Հովիկ Աղազարյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1960թ. փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում:

1982թ. ավարտել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Մեխանիկ է:

1987թ.՝ Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտուրան: Տեխնիկակական գիտությունների թեկնածու է:

1982-1983թթ. եղել է Երեւանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող: 1988-1991թթ.՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:

Մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սուրենավանի կամավորական ջոկատի հրամանատար:

1996թ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ: 1998թ. հեռացվել է ՀՅԴ շարքերից:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

1990-1995թթ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՀԴ) խմբակցության քարտուղար:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-11.02.2019թթ.՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.02.2019-02.08.2021թթ.՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանը ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին

Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանը ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին

«Որդիների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշել է չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։ Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։ Հույս ունենք դատավարության արդար վճռի կայացմանը։ Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը, սեպտեմբերի 24-ին կալանավորվել էր։ Նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր՝ որոշումը բողոքարկելու են։ Գալստյանին մեղադրանք էր ներկայացվել մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար։ Հիշեցնենք նաև, որ Գալստյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում բողոքի ակցիա իրականացնող ծնողներից է, որոնք հավաքվել էին՝ թույլ չտալու իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն։ Ավելի ուշ նրանց եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի միջեւ վիճաբանություն էր սկսվել։
17:40 - 17 նոյեմբերի, 2023
«Եռաբլուր»-ի տարածքում կատարված խուլիգանության և 2 պատգամավորի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

«Եռաբլուր»-ի տարածքում կատարված խուլիգանության և 2 պատգամավորի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության դեպքի էական հանգամանքները: Ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ․ սեպտեմբերի 21ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հ․ Ասլանյանի, Հ․ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, նաև՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ԱԺ պատգամավոր Հ․ Աղազարյանին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ սպետեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ա․ Գ․-ն, Ա․ Ա․-ի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, գտնվելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հ․ Աղազարյանի և Հ․ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին։ Այդ ընթացքում Ա․ Գ․-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ Ա․Ա․-ն հրել և սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել և թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված երկու անձանց վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Ա․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նշված երկու անձանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Խուլիգանական արարքներին այլ անձանց առերևույթ մասնակցության մասով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:27 - 06 նոյեմբերի, 2023
Մեկ անձ ձերբակալվել է «Եռաբլուր»-ում  պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով

Մեկ անձ ձերբակալվել է «Եռաբլուր»-ում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն նկատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննությամբ պարզվել է պատգամավորի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն կատարած անձանց ինքնությունը: Նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ա.Գ․-ն։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բռնություն կիրառած մյուս անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:52 - 21 սեպտեմբերի, 2023
«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին

 |aravot.am|

«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին |aravot.am|

aravot.am: Հիփոթեքային վարկերի շուկայում նախորդ տարի դիտարկվել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաեւ շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացմանը, ներառյալ հիփոթեքը, սակայն հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց Մարտին Գալստյանին, թե ըստ ԿԲ գնահատականի՝ անշարժ գույքի շուկայում 25-26 տոկոսով «փուչիկ» կա։ «Նաեւ կան տնտեսագետներ, որոնք ասում են, որ այդ փուչիկն անպայման պետք է պայթի։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը՝ կպայթի՞ անպայման, թե՞ հնարավոր է կառավարել ու կամաց իջեցնել»,- հարցրեց Աղազարյանը։ Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց․ «Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ անշարժ շուկայում կա գների որոշակի աճ։ Շատ նուրբ կետի եք հանգել, այն առումով, որ տնտեսագիտական համայնքի մեջ «փուչիկի» սահմանումը հստակ չէ։ Այսինքն՝ որպեսզի հասկանանք՝ «փուչիկը» ինչ է, նախ պիտի սահմանենք։ Այսինքն՝ 25 տոկոս աճը արդյոք բավարա՞ր է, որպեսզի նկարագրենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում կա «փուչիկ»։ Երկրորդ, «փուչիկները»։ Երկու տեսակի են լինում՝ ռացիոնալ եւ իռացիոնալ։ Մեր գնահատականով՝ մենք երկու մեթոդ ունենք, փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Եվ մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իմ թվարկած փոփոխականները։ Ուստի, մեր կարծիքով, կա որոշակի ավելի աճ, քան պիտի լիներ»։
11:16 - 15 հունիսի, 2023
Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց |armenpress.am|

Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց: ԱԺ ամբիոնից իր ելույթում Աղազարյանը հիշեցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, ինքը հայտնել էր, որ նախաձեռնելու է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց: «Եվ հետո ես նախաձեռնել եմ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա: Եվ Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս «շոուն», -ասաց Աղազարյանը: ԱԺ-ում ապրիլի 20-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարեց, որ իրականացնում է քաղաքական ակցիա, ի նշան բողոքի չի հեռանալու ԱԺ ամբիոնից: ԱԺ նախագահը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:
18:07 - 20 ապրիլի, 2023
Քաղաքացին պնդում է, որ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել իրեն. ըստ պատգամավորի՝ իր էջը կոտրել են
 |azatutyun.am|

Քաղաքացին պնդում է, որ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել իրեն. ըստ պատգամավորի՝ իր էջը կոտրել են |azatutyun.am|

azatutyun.am: Տաթև Վիրաբյանը պատրաստվում է դիմել Ազգային ժողովին՝ խնդրելով քննարկել իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի համացանցում դրսևորած վարքագիծը։ Երիտասարդ կինը պնդում է, որ պատգամավորը իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել Ֆեյսբուքի նամականիով։ Վիրաբյանը նամակագրությունը հրապարակել էր Ֆեյսբուքի իր էջում։ «Ինձ համար ամոթ է, որ պապիկիս թայ մարդը նման վարքագիծ է դրսևորում, և չգիտեի՝ հրապարակման ենթակա՞ է, ենթակա չէ, և հետո որոշեցի, որ պետք է հրապարակվի, որովհետև անպատժելիությունն ավելի վատ հանցագործություններ է ծնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ Իշխանական պատգամավորը մինչդեռ հերքում է, թե ինքն հայհոյախառն նամակ է գրել՝ պնդելով, թե իր էջը կոտրել են, ու ինքը չէ տարածված նամակի հեղինակը։ Այսօր էլ խորհրդարանում 63-ամյա Աղազարյանը հայտարարեց, թե դեռ չի պարզել՝ ով է իր անունից նման նամակներ գրել, բայց նաև ասաց, թե չի պատրաստվում դիմել իրավապահներին՝ պարզելու՝ ով է կոտրել էջը. - «Չէ, դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ։ Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, ապա դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որպեսզի մեր իրավապահ մարմիններին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան ուրիշ գործերով զբաղվել»։ Պատգամավորի ու Վիրաբյանի վեճը սկսվել է ծանրամարտի առաջնության բացման օրը, երբ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը Ֆեյսբուքում ներողություն էր խնդրել միջազգային հանրությունից՝ հայտարարելով, թե «որպես քաղաքացի և պատգամավոր չի արել իրենից կախված առավելագույնը ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները»։ Նրա այս ձևակերպումները քննադատության արժանացան, Տաթև Վիրաբյանի պնդմամբ՝ իր ծանոթներից մեկը նամակ էր գրել պատգամավորին՝ հարցնելով, թե ինչու է ներողություն խնդրել ու ստացել էր հայհոյախառն պատասխան։ Դրանից հետո Վիրաբյանն ինքն է որոշել գրել պատգամավորին։ «Իրականում չհավատացի, ասացի՝ միգուցե իր էջը չի, լավ նայի։ Երբ ուղակեց էջի հղումը, տեսա, որ ինքն է։ Ես փորձեցի սթափություն առաջացնել մոտը, սթափության կոչով… տեսել եք նամակագրությունը, ոչ մի հայհոյանք չկար իմ գրածի մեջ, պարզապես բարկությունս էի արտահայտել, որպեսզի սթափվի», - ասաց նա։ Վիրաբյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառից Հայաստան է տեղափոխվել։ Ասում է, որ ինքն ու մյուսները տուժել են պատերազմից և իրավունք ունեն իմանալու՝ ինչու է պատգամավորը ներողություն խնդրում միջազգային հանրությունից, որն, օրինակ, պատժամիջոցներ չի սահմանել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, Արցախի չորսամսյա շրջափակման համար։ Պատգամավորի արդարացումը, թե ինքը չէ գրողը, երիտասարդ կնոջը չեն համոզել։ «Հեքիաթի ժանրից է, Անդերսոնին անցավ ինքն երեկվա իր հարցազրույցով։ Բայց եթե նույնիսկ կոտրել են, հասարակ քաղաքացու ֆեյսբուքյան էջ չեն կոտրել, ԱԺ պատգամավորի էջ են կոտրել, նա պարտավոր է նախ և առաջ մեր անվտանգության համար դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի պարզեն՝ ով է կոտրել այ էջը», - համոզված է Տաթև Վիրաբյանը։
17:13 - 17 ապրիլի, 2023
Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր, որի մասով իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հիշեցնենք, որ երեկ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր՝ գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե «ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած հանձնաժողովի նիստում, չի գնացել»․ «Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչև հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»։ Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ «Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության ուղարկմանը, բայց դիմումն արդեն Աննա Վարդապետյանին հասել է։ Բայց դրանից՝ այդ օրը տեղի ունեցավ մեկ այլ քաղաքական պլանի ձախողում, որի մասին տեսանյութ եմ պատրաստել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուին թույլ չտրվեց ներկայացնել իր ծրագրային ելույթը։ Երբ նա նախադասություն էր ձևակերպում, իշխանական պատգամավորներն անմիջապես բղավում էին 15-20 հոգով, որոնք մեր հանձնաժողովի անդամներ չէին, վիրավորում՝ ծաղրածու, խեղկատակ, արա լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլ՝ պատգամավորին ոչ հարիր բառեր արտաբերելով։ Այդ օրը իշխանական 4 պատգամավորներ ինձ ակնարկեցին, առաջարկեցին և սպառնացին, որ իմ հետագա պաշտոնավարման հարցը պետք է բարձրացնեն, քանի որ ինձ պաշտոնազրկելու քաղաքական որոշմամբ էին եկել այդ նիստին»,- գրել է Թովմասյանը և մեջբերել իր հասցեին հնչած սպառնալիքները. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան - Մենք ձեզ ընտրել ենք հանձնաժողովի նախագահ, այստեղ հավաքվածներն են մեր խմբակցության պատգամավորները․․ եթե նիստը չվարեք այնպես, ինչպես հարկն է, մենք հանգիստ կարող ենք ձեր անվստահության հարցը բարձրացնել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան - Դուք չեք կարողանում իրացնել հանձնաժողովի նախագահի ձեր պարտականությունները․․․ Նախորդիվ էլ կար հանձնաժողովի նախագահ, ով փորձեց անվանարկել ժողովրդին, և ըստ էության երբ դուք չեք զսպում թեկնածուին, նշանակում է՝ կիսում եք պատասխանատվությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան - կարող եմ առաջարկել նաև, որ կոնսենսուսային քվեարկություն լինի, և դուք էլ քվեարկեք կողմ տիկին Մանասյանին։ Տվյալ պարագայում ճանապարհ կհարթեք և ձեր հետագա գործունեության համար․․․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան - Ձեզանից առաջ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին անվանում է ժեխ, և Ձեր գլխավորած նիստին և մեր մասնակցությամբ նիստին թեկնածուներից մեկը մեր ժողովրդին՝ 100000-ավոր ՀՀ քաղաքացիների և հայերի անվանում ադրբեջանա-թուրքական, ես կարծում եմ՝ ձեր կողմից հստակ գնահատականներ պետք է հնչեն՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, այս արտահայտությունը անթույլատրելի է և դատապարտելի»: Թագուհի Թովմասյանը նշում է, որ ինքը նիստի ընթացքում 4-5 անգամ ներողություն է խնդրել հնչած բոլոր վիրավորանքների և անթույլատրելի բառերի համար, և իշխանական պատգամավորների սցենարը չիրականացավ. «ՆՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ՀԻՄՔ՝ ընդհանրապես խոսելու իմ հրաժարականի մասին։Ընդհակառակը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով և գործունեությամբ խախտեց ՀՀ օրենսդրությունը։ Այդ օրը Արթուր Հովհաննիսյանի կողմից խախտվեց ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (…), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի շատ կետեր․ մասնավորապես՝ դրսևորել պատգամավորին հարիր վարքագիծ, պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Վնաս հասցվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքով պաշտպանվող իրավահարաբերություններին, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված, երբ հնչեց մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով՝ (...) լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլն, ոտնահարվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, և վերջապես ակնհայտ դրսևորվեց նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն։ Ահա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված գրության հիմնավորումներից մի հատված»։ Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ի պատասխան իր ու իր ելույթի մասին Թագուհի Թովմասյանի խոսքերի, ապրիլի 5-ին հայտարարել է, որ «հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշիուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին»։
10:27 - 08 ապրիլի, 2023
Միգուցե դա այնքան էլ այդպես չէ․ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը կապ չունի այլ պետությունների միավորների հետ

Միգուցե դա այնքան էլ այդպես չէ․ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը կապ չունի այլ պետությունների միավորների հետ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը երկու օր առաջ հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի կամ ինդեքսի (ԿԸՀ) 2022-ի արդյունքները։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ Հայաստանի ԿԸՀ արժեքը նվազել է՝ 49 միավորից դառնալով 46։ Երեկ news.am-ի լրագրողը հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանից, թե ինչով է պայմանավորված համաթվի նման հետընթացը։ Աղազարյանն էլ պատասխանեց․ «Դե, գիտեք ինչ կա, երբ որ գնահատականները տալիս են, հո չե՞ն վերցնում առանձին պետություն և իր գնահատականները տալիս են էդ բնագավառում։ Գնահատականները տալիս են բոլոր պետությունների համար։ Հիմա, միգուցե որոշ պետություններ լավ ցուցանիշներ են ապահովել, դրա համար իրենք առաջ են անցել, ոչ թե մենք հետ ենք ընկել։ Միգուցե դա այդպես է»։  Աղազարյանը, սակայն, մանիպուլյատիվ է ներկայացնում կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու մեթոդաբանությունը։   Ի՞նչ է կոռուպցիայի ընկալման համաթիվը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը նշում է, որ ԿԸՀ-ն երկրների ամենաշատ կիրառվող համաշխարհային վարկանիշն է կոռուպցիայի ոլորտում։ Այն գնահատում է պետական ​​հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը՝ հիմնվելով փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքների վրա։ Յուրաքանչյուր երկրին տրվող գնահատականը հիմնված է կոռուպցիայի վերաբերյալ 13 հետազոտություններից և ուսումնասիրություններից ստացված տվյալների առնվազն 3 աղբյուրների վրա: Այս տվյալները հավաքում են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկը և Համաշխարհային տնտեսական ֆորումը: Որևէ երկրին տրված միավորը արտացոլում է պետական ​​հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Գնահատումն իրականացվում է  0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ կոռուպցիայի ընկալման մակարդակը շատ բարձր է, իսկ 100-ը՝ շատ ցածր։ Պետությունները նաև դիրքավորվում են «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացրած սանդղակում։ Ավելի շատ միավորներ ստացած պետությունները, բնականաբար, ավելի բարձր հորիզոնականներում են։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը նշում է, որ սանդղակում որևէ պետության դիրքը կարող է փոխվել այլ պետությունների նկատմամբ նաև այն պատճառով, որ ցանկում ընդգրկված պետությունների թիվը փոխվել է։ Հայաստանն, օրինակ, այս տարի 63-րդ հորիզոնականում է, անցած տարի՝ 58-րդ-ում էր։ «Այսպիսով, երկրում կոռուպցիայի մակարդակը գնահատելու տեսանկյունից պետության դիրքն այնքան կարևոր չէ, որքան միավորների քանակը»,- շեշտում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը։ Նշենք, որ լրագրողի հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի դիրքին, այլ կոռուպցիայի ընկալման համաթվին կամ, ավելի պարզ ասած, կոռուպցիայի ընկալման մակարդակի համար ստացած միավորին, որն այս տարի 46 է, նախորդ տարի 49 էր։ Հովիկ Աղազարյանի պնդումը ճիշտ կլիներ, եթե խոսքը վերաբերեր Հայաստանի դիրքին, բայց ստացած միավորների առումով մեր երկիրն այս տարի իրոք հետընթաց է գրանցել, և այդ հետընթացը ոչ մի կապ չունի այլ պետությունների ստացած միավորների հետ։ Երկու օր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ը նաև ներկայացրել էր Հայաստանի ստացած միավորները վերջին 10 տարիներին։ 2019-ից մեր միավորները սկսել էին բարձրանալ՝ 35-ից հասնելով 49-ի, իսկ այս տարի, փաստորեն, նվազել են։ Աղբյուրը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» Այսպիսով, Հովիկ Աղազարյանը մանիպուլյատիվ է ներկայացնում կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությունը, և Հայաստանն այս առումով իսկապես հետընթաց է գրանցել։   Աննա Սահակյան
17:50 - 02 փետրվարի, 2023
Երանգը չպետք է լինի այնպես, որ դա ինչ-որ արտառոց բան է, այդպիսի բաներ լինելու են․ Աղազարյանը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին |news.am|

Երանգը չպետք է լինի այնպես, որ դա ինչ-որ արտառոց բան է, այդպիսի բաներ լինելու են․ Աղազարյանը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին |news.am|

news.am: Իհարկե, չեմ հավատում, որ նրանք բնապահպաններ են եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ 2 օր առաջ ադրբեջանցիները փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ հայտարարվեց, թե նրանք բնապահպաններ են: «Եթե իրենք երկու շաբաթ անհանգստություն են ունեցել, որ այդ ճանապարհով զենք, զինամթերք է տեղափոխվել, ապա այդ հարցերը պետք է իրենք ճշգրտեն խաղաղապահ ուժերի հետ: Երկու կողմն էլ, եւ Արցախի մեր հայրենակիցները, եւ Ադրբեջանի քաղաքացիները եթե խնդիրներ ունեն, դրանք պետք է լուծվեն ռուս խաղաղապահների միջնորդությամբ եւ միջոցով: Պետք է նկատել, որ նմանատիպ սադրանքներ էլի կլինեն, որն ունի առնվազն երկու նպատակ: Նախ, որ անհարմարություն ստեղծեն մեր հայրենակիցների համար, որպեսզի մի օր փորձեն իրականացնել իրենց հեռահար նպատակը՝ հայաթափել Արցախը: Մենք պետք է նման սադրանքներին տանք համապատասխան եւ գնահատական, եւ արձագանք, եւ հենց ռուս խաղաղապահների մանդատի շրջանակներում լ լուծենք նմանատիպ միջադեպերի հետ կապված խնդիրները»,-ասաց նա: Աղազարյանի խոսքով, մինչեւ չգա այն պահը, որ միջազգայնորեն լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այդ միջադեպերը լինելու են. «Լավ է, որ լրագրողները նման միջադեպերը պահում են իրենց ուշադրության տակ, բայց դա ներկայացնելու մեջ երանգը չպետք է լինի այնպես, որ դա ինչ-որ արտառոց բան է, այդպիսի բաներ լինելու են»,-ընդգծեց իշխող ուժի պատգամավորը: Նա համաձայնեց տեսակետին, որ անկախ նրանից, Հայաստանի ԱԺ-ն կընդուներ ընդդիմության ներկայացրած հայտարարությունը, թե ոչ, Ադրբեջանը սադրանքների դիմելու է. «Այդ հայտարարությունը չընդունվեց, որովհետեւ այդտեղ կային ձեւակերպումներ, որոնք ամրագրելու դեպքում մենք բանակցային  գործընթացում նաեւ մեզ համակիր պետությունների համար որոշակի անհարմարություններ ենք ստեղծում: Եթե մենք այդ հայտարարության տեքստը փորձեինք սեղմել, տեղավորել շատ կարճ տեքստի մեջ, ապա այն պետք է լիներ հետեւյալը. Հայաստանի ԱԺ-ն ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը: Ուրեմն թող այդ տեսքով բերեին, դրանք համարժեք բաներ էին: Եթե դու այս պահին ճանաչում ես Արցախի անկախությունը, նշանակում է՝ դու փակում ես բանակցային գործընթացի  դռները ոչ թե Ադրբեջանի, այլ նաեւ միջնորդ երկրների հետ: Հետեւաբար, ճիշտ չէ, որ Հայաստանն այսօր ճանաչի Արցախի անկախությունը: Դա հասկանում են նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները, դրա համար էլ հենց այդ ձեւակերպումներով էին բերել»,-հայտարարեց Հովիկ Աղազարյանը:
15:53 - 05 դեկտեմբերի, 2022
Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանն առաջարկում են Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել:  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝  օրինագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Վիճակագրությունը և վերջին 3 տարիների դինամիկան ցույց են տալիս, որ 14 հազար դրամ տուրքը ժամանակին ճիշտ էր ընտրվել, որովհետև որքան էլ մեզ քննադատում էին, որ դրա հետևանքով տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն և կսնանկանան, իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին: Միայն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ: Դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Այս ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռը էականորեն մեծացել է: Խնդիրն այստեղ հետևյալն է, որ երբ մենք այդ ժամանակ առկա տվյալների հիման վրա որոշեցինք, որ տուրքի չափը պետք է սահմանենք 14 հազար դրամ, նպատակը ոչ թե տեղական արտադրողների համար արհեստական գերշահույթներ ապահովելն էր, այլ այնպես անելը, որ շուկան հավասարակշռվեր»: Ըստ Թունյանի՝ այսօր կա մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են, իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են․ «Եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի են ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»։
12:30 - 12 սեպտեմբերի, 2022
Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը

 |armenpress.am|

Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը քրեական ենթամշակույթը համարում է արդարադատության ստվերը, դրա դեմ պայքարելու համար կարևորում է ուժեղ, արագ արձագանքող արդարադատության համակարգ ունենալը: Վարդապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին: Աղազարյանը ներքին մարտահրավեր համարեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչն է սնուցում այդ երևույթին, ի՞նչ ճանապարհով պետք է գնալ՝ նվազեցնելու հասարակության վրա դրա  վնասները:   «Քրեական ենթամշակույթը արդարադատության ստվերն է: Եթե մարդն արդարություն չի տեսնում պետական ինստիտուտների կողմից, նա փնտրում է այլընտրանքներ: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ և արագ արձագանքող արդարադատության համակարգ՝ սկսած ոստիկանությունից, սկսած հաղորդումն ընդունելու պահից, սկսած ահազանգի պահից, հակառակ դեպքում՝ մարդը միշտ փնտրելու է այլընտրանք»,-ասաց Վարդապետյանը: Գլխավորի դատախազի թեկնածուն նկատեց՝ չլինի քրեական ենթամշակույթ, լինելու է դրան փոխարինող մեկ ուրիշ բան: Ուրեմն, պետք է լինի մի համակարգ, որն ընդունակ է վերականգնելու արդարության զգացումը: «Ես կարծում եմ,  որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռադիկալ մեթոդներն ՝ օրենքի փոփոխությամբ, հետապնդումների ձևով՝ բոլորը կարևոր են, բայց շատ ավելի կարևոր ու շատ ավելի խորը թաքնված քար կա, որը խանգարում է «գետի հոսանքին», դա անարդյունավետությունն է, որը երբեմն կարող է դրսևորել արդարադատության համակարգը և դրդել մարդուն՝ գնալ քրեական ենթամշակույթի: Եթե շատ պրիմիտիվացնենք երևույթն՝ ինչո՞ւ է մարդը գնում քրեական ենթամշակույթ կրող անձի մոտ, կհասկանանք, որ գնում է՝  իր անձի հետ կապված խնդրի լուծման համար: Պետք է վերացնել այս կապն, ու այդպես քրեական ենթամշակույթը կդառնա այլևս ոչ ակտուալ: Եթե մարդն ունի «դուռ», ունի տեղ, որտեղ գնալու է արդարություն հայցելու, քրեական ենթամշակույթի գոյության շանսերը գնալով քչանալու են: Միայն ուժեղ մինչդատական վարույթը և դատարանը կարող են այս հարցի դեմ պայքարել»,-եզրափակեց Վարդապետյանը:
15:21 - 29 հունիսի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացն առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան |tert.am|

Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացն առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան |tert.am|

tert.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է, և այստեղ մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակման քննարկմանը, թե որտեղ, ոնց, ինչ պատասխանատվությամբ, ինչ համամասնությամբ և ինչ հեռանկարներով այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ մեր շատ հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներ անհանգստություն ունեն, թե ինչու հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս ամբողջությամբ չավարտած՝ մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը: Բանն այն է, որ վաղվա  հանդիպումով չի քննարկվելու այդ գործընթացն ամբողջությամբ: Դա երկարատև պրոցես է, հետևաբար, գերիների վերադարձման ծանր գործընթացը, որը, կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, հետևաբար, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ:
15:12 - 27 հունվարի, 2021