Մարիա Կարապետյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. փետրվարի 20-ին Վանաձորում:

2008թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: Լեզվաբան-երկրագետ: 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Եվրոպագիտության մագիստրոս: 2015թ.՝ Հռոմի երրորդ համալսարանի «Խաղաղության ուսումնասիրություններ. միջազգային համագործակցություն, մարդու իրավունքներ եւ Եվրոպական միության քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը:

2008-2013թթ. դասավանդել է Միջազգային որակյալ դպրոցների (Quality Schools International) Երեւանի մասնաճյուղում: 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն, տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող: 2015-2018թթ.՝ «Կովկասյան հրատարակություն. կոնֆլիկտների հաղթահարում» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ:

2017-2021թթ. եղել է «Ռոնդինե. խաղաղության ցիտադել» («Rondine Cittadella della Pace») իտալական ասոցիացիայի ղեկավար խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան
 |1lurer.am|

Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան |1lurer.am|

1lurer.am: Մեզ շոկի չպետք է ենթարկի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ: «Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ. այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամլո հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,- նշեց Մարիա Կարապետյանը: Նրա խոսքով՝ պետք է ջանք գործադրել, որ երկու պայմանավորվածությունները իրականություն դառնան: «Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի՝ իրենց գործն է: Մեզ մեր շահը պետք է հետաքրքրքի, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն, և այդ ընթացքում որ ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին»,- ասաց պատգամավորը:
13:14 - 26 հուլիսի, 2022
Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Մայիսի 10-ին Արդբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել սահմանազատման հանձնաժողով ստեղծվելու պայմանավորվածություն։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հանձնաժողովի կազմը պարզ չէ։ Դեռ մի տարի առաջ Հայաստանը նախապայմաններ էր առաջ քաշել այս գործընթացի մեկնարկի համար, սակայն դատելով վերջին հայտարարություններից՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը՝ հետ կանգնելով իր իսկ առաջ քաշած նախապայմաններից։ Այսպիսով, մայիսի 16-ին Մարիա Կարապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը։ Խոսակցությունը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի և հայկական կողմի առաջարկների շուրջ էր։ Հիշեցնենք՝ մարտի 14-ին պարզ դարձավ, որ Ադբեջանը Հայաստանին փոխանցել է 5 կետանոց առաջարկ, որտեղ խոսվում է նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Հետագայում հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է 6 կետանոց պատասխան առաջարկ, որի բովանդակությունը համընկնում է ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնած դիրքորոշմանը։ Իսկ մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջապես հրապարակեց հայկական կողմի 6 կետերը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարիա Կարապետյանին հարց տվեց այն մասին, թե ինչու հայկական կողմի պատասխան առաջարկներում ոչինչ չի նշվում այն մասին, որ Ադրբեջանը նախևառաջ պետք է իր զինված ուժերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, հետո քննարկվեն մյուս հարցերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 12-ից ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էն տրամաբանությունը, որ մեր մի փոքր շահը, իսկ, եկեք ընդունենք, որ, առհասարակ, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ավելի մեծ շահ է, քան ներխուժման վերացումը․․․ Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ամենամեծ, գլոբալ խնդիրը ԼՂ ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության պաշտպանումն է, ՀՀ ինքնիշխանության, սուվերենության պաշտպանումը ևս։ Մենք մեր մի փոքր շահը չենք կարող որպես նախապայման դնել մնացած բոլոր մեր շահերի սպասարկման համար։ ․․․․ Կարծես ասել, որ երակներս կկտրեմ, եթե այսինչ բանը չանեք․․․ Է, կտրի»․․․ Մարիա Կարապետյանի այս միտքը հակասում է Հայաստանի Հանրապետության՝ նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումներին և Կարապետյանի թիմակիցների հայտարարություններին։ Նախ՝ կառավարող ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումն ու Արցախի խնդրի կարգավորումը միմյանցից տարբեր հարցեր են։ Երկրորդ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ Անդրադառնանք այս երկու կետերին առանձին-առանձին։   Սահմանազատում և Արցախի հարց 2021-ի մայիսի 21-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Հետագայում, սակայն, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսի 29-ին՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Արցախի հարցը տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից․ «Շատ կարևոր է ընդգծել, և այդ ընդգծումը կա նաև մեր միջզգային գործընկերրների հետ․ Ղարաբաղի հարցի կագավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ»։  Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը․ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է»։ Նոյեմբերի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին, ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերը իրար հետ փոխկապակցված չեն, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ, իհարկե, այդ հարցերը իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»։ Այսպիսով, ըստ կառավարող ուժի՝ նախկինում արած հայտարարությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը կապ չունի Արցախի հարցի կարգավորման հետ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման համարվել Արցախի խնդրի կարգավորման հարցում, եթե այդ գործընթանցները միմյանցից անկախ են։   ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման է սահմանազատում սկսելու համար Երբ Ադրբեջանը հատեց պետական սահմանն ու օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը, Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներից հետո ՀՀ պաշտոնատար անձինք բազմաթիվ հայտարարություններ են արել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ 2021-ի մայիսի 17-ին՝ Հանրայինի հարցազրույցում, Արմեն Գրիգորյանը, խոսելով Արդբեջանի ներխուժման մասին, հայտարարեց․ «Էս գործընթացը մարտահրավեր է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք կշարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը։ Բայց էն, որ Ադբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը և վրադառնա ելման կետ, հստակ է, և բանակցությունները միայն դրա շուրջ են։ Այս բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չեն կարող այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ։ Դա կլինի Ղարաբաղ, դա կլինի ապաշրջափակում․ ցանկացած այլ հարցի հետ սա չի կարող կապ ունենալ։ Սա խնդիր է առանձին, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»։  Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ի պատասխան՝ Հայաստանն «ընդգծեց նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»: Հաջորդ օրը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մասին, Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը․ «Փաստաթուղթը պատրաստ ենք քննարկել, եթե Ադրբեջանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Մինչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևէ իմաստ չունի»։  ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար» Մայիսի 21-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր․ «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար»: Մայիսի 26-ին ԱԺ-ում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով սահմանների հստակեցման գործընթացից, նշեց․ «Դե ֆակտո խորհրդային սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադբեջանական կողմից նախաձեռնած գործողությունները էդ սկսբունքն էր գործում փաստացի, և էդ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը։ ․․․ Քանի դեռ մենք տվյալ հատվածներում՝ և՛ Սև լճի հատվածում, և՛ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային ավելի հանգիստ և տրամաբանական գործընթաց»։ Հունիսի 22-ին՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:  Նախընտարական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ վերահաստատեց այս դիրքորոշումը (1, 2): Հուլիսի 14-ին Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Վաղ թե ուշ՝ ինչ-որ մի օր, անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում՝ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների անարդյունավետ ճանապարհ է։ ․․․․ Այո՛, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»։ Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման գործընթացի մասին․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։ Նոյեմբերին Սոչիում Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիմանը Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ներխուժման հարցը։ Իսկ այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։   Նախապայմանից հրաժարում Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուլսեում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից․ «Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»:  Ինչպես տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանազատման մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Ըստ ամենայնի՝ սահմանազատման գործընթացը շուտով կմեկնարկի։ Իսկ դատելով Մարիա Կարապետյանի հայտարարությունից, որով նա ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալը համարում է «ավելի փոքր շահ»՝ Հայաստանը հրաժարվել է նաև այդ նախապայմանից։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններում կառավարությունը միանշանակ չէ․ սկզբում նշվում էր,  թե այդ գործընթացը պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմի, հետո ասվում էր, որ այդ երկու գործընթացները միմյանցից անջատ են, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, իսկ այժմ ոչ միան այդ նախապայմանի մասին չի խոսվում, այլև այն համարվում է «ավելի փոքր շահ»։ Մեր նախորդ հոդվածներից մեկում էլ անդրադարձել էինք այն հարցին, թե ինչպես է մեկուկես տարվա ընթացքում փոխվել կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Աննա Սահակյան
18:05 - 18 մայիսի, 2022
Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ «Ազատությանը» տված հարցազրույցում, հայտարարեց, որ իրենք նախընտրական ծրագրում չեն գրել, թե դեօկուպացնելու են Արցախի տարածքները։ «Այնտեղ [նախընտրական ծրագրում] գրված չի եղել, որ մենք դեօկուպացնելու ենք Շուշին և Հադրութը, գրված է եղել՝ այդ հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ստեղ նյուանս կա, տարբերություն կա։ Ես հասկանում եմ, որ բառի գործածությունը  ավելի ցայտուն է թվում․ օգտագործվա՞ծ է բառը, թե՞ ոչ։ Բայց ձևակերպման տարբերություն կա»,- նշեց պատգամավորը։ Մարիա Կարապետյանը, սակայն, սխալ է ներկայացնում ՔՊ նախընտրական ծրագրում դեօպուկացիայի մասին ձևակերպումը․ այնտեղ գրված չէր, որ Արցախի տարածքների հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ծրագրում նշվում էր հետևյալը․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»: Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:  Մարիա Կարապետյանը, փաստորեն, սխալվում է․ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը նշում էր որպես բանակցային գործընթացի առաջնահերթություններից մեկը, իսկ նախընտրական քարոզարշավից առաջ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօպուպացիայի խնդիրը պետք է և ոչ թե կարող է դրվել որպես բանակցային հարց։ Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման մասին ինչ էր նշված ՔՊ նախընտրական և 2021-ին ձևավորված կառավարության ծրագրերում, և ինչ են այժմ փաստացի հայտարարում կառավարող ուժի ներկայացուցիչները։ Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ կայքից Աննա Սահակյան
19:11 - 27 ապրիլի, 2022
Ռուսաստանն այս փուլում շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ Տիգրան Գրիգորյան

Ռուսաստանն այս փուլում շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Infocom-ի տաղավարում խոսել է միջազգային հանրության կողմից  ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցման» հորդորի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում սեղանին եղած փաստաթղթերի, դրանց վերաբերյալ հնչող մեկնաբանությունների մասին։  Անդրադառնալով միջազգային հանրության կողմից ԼՂ կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանը և դրան հետևող քննարկումներին՝ Գրիգորյանը նշել է, որ, բնականաբար, միջազգային հանրությանն այս տարածաշրջանում  գլխացավանք պետք չէ․ «Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ տեսնում ենք, թե ինչպիսի տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, միջազգային հանրության դիրքորոշումը կամ մոտեցումները ինչ-որ կոնստանտա չեն, այսինքն՝ դու էլ պետք է աշխատես այդ ուղղությամբ։ Միջազգային հանրության տեսանկյունից եթե ՀՀ իշխանությունները որևէ առարկայական քայլ չեն ձեռնարկում հայկական շահերը պաշտպանելու և պատրաստ են մեծ հաշվով ընդունել ամենը, ինչ իրենց ասում են, պարզ է, որ միջազգային հանրությանը գլխացավանք պետք չէ այս տարածաշրջանում։ Եթե հնարավոր է կողմերից մեկի շահերի հաշվին հաստատել այսպես կոչված խաղաղություն կամ հանդարտություն, ապա ինչո՞ւ ոչ, ոչ ոք չի խորանալու՝ ԼՂ-ում ում օգտին է խնդիրը հանգուցալուծվելու»։ Նա նաև նշել է, որ այս փուլում Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ «Բավականին հստակ է փորձագիտական շրջանակի և այն մարդկանց համար, ովքեր ռուսական կողմից եկող որոշակի տեղեկություններ ունեն, որ այս փուլում Ռուսաստանը շահագրգռված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ, այսինքն՝ շահագրգռված չէ, որ կարգավիճակի հարցում որևէ փոփոխություն լինի, լինի դա հօգուտ Հայաստանի, թե հօգուտ Ադրբեջանի»։ Քաղաքագետը անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի  վերջերս տված հարցազրույցներից մեկին, որի ընթացքում, ի թիվ այլնի, պատգամավորը հայտարարել էր, թե 1993 թ․-ից բանակցություններում քննարկվել են տարբերակներ, որոնց հետևանքով ԼՂ-ն ճանաչվելու էր Ադրբեջանի մաս։ Գրիգորյանի կարծիքով՝ պատգամավորն այդ հարցազրույցում խոսել է միայն Հայաստանին ոչ ձեռնտու տարբերակների մասին․ «Բանակցային գործընթացի ընթացքում եղել են փաստաթղթեր, որոնք նախատեսում էին ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, եղել են փաստաթղթեր, որոնք նախատեսում էին ԼՂ և Լաչինի միջանցքի դե յուրե միացում ՀՀ-ին, այսինքն՝ կարգավիճակ Ադրբեջանից դուրս, և եղել է Մադրիդյան փաստաթուղթը և դրանից բխող նույն Կազանյան փաստաթուղթը, որով առնվազն տեսական հնարավորություն գոյություն ուներ ԼՂ-ի համար Ադրբեջանից անկախ կարգավիճակ ձեռք բերել»։ Գրիգորյանի խոսքով՝ այլ հարց է, թե վերջին տարիներին բանակցային գործընթացում  ինչ է տեղի ունեցել, սակայն առնվազն մինչև այսպես կոչված ռուսական առաջարկները, սեղանին դրված փաստաթղթերով ԼՂ-ն հնարավորություն ունենում էր Ադրբեջանից անկախ կարգավիճակ ունենալ․ «Այլ հարց է, իհարկե,  Ադրբեջանը կհամաձայներ ստորագրել այդ փաստաթղթերը, թե ոչ, բայց սա այլ թեմա է։ Մարիա Կարապետյանը չի ասում՝ Ադրբեջանը չէր համաձայնվի, Մարիա Կարապետյանը ասում էր, որ միջազգային հանրությունը սեղանին դրել էր միայն նմանատիպ փաստաթղթեր, ինչը չի համապատասխանում իրականությանը»։ Նրա կարծիքով՝ Արցախի հարցում այս փուլի միակ իրատեսական տարբերակը կարգավիճակի հարցը անորոշ ապագային թողնելն է․ «Միակ իրատեսական լուծումը այս պահին կարգավիճակի հարցը մի կողմ դնելն է, թողնել ինչ-որ անորոշ ապագայի։ Դրա մասին ուզում էի գրել, բայց մտածում էի, որ կընդունեն որպես հերթական անիրատեսական առաջարկ, որովհետև Ադրբեջանը պնդում է, բայց բոլորովին վերջերս այդ տարբերակի մասին գրել է նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ «International crisis group»-ը՝ Միջազգային ճգնաժամային խումբը, որ միակ կազմակերպությունն է, որ երևի ամենօրյա ռեժիմով զբաղվում է մեր հակամարտությամբ»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։  
13:57 - 26 ապրիլի, 2022
Կարևորում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը․ Մարիա Կարապետյան |azatutyun.am|

Կարևորում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը․ Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը կարևորում է Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկվելո՞ւ է, թե՞՝ ոչ։ Լարվածության թոթափում, անվտանգության ապահովում, սրանք են այսօրվա առաջնային հրատապ կարևոր հարցերը, ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է հարթակ խոսակցության համար։ «Երբ այդ բովանդակային բանակցությունները վերսկսվեն, իհարկե հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել մեր պատկերացումների շրջանակում», - ասաց պատգամավորը՝ նկատելով՝ այսօր վերջնագրերի լեզվով խոսելը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, Արցախի անվտանգության շահերից։ Հարցին, թե ի՞նչ կարգավիճ պետք է լինի, որ հայերի իրավունքները երաշխավորված լինեն, «հանկարծ, եթե կարգավիճակ տրվի, որ ադրբեջանցիները վերահսկողություն ունենան էդ տարածքում, կան մտավախություններ, որ դա մի ինչ-որ նոր Սումգայիթի կարող է հանգեցնել», Կարապետյանը պատասխանեց՝ առարկայական, բովանդակային բանակցությունների միջոցով պետք է հասնել հարցի վերջնական խաղաղ կարգավորմանը։ «Ես կարծում եմ, որ, այո՛, անհրաժեշտ է արձանագրել՝ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ իր քաղաքացիներն են, նույնիսկ իր դիտանկյունից ինքն իրականացնում է էթնիկ զտման փորձեր, և կյանքը հայ բնակչության, իր դիտանկյունից, եթե նայենք, անհնարինություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, և սա է նաև մեր կոմունիկացիայի առանցքը մեր միջազգային գործընկերների հետ, այսինքն՝ ուշադրությունը հրավիրել, որ Ադրբեջանը խնդիր է դրել մարդկանց դուրս մղելու։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ ոչ թե մենք էլ նպաստենք իրավիճակի սրմանը և ազդակ ուղղենք ամբողջ աշխարհին, որ մենք պատրաստվում ենք հակամարտությունն անվերջ շարունակել, այլ միջազգային հանրության աջակցությունը մեզ անհրաժեշտ է՝ հակամարտությունը լուծելու համար»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
12:43 - 16 մարտի, 2022
Մեր նպատակն է մինչև 2030 թ. արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը. Մարիա Կարապետյան

Մեր նպատակն է մինչև 2030 թ. արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը. Մարիա Կարապետյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ: «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպան Հասանին և տիկին Ռոսիկին իրենց ուղերձների համար: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել երրորդ հանձնաժողովի զեկուցող դոկտոր Գուդրուն Քուգլերին՝ զեկույցի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելու համար: Ներկա լինելով փետրվարի 4-ի մաքուր էներգիայի հեղափոխության վերաբերյալ առցանց երկխոսությանը՝ շատ գնահատում եմ այն, թե ինչպես է դոկտոր Քուգլերը հավաքագրել բոլոր մասնակիցների կարծիքները և վստահ եմ, որ դա կարվի այսօրվա հանդիպման դեպքում եւս: Կցանկանայի խոսել այն մասին, թե ինչպես եմ տեսնում Հայաստանի առաջընթացն այսօրվա օրակարգի շրջանակներում: Հայաստանը հանածո վառելանյութ արտադրող երկիր չէ, և ածխածնային չեզոքության անցումը մեզ համար բնական սկզբունք է, որը բխում է մեր էներգետիկ անվտանգության և կանաչ աճի նպատակներից: Փարիզի համաձայնագիրը յուրաքանչյուր երկրից պահանջում է ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ոչ պարտադիր, սակայն կարևոր հանձնառություններ են` մեղմելու կլիմայի փոփոխությունը: Անցյալ տարի Հայաստանը վերանայել է իր՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Մեր տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն այն երկու երկրներն են, որոնք կամավոր նման հանձնառություններ են ստանձնել: Հայաստանն արդեն օգտագործում է իր հասանելի հիդրոէլեկտրաէներգիայի ռեսուրսների մոտ 80 տոկոսը, իսկ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում հիդրոէներգիան կազմում է ավելի քան 30 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է պահում մեր «ածխածնային հետքը»: Մեր նպատակն է մինչև 2030 թվականն արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը և զրոյական արտանետումներով էլեկտրաէներգիայի արտադրության բաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 54 տոկոսը: Կա մեկ կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն, որին ոգևորությամբ սպասում եմ. դա փոքր արտադրողների, այդ թվում՝ սպառողների համար էլեկտրացանցերի հասանելիության ապահովումն է, որպեսզի նրանք, ովքեր տեղադրել են արևային և հողմային էներգիա արտադրող կայաններ՝ իրենց սեփական կարիքները բավարարելու նպատակով, կարողանան շուկայում վաճառել էլեկտրաէներգիա: Վերջին նկատառումս հետևյալն է. ես իմ երկրի ժողովրդավարական զարգացումը և կանաչ էներգիան տեսնում եմ որպես երկու փոխկապակցված օրակարգեր և դրանք հակադրում ավտորիտարիզմին, նավթադոլարներին և հակամարտությունների հարատևմանը: Սա հատկապես կարևոր է Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կանաչ տնտեսության մասին Ադրբեջանի պատումները չեն կարող քողարկել Ադրբեջանի նավթադոլարների և դրանց գնած զենքերի պատճառած ավերածությունները»,- ասել է Կարապետյանն իր ելույթում: 
16:14 - 26 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ պատվիրակության անդամ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական այս ձեւաչափին, որն ամուր կապ է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ հանուն ընդհանուր օրակարգի առաջմղմանը: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ սերտ համագործակցությունը, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ՝ նպաստելու  ենթակառուցվածքների, թվային օրակարգի, կլիմայի, տրանսպորտի ոլորտներում փոփոխությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին՝ մարդկային կորուստներ, մարդասիրական խնդիրներ եւ մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացում: Նա ընդգծել է, որ, ցավոք, Ադրբեջանում դեռեւս կան ռազմագերիներ եւ այլ կալանավորներ, որոնք պետք է անվերապահորեն հայրենադարձվեն: «Սա միջազգային մարդասիրական իրավունքի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,-ասել է ԱԺ փոխնախագահը: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո եւ վերահաստատում  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մեր դիրքորոշումը»,-նշել է Հակոբ Արշակյանը: Նա համոզմունք է հայտնել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը կաջակցի խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ օրենսդիրները կօգտագործեն խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության եւ ԽՎ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա  կարեւորել է ժողովրդավարության ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրիուս Կուբիլիուսը եւս կարեւորել է տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատումը:
22:07 - 22 փետրվարի, 2022
Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

1lurer.am: «Եվրանեսթի» քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները: Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:
13:10 - 22 փետրվարի, 2022
«Եվրանեսթ» ԽՎ-ն նման ֆորմատ չի ենթադրում, բայց պատգամավորները հայ ռազմագերիների հարցը բարձրացրել են. Կարապետյան |1lurer.am|

«Եվրանեսթ» ԽՎ-ն նման ֆորմատ չի ենթադրում, բայց պատգամավորները հայ ռազմագերիների հարցը բարձրացրել են. Կարապետյան |1lurer.am|

1lurer.am: Արդյոք «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում  հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին նախատեսվել են օրակարգային հարց, բանաձև կամ որևէ որոշում: Լրագրողների հետ ճեպազրույցում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն այս հարցին ի պատասխան նշեց, որ պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: ««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով՝ հակամարտությունը քննարկելու հնարավորությունը առանձին օրակարգային հարցերով քննարկումներն էին, որոնք արդեն տեղի են ունեցել:
12:29 - 22 փետրվարի, 2022
Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը, ում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թ․-ին ավարտվում է․ նա պաշտոնավարում է 2016 թ․-ից։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, որը ներկայացնում էր Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին․ «Գործող մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից դժգոհ են երկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչո՞վ եք սա բացատրում»,- հետաքրքրվեց Մանուկյանը։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել․ «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, խոսքը վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը, նախ՝ որևիցե մեկը որևիցե գնահատական «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության կողմից պարոն Թաթոյանի գործունեության չի տվել, երբեք չի տվել»։ Թեև Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբևէ գնահատական չի հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ, սակայն 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, ապա նաև 8-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բազմիցս հրապարակային անդրադարձել են Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությանը՝ նաև գնահատականներ հնչեցնելով։ Ի դեպ, ԱԺ նիստերից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։ Ավելին, Պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաև կառավարող ուժի այլ պաշտոնյաներ ևս։ Կառավարող խմբակցության պատգամավորների անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 2020 թ․-ի մայիսի 11-ի նիստի ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և տարեկան զեկույցի քննարկման ժամանակ,  «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ որոշ գնահատականներ հնչեցրին։  Կառավարող խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է նկատում․ «Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ, հատկապես, պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք եւ խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է: Այն, որ հասարակական կառույցներն ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, Դուք դա չէիք արձանագրում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին սովորեցնում երեխաներին կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց: Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում»։ Նմանատիպ դիտարկում արեց նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը․ «Կրկնելով կամ վերաձևակերպելով տիկին Աբրահամյանի հարցը՝ ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչո՞ւ երբ ատելության խոսք, թիրախավորում, ընդհանուր առմամբ, ՀԿ սեկտորի նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը չի բարձրացնում պետության ուշադրության համար, որովհետև ես լավ հասկանում եմ, որ ՄԻՊ-ը, իհարկե, պաշտպանում է քաղաքացիներին պետության հնարավոր իրավունքի խախտումներից, բայց Մարդու իրավունքների պաշտպանն իդեալական աշխարհում նաև պետք է բարձրացնի նման հարցեր, որպեսզի պետությունը իր ուշադրությունը տեղափոխի այդտեղ, մասնավորապես, թե՛ հարգարժան Խառատյանների ընտանիքի նկատմամբ, թե՛ պարոն Մարությանի ընտանիքի նկատմամբ հնչում են այսպիսի խոսքեր, եւ ՄԻՊ-ը պետք է այդ հարցը բարձրացնի պետության առջև»։ Նույն նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը խտրական մոտեցում է ցուցաբերում․ «Ինչ որ կասեմ, խդնրում եմ ընդունեք իմ անձնական, սուբյեկտիվ տպավորություն և կարծիք։ Վերացական չեմ ասի, կատարված վերջին 2 դեպքը մեջբերեմ։ Ի դեպ, մինչև հարցը տալն ասեմ, որ, գուցե, ես եմ սխալ պատկերացնում, բայց, իմ պատկերացմամբ, մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, ինչի համար շատ կարևոր են իր հայտարարությունները։ Մասնավորապես, երբ ԱԺ դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին,Դուք որևէ արձագանք չեք տալիս։ Եվ որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, և իր իրավունքները պետք է պաշտպանեք Դուք՝ անկախ նրանից, թե նա իշխանական է, ընդդիմադիր, իշխանության ներկայացուցիչ, թե չէ։ Իսկ երկրորդ դեպքը, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ այն հայտնի խմբակին և, ընդամենը դեպի ձեզ իրականացված զանգ, որին ես ներկա եմ եղել, դրանից հետո մեկ ժամ հետո նոր Ձեր գրասենյակից մարդ ներկայացավ, իսկ հարցը գնում էր ԱԺ փոխնախագահի մասին»։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, Պաշտպանին հարցրեց՝ արդյոք ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի՞ որևիցե առավելություն․ «Կարմիր թելով այսօր մեր հարց ու պատասխանների մեջ անցնում էին ընդդիմության, ընդդիմության կանանց առավելություններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ ցիտեմ հենց ձեզ․ «կնոջ և այն էլ՝ ընդդիմադիր»: Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի որևիցե առավելություն: Եվ արդյո՞ք Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ երբ Դուք անընդհատ ընդգծում եք, որ ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր կանանց Դուք պիտի անպայման պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ չեք ամրագրում արդեն եղած այս ատելության մթնոլորտը, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ»։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ, ներողություն խնդրելով Թաթոյանից, ասաց, որ որոշ դեպքերում վերջինիս գործողություններում երկակի ստանդարտներ է նկատում․ «Իմ գործընկերները հիմնականում խոսեցին տիկին Սամսոնյանի (7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր) և տիկին Ռևազյանի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, խմբ․) դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Եվ ես ուզում եմ մի քիչ բացել, թե մենք, վստահ եմ՝ բոլորս, ինչ նկատի ունենք: Ես վստահ եմ, որ մենք բոլորս բավականաչափ ռեսուրս էլ ունենք, մտավոր կարողություններ էլ ունենք, կամք էլ ունենք, որ մենք մեզ պաշտպանենք: Մենք չենք ասում, որ խոցվել ենք դրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Ձեր ինստիտուտը ներկայացնող անձը, այսինքն՝ Դուք, հետևողական չեք Ձեր մոտեցումներում: Կարևոր չէ՝ Դուք դատապարտո՞ւմ եք դա, թե՞ Դուք դրան չեք անդրադառնում: Խնդիր է, երբ Դուք չեք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե Դուք առհասարակ, չանդրադառնայիք»։ Հաջորդ օրվա նիստին Թաթոյանի զեկույցին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց ՄԻՊ-ի զեկույցում։  «Դուք Ձեր զեկույցում, պարոն Թաթոյան, կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։ Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր, եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թթ․-ին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք Ձեր ձևակերպման մեջ եւ բացատրության մեջ, երբ այս հարցը հնչեց, ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը Ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին Դուք պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռերով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում և այլն։ Ես հույս ունեմ, որ Ձեր վերջնական զեկույցում, պարոն Թաթոյան, Ձեզ հետ եմ խոսում, Ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»։ Հակոբյանը նշեց, որ իշխանությունը և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության․ «Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է։ 2 տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքը և գնահատականը զրոյական է։ Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ, որ Դուք հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք»։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, 2020 թ․-ի դեկտեմբերի 23-ին նաև ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Թաթոյանն իր գնահատականներում լինել կոնկրետ, հասցեական և թիրախային։ Այս տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո,  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ֆեսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքել այն ժամանակ «Հայաստան դաշինքի» պատգամավորության թեկնածու  Գեղամ Մանուկյանի՝ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Մեկ այլ գրառմամբ էլ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հեռացրել իր ֆեյսբուքյան գրառման տակ առկա վիրավորական մեկնաբանությունը։ Այս տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Մարիա Կարապետյանը խոսել է ՄԻՊ-ի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով Կարապետյանը Թաթոյանի գործունեությանն անդրադարձել է նաև  2021 թ․-ի մայիսի 6-ի ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը։ Կարապետյանը՝ խմբակցության անունից ձայն խնդրելով, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանին․ «Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բովանդակային, մասնագիտական հայտարարություններին, վերլուծություններին, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացի-քաղաքացի հարաբերություններին չի անդրադառնում, կամ չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության համատեքստում իրազեկող հոլովակներ է տարածում, հայտարարություններ է անում, դժվար թե կարող ենք պնդել, որ այստեղ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման մասին»։ Պատգամավորի կարծիքով՝ Արման Թաթոյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իր զեկույցում փաստացի արդարացրել է այն պնդմամբ, որ կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների միջև․ «Իսկ զեկույցի մեջ նաև փաստացի գրել եք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն են։ Ահա, մեջբերում եմ, ասում եք. «Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է ոչ թե բոլոր հնարավոր ուժերն ուղղեինք դեպի ճակատ՝ թողնելով քաղաքում և երկրում մինիմալ անհրաժեշտը, այլ պետք է պետական պաշտոնյաների պահպանությո՞ւնն ամրացնեինք»։ Նա նշեց նաև, որ Թաթոյանը դեկտեմբերի 17-ից խոսել է սահմանագծման ուսահմանազատման մասին՝ դրանք ներկայացնելով որպես տեղի ունեցող գործընթաց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես նոյեմբերի 9-ից հետո և հատկապես դեկտեմբեր ամսին հանրությունը ենթարկվում էր մեդիատեռորի՝ սուտ, կեղծ լուրերի միջոցով, որոնց նպատակն էր տագնապ հարուցել և խախտել առանց այն էլ փխրուն հանրային հոգեկան անձեռնմխելիությունը։ Սկսած դեկտեմբերի 17-ից, պրն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին,կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում»։ Այնուհետև նույն նիստի ընթացքում, անդրադառնալով Թաթոյանի եզրափակիչ ելույթին, Կարապետյանն ասաց․ «Պետք է անդրադառնամ այսօր ՄԻՊ եզրափակիչ ելույթին, դրա ագրեսիվ ոճը և բովանդակությունը հարիր չեն այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է։ Ինչ է տեղի ունեցել այսօր։ Քննարկել ենք ՄԻՊ տարեկան զեկույցը, պարոն Թաթոյանը ներկայացրել է զեկույցը, իսկ պատգմավորները՝ թե՛ կառավարող խմբակցության, թե՛ ընդդիմության, հարցեր են տվել և ելույթներ ունեցել՝ գնահատանքի խոսքեր ասելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմի մասին։ Խոսել եմ նաև ես՝ վերահաստատելով, որ մենք բարձր ենք գնահատում Պաշտպանի և նրա աշխատակազմի փաստահավաք գործունեությունը և ինքներս օգտվում ենք աշխատանքի արդյունքներից միջազգային հարթակներում, բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ․ առաջինը ՀՀ-ում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների կամ որոշ գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ էին բոլոր ոստիկանանան ուժերը առաջնագծում, նաև ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն  տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում են»։ Նրա խոսքով՝ իր դիտարկումները միայն ներհայաստանյան համատեքստին են վերաբերվել․ «Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է, նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը պետք է չբարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ նա ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»։ Հաջորդ օրը «Ազատության» եթերում Մարիա Կարապետյանը վերահաստատել էր իր տեսակետները Թաթոյանի վերաբերյալ։ Կառավարող ուժի այլ պաշտոնյաներ նույնպես հնչեցրել են գնահատականներ Թաթոյանի գործունեության վերաբերյալ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նշելով, որ Թաթոյանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի և Կառավարության շենքի վրա հարձակումները։ Այդ մասին նա ասել է 2020 թ․-ի նոյեմբերի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում․ «Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում, հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց Ազգային ժողովի շենքը, և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է»։ Նույն օրը Փաշինյանն այդ մասին խոսել էր Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա այդ բռնությունները դատապարտված չեն, կառավարության շենքի նկատմամբ բռնությունը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, կառավարության կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից, մինչև օրս դատապարված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ հարձակումն է դատապարտվել, ես կարդացել եմ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջն եմ կարդացել, դատապարտվել է Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումը, բայց հարձակումը Ազգային ժողովի դեմ, գույքի ոչնչացումը, կառավարության շենքի դեմ, ինչո՞ւ չի դատապարտվել այդ ամեն ինչը»։ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը նույնպես բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ «Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- այս տարվա հոկտեմբերին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել էր նա։ Այսպիսով, Վլադիմիր Վարդանյանի պնդումը, թե ՔՊ խմբակցության պատգամավորները երբևէ գնահատական չեն հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ, մանիպուլյատիվ է, քանի որ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները բազմիցս անդրադարձել են պաշտպանի աշխատանքին, ընդ որում՝ բացասական գնահատականներ հնչեցնելով։ Իսկ պաշտպանի աշխատանքին անդրադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից   Նանե Ավետիսյան
12:00 - 26 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ն դեմ քվեարկեց ընդդիմադիրների՝ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը  քառօրյայի օրակարգում ներառելուն

ԱԺ-ն դեմ քվեարկեց ընդդիմադիրների՝ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը քառօրյայի օրակարգում ներառելուն

Ազգային ժողովն այսօր չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Ավելի վաղ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում, ուստի «Հայաստան» խմբակցությունը առաջարկել էր հարցը լրացուցիչ ընդգրկել այսօրվա նիստի օրակարգում։ Նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախագիծը ներկայացնելիս ասաց՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը, փաստացի միակողմանի սահմագծման և սահմանազատման գործողությունները Հայաստանի Հանրապետության ինիքնիշխանության կորստի և Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանը և գոյությանը լուրջ սպառնալիք են․ «Ակնհայտ է, որ ինչպես պատերազմից հետո, իշխանությունը, ունենալով պետական ամբողջ գործիքակազմը, գնահատական տալու ստեղծված իրավիճակին և իր իսկ թիմի գործունեությանը, այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր և զգայուն սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին՝ ամեն կերպ ամեն ինչ անելով, որպեսզի փակ քննարկում կազմակերպվի։ Փակ քննարկման ընթացքում ներկայացված խմբագրված հայտարարության տարբերակին  որևիցե նոր առաջարկություն չտալով դեմ քվեարկեց»։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի․ «Իշխանությունը խուսափում է բաց քննարկել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»։ Պատգամավորն ասաց, որ հայտարարությամբ պահանջում են ըստ էության գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում են բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, և նաև պետության անվտանգությանը,  ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակը արագ վերականգնել, սահմանները ամրապնդել և բարելավել հստակեցնել կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները։ Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ելույթում նշեց՝ հաշվի առնելով, որ հարցի քննարկումը ենթադրում էր Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության վերաբերյալ զգայուն հարցեր, հանձնաժողովը փակ ռեժիմով մանրամասն քննարկել է հայտարարության նախագիծը և առաջարկում է Ազգային ժողովին նախագիծը հավելյալ չքննարկել լիագումար նիստերի ժամանակ։ Կարապետյանը նշեց, որ հայտարարությունը երեք մասի կարելի է բաժանել․ առաջին մասը կապված է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու հետ, իսկ այդպիսի հայտարարություններ, Կարապետյանի խոսքով, ԱԺ-ն արդեն ընդունել է։    «Այս հայտարարության նախագիծը ընդդիմադիր խմբակցության նախագիծ է, որի ընդդիմադիր դիրքորոշումները, բնականաբար, կառավարող խմբակցությունը չի կիսում։ Հայտարարությունն ըստ էության փորձ է անվտահություն հայտնել ՀՀ կառավարությանը բանակցություններում և մասնավորապես սահմանագծման և սահմանազատման հարցում պետության և ժողովրդի շահերը առաջ մղելու պատրաստակամության վերաբերյալ, սա մեզ համար անընդունելի է, ավելին հայտարարության նախագիծը առաջարկում է կոչ անել ՀՀ կառավարությանը մնալ ՀՀ միջազգային և ներպետական պարտավարությունների, այդ թվում՝ Սահմանադրության շրջանակներում։ Մենք նման կասկած հայտնելու որևէ դրդապատճառ չունենք»։ Նա ընդգծեց նաև՝ սահմանազատման և սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ պետք է տարանջատել։ Նախագծի քվեարկությունից առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ինչից հետո հարցը քվերակության դրվեց․ 28 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Հայաստան» խմբակցության նախագիծը չներառվեց լիագումար նիստերի օրակարգում։ Քվեարկությունից հետո Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագծի լրամշակված տարբերակը դրվել է շրջանառության մեջ և դեկտեմբերի 14-ին պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ գումարել՝ նույն օրակարգով։
12:09 - 07 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021