Մատենադարան

Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն Երևանում։ Ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ Եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ 1997թ․ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այստեղ պահպանվում են շուրջ 23,000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300, 000 արխիվային փաստաթուղթ։

ՀՀ-ում Իրանի դեսպանն ու մշակույթի կցորդն այցելել են Մատենադարան, քննարկվել են նախատեսվող համատեղ միջոցառումները

ՀՀ-ում Իրանի դեսպանն ու մշակույթի կցորդն այցելել են Մատենադարան, քննարկվել են նախատեսվող համատեղ միջոցառումները

Նախօրեին Մատենադարան են այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և մշակույթի կցորդ Մուհամմեդ Ասադի Մովահեդը: Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։ Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։ Դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն:
12:57 - 20 հունվարի, 2024
Մատենադարանը լուծարված բաժնի որոշ աշխատակիցների հետ կհամագործակցի քաղիրավական պայմանագրերի տրամաբանությամբ
 |armenpress.am|

Մատենադարանը լուծարված բաժնի որոշ աշխատակիցների հետ կհամագործակցի քաղիրավական պայմանագրերի տրամաբանությամբ |armenpress.am|

armenpress.am: Մատենադարանի  առավել արդյունավետ կառավարման նպատակով հոգաբարձուների խորհրդի  որոշմամբ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում կառուցվածքից հանվել է ձեռագրերի կրկնօրինակման բաժինը՝ այն նկատառումով, որ Մատենադարանի թանգարանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ անվտանգային պայմանները ձեռագրերի բնօրինակները ցուցադրելու համար․ շուրջ երկու տասնյակից ավելի հսկիչներ, շուրջօրյա տեսահսկում, օրվա ընթացքում մի քանի անգամ ջերմախոնավային պայմանակարգերի ստուգում, լուսաչափում և այլն։ Այս մասին հայտնում են Մատենադարանից և նշում, որ կառույցի տնօրենությունը կողմնորոշվում է ՀՀ քաղաքացիների և հյուրերի հանդեպ ազնիվ լինելու սկզբունքով և հրամայականով՝ այն գիտակցմամբ, որ հանրային արժեքները պատկանում են հանրությանը, և որևէ մեկը լիազորված չէ հանրությունից ծածուկ պահելու ազգային արժեքները: «Տարբեր նախագծերի շուրջ բաժնի որոշ աշխատակիցների հետ ներկայում համագործակցությունը շարունակվում է քաղիրավական պայմանագրերի տրամաբանությամբ, և նախատեսվում են համագործակցության նոր հեռանկարներ։ Բոլոր փոփոխություններն իրականացվել են տնօրենին վերապահված լիազորությունների շրջանակում և օրենքի տառին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության տեքստում և ընդգծվում՝ Մատենադարանի տնօրենությունը, գիտակցելով իր առջև դրված պատասխանատվությունը ոչ միայն աշխատակիցների, այլև՝ համայն հայության հանդեպ, շարունակում է անշեղորեն իրականացնել իր առաքելությունը՝ խուսափելով պատահական, չհիմնավորված, անձնական որակումներ և քաղաքական ակնհայտ միտում ունեցող խոսույթի մեջ ներգրավվելու գայթակղությունից։ Շեշտվում է, որ խնդիրները, որոնք սահմանված են տնօրենի զարգացման ծրագրով և Մատենադարանի կանոնադրությամբ, թույլ չեն տալիս ներգրավվել ոչ պրոֆեսիոնալ և մտավոր դասին անհարիր քննարկումների մեջ: «Մատենադարանում իշխում է գործընկերային համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտ։ Այս ամենի կարևորության մասին Մատենադարանի տնօրենը խոսել է ինչպես ընտրվելուց առաջ, այնպես էլ հետո, և շարունակում է հետևողականորեն իրականացնել իր պաշտոնական գործառույթները»,-նշվում  է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Մատենադարանում իրականանում են աննախադեպ ձեռագրական համալրումներ և դրանք լինելու են շարունակական, նյութատեխնիկական բազայի և գիտական գործունեության իրականացման պայմանների արդիականացման աննախադեպ ֆինանսական ներգրավումներ:
11:52 - 18 հունվարի, 2024
Կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-֊րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր իրադարձության առիթով: «15-րդ դարի մատյանը, ինչպես Մատենադարանի տնօրենն ասաց` վերադառնում է տուն։ Պարոն Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ինձ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը վերահասցեագրել Հայաստանի բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնց վճարած գումարներից է, ահա, կառավարությունը հնարավորություն ստանում այսպիսի խնդիրներ լուծել։ Ես կարևոր համարեցի սա ընդգծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության հարկ վճարողները տեսնեն, որ իրենց կատարած վճարումները ծախսվում են ահա նաև այսպիսի նպատակների համար։ Իհարկե, չեմ կարծում, թե պետական բյուջեի ծախսումներն իրենց արդյունավետությամբ հասել են կամ հասցրել ենք կատարյալի, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ընդհանրապես մեր քաղաքականությունը հանգում է նրան, որ մենք բարերարության տրամաբանությունը պիտի փոխարինենք օրինապահ հարկ վճարման տրամաբանությամբ, որովհետև ամենամեծ բարերարներն իրենց հարկերը պարտաճանաչ վճարողներն են, որոնք միևնույն ժամանակ ուժեղացնում են պետությունը, պետական ինստիտուտները, և պետությունն էլ իր հերթին հնարավորություն է ստանում ուժեղացնել պետության հոգևոր հիմքերը, արժեքային հիմքերը, մշակութային հիմքերը։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե, մենք նաև նպատակադրվել ենք, որ սա առանձին վերցրած իրադարձություն կամ քայլ չլինի: Հաջորդ տարվա պետական բյուջեում միջոցներ ենք նախատեսել նման ձեռքբերումների համար, որովհետև իսկապես սա այն դեպքն է, երբ կառավարությունը Մատենադարանի դրդմամբ և հուշումով շատ արագ արձագանքեց: Կարևոր է, որ այս արագ արձագանքման օրինակն ունենանք որպես գործելակարգ բոլոր այն դեպքերի համար, երբ ունենք հնարավորություն մեր հոգևոր, մշակութային արժեքները պահպանելու, պաշտպանելու, վերադարձնելու։ Սա մեր կարևոր քաղաքական ուղղվածություններից մեկն է, որը մենք պետք է զարգացնենք։ Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատ մեծ միջոցներ ենք տրամադրում Հայաստանում մշակութային, պատմական հուշարձանները պահպանելու, վերականգնելու համար, նաև գիտության ֆինանսավորումն ենք մեծացնում, որպեսզի այդ հուշարձանների հետազոտումը, պահպանումը, ուսումնասիրությունն ավելի ինստիտուցիոնալ հենքերի վրա դրվի։ Ինչ վերաբերում է բուն ձեռագրին, անկեղծ ասած, չեմ կարող շատ բան ասել ձեռագրի մասին։ Ես այստեղ եմ ավելի շատ այն սեփական աչքերով տեսնելու և այդ առումով կարծում եմ` կիսում եմ շատերիդ առաքելությունը, իսկ մատյանի արժեքի, պատմության մասին թերևս մասնագետներն իրենք ավելի լավ կխոսեն, և ուրախ եմ, որ կարողացել ենք նրանց այդ ուղիղ առիթն ընձեռել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Մատենադարանին ընծայաբերվող ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նաև նկարազարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր: Այժմ ավերակ այս վանքում գրված ու ծաղկված մատյանը միակ վկան է այդ վանքում հայ ժողովրդի կերտած մշակույթի և զարգացած գրչական ավանդույթների: Ձեռագիրը գրել է Իզիտ անունով գրիչը 1405 թ., որից մեզ մինչ օրս հայտնի է եղել միայն մեկ Ավետարան՝ ընդօրինակված Նարեկավանքում 1420 թ., և որը պահվում է Մատենադարանում: Եվ այսօր, հարյուրավոր տարիներ անց, նույն գրչի երկու ձեռագրերը գտնվում են Մատենադարանում: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Ծննդյան տոներին ընդառաջ Մատենադարանի թանգարանում բացված «Սուրբ Ծնունդ․ մանրանկարչական ներշնչումներ» խորագրով ցուցադրությանը, որին ներկայացված են հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ, որոնցից շատերը առաջին անգամ են ցուցադրվում:  
20:48 - 14 դեկտեմբերի, 2023
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Silicon Mountains 2022» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Silicon Mountains 2022» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովում

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը` հանդիսանալով ամենաարագ աճող եւ զարգացող ճյուղը: «Սրա վկայությունն է այն, որ տարածաշրջանային ճգնաժամի դեպքում տաղանդի ներհոսքը հիմնականում եւ ամենակարեւոր ուղղություններով տեղի ունեցավ Հայաստան»,-փաստել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ մեր պետությունն իր առջեւ դրված խնդիրը՝ լինել տեխնոլոգիական կենտրոն, որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ ներկայանալ միջազգային ասպարեզներում, ոչ ամբողջապես, բայց տարածաշրջանային ձեւաչափով կարողացել է լուծել: Ըստ Հակոբ Արշակյանի՝ տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, տարբեր ուղղություններով մեծ ընկերությունների հետ բանակցելու մարտավարությամբ: «Սա անհրաժեշտ է որպես մարտահրավեր ընդունել եւ շարունակել այս ուղղությամբ աշխատել ու ջանքեր գործադրել»,-ասել է նա եւ ընդգծել, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը թե՛ հասարակությունում, թե՛ բիզնեսի կողմից ոչ այնքան բարձր մակարդակի վրա է: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գիտության, կրթության եւ տնտեսության կապի կարեւորությանը՝ նշելով. «Գիտություն, կրթություն, արդյունաբերություն եւ տնտեսություն կապն անհրաժեշտ է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա, եւ սա պիտի լինի Հայաստանի գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու ապագայի մասին մեր խոսակցությունը»: Նրա համոզմամբ գիտությունը, տնտեսությունը, արդյունաբերությունն ու կրթությունը պետք է իրենց ծրագրերով համահունչ լինեն եւ ծառայեն նույն նպատակներին: Եզրափակելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները եւ մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք: Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը եւ Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը: Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է եղել խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարներին: Ներկաները դիտել են նաեւ նախորդ երեք միջոցառումների մասին պատմող տեսահոլովակ:
15:03 - 09 դեկտեմբերի, 2022
«Դիմադրության» շարժման մասնակիցները Մատենադարանի մոտից երթով վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ
 |news.am|

«Դիմադրության» շարժման մասնակիցները Մատենադարանի մոտից երթով վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցները շուրջ մեկ ժամ Մատենադարանի դիմաց կանգնելուց հետո, որոշեցին վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ: Մինչ այդ ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հայտարարեց. «Մենք այստեղ սպասում ենք, որ մեր ուղերձը հղենք Լիտվայի նախագահին եւ իր միջոցով միջազգային հանրությանն ու ԵՄ-ին. եկել ենք ասելու, որ Հայաստանը միայն այս իշխանությունների ներկայացրած կողմը չէ, Հայաստանն ունի ժողովրդային լայն աջակցություն վայելով հակառակ կողմ, որը նշանակում է, որ այս իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը»: Նշենք, որ այս պահին Մատենադարանում է գտնվում Լիտվայի նախագահը: Մեծ թվով ոստիկաններ փակել էին Մաշտոցի պողոտան եւ թույլ չէին տալիս, որ ցուցարարները մոտենան Մատենադարանի շենքին:  
18:20 - 20 մայիսի, 2022
Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ գիտնականները դիմել են Պապական աթոռին

Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ գիտնականները դիմել են Պապական աթոռին

Աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ: Այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: Խնդրագրում գիտնականները նշել են, որ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի կողքին վտանգված է նաև այդ տարածքում ստեղծված հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ բաղկացած հարյուրավոր վաղքրիստոնեական, միջնադարյան և նոր շրջանի եկեղեցիներից, վանքերից և տարբեր հուշարձաններից: Գիտնականները փաստեր են ներկայացրել, թե ինչպես ոչ վաղ անցյալում Ադրբեջանի կառավարության ներքո համակարգված կերպով ոչնչացման է ենթարկվել վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքների հայկական գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը: Գիտնականները հույս են հայտնել, որ Հռոմի Պապի հեղինակավոր միջնորդությամբ հնարավոր կլինի համախմբել համապատասխան միջազգային կառույցներին՝ փրկելու պատմական Հայաստանի տարածքում գտնվող և հավատի վկայություն հանդիսացող ժառանգությունը, որն ունի համաշխարհային նշանակություն:        
20:08 - 10 դեկտեմբերի, 2020
Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության տոնի խորհրդի մասին |armenpress.am|

Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության տոնի խորհրդի մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության 29-րդ տարեդարձի գլխավոր խորհուրդն է համարում այն, որ շատ սփյուռքահայեր ներկայում ապաստան են գտնում Հայաստանում։ «Շատ սփյուռքահայեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ տասնամյակներ առաջ մեր եղբայրներն ու քույրերն ապաստան էին փնտրում օտար ափերում»,- Մատենադարանում կայացած ճեպազրույցում նշեց Արայիկ Հարությունյանը, որը Երևանում է սեպտեմբերի 21-ին նշվելիք Հայաստանի Երրորդ Հանրապետության 29-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։ «Մենք ունենք հայրենիք՝ կայացած զարգացող երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն։ Ունենք հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք։ Որպես հայ նշեմ, որ այդ օրը մենք բոլորս հպարտություն ենք ապրում»,- հավելեց Արցախի Հանրապետության նախագահը։   Նա նաև տեղեկացրեց, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ պայմանավորվել են Արցախում հանրային ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ համագործակցության վերաբերյալ, և քննարկել, թե նոր ժամանակակից տեխնոլոգիաներն ինչպես են աշխատում Մատենադարանում
18:37 - 20 սեպտեմբերի, 2020
97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն

97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն

97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։ «2000 թվականից ի վեր նա մեծ նվիրումով և անշահախնդիր կերպով վերականգնել է մեծ քանակությամբ ձեռագրակազմեր: Պրոֆեսորը բարձր էր գնահատում մեր մշակութային ժառանգությունը և 20 տարիների ընթացքում խորապես ուսումնասիրել էր հայկական ձեռագրական ու, հատկապես, կազմարարական արվեստը: Հարցազրույցների ժամանակ նա երախտիքի խոսքեր էր ասում, որ հենց իրեն է վիճակվել այս պատասխանատու աշխատանքը, որով իր կյանքը վերաիմաստավորել էր: 1999 թվականը շրջադարձային էր հայկական միջնադարյան արծաթակազմ ձեռագրերի փրկության գործում։ Պրոֆ. Շթելեն՝ Մարգրեթ և Յոզեֆ Յաշկե ամուսինների հետ այցելելով Մատենադարան և ծանոթանալով մեր հավաքածուի արծաթապատ ձեռագրերին, առաջարկեց իր մասնագիտական օժանդակությունը դրանց կազմերի փրկության գործում: Հաջորդ տարվանից սկսվեց համագործակցությունը, որն առանց ընդհատման շարունակվեց երկու տասնամյակ։ Սկսվեցին մետաղապատ ձեռագրերի վերականգնման աշխատանքները՝ Վերականգնման բաժնի ողջ անձնակազմի մասնակցությամբ: Այդ համագործակցության արդյունքում ցայսօր նոր կյանք են ստացել ավելի քան 250 մետաղակազմ ձեռագրեր: Այս շնորհակալ գործը շարունակում են Մատենադարանի երիտասարդ վերականգնողները, որոնք աստիճանաբար հմտացան այս ասպարեզում: Մեր շատ սիրելի գերմանացի գործընկերները միշտ մեծ պատրաստակամությամբ փոխանցել են իրենց գիտելիքները երիտասարդներին: Այսօր արդեն կարելի է ասել, որ Մատենադարանում հիմք է դրվել վերականգնողական գործի մի նոր ճյուղի: Վստահ ենք, որ հայ-գերմանական համագործակցությունը շարունակվելու է ձեռագրերի վերականգնման ասպարեզում՝ նորանոր նվաճումներ արձանագրելով, իսկ Ռոբերտ Շթելեն մեր հիշողության մեջ կմնա որպես իր գործի հմուտ վարպետ, հայասեր ու մշակութասեր մի մարդ՝ օրինակելի իր աշխատասիրությամբ ու համեստությամբ»- ասված է Մատենադարանի տարածած հայտարարության մեջ:
18:30 - 16 օգոստոսի, 2020
Անգործ ու «քեֆչի» արհմիության կարծրատիպը պետք է վերափոխվի․ Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյան

Անգործ ու «քեֆչի» արհմիության կարծրատիպը պետք է վերափոխվի․ Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյան

Մատենադարանի աշխատողների արհմիության գործունեության, աշխատավայրում գրանցած հաջողությունների ու խնդիրների, արհմիություն-գործատու հարաբերությունների, պետությունից ունեցած ակնկալիքների թեմաներով զրուցել Արհմիության նախագահության անդամ, Մատենադարանի ավագ գիտաշխատող Ալա Խառատյանի հետ։- Ձեր արհմիությունը ստեղծվեց հեղափոխությունից հետո՝ ոգեւորության բարձր ալիքի վրա, դուք էլ նշել էիք, որ դրսում կատարված փոփոխությունները ցանկանում եք բերել ինստիտուտներ, բարելավել ձեր աշխատանքային վիճակը։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում ի՞նչ հաջողություններ եք գրանցել, ի՞նչ խնդիրներ եք բացահայտել ձեր աշխատավայրում ու ի՞նչ հարցեր եք լուծել։ - Խնդիրները նկատելի էին մինչեւ հեղափոխությունը, ուղղակի դրանք կա՛մ լռության էին մատնվում, կա՛մ բարձրաձայնելու դեպքում պարզապես անտեսվում էին։ Ճիշտ եք նկատում, որ մեր արհմիությունը ստեղծվել է հեղափոխությունը ինստիտուցիոնալ կառույցներ մտցնելու ցանկությունից։ Պետական եւ նաեւ ոչ պետական որոշ համակարգեր կառավարման ձեւում եւ աշխատանքային հարաբերությունների հարցում լուրջ վերապատրաստում անցնելու կարիք ունեն։ Հեղափոխությունը հաղթանակ էր ռեժիմի դեմ, որը տոտալիտար համակարգի դրսեւորման ձեւ էր, բայց իբր ուներ դեմոկրատական կառավարման անուն։ Բոլոր ինստիտուցիաներն ունեն կառավարման նույն ձեւը՝ հրաման վերեւից, իսկ ներքեւում՝ լուռ ու հնազանդ կամակատարներ։ Ցանկացած այլակարծություն սին կարծատիպերով համեմված որակումներ է ստանում։ Շատ լուրջ խնդիր է աշխատանքային հարաբերություններում աշխատողի անտեսվածությունը կամ նրա ստորադասվածությունը պաշտոնյաներին։ Վարչական կազմը, կարծում եմ, պետք է դիտարկվի ոչ թե որպես մտրակակիր, այլ որպես ավելի բարձր պատասխանատվությամբ ծառայող ու աշխատանք կազմակերպող խումբ։ Մեր համակարգերի դեպքում գործում է  նախկին ռեժիմի օրակարգը՝ վարչական համակարգի բացառիկությունը, եւ դրանից ելնելով էլ՝ միակ տեքստը, որ ստեղծվում է որպես աշխատանքային պրոցեսի շարժիչ ուժ, վարչական համակարգի խոսքն է, իսկ աշխատողները երկրորդային կարգի ոչ կարեւոր զանգված են, որոնք երբեմն անգամ իրավասու չեն այդ խոսքին տեղյակ լինելու։ Մեր՝ արհիմությունը ստեղծածներիս աշխարհայացքը էականորեն տարբեր է նման մոտեցումներից, քանի որ մեզ համար կարեւոր է այլընտրանքային հաղորդակցական միջավայրը, հետեւաբար՝ աշխատողի դերի բարձրացումը։ Այս փոփոխությունների անհրաժեշտությունն էինք մենք զգում, որի հնարավորությունը տվեց հեղափոխությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի գրեթե բոլոր հիմնարկներն ունեն նման խնդիր եւ նոր հաղորդակցական համակարգ ստեղծելու անհրաժեշտություն։ Մեր արհմիությունը սա փորձում է լուծել մեր աշխատանքային միջավայրում եւ միտված է բարձրացնելու աշխատողի դերը հիմնարկում։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, դրա առնչությամբ մամուլում բազմիցս անդրադարձ եղել է, այժմ նշեմ միայն երկուսը։ Մեր արհմիության շոշափելի ձեռքբերումն եմ համարում հատկապես աշխատանքային պայմանագրերի կարգավորումը, որը վերականգնեց աշխատողի՝ Աշխատանքային օրենսգրքով իրեն վերապահված հիմնական աշխատանք ունենալու իրավունքը։ Հայտնի չէ, թե Covid-ի համաճարակի պայմաններում, երբ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, ինչ կլիներ նրանց հետ, ովքեր Մատենադարանում աշխատում էին ժամանակավոր աշխատանքային պայմանագրով։ Չի բացառվում, որ մեզ հետ էլ պայմանագրերը չերկարացնեին՝ պատճառ բերելով ֆինանսական գործոնը։ Մյուս կարեւոր հարցը, որը առաջ ենք քաշել, նշածս մտքերի իրականացման հնարավորություն է տալիս՝ փոփոխել Մատենադարանի կանոնադրությունը, որտեղ կարեւոր կետեր կվերաձեւակերպվեն աշխատողի՝ իր ղեկավարին ընտրելու, աշխատանքային պրոցեսի կազմակերպման գործում իր ներկայացուցչով ընդգրկված լինելու իրավունքը։ Այս հարցը դեռեւս լուծում չի ստացել, բայց ես հավատում եմ, որ այն հաջող ընթացք կունենա։ - Մատենադարանի արհմիության օրինակով կարող ենք տեսնել Հայաստանում գործատուների եւ աշխատողների վերաբերմունքն արհմիությունների նկատմամբ․ դրսից երեւացող պատկերն այն է, որ տնօրենությունն արհմիությանը որպես հակառակորդ է ընկալում, ձեր եւ ղեկավարության հարաբերությունները կարծես բավական լարված են, աշխատողների զգալի մասն էլ պարզապես կողքից հետեւում է զարգացումներին։ Նախ, որքանո՞վ է այս տպավորությունը համապատասխանում իրականությանը, եւ փոքրաթիվ լինելը, մյուս գործընկերներից աջակցություն չստանալն ինչպե՞ս է ազդում արհմիության աշխատանքի արդյունավետության, ձեր մոտիվացիայի վրա։ - Տպավորությունը ճիշտ է, մեր տնօրենությունը իսկապես լարված է մեր հանդեպ՝ ընդհուպ մինչեւ չբարեւելու աստիճանի։ Ի սկզբանե մենք որդեգրել էինք զրուցելու եւ խնդիրները քննարկելու ձեւաչափը, բայց, ինչպես արդեն ասացի, Մատենադարանում, ինչպես եւ հայաստանյան գրեթե բոլոր հիմնարկներում, աշխատանքային հաղորդակցությունը կառուցված է բացառիկության սկզբունքի վրա՝ ղեկավար կազմի բացառիկ առաջնայնության, եւ տնօրենությունը պատրաստ չէր ընդունելու այլ կարծիք, այլ խոսք եւ վիժեցրեց քննարկման ու զրույցի ֆորմատը՝ ամեն անգամ հանդիպումները վերածելով վեճի հարթակի։ Արդյունքում հասկացանք, որ մեր բարձրացրած հարցերն այդ ֆորմատով լուծելու փորձերն անօգուտ են։ Տնօրենությունն էլ շարունակում է գործադրել իր նախընտրած հաղորդակցության հոսքը՝ տոտալիտար ձեւը։ Ինչ վերաբերում է աշխատողների՝ մեր հանդեպ ունեցած վերաբերմունքին, ես չեմ կարծում, թե մենք փոքրաթիվ ենք։ Մեր քանակը բավարար է մեզ հուզող հարցերը բարձրացնելու համար, եւ մեր մոտիվացիան չի նվազում այն բանից, որ ամբողջ Մատենադարանը չի անդամագրվել արհմիությանը։ Ունենք լուռ աջակիցներ, ունենք նաեւ աջակիցներ, որ գոնե մեզ ասում են մեր գործունեության հանդեպ իրենց համակրանքի եւ մեր սկզբունքները կիսելու մասին։ Ի վերջո, բոլորն օգտվեցին մեր ձեռքբերումներից՝ պայմանագրերի փոփոխությունից, ինչի արդյունքում ժամանակավոր աշխատողից դարձան հիմնական եւ ստացան տարիներով իրենցից խլված երկարացված արձակուրդային իրավունքը։ Դեռ ոչ ոք չի ընդդիմացել սրան, չի հրաժարվել երկարացված արձակուրդից կամ հիմնական պայմանագրից։ Մեր քայլը հանուն բոլորի էր։ - Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը վերջերս ձեր գործունեությունը բնորոշել էր հետեւյալ կերպ․ «Ինձ ասացին, որ ուզում են արհմիություն ստեղծել: Ասացի` շատ լավ եք անում, քանի որ ինքս էլ գտնում եմ, որ դա օգտակար բան է հիմնարկի համար: Ասացի` գուցե առաջին հերթին կոլեկտիվի ժողո՞վ հրավիրեք, մարդիկ գրանցվեն, կանոնադրություն հաստատվի, հետո մարդիկ իրենց միջից ղեկավար ընտրեն: Բայց նրանք հակառակ կողմից գնացին, երեքով ՀԿ ստեղծեցին, իրենց ղեկավար հռչակեցին, այդպես ինքնահռչակ մի յոթ հոգի անդամ հավաքեցին, հիմա այդ յոթը ոչնչի չի մասնակցում, իսկ երեք հոգին կոլեկտիվի անունից ինչ-որ բաներ է ասում, որի իրավունքը չունի»: Նա նաեւ նշել էր, որ դուք նպատակ եք դարձրել հաստատության վարկաբեկումն ու անվանարկումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք գործատուի այս խոսքերը։ - Մեր տնօրենը արհմիության մասին ունի այլ պատկերացում, դա նույնն է, ինչ շատերինը՝ արհմիությունը որպես խնջույքների, թաղման արարողությունների կազմակերպող, տոնական օրերին նվերներ մատուցող կառույց։ Այս ամենը բնորոշ է հաղորդակցման իներցիոն համակարգերին, երբ հայացքը միշտ անցյալում է, փաստարկումը՝ հիմնված անցյալի վրա։ Բայց նորարարական համակարգերում կարեւորը նշանակալից նորն է, պրոֆեսիոնալիզմը։ Մեր արհմիությունը չէր կարող օրինակ ունենալ անցյալի նմանատիպ արհմիության մոդելը, դա պրոֆեսինալ չէր լինի մեր կողմից, հետեւաբար՝ այն ստեղծելու կարիք էլ չէր լինի։ Այդտեղ ապատեղեկատվություն կա։ Մեր տնօրենի խոսքից կարելի է եզրակացնել, որ նա կա՛մ ծանոթ չէ «Արհմիությունների մասին» օրենքի կետերին, կա՛մ միտումնավոր է ապատեղեկատվություն տալիս։ Նախ՝ օրենքը երեք հոգու թույլատրում է ստեղծել արհմիություն․ ամենեւին պարտադիր չէ, որ ամբողջ կազմը լինի արհմիութենական, երկրորդ՝ երեք հոգին բավականին մեծ ուժ է՝ հարցեր ու խնդիրներ բարձրացնելու համար։ Մենք ենք որոշել, որ ստեղծենք, մենք էլ ստեղծել ենք, բայց մեր հիմնադիր կազմը երեք հոգի չէ, այլ ավելին։ Այստեղ ոչ մի անհարգալից բան չկա մյուսների հանդեպ։ Մենք անօրինական ոչինչ չենք արել։ Միշտ եղել ենք օրենքի շրջանակում եւ արհմիության գործունեությունն էլ հենց օրենքի գերակայության հաստատումն է, ինչը պարզ արտահայտված է մեր գործունեության մեջ։ Եթե մարդիկ ցանկանում են լինել արհիմության կազմում եւ բարձրացնել իրենց հարցերը, կարող են հանգիստ անդամագրվել։ Մեզ բազմիցս դիմել են մեր գործընկերները՝ այս կամ այն աշխատանքային կոնֆլիկի կամ խնդրի շուրջ, բայց քանի որ չեն եղել արհմիության մեջ, նրանց հարցերին, որոնք միայն իրենց են վերաբերում, չէինք կարող լուծում տալ։ Երկրորդ անհամապատասխանությունը իրականությանը՝ մենք չենք ստեղծել հասարակական կազմակերպություն, այլ ստեղծել ենք արհմիություն, դրանք տարբեր հասկացություններ են եւ տարբեր օրենքներով են վերահսկվում, չենք կարող, չէ՞, օրինակ, Մատենադարանը անվանել առեւտրի կենտրոն, նույն կերպ չենք կարող արհմիությունը անվանել հասարակական կազմակերպություն։ Տնօրենը տեսել է մեր փաստաթղթերը եւ գիտի, որ դրանք ոչ թե ՀԿ-ի, այլ արհիմության ստեղծման փաստաթղթեր են։ Ի վերջո կարելի է  հարցում անել  եւ համոզվել, որ մեր ստեղծածն արհմիություն է, Պետռեգիստրում գրանցված ենք։ Հարցի հաջորդ մասն այն է, որ մենք, իբր թե, վարկաբեկում ենք Մատենադարանի անունը։ Ի՞նչ եք կարծում Դուք՝ որպես այս պահին ինձ ունկնդրող մարդ, Մատենադարանի անունը վարկաբեկվե՞ց, երբ, օրինակ, վերականգնվեց աշխատողներից մի քանի տարի խլված երկարացված արձակուրդի իրավունքը կամ վերակնքվեցին աշխատանքային պայմանագրերը։ Ցանկացած կառույց հենց բարեփոխումներով է զարգանում։ Մենք նպաստել ենք, որ Մատենադարանում լուծվի շատ կարեւոր խնդիր, եւ դա ոչ թե վարկաբեկում է Մատենադարանի անունը, այլ ի պատիվ աշխատանքի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու կարողության է։ Դրանով պետք է հպարտանալ։ Այստեղ մի շատ նուրբ կետ կա, որ ես կապում եմ խոսքիս առաջին հատվածին․ քանի որ պաշտոնյաները դեռեւս հիերարխիկ մտածողության կրող են, չեն հաղթահարել հաղորդակցման այդ ձեւը եւ չեն անցել նորարարական ու դեմոկրատական ձեւին, նրանց թվում է, թե իրենք նույնանում են տվյալ հաստատության հետ։ Բայց դա այդպես չէ։ Ես մի առիթով ասել եմ՝ Մատենադարանը ժառանգություն չէ, այն բոլորինս է՝ բոլոր աշխատողներինը, եւ բոլորիս իրավունքներն ու աշխատանքային նորմալ հաղորդակցությունը պետք է ապահովված լինի: - Որքանո՞վ է հաջողվել այս ընթացքում իրազեկել Մատենադարանի աշխատակիցներին, թե իրականում ինչ է արհմիությունը, ինչի համար է նախատեսված։ Ստացվու՞մ է ձեր ձգտումներով վարակել նաեւ մյուս աշխատողներին եւ ներգրավել միության մեջ։ - Փորձում ենք իրազեկել, բայց շատերի մոտ կա արհմիության սովետական մոդելի կարծրատիպը։ Օրինակ, մի անգամ մի աշխատակից ասում էր՝ քանի որ արհմիություն ենք, իրեն առողջարանի ուղեգիր տանք։ Կարծում եմ՝ հենց մեր գործունեությունը իրազեկում է այլ ու իսկական արհմիության մոդելի մասին եւ իրազեկում է ոչ միայն մատենադարանցիներին, այլեւ Մատենադարանի պատերից դուրս։ Մեր հիմնադիր կազմը հետագայում համալրվեց, մեր կոլեգաները ցանկություն հայտնեցին միանալու, հայտնեցին իրենց աջակցության մասին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք վախենում են եւ ասել են այդ մասին։ Այդ վախերը բխում են վերը նշածս պատճառներից՝ վարչական կազմին բացառիկություն հաղորդելուց։ Այդ պատճառով էլ, ինչպես վարչական կազմը, այնպես էլ որոշ աշխատողներ չեն պատկերացնում, որ ավելի ճիշտ կազմակերպվող աշխատանքային հարաբերություններ էլ կարող են լինել, որտեղ բոլորը մասնակից են, եւ չկան կամակատարներ։ Ի դեպ, կուզեի ընդգծել, որ գիտական հիմնարկներին այս մտածողությունն իսկապես պատիվ չի բերում, ես չեմ կարողանում պատկերացնել գիտնական, որ հնազանդվելն ու լուռ ենթարկվելը գերադասի կամ կարծիք չհայտնի եւ հայտնողին էլ քննադատի։  - Արհմիությունների զարգացման գործում մեծապես կարեւոր է հենց աշխատողների նախաձեռնողականությունը, սակայն ցանկացած հարցում բարեփոխումներից խոսելիս նախեւառաջ մեր հայացքն ուղղում ենք պետությանը։ Ի վերջո, արհմիությունների ներկայիս ցածր հեղինակությունը նաեւ պետական քաղաքականության հետեւանքն է։ Հեղափոխությունից հետո արհմիություն ստեղծելիս ի՞նչ էիք ակնկալում պետությունից եւ որքանո՞վ են արդարացել ձեր սպասելիքները։ - Երբ այս կառավորությունը իշխանության եկավ, շեշտադրում էր արհմիություններ ստեղծելու անհրաժեշտությունը։ Սա շատ ճիշտ է։ Եվրոպայում անհնար է պատկերացնել որեւէ աշխատավայր, որտեղ չկա գործող արհմիություն։ Եվ այդ արհմիություները լուծում են շատ կարեւոր հարցեր ու աշխատանքային կոնֆլիկտներ։ Նրանք են պաշտպանում աշխատողին վարչական եւ աշխատանքային հնարավոր բոլոր խնդիրներից։ Եվ դա նորմալ է։ Այնտեղ ոչ մի գործատու չի մտածում, որ եթե արհմիությունը բարձրացրեց հարցերը, դրանով իրենց հիմնարկը վարկաբեկվեց։ Ընդհակառակը, պետությունը պարտադրում է, որ դրանք լինեն՝ խնդիրները տեղում կարգավորելու համար։ Պետությունից ակնկալելի է, որ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություններ լինեն, եւ օրենքով նրանց արտոնվեն այն իրավունքները, որոնք արհմիություններն ունեն դրսում՝ աշխատողին ցանկացած հարցում աջակցել կարողանալու համար։ Օրինակ՝ Գերմանիայում արհմիությունները ունեն նաեւ «զսպաշապիկի» դեր՝ կանխում են աշխատողի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ «Արհմիությունների մասին» օրենքը փոխելու նախագիծ կա, կարծում եմ՝ այն օրենքի ուժ կստանա։ Պետությունից ակնկալում ենք նաեւ, որ արհմիությունների գոյությունը իսկապես քաջալերվի եւ վերափոխվի անգործ ու «քեֆչի» արհմիության մասին կարծրատիպը։ - Հաշվի առնելով ձեր կուտակած փորձը եւ այն խնդիրները, որոնց բախվել եք՝ արհմիությունների ոլորտում ի՞նչ հիմնական բարեփոխումների անհրաժեշտություն եք տեսնում։ - Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության մասին արդեն նշեցի, բայց շատ կարեւոր է նաեւ մշակութային փոփոխությունը՝ մարդկանց գիտակցության բարձրացումը։ Աշխատողը պիտի հասկանա, որ ինքն ունի աշխատանքային նորմալ պայմանների ու հարաբերությունների իրավունք, եւ իր աշխատավայրում դրանք պետք է ապահովվեն, եւ արհմիության դերն էլ պիտի տեսնի դա վերահսկելու ու իրեն աջակցելու մեջ։ Աստղիկ Քեշիշյան
20:40 - 26 հուլիսի, 2020