Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման հարցը

ԵԱՏՄ Գործարար խորհուրդը կքննարկի Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման հարցը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի  փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։ Նիստի մասնակիցները քննության են առել օրակարգային հինգ հարց․ «2021 թվականին եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման և դրանում ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքների ներգրավվածության մասին», «ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման մասին», «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի միջև՝ ԵԱՏՄ անդամ երկրների սպառողական ապրանքների առևտրի մասնակիցների ինքնակարգավորվող համակարգի ձևավորման հարցում փոխըմբռնման հուշագրի մասին», «ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների և բժշկական ապրանքների հետ վարվելու արդիական հարցերի մասին» և «Երրորդ երկրների հետ գործարար երկխոսության աշխուժացման մասին» հարցերը։ Հանգամանալի քննարկումներից հետո կայացվել են համապատասխան որոշումներ։ «Խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին  մասնակցած ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ արդիական է գնահատվել ՌԴ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցչության ղեկավար Արտաշես Շիրիկյանի այն հարցադրումը, որ անդամ երկրների գործարար համայնքները հաճախ ուշացումով են տեղեկացվում ԵԱՏՄ կառույցների որդեգրած քաղաքականության կամ նախատեսվելիք նախաձեռնությունների մասին, ինչը մակրոտնտեսական մակարդակում դժվարացնում է գործարարների կողմից համապատասխան քայլերի մշակումն ու իրականացումը։ Որոշվել է քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի անմիջական ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Ըստ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի՝ արդեն ս․թ․ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա  ԵԱՏՄ Գործարար խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերի թվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից բարձրացված` «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։   Խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ ՀԱԳՄ-ն առաջարկել է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։
22:03 - 02 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե՛ համավարակի հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունները քննարկելու համար: Արարատ Միրզոյանը նշել է, որ ակնկալում է գործարարների հետ ունենալ անկեղծ եւ բաց խոսակցութուն գրանցված նվաճումների, ինչպես նաեւ առկա բացթողումների վերաբերյալ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար ամենակարեւոր արդյունքը, որը պետք է արձանագրել, ազատ շուկայական հարաբերությունների հաստատումն է: Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է ազատ մրցակցային դաշտ եւ երկրում առկա է օրինականության բարձր աստիճան, ինչը թույլ տվեց նաեւ նվազեցնել համավարակի ընթացքում ստեղծված վնասները: Միության նախագահը նաեւ նշել է, որ համավարակը թույլ թվեց բացահայտել բիզնեսի եւ հանրային կառավարման ոլորտներում առկա թերությունները: Կողմերի միջեւ ծավալվել է արդյունավետ շահագրգիռ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավել նաեւ գործարար համայնքի փորձագիտական ներուժը:
14:38 - 07 օգոստոսի, 2020
Պետք է բոլորիս առաջ որակապես նոր մակարդակի տնտեսություն ունենալու խնդիր լինի. վարչապետը հանդիպել է գործարարներին

Պետք է բոլորիս առաջ որակապես նոր մակարդակի տնտեսություն ունենալու խնդիր լինի. վարչապետը հանդիպել է գործարարներին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրոսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը: Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70 հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ արդեն մայիսին ունեցել ենք կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում: «Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա: Շատ հնարավոր է, որ սա ինչ-որ մասով կապված է ստվերի կրճատման մեր քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, թվերը կան, ընդ որում սա ՊԵԿ-ի տվյալներն են և այս տվյալները հաստատված են, առկա են կոնկրետ հաշվետվություններով, այս բոլոր աշատատեղերի համար վճարված է աշխատավարձ և ներկայացված է եկամտային հարկի հաշվետվություն»,- ընդգծել է վարչապետը: Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ այն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ լարված, բայց մյուս կողմից տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է: «Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են: Ինչո՞ւ եմ ես սա ասում, որովհետև Հայաստանում որոշակի շրջանակների կողմից շարունակվում է քարոզվել համաճարակն ընդլայնելուն միտված գործողություններ, մասնավորապես, դիմակների հետ կապված: Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է, այստեղ որևէ կասկած չկա: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որևէ կասկած չկա, որ կունենանք թվերի աճ, ընդ որում, սա մեզ ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը: Մենք տեսնում ենք, որ այն երկրները, ովքեր հետևողական մինչև առնվազն վերջերս չէին մտցնում դիմակ կրելու պարտադիր պայման, հիմա հերթով ստիպված կայացնում են այդ որոշումը: Մենք էլ ենք ստիպված կայացրել, պարզ է, որ տհաճ է, այնքան էլ հաճելի չէ սեփական քաղաքացիներին պարտադրել, որ դիմակ կրեն, մեզ էլ բոլորիս հաճելի չէ, որ մենք նստած ենք դիմակներով, բայց իրավիճակից բխող քայլեր իհարկե պետք է ձեռնարկենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը: «Որովհետև հիմա բոլոր հարցերը քննարկելիս երկու նժար կա՝ մեկն առողջապահական, մյուսը՝ տնտեսական, պետք է այդ նժարներից մեկի՝ համավարակի հարցը լուծել, և լիարժեք անցնել տնտեսության վերականգնման օրակարգին, որն իհարկե առաջնահերթություն է մեր երկրի համար: Կրկին ուզում եմ ընդգծել, որ տնտեսությունն առաջին հերթին, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են, որ նաև ապահովում են մեր երկրի անվտանգային կարիքները, որը մեզ համար եղել է առաջնահերթություն, կա առաջնահերթություն և առաջիկայում էլ լինելու է առաջնահերթություն: Եվ մենք, իհարկե, պետք է աշխատենք ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ: Այդ առումով, կրկին ուզում եմ ընդգծել ճգնաժամը որպես հնարավորություն մեր հայեցակարգը, մասնավորապես, հիշեցնել մեր կառավարության ծրագրում արձանագրված առաջնահերթությունը՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսությամբ երկիր դարձնելը, մի տնտեսությամբ, որը միտված է արտահանմանը, ինչը նույնպես շատ կարևոր է: Այսօրվա մեր քննարկումը պետք է նվիրված լինի, թե ինչպես մենք պետք է համագործակցենք այս օրակարգը սպասարկելու և այն իրականություն դարձնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և հավելել, որ տնտեսությունն այժմ գնում է դեպի վերականգնման փուլ նաև կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքում: Մասնավորապես, Արսեն Ղազարյանը կարևորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը: «Դրանց արդյունքում է, որ տնտեսվարողներն այժմ փորձում են պահպանել արտադրական ծավալներն ու առաջ գնալ»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը՝ ընդգծելով նաև վերամշակող ընկերությունների համար զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրելու կառավարության որոշման կարևորությունը: Այնուհետև գործարարները վարչապետին են ներկայացրել իրենց հուզող խնդիրներն ու հարցերը, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ: Տնտեսվարողները շեշտել են, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, վերջին երկու տարիների ընթացքում բիզնեսի համար տեղի են ունեցել բազմաթիվ դրական փոփոխություններ, լուծում են ստացել կարևորագույն մի շարք խնդիրներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, գինեգործության, շուկաների դիվերսիֆիկացման ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու տարբերակները: Անդրադարձ է կատարվել նաև հարկային վարչարարությանը, տարածքային համաչափ զարգացմանը, հողային ռեֆորմին վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական անցկացումը և նշել, որ գործարար համայնքին համարում է կառավարության կարևորագույն գործընկերներից մեկը: «Մեր խնդիրն է խթանել բիզնեսին եկամուտների գեներացման գործում՝ «հարստացեք և հարստացրեք» բանաձևի ներքո: Մեր բոլորի առաջնահերթությունը պետությունն է՝ իր անվտանգությամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պետք է նպաստի պետության զարգացմանն ու առաջընթացին:
16:17 - 22 հուլիսի, 2020
ՀԱԳՄ նախագահության նիստում քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ՀԱԳՄ նախագահության նիստում քննարկվել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին»  օրենքի նախագծում ներառված նոր դրույթները քննարկվել են   Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հունիսի 24-ին կայացած հեռավար ընդլայնված նիստում։ Այս մասին հայտնեցին են   Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից։ «Ընդգծելով բարեփոխման հրատապությունը՝ նախագահության անդամները ներկայացրեցին նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները։ «Հարկային վարչարարության կատարելագործման հարցն օրախնդիր է։ Առավել ևս համավարակի պարտադրած պայմաններում՝ հարկային ոլորտում չպետք է մնա գործարարությանը խոչընդոտող որևէ խնդիր։ Ցանկացած հարց պետք է դառնա քննարկման առարկա և պատշաճ կերպով լուծում ստանա»,-նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Միության նախագահը ներկայացրեց ՀԱԳՄ պատվիրակության՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքները, որին մասնակցել էին  նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։ Արսեն Ղազարյանը կարևորեց հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի համանման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ՝ ըստ առանձին ոլորտների։ Նա Միության անդամներին կոչ արեց ակտիվ լինել այդ հանդիպումների օրակարգերը ձևավորելիս՝ ներկայացնելով հրատապ լուծում պահանջող խնդիրները։  Մասնավորապես՝ նախագահության նիստում ձևավորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման  օրակարգը։ Գործարաները քննության առան նաև Երևանի «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման շուրջ առկա կացությունը՝ ընդգծելով, որ ստեղծված ներկա իրավիճակում հարկավոր է ամենայնս խրախուսել ցանկացած ներդրումային ծրագիր։ «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը,-շեշտեց Արսեն Ղազարյանը։-Այդ առումով,  բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ կառուցապատման այս ծրագրի իրականացման որոշ ձգձգումների նկատմամբ»։  Գործարարները, շեշտելով խնդրի կարևորությունը, հարկ համարեցին դիմել պատկան ատյաններին՝ պահպանելով քաղաքաշինական և պահանջված չափանիշները՝ ընթացք տալ  լայնածավալ այս նախագծին։ Նիստում անդրադարձ եղավ նաև արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործընթացների անվտանգ կազմակերպման ընթացքին։ Կարևորելով սահմանված անվտանգության չափանիշների խստագույնս պահպանումը՝ գործարարներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ պատկան մարմինները երբեն անհարկի՝ ամենամանր բացթողման պարագայում կասեցնում են տնտեսվարողի գործունեությունը՝ հաճախ հաշվի չառնելով դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։   Նիստի օրակարգում էր նաև ՀԱԳՄ նոր անդամի ընդունելության հարցը՝ Միության շարքերը համալրեց «Գաջեգործ» ՓԲ ընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:13 - 25 հունիսի, 2020
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը

 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։ Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկվել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանն ուղղված՝ Կառավարության ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ընթացքը, գործարարության առջև ծառացած խնդիրները, վերջիններիս կողմից իրականացվող քայլերը՝ տնտեսության անկման կանխման և տնտեսական գործընթացների բնականոն հունը վերականգնելու ուղղությամբ։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ըստ տնտեսության առանձին ճյուղերի։ «Մեծ է այսպիսի հանդիպումերի կարևորությունը, որոնց ընթացքում գործադիրը հիմնական դերակատարներից՝ գործարարներից է անմիջականորեն տեղեկանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու զարգացումները, իսկ վերջիններս հնարավորություն են ստանում կառավարության անդամների հետ քննարկելու նախատեսվող տնտեսական քաղաքականության քայլերը, ներկայացնել իրենց տեսակետները»,- հանդիպումից հետո ասաց  ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
10:53 - 12 հունիսի, 2020
Կարևորվում է գործարար համայնք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը

Կարևորվում է գործարար համայնք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ապրիլի 21-ին հրավիրել է այս ամսվա արդեն երրորդ նախագահության ընդլայնված հեռավար նիստը՝ քննարկելու համար թագավարակով պայմանավորված տնտեսությունում ստեղծված իրավիճակը, խնդիրների հաղթահարմանն ուղղված գործադիրի իրականացրած ծրագրերի ընթացքը, տարբեր ոլորտներում կուտակված խոչընդոտերը, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ «ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով նախորդ նիստերից հետո ձեռնարկված քայլերը՝ նշեց, որ տնտեսության հատվածին ուղղված կառավարության ծրագրերում տեղ են գտել նաև միության կողմից արված մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ շինարարության և այլ ոլորտներում աշխատանքները վերսկսելու որոշումը, ընթացքի մեջ են այլ առաջարկների քննարկումը։ Անդրադառնալով բեռնափոխադրումների դժվարություններին՝ Արսեն Ղազարյանը ներկայացրեց փոխադրումների ժամկետների երկարելու պատճառները։ Միաժամանակ նշվեց, որ չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակերը զգալիորեն թեթևացել է, գրեթե նախկին ռեժիմով են մեքենաները  դեպի Ռուսաստան ուղևորվում և գալիս։ Այն տագնապները, որոնք առկա էին մարտի վերջին ու ապրիլի առաջին կեսին, կարելի է համարել հաղթահարված։ Արտակարգ իրավիճակի ռեժիմով են իրականացվում Իրանից կատարվող փոխադրումները․ բեռները գալիս են մինչև ազգային տերմինալ, իսկ նրանք, որոնք հնարավոր չէ վերաբարձել, ուղեկցությամբ հասնում են մինչև Երևան։ Վրաստանում մտցված կարանտինային ռեժիմը, ընդհանուր առմամբ, մեծ խնդիրներ չի առաջացնում․ բեռնափոխադրող մեքենաներն ուղեկցվում են, և, եթե մինչև ապրիլի 10-ը որոշակի խնդիրներ ծագում էին, ապա ներկա դրությամբ Սադախլոյից մեքենաները Վլադիկավկազ գնում և վերադառնում են 4-6 օրում։ Որոշակի խոչընդոտներ կան կոնյակի արտահանման առնչությամբ․ Ռուսաստանը ընտրողաբար նմուշներ է վերցնում փորձաքննության համար, և մեքենաները  մի քանի օր ապասում են, մինչև կստացվեն արդյունքները։ Մասնակիցներն արձանագրեցին, որ  ներկայումս գործադիրի աջակցությունը գերակշիռ մասով ունի  սոցիալական, և ոչ թե տնտեսական ուղղվածություն։ Մինչդեռ գործատուների առջև այսօր ծառացած գլխավոր հիմախնդիրներից է աշխատատեղերի պահպանումը։  Կառավարության օժանդակությունների ուղղությունը պետք է լինի դեպի գործարարությունը՝ ուղղակի, հարկերի հետաձգման և այլ եղանակներով։ Ստանալով լրացուցիչ ռեսուրսներ՝ գործատուները կկարողանան պահպանել աշխատատեղերը, ինչը պետությանը հետագայում կազատի լրացուցիչ սոցիալական բեռից։ Գործարարները խնդիրներ ունեն սպասումների և կանխատեսումների ձևավորման առումով, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում ընդհանուր տնտեսության վրա։ Անհրաժեշտ է, որ գործարարներն ու պետական կառույցները համատեղ ուժերով սպասումներ ձևավորեն, կանխատեսելիություն ապահովվի։ Ներկա պահին համատարած անորոշություն է, ինչը տնտեսվարողին ծանր կացության մեջ կարող է գցել։ Այս անորոշությունն անդրադառնում է նաև շինարարական մրցույթների կազմակերպման վրա․կառուցապատողները դժվարանում են գնային առաջարկներ անել։ Իբրև օրախնդիր՝ շեշտվեց բանկային համակարգի զգուշավորությունը վարկեր տրամադրելու գործում։ Վերջինս իր հերթին պայմանավորված է վարկառուների՝ հետագայում վճարունակության անորոշությամբ։ Բավականին լուրջ խնդիրներ են ծագել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ընկերություններից շատերը կորցրել են դրսի իրենց պայմանագրերն ու պատվերները, մեծ վնասներ են եղել նաև ռուբլու փոխարժեքի տատանման հետևանքով։ Բարդություններ են ծագել աշխատակիցներին վճարելու, պահելու հարցում, ինչն, ինքնին, լուրջ կապիտալ է։ Ըստ ելույթ ունեցողների՝ օգտակար կլիներ, եթե թեթևացվեր պետական բյուրոկրատիան։ Պակաս կարևոր չէ պետության աջակցությունը ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ նաև պետական գործառույթի առավելագույն թեթևացմամբ, ընթացակարգերի պարզեցմամբ։ Ընդգծվեց, որ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի պատական մարմիններն ուշադրություն դարձնեն, ժամանակին պատասխանեն տնտեսվարողների բարձրացրած խնդիրներին։ Կարևորվեց գործարար համայնք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը։ Նիստում անդրադարձ եղավ նաև համավարակի պայմաններում ընկերություններում աշխատանքների անվտանգ կազմակերպման միջոցներին ու եղանակներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Մեր միության առանձնահատկությունն այն է, որ համախմբում է ամենատարբեր ճյուղերի ներկայացուցիչների, հաճախ նաև՝ մրցակից ոլորտների։ Համանման քննարկումների միջոցով  փորձ է արվում հնարավոր իրատեսական ու ճիշտ լուծումներ գտնել տնտեսական առկա հիմնախնդրների համար։ Ինչ խոսք, առկա է կառավարության քայլերի ազդեցության արդյունավետության բարձրացման խնդիր։ Թե բանկային, թե տնտեսության ոլորտներն ունեն գործադիրի անմիջական ուղղորդման և աջակցության կարիքը։  Պետութունը պետք է խիստ պահանջներ դնի և կարգավորումներ տա՝ ավելացնելով դեպի տնտեսություն ուղղվող ռեսուրսները։ Մինչ օրս իրականացված ծրագրերը որոշակի արդյունքներ տալիս են, սակայն ճգնաժամի հետևանքները կասեցնելու, համակարգային լուծումներ տալու համար դրանք բավարար չեն»,-ամփոփիչ խոսքում նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
17:29 - 22 ապրիլի, 2020