Հայկ Կոնջորյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1987թ. մայիսի 30-ին Չարենցավանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2010թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Պատմաբան:

2013-2014թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2011-2015թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): 25.05.2018-19.09.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 19.09.2018-28.09.2018թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 28.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-12.01.2021թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 12.01.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան
 |factor.am|

Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան |factor.am|

factor.am: Հայաստանում որևէ երկրորդ այլ կառավարություն չի կարող լինել, դա հակասահմանադրական է, Factor TV-ի հետ զրույցում նման պնդում արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա դիտարկմամբ՝ Սամվել Շահրամանյանի՝ ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ունենալու հայտարարությունը կարող է ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու հայտարարություն անող շրջանակները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց նա։ Կոնջորյանի խոսքով՝ իրենք թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկը փորձի Հայաստանի պետականության համար ռիսկեր ստեղծել։ Հիշեցնենք, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախի պետական մարմինների գործունեությանը։ «Այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի՝ կառավարության բոլոր նախարարները պահպանվում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»,- ասել էր Շահրամանյանը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:25 - 28 մարտի, 2024
Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը և հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջև և՛ օրենսդիր, և՛ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ: Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես մեր կողքին լինելու և հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաև միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի: Կարևորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը: Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում: «Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը: Հանձնաժողովի անդամները կարևորել են պատվիրակության այցը Հայաստան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում, ընդգծել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաև Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ երկրում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին: Նշվել է, որ Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում: Երկկողմ տեսանելի արդյունքներ գրանցելու հարցում արժևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել Կիպրոսի հայ համայնքի առանցքային դերակատարությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտությանը, խորհրդարանական մակարդակով փոխայցերի ակտիվացմանը:
13:51 - 07 մարտի, 2024
Եկեք խմբակցությունների փակ նիստ անենք առաջիկա օրերին. Հայկ Կոնջորյանի առաջարկը ընդդիմադիրներին
 |1lurer.am|

Եկեք խմբակցությունների փակ նիստ անենք առաջիկա օրերին. Հայկ Կոնջորյանի առաջարկը ընդդիմադիրներին |1lurer.am|

1lurer.am: Պարոն Մինասյանը («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան-խմբ.) իր ելույթում մի բան ասաց, որ պատրաստ են ամեն ինչով օժանդակել, որ սխալները չկրկնվեն... Ես ուզում եմ հավատալ, որ պատրաստ են օժանդակել մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Ես միանգամից առաջարկ եմ անում. պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք առաջիկա օրերին այստեղ, առանց տեսախցիկների, հասկանանք՝ դուք ինչ պնդումներ, պահանջներ ունեք, ինչ մտահոգություններ: Տեսախցիկները կանջատենք, որ ավելի անկաշկանդ խոսեք: Ուզում եմ հավատալ, որ ցանկանում եք օգտակար լինել»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ կսպասի Սեյրան Օհանյանի կողմից արձագանքին: Հիշեցնենք՝ Մինասյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր՝ կարևորում է մեր պետականության առջև ծառացած մարտահրավերների մասին խոսելը և առաջարկներ ներկայացնելը, որոնք չափազանց կարևոր են ներկա ժամանակահատվածում:
14:43 - 08 փետրվարի, 2024
Քաղաքական անգրագիտության դրսևորում է ասել, թե ճնշում ենք գործադրում Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. Կոնջորյան
 |armenpress.am|

Քաղաքական անգրագիտության դրսևորում է ասել, թե ճնշում ենք գործադրում Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. Կոնջորյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու, հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ կանխամտածված ու հատուկ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ՔՊ-ից հակադարձում են՝ ընդամենը ցանկանում են հասկանալ, թե իրենց ընտրած թեկնածուն ինչպես է աշխատել, քանի որ կրում են քաղաքական պատասխանատվություն: Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովը որոշումներ է կայացրել իշխանական որոշ նախկին ու ներկա պատգամավորների վերաբերյալ՝ վարույթ է հարուցել: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հանձնաժողովի աշխատանքը օբյեկտիվ է եղել, և իշխանական պատգամավորները կանխամտածված ու հատուկ վերաբերմունք են ցույց տալիս թեկնածու Հայկուհի Հարությունյանի նկատմամբ:  Ընդդիմադիր պատգամավորն այն կարծիքին է, որ իշխանությունը ցանկանում է «զավթել» այդ պաշտոնը: «Ձեր կոկորդին է մնում Հայկուհի Հարությունյանի օբյեկտիվ աշխատանքը»,-տեսակետ հայտնեց Մինասյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հիշեցրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորել են իրենք: «Հայկուհի Հարությունյանին ընտրել ենք մենք, օրինակ՝ ես, մեր խմբակցության պատգամավորների մեծ մասը: Հիմա ցանկացած ընտրական գործընթացի տրամաբանությամբ մենք ուզում ենք հասկանալ՝ ում որ ընտրել ենք, ոնց է աշխատել, որ իմանանք՝ ընտրե՞նք, թե՞ ոչ: Մենք դրա համար քաղաքական պատասխանատվություն ենք կրում: Ընտրող մարմինը պետք է ընտրվող պաշտոնյային հարցեր տա, մանավանդ, երբ վերընտրության հարց է քննարկվում: Եվ ասել, թե սա քաղաքական ճնշում է, քաղաքական անգրագիտության շռնդալից դրսևորում է: Ո՞նց կարելի է նման բան խոսել»,-ասաց Հայկ Կոնջորյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց քաղաքական ուժի քաղաքական հենասյուներից մեկն է, իրենց քաղաքական գործունեությունը կառուցում են դրա վրա: Նա հիշեցրեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորումից ի վեր հանձնաժողովի ֆինանսավորումը ավելացել է շուրջ 400 տոկոսով: «Չափազանց շատ ենք գնահատում այս մարմինը: Եվ այս քննարկումն էլ մեր սրտացավության դրսևորումն է: Այստեղ մենք քննարկում ենք նաև մեր ընտրությունը, նաև ինքներս մեզ: Եթե քննադատում ենք, քննադատում ենք նաև ինքներս մեզ: Դա է ժողովրդավարության դրսևորումը»,-շեշտեց նա՝ աբսուրդ որակելով տեսակետը, թե իշխանական պատգամավորներն իրենց հարցերով փորձում են ճնշել հանձնաժողովի անդամի թեկնածուին: Կոնջորյանը շեշտեց, որ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական պատասխանատվություն կրող գլխավոր սուբյեկտն է: Թեկնածու Հայկուհի Հարությունյանն էլ, դիմելով իշխանականներին, ասաց. «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է, այն կայացել է: Եվ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի: Անկախ ձեր գնահատականներից և ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է: Եվ այդ աշխատանքը ևս խեղաթյուրելու և շրջելի դարձնելու հնարավորություն չկա»: Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը:
15:12 - 07 դեկտեմբերի, 2023
«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին

ԱԺ խմբակցություններն այսօր՝ նոյեմբերի 16-ին, իրենց դիրքորոշումներն են հայտնել Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։ Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը այդ մասին։ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նա նշել է, որ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ ծրագրի հետեւում չկա։ Արթուր Խաչատրյանի հավաստմամբ, «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է Կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի նախագիծը: «Առաջարկվող բյուջեն Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր եւ միջոցներ չի նախատեսում: Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգային մարտահրավերներին: Լեռնային Ղարաբաղի բռնակցման, բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառ. կմ տարածքի բռնազավթման պայմաններում, պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոս աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը եւ ագրեսիվ հռետորաբանությունը»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով, անընդունելի է նաեւ «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի ֆինանսավորման 2023 թվականի համեմատ 1 միլիարդ դրամից ավելի նվազեցումը: Անդրադարձ է եղել նաեւ Կառավարության բարեփոխումների ծրագրին: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ որեւէ էական բարեփոխում չի առաջարկվում: Պատգամավորը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում որոշ քաղաքական հանգամանքների է անդրադարձել, խոսել ընդդիմության որոշ դիտարկումների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականն ազատության եւ խաղաղության միաժամանակյա գոյությունն է: Պատմությունը վկայակոչելով՝ նա փաստել է, որ այս տարածքում, այս հողակտորի վրա Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք միաժամանակ չեն ունեցել ազատություն եւ խաղաղություն: «Մենք ստացել ենք ազատություն եւ գնում ենք խաղաղության ճանապարհով: Հենց այդ երկուսն ունենանք, այդ ժամանակ փլվելու է այն հայեցակարգը, այն նարատիվը, որի վրա, ցավոք, կառուցված է նաեւ մեր ընդդիմության գաղափարաբանությունը»,- նման կարծիք է հայտնել Հայկ Կոնջորյանը ու խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին։ «Ի՞նչ է ստացվել. տասնամյակներ շարունակ քաղաքական ուժերը զոհաբերել են ազատությունը, որ ստանան անվտանգություն եւ արդյունքում զրկվել են ե՛ւ ազատությունից, ե՛ւ անվտանգությունից: Ազատություն եւ խաղաղություն. երբ կարողանանք այս երկուսը համադրել, այդ ժամանակ գոհ կլինենք, կհամարենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, եւ մենք ենք մեր ճակատագրի, մեր տարածաշրջանի, մեր աշխարհագրական դիրքի նկատմամբ բովանդակություն ձեւավորողն ու մեր աշխարհագրության գերին չենք: Երկար ժամանակ դա է եղել նարատիվը, որ մենք չունենք ծով, ունենք լեռներ, ունենք անբարենպաստ հարեւաններ, դրա համար մենք դատապարտված ենք փրկվելու, իսկ փրկիչներ միշտ պատրաստակամ են եղել հայտնվելու»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը: Ըստ նրա՝ այդ հայեցակարգն ու փրկչի նարատիվը փլվում է: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ չկա տնտեսական զարգացում առանց տնտեսական ազատությունների եւ չկան տնտեսական ազատություններ առանց քաղաքական ազատությունների: Սա հիմնաքարային աքսիոմա է: Նա տեղեկացրել է, որ բյուջեի նախագիծն արտահայտում է իրենց քաղաքական առաջնահերթությունները, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է փաստաթղթին:
16:21 - 16 նոյեմբերի, 2023
«Դատական համակարգն ասպատակած մարդկանց ներկայացուցիչ ընդդիմադիրները սիրատոչոր խոսում էին արդարադատությունից»․ Հայկ Կոնջորյան


 |aravot.am|

«Դատական համակարգն ասպատակած մարդկանց ներկայացուցիչ ընդդիմադիրները սիրատոչոր խոսում էին արդարադատությունից»․ Հայկ Կոնջորյան |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ դատական համակարգի ու դատավորների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ «Երեկ որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորի թեկնածուների ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգ պոնգի հերթական դրվագի եւ թիրախավորեցին մեր որոշ թեկնածուների, ըստ իրենց քիմքի։ Երեկ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ այս ամբիոնից ելույթներ էին ունենում, եւ եթե միայն ռադիոյով լսեինք, կթվար, թե Ֆեմիդան է ելույթ ունենում, որովհետեւ սիրատոչոր, արդարադատության կանթեղը վառ պահած՝ փորձում էին խոսել արդարադատությունից, արդարությունից, բայց այն մարդկանց ներկայացուցիչներն էին, որոնք տասնամյակներ շարունակ ասպատակել են նույն դատական համակարգը, իրավունքը։ Եվ այստեղ հրապարակում էին իրենց սիրելի եւ չսիրելի դատավորների անուններ։ Դա չափազանց անընդունելի վարքագիծ է, որովհետեւ դատավորներին թիրախավորելու անընդունելի քայլ է։ Ամբիոնից սիրելիների-չսիրելիների անուններ հնչեցնել այն տրամաբանությամբ, որովհետեւ ստացել եք հանձնարարություն պատրոնի կողմից եւ պատրոն-կլիենտ հարաբերությամբ դիտարկել դատաիրավական համակարգը, սա անընդունելի է»,- ասաց Կոնջորյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն իրավական պետություն է, եւ դատական համակարգը պետք է զերծ լինի բոլոր տեսակի ազդեցություններից։ «Ես կարծում եմ, որ, այդ թվում այն ելույթները, որտեղ դատավորներին փորձում էին հաթաթա տալ, ասել, որ հիշեք, դուք քայլելու եք Երեւանի փողոցներով, սա ուղիղ սպառնալիք է դատական համակարգին ու դատավորներին։ Եվ ես այս առիթից օգտագործելով՝ ցանկանում եմ նաեւ ուղերձ հղել մեր դատական իշխանության ներկայացուցիչներին, դատավորներին՝ ասելով, որ որեւէ պարագայում հանկարծ չենթարկվեն որեւէ քաղաքական ճնշումների, սպառնալիքների։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունն ունի բավականաչափ կամք՝ Հայաստանում ապահովելու իրավակարգը։ Եվ մենք հավատում ենք, որ դատական իշխանությունն ու դատավորները եւս իրենց լիազորությունների շրջանակներում այդ իրավակարգն ապահովելու կարեւորագույն առանցքն են»,- նշեց նա։
13:04 - 25 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ. դեսպան Քվին

ԱՄՆ-ն մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ. դեսպան Քվին

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։   Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների, դրանց հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարևորվել է ՀՀ խորհրդարանի և ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:   Հայկ Կոնջորյանը կարևորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ այսօր Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում առաջընթաց կարձանագրվի:   Դեսպան Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին:
18:37 - 27 հունիսի, 2023
«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց դարձյալ լարված իրավիճակի պատճառով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին, մասնավորապես՝ 30 տարում քիչ քանակությամբ զենք գնելու, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելու, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ընդդիմադիրների չմասնակցելու մասով։ Նրա ելույթին արձագանքեց Ալեն Սիմոնյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց։ «Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես․․․ Դու ինչ ես անում ստեղ, գնա, տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով հավանաբար Սեյրան Օհանյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը և դուրս եկավ դահլիճից։ Իրադրությունը փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, սակայն լեզվակռիվ սկսվեց այդ պահին ելույթը սկսող Հայկ Կոնջորյանի և Սեյրան Օհանյանի միջև։ Վերջինս տեղից արձագանքում էր, իսկ Կոնջորյանն ասում․ «Պարոն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի դու-ով խոսել․․․ Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։  Այս հայտարարությունից հետո դահլիճից աղմուկ էր լսվում, իսկ Կոնջորյանը կոչ էր անում լուռ մնալու։
13:00 - 26 հունիսի, 2023
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ՀՀ ԱԺ կայքում զետեղվել է ԱԺ նախագահի կարգադրությունը պատգամվորներին Լոնդոն գործուղելու մասին։ Մասնավորապես, համաձայն կարգադրության, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գործուղվելու է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)։ Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Սոնա Ղազարյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը,Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը (հունիսի 4-9-ը),Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ   հաղորդակցության վարչության լրատվության   արտադրության բաժնի լուսանկարիչ- oպերատոր Դավիթ Հակոբյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության  արտադրության բաժնի հեռուստաoպերատոր Հրայր Քալաշյանը։ Գործուղման ծախսերը պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին են։
11:17 - 27 մայիսի, 2023
Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպել են այդ երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայկ Կոնջորյանը։ «Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները: Փոխադարձաբար ընդգծել ենք միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել ենք դրանք խորացնելու նոր հեռանկարները:  Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը: Քննարկել ենք Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնջորյանը։  
17:24 - 02 մայիսի, 2023
Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ մեծացնել միջազգային ճնշումը

Հայկ Կոնջորյանը միջազգային գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի նկատմամբ մեծացնել միջազգային ճնշումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է միջազգային գործընկերներին։ Նա կոչ է արել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը։ Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում․ «Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին։ Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին։ Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս` Հարիս Գյորգեադեսին։ Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի և ոտնձգության վերաբերյալ: Ներկայացրել եմ փաստեր ադրբեջանցիների ապօրինությունների և հանցավոր գործողությունների վերաբերյալ: Կոչ եմ արել գործընկերներիս` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում»:
14:07 - 13 ապրիլի, 2023