Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Արթուր Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը |armenpress.am|

Արթուր Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, սառեցնելու է գործունեությունը կուսակցությունում: Մանուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հիշեցրեց, որ Արթուր Մանուկյանը կուսակցական է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընտրվելու դեպքում անկախ մարմնում այլևս չի կարող մնալ կուսակցական: Նա հետաքրքրվեց, թե Մանուկյանն ի՞նչ է անելու: «Եթե ընտրվում եմ, օրենքի պահանջով սառեցնում եմ կուսակցական իմ գործունեությունը: Նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից»,-ասաց Մանուկյանը: Թեկնածուն նշեց՝ գուցե ոմանց համար երդվելը ոչինչ չի նշանակում, իր համար անկեղծորեն շատ մեծ բան է  նշանակում՝ վստահեցնելով, որ եթե երդվի լինել անաչառ, ուրեմն լինելու է անաչառ:
11:18 - 21 հունվարի, 2022
ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը

 |armenpress.am|

ԱԺ-ում ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը: Մանուկյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Անդրադառնալով Մանուկյանի գործունեությանը՝ Ղազարյանը նշեց, որ 1997-2000 թթ թեկնածուն աշխատել է Ա1+  հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, 2001-2003 թթ «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2005-2007 թթ «Արմենակոբ» հեռուստաընկերությունում՝ կրկին որպես ռեժիսոր: Մի քանի թատրոններում Մանուկյանը եղել է որպես դերասան: Մանուկյանը 2015-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, 2019-ի սեպտեմբերից՝ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Նա 2016 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով:
19:24 - 20 հունվարի, 2022
Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|

Պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, դեղին մամուլը նույնպես մամուլ է. ՀՌԱՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ՀՀ մշակույթի առաջին նախարար Հակոբ Հակոբյանի (բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունը): «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՌԱՀ թեկնածու Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, եթե հեռուստաալիքների դեմ պետությունը փորձի բռնաճնշում իրականացնել ու փորձի կասեցնել լիցենզիան կամ հեռարձակումը, ո՞րն է լինելու իր դիրքորոշումը: Հակոբ Հակոբյանն արձագանքեց` քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն միանգամայն դեմ է: «Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել, ինչպես փակվել է սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը»,- ասաց նա: Նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց թեկնածուի քաղաքական հայացքներից, արդյոք իրեն համարում է անկուսակցական, թե՞ որոշակի քաղաքական կողմնորոշում ունի: «Ասում են արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, ես էլ 200 երգ գիտեմ, 200-ն էլ` պետության մասին: Ես պետականամետ մարդ եմ, չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները: Կարծում եմ` մինչև այսօր մենք պետություն չեք կառուցել, կամ չենք ուզեցել կամ հնարավորություն չի եղել, իսկ այսօր պետություն կառուցելու ռեալ հնարավորություն ունենք»,- արձագանքեց ՀՌԱՀ անդամության թեկնածուն: Պատգամավորն հստակեցրեց հարցը՝ հասկանալու համար ընդդիմադիր է, թե՞ ոչ: «Ես ընդդիմադիր եմ, որովհետև կարծում եմ 30 տարվա ընթացքում մեր երկրում պետության մոդելի մի կաղապար է ձևավորվել, որը բոլորիս մեջ էսպես թե էնպես կա: Ես կարծում եմ՝ եկել է մի իշխանություն, որն այդ մոդելին ընդդիմադիր է, և ես էլ, համակրելով այդ իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր»,- ասաց Հակոբյանը: Վարդևանյանը նաև անդրադարձավ թեկնածուի այն խոսքերին, որ տարիներ առաջ Հ/Ը է եթերազրկվել, ինչն իր համար անընդունելի է: Նա հարցրեց, թե արդյոք թեկնածուն գիտի վերջին չորս տարվա ընթացքում որևէ դեպքի մասին, երբ եթերազրկում է եղել: Հակոբյանն ասաց` չգիտի նման դեպքի մասին: Վարդևանյանը մանրամասնեց` Հ2 Հ/Ը-ը զրկվել է լիցենզիայից: «Ես տեղյակ չեմ, եթե նման բան է եղել, վատ բան է եղել, պետք չէ հեռուստաալիք կամ թերթ փակել, եթե իհարկե հանցագործ նպատակներ չեն հետապնդում: Դեղին մամուլը նույնպես մամուլ է, մեր մամուլը լիքն է դեղինով: Ես էն կարծիքին եմ, որ դա փակել պետք չէ, թող դեղինը դեղնի, վերջանա»,- եզրափակեց թեկնածուն:
17:56 - 20 հունվարի, 2022
Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով այժմ անցնում է ՀՀ-ն, առանձնահատուկ ուշադրություն պետք է նվիրվի մեդիա դաշտին՝ հենց թեկուզ այն պատճառով, որ բազմիցս և բազմաթիվ մասնագետների կողմից նշված է, որ տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաև պետության բերանն է, նաև ականջը»,-նշեց Հակոբյանը: Անդրադառնալով տեսալսողական դաշտի իր պատկերացումներին՝ նա ասաց. «Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ թե քաղաքական, թե հասարակական, տեղավորված են այդ դաշտում: Քաղաքական իմաստով ես առանձնապես մեծ խնդիրներ չեմ տեսնում»: Անդրադառնալով մեդիա դաշում իր նկատած խնդիրներին՝ նա նշեց. «Հեռուստատեսության մեջ մի շարք ալիքներ, չնայած կոռեկտությանը, չնայած նրան, որ տեղեկատվական դաշտի իրենց խնդիրները կատարում են, սակայն ստեղծվել են կամ կուսակցությունների, կամ կուսակցական լիդերների, կամ կուսակցական հնարավորությունների սահմաններում»,-ասաց նա:
16:03 - 20 հունվարի, 2022
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի եթերը «փակ» է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, ադրբեջանական անօրինականությունների մասին ՄԻՊ հայտարությունների համար․ Թաթոյան

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի եթերը «փակ» է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, ադրբեջանական անօրինականությունների մասին ՄԻՊ հայտարությունների համար․ Թաթոյան

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ «2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ (https://ombuds.am/am/site/ViewNews/2067): Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքներից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն: Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին: Սրանով, ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում . այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ: Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը: Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ: Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։ Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն: Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»:
11:15 - 13 հունվարի, 2022
ՀՌՀ նախագահն առաջարկում է հեռուստաընկերությունների համար «Գովազդի մասին» օրենքի կիրառումը հետաձգել 1-2 տարով |armenpress.am|

ՀՌՀ նախագահն առաջարկում է հեռուստաընկերությունների համար «Գովազդի մասին» օրենքի կիրառումը հետաձգել 1-2 տարով |armenpress.am|

armenpress.am: «Գովազդի մասին» օրենքի կտրուկ փոխելը բացասաբար կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բովանդակության որակի վրա։ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ «Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և մեր հանձնաժողովի վերլուծությունները ցույց են տալիս, որ շահումով խաղերի գովազդի եկամտի տեսակարար կշիռը 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։  Որոշ հեռուստառադիոընկերություններում շահումով խաղերի գովազդներից ստացած եկամուտները կազմում են մինչև 15 տոկոս։Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020 թվականին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ, երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»,-ասաց նա։ Ըստ ՀՌՀ նախագահի՝ հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները և հաճախություններ օգտագործող ռադիոընկերությունները բավական մեծ ծախսեր ունեն՝ համեմատած ինտերնետ հեռարձակողների կամ կայքերի հետ․ ազդանշան տարածելու բավականին մեծ ծախսեր, հարկեր և այլն։ «Այդ պարագայում, երբ հանրային մուլտիպլեքսի էությունն այն է, որ նրանք կարողանան փող գեներացնել և պատրաստել հանրօգուտ հաղորդումներ, հիմա այդպիսի սահմանափակում մտցնելը, ես կարծում եմ, շատ չմտածված քայլ է»,-ասաց նա։ Հակոբյանը նշեց, որ գովազդի մասին օրենքը արմատական փոփոխության կարիք ունի, այն հետ է ընկել այսօրվա տեխնիկական ամբողջ միջավայրից։ «Մեր առաջարկն է, որ հաշվի առնելով այս մի քանի հանգամանքն ու տասնյակ այլ գործոններ, հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունների համար այս օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ կարողանան պատրաստվել, հայթայթել եկամուտների նոր աղբյուրներ»,- եզրափակեց Հակոբյանը։
16:09 - 09 նոյեմբերի, 2021
Առաջարկում ենք հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար Գովազդի մասին օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով․ ՀՌՀ նախագահ |tert.am|

Առաջարկում ենք հանրային մուլիտիպլեքսում գործող ընկերությունների համար Գովազդի մասին օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով․ ՀՌՀ նախագահ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և եթե այստեղ բերվում են 2019-ի տվյալները շահումով խաղերի գովազդի տեսակարար կշռի մասին, ապա մեր վերլուծություններով այն 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։ Այս մասին ԱԺ-ում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ որոշ հեռուստառադիոընկերություններում գովազդային մուտքերի՝ շահումով խաղերից ստացվածները կազմում են մինչև 15 տոկոս։ «Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստա և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020-ին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են իրենց հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ՝ երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»,- ասաց նա։ Ըստ ՀՌՀ նախագահի՝ օրենքի ընդունումից ընդամենը մեկ տարի հետո խաղի կանոններն այդպես կտրուկ փոխելը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բացասաբար կազդի բովանդակության որակի վրա։ Շարունակությունը՝ tert.am-ում։
13:32 - 09 նոյեմբերի, 2021
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին

Դեռևս 2020 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին անդամակցելու նպատակով և սկսել անդամակցության գործընթացները։ Այս մասին հաղորդում է ՀՌՀ-ն: Հոկտեմբեր ամսին կայացել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի հերթական նիստը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Հանձնաժողովը։ Նիստից հետո Հայաստանի անդամակցության հարցով տեղի է ունեցել քվեարկություն և ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայաստանը ընտրվել է հարթակի լիիրավ անդամ։   Նշենք, որ Հարթակը ստեղծվել է 1997 թվականին Ֆրանսիայի և Կատալունիայի (Բարսելոնա) առաջարկով, նպատակ ունենալով ամրապնդելու Միջերկրածովյան երկրների միջև պատմական և մշակութային կապերը, հնարավորություն ստեղծելու տարածաշրջանի անկախ կարգավորող մարմիններին տեսալսողական մեդիայի կարգավորմանը վերաբերող թեմաների ուսումնասիրության և փորձի փոխանակման համար: Հարթակին անդամակցում է 26 երկիր, իսկ նոյեմբերի 5-ից նաև Հայաստանը։
15:23 - 05 նոյեմբերի, 2021
Ռադիոյի մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի խնդրահարույց գնահատականները

Ռադիոյի մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի խնդրահարույց գնահատականները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մրցույթ էր հայտարարել մայրաքաղաք Երևանում և Արարատի մարզում ռադիոյի հեռարձակման լիցենզավորում տրամադրելու համար։ Մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթը միանգամից երեք հաճախականությունների համար էր (93․2, 96․3 և 99․7 ՄՀց):  ՀՌՀ-ի՝ օգոստոսի 13-ի նիստում ամփոփվեցին մրցույթի արդյունքները։ Մայրաքաղաքային սփռման 93․2 ՄՀց հաճախանականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար դիմել էր 4 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Զարկ մեդիա» ՍՊԸ։  Այս մրցույթում հաղթել է  «Զարկ մեդիան»։ 96․3 ՄՀց  հաճախականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար դիմել էր 3 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ։ Մրցույթում հաղթել է «Հիբրիդ բրոդքասթինգ» ընկերությունը։ 99․7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման համար դիմել էր 5 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Էֆ-Էմ» ՍՊԸ, «Հոուփ մեդիա» ՍՊԸ։ Այս մրցույթում հաղթել է «Էֆ-Էմ» ընկերությունը։ Ինչպես տեսնում ենք, «Շարկ» ՍՊԸ-ն, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ-ն և «։Բուն» գիտամշակութային հիմնադրամը դիմել են միանգամից 3 հաճախականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար մրցույթներին։ ՀՌՀ անդամները (Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ), Հայկ Քոթանյան, Վլադիմիր Օհանյան, Դավիթ Ամալյան, Կորյուն Առաքելյան, Արմեն Մկրտչյան, Ռոլանդ Շառոյան), ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների հայտերը, գնահատել են նրանց՝ ըստ մի քանի չափանիշների սեփական արտադրության հաղորդումների գերակայություն,  հայերեն հաղորդումների գերակայություն, բազմակարծությունը խթանելու կարողություն, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայություն։ Այն դեպքերում, երբ մրցույթին մասնակցողը  լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է, գնահատելիս հաշվի է առնվում նաև մասնակցի գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը։ ՀՌՀ-ից խնդրել էինք մեզ տրամադրել լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը, ինչպես նաև հանձնաժողովի անդամների վարկանիշային գնահատման արդյունքները։ ՀՌՀ-ից մեզ չեն տրամադրել միայն մրցույթի մասնակիցների ֆինանսական միջոցների և աշխատակազմի պատրաստավածության մասին տվյալները, քանի որ, ինչպես նշել է հանձնաժողովը, այդ տվյալները պարունակում են աձնական, բանկային և առևտրային գաղտնիք։ «Շարկ» ՍՊԸ-ն, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ-ն և «։Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որոնք դիմել էին երեք հաճախականությունների մրցույթների համար, իրենց ներկայացրած միևնույն ծրագրերի համար երեք մրցույթներում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից և ՀՌՀ անդամ Դավիթ Ամալյանից ստացել են տարբեր գնահատականներ։  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն, օրինակ, «։Բուն» հիմնադրամին սեփական արտադրության հաղորդումների գերակայության համար մի դեպքում գնահատել է 19, երկու դեպքում՝ 11, հայերեն հաղորդումների գերակայության համար մի դեպում՝ 19, մի դեպքում՝ 14, մի դեպքում՝ 13, բազմակարծության համար մի դեպքում՝ 17, մի դեպքում՝ 9, մի դեպքում՝ 10, տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների համար մի դեպքում՝ 12, երկու դեպքում՝ 15, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության համար մի դեպքում 13, երկու դեպքում՝ 16, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության համար մի դեպքում՝ 18, երկու դեպքում՝ 11։ Փոփոխություններ եղել են նաև «Հիբրիդ փրոդքասթինգի» գնահատականներում։ «Շարկ» ՍՊԸ-ի գնահատականները Տիգրան Հակոբյանը թողել է անփոփոխ։  Դավիթ Ամալյանը մրցույթների ժամանակ երեք ընկերությունների գնահատականներն էլ փոխել է։ Ստորև կարող եք տեսնել ՀՌՀ բոլոր անդամների՝ երեք ընկերություններին տված գնահատականները, ինչպես նաև Տ․ Հակոբյանի և Դ․ Ամալյանի գնահատականների փոփոխությունները։     ՀՌՀ-ից պարզաբանում էինք խնդրել, թե ինչու են որոշ դեպքերում միևնույն ծրագրերը տարբեր կերպ գնահատվել։ Հանձնաժողովից պատասխանել են, որ այս մասնակիցները, քանի որ միանգամից երեք մրցույթի համար են դիմել, գնահատվել են յուրաքանչյուր մրցույթում ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի համադրման և համեմատության արդյունքում։ Առաջին մրցույթին, բացի նշված երեք ընկերություններից, մասնակցել է «Զարկ մեդիա» ՍՊԸ-ն, երկրորդ մրցույթի միակ մասնակիցները եղել են երեք ընկերությունները, երրորդ մրցույթին այդ երեքի հետ մասնակցել են նար «Հուփ մեդիա» և «Էֆ-Էմ» ընկերությունները։ Եթե, ինչպես նշված է ՀՌՀ-ի պատասխանում, միևնույն մասնակիցները տարբեր մրցույթներում գնահատվել են ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի համադրման և համեմատության արդյունքում, ապա հարց է առաջանում, թե ինչու երեք ընկերությունների գնահատականները չեն փոխվել համամասնորեն այն դեպքում, երբ նրանք միասին են մասնակցել բոլոր մրցույթներին, իսկ առաջին ու երրորդ մրցույթների ժամանակ ավելացել են նոր մասնակիցներ։ Տիգրան Հակոբյանն, օրինակ, «Շարկ» ՍՊԸ-ի գնահատականներն անփոփոխ է թողել երեք մրցույթների ժամանակ, «Հիբրիդ բրոդքասթինգ» ՍՊԸ-ի գնահատականներում կատարել է 1 կամ 2 միավորի փոփոխություն, իսկ «։Բուն» հիմնադրամի գնահատականներում եղել են 3-8 միավորի տատանանումներ։։ Դավիթ Ամալյանի գնահատականներում կտրուկ փոփոխություններ չեն եղել, սակայն նրա դեպքում ևս երեք ընկերությունների գնահատականները համամասնորեն չեն փոխվել։ ՀՌՀ անդամների գնահատականներում հստակ չէ ևս մի դրվագ։ Մրցույթի մասնակիցներից «Էֆ-էմ» ընկերությունն իր ծրագրում նշել է, որ իրենց մոտ գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։ «Հոուփ մեդիա»-ն ծրագրում նշել է, որ իր բոլոր հաղորդումներն են լինելու սեփական արտադրության։ ՀՌՀ բոլոր անդամները «Էֆ-էմ»-ին տվել են ավելի բարձր գնահատականներ (ըստ ՀՌՀ անդամների հերթական համարների՝ 18, 18, 18, 18, 17, 17, 17), քան «Հոուփ մեդիային» (գանահատկանները՝ 16, 15, 17, 16, 16, 16, 16)։ «Էֆ-էմ» ընկերությանը հայերեն հաղորդումների գերակայության համար ՀՌՀ անդամներից 6-ը (Տիգրան Հակոբյան, Հայկ Քոթանյան, Վլադիմիր Օհանյան, Դավիթ Ամալյան, Կորյուն Առաքելյան, Ռոլանդ Շառոյան) ամենաբարձր գնահատականներն են տվել (17, 18, 19, 19, 17, 18)։ Սա այն դեպքում, երբ այս ընկերությունն իր ծրագրում նշել է միայն, որ իր հաղորդուներում գերակշռելու են սեփական և հայրենական (նույնն է՝ հայերենով) հաղորդումները, իսկ, օրինակ, «Հոուփ մեդիա»-ն նշել է, որ իր հաղորդումների 80%-ն է լինելու հայերենով։  Հանձնաժողովը, սեփական արտադրության հաղորդումների գնահատման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, նշել է․ «Հոուփ մեդիա» ՍՊ ընկերության ներկայացրած փաստաթղթերում թեպետ նշված է, որ բոլոր հաղորդումները իրենք են ստեղծում, սեփական արտադրության են, սակայն նշվել է նաև, որ հաղորդումների 20%-ը լինելու է ռուսերենով՝ գործընկեր ռադիոալիքների նմանատիպ հաղորդաշարեր»: Ինչ վերաբերում է հայերեն հաղորդումների գերակայության համար «Էֆ-էմ» ընկերությանն ամենաբարձր գնահատականներ տալուն, խնդրել էինք ՀՌՀ-ին մեկնաբանել, թե թվային ինչ արժեքով են ընկալել «հաղորդումները գերակշռելու են» ձևակերպումը և ինչպես են այդ ձևակերպումն այլ ընկերության նշած «80% հայերեն հաղորդումներ» ձևակերպման հետ համեմատել։ ՀՌՀ-ն չէր պատասխանել մեր հարցին՝ խնդրելով «բառերի իմաստային բացատրության համար դիմել Լեզվի կոմիտե»։ Այս պատասխանից հետո մենք դիմեցինք Լեզվի կոմիտե՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք «գերակշռել» բառը թվային/տոկոսային արտահայտություն կարո՞ղ է ունենալ, և որքան կարող ենք հասկանալ, երբ ասում ենք՝ որևէ բան գերակշռում է։ Լեզվի կոմիտեից մեզ հայտնեցին, որ «գերակշռել» բառը «տոկոսային արտահայտություն» ունենալ չի կարող։ Այն որոշակի թիվ չի նշանակում և «թվային արտահայտություն» չունի։ Համաձայն Լեզվի կոմիտեի պատասխանի՝ երբ, դիցուք, ասում ենք՝ «Դրսում գերակշռում են սև ավտոմեքենաները», կարող ենք հասկանալ, որ սև է ավտոմեքենաների, օրինակ 70, 80 կամ 90 տոկոսը։ Այս բառը երբեմն գործածվում է նաև պարզապես մեծ մաս լինելու, մեծամասնություն կազմելու դեպքում։ Այսպիսով, եթե փորձենք համեմատել  «Հոուփ մեդիայի» նշած 80%-ն ու «Էֆ-էմ»-ի նշած «գերակշռելը», չենք կարող ասել, թե որ դեպքում են հայերեն հաղորդումներն ավելի շատ լինելու, քանի որ գերակշռելը կարող է 80%-ից և՛ ավելի լինել, և՛ պակաս։ Այս հարցը, ինչպես նաև Լեզվի կոմիտեի պատասխանն ուղարկեցինք ՀՌՀ՝ խնդրելով լրացուցիչ մեկնաբանություն, և կրկին ստացանք այն պատասխանը, որ «Էֆ-էմ»-ի ծրագրում հակասություն է եղել․ նշվել է, որ հաղորդումների 100%-ը լինելու է սեփական արտադրության, բայց 20%-ը լինելու է ռուսերենով՝ գործընկեր ռադիոալիքների նանատիպ հաղորդաշարեր։ Իսկ հայերեն հաղորդումների գնահատականների վերաբերյալ մեկնաբանություն ՀՌՀ-ն կրկին չէր տվել։ «Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՌՀ անդամների կողմից գնահատականները տրվում են յուրաքանչյուր չափորոշիչի վերաբերյալ ծրագրում ներկայացված դրույթների ընդհանուր համատեքստում»,- հավելել էր հանձնաժողովն իր պատասխանում։   Գլխավոր լուսանկարը՝ ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
16:55 - 22 հոկտեմբերի, 2021
Հայտնի են ՀՀԽ անդամների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի հաղթողների անունները

Հայտնի են ՀՀԽ անդամների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի հաղթողների անունները

Հոկտեմբերի 12-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամներ: Ինչպես հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովի 5 անդամներն են ՀՀ մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ, բանաստեղծ (մրցութային հանձնաժողովի նախագահ) Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես), Արտյոմ Երկանյան՝ հեռուստամեկնաբան, հաղորդավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ, «Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ» ՊՈԱԿ֊ի տնօրեն,արվեստագիտության թեկնածու Նիկոլայ Կոստանդյանը, Հայաստանի ազգային ռադիոյի և կինոկենտրոնի  դիզայներ, Երևանի տոնահանդիսությունների և Մոսկվայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ Աշոտ Համբարձումյանը, Հայաստանի (ցանցային) օպերատորների միության նախագահ Քրիստինե Գյոնջյանը: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝ Ամասիա Հովհաննիսյանը, Վանիկ Խեչոյանը, Վասակ Դարբինյանը, Իրինա Բարսեղյանը, Միքայել Յալանուզյան, Վարուժան Օլքինյանը, Շամիր Շախիրյանը, Հովհաննես Երանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արման Վարդանյան, Գագիկ Գինոսյանը: Մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Վանիկ Խեչոյանը ստացել է 1, Վասակ Դարբինյանը՝ 3, Վարուժան Օլքինյանը՝ 4, Հովհաննես Երանյանը՝ 1 և Գագիկ Գինոսյանը՝ 1 կողմ ձայն: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակիցների՝ Վասակ Դարբինյանի և Վարուժան Օլքինյանի մասին որոշումները կներկայացվեն ՀՀ վարչապետի հաստատմանը:
17:28 - 12 հոկտեմբերի, 2021
ՀՌՀ-ն վարկանիշային քվեարկության միջոցով ընտրել է լսողական ծրագրերի մրցույթի հաղթողներին

ՀՌՀ-ն վարկանիշային քվեարկության միջոցով ընտրել է լսողական ծրագրերի մրցույթի հաղթողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու, լսողական ծրագրի 93.2, 96.3 և 99.7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման և ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթների մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովը, առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ, հաստատված կարգի դրույթներով որոշեց 2021 թվականի օգոստոսի 13-ին հայտարարել լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: Այնուհետ անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերին Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրել են հաղթողներին: Մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի մասնակցության համար «ՇԱՐԿ», «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ընկերությունները և «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը միաժամանակ հայտ էին ներկայացրել մայրաքաղաքային 93.2, 96.3 և 99.7 ՄՀց, «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ»-ն՝ 93.2 ՄՀց, իսկ «Էֆ-Էմ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ընկերությունները՝ 99.7 ՄՀց հաճախականությունների օգտագործման մրցույթի մասնակցության համար: ՀՀ Արարատի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթի մասնակիցության համար հայտ էր ներկայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը: Վարկանիշային քվեարկության արդյունքում լսողական ծրագրի լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողներ ճանաչվեցին 93.2 ՄՀց հաճախականության օգտագործման համար առավելագույն միավորներ հավաքած «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ», 96.3 ՄՀց՝ «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» և 99.7 ՄՀց՝ «Էֆ-Էմ» ընկերությունները, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ «Էֆ ԹիՎի» ընկերությունը:
15:34 - 13 օգոստոսի, 2021
ՀՌԱՀ 2 անդամները բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ |uic.am|

ՀՌԱՀ 2 անդամները բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ |uic.am|

uic.am: Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվելու իրավունք էին ստացել «Արմենիա թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «A TV», «Կենտրոն թիվի» հեռուստաալիքները: Իսկ մայրաքաղաքում հեռարձակվելու են «5-րդ ալիքը», «Արմնյուզը», «Առփի մեդիան», Freenews-ը, «Դար 21»-ը և  «Նոր Հայաստանը»: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց էր մնացել, քանի որ մրցույթի միակ մասնակից «Շանթ սպորտը» չէր հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը, 2021-ի ապրիլի 4-ին ՀՌԱՀ-ը նոր մրցույթ հայտարարեց այդ տեղի համար։ Մրցույթին մասնակցելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով հայտեր ներկայացրեցին «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները։ Նշենք, որ «Փաստինֆո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրը նախկին գլխավոր դատախազ ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի նախկին խորհրդական Սոնա Տռուզյանն է։ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հիմնադրվել է 2000 թվականին, 50%-ի բաժնետերը Նատալյա Մարտինյանն է, մյուս 50%-ը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։ Մայրապետյանը բաժնեմաս ունի նաև Ռոբերտ Քոչարյանի որդու հետ կապվող «Տոյոտա Երևան» ընկերությունում։ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, թեև ունի համապետական սփռման՝ բոլորիս հայտնի սլոթ, բայց նաև դիմել էր մայրաքաղաքային սփռման լրատվական հեռուստաալիք հիմնելու հայտով: Մրցույթի արդյունքում հաղթել է Հանրայինը, իսկ Հ2-ը զրկվել է եթերից: Մենք ուսումնասիրել ենք հանձնաժողովի անդամների՝ հայտ ներկայացրած ընկերություններին տրված գնահատականները՝ հասկանալու, թե որքանով են մրցույթի արդյունքներն օբյեկտիվ։ Գնահատման կարգը Անդրադառնալով ՀՌԱՀ-ում հայտերի գնահատմանը՝ նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտ ներկայացրած ընկերությունները գնահատում է հաշվի առնելով հետևյալ 7 կետերը՝ մեդիածառայություն մատուցողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագիրը, ֆինանսական աղբյուրների հիմնական փաստաթղթերը, օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալները, աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ տեղեկությունները, էթիկայի կանոնագիրը, էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը։ Մրցույթի արդյունքում հանձնաժողովն ամենաբարձր միավորները տվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ ընդհանուր 646 միավոր, Հ2-ը ստացել էր 635 միավոր, իսկ «Փաստինֆոն»՝ 595 միավոր։ Ընկերությունների ներկայացրած հայտերը գնահատում է հանձնաժողովը՝ 20 բալանոց համակարգով։ Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում ՀՌԱՀ-ի 6 անդամները՝ Արմեն Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Ռոլանդ Շառոյանը, Վլադիմիր Օհանյանն ու ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Լուսանկարը՝ ՀՌԱՀ-ի էջից Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվել է մեկական գնահատման թերթիկ՝ իր համարով։ Այսպիսով, հանձնաժողովի անդամները քվեարկել են հետևյալ համարների ներքո՝ 1. Վլադիմիր Օհանյան, 2. Կորյուն Առաքելյան, 3. Արմեն Մկրտչյան, 4. Դավիթ Ամալյան, 5. Տիգրան Հակոբյան, 6. Հայկ Քոթանյան, 7. Ռոլանդ Շառոյան։ Հասկանալու համար, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամների գնահատականներն օբյեկտիվ էին, ՀՌԱՀ-ին խնդրել էինք առանձին տրամադրել յուրաքանչյուր չափորոշիչի համար գնահատման արդյունքները, ինչպես նաև վերը նշված 7 կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները։ Սեփական արտադրության գերակայությունը «Փաստինֆո» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ հաղորդացանցում ներառված հաղորդումների 80%-ը կազմելու էին սեփական արտադրության հաղորդումները, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» նշել էր, որ հեռուստադիտողի պահանջմունքները բավարարելու նպատակով զգալիորեն ավելացրել է սեփական արտադրության հաղորդումների ծավալը՝ հասցնելով այն մոտ 80%-ի, իսկ ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը, ապա 2020 թվականի տվյալներով՝ սեփական արտադրության հաղորդումներն արդեն իսկ կազմել են 85%-ը։ Ստացվում է, որ սեփական արտադրության հաղորդումների գերակայության մասով ամենալավ ցուցանիշները Հանրային հեռուստաալիքն է ապահովել (ընդ որում՝ ոչ թե խոստանում է, այլ արդեն ապահովել է)։ Չնայած դրան, 3-րդ և 4-րդ թվանշանի ներքո քվեարկած հանձնաժողովի անդամները` Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը, Հանրային հեռուստաընկերությամբ սեփական արտադրության գերակայությունը գնահատել են, համապատասխանաբար, 17-ական միավոր, փոխարենը՝ 18-ական միավոր են տվել «Փաստինֆո» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերություններին։ Ընդ որում՝ հատկանշական է այն հանգամանքը, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրել է, որ թեև «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» նշել է սեփական արտադրության հաղորդումների գերակայության մասին, այնուամենայնիվ, ընկերությունը դեռ 2010 թվականի մրցութային հայտով էր պարտավորվել վերջին երկու տարիներին՝ 2019 և 2020 թվականներին ապահովել, համապատասխանաբար, 99.3% և 98.8% ծավալով հայրենական արտադրության հաղորդումներ և 80.7% և 80.2% ծավալով սեփական արտադրության հաղորդումներ, սակայն 2019 և 2020 թվականների համար փաստացի հեռարձակման ծավալները կազմել են, համապատասխանաբար, 58.2 % և 61.3% հայրենական արտադրության հաղորդումներ, իսկ 80.1% և 68.3%-ը՝ սեփական արտադրության հաղորդումներ: Այսինքն, անգամ իր կողմից ստանձնած պարտավորությունը «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» չի պահպանել: Նկատենք, որ հանձնաժողովի մյուս անդամները, միջինում, այս ցուցանիշով Հանրայինը գնահատել են 18 միավոր, Հ2-ը՝ 14 միավոր, իսկ «Փաստինֆոն»՝ 13 միավոր: Հայերեն հաղորդումների գերակայությունը «Փաստինֆո» ՍՊԸ-ն նշել էր, որ հաղորդումների ամսական ընդհանուր ժամաքանակի 90%-ը կազմելու են հայերեն հաղորդումները։ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» ընդգծել էր, որ կարևորելով արտասահմանյան կոնտենտի առկայությունը եթերում՝ միշտ կարևորվել է օրենքի պահանջին համապատասխան ծավալով այն հայերեն թարգմանված մատուցելը, և որ ֆիլմերի կրկնօրինակումը կատարվում է որակյալ, որը սկզբունք է, որպեսզի չվնասվի մեդիա կոնտենտի օրիգինալը, իսկ որպես թարգմանության ոչ ենթակա արտադրանք նշվել են արտասահմանյան համերգներն ու տեսահոլովակները։ Սակայն ՀՌԱՀ-ի կողմից եթերի փաստացի դիտարկման համաձայն, 2019 և 2020 թվականներին հեռարձակված, համապատասխանաբար, 190 ֆիլմերից միայն 6-ը և 181 ֆիլմերից միայն 10-ն է հեռարձակվել հայերեն: «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» 2019 և 2020 թթ․ յուրաքանչյուր տարվա կտրվածքով հեռարձակված հաղորդումների առնվազն 98%-ը կազմել են հայերեն հաղորդումները։ Այս դեպքը միակն է, երբ հանձնաժողովի բոլորն անդամներն ամենաբարձր միավորները տվել են Հանրայինին: Այդուհանդերձ, հանձնաժողովի անդամներից Արմեն Մկրտչյանը նույն գնահատականն է տվել և՛ «Փաստինֆոյին», և՛ Հ1-ին՝ 19 միավոր, Հ2-ում հայերեն հաղորդումների գերակայության վերաբերյալ չափորոշիչը Արմեն Մկրտչյանը գնահատել է 18 միավոր: Հանձնաժողովի մյուս անդամներն իրենց քվեարկությամբ հստակ ընդգծել են Հանրայինում`հայալեզու հաղորդումների գերակայությունը՝ տալով Հանրայինին միջինում 19 միավոր, իսկ Հ2-ին և «Փաստինֆոյին»՝ միջինում 14-ական միավոր: Բազմակարծությունը խթանելու կարողությունը Այս դրույթի վերաբերյալ «Փաստինֆոն» նշել էր միայն, որ երաշխավորելու է կարծիքների արտահայտման ազատությունը: «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բազմակարծությունը ապահովելու էր լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական ծրագրերի, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի միջոցով։ Ընկերությունն ընդգծել էր նաև, որ անցած ավելի քան 20 տարիների ընթացքում հեռուստաընկերությունն ապացուցել է իր՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը, ինչպես նաև բազմակարծությունը խթանելուն են ուղղված եղել «Լրաբեր», «Խոսքի իրավունք», «Պրոֆֆակտ», «Ժողովրդի ձայն», «Հետաքննություն», «Չէին սպասում», «Զրույց Գայանե Փայտյանի հետ», «Համով զրույց», «Ինչ է ուզում կինը», «Ճանապարհ դեպի քեզ», «Մագավտո պլյուս», «Մի մեդալի պատմություն», «Պերսոնա» հաղորդաշարերը։ Ինչ վերաբերվում է Հանրայինին, ապա «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» բազմակարծությունն ապահովելու է հասարակական-քաղաքական հաղորդումների, Հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների, Հանրային կարծիքի ներկայացման, ինչպես նաև տեղեկատուների, հարցազրույցների, բանավեճերի, վերլուծությունների, մասնագիտական կարծիքների և քննարկումների միջոցով: Այս չափորոշիչի գնահատման առումով ոչ միայն կարևոր են զուտ խոստումները, այլ նաև այն, թե նախկինում որքանով են իրագործվել դրանք: ՀՌԱՀ-ը նշված երեք հեռուստաալիքները դիտարկել է 2020 թվականի հունիսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը և արձանագրել, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» բազմակարծությունը խթանելու կարողությունը բավարար չէ, իսկ «Հայաստանի Հանրային հեռուստաալիքը» ունի բավարար կարողություն բազմակարծության խթանման համար: ՀՌԱՀ-ի դիտարկման հետ դարձյալ համաձայն չեն եղել հանձնաժողովի անդամներ Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը։ Նրանք Հանրային հեռուստաընկերության՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը գնահատել են 5 և 8 միավորներով։ Արմեն Մկրտչյանը 17-ական միավոր է տվել մյուս երկու ընկերություններին, իսկ Դավիթ Ամալյանը 18-ական միավոր է տվել «Փաստինֆոյին» և «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»։ Այլ կերպ ասած, ըստ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի, «Փաստինֆոն» ու Հ2-ը ավելի քան եռապատիկ ավելի մեծ կարողություն ունեն բազմակարծության ապահովման, քան Հանրայինը: Իսկ Դավիթ Ամալյանն այս տարբերությունը գնահատել է 2․5-ապատիկ: Տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները Որպես ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր՝ «Փաստինֆոն» ներկայացրել էր ներդրում կատարելու մտադրության մասին գրություն, գովազդային ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքելու մտադրության մասին հինգ գրություն, ծառայությունների վճարովի մատուցման երեք պայմանագիր: Ընկերությունը ներկայացրել էր նաև ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը՝ նշելով դրանց ընդհանուր արժեքը, որը կազմում է 190 մլն դրամ: Սակայն ներկայացված փաստաթղթերը գնահատելիս հանձնաժողովն արձանագրել է, որ «Փաստինֆո» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերությունների կողմից ներկայացված պայմանագրերից մի մասի ժամկետները լրացել են։ Հ2-ը ներկայացրել էր անշարժ գույքի սեփականության վկայական, տեղեկանք և գրություն՝ կատարված և կատարվելիք ներդրումների մասին, հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին, գովազդային ծառայությունների, ծառայությունների վճարովի մատուցման, համագործակցության և լիցենզիոն մի շարք պայմանագրեր։ Այս ընկերության դեպքում էլ ՀՌԱՀ-ն արձանագրել էր, որ որոշ պայմանագրերի ժամկետների վերաբերյալ տվյալները բացակայում են, պայմանագրերի մի մասը կնքված և ստորագրված է միակողմանի՝ միայն հեռարձակողի կողմից։ Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված տեխնիկայի մասին տվյալների ուսումնասիրությունից հանձնաժողովն արձանագրել էր, որ սերվերը և արբանյակի համար սարքավորումները նոր են՝ 2017-2020 թվականների, իսկ հիմնական աշխատանքային տեխնիկան հին է՝ 2001-2014 թվականների: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» ներկայացրել էր տեղեկանք բանկի կողմից՝ ֆինանսավորման պատրաստակամության մասին: Նշվել էր լրատվական նոր տեսալսողական ծրագրի գործարկման համար անհրաժեշտ գումարի չափը, որը Հանրայինը կհատկացնի իր տարեկան բյուջեից: Ներկայացվել էր նաև բյուջեի ընդհանրացված բացվածքը: Հավելենք, որ կառավարության 2021 թ․ ապրիլի 15-ի թիվ 570-Ն որոշմամբ Հանրային հեռարձակողը լրացուցիչ ֆինանսավորում է ստացել: Չնայած Հանրայինի տեխնիկական և ֆինանսական ակնհայտ առավելությանը, այնուամենայնիվ, հանձնաժողովի նույն անդամները` Արմեն Մկրտչյանը և Դավիթ Ամալյանը, այս ցուցանիշով դարձյալ ցածր էին գնահատել Հանրայինը՝ փոխարենն անհասկանալի կերպով բարձր գնահատականներ տալով մյուս երկու ընկերություններին։ ՀՌԱՀ-ի վերը նշված երկու անդամները Հանրայինի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները գնահատել են, համապատասխանաբար, 10 և 14 միավոր, «Փաստինֆոյինը»՝ 17 և 19, իսկ Հ2-ինը՝ 17 և 18։ Նկատենք, որ հանձնաժողովի մյուս անդամները, միջինում, այս ցուցանիշով Հանրայինը գնահատել են 17, Հ2-ը՝ 16, իսկ «Փաստինֆոն»՝ 13 միավոր: Թեև այստեղ հարկ է նկատել, որ ժողովրդավարական հասարակությունում պետության կողմից լրատվամիջոցների ուղիղ ֆինանսավորումը կարող է խնդրահարույց լինել, այդուհանդերձ, դա քննարկման առանձին հարց է: Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը Աշխատակազմի վերաբերյալ ընկերությունները ներկայացրել էին հետևյալ տվյալները. «Փաստինֆո»՝ 20 անձ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»՝ 119 անձ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»՝ 170 անձ: Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներից Արմեն Մկրտչյանը գտել էր, որ Հանրայինի աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը բավարար չէ, արդյունքում «Փաստինֆոյին» տվել էր 16 միավոր, Հ2-ին՝ 18, իսկ Հանրայինին տվել էր ամենացածր միավորները՝ 12։ Այսինքն, ըստ Արմեն Մկրտչյանի, Հանրայինի՝ 170 անձանցից կազմված աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն ավելի ցածր էր, քան՝ «Փաստինֆոյի» 20 անձանցից կազմված աշխատակազմինը։ Հանձնաժողովի մյուս անդամները «Փաստինֆոն» գնահատել են միջինում 13 միավոր, Հ2-ի և Հ1-ի աշխատակազմի պատրաստվածությունը գնահատել են միջինում 17 միավոր։ Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության վերաբերյալ գնահատականներն ամենահակասականն էին։ Այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆո» ընկերությունը նշել էր, որ նախատեսում է հաղորդումների միջոցով հնարավորություն ստեղծել առնչվելու մշակութային արժեքներին, անդրադառնալ մշակութային խնդիրներին, մշակել հեղինակային ծրագրեր։ Հաղորդացանցը համալրվելու էր արտասահմանյան արտադրողներից գնված պատմական, մշակութային, գեղարվեստական ֆիլմերով: Մշակույթի տարբեր ներկայացուցիչների աշխատավայրերում նկարահանվելու էր «Արվեստանոց» հաղորդաշարը: Ընկերության հաղորդացանցում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները կկազմեին շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Նշենք, որ oրենքով արդեն իսկ ամրագրված է, որ հեռարձակողների ծրագրերում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Այսինքն, ընկերությունն ընդամենը պարտավորվում է ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը: Հ2-ը նշել էր, որ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը ներդրված են լինելու նախ և առաջ լրատվական թողարկումներում՝ հեղինակային ռեպորտաժների և իրադարձային լուսաբանումների միջոցով, արտադրվելու են նաև այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի կառնեն հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին: Նախատեսվում էր նոր նախագիծ երիտասարդ սերնդի համար՝ ուղղված այս արժեքների ապահովմանը, ներկայացվելու էին հայոց պատմության կարևոր դրվագները և հայ գրականության գոհարները: Նշված արժեքների ապահովմանն էին լինելու ուղղված նաև «Հոգևոր անվտանգություն», «Կարճ կարևորի մասին» և այլ հաղորդումները, հայոց պատմության հերոսական դրվագներին նվիրված վավերագրական ֆիլմերը: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն» այս չափորոշչի վերաբերյալ նշել էր, որ «Հանրային ժամանակ» ծրագրի ստեղծման հիմքում դրված է լինելու տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման անհրաժեշտությունը: Նախատեսվում են նաև մշակութային թեմատիկ թողարկումներ, ինչպես նաև հանրային արխիվի հիման վրա տեղեկատվական-ճանաչողական բնույթի վավերագրության ներկայացում: Ընդգծենք նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։ Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներից Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը դարձյալ ցածր միավորներ են տվել Հանրայինին՝ 5-ական միավոր։ Ըստ հանձնաժողովի անդամների՝ «Փաստինֆոն», որը պարտավորվել էր ընդամենն ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը, ավելի է համապատասխանում այս չափորոշիչին, քան Հ1-ը։ Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը «Փաստինֆոյին» տվել են, համապատասխանաբար, 18 և 17 միավոր, իսկ Հ2-ին՝ 19 և 17։ Այլ կերպ ասած՝ ՀՌԱՀ այս երկու անդամները համարում են, որ «Փաստինֆոն» ու Հ2-ը այս ցուցանիշով 3․5 անգամ «ավելի լավն են», քան Հանրայինը: Հանձնաժողովի մյուս անդամների գնահատականներն այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆոյի» դեպքում կազմել են միջինում 12 միավոր, Հ2-ի դեպքում՝ 13, Հանրայինի դեպքում՝ 15 միավոր։ Այսպիսով, Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի ապրիլին կայացած մրցույթի քվեարկության արդյունքների վերլուծությունն ի հայտ է բերում ՀՌԱՀ-ի որոշ անդամների կողմից մի շարք անտրամաբանական և ՀՌԱՀ-ի՝ նախօրոք իրականացված դիտարկումներին հակասող գնահատականներ, որոնք, թերևս, խոսում են ՀՌԱՀ-ի նշված անդամների սուբյեկտիվության, այլ ոչ օբյեկտիվության մասին: Շուշան Ստեփանյան«Իրազեկ քաղաքացիների միավորում»
15:53 - 30 հուլիսի, 2021
Բևեռացում, «անկանոն մարտեր». մասնագետները՝ ընտրություններին մեդիա ոլորտի խնդիրների մասին |armenpress.am|

Բևեռացում, «անկանոն մարտեր». մասնագետները՝ ընտրություններին մեդիա ոլորտի խնդիրների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղան «լակմուսի թուղթ» մեդիա ոլորտի խնդիրներն ընդգծելու, վերհանելու համար: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով, վերհանված խնդիրները վկայում են այն մասին, որ և՛ օրենսդրական դաշտում անելիքներ կան, և՛ մեդիայի հետ աշխատանքի անհրաժեշտություն ունենք: «Այս ընտրություններին նեգատիվ խոսքն, ագրեսիան ամենաքիչը հեռուստառադիոեթերում էին: Հեռուստառադիոընկերությունները աշխատում են կարգավորող մարմնի հետ, լսում են, իրենց սոցիալական պատասխանատվությունն ավելի շատ են հասկանում: Տեսեք, թե ինչ էր կատարվում ինտերնետ հարթակում, այնտեղ պարզապես անկանոն մարտեր էին, ագրեսիան ավելի շատ այնտեղ էր»,-  ասաց Տիգրան Հակոբյանը: Ահա այս անկառավարելի լրատվական հոսքի պայմաններում վտանգվում է քաղաքացու՝ անկողմնակալ տեղեկություն ստանալու իրավունքը: Տեսալսողական, տեքստային մեդիաների բովանդակության ծավալներն ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնների են հասնում: Աշխարհի տարբեր երկրներում, չվտանգելով խոսքի ազատությունն, այնուամենայնիվ, բովանդակության որոշ սահմանափակումներ են դնում՝ օրենքով, հատուկ կարգավորող մարմիններ ձևավորելով: Տիգրան Հակոբյանի խոսքով, փորձում են սահմանափակել նեգատիվ տեղեկատվական հոսքերը: Նա նկատեց, որ այդ սահմանափակումները մտցնում են և՛ կոշտ կառավարման, և՛ ամենադեմոկրատական երկրներում: «Մեզ մոտ, ցավոք, այդ գործընթացն առաջ չգնաց: Հռչակվեց խոսքի ազատություն, այն պահպանվեց և այսօր լրատվամիջոցներն իսկապես ազատ են պետական ինստիտուտների միջամտությունից, սակայն երկրորդ քայլը չարվեց: Այսինքն՝ հավաստի տեղեկատվության ապահովման օրենսդրական նորմեր չսահմանվեցին: Դա է պատճառը, որ այսօր կարգավորող մարմիններն օրենսդրորեն չեն կարողանում կարգի հրավիրել լրատվամիջոցներին, որոնք մանիպուլյացիա են անում, ծայրահեղ չարության խոսք են տարածում: Եթե մենք դրանով չզբաղվենք, ապա կունենանք ոչ թե տեղեկատվական, այլ ապատեղեկատվական հոսքեր, որոնք չեն աշխատում հանրության շահի համար»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Ներկայացնելով օրինակներ՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ առաջարկում են սահմանել նորմեր, որոնք կբալանսավորեն ինֆորմացիան: Օրինակ, փաստերի, կարծիքների միջև հստակ տարբերություն լինի: Այսօր շատերը ոչ թե փաստեր են ասում, այլ փաստերի հետ կարծիքներ, ինչը մարդկանց շեղում է: «Մյուսը ներկայացվող փաստերի, վերնագրերի ու տեսողականի վերաբերելիության խնդիրն է: Լինում է, երբ տեքստը մի բանի մասին է, պատկերը այլ բանի մասին է: Ասենք, քաղաքական դեմքի մասին է խոսվում, բայց պատկերում ոչխարներ, ուղտեր են և այլն: Հայհոյանքի մասին. ո՞րն է հայհոյանքը, ինչպե՞ս է սահմանված: Չկա այդ սահմանումը, թե որն է դա: Հետևաբար, լեզվի կոմիտեն, մեր կառույցը, մտավորականությունը պետք է աշխատեն հստակ սահմանումը տան, առաջարկ անեն, որ այս բառերը եթերում չհնչեն»,-ասաց նա: Տիգրան Հակոբյանի խոսքով, մեդիա ոլորտի խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը օրենսդրության բարելավումն է, որը պետք է շարունակական գործընթաց լինի, ի վերջո նոր մարտահրավերներ են լինում, տեխնոլոգիաներն են զարգանում: Հաջորդը հասարակության հետ աշխատանքն է, վերաբերմունքի փոփոխությունն է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, այս ընտրություններն ավելի ընդգծեցին հայաստանյան լրատվամիջոցների բևեռացումը: Եթե նախորդ տարիներին որոշ լրատվամիջոցներ թաքցնում էին, թե որ քաղաքական ուժին են սպասարկում, ապա այս ընտրությունների ժամանակ դա բաց երևաց: Այս առումով տեղի ունեցավ բյուրեղացում և լրատվամիջոցները բացահայտ ցույց տվեցին, թե որ ճամբարին են պատկանում: Երևաց, որ որոշ լրատվամիջոցներ գերադասում են առաջին հերթին քաղաքական հովանավորների շահերը, իսկ հանրային շահը մեծ հաշվով մղվում է երկրորդ երրորդ պլան: Աշոտ Մելիքյանի խոսքով, իրավիճակը բարելավելու համար անելիքներ կան օրենսդրական դաշտում: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:10 - 25 հունիսի, 2021
Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման գործընթացին

Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման գործընթացին

Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովին իր  գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում: Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը: Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են  Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին:
19:16 - 16 հունիսի, 2021