ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից

Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից

Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից: Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-ից ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներին: Տեղեկացվում է նաև, որ 2024 թ. փետրվարի 26-ից վերը նշված իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի նաև տեսանկարահանման սարքերով:
16:30 - 12 փետրվարի, 2024
Մարգարայի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Մարգարայի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2024 թ. փետրվարի 2-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
14:07 - 23 հունվարի, 2024
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա

Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա

Ավարտվել է վարորդական կեղծ վկայական պատրաստելու, կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերով, ապա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս մտերմուհին ունի կապեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց շրջանում, ստանձնել է վերջիններիս միջոցով, համապատասխան գումարի դիմաց, այլ անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու հանձնառություն։ Մասնավորապես, 2021 թ. հունիսին Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն է դիմել վերջինիս ծանոթը՝ գումարի դիմաց, օրենքով սահմանված քննությունները պատշաճ չհանձնելու պայմաններում, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում իրեն օգնելու համար: 39-ամյա կինը համաձայնել է որպես միջնորդ հանդես գալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու գործընթացում` այդ հարցում ներգրավելով իր վերոհիշյալ ծանոթին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմել է իր մտերմուհուն: Արդյունքում 300.000 ՀՀ դրամ կաշառքի գումարը տրամադրվել է վերջինիս, որն օժանդակել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց տվյալ անձի կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալն ապահովելու համար խոշոր չափերով կաշառք ստանալ։ Նման խնդրով նույն ընթացքում Երևան քաղաքի հիշյալ բնակչուհուն է դիմել նաև Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի մի բնակիչ՝ նպատակ ունենալով ավելի բարձր վարձատրվող աշխատանքի տեղափոխման համար պահանջվող վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական ձեռք բերել։ Արդյունքում, միջնորդավորման նույն սխեմայով, մտերմուհին օժանդակել է ՀՀ ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց 150.000 ՀՀ դրամ կաշառքի գումարով կաշառք տվողի օգտին կատարել նույնպիսի ակնհայտ ապօրինի գործողություն։ Երկու դեպքում էլ, սակայն, հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Ակնալիճի բնակիչը, սակայն, չկարողանալով կաշառքի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական, 2021 թ. օգոստոսին կրկին դիմել է Երևանի բնակչուհուն՝ խնդրելով ձեռք բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայական: Վերջինս, ստանալով 80.000 ՀՀ դրամ, դիմել է իր ծանոթին, ով, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, համակարգչային տեխնիկայի և գունավոր տպիչ սարքի միջոցով, կեղծել և Երևանի բնակչուհու միջոցով Ակնալիճի բնակչին է իրացրել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայականը, ով այն օգտագործել է՝ այլ աշխատանքի նշանակվելու համար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք տալուն, փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու համար, Ակնալիճ գյուղի բնակչին՝ փաստաթղթեր կեղծելու և կաշառք տալու համար, երկու անձի՝ փաստաթղթեր կեղծելու համար, մեկ անձի կաշառք տալու, մեկին՝ 2 դրվագ կաշառք տալուն օժանդակելու, ևս մեկ անձի՝ կաշառքի միջնոդրության համար։ Վերոհիշյալ անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակցի (աշխատակիցների) մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:45 - 02 դեկտեմբերի, 2023
Իրավախախտումներ թույլ տված 50 վարորդի չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել

Իրավախախտումներ թույլ տված 50 վարորդի չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Կ. Մ.-ն և ՃՈ տեսուչներ Ա. Ա.-ն ու Կ. Ա.-ն 2022 թվականի դեկտեմբերի 8-21-ն ընկած ժամանակահատվածում՝ Կոտայքի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 50 վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 1000-20.000-ական ՀՀ դրամ: Մասնավորապես՝ վերը նշված վարորդներն ավտոմեքենան վարել են առանց ամրագոտու, այլ երկրի վարորդական վկայականով կամ գերազանցել են տվյալ բնակավայրում սահմանված երթևեկության առավելագույն արագությունը, մի շարք դեպքերում էլ՝ չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր կամ վարել են տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց: Որոշ վարորդներ էլ տրանսպորտային միջոցը վարել են վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած լինելու կամ վարորդական իրավունքից զրկված լինելու պայմաններում: Վարորդներից կաշառք ստանալու համար Կ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (50 դրվագ), իսկ Կ. Ա.-ին և Ա. Ա.-ին՝ նույն հոդվածի հատկանիշներով համապատասխանաբար՝ 31 և 19 դրվագներով: Հիշյալ բոլոր ՃՈ տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Տեսուչներից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքներում և տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:30 - 17 հուլիսի, 2023
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են

Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիներ Ս. Թ.-ին և Ռ. Հ.-ին ուղղորդել են ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Այնուհետև հիշյալ քաղաքացիները Ս. Գ.-ի և Հ. Հ.-ի միջոցով որպես կաշառք ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ են փոխանցել ՃՈ ավագ տեսուչ Է. Խ.-ին: Կաշառքի գումարը ստանալուց հետո տեսուչ Է. Խ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, այն է՝ տեսական քննության ժամանակ վերը նշված դիմորդներին թույլատրել է օգտագործել տեխնիկական միջոցներ և դրանցով կապ հաստատել Ս. Գ.-ի հետ, ով նրանց թելադրել է տեսական քննության թեստի ճիշտ պատասխանները: Այնուհետև Է. Խ.-ն կազմել է կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ.-ն, ինչպես նաև Ս. Գ.-ն, Հ. Հ.-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):  Մեղադրանք է ներկայացվել նաև Ս. Գ.-ին՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նույն օրը քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Է. Խ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:59 - 24 մարտի, 2023
Արագաչափերի ու տեսախցիկների համակարգի կառավարումը ստանձնում է ոստիկանությունը
 |1lurer.am|

Արագաչափերի ու տեսախցիկների համակարգի կառավարումը ստանձնում է ոստիկանությունը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի կառավարմանը՝ նշելով, որ այն այսուհետ վերապահվում է ոստիկանությանը: «Մենք որոշում կայացրինք, որ երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափեր, տեսախցիկներ, որ արտապատվիրակված էր, վարձակալությամբ տրված  մասնավոր ընկերությանը, վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ: Ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, այսօրվանից լիարժեք իրականացրել ենք հանձնման-ընդունման գործընթացը: Այս հարցը նաև քաղաքական նրբություն ունի: Մենք չենք շտապել դա պետականացնել, չնայած քաղաքական նրբություններին՝ ամեն ինչ անում ենք, որ տնտեսական դաշտում մեր գործունեությունը մաքսիմալ կանխատեսելի լինի, որպեսզի տնտեսվարողներն անընդհատ այն մտավախություններով չապրեն, թե  պետությունը կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ մի բան ձեռնարկել: Այսինքն՝ մենք տնտեսական պայմանավորվածությունները, անկախ դրանց էությունից, աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի տնտեսական դաշտում Կառավարության քաղաքականությունն ավելորդ լարվածություններ չառաջացնի»,- ասաց վարչապետը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ ընդգծեց, որ այսօրվանից համակարգի կառավարումն իրականացնում է  ոստիկանության նոր ստեղծված ՊՈԱԿ-ը: ««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության փաստացի աշխատակիցների 99 տոկոսը՝ թվով 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու համար»,- ասաց նա:
12:27 - 20 հոկտեմբերի, 2022
Օգոստոսի 10-ին ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում

Օգոստոսի 10-ին ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում

Օգոստոսի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։ Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։ 21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին։ Պարեկները ուշադրություն են դարձրել նաև չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու դեպքերին։ 8 անձ տուգանվել է այդ խախտման համար։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։    
17:18 - 11 օգոստոսի, 2022
Վարդավառի օրը հայտնաբերվել է 991 խախտում, 76 վարորդ եղել է ոչ սթափ. Ոստիկանություն

Վարդավառի օրը հայտնաբերվել է 991 խախտում, 76 վարորդ եղել է ոչ սթափ. Ոստիկանություն

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 123-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 8 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Առանձնահատուկ ընդգծենք, որ խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է հուլիսի 24-ին՝ Վարդավառի կապակցությամբ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցել են նաև ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։ Մասնավորապես, հուլիսի 24-ին հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 55 մեքենաներ։ Չնայած ՃՈ պարբերական կոչերին՝ 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղևորների փոխադրման կանոնների խախտումներին։ Հայտնաբերվել է նման 42 դեպք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
17:17 - 25 հուլիսի, 2022
Վարդավառով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, հակաօրինական վարք ցուցաբերողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ․ ՃՈ պետ

Վարդավառով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, հակաօրինական վարք ցուցաբերողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ․ ՃՈ պետ

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․«Հարգելի՛ քաղաքացիներ, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն:  Հորդորում եմ տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ: Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:Շնորհավորում եմ Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ և մաղթում անվտանգ երթևեկություն»:
13:03 - 23 հուլիսի, 2022
ՃՈ պետի նախկին տեղակալն ու ոստիկանության մեկ այլ պաշտոնյա պետությանը պատճառել են 67 մլն դրամի վնաս. բացահայտվել է նաև հարկեր չվճարելու դեպք

ՃՈ պետի նախկին տեղակալն ու ոստիկանության մեկ այլ պաշտոնյա պետությանը պատճառել են 67 մլն դրամի վնաս. բացահայտվել է նաև հարկեր չվճարելու դեպք

 ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս. քրեական գործի շրջանակում բացահայտվել է նաև 577 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու հանցագործության դեպք: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը»,-նշված է հաղորդագրության մեջ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն: Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018 թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր`  նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019 թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ: Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները: Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018 թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019 թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3 342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4 380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ): Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:12 - 29 հունիսի, 2022
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ

 |armenpress.am|

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հանրային մեծ հնչեղության արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը ողբերգական է, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևելու է գործընթացին և հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է իրականացվել, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մենք հենց նույն օրը գրություն ենք ուղարկել գլխավոր դատախազություն կոնկրետ գործընթացի մանրամասներին տեղեկանալու և նաև այս հարցը մեր հսկողության ներքո պահելու համար»,- ասաց պաշտպանը: «Լինելով մարդ, ով մանրամասն զբաղվել է նաև ոստիկանության բարեփոխումներով և հատկապես շատ ենք անդրադարձել հենց այդ ուղեկցող ծառայությունների առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից, պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը շատ դեպքերում չընկալվածության խնդիր ունի: Բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ:  Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է  օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել: Ցավալի է նաև, որ շատ դեպքերում մեր հանրային խոսույթում չհարգվեց  այդ ընտանիքի զգայունությունը, և այն դարձավ հանրային քննարկման թեմա,  ինչը շատ ցավալի է»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ուղեկցող  ծառայության ֆունկցիոնալությանն ու պատրաստվածությանը  պետք է անպայման անդրադառնան ընթացող բարեփոխումների շրջանակներում. «Ես ինքս նույնպես  բարձրացնելու  եմ այս հարցը, որովհետև սա լուրջ մարտահրավեր է»,-եզրափակեց պաշտպանը: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
18:04 - 03 մայիսի, 2022
Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել |hetq.am|

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել |hetq.am|

hetq.am: Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի գործով ձերբակաված ոստիկանը՝ Արամ Նավասարդյանը, ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Պաշտպանի խոսքով՝ այսօր Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նավասարդյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան: Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի էր ենթարկել մի կնոջ։ Քաղաքացին վրաերթի էր ենթարկվել ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը  ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վրաերթի ենթարկվածը մահացել էր։   Լուսանկարում՝ Ռուբեն Բալոյանը
22:53 - 29 ապրիլի, 2022
«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է
 |fip.am|

«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է |fip.am|

fip.am: Ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մահացել է։ Լուրը լայն քննարկման առարկա դարձավ համացանցում և լրատվամիջոցներում՝ տարատեսակ մեկնաբանությունների առիթ տալով։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը դեպքի հաջորդ օրը դրա վերաբերյալ մի քանի տեղեկություններ հայտնեց՝ փորձելով պատասխանել թեմայի վերաբերյալ հանրային հարցադրումներին։  Ըստ գրառման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր նկատել վրաերթը, այդ իսկ պատճառով էլ ավտոշարասյունը կանգ չի առել, իսկ երբ տեսել է գետնին ընկած կնոջը, հրահանգել է շտապօգնություն կանչել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել:  «Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին»,- նշված է Չախոյանի գրառման մեջ։ Նա պատասխանել է նաև ցանցում տարածված հարցադրմանը, թե ինչու ՃՈ աշխատողները չեն կանգնել օգնություն ցուցաբերելու համար․ «ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն: Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ավտոշարասյան չկանգնելը պատճառաբանում է՝ հղում անելով ինչ-որ կանոնակարգի՝ առանց հստակեցնելու, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Ամեն դեպքում, ըստ իրավական աստիճանակարգման, համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ ՀՀ օրենքներն ու միջազգային կոնվենցիաները գերակա են ենթաօրենսդրական ակտերին։  Հայաստանը 2006 թվականի փետրվարի 8-ին վավերացրել է «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիան, որի 31-րդ հոդվածը սահմանում է վարորդի գործողությունները ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։ Ըստ այս հոդվածի՝ պատահարին առնչվող վարորդը պետք է հնարավորինս արագ կանգնի` երթևեկության համար լրացուցիչ վտանգ չստեղծելով։ Կոնվենցիան այս հոդվածի վերաբերյալ որևէ բացառություններ չի սահմանում, հետևաբար՝ կոնվենցիայի այս հոդվածը տարածվում է բոլորի, այդ թվում՝ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վրա։ Ընդ որում, ՀՀ վավերացրած միջազգային կոնվենցիան ավելի գերակա է, քան ներպետական օրենսդրությունը, այդ թվում՝ ենթաօրենսդրական ակտերը։  Այնուամենայնիվ, ներպետական օրենքներով նույնպես հստակ սահմանվում է վարորդի գործողությունների հաջորդականությունը՝ տրանսպորտային պատահարի դեպքում։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է հենց այդ դեպքերը։ Հոդվածի 2-րդ մասի «դ» կետը կոնկրետ սահմանում է վարորդի վարքը պատահարին մասնակցություն ունենալու դեպքում։ Ըստ այս կետի․ 1․ Վարորդը պարտավոր է անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները։ 2․ Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել։ Նկատենք, որ այս օրենքով նույնպես չկան սահմանված բացառություններ, հետևաբար՝ օրենքը գործում է բոլորի համար, այդ թվում՝ վարչապետի շարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենաների։ Այսինքն, ՀՀ օրենքն ու միջազգային կոնվենցիան պարտադրում են վթարի մասնակից վարորդին կանգնեցնել տրանսպորտային միջոցը և օգնություն ցույց տալ տուժածին, իսկ կառավարության որոշումներն ու պրոտոկոլները ենթաօրենսդրական ակտեր են, և դրանք ընդունվելիս համապատասխանեցվում են օրենքին և միջազգային կոնվենցիային։ Այսինքն, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պնդումն այն մասին, որ մեքենան չէր կարող կանգնել, քանի որ դա պրոտոկոլի խախտում է, կեղծ է։    Առավել մանրամասն՝ fip.am-ում
21:53 - 28 ապրիլի, 2022
Ոստիկանության մեկ տեսուչ ազատվել է ծառայությունից, ՃՈ ծառայողների պարտականություններում կատարվել է փոփոխություն․ Դատախազությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի գրությունը

Ոստիկանության մեկ տեսուչ ազատվել է ծառայությունից, ՃՈ ծառայողների պարտականություններում կատարվել է փոփոխություն․ Դատախազությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի գրությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչի կողմից մի քանի ավտոմեքենաների վարորդների՝ տրանսպորտային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ հայտնաբերելուց հետո վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին ուռճացված տեղեկություն հայտնելու, նրանց հետ համաձայնության արդյունքում իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերի հիման վրա տուգանքը տեղում գանձելու պատրվակով ՃՈ կանոնների խախտումն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից տարբեր չափերի գումարներ ստանալու փաստը: Այս մասին հայտնում է Դատախազությունը։ Պարզվել էր նաև, որ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ, բացակայում են վերահսկողության բավարար մեխանիզմները: Քանի որ այս թերությունները հանցագործության  կատարման նպաստավոր հանգամանք է հանդիսացել, ՀՀ գլխավոր դատախազը դրանք վերացնելուն ուղղված միջնորդագիր էր հասցեագրել ՀՀ ոստիկանապետին: Արդյունքում ոստիկանությունում ձեռնարկվել են խնդրի կարգավորանն ուղղված գործնական քայլեր: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները պարզելու, ինչպես նաև դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու և խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն: Դրա արդյունքում վերոնշյալ հանցավոր խախտումները թույլ տված տեսուչը ոստիկանապետի հրամանով ազատվել է ծառայությունից: Բացի այդ, խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում և դրանց նկատմամբ պատշաճ և ամբողջական վերահսկողություն իրականացնելու, այդ կերպ ոլորտում հնարավոր հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողների գործառույթային  պարտականություններում կատարվել է փոփոխություն: Արդյունքում խիստ հաշվառման ձևաթղթերի հանձնման և ընդունման հսկողության պարտականությունը  դրվել է դասակների հրամանատարների վրա: Գրությամբ տեղեկացվել է նաև, որ խիստ հաշվառման վերոնշյալ փաստաթղթերի պատշաճ հաշվառում անցկացնելու նպատակով Պարեկային ոստիկանությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ, որոնք մոտ ժամանակահատվածում կներդրվեն պարեկային ծառայողի լրակազմում: Իսկ ներկայում իրականացվում է իրավասու պարեկային ծառայողների վերապատրաստում այդ սարքավորումներով վարչական իրավախախտման արձանագրությունների արձանագրում իրականացնելու և տուգանքների վճարման անդորրագրերը իրավախախտում թույլ տված անձանց տրամադրելու ուղղությամբ: Դրանով կդյուրացվի փաստաթղթաշրջանառության նկատմամբ հսկողությունը և հնարավորինս կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:      
15:51 - 21 մարտի, 2022