Հայկ Ղալումյան

Հարցին չեմ պատասխանում. Տավուշի մարզպետը հորդորեց իրեն գյուղեր հանձնելու մասին հարցեր չտալ
 |pastinfo.am|

Հարցին չեմ պատասխանում. Տավուշի մարզպետը հորդորեց իրեն գյուղեր հանձնելու մասին հարցեր չտալ |pastinfo.am|

pastinfo.am: 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններին ոչինչ տեղի չի ունեցել: Կրակոցները հատուկենտ են լինում, լուրջ ոչինչ չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Մարզպետը հրաժարվեց պատասխանել հարցին՝ Տավուշում կա՞ն գյուղեր որոնք առաջիկայում հնարավոր է հանձնվեն Ադրբեջանին: Նա լրագրողներին հորդորեց հաջորդ անգամ իրեն գյուղեր հանձնելու մասին հարցեր չտալ. «Այս մասին ես չեմ խոսում, հաջորդ անգամ ինձ էլ այդ հարցը չտաք»,-ասաց Ղալումյանը: Հարցին՝ կարո՞ղ եք վստահեցնել, որ Տավուշի մարզից որևէ գյուղ չի հանձնվի Ադրբեջանին` Ղալումյանն արձագանքեց. «Չեմ հասկանում, ամեն ինչ ասացի, ասում եմ՝ հարցին չեմ պատասխանում, ինչո՞ւմն է խնդիրը: Համենայնդեպս, այս պահին նման խնդիր չունենք, չի քննարկվում», - ասաց նա։ Իսկ թե կարո՞ղ է բացառել, որ նման բան չի լինի՝ մարզպետն արձագանքեց. «Չեմ կարող բացառել»։ Նա նաև նշեց, որ դեռևս 90-ականներից Տավուշի մարզի հողերից մոտ 5000 հա գտնվում է ադրբեջանցիների տիրապետություն տակ, ուստի կարող է տարածքների փոխանակման հարց բարձրացվի:
13:39 - 07 նոյեմբերի, 2022
Տավուշի մարզպետը հետևել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին

Տավուշի մարզպետը հետևել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։ Մարզպետը Բերդավանում ծանոթացել է նաև բերդավանցի զոհված տղաներին նվիրված հուշահամալիրի կառուցման աշխատանքներին: Կառավարության կողմից 2021թ. համայնքներին տրամադրվող սուբվենցիոն ծրագրով և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ Բաղանիսում շարունակվում են մոտ 400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի: Ասֆալտապատվում է Բերդավանի 180 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ներհամայնքային փողոցը:
10:05 - 13 սեպտեմբերի, 2021
Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Պաշտոնատար անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ սահմանվել է պաշտոնատար անձանց աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ։ Ըստ այդ մեխանիզմի՝ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը օրենքով նախատեսված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալն է։ Տարբեր պաշտոնների համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով օրենքի հավելվածները, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով։ 2020 թվականին այն սահմանվել է 66,140 ՀՀ դրամ։ 2020 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համավարակով, որին զուգորդեց 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ընթացքում տարբեր գերատեսչություններ հրաժարվեցին իրենց հատկացվող պարգևավճարներից կամ այն փոխանցեցին պետական ֆոնդերի։ Պատգամավորները 2019 թվականի համեմատությամբ նվազեցրին իրենց հատկացվող պարգևավճարները։ Ինֆոքոմն ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյոք նրանք 2020 թվականի ընթացքում ստացել են նույնչափ պարգևավճարներ, թե ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալն է։ Համաձայն այս հաշվարկման մեխանիզմի՝ մարզպետների աշխատավարձը 661,400 դրամ է, որի մեջ ներառված են հարկերը։ Աշխատավարձի հաշվիչի համաձայն՝ մարզպետների մաքուր աշխատավարձը, որում ներառված չեն հարկերը, կազմում է շուրջ 474,000 դրամ։  Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականին ստացել է 12 մլն 79 հազար դրամ աշխատավարձ։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Գևորգյանն ամսական ստացել է 1 մլն 6 հազար դրամ աշխատավարձ։ Նրա ստացած ամսական եկամուտը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 532 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2019 թվականին ամսական ստացել է 532 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 112%-ն է։ 2020 թվականին մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 10 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է ամսական 877 հազար դրամ։ 2020 թվականին նրա ստացած ամսական եկամուտը, որը ներառում է նաև պարգևավճարները, նրա հիմնական աշխատավարձից ավելի է 403 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2020 թվականին ամսական ստացել է 403 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 85%-ն է։ Երկու տարիների վիճակագրությունները համեմատելիս պարզ է դառնում, որ 2020 թվականին Արագածոտնի մարզպետը չի հրաժարվել իրեն պարգևատրելուց և 2019-ի համեմատությամբ գրեթե նույն չափ պարգևավճար է ստացել։  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, հետևաբար կդիտարկենք նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականին 7 ամիսների ընթացքում Գարիկ Սարգսյանն ստացել է 3 մլն 530 հազար դրամ աշխատավարձ, որը ամիսների վերածած կազմում է 504 հազար դրամ։  2019 թվականին Սարգսյանն ստացել է 11 մլն 614 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 968 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 494 հազարով։ Այսինքն՝ 2019 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 494 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 104,2%-ն է։ 2020 թվականին Սարգսյանն ստացել է 12 մլն 217 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 1 մլն 18 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 544 հազարով։ Այսինքն՝ 2020 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 544 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 114,7%-ն է։ Ստացվում է, որ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2020-ին 2019-ի համեմատությամբ ավելի շատ պարգևավճար է ստացել։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2019 թվականին Մաթևոսյանը Արմավիրի մարզպետարանից ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական միջին ցուցանիշով կազմում է 896 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատվարձից ավելի է 422 հազար դրամով։ Այսինքն՝ Արմավիրի մարզպետը ամսական ստացել է 422 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89%-ի չափով է։ 2020 թվականին Մաթևոսյանն ստացել է 10 մլն 324 հազար դրամ աշխատավարձ, որը գրեթե հավասար է 2019 թվականին ստացած աշխատավարձի չափին։ Ամսական միջին ցուցանիշով 2020 թվականին Մաթևոսյանի աշխատավարձը, որում ներառված են նաև պարգևավճարները, կազմել է 860 հազար դրամ։ Սա Մաթևոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 408 հազար դրամով, այսինքն՝ հենց այսքան է կազմել մարզպետի ամսական ստացած պարգևավճարը։ Արմավիրի մարզպետի ստացած պարգևավճարը նրա հիմնական աշխատավարձի 86%-ն է։ 2019 և 2020 թվականների եկամուտները համեմատելիս ակնհայտ է, որ երկու տարիներին էլ դրանք միմյանց գրեթե հավասար են եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Սանոսյանի աշխատավարձը կազմել է 10 մլն 801 հազար դրամ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Սանոսյանի ամսական եկամուտը եղել է 900 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 426 հազար դրամով։ Այսինքն՝ Սանոսյանն ամսական կտրվածքով ստացել է 426 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89,8%-ն ։ 2020 թվականին Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 672 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է 889 հազար դրամ։ Սա Սանոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 415 հազար դրամով, որը հենց ստացած պարգևավճարն է։ Սանոսյանի ստացած պարգևավճարները 2020 թվականին կազմել է նրա հիմնական աշխատավարձի 87,5%-ը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար 2019 և 2020 թվականների աշխատավարձերի և պարգևավճարների համեմատությունն անելու համար կդիտարկենք Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրերը։ Ղուկասյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Ղուկասյանի աշխատավարձը և ստացած պարգևավճարները միասին կազմում են 11 մլն 150 հազար։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Ղուկասյանը 2019 թվականին ամսական ստացել է 929 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 455 հազար դրամով։ Այսինքն՝ ամսական կտրվածքով Ղուկասյանը ստացել է 455 հազար դրամ պարգևավճար։ Ղուկասյանը 2019 թվականին ստացել է հիմնական աշխատավարձի 95,9%-ի չափով պարգևավճար։ 2020 թվականին Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 302 հազար դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է 942 հազար դրամ։ Սա նրա աշխատավարձից ավելի է 468 հազար դրամով։ Այսինքն՝ Ղուկասյանը 2020 թվականին ամսական միջին ցուցանիշով ստացել է 468 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 98,7%-ն է։  Համեմատելով մարզպետի 2020 և 2019 թվականների աշխատավարձերը՝ տեսնում ենք, որ 2020 թվականին ստացած պարգևավճարները չեն զիջում 2019-ին ստացածին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մայիսի 27-ին։ Նրանից առաջ Կոտայքի մարզպետը Մեսրոպ Առաքելյանն էր, որին նախորդել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հասկանալու համար, թե 2019 և 2020 թվականներին որքան աշխատավարձ և պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձինք՝ դիտարկենք Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հայտարարագրերը։  Այսպես՝ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 3 մլն 396 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Այս գումարը ամիսների վերածած կազմում է 485 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձի չափով է։  2019 թվականին Պետրոսյանն ստացել է 11 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նրա ստացած պարգևավճարները։ Ամիսների միջին ցուցանիշով Պետրոսյանն ստացել է 960 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 486 հազար դրամով։ Այսինքն՝ 2019 թվականին Պետրոսյանն ամսական միջինում ստացել է 486 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 102,5%-ն է։ 2020 թվականին Պետրոսյանը պաշտոնավարել է մինչև հուլիսի 30-ը։ Այս 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 8 մլն 308 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 187 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 713 հազար դրամով։ Մեսրոպ Առաքելյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 26-ին և մինչև տարեվերջ՝ մեկ ամսվա համար ստացել է 985 հազար դրամ աշխատավարձ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 511 հազարով։ Ընդհանուր՝ երկու մարզպետները 2020 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել են 9 մլն 293 հազար դրամ, որը ամիսների վերածած կազմում է ամսական 1 մլն 161 հազար։ Սա նրանց հիմնական աշխատավարձից ավելի է 687 հազար դրամով։ Այսինքն՝ հենց այսքան ամսական միջին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետները, որը նրանց հիմնական աշխատավարձի 145%-ն է։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո երրորդ մարզպետն է։ Նրանից առաջ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։ Վերջինս մարզպետ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 12-ին։ Պետրոսյանը 2019 թվականի ընթացքում մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Միջին ամսական կտրվածքով նրա աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 246 հազար դրամով։ Այսինքն՝ Պետրոսյանը 2019 թվականին ամսական միջինը ստացել է 246 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 51,9%-ն է։ 2020 թվականին Հարությունյանն ստացել է 9 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 832 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 358 հազար դրամով։ Այսինքն 2020 թվականի ընթացքում Հարությունյանն ամսական միջինը ստացել է 358 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 75,5%-ն է։ Ինչպես տեսնում ենք երկու տարիների համեմատությունից, 2020 թվականին Շիրակի մարզպետի պաշտոնում ավելի շատ են պարգևավճար ստացել, քան 2019 թվականին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանն էր։ 2019 թվականին Պողոսյանը Սյունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 166 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 847 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 373 հազար դրամով, որը նրա աշխատավարձի 78,7%-ն է։ 2020 թվականին Պողոսյանն ստացել է 10 մլն 808 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է 982 հազար դրամ։ Ամսական այս աշխատավարձը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 508 հազար դրամով։ Այսինքն՝ 2020 թվականի ընթացքում Պողոսյանն ամսական միջինը 508 հազար դրամ պարգևավճար է ստացել, որը նրա հիմնական աշխատավարձի 107%-ն է։ Ստացվում է, որ 2020 թվականին պարգևավճարի չափը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար վերջինս ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 900 հազար դրամ։ Մինչև Գրիգորյանի պաշտոնավարումը Վայոց ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանն էր։ Վերջինս 2019 թվականի ընթացքում պաշտոնավարել է 9 ամիս 10 օր։ Այդ ընթացքում Սարգսյանն ստացել է 9 մլն 633 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն 36 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող երկու մարզպետերն ստացել են 11 մլն 433 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 1 մլն 12 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին ցուցանիշով մարզպետները ստացել են 538 հազար դրամ պարգևավճար, որը նրանց հիմնական աշխատավարձի 113,5%-ն է։ 2020 թվականին Գրիգորյանը Վայոց ձերի մարզպետարանից ստացել է 11 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 944 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 470 հազար դրամով, այսինքն՝ Գրիգորյանը 2020 թվականի ընթացքում ամսական ստացել է միջինը 470 հազար դրամ պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 99,1%-ն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ից, մինչ այդ Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էր։ Վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 6-ին։ 2019-ի թվականի պաշտոնավարման ընթացքում վերջինս ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև պարգևավճարները։ Ամսական կտրվածքով Չոբանյանի ստացած աշխատավարձը կազմել է 840 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 366 հազար դրամով։ Այսինքն՝ Չոբանյանը 2019 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 366 հազար դրամի պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 77,2%-ն է։ Չոբանյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, հետևաբար չենք կարող համեմատել և իմանալ, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջինս 2020 թվականի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով բոլոր մարզպետների 2019 և 2020 թվականների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ 2020 թվականի ընթացքում, թեև շատ գերատեսչություններ և պաշտոնյաներ հրաժարվում էին իրենց պարգևավճարներից, մարզպետները ամենևին չեն հրաժարվել և որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ պակասեցրել իրենց ստացած պարգևավճարները։ Բացի այդ՝ մարզպետները իրենց ստացած պարգևավճարները որևէ հիմնադրամների փոխանցելու մասին հայտարարություններ չեն արել։ Նարեկ մարտիրոսյան
14:46 - 22 հուլիսի, 2021