ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՄԻՊ-ն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը` նկատի ունենալով նաև այն ժողովրդավարական ու իրավունքահեն արժեքները, որոնցով առաջնորդվում է Ֆրանսիան։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Անն-Լորանս Պետելն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
18:20 - 25 մարտի, 2024
Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալությունների դեպքով ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության բաժին

Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալությունների դեպքով ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները: «Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում»,- նշվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։ «Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է նաև միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը և մի քանի այլ անդամներ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է  ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Սակայն եղբայրությունից ավելի ուշ հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը 49 է։
15:25 - 24 մարտի, 2024
Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ահազանգել է, որ հարձակվել են իրենց խմբակցության անդամների վրա, նրանցից երկուսը Ոստիկանությունում են: «Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։ Ներկայումս ոստիկանությունը ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։ Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»,- գրել է Հայկ Մարությանը: ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից Factor TV-ին հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով կա 11 ձերբակալված։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Այցն իրականացվում է Մարդու իրավունքնեի պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա: Տեղի կունենան առանձնազրույցներ նշված դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալ պահին քննչական մարմնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:40 - 24 մարտի, 2024
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Հարգելի Տատյանա Նիկոլայի, Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից: Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 
13:46 - 23 մարտի, 2024
Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ

Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն «արևների» համաշխարհային օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել: «Մարտի 21-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։ Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։ Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը: Այս օրը ևս մեկ առիթ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի ներառական հասարակության ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը»,- նշել է նա։
09:26 - 21 մարտի, 2024
Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են միջազգային չափորոշիչներին. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԼՂ նախկին ղեկավարության հետ ադրբեջանական հարցազրույցների մասին

Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են միջազգային չափորոշիչներին. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԼՂ նախկին ղեկավարության հետ ադրբեջանական հարցազրույցների մասին

Ադրբեջական հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին։ Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։ Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար: Գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։ Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա։
22:10 - 12 մարտի, 2024
Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տեսանյութի տարածմանը

Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տեսանյութի տարածմանը

Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել հետևյալը. «Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից: Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։ Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։ Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին՝ խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։ Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:45 - 12 մարտի, 2024
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու․ ՀՀ ՄԻՊ

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորեւ․ «Սիրելի՛ կանայք, Ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ:  Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, կանանց նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության վրա հիմնված համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը և կանանց իրավունքների խթանմանը։ Կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը մեր երկրում պետք է շարունակական լինեն։ Այդ գործընթացի հաջող իրականացման համար չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը: Սիրելի՛ կանայք, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»:
11:32 - 08 մարտի, 2024
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ: Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը: Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր, ընգծվել է այդ ոլորտում իրականացվող ծրագրի կարևորությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
11:26 - 07 մարտի, 2024
ՄԻՊ-ում կանադացի հյուրերին են ներկայացվել Պաշտպանի աշխատակազմի գործունեության ուղղությունները

ՄԻՊ-ում կանադացի հյուրերին են ներկայացվել Պաշտպանի աշխատակազմի գործունեության ուղղությունները

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մարտի 6-ին ընդունել են ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազորդեսպան Էնդրյու Թըրներին և Կանադայի կանանց խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օնիլին։   Հյուրերին ներկայացվել են ՄԻՊ աշխատակազմի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։   Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը և միջազգային համագործակցության զարգացմանը։   Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել աշխատակազմի ներկայացուցիչներին ընդունելության և արդյունավետ քննարկման համար:
20:51 - 06 մարտի, 2024
ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակից։ «Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել  կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին: Պաշտպանը ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները: Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները»,- նշվում է հաղորդագրությունում։
10:56 - 06 մարտի, 2024
Բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Լվովյան փողոց

Բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Լվովյան փողոց

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ  բնակության նպատակով այլ տարածք տեղափոխվելու, ինչպես նաև իրենց անձնական գույքը փոխադրելու հնարավորություն դեռևս չունեն: Ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարան։
15:04 - 29 փետրվարի, 2024
ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ներկայացվել են փորձագետների կողմից իրականացված «Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությունն ու վերարտադրողական իրավունքը ՀՀ-ում» ուսումնասիրության արդյունքները։ Ըստ աղբյուրի՝ բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։ Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ կանանց, մասնավորապես, ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ «Այս թեմայի վերաբերյալ քիչ ուսումնասիրություններն էին նաև պատճառը, որ մենք նախաձեռնեցինք նշված հետազոտության իրականացումն ու այս քննարկումը՝ ընդգրկելով  բոլոր շահագրգիռ կողմերին՝ միջազգային գործընկերներ, պետական իրավասու մարմիններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում ընդգծում եմ իմ հանձնառությունը` հնարավոր բոլոր գործիքակազմերով աջակցելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը»։ Պաշտպանը խնդիրների հաղթահարման տեսանկյունից կարևորել է պետության դերակատարությունը` ևս մեկ անգամ շեշտելով, որ թեև կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում կան էական փոփոխություններ և զարգացումներ, բայց մի շարք առանցքային հարցեր շարունակում են մնալ չլուծված։ Նշվում է, որ հետազոտության շրջանակում, խնդիրների վերհանման նպատակով, փորձագետների կողմից  իրականացվել են այցեր «Աբովյան» ՔԿՀ, անց են կացվել առանձնազրույցներ ինչպես այնտեղ գտնվող ազատությունից զրկված անձանց, այնպես էլ՝ բժշկական ստորաբաժանման բժիշկների, փորձագետների և այլ աշխատակիցների հետ։ Վեր են հանվել գործնականում հանդիպող հիմնական խնդիրները, վեր են լուծվել առկա իրավական կարգավորումները, մարտահրավերները և ներկայացվել են հնարավոր լուծումներ՝ ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի արդյունավետ իրացման առնչությամբ։ Արդյունքում, ներկայացվել է 18 առաջարկություն, որից 3-ը՝ օրենսդրական բնույթի, 15-ը՝ կազմակերպչական։ «Մասնավորապես, ազատությունից զրկված կանայք չպետք է որևէ սահմանափակման ենթարկվեն վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի համատեքստում; հղի կանայք, կերակրող մայրերը և երեխա խնամող կանայք ունեն հատուկ պաշտպանության կարիք; անհրաժեշտ է «Աբովյան» ՔԿՀ-ում հղի կամ իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց համար միջազգային պահանջներին համապատասխանող միջավայր և պահման առանձնահատուկ պայմաններ ստեղծել՝ խաղահրապարակ և կանաչապատ զբոսաբակ; շատ կարևոր է նաև բժիշկների համար առանձին աշխատասենյակներ ունենալը, ինչը կապահովի բժշկական գաղտնիքի պահպանումը և զերծ կպահի ազատությունից զրկված կանանց անհարկի ուշադրությունից; ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ վարչակազմի, բժշկական անձնակազմի և ընտանիքի անդամների համար անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել դասընթացներ վերարտադրողական առողջության տարբեր հիմնահարցերի շուրջ՝ ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատել է իր հանձնառությունը՝ մանդատի շրջանակում, ամբողջ ծավալով աջակցելու վեր հանված խնդիրների լուծմանը։ Ուսումնասիրությունը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈԻՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։
19:02 - 26 փետրվարի, 2024
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքներն՝ ընդգծելով, որ այս տարի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են իր անմիջական ուշադրության ներքո: ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք, որոնք մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։ Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով. թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր, գրավոր և բանավոր բողոքներ, զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր, զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ, ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։ Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ: «Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն: Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների՝ ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
11:03 - 22 փետրվարի, 2024
Անահիտ Մանասյանը ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Անահիտ Մանասյանը ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։   Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտում առկա այն խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում անձամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից լսել ոլորտին առնչվող խնդիրները, մշակել համագործակցության արդյունավետ հարթակ և համատեղ լուծման հնարավոր տարբերակներ։   Պաշտպանը նշել է, որ շրջակա միջավայրը, դրա պահպանությունն ու բնագավառում առկա խնդիրներն ուղղակիորեն կապված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետ: Այս համատեքստում ընդգծվել է, որ մաքուր, առողջ, անվտանգ և կայուն զարգացող շրջակա միջավայրի բացակայության պարագայում մարդը զրկվում է իր կենսական մի շարք իրավունքների իրացման հնարավորությունից:   Իրենց հերթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են բնապահպանների նկատմամբ նկատվող ճնշումներին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր է, որպեսզի մասնագիտական և իրավապաշտպան գործունեություն իրականացնելիս ցանկացած անձի, այդ թվում՝ բնապահպանների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված լինեն։ Բարձրացված խնդիրների առնչությամբ Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու և համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
20:35 - 19 փետրվարի, 2024