Հայփոստ

ՀայՓոստի աշխատակիցների ամանորյա պարգևատրումների մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են. հայտարարություն

ՀայՓոստի աշխատակիցների ամանորյա պարգևատրումների մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են. հայտարարություն

«Հայփոստ»-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Հայփոստ»-ի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների մասին տարածվող լուրերը սխալ ընկալման հետևանք են: «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունը՝ ստորև։  «Հայտնում ենք, որ մամուլում ՀայՓոստի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են: Տեղեկացնում ենք, որ ՀայՓոստ ՓԲԸ-ն ինքնաֆինանսավորման հիմունքներով, միջազգային կորպորատիվ ստանդարտներին համապատասխան գործող առևտրային կազմակերպություն է: ՀայՓոստում գործում են կարճաժամկետ ամսական և երկարաժամկետ՝ տարեկան բոնուսային համակարգեր: Հաճախորդներին սպասարկող անձնակազմը (72%) պարգևավճարները ստանում են ամսական՝ կախված իրենց ամսական կատարողականից: Իսկ հաճախորդների հետ անմիջական շփում չունեցող և վարչական աշխատակիցները (28%) պարգևավճարները ստանում են իրենց տարեկան կատարողականին համապատասասխան: Կատարողականը, կորպորատիվ ստանդարտներին համապատասխան, ընդունվում է դիտորդ խորհրդի կողմից՝ ըստ ընկերության առջև դրված նպատակների: Ընկերության սեփական միջոցներից գեներացվում է ֆոնդ՝ հաշվարկված  կազմակերպության տարեկան բյուջեի մեջ, որտեղից կազմակերպության նպատակներին հասնելու դեպքում, տվյալ աշխատակիցները ստանում են պարգևավճար (Performance bonus): Կորպորատիվ ստանդարտներից ելնելով՝ տարեկան բոնուսը տրամադրվում է արտաքին (անկախ) աուդիտի կողմից տվյալների հաստատումից հետո: Ընդհանրապես կորպորատիվ աշխարհում, միջազգային ստանդարտներով աշխատող բոլոր կազմակերպությունները պարգևավճարները վճարում են երկրորդ եռամսյակում՝ միայն հաշվետու տարին հաշվարկելուց և ամփոփելուց հետո»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
13:26 - 15 հունիսի, 2022
Աբովյան և Արզնի համայնքներում նախատեսվում է HYEPROSPECT նորարարական և ներառական արդյունաբերական համայնքի կառուցումը

Աբովյան և Արզնի համայնքներում նախատեսվում է HYEPROSPECT նորարարական և ներառական արդյունաբերական համայնքի կառուցումը

Աբովյանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, «Էնթերփրայզ Արմենիայի» և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացվել է «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագիրը: Ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան և Արզնի համայնքներում կառուցել HYEPROSPECT նորարարական և ներառական արդյունաբերական համայնք, որն ունենալու է համապատասխան ենթակառուցվածքներ չորս հիմնական ուղղություններով՝ ինովացիա, ուսուցում, ծառայություններ, կառույցներ։ Համայնքը ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի, ազատ արդյունաբերական գոտի՝ լավ հարմարեցված ԵԱՏՄ շուկաները թիրախավորող արտադրանքի համար և ծախսարդյունավետ ռեսուրսներ: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ներդրումային նախաձեռնությանն առնչվող մի շարք հարցերի, ներկայացրել ծրագրի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ, քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր: HYEPROSPECT կայուն սմարթ համայնքի ծրագրի կառավարման աշխատանքները էկոնոմիկայի նախարարության առաջնորդությամբ իրականացնում է «իԳործ» ծրագրի փորձագետ և խորհրդական Արևիկ Մարգարյանը։  
13:59 - 11 մայիսի, 2022
Քննարկվել են «Հայփոստի» զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

Քննարկվել են «Հայփոստի» զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականից հետո «Հայփոստի» զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ուղղված են եղել ուղղակի փոստային ծառայություններից դեպի ավելի ընդգրկուն ծառայությունների մատուցմանը: Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է օրինակելի բաժանմունքի մոդելը, 26 փոստային բաժանմունք վերանորոգվել է, հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ են բացվել Իջևանում, Գյումրիում, առաջիկայում կբացվի նաև Վանաձորում: Ապահովվել է նաև «Հայփոստի» ցանցի տեխնիկական հագեցվածությունը, ավելացվել է ավտոպարկը, արդյունքում փոստի փոխանակման ժամկետը կրճատվել է 3 անգամ, տեղի է ունեցել փոստային ծառայությունների թվային տրանսֆորմացիա: Լայնածավալ աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները: Մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ներդրվել են Haypost med, Haypost pay և այլ գործիքներ: Այնուհետև անդրադարձ է կատարվել «Հայփոստի» կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը: Խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել «Հայփոստի» շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված միջոցառումներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ «Հայփոստի» խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Հայփոստը» պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին՝ առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով «Հայփոստի» բաժանմունքների լայն սփռվածությունը: Վարչապետը հանձնարարել է գնահատել պետական այն ծառայությունները, որոնք հնարավոր կլինի մատուցել «Հայփոստի» միջոցով՝ այդպիսով ընդլայնելով վերջինիս գործունեության դաշտն ու նպաստելով ծառայությունների ավելի որակյալ և սեղմ ժամկետներում մատուցմանը:
17:22 - 14 փետրվարի, 2022
ՀայՓոստը և Համաշխարհային փոստային միությունը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ

ՀայՓոստը և Համաշխարհային փոստային միությունը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ

ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հանդիպել են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ: Ինչպես հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից, հանդիպման ընթացքում Հայկ Կարապետյանը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, իրականացրած նորարարությունները և զարգացման հեռանկարները: Ինչպես նաև՝ կողմերը կիսվել են սպասարկման որակը բարելավելու և մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու վերաբերյալ սեփական փորձառությամբ: ՀայՓոստի և Համաշխարհային փոստային միության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ, մասնավորապես. ՀայՓոստի կողմից էլեկտրական մոտոցիկլների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորումներ, որոնք կնպաստեն ծառայությունների որակի բարելավմանը: PosTransfer ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացում և նոր փոստային օպերատորների, ինչպես նաև ոչ փոստային մասնակիցների (արագ դրամական փոխանցումների համակարգերի օպերատորների) ներգրավում: Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկին բարձր է գնահատել վերջին 2 տարում ՀայՓոստի իրականացրած թվային տրանսֆորմացիան, iNovation դուստր ընկերության կողմից մշակված Phoenix ծրագրի հնարավորությունները: Ինչպես նաև ընդգծվել են HayPostMed դեղատնային ցանցի գործարկման, ամբողջ ՀՀ-ում դեղերի առաքման կարևորությունը և անհրաժեշտությունը: «Շնորհակալ ենք Համաշխարհային փոստային միությանը գլխավոր գրասենյակում հանդիպման հարթակ ստեղծելու, ինչպես նաև՝ համաճարակի ընթացքում և մինչ օրս կատարած հսկայական աշխատանքի համար: ՀայՓոստը Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն է և այս քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ»,- նշել է Հայկ Կարապետյանը:
15:17 - 25 հունվարի, 2022
ՀայՓոստը մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

ՀայՓոստը մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների  սակագները: Ինչպես հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից, գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):   «ՀայՓոստի և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող մինչև 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը: Մեկտեղ նշվում է, որ հասարակ հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ, և ՀայՓոստը պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաև՝ չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։
12:50 - 03 հունվարի, 2022
ՀՀ բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով |armenpress.am|

ՀՀ բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով: Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար անձամբ դիմում են ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված «Հայփոստ»-ի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին «Հայփոստ»-ի տված տեղեկանքը։ Կենսաթոշակառուները հետագայում ցանկության դեպքում կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայություն և փոխել վճարող կազմակերպությունը։
10:05 - 03 հունվարի, 2022
«ՀայՓոստը» երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները

«ՀայՓոստը» երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները

«ՀայՓոստը» սկսել է խոշոր ավիափոխադրողներ «Էյր Ֆրանս»-ի և «Լուֆթհանզա»-ի հետ համագործակցություն, որը հնարավորություն է տվել ավելացնել առաքման ուղղությունները գրեթե երկու անգամ: Հասանելի 67 ուղղությունների փոխարեն «ՀայՓոստի» հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր: Խոշոր ավիափոխադրողների հետ նոր համագործակցությունով նաև արագացել է փոստափոխանակման գործընթացը: Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ, իսկ դեպի եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով:  «Մենք մշտապես համագործակցության նոր հորիզոններ ենք ստեղծում, որոնք թույլ են տալիս ավելի բարելավել ծառայությունները և աշխարհը դարձնել ավելի մոտ և հասանելի: «ՀայՓոստի» հաճախորդներն այժմ դեպի 124 երկիր կարող են ծանրոցներ ուղարկել իրենց հարազատներին, բարեկամներին և ստանալ դրանք էլ ավելի արագ»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
14:42 - 12 նոյեմբերի, 2021
«ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

«ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

«ՀայՓոստ» ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այսուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ Այս մասին տեղեկացնում է «ՀայՓոստ» ընկերությունը: «ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․ Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE) ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում: «ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»,- նշել է «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: «ՀայՓոստ»-ը նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը:
11:00 - 29 սեպտեմբերի, 2021
Այսուհետ հաճախորդները կարող են տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ. ՀայՓոստը նոր ծառայություն է գործարկում

Այսուհետ հաճախորդները կարող են տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ. ՀայՓոստը նոր ծառայություն է գործարկում

ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում: ՀայՓոստ ՓԲԸ-ից մանրամասնում են, որ փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարն, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկի նաև կոմունալ վճարների ընդունում: «Այսպիսով, մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն և հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, և ՀայՓոստի հաճախորդները, գտնվելով իրենց  բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:   Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում և տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև, հաճախորդի համաձայնությամբ, գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր:
12:00 - 10 սեպտեմբերի, 2021
«Հայփոստը» մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները

«Հայփոստը» մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները

Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավելի քան 50000 կենսաթոշակառու հուլիսի 2-ից կարող են ստանալ կենսաթոշակները «Հայփոստի» էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնել փոստային բաժանմունքներում:  Կենսաթոշակառուն իր՝ «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:  «Հայփոստը» նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով հաճախորդների համար մատչելի, հասանելի և նորարարական ծառայություններ: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Ինչպես նշում է «Հայփոստ» ՓԲԸ փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը, Մեր կողմից գործարկած HayPost Pay դրամապանակը գործում է iOS և Android օպերացիոն համակարգերում, այն կարելի է ներբեռնել, կատարել կոմունալ և այլ վճարումներ, փոխանցումներ իրականացնել «Հայփոստի» դրամապանակների միջև, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին: Էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին ամբողջությամբ կամ մասնակի ստանալ իրենց կենսաթոշակը, կանխիկացնել փոստային բաժանմունքում, ստանալ նաև հասցեական առաքման միջոցով»:  Բացառություն են կազմում հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝  1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,  14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:  Հուլիսից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով: Հիշեցնենք, որ «Հայփոստի» էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:
16:34 - 06 հուլիսի, 2021
«Հայփոստն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը

«Հայփոստն» ընդլայնում է միջազգային համագործակցությունը

«Հայփոստը» և Ղրղզստանի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ղրղզստանի փոստի տնօրեն Էսեն Շերբոտոյևը Երևանի նորաբաց, վերաբրենդավորված 0019 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Հայփոստը» բարեփոխումների ճանապարհին է և նպատակ ունի ապահովել փոտային կապի արդյունավետ զարգացում: Մենք սկիզբ ենք դրել փոստային ծառայությունների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը և միջազգային համագործակցությունների ընդլայնմանը, որոնցով մեր հաճախորդներին մշտապես կառաջարկենք նորարար և առաջադեմ լուծումներ»: Կողմերը, համաձայն Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն, մասնավորապես, փոստային, լոգիստիկ, ֆինանսական, բեռնափոխադրումների ոլորտներում: «Հայփոստի» և Ղրղզստանի փոստի նոր համագործակցությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման լոգիստիկան: Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն: «Հայփոստը» և Ղրղզստանի փոստը քննարկել են աշխատանքային խմբեր ձևավորելու և կանոնավոր հանդիպումներ անցկացնելու հարցը:
15:20 - 01 հուլիսի, 2021
«Հայփոստ»-ը հերքում է կրճատումների մասին լուրերը

«Հայփոստ»-ը հերքում է կրճատումների մասին լուրերը

«Հայփոստ»-ը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է տարածվող լուրերը կրճատումների մասին: «Տեղեկացնում ենք, որ շրջանառվող լուրերը իբրև Հայփոստում կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը:  Հակառակը՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։ Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։  Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի  զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Ի դեպ, հայտնում ենք, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջ:  Նաև նշենք, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին  հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին  հայտարարությունները հրապարակվում են Հայփոստի կայքէջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Հարկ ենք համարում նշել, որ Հայփոստը առևտրային կազմակերպություն է, որը գործում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով, իսկ  ընկերության որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով ձևավորված կառավարման մարմինների կողմից: Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է և խոշոր գործատուներից մեկը, որը ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք և ավելի քան 3000 աշխատակից: Տեղեկացնում ենք նաև, որ աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը։ Գիտելիքների ստուգման (ատեստավորման) գործընթացը պարունակում է հետևյալ փուլերը. Բոլոր աշխատողները գրավոր կարգով իրազեկվում են իրենց աշխատանքային պարտականությունները կազմող ներքին կանոնակարգերի մասին, Աշխատակիցները պարբերաբար և բոլոր թեմաների վերաբերյալ անցնում են ուսուցման գործընթաց, որը կազմակերպվում է ընկերության կողմից՝ համապատասխան հարմարեցված ուսուցման կենտրոնում կամ հեռավար կարգով, Ուսուցման գործընթացներին հաջորդում է գիտելիքների ստուգման գործընթացը, որի շրջանակում աշխատողները նախապես տեղեկացվում են գիտելիքների ստուգման օրվա, վայրի և ժամանակի մասին և վերջիններիս տրամադրվում է գիտելիքների ստուգման թեմաներն ու նյութերը, Գիտելիքների ստուգման գործընթացը արձանագրվում և տեսաձայնագրվում է, Գիտելիքների ստուգման գործընթացի արդյունքներով 70-79 տոկոս հավաքած աշխատակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու երկրորդ փուլի, իսկ մինչև 70 տոկոս հավաքած աշխատողների հետ հետագա աշխատանքի հարցերը քննարկվում և լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Մինչև 70 տոկոս արդյունքի պարագայում աշխատողը հնարավորություն չի ունենա պատշաճորեն կատարելու իր աշխատանքային պարտավորությունները և իրականացնելու հաճախորդների սպասարկում:       Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ոչ մասնագիտական և աշխատակցի կողմից կատարվող գործառույթների հետ կապ չունեցող հարցեր թեստերում չեն ընգրկվում։ Ամեն հերթական ատեստավորման համար կազմվող հարցաշարերը ընդգրկում են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումներով պայմանավորված, այդ պահի դրությամբ ընկերությունում գործող համապատասխան ընթացակարգերից բխող հարցեր»։
17:43 - 07 մայիսի, 2021
Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն

Հայփոստը ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ընկերությունը 2021թ. մարտի 11-ին ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն: Այս մասին տեղեկացնում է ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Այժմ նախատեսվում է բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումներն իրականացնել նաև անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակով:  Ծառայությունից օգտվելու համար կենսաթոշակառուն պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա «Հայփոստ»-ի`իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք: «Ուրախ ենք, որ «Հայփոստ»-ը ևս մեկ նորարությամբ է հանդես գալիս: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Կենսաթոշակառուն իր՝  «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով», - նշված է հաղորդագրությունում:
14:27 - 16 մարտի, 2021