Հելսինկյան Ասոցիացիա

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն մի խումբ ակտիվիստների կողմից ստեղծված իրավապաշտպան կազմակերպություն է։ Այն գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում 1997թ․ ապրիլին։ Կազմակերպության հիմնադիր նախագահն է Միքայել Դանիելյանը: Ասոցիացիան իր գործունեությունն իրականացնում է 1975թ․ օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության համաձայնագրի» եւ կազմակերպության կանոնադրության համաձայն։ Կազմակերպությունն ունի մասնաճյուղ Վանաձորում:

Ասոցիացիան զբաղվում է մարդու իրավունքների հարցերով։ Այն չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն։ Կազմակերպության առաքելությունն է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի եւ կրոնի ազատության, խաղաղ ցույցերի եւ հավաքների իրավունքի պաշտպանությունը դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում։ Իրականացնում է նաեւ ՀՀ կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով եւ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման մշտադիտարկում:   

Հելսինկյան ասոցիացիան տրամադրում է փաստաբանական եւ իրավաբանական ծառայություններ։

Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները ՌԴ քաղաքացու են առևանգել և ապօրինաբար պահում են 102-րդ ռազմաբազայի տարածքում․ ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել

Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները ՌԴ քաղաքացու են առևանգել և ապօրինաբար պահում են 102-րդ ռազմաբազայի տարածքում․ ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։ Ան․ Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։ «Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։ Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցնեը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ- սահմանից դուրս»,- ասված է հաղորդագրությունում։   Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք էր տեղի ունեցել նախորդ տարվա դեպտեմբերին։ Դարձյալ ՀՔԱՎ-ն ահազանգել էր, որ 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել։ Մասնավորապես 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Դեկտեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ ռուսական կողմը ձերբակալված քաղաքացուն անարգել տարել էր Հայաստանից։
16:24 - 09 ապրիլի, 2024
ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Մի շարք ՀԿ-ներ ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Հայտարարարությունը՝ ստորև․ «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝  պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական իրավունքի միջազգային անկախ փորձագետները, ցեղասպանագետները և մասնագիտացված կազմակերպությունները: 21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգություն կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը։ ԱԽ-ին կոչ ենք անում՝ Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային փետրվարի 23-ի որոշման ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի ավարտը, մինչև  հակամարտության տեւական կարգավորում ապահովումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար: Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը,  (արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ),որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։ Ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունների մուտքը տարածաշրջան՝ իրավիճակն ուսումնասիրելու և միջազգային լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար»: Ստորագրյալներ՝ Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Սեդա Մուրադյան, Հանրային  լրագրության ակումբ ՀԿ Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Արաքս Մելքոնյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա - Վանաձոր Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» Ն.Գ Լևոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ՀԿ Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Մամիկոն Հովսեփյան, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ Նինա Կարապետյանց, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա Թամարա Գեւորգյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ Օլեգ Դուլգարյան, Համայնքների մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն ՀԿ Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ. Գևորգ Ղուկասյան, «Ռեստարտ Գյումրի» Երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ Նունե Սարգսյան, Մեդիանախաձեռնությունների կենտրոն Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ  
11:20 - 14 օգոստոսի, 2023
Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ խորքային, ինստիտուցիոնալ և իրական բարեփոխում իրականացնելը․ ՀԿ-ների հայտարարությունը

Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ խորքային, ինստիտուցիոնալ և իրական բարեփոխում իրականացնելը․ ՀԿ-ների հայտարարությունը

Երեք հասարակական կազմակերպություններ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «2018 թվականի հեղափոխությունից հետո ակնկալվում էր ՀՀ ոստիկանության արմատական և բովանդակային բարեփոխումների գործընթաց: 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած բարեփոխումների ռազմավարությունը, որը արտացոլում էր համակարգի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ողջամիտ, իրագործելի ու արժեքահենք լուծումները, նաև ստեղծվեց վարչապետի գլխավորությամբ գործող Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության: Ի սկզբանե հասարակական կազմակերպությունների կողմից մտահոգություններ ներկայացվեցին ոստիկանության համակարգային փոփոխությունների փոխարեն դրա հատվածային բարեփոխման մոտեցման կապակցությամբ՝ մասնավորապես, Պարեկային ծառայության ներդրման։ Այնուամենայնիվ, նոր ծառայության ստեղծման համար հասարակական կազմակերպությունները մեծ մասնակցություն և ներդրում ունեցան։ Հիմնական նպատակն էր աջակցել իրավապահ համակարգի խորքային, իրական, ինստիտուցիոնալ ու արժեքային բարեփոխումներին՝ տեսնելով իշխանության կողմից որոշակի քաղաքական կամք։ Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի), որը դրսևորվում էր բարեփոխումների գործընթացը արժեզրկելու, դրա ընթացքը տապալելու, բարեփոխված ստորաբաժանումների բնականոն աշխատանքը խափանելու, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության անչափ կարևոր սկզբունքի ներդրման աղավաղման, հովանավորությամբ կադրային նշանակումների և կոռուպցիոն շահերի պահպանման միջոցով։ ՀԿ-ների կողմից արձանագրված օրինակները շատ են՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները կանգնեցրած պարեկներին աշխատանքից հեռացնելու փորձեր, ծանոթներին ու բարեկամներին սպայական կոչում շնորհելու դեպքեր, Պարեկների ծառայության գրաֆիկը առավելագույնս անհարմար դարձնելու փորձեր, 20 ճանապարհային ոստիկանների՝ առանց բարեվարքության ստուգման ու այլ քննությունների Պարեկային ծառայություն գործուղելու փորձեր, միջազգային դոնորի կողմից նվեր ստացած ծրագրային ապահովումը պետական բյուջեի հաշվին նորից «գնելու» դեպքեր և անգամ վթարված պարեկային ավտոմոբիլների վերանորոգումները ամիսներով դիտավորյալ ձգձգելու դեպքեր: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության ներքոհիշյալ կազմակերպությունները որոշեցին շարունակել աջակցել Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացին և ակնկալում էին, որ կնշանակվի քաղաքացիական նախարար, որը սահմանափակված չի լինի համակարգի ներսում ունեցած կապերով ու կասկածելի ավանդույթներով, այլ կունենա հանրային վստահության նախադրյալներ՝ իր բարեվարքությամբ ու օրինապահությամբ, և կկրի մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքները։ 2023 թ․ հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Փոխանակ կանխելու բարեփոխումների գործընթացը ձախողող վերոնշյալ մարտահրավերները, նման նշանակումներով քաղաքական իշխանությունը, ըստ էության, ոչ միայն խրախուսում է բարեփոխումների գործընթացին դիմադրողներին, այլև վերացնում է  Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի նկատմամբ վստահությունը։ Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ ոստիկանության բարեփոխումները ձախողողներին ու բարեվարքության, պատասխանատվության, օրինապահության, մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները ոտնահարողներին նման հանգուցային պաշտոններին նշանակելով՝ ոստիկանության իրական, խորքային ու արժեքային բարեփոխում իրականացնելու ճանապարհը ամբողջությամբ փակվում է: Ավելին, մենք համարում ենք, որ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսևորումների նորանոր ծաղկմանը և բարեփոխման արժեքներին տրամագծորեն հակասող այլ ավանդույթների վերահաստատմանը: Հետևապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը դադարեցում են իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում` ստեղծված իրավիճակում այն համարելով անիմաստ: Ու թեև Հայաստանում ոստիկանության խորքային, ինստիտուցիոնալ ու իրական բարեփոխումների կարիքը խիստ մեծ է, սակայն մենք համարում ենք, որ գեներալ Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ ո՛չ խորքային, ո՛չ ինստիտուցիոնալ և ո՛չ էլ իրական բարեփոխում իրականացնելը: Միաժամանակ, հասարակական կազմակերպությունները շարունակելու են հետևել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացին»։
11:10 - 10 հունվարի, 2023
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով  մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով: Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային նկրտումների և դրա մի մասի գրավման՝ տարիներ տևած և վերջերս հաճախակիացած հրապարակային սպառնալիքներին զուգահեռ: Այս ներխուժումը շեշտակի սրում է իրավիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձևավորված որոշակի կայունացումից հետո։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ստեղծված իրավիճակը  համարում են ոչ միայն ուղղակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման, Հայաստանի անվիճելի մաս հանդիսացող տարածքի օկուպացիայի և այդ տարածքներում ապրող բնակչության ֆիզիկական գոյության համար, այլև՝ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված անմիջական մարտահրավեր։ Արձանագրում ենք, որ՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր օրինական ակնկալիքներն ունի, որպես  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իր տարածքային ամբողջականության խախտման այս դեպքի վերաբերյալ ստանալու ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական և ռազմական հակազդում՝ համաձայն պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների, այնինչ մինչ օրս ՀԱՊԿ անդամ-երկրներից որևէ մեկը չի դատապարտել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել իրենց զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Թեև ՀԱՊԿ առանցքային անդամ-պետություն Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունի ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան հենակետեր ունի նաև Սյունիքի մարզում, սակայն մինչ օրս որևէ տեսանելի քայլ (օրինակ՝ ուժի ցուցադրություն) չի կատարել և չի հանդես եկել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման կամ դրա աջակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, չի դատապարտել Ադրբեջանի կառավարության ակնհայտ ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանի կառավարության գործողություններն ակնհայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային անվտանգության ամրապնդման մասին» ՄԱԿ-ի ԳԱ հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերին։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս գտնում ենք, որ․ 1․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։ 2․ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ Քաղաքական երկխոսություն ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Ազատ քաղաքացի» ՀԿ
20:40 - 14 մայիսի, 2021
Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ ՀԿ-ների հայտարարություն |pastinfo.am|

Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ ՀԿ-ների հայտարարություն |pastinfo.am|

pastinfo.am: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես են եկել հայտարարությամբ. «2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։   Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության տեսանկյունից, սակայն տվյալ Նախագծով չեն լուծվում այս խնդիրներից ոչ մեկը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում պետության կողմից կատարվող միջոցառումները չպետք է նահանջեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից։ Կառավարության մշակած նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք անհամաչափ և ոչ անհրաժեշտ սահմանափակումներ են ստեղծում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների իրացման տեսանկյունից։  Արձանագրենք, որ արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ գործում են ազատ տեղաշարջման իրավունքի սահմանափակումներ։ Համաչափության սկզբունքը պարտադրում է, որ նախապատվությունը տրվի նվազ միջամտող լուծումներին՝ հաշվի առնելով հետապնդվող հատուկ նպատակը։ Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։  Եվրոպայի խորհուրդի և Եվրոպական միության շրջանակներում արդեն իսկ ընգծվել է անձնական տվյալների պաշտպանության խնդիրը նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-2019)  դեմ երկրների պայքարում։  Հարցեր են առաջանում, թե անվտանգության ի՞նչպիսի մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, երրորդ անձանց հասանելիությունը այդ տվյալներին։ Խնդիրը նաև այն է, թե որտեղ են պահվելու անձնական տվյալները:  Բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև։ Եվ հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար վերահսկել զանգերի քանակը, տևողությունը և այն ամենը, ինչը անմիջականորեն կապ չունի տեղաշարժի հետ:   Շարժական կապի տվյալների միջոցով տեղորոշման տվյալները ի տարբերություն GPS ի ունեն շատ ցածր ճշգրտություն, ուստի դրա կիրառման օգուտը շատ կասկածելի է։ Այսինքն, այդ տվյալների հավաքագրումը ոչ մի օգուտ չի տա համավարակի պայքարի հետ։ Բացի դրանից, գործիքակազմը, որը  օգտագործվում է այդ տվյալները մշակելու համար, բավականին թանկարժեք է և պահանջում է մեծ պետական բյուջեից ծախսեր։ Ուստի կոչ ենք անում միջոցները չվատնել անարդյունավետ տվյալները հավագրելու և մշակելու վրա։   Առաջարկվող սահմանափակումների արդյունքում հնարավոր չարաշահումների արձանագրման, կանխարգելման որևէ արդյունավետ, կիրառելի մեխանիզմի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների անվերահսկելի խախտումների, չհասնելով ենթադրյալ նպատակին` կորոնավիրուսի համավարակի կանխմանը,  այլ ավելին կարող է խոցելի դարձնել մարդկանց կյանքն ու անվտանգությունը։  Նախագիծը գնահատում ենք որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։  Միաժամանակ, մենք հորդորում ենք Կառավարությանը ներդնել բոլոր հնարավոր ռեսուրսները և ջանքերը պարզելու համար վարակվածների հետ հնարավոր շփման շրջանակը և պարտադրել նրանց մեկուսացումը, և ավելացնել թեստավորումը բնակչության համար, որն ամենաարդյունավետ միջոցն է դեպքերի պատշաճ և ժամանակին հայտնաբերման համար»,- ասվում է հայտարության մեջ:
22:37 - 31 մարտի, 2020
Չի կարելի մեր երեխաներին որոշ սպաների պագոնների վրայի աստղերի համար զոհենք. Նինա Կարապետյանց |forrights.am|

Չի կարելի մեր երեխաներին որոշ սպաների պագոնների վրայի աստղերի համար զոհենք. Նինա Կարապետյանց |forrights.am|

forrights.am: Բանակում վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերը մտահոգիչ են և համապատասխան մարմինների ուշադրությանն արժանի։ Այս մասին ասօր Կառավարության դիմաց իրականցվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։ «Շատ կարևոր է հասկանալ, որ մենք անտարբեր մնալ չենք կարող, որովհետև խոսքը գնում է 2 ամենակարևոր խնդիրների մասին՝ մեր բանակի, մեր սահմանների անվտանգության մասին և մեր երեխաների մասին, որոնք չենք հասկանում, թե ինչ պայմաններում և ինչի արդյունքում զոհ են դառնում բանակի ներսում և ոչ թե թշնամու գնդակից»,-նկատեց Նինա Կարապետյանցը։ Ըստ իրավապաշտպանի՝ որևէ մեկը չի կարող առանց պատասխանատվության մնալ․ «Դատապարտում ենք բանակում զինվորների սպանությունների/ինքնասպանությունների շարունակական դեպքերը, դատապարտում ենք դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը և լռությունը»,-հայտարարեց իրավապաշտպանը։ Նա նկատեց, որ բոլոր գործերը համարիա նույն ձեռագիրն ունեն, և հիմնականում գործերը թերի են բացահայտվում, եթե իհարկե բացահայտվում են, սակայն մեծ է գործը կոծկելու քաղաքականությունը։ Բողոքի մասնակիցները պահանջում են Կառավարության առաջիկա նիստից անմիջապես հետո՝ 20.02.2020թ․, հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ։Նինա Կարապետյանցը նշեց, որ այս բոլոր պաշտոնյանները պետք է բացատրություն տան՝ ո՞րն է պատճառը, որ մինչև հիմա որևէ հանցագործություն մինչև վերջ չի բացահայտվել․ «Ես գիտեմ, որ հանդիպումների ժամանակ դատախազությունը, իրավապահ մարմինները պարբերաբար, շատ մեծ հպարտությամբ ասում են, որ իրենք 90 %-ով բացահայտում են արել այս գործերի։ Ստում են, որովհետև այս գործերի մեծ մասը կամ թերի բացահայտված է կամ առհասարակ բացահայտված չի և իրական մեղավորները պատժված չեն և սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբեր տեղի է ունենում սպանություններ»,-նկատեց իրավապաշտպանը, նշելով, որ բոլոր գործերն ունեն նույն ճակատագիրը։ Բոլոր գործերում կա հստակ սցենար և ինչ էլ ուզում է անես, մեկ է՝ այդ ստանդարտ սցենարից իրավապահ մարմինները չեն շարժվում․ «Ինչու որևէ մեկի հեռացման կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին չենք լսում։ Այս բոլոր մեղքը բարդվում է հասարակության վրա»,-ասաց նա։ Իրավապաշտպանը նկատեց, որ հիմա նոր միտք են արտահայտում և գտնում են, որ բոլորը ով արու զավակ ունի քրեական ենթամշակույթ կրող է և երեխաներին դաստիարակում են «օրենքով գողեր» և ուղարկում են բանակ․ «Այդ 18 տարեկան երեխեն կարողանում է բանակը կազմաքանդել, ո՞նց է հնարավոր, որ 10 քրեական էլեմենտներ կրողը կարողանում է գալ և բանակը կազմաքանդել։ Չի կարող այդպիսի բան լինել ու այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդ է այս կառույցը և չի ուզում ընդունել իր մեղքի բաժինը՝ մենք ունենալու ենք նորից զոհեր, իսկ մենք նոր զոհերի ոչ ցանկություն և ոչ էլ ռեսուրս ունենք, ոչ էլ թույլ ենք տալու, որ մեր երեխեքին ինչ-որ բարքերի, մի քանի հոգու քմահաճույքի կամ պագոնի վրայի աստղերի համար «մատաղ» անեք»,-ասաց Նինա Կարապետյանցը, նկատելով, որ քննիչները, դատախազն ու նախարարը պարտավոր էին անձամբ մեկնել դեպքի վայրեր, որպեսզի դեպքը բացահայտեն։ Նինա Կարապետյանցը առաջարկում է անձնակազմը մաքրել և հիվանդ համակարգը վերականգնել․ «Չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել։ Սա իրականում անվտանգություն չի»։
13:51 - 17 փետրվարի, 2020