկանության զորքերի համապատասխան աշխատակիցներին ամրակցած ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ, ապա՝ շուրջ 1000 հատ պարկուճները տարել են Հատուկ քննչական ծառայություն և հանձնել քննիչ Ա. Հ.-ին: Դրանից հետո պարկուճները տրամադրվել են հիշյալ դատաձգաբանական փորձաքննությունը կատարող, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.-ին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս  նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով: Դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները փոխելու գործընթացին զուգահեռ՝ նույն ժամանակահատվածում Ա. Հ.-ն քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի և մյուսների հետ միասին կազմել և քրեական քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր: Մասնավորապես՝ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին վերցրել և քրեական գործին են կցել հիշյալ օրը ծառայության ընթացքում իրենց ամրակցված ինքնաձիգներից իբրև մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր, իսկ ՀՀ ոստիկանության զորքերի ղեկավարությունը կրկին Վ. Հ.-ի հրահանգով հետին ամսաթվով կազմել է հիշյալ զեկուցագրերին համահունչ, իրականությանը չհամապատասխանող, ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից իբրև ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում: Միաժամանակ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և նրանց տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել են զեկուցագրերին նույնաբովանդակ՝ իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց ամրակցված, ընդհանուր 24 միավոր զենքերից մարտական փամփուշտներով կրակոցներ են արձակել, որով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը: Իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքների արձանագրումից հետո ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներին ամրակցված 24 միավոր ինքնաձիգները ներկայացվել են 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող փորձագետ Ա. Հ.-ին: 2008 թվականի օգոստոսի 12-ին ՀԿԳ քննիչ Ա. Հ.-ի ներկայությամբ հիշյալ փորձագետի կողմից համեմատական հետազոտության համար վերոհիշյալ 24 միավոր ինքնաձիգներից փորձարարական կրակոցներով ստացվել են գնդակներ և պարկուճներ, ապա  կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները ամրագրվել են փորձագետի՝ 2008թ. դեկտեմբերի 29-ի թիվ 390 եզրակացությունում, որը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին: Այսպիսով՝ մինչև 2011 թվականի հունվարի 11-ը հիշյալ քրեական գործով կատարելով նախաքննություն և ունենալով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար հնարավոր բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտականություն՝ Ա. Հ.-ն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինձնաձիգներ ժամանակի ընթացքում խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից, որպիսի պայմաններում քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող պարկուճների վերացմամբ խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների հանգամանքները դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների հետազոտմամբ բացահայտելու համար: Քննչական խմբի նախկին քննիչ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
16:20 - 14 օգոստոսի, 2023
Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ
 |aysor.am|

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման  մեջ չի ներառել: Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն: «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ,  քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են», - Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազը: Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել  քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը: «Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է», - ընդգծեց Վարդապետյանը: Նա կարծում է, որ 2023 թվականի հաղորդման մեջ 800 հատորի առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն: Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, թե ինքը դեռ չի հասցրել անդրադառնալ դրան: «Այս 2 գործերից Մարտի 1-ն ինձ համար ամենաառաջնայինն  էր», - նշեց նա: Հոկտեմբերի 27-ին տարվա երկրորդ կեսին կանդրադառնան:
11:33 - 03 մայիսի, 2023
«Երբ ասում եմ «Մարտի մեկ»-ը բացահայտված է, նկատի ունեմ՝ իրականությունը, քայլերի ինչ հերթականություն է տեղի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան

«Երբ ասում եմ «Մարտի մեկ»-ը բացահայտված է, նկատի ունեմ՝ իրականությունը, քայլերի ինչ հերթականություն է տեղի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան

«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն»,- այս մասին Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե ինչու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մեղավորները դեռևս պատժված չեն ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով։ Բայց ասեմ ձեզ՝ այն, որ մինչև հիմա Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Ամենամեծ խնդիրներից մեկը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը 2008 թ․ մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- ասաց Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ օրինակ, այդ տարածքից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով և այսպիսի այլ բազմաթիվ դեպքեր։  «Էնքանով, ինչքանով ես կարող եմ դիրքորոշում հայտնել իրավապահ մարմինների վերաբերյան, իմ դիրքորոշումն այն է, որ լիարժեք և ամբողջական մենք պետք է հասնենք բացահայտմանը և դա մեր օրակարագից դուրս չի եկել ու դուրս չի գա»,- ասաց Փաշինյանը։  Դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ համոզմամբ է վարչապետը հայտարարում, որ բացահայտված է, Փաշինյանը նշեց․  «Ես հիմա էլ եմ համոզմամբ հայտարարում, որ բացահայտված է։ Երբ ասում եմ Մարտի 1-ը բացահայտված է, նկատի ունեմ՝ իրականությունը, քայլերի ինչ հերթականություն է տեղի ունեցել․․․ Այն, որ մարտի 1-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները թե ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է»։
12:53 - 01 մարտի, 2023
Երևանում բացվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Երևանում բացվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Երևանում բացվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Քանդակի հեղինակն Ալբերտ Վարդանյանն է, այն կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»։ Բացման արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․  «Մարտի 1-ը սգի օր չէ, իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց Մարտի 1-ն ավելի լայն համատեքստ ունի: Այդ օրը զոհված մեր եղբայրների կյանքի պայքարի խորհուրդը բոլորովին այլ բանի մասին է։ Մարտի 1-ի պայքարն ու զոհողություները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը արդեն իսկ շրջված էջ է որին վերադարձ այլևս չի լինելու։ Դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Լուսանկարը` Photolure-ի։ 
12:32 - 01 մարտի, 2023
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը |armenpress.am|

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 28-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Մարտի 1-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: 
10:39 - 01 մարտի, 2023
Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրն էր «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։ Հաղորդավարը՝ Դերենիկ Մալխասյանը, այսպիսի հարց է հնչեցնում․ [12:42] «Հիմա՝ իշխանություններից ազատվելու, իշխանափոխության մասին․ «Դիմադրության» շարժումը բավականին տեւական ժամանակ այդ օրակարգով հրապարակում էր, հունիսի 3-ին տեղի ունեցավ այն, ինչը շատերը տեսան եւ համոզվեցին, որ իշխանությունը պատրաստ է ճգնաժամային պահին կրակել, բիրտ ուժ կիրառել, ցրել ժողովրդին, եւ կրկին շատերը մտածեցին, որ սահմանադրական ճանապարհը կամ այն ճանապարհը, որով հանրային ճնշման միջոցով պետք է իշխանություն փոխվի, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանութան, այդ ճանապարհը հենց Նիկոլ Փաշինյանը փակում է ընդդիմության առաջ՝ պատրաստ լինելով կրակելու։ Հիմա, Ձեր կարծիքով, պատային վիճակ չի՞ ստացվում այս առումով»։ Նարեկ Մանթաշյանն այս հարցին այսպես է արձագանքում․ [13:28] «Էն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր կրակելու, եթե ոմանք համոզվել են հունիսի 3-ին, ես դրանում համոզվել եմ շատ ավելի վաղուց, երբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում նա բացեիբաց հայտարարեց, որ «ես պատրաստ եմ ընդդիմության որեւէ հավաք կամ, էսպես, բարձրացրած ձայն տանկերի մամլիչների տակ ճզմելու․․․»»։ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Այսպես, վերջինս նշում է, որ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցներից մեկում ասել է «ընդդիմությանը տանկերով ճզմելու պատրաստակամության մասին»։ Խոսքը 2019 թվականի հունիսի 3-ի հարցազրույցի մասին է, որի ժամանակ Փաշինյանը, ի թիվս այլնի, խոսում է հայաստանյան ժողովրդավարությունից, դատաիրավական համակարգի բարեփոխումներից, անդրադառնում նաեւ ընդդիմադիրների քննադատություններին, այդ թվում այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կալանավորված էր, քաղբանտարկյալ է։ Մասնավորապես, մեկնաբանը՝ Հրայր Թամրազյանը, դիմելով Փաշինյանին՝ ասում է․  [45:44] «Պարո՛ն վարչապետ, հիմա, այ դուք, իբրեւ, լինելով նախկին քաղբանտարկյալ, ավելի քան երեքուկես տարի բանտում եք եղել, եւ հիմա ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի այն պնդումները, թե ինքը քաղբանտարկյալ է»։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասում է․ [46:02] «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուրների տակ ճզմել։  Եթե ես իրավունք ունեմ զինված ուժերի, տանկերի թրթուրների տակ ճզմել ընդդիմությանը․․․ Եթե ես իրավունք չունեմ էդպիսի բան անելու, ես ասելով՝ որեւէ մեկը իրավունք չունի էդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ Հայաստանում տենց ա, մեր մոտ, երբ որ հանկարծ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք, կմտցնենք Երեւան քաղաք՝ դե եկեք-վերցրեք իշխանությունը, տեսնեմ՝ ոնց եք վերցնում»։ Փաշինյանն, ըստ ամենայնի, տանկերը Երեւան մտցնելու այս դրվագը նկարագրում է՝ նկատի ունենալով 2008թ․ մարտիմեկյան դեպքերը, որոնց ժամանակ մայրաքաղաքում մարտական զրահամեքենաների առկայության վերաբերյալ տեղեկություններ կան, համացանցում պարզ որոնմամբ էլ կարելի է գտնել մայրաքաղաքի կենտրոն բերված զրահամեքենաների, բայց ոչ տանկերի կադրեր։ Թեեւ տարբեր գործիչներ, եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը, տարբեր տարիների իր ելույթներում խոսել է «ժողովրդի ընդվզումը տանկերի թրթուրների տակ ճզմելու» մասին։ Որպես օրինակ՝ 2014 թվականին Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նիստի ժամանակ իր ելույթում [2:44] Փաշինյանն ասել է․ «2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որ իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ»։Կամ մեկ այլ օրինակ՝ պատերազմից հետո՝ 2021թ․ մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Այդ օրն իր ելույթում Փաշինյանն ասել է․ «[․․․] Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ[...]»։ Այսպիսով, Նարեկ Մանթաշյանը, փաստացի, կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի մեկնաբանությունը՝ ներկայացնելով, թե նա ասել է, որ «պատրաստ է ընդդիմությանը ճզմել տանկերի տակ»։ Այնինչ Փաշինյանը իր տեսանկյունից զուգահեռ է անցկացրել Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու եւ ընդդիմությանը տանկերով ճզմելու կարելիության միջեւ՝ ինքն էլ ընդգծելով, թե «որեւէ մեկն իրավունք չունի այդպիսի բան անելու»։ Ի հիշեցում՝ այս տարվա հունիսի 3-ին, «Դիմադրություն» շարժումը երթ էր անում, եւ երբ երթը հասել էր կառավարական առանձնատների մոտ եւ փորձում էր շարժվել դեպի խորհրդարանի շենք, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ, որոնց հետեւանքով տասնյակ վիրավորներ եղան եւ ոստիկանների, եւ ակցիայի մասնակիցների շարքերից։ Բախումների ժամանակ ոստիկանությունն օգտագործեց լուսաձայնային նռնակներ։ Հունիսի 3-ի բախումների քրոնիկոնը մանրամասն ներկայացրել են fip.am-ի մեր գործընկերները։ Հայարփի Բաղդասարյան
12:28 - 10 նոյեմբերի, 2022
Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

 |armenpress.am|

Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձավ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին։ Դավթյանը նշեց, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով հանրային հետաքրքրություն ունի երկու ուղղություն. Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։ «Դատարանում գտնվող քրեական գործի մասին շատ ենք խոսել։ Այս պահին կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իմ կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերվում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։ Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը։ Ինչ վերաբերվում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավով պետք է նշեմ, որ դեռևս նախաքննական մարմինը արդյունքներ չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասաց Դավթյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, 2021-ի ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ 2022 թվականի մարտի 31-ին Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
11:13 - 04 մայիսի, 2022
ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով |1lurer.am|

ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով |1lurer.am|

1lurer.am: 14 տարի անց «Մարտի 1-ի» գործով արդարացվեց նաև այժմ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ճանաչեց Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Արզումանյանը 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատ էր արձակվել:
13:33 - 08 ապրիլի, 2022
14 տարի անց Մարտի 1-ի գործով դատապարտված նկարիչ Տիգրան Բաղդասարյանն արդարացվեց |hetq.am|

14 տարի անց Մարտի 1-ի գործով դատապարտված նկարիչ Տիգրան Բաղդասարյանն արդարացվեց |hetq.am|

hetq.am: 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով դատապարտված Տիգրան Բաղդասարյանը քիչ առաջ արդարացրեց: Վճռաբեկ դատարանը բեկանեց Բաղդասարյանի նկատմամբ 14 տարի առաջ կայացված մեղադրական դատավճիռը: Նշենք, որ ըստ մեղադրանքի` Տիգրան Բաղդասարյանը, մշտապես մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008թ. փետրվարի 20-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպած և անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտյին երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստ ու անդորրը զանգվածային հրապարակային միջոցառւմներին, երթերին, շուրջօրյա հանրահավաքներին և նստացույցերին, 2008թ. մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները «Ազատության հրապարակում» կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել` ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, Տիգրան Բաղդասարյանը միջոցառման կազմակերպիչների ու մասնակիցների մի մասի հետ, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ` նաև նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ: Ավելին՝ hetq.am-ում
13:25 - 08 ապրիլի, 2022