Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան - ՀԱՊՀ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) իրավահաջորդն է, որը ստեղծվել է 1933թ. Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ:

1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Համալսարանին կից գործում են նաև ՀԱՊՀ Քոլեջը և Ավագ դպրոցը: 

Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր` միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհմամբ։

Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տիգրան Ավինյանն ընտրվել է ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջից: Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։ Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
15:36 - 21 հունվարի, 2022
Պոլիտեխնիկական համալսարանում նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Պոլիտեխնիկական համալսարանում նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

tert.am: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,  հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել։ Մրցույթի ընդհանուր  մասնակիցները 6-ն էին, իսկ  քվեարկությանը մասնակցել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի 31 անդամ։ Քվեաթերթիկներից մեկն  անվավեր է։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանը նշեց, որ մինչև թեկնածուների ելույթները իրենք  հնարավորություն են ունեցել  ծանոթանալու թեկնածուներից չորսի ներկայացրած հայեցակարգերին, որովհետև վերջիններս համաձայնություն էին տվել, որ իրենց հայեցակարգերը  նախօրոք լինեն հասանելի. «Թեկնածուներն ունեն  տարբեր փորձառություններ, տարբեր տարիքի են՝ սկսած ամենաերիտասարդից մինչև ամենաավագ անդամը, որը մեզ հնարավորություն է տալիս այսպիսի լայն սպեկտրի մեջ ավելի նորմալ ընտրություն կատարել, թեկնածուները բավականին պատրաստված են, ընտրությունը պետք է որ արդյունավետ լինի», ասաց Վարդան Պետրոսյանը։ Վերջինս նաև հավելեց, որ ծանոթանալով ներկայացված հայեցակարգերին՝ նախապատվությունը տալիս է ավելի երիտասարդ սերնդին․ «Սա պայմանավորված է նրանով, որ ամբողջ աշխարհում  գործընթացները շատ արագ են  զարգանում, ուստի իմ հակվածությունը դեպի ավելի երիտասարդն է։ Նրանց ներկայացրած հայեցակարգերը բավականին որակյալ են, իսկ մեր ավագ ընկերներին, ովքեր ավելի տարիքով են, փորձառու են, կարծում եմ, որ պետք է որպես խորհրդատու աջակցենք երիտասարդներին գործընթացներում՝ սա իմ մոտեցումն է»․ Արդեն մրցույթի քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն,  Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն, իսկ մյուս երկու թեկնածուները Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը, իրենց ելույթից և խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը։
13:01 - 02 մարտի, 2021