Հայոց ցեղասպանություն

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի դեսպան

Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Հունաստանում Հայաստանի դեսպան

 Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Դեսպանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մայիսի 19-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկը՝ 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը: Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն: Պոնտոսի հույների ցեղասպանությանը, որը իրականացվել է 1916-1923 թթ-երին, ավելի քան 350 000 պոնտոսցի հույներ են զոհ դարձել։ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն է և զոհերի հիշատակի ոգեկոչումը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն՝ վճռական ո´չ ասելով թուրքական ժխտողականությանը և ցեղասպանությանը և վճռական այո´՝ այդ ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը: Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչման պայքարի վերջնական նպատակն է արդարության վերականգնումը, ինչպես նաև՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելումը: Ցավոք, աշխարհի տարբեր անկյուններում չեն դադարում էթնիկ զտումները: Ընդամենը երկու տարի առաջ Արցախում բնակվող հայությունը կրկին ենթարկվեց էթնիկ զտման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքում։ «Այլևս երբե´ք»-ի կարգախոսը պրակտիկ իրականացնելու համար անհրաժեշտ է համախմբել հայության և հայ ժողովրդի բոլոր բարեկամների ներուժը, ինչպես նաև՝ վճռականորեն և աներկբայորեն դատապարտել ատելություն սերմանող և ցեղասպան միջավայր ձևավորող հռետորաբանությունը: Հիշում ենք և խոնարհվում»:  
15:27 - 19 մայիսի, 2022
Իտալացի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իտալացի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ:   Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:   Իտալացի պատգամավորները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
15:08 - 18 մայիսի, 2022
ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։ «Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա  ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում։
17:48 - 07 մայիսի, 2022
Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին
 |factor.am|

Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ապրիլի 24-ի նախօրեին Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչներին «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը ցուցադրելուն։Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուրուգվայի հետ Անկարան որևէ խնդիր չունի։ Նա ասել է, որ պետք է ծաղկեպսակ դնեին հուշարձանին, սակայն Ուրուգվայի իշխանությունները հորդորել են դա չանել։ «Ուրուգվայի իշխանություններն ասել են՝ մենք երախտապարտ կլինենք, եթե հնարավոր ցույցի դեպքում չեղարկեք ծաղկեպսակ դնելու փուլը, մենք էլ չեղարկել ենք։ Մեր շենքի բացման ժամանակ նրանք վստահեցրել են մեր դեսպանին, որ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ։ Սխալ էր խմբին այնտեղ բերելը, թեև նրանք խոստացել էին։ Ցուցարարները տգեղ վերաբերմունք դրսևորեցին։ Այդ տգեղ վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն։
14:30 - 02 մայիսի, 2022
Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում կոնգրեսականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ամերիկահայ համայնքի մասնակցությամբ անցկացվել է միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միջոցառմանը ներկա Կոնգրեսի անդամները, մարդու իրավունքների, կրոնական և էթնիկ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հարգել են 1915-1923 թթ Թուրքիայում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառման հատուկ հյուրերից են եղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան և այլք: «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես այն հնարավորությունն է՝ ասելու «այլևս երբեք»…», - ասել է սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում: Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է ապահովել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունը լինի այնքան խորը, լայն և ազդեցիկ, որքան հնարավոր է»: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Ոգեկոչման հանդիսավոր արարողությունը հովանավորվել է ամերիկահայ կազմակերպությունների և Հայաստանի դեսպանության կողմից՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հետ համագործակցությամբ։
11:22 - 28 ապրիլի, 2022
Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը պղծել են թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշով. դեսպանություն

Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը պղծել են թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշով. դեսպանություն

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն: Այս մասին տեղեկացնում է Բելգիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։ «Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։ Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
08:36 - 27 ապրիլի, 2022
Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|

Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|

fip.am: Վերջին տասնամյակներին ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Երևանում ջահերով երթ է կազմակերպվում դեպի Ծիծեռնակաբերդ։ Երթին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Այս տարվա ջահերով երթը, սակայն, մի քանի առանձնահատկություն ուներ։ Նախ, ներկայիս ընդդիմությունը այն ներկայացրեց ներքաղաքական գործընթացի համատեքստում, անգամ երթի ավարտին Ծիծեռնակաբերդում ներքաղաքական բովանդակությամբ ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մեկ այլ առանձնահատկություն էլ այն էր, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի»  թողարկումներում այդպես էլ անդրադարձ չեղավ այս մասշտաբային միջոցառմանը՝ ո՛չ այդ օրը՝ ապրիլի 23-ին, ո՛չ դրա հաջորդ օրը։  Հաշվի առնելով այն փաստը, որ միջոցառումն իրապես մասշտաբային էր, ինչպես նաև այն, որ Հանրայինը լուսաբանել էր նախորդ տարիների ջահերով երթերը, փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ այս տարի այդպես էլ անդրադարձ չեղավ միջոցառմանը։  Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ ջահերով երթը չի լուսաբանվել լրագրողների սակավության պատճառով։ «Ձեր կողմից հիշատակված երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ»,- ասված է մեզ տրամադրված պատասխանում։ Շաբաթներ առաջ մեկ այլ հարցմամբ ստացված տեղեկատվության համաձայն, Հանրայինի լրատվական ծառայությունում աշխատում է 24 լրագրող։ Ապրիլի 23-ին «Լուրերի» գլխավոր թողարկմանը պատրաստվել էր 11 ռեպորտաժ և/կամ հաղորդում, որոնցից երկուսի հեղինակը նույն լրագրողն էր։ Այսինքն, 24 լրագրողից միայն 10 լրագրողի աշխատանքն է տեղ գտել «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ։  2019 թվականին Հանայինն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել էր ջահերով երթը։ 2020-ին, համավարակով պայմանավորված, Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները սահմանափակվել էին։ Արդեն անցյալ տարի՝ 2021-ին, ապրիլի 23-ի «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ ջահերով երթի վերաբերյալ առանձին ռեպորտաժ չկար, սակայն մեկնաբանը նախ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում հնչելու է Մոցարտի «Ռեքվիեմը», այնուհետև տեսաշարի ուղեկցությամբ տեղեկացրեց, որ Երևանում անցկացվում է ամենամյա ջահերով երթը։   Առավել մանրամասն՝ Fip.am-ում  
19:44 - 26 ապրիլի, 2022
Էրդողանը դատապարտում է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար |azatutyun.am|

Էրդողանը դատապարտում է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը խստորեն դատապարտել է խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ներկայացնելու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ քայլը անարգանքից առավել՝ բացահայտ դավաճանություն է համարել: Նա հույս է հայտնել, որ «խորհրդարանի իրավական և բարոյական նորմերը ոտնահարած անձի նկատմամբ համապատասխան գործողություններ կձեռնարկվեն»: 107-րդ տարելիցին ընդառաջ Փայլանի կողմից մեջլիսի քննարկմանը ներկայացված օրինագիծը ենթադրում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այդ օրինագիծը հետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե այն հակասում է մեջլիսի կանոնադրությանը:
09:25 - 26 ապրիլի, 2022
Ֆրանսիայի նախագահի և Սենատի նախագահի անունից Փարիզում ծաղկեպսակներ են դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի նախագահի և Սենատի նախագահի անունից Փարիզում ծաղկեպսակներ են դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Փարիզում, Հայաստանի էսպլանադում, Կոմիտասի արձանի առջև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) հրավերով ապրիլի 24-ին տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հանդիսավոր արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։ «Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրանսիայի կառավարության խոսնակ, պետքարտուղար Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նախագահի անունից, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին՝ Սենատի նախագահի անունից, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը։ Հաջորդիվ ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի երկու համանախագահները, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Պեկրեսը և Փարիզի քաղաքապետ Հիդալգոն։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և քաղաքապետեր։ Պաշտոնական արարողության ավարտից հետ տեղի ունեցավ ավանդական երթ՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
23:15 - 25 ապրիլի, 2022
Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել


 |armenpress.am|

Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել |armenpress.am|

armenpress.am: Գլխավոր լուսանկարում՝ Սեզգին Թանրըքուլուն Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ ապացույցներ կան, որ նա «նսեմացրել է Թուրքիայի Հանրապետության հեղինակությունը»։ «107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, բռնի քշվեցին Չանքըրը, Այաշ, Անկարա և «անհետացան»: Իրական արդարություն հնարավոր չէ հասնել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»,-իր թվիթերյան միկրոբլոկում գրել էր թուրք ընդդիմադիր պատգամավորը։
15:48 - 25 ապրիլի, 2022
Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյան

Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյան

Հայաստանի 4-րդ նախագահի գրասենյակը հայտնում է, որ բրիտանական The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո ներկայացրել է Արմեն Սարգսյանի տեսակետը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մենք չենք կարող արժանահավատորեն դատապարտել 21-րդ դարի վայրագությունները, եթե հրաժարվենք ընդունել 20-րդ դարի հանցագործությունները, որոնք նպաստեցին աշխարհը ձևափոխելուն: Բրիտանական կառավարությունը հնարավորություն ունի շտկել ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։ Փորձելով Բրիտանիան տանել դեպի պատմության ճիշտ կողմը՝ նախորդ ամիս պատգամավորների միջկուսակցական խումբը, ներառյալ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ սըր Իեն Դունկան Սմիթին և Լեյբորիստական պատգամավոր Ռուպա Հուքին, իր աջակցությունը հայտնեց անհատ անդամների կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծին, որը ձգտում էր «շտկել սարսափելի պատմական անարդարությունը»՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, օրինագիծը, ինչպես հաճախ է պատահում անհատ անդամների օրինագծերի դեպքում, առաջին ընթերցումից այն կողմ չգնաց: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն բարոյական, այլեւ շատ պրագմատիկ խնդիր է։ Չնայած պատմության բեռին՝ Հայաստանը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ փորձելով կարգավորել երկկողմ հարաբերությունները: Բայց քանի որ Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի, դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»: Երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց չի կարող գոյատևել, եթե չանդրադառնա այն վերքին, որը հետապնդում և տանջում է ողջ աշխարհի հայերին: Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցանկանում եմ տեսնել կայուն հարաբերություններ երկու երկրների միջև: Սակայն նման հարաբերությունները կարող են կառուցվել միայն պատմական ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա։ Պատմությունից խուսափելու միջոցով ձեռք բերված ժամանակավոր շտկումները չեն հանգեցնի տեւական խաղաղության: Դրանք պարզապես կթաքցնեն խորացող դժգոհությունները, որոնք ապագայում կհորդեն անկառավարելի ուժով: Տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և բարգավաճման հաստատման համար Հայոց ցեղասպանության ճանաչումն անփոխարինելի ճանապարհ է: 20-րդ դարը մարդկության պատմության ամենամռայլ էջերի կոլաժ է՝ Հոլոքոստից և Կամբոջայի կոտորածից մինչև Ռուանդայի ցեղասպանություն: Ցեղասպանության սարսափները երբեք չպետք է դուրս մնան պատմությունից: Հիշողությունը մեր լավագույն պաշտպանությունն է 21-րդ դարում դրանց կրկնությունից: Սա է պատճառներից մեկը, որ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդին պատճառված ցավը։ «Մենք հարգում ենք նրանց պատմությունը, – ասաց նա: – Մենք ընդունում ենք պատմությունը. Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ՝ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, այլևս երբեք չկրկնվի»: Որպես քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդ՝ Հայաստանն ունի մշակութային և գեղարվեստական հարուստ ժառանգության՝ ամրապնդված ապագայի և մարդկային բարության հաղթանակի հանդեպ հավատով: Մեր ժողովուրդը տոկուն է, նորարար, աշխատասեր և ստեղծագործ: Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ: Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»:
15:05 - 25 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին այցելել է․ «Հրապարակի» զրուցակիցը սխալվում է

Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին այցելել է․ «Հրապարակի» զրուցակիցը սխալվում է

«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 24-ին հրապարակել է «Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը ոչ մի անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չի բարձրացել» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը)։ Այս տեղեկությունը «Հրապարակին» հայտնել է անանուն զրուցակիցը, որն, օրաթերթի պնդմամբ,  երկար տարիներ ճանաչել է Փաշինյանին, վերջինիս ուսանողական տարիներին զուգահեռ սովորել է համալսարանում։  «Մինչեւ 2018 թիվը ոչ մի անգամ Ցեղասպանության համալիր չի գնացել, ծաղիկ չի դրել, այդ օրերին, եթե հանգստյան օրեր էին, անպայման գնում էին քաղաքից դուրս՝ պիկնիկի, եթե օրերը տաք էին լինում։ Իսկ 18-ից հետո, պարզ է, որ ի պաշտոնե է գնում՝ որպես վարչապետ չի կարող չգնալ»,- մեջբերում է «Հրապարակն» իր զրուցակցի խոսքերը։ Այս տեղեկությունը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ն էլ այցելել է Ծիծեռնակաբերդ։ 2017-ի ապրիլի 24-ին, օրինակ, դեռ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշիյանն այցելել էր Եղեռնի զոհերի հուշահամալիր, նաև լրագրողներին մեկնաբանություն էր տվել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ 2016-ի ապրիլի 24-ին ևս մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդ։ Shamshyan.com-ը այդ լուրի հետ նաև լուսանկարներ է հրապարակել (արխիվացված հղումը)։ Այպիսով, «Հրապարակ» օրաթերթի զրուցակցի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը չի այցելել Ծիծեռնակաբերդ, չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանն առնվազն 2016-ին ու 2017-ին՝ ապրիլի 24-ին, եղել է Ծիեծռնակաբերդում։ Աննա Սահակյան
14:06 - 25 ապրիլի, 2022
Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը: Այս մասին հայտնում է El Pais-ը: Ֆրանսիսկո Բուստիլյոն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Ուրուգվայը հիշողությունը հարգող երկիր է, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր է:  «Մեր երկիրն առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր է: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, ովքեր այցելում ենք այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն և հանդուրժողականություն, վարվեն նույն կերպ: Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,- ընդգծել է Բուստիլյոն՝ անդրադառնալով Չավուշօղլուի ազգայնական ժեստին: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով Ուրուգվայում էր, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Նա ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։
12:14 - 25 ապրիլի, 2022