Համբարձում Մաթևոսյան

Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետն է։ 

Ծնվել է 1992 թ․-ի նոյեմբերի 18-ին Գյումրիում։ 

2009-2012 թթ.  սովորել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժնում, 2012-2015 թթ.՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետում՝ համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ։

2011-2012 թթ. աշխատել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնում՝ որպես համակարգող, 2013-2014 թթ. աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու։
2013-2015 թթ.  եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թթ. աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2018-2021 թթ.  զբաղեցրել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը։ 2021 թ. նոյեմբերի 25-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը

Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Նշենք, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլերով։ Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծին, հետևել է մեկնարկած շինարարական աշխատանքներին, այնուհետև անցկացրել է խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և կառուցապատող «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը փոխվարչապետին ներկայացրել են հնգափուլ ծրագրի մանրամասները՝ նշելով, որ վերջնարդյունքում լինելու են բնակելի միկրոշրջաններ՝ 63 բնակելի շենքերով, հիմնվելու է անտառ-պուրակ։ Միկրոշրջաններում գործելու են մանկական նախադպրոցական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, կառուցվելու է նաև խոշոր առևտրի կենտրոն և մարզաառողջարանային համալիր, ինչպես նաև՝ վարչա-հասարակական կենտրոն, որտեղ լինելու են բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, բազմաֆունկցիոնալ հաստատություններ։ Տարածքում նախատեսվում է նաև հիվանդանոցի կառուցում: Կառուցապատող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս փուլերի ընթացքում կատարվող ներդրումները կկազմեն շուրջ 3 մլրդ դոլար, իսկ բնակելի միկրոշրջանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2027 թվականին։
14:47 - 27 մայիսի, 2022
Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ

Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթրոսյանը հայտնում է, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում: Փոխվարչապետի խոսքով՝ համեմատելով 2019-2021 թվականներին իրականացված սուբվենցիայի ծրագրերի քանակը և կարևորը՝ դրանց արժեքները, 2022 թվականին համայնքների միավորումից հետո ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերի հետ, կարելի է արձանագրել, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում։ Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացված սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ: Արմավիրի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 6․2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 3,76 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,0 մլրդ դրամի, 2019 թվականին 768 մլն դրամի:   Արարարտի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 13,63 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 2,27 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,56 մլրդ դրամի, 2019 թվականին 1,21 մլրդ դրամի:    Գեղարքունիքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 12,96 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 3,69 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 4,74 մլրդ դրամի 2019 թվականին 4,438 մլրդ դրամի   Կոտայքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 11,43 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 6,39 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,28 մլրդ դրամի, 2019 թվականին 1,99 մլրդ դրամի:   Լոռու մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 8,814 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 2,8 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,9 մլրդ դրամի, 2019 թվականին 1,82 մլրդ դրամի:    Շիրակի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 7,62 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 2,77 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,7 մլրդ դրամի, 2019 թվականին 1,8 մլրդ դրամի:    Վայոց ձորի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 3,17 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 1,137 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 1,03 մլրդ դրամի, 2019 թվականին 635 մլն դրամի:    Տավուշի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 4,95 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 1,31 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,29 մլրդ դրամի, 2019 թվականին 1,48 մլն դրամի:  Փոխվարչապետն արձանագրել է, որ համայնքների միավորման պետության քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
14:57 - 26 մայիսի, 2022
Ծրագիրն ուղղված է եղել քաղծառայության կարողությունների հզորացմանը. փոխվարչապետը մասնակցել է Եմ Թվինինգ ծրագրի ամփոփմանը

Ծրագիրն ուղղված է եղել քաղծառայության կարողությունների հզորացմանը. փոխվարչապետը մասնակցել է Եմ Թվինինգ ծրագրի ամփոփմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական Միության Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ վերջինս ողջունել է բոլորին Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և ընդգծել, որ 2020 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է եղել Քաղաքացիական ծառայության գրասենյակի և շահառու մարմինների կարողությունների հզորացմանը, քաղաքացիական ծառայողների մասնագիտական զարգացմանը, քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանն ու մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական ցանցերի ստեղծմանը։ «Տեղյակ եք, որ մեր Կառավարությունն ունի հանրային կառավարման բարեփոխումների հավակնոտ, բայց իրատեսական օրակարգ։ Դրան ուղղված կարևոր քայլերից մեկը Կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և ճանապարհային քարտեզի հաստատումն էր, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովենք մեր երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանն ու հավելել, որ Եվրոպական միության գործընկերների աջակցությամբ իրականացված այս ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է Կառավարության օրակարգին և  ավելի է մոտեցնում նախանշված  վերջնանպատակին։ Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կարևորել է նման համագործակցությունները, որոնք էլ ավելի ամրապնդվեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որը մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը։ Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի արդյունավետ զարգացմանը։ «Թվինինգ ծրագիրն այս համագործակցության վառ օրինակ է, որը ևս կարող է լինել կարևոր գործոն Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակականության ապահովման համար»,- շեշտել է փոխվարչապետը և վստահություն հայտնել, որ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի և թե՛ անդամ պետությունների ներկայացուցիչները ներդրրել են առավելագույնը՝ ծրագիրը հաջողելու և կանխանշված արդյունքները ստանալու համար։ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համատեղ կազմակերպած միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինեն, Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, այլք։
13:58 - 20 մայիսի, 2022
Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են.  «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
15:40 - 13 մայիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարներին և ֆերմերներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարներին և ֆերմերներին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր. տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից: Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, այլք։ Առաջին կանգառի ընթացքում փոխվարչապետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, այնուհետև այցելել «Գառնի Գարդեն» ՍՊ ընկերության նորատունկ այգի, ծանոթացել իրականացված և իրականացվելիք ներդրումային ծրագրերին՝ ուղղված նուշի (70հա), պիստակի (10 հա) և ընկույզի (38 հա) այգիների հիմնմանն ու զարգացմանը։ Նշենք, որ Ընկերությունը տարբեր տարիների օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից։ Այցի ընթացքում փոխվարչապետն այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին։ Համբարձում Մաթևոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Հակոբյանի հոր՝ Դավիթ Հակոբյանի հետ, հուշահամալիրում ծառ է տնկել՝ այն նվիրելով հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Փոխվարչապետը պատասխանատու պաշտոնատար անձանց հետ շրջել է նաև Գառնու տաճար տանող ճանապարհի շինհրապարակում, հետևել վերանորոգման աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրել Կոտայքի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Վերջիններիս հետ զրույցում անդրադարձ է կատարվել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, որոշ համայնքներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին և այլ հարցերին։ Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, որտեղ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ենթակառուցվածքների կառուցման, ճանապարհների կահավորման ավարտված աշխատանքների արդյունքը։ Փոխվարչապետի աշխատանքային այցի վերջին կանգառը Գողթ համայնքի «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերության «Rose Art» ապրանքանիշի ներքո գործող ջերմոցային տնտեսությունն էր, որտեղ զբաղվում են հոլանդական պրեմիում կարգի վարդերի աճեցմամբ։ Ջերմատների ընդհանուր մակերեսը շուրջ 35 հա է, իսկ աշխատատեղերի քանակը՝ 330։ Համբարձում Մաթևոսյանը շրջել է ջերմատներով, ծանոթացել նորագույն սարքավորումներով «զինված» ընկերության արտադրանքին և իրացման հետ կապված մանրամասներին։
10:26 - 02 մայիսի, 2022
ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել բազմաշահառու խմբի նիստը

ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել բազմաշահառու խմբի նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 27-ին տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ 2020 թվականի հունիսից ի վեր սա առաջին անգամն է, որ բազմաշահառու խմբի հանդիպումն անց է կացվում իրական ռեժիմում։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Համբարձում Մաթևոսյանը գոհունակությամբ փաստել է, որ, թեև COVID համավարակի պատճառով ընդհատվել էին ԲՇԽ-ի նիստերը և քննարկումները իրական ռեժիմում անցկացնելու հնարավորությունները, այդուհանդերձ, դա չի խանգարել բազմաշահառու խմբի անդամներին ու ԱՃԹՆ-ի Հայաստանի քարտուղարությանն իրականացնել Նախաձեռնության աշխատանքային ծրագրով նախատեսված կարևոր միջոցառումները, այդ թվում՝ ԱՃԹՆ-ի հերթական ազգային զեկույցի պատրաստումը, իրական շահառուների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրումը, Համաշխարհային բանկի հետ նոր դրամաշնորհային համաձայնագրի կնքումը և այլն:  «Այսպիսով, ԱՃԹՆ-ի ներդրումը Հայաստանում այլևս կայացած փաստ է»,- ընդգծել է փոխվարչապետն ու Խմբի անդամներին տեղեկացրել, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի երկրորդ միջազգային վավերացումը, որն ընթանալու է Միջազգային խորհրդի կողմից հաստատված վավերացման նոր մոդելով։ «Այն ենթադրում է վավերացման աշխատանքներում բազմաշահառու խմբի ավելի մեծ մասնակցություն: Այս տարեվերջին արդեն սկսվելու են նախավավերացման աշխատանքները, ուստի, վստահ եմ, որ գիտակցում եք, որ միայն շահառու կողմերի ակտիվ ներգրավվածությամբ և բոլորիս աշխատանքով կկարողանանք պահպանել Հայաստանի առկա բարձր գնահատականը»,- նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։ Դրանք հիմնականում վերաբերել են Հայաստանի ԱՃԹՆ-ի 2022թ. վերանայված աշխատանքային ծրագրի հաստատմանը, 4-րդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկմանն ու ԲՇԽ-ի կողմից դրա հաստատմանը, ընկերությունների իրավական սեփականատերերի բացահայտման ու Opening Extractives միջազգային ծրագրի ընթացքին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում տվյալների համակարգված բացահայտումների ՏՏ համակարգի ստեղծման աշխատանքներին և ներկայումս ընթացող հանքարդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներին։
16:11 - 27 ապրիլի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021 թ. ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։ Միասնական երթուղային ցանցի ներդրման հետ կապված հարցին անդրադառնալիս՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ համայնքների խոշորացման գործընթացն ավարտված մարզերում (Շիրակ, Արագածոտն, Տավուշ և Գեղարքունիք) աշխատանքներ են իրականացվում ցանցը սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման ուղղությամբ։ Մասնավորապես՝ վերանայվում են մարզերի օպտիմալ երթուղիների ուղեգծերն ու չվացուցակները։ Օրակարգային մեկ այլ հարցով, անդրադառնալով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներմուծվել 11 հազար տոննա պարարտանյութ՝ 50 տոկոսը գյուղատնտեսական նշանակության։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 4750 տոննա պարարտանյութն արդեն իսկ մատակարարվել է ՀՀ մարզեր․ գործընթացը շարունակվում է։ Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել պետության կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությունը, ինչպես նաև ստուգայցերի միջոցով մինչև երաշխիքային ժամկետների լրանալը վեր հանել ավարտված սուբվենցիոն ծրագրերի խնդիրներ/թերությունները և քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։
17:12 - 20 ապրիլի, 2022
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և  մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և ընդգծել, որ թեև վերջին շրջանի արդյունքներով  դրական դինամիկա է արձանագրվում, այդուհանդերձ, ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։ Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև նախորդ նիստի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
10:33 - 20 ապրիլի, 2022
ՀՀ-ում հոկտեմբերի 13-22-ը կանցկացվի մարդահամար

ՀՀ-ում հոկտեմբերի 13-22-ը կանցկացվի մարդահամար

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։ Կառավարության որոշման համաձայն՝ հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։ Նշվել է, որ ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման համակցված եղանակի կիրառման ուղեցույցներով և ընթացակարգերով՝  բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների  և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ: Օրակարգային երկրորդ հարցով քննարկվել է Մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը։ Հնգօրյա ժամկետում Հանձնաժողովի անդամների կողմից երկու հարցերի վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները ստանալուց, հարցաշարը լրամշակելուց հետո Հանձնաժողովի քննարկման արդյունքում ձևավորած կարծիքի հիման վրա 2022թ. մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որպեսզի հաջորդ փուլով Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվի մարդահամարի հարցաթերթը:
14:39 - 08 ապրիլի, 2022
Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի, մարզպետների ու համայնքապետների մասնակցությամբ, ապրիլի 5-ին քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր շահառու է ճանաչվել ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 5419 ընտանիք, որոնցից 5391-ի բնակարանային խնդիրը նշված պետական աջակցության ծրագրի շրջանակում լուծվել է, իսկ Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի հարցը, նրանց իսկ ցանկությամբ, կլուծվի մեկ այլ պետական ծրագրի՝ Կառավարության 27.08.2020թ. N1411-Լ որոշման շրջանակներում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով: Քննարկման ընթացքում ներկայացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցված և բաշխված բնակֆոնդի չսեփականաշնորհված բնակարանների հետագա տնօրինման հարցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինությունների հիմնախնդրին։ Վերջին հարցը ներառված է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում․ մասնավորապես՝ 2021-2022թթ. նախատեսվում է խնդրի կանոնակարգման իրավական հիմքերի ստեղծում, իսկ 2023 թվականից՝ բուն ծրագրերի իրականացում` Կառավարության կողմից սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն:
10:05 - 06 ապրիլի, 2022
Հայաստանը`որպես օտարերկրյա ներդրումների նոր ուղղություն. փոխվարչապետի հարցազրույցը Investment Monitor-ին

Հայաստանը`որպես օտարերկրյա ներդրումների նոր ուղղություն. փոխվարչապետի հարցազրույցը Investment Monitor-ին

Հայաստանի տնտեսական քաղաքականության նպատակը ներառական և արտահանմանը միտված տնտեսության ձևավորումն է` տեղական և արտասահմանյան ընկերությունների համար հավասարապես բարենպաստ միջավայրով: Investment Monitor-ը հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ զրույցը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կենսունակ էկոհամակարգի, զբոսաշրջության ընձեռած հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ: «Տեխնոլոգիական ոլորտի դերը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և, որ ավելի կարևոր է, արդիականացման գործում նշանակալի է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտին ներկայում բաժին է ընկնում Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը»,-նշել է փոխվարչապետը:  Մաթևոսյանը կարևորել է, որ Հայաստանի ՏՏ հզորությունը զարկ է տվել նոր ենթաոլորտների ընդլայնմանը, ինչպիսիք են տվյալագիտությունը, արհեստական բանականությունը և ճարտարագիտությունը, որոնք առանցքային են համաշխարհային տեխնոլոգիական շուկայում մեր տեղը որոշելու գործընթացում: «Հաճախ կոչվելով «Կովկասի Սիլիկոնյան հովիտ»՝ մենք հույս ունենք համապատասխանել այս համբավին: Հայաստանը կենտրոնանում է կենսունակ տեխնոլոգիական էկոհամակարգի կառուցման վրա, որտեղ կայուն կերպով կձևավորվեն և կզարգանան նոր ձեռնարկություններ»,-նշել է Մաթևոսյանը: Ապա փոխվարչապետը ընդգծել է, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը համապարփակ մոտեցում է որդեգրել երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությամբ՝ ապագա տաղանդների պատրաստումից մինչև տեխնոլոգիական ընկերություններին նպատակային աջակցություն տրամադրելը: «Բուհական մասնագիտացված ծրագրերի, մրցակցային աշխատուժի և կառավարության թիրախային աջակցության շնորհիվ Երևանը կարողացել է ներգրավել բազմաթիվ հայտնի ՏՏ ընկերությունների: Օրինակ՝ Adobe-ը, EPAM-ը, Oracle-ը, SADA-ն, Siemens-ը, Synopsis-ը, Teamviewer-ը և VMware-ը ներգրավել են հարյուրավոր հայաստանցի մասնագետների՝ իրենց գլոբալ գործունեության համար: Հայրենական ընկերությունները նույնպես խթանում են Հայաստանի տնտեսական աճը։ Երկու հայկական ընկերություններ՝ Picsart-ը և Service Titan-ը, արդեն դարձել են «unicorn», իսկ առնվազն 10 ընկերություն հաջորդ 1 կամ 2 տարում «unicorn» կարգավիճակ ստանալու գործընթացում են»,-ասել է փոխվարչապետը: Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ գործիքներ՝ միջազգային մակարդակում հաջողության հասնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու առումով մրցունակ լինելու համար։ Խոսելով մարդկային կապիտալի, հմտություններից՝ նա հիշեցրել է, որ իր մաթեմատիկական և բնագիտական կրթության որակով Հայաստանը 137 երկրների շարքում 33-րդն է։ Հայաստանում կան անվճար կրթական ծրագրեր, որոնք երիտասարդներին սովորեցնում են ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում և շատ ավելին: Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում Հայաստանի տեխնոլոգիական և զբոսաշրջության ոլորտներում ավելի շատ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն օգտագործում է առկա բիզնես հարթակները՝ այս ոլորտներում ներդրումներ ներգրավելու նպատակով: Խոսելով կորոնավիրուսի համավարակի առաջացրած դժվարություններից՝ փոխվարչապետը նշել է, որ ինչպես շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, իհարկե, շատ է տուժել համաշխարհային լոքդաունից, որն անկասկած ազդել է զբոսաշրջության ոլորտի վրա։ Սակայն այդ ընթացքում տեղացիները սկսել են երկրի ներսում այցելել վայրեր, որտեղ երբևէ չէին եղել: Հայաստանը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ և համեմատաբար բաց է մնացել աշխարհի համար։ «Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2020-ի հետ համեմատած՝ 2021 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 130 տոկոսով: Թեև դեռ ժամանակ կպահանջվի, որ միջազգային ժամանումները վերադառնան մինչհամաճարակային մակարդակին, սակայն զբոսաշրջության ոլորտի մասնագետների մեծ մասը 2022 թվականի համար ավելի լավ հեռանկարներ է տեսնում: Առաջիկա ամիսներին մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների մեծ ալիք, քանի որ գլոբալ սահմանափակումները գնալով թուլանում են: Բացի այդ, շարունակվում են աշխատանքները՝ բարելավելու Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապը՝ զբոսաշրջիկների համար ճանապարհորդություններն անթերի դարձնելու համար: Մենք նկատել ենք, որ ճանապարհորդներն այս օրերին փնտրում են նոր և առանձնահատուկ ուղղություններ: Շատ այցելուների համար Հայաստանը թաքնված գոհար է՝ գործունեության լայն շրջանակով»,-ասել է փոխվարչապետը: Գինու տուրիզմը, գաստրոզբոսաշրջությունն ու շքեղ և էքստրեմալ տուրիզմը վերջին տարիներին բարձրացրել են զբոսաշրջային ակտիվությունը: Բժշկական զբոսաշրջությունը նույնպես թափ է առնում՝ Հայաստանի առողջապահության ոլորտի որակի և մատչելիության շնորհիվ։ Զբոսաշրջիկները Հայաստանում գնահատում են հարուստ մշակութային վայրերի, բազմազան բնության, հյուրընկալության և անվտանգության համադրությունը: Մաթևոսյանը հիշեցրել է, որ Հայաստանում կա տարբեր դարաշրջանների շուրջ 25,000 հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ: Վերջում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում Կառավարությունը՝ ներդրումային հոսքերը խթանելու համար՝ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնային նպատակը գիտելիքահեն, արտահանման վրա հիմնված և ներառական տնտեսություն կառուցելն է՝ տեղական և արտասահմանյան ընկերությունների համար հավասար բարենպաստ միջավայրով։ Այդ նպատակով Կառավարության ամենօրյա ջանքերը կենտրոնացած են բիզնեսի ընթացակարգերն ու հանրային ծառայությունների մատուցումն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև օտարերկրյա ներդրողներին ներդրումների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներով ապահովելու վրա:
10:14 - 01 ապրիլի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը և ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը քննարկել են ներդրումային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Փոխվարչապետ Մաթևոսյանը և ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը քննարկել են ներդրումային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա: Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է երկու երկրներում առկա ներդրումային հնարավորությունների մասին տեղական գործարար շրջանակներին տեղեկացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ տնտեսական բաղադրիչը առանցքային նշանակություն ունի երկկողմ համագործակցության համար: Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը: Որպես առանցքային փաստ՝ արձանագրվել է 2021 թ.ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և «Էյր Արաբիա»-ի միջև կնքված պայմանագիրը՝ ազգային ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ: Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու նպատակով կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի` Աբու Դաբիում անցկացումը, ինչը կարևոր պայման է երկկողմ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել Երևանում` 2019թ-ի մայիսին: Զբոսաշրջության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից կարևորվել է 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը` ինչպես Աբու Դաբի, այնպես էլ դեպի Դուբայ և Շարժա ու հակառակ ուղղություններով չվերթները: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «ExpoDubai-2020» ցուցահանդեսին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական համագործակցության զարգացման համար և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄԷ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության համար: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը։
18:00 - 30 մարտի, 2022
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարին

ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, զրույցի ընթացքում բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետքովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների համար կարևորելով վերջիններիս կարիքներին հարմարեցված լուծումների անհրաժեշտություն: Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հնարավորությանը թվայնացման, ինչպես նաև ներդրումների աջակցման ուղղություններով: ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնավոր հատվածի` թվայնացմանը պատրաստ լինելու գնահատման և ճանապարհային քարտեզի մշակման հարցերում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակելու քննարկումները` ներդրումների աջակցման ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակման նպատակով: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության անունից վերահաստատել է Օրակարգ 2030-ի և կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու հանձնառությունը:
12:13 - 30 մարտի, 2022
Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ Համբարձում Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։ Այս մասին հայտնեցին Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից: Շնորհակալություն հայտնելով բարեկամ երկրին միջոցառումը կազմակերպելու համար` Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ այս համաժողովը հնարավորություն կտա բացահայտելու մասնակից պետությունների ողջ ներուժն ու խելացի ներդրումներին միտված քաղաքականությունը։ «Հայաստանի կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կառուցելու գիտելիքահենք, արտահանմանն ուղղված և ներառական տնտեսություն։ Այս ճանապարհին մենք խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների ներհոսքը, որոնք առաջ են մղում նորարարությունը, գեներացնում են գիտելիք և տեխնոլոգիաներ՝ աջակցելու տնտեսության ընդհանուր արդիականացմանը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում իր «բաց դռների» քաղաքականությանը և մուտք գործող ներդրումների համար թափանցիկ, արդար և շահավետ միջավայրի ապահովմանը: Փոխվարչապետի խոսքով, գիտակցելով, որ ներդրումների խթանումը մեծ պատասխանատվություն է պահանջում, Հայաստանի կառավարությունը մեծ ջանքերով շարունակում է ներդրումային միջավայրի և հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները՝ օտարերկրյա ներդրողներին առաջարկելով կանխատեսելի և մրցունակ բիզնես միջավայր՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող պաշտպանության ուժեղ երաշխիքներով: «Բացի ընդհանուր տնտեսական բարեփոխումներից՝ Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝ առաջնահերթությունը տալով այն ոլորտներին, որոնք ստեղծում են ներդրումային լայն հնարավորություններ: Օրինակ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները և ագրոտեխնոլոգիաները: Բարգավաճող ՏՏ ոլորտը դարձել է ոչ միայն կայուն աճի շարժիչ, այլ նաև օրինակելի մոդել՝ այլ երկրների համար»,- նշել է փոխվարչապետն ու առաջարկել օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված կարևոր քայլերից է համարել նաև «Enterprise Armenia» գործակալության ստեղծումը, որն արժանացել է ներդրողների բարձր գնահատականին՝ իր արագ և փորձագիտական աջակցության համար: Անդրադառնալով Covid-19 համաճարակի հետևանքներին ու առաջ բերած մարտահրավերներին՝ փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լավ դիրքավորված է հետկովիդային աշխարհի համար։ «Քանի որ համաճարակը քիչ-քիչ նահանջում է, մենք ակնկալում ենք տարբեր երկրներից ներդրումների աճ։ Ներդրումային մեր մասնագետները պատրաստ են օգնելու, Կառավարությունն էլ նոր նախաձեռնություննով հանդես կգա՝ ամբողջ աշխարհից ներդրումների ներգրավելու նպատակով բիզնեսի համար բարենպաստ օրենսդրություն ստեղծելով։ Կրկնում եմ՝ մենք խելացի ներդրումների համառ ջատագովներ ենք, իսկ առջևում մեծ հնարավորություններ են»,- շեշտել է փոխվարչապետն ու ներդրողներին կոչ արել՝ առանց վարանելու գործի անցնել։ Նշենք, որ «Ամենամյա ներդրումային համաժողով» միջոցառումը օտարերկրյա ներդրումների խթանման և ներգրավման աշխարհի առաջատար հարթակներից է։ Այն անցկացվում է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:
10:05 - 30 մարտի, 2022
2022 թ-ին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է մարզպետներին

2022 թ-ին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է մարզպետներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։ «Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին, Կառավարության՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերանորոգման ծրագրի իրականացման ընթացքին, ներկայացվել են համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման 2020թ. և 2021թ. արդյունքները, ինչպես նաև քննարկվել են գարնան նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ ոռոգման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր՝ 79,5 մլրդ դրամի 461 հայտ (hամայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված` մի շարք բնակավայրերի նույնանման ծրագրերը ամփոփված են մեկ հայտի մեջ)․ Կառավարության համաֆինանսավորման չափը կազմում է 43,5 մլրդ դրամ։ Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցման/հիմնանորոգմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլն։ Ներկայացնելով համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման վերջին երկու տարիների արդյունքները՝ զեկուցվել է, որ 2021 թվականին Հայաստանի բոլոր մարզերը 2020 թվականի համեմատ 5.5 մլրդ դրամով ավելի շատ հավաքագրում են իրականացրել։ Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների ընթացքը, հետևողական լինել ոչ միայն սուբվենցիոն ծրագրերի, այլև, առհասարակ, Կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին միտված հանձնառություններին։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր»,- նշված է կայքում:
20:57 - 24 մարտի, 2022