Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնադրվել է 1945 թ․ դեկտեմբերի 27-ին։ Գլխադասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում։ 

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ և Զարգացման միջազգային ասոցիացիա։ Տարբեր ժամանակներում ՀԲ-ի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը։ Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են ՀԲ կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։                                                                                

Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀԲ-ի հետ կառուցողական համագործակցությունը բոլոր առանցքային ուղղություններով՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանում լավագույն փորձի կիրառման տեսանկյունից: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով դրա կարևորությունը ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությանը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է կրթության ոլորտում համագործակցությունը ՀԲ-ի հետ՝ ընդգծելով առավել մրցունակ կրթական համակարգ ունենալու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, մարդկային կապիտալի, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների, ինչպես նաև կապիտալի շուկայի ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները:
09:40 - 05 մարտի, 2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը և կարևորել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ՀԲ դերը Հայաստանի զարգացման օրակարգն առաջ մղելու գործում: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հասցեագրելու, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով ՀԲ, դոնոր և պոտենցիալ դոնոր կառավարությունների ներկայացուցիչների հետ ակտիվ խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրային և համագործակցության՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
15:42 - 04 մարտի, 2024
Ավարտական փուլում են ՀՀ-ի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները. Անտոնելլա Բասանին՝ Փաշինյանին

Ավարտական փուլում են ՀՀ-ի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները. Անտոնելլա Բասանին՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման կարևորությունը: Անտոնելլա Բասանին ևս գոհունակություն է հայտնել ՀՀ Կառավարության հետ փոխգործակցությունից և նշել, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքներից և հույս հայտնել, որ այն կիրականացվի նաև մյուս մարզերում: Քննարկվել են նաև վերը նշված ուղղություններով հետագա փոխգործակցությանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան, վստահություն հայտնել, որ այն կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը:
15:05 - 04 մարտի, 2024
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց հետագա զարգացման կարևորությունը։   Էդրիան Ֆոզզարդը, իր հերթին անդրադառնալով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ հաստատված երկարամյա համագործակցությանը, նշել է, որ վերջինս որպես մաքսային և հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության և վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին և  մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են ստանձնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունական ընթացքը։  
11:11 - 01 մարտի, 2024
Արդարադատության նախարարությունն ու Համաշխարհային բանկը կշարունակեն թվայնացման ոլորտում համագործակցությունը

Արդարադատության նախարարությունն ու Համաշխարհային բանկը կշարունակեն թվայնացման ոլորտում համագործակցությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ոլորտային ծառայությունների թվայնացման աշխատանքները և արձանագրված արդյունքները, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, նոտարի, քրեակատարողական և քրեական դատավարության թվայնացման ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:   Նախարարի տեղակալը կարևորել է այս ծրագրերի իրականացումը՝ շեշտելով դրանց անհրաժեշտությունն, ինչպես հանրային բարձրորակ ծառայություններ մատուցելու, այնպես էլ պետության պարտավորությունների և գործառույթների արդյունավետ իրականացման տեսանկյունից:   Քննարկվել է էլեկտրոնային նոտար համակարգի տեսլականը: Կողմերը բարձր են գնահատել էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, հաշվի առնելով վերջիններիս ներդրման արդյունքում վարչարարության պարզեցումը, ֆինանսական ծախսերի կրճատումն ու քաղաքացիների գոհունակության բարձրացումը։   Արա Մկրտչյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունն արդարադատության ոլորտի թվային բարեփումների շրջանակում, ինչպես նաև հույս հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։   Ադրիան Ֆոզարդն իր գոհունակությունն է հայտնել, շեշտել իրականացվող ծրագրերից տպավորված լինելու հանգամանքը՝ հաստատելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
11:04 - 29 փետրվարի, 2024
Երևանի քաղաքապետը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի հանդիպման ժամանակ:    Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում: Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է:    Նշվում է, որ կարևորելով քաղաքային իշխանության մոտեցումները կառավարման գործում՝ Ադրիան Ֆոզարդն իր հերթին նշել է, որ քաղաքային տնտեսության ցանկացած ոլորտում թվայնացման գործընթացը բերում է աշխատանքների արդյունավետ կազմակերպման:
21:34 - 27 փետրվարի, 2024
ՀԲ. տնտեսական աճը աշխարհում կդանդաղի, այդ թվում՝ Հայաստանում
 |hetq.am|

ՀԲ. տնտեսական աճը աշխարհում կդանդաղի, այդ թվում՝ Հայաստանում |hetq.am|

hetq.am:  Աշխարհաքաղաքական լարվածության բարձրացումը կարող է մոտ ապագայում նոր սպառնալիքներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար։ Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» նոր զեկույցը, որտեղ կանխատեսվում է, որ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 2.4%: Այդպիսով, երրորդ տարին անընդմեջ համաշխարհային տնտեսական աճի տեմպը դանդաղում է. 2021 թվականին գրանցվել է 6.2% աճ։ Դրան նախորդել էր անկումային 2020-ը։  Սպասվում է, որ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ կաճի,  քան COVID-19-ին նախորդող տասնամյակում: Համաշխարհային տնտեսական աճը (%) Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ Ընդ որում, սպասվում է, որ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսություններն ավելի դանդաղ են աճելու։ Աճի դանդաղում է սպասվում համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող երկրներում, ինչպես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում։  Զարգացող տնտեսություններ ունեցող շատ երկրների համար տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են՝ հաշվի առնելով արդեն իսկ գրանցվող ավելի թույլ տնտեսական աճը, համաշխարհային առևտրի լճացումը և վերջին տասնամյակների ընթացքում վարկավորման պայմանների խստացումը։  Տնտեսական աճի հետևանքներից է աղքատության մակարդակի բարձրացումը։ Ըստ Համաշխարհային բանկի վերլուծաբանների՝ մինչև 2024 թվականի տարեվերջ ցածր եկամուտ ունեցող երկրների մոտավորապես 40%-ը կշարունակեն ավելի աղքատ լինել, քան մինչև COVID-19 համավարակը։ Բացասական կանխատեսումներ կան նաև զարգացող երկրների համար։  Համաշխարհային բանկը տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում նաև Հայաստանում։ 2022-ին գրանցված երկնիշ տնտեսական աճի տեմպերը չեն պահպանվում։ Սպասվում է, որ 2023 թվականը կամփոփվի 7.1%  տնտեսական աճով, 2024-ը՝ 4.7%, 2025-ը՝ 4.5%:  Չնայած, որ Հարավային Կովկասում Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի թուլացում է սպասվում, որը տնտեսական աճի դանդաղման պատճառներից մեկը կլինի, միևնույն ժամանակ վերաարտահանումը և զբոսաշրջությունը կշարունակեն աճել և նպաստել տնտեսական աճին։ Որպես տնտեսական աճի խոչընդոտ դիտարկվում է նաև Հարավային Կովկասի երկրների ապրանքային կախվածությունը համաշխարհային շուկայից, լոգիստիկ խնդիրներն ու «Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր շարունակումը»։    
15:10 - 10 հունվարի, 2024
Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը  չեն. ազգային տվյալներ

Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. ազգային տվյալներ

Օրեր առաջ սոցիալական ցանցերում լայն քննարկումների առիթ դարձավ մի վիճակագրություն, ըստ որի՝ աշխատուժում կանանց ներգրավվածությամբ Հայաստանը 180 երկրների մեջ առաջինն է։ Ըստ տարածվող ինֆոգրաֆիկայի՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 52,76%-ը կանայք են եղել։ Երկրորդ հորիզոնականում Թուրքմենստանն է 52,61%-ով, իսկ առաջին եռյակը եզրափակում է աֆրիկյան Բուրունդի պետությունը՝ 51,96%-ով։ Այս վիճակագրությունն ամփոփել և սանդղակով հրապարկել էր ամերիկյան Qualtrics փորձի կառավարման (experience management) ընկերության թիմը։ Համեմատության համար նշենք, որ ըստ այս ցուցանիշների՝ աշխատուժում կանանց ներգրավվածության տոկոսի աշխարհի միջին ցուցանիշը 39,49% է։  Qualtrics-ի հրապարակման մեջ որպես տվյալների աղբյուր՝ նշվում է Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալների շտեմարանը։ Իսկ այս շտեմարանում նշված է, որ գնահատականները հիմնված են Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության բաժնի կողմից ստացված տվյալների վրա:  Համաշխարհային բանկի տվյալները, սակայն, չեն համապատասխանում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ազգային տվյալներին, ըստ որի՝ Կանայք 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 43.97%-ն են կազմել։  Ի՞նչ է ասում ազգային վիճակագրությունը Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023» ժողովածուի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժը կազմել է մոտ 1 մլն 311 հազար 300 մարդ՝ մշտական բնակչության շուրջ 44%-ը։ Աշխատուժում ներգրավված կանանց թիվը կազմել է 576 հազար` ընդհանուրի 43,97%-ը, իսկ տղամարդկանց թիվը՝ մոտ 734 700, որն ընդհանուրի 56.03%-ն է։ Աշխատուժում ներգրավվածություն դեռ չի նշանակում զբաղվածություն։ Ազգային վիճակագրության հիմքում աշխատուժի հետազոտությունն է, որի համար աշխատաշուկայում իրենց մասնակցության բնույթից և ակտիվության աստիճանից կախված առանձնացվում են միմյանց բացառող երեք խումբ` «զբաղված» կամ «գործազուրկ» կամ «աշխատուժից դուրս բնակչություն»: Աշխատուժը զբաղվածների և գործազուրկների հանրագումարն է, որտեղ ընդգրկվում են 15-74 տարեկան անձինք:  2022 թվականին Հայաստանի՝ 15-74 տարեկան իգական սեռի բնակչության 48%-ը և արական սեռի բնակչության 71%-ը զբաղված էր կամ փնտրում էր աշխատանք։ Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 կնոջից 5-ը և յուրաքանչյուր 10 տղամարդուց 7-ը ներգրավված է եղել աշխատուժում։ Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը Աշխատանքի միջազգային կոմիտեն իր հաշվարկներում ներառում է 15 և բարձր տարիքի անձանց, իսկ Հայաստանի վիճկոմի վիճակագրությունում այդ միջակայքը 15-74 տարեկանն է։     Միջազգային կազմակերպություններն իրենց հետազոտությունների վիճակագրության համար օգտվում են համապատասխան երկրների ազգային աղբյուրներից, եթե դրանք կան։ Համաշխարհային բանկի տվյալների մեթոդաբանության համաձայն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մոդելավորած գնահատումները և կանխատեսումները 2020 թվականին և դրանից հետո ենթակա են էական անորոշության: Դա պայմանավորված է տվյալների սակավությամբ։ ՀՀ Վիճակագրության կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի խոսքով Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) օգտագործում է երկրի սկզբնական տվյալները, սակայն կազմակերպության ամենակարևոր առաքելություններից մեկն է նաև ապահովել երկրների միջև համադրելիությունը։ «Հաշվի առնելով, որ երկրները այդ ցուցանիշների հաշվարկման տարբեր պրակտիկաներ ունեն, ԱՄԿ-ն միասնական մեթոդաբանություն է մշակում արդեն ազգային տվյալների հիման վրա՝ հնարավորինս նույնականացնելով միջազգային համադրումները»,- պարզաբանում է Լուսինե Քալանթարյանը։  Այն դեպքում, երբ որոշ երկրներ սակավ տվյալներ են ունենում (չեն վարում վիճակագրություն), ԱՄԿ-ն ցուցանիշները գնահատում է անուղղակի աղբյուրներով։ Իսկ եթե երկրները վիճակագրություն վարում են, սակայն այդ պահին տվյալ տարվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, ԱՄԿ-ն ժամանակային շարքերի հիման վրա, կիրառելով մոդելավորման տարբեր գործիքներ՝ արտաբերում է ազգային ցուցանիշները։ «Որպես կանոն դրանք միշտ տարբեր են ազգային էջերում հրապարակված տվյալներից, որովհետև նպատակը երկրների միջև ցուցանիշը համեմատելի և համադրելի դարձնելն է», - նշում է Լուսինե Քալանթարյանը։ Համեմատելով 2017-2022 թվականներին աշխատուժում կանանց ներգրավվածությունը՝ ըստ Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրության տվյալների՝ նկատում ենք, որ Համաշխարհային բանկի տվյալները աճի միտում ունեն. 2017 թվականի 50.9%-ը աճում է՝ 2022-ին դառնալով 52.8%։ Մինչդեռ Վիճակագրական կոմիտեի տվյալները տատանվում են. 2017-2019 թվականներին նվազում են՝ 47.49%-ից դառնալով 44.33%, 2020 թվականին աճում են՝ դառնալով 45.66%, իսկ 2021 թվականից կրկին նվազում են՝ 2022-ին դառնալով 43.97%։ Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը ազգային վիճակագրության և Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների էական տարբերությունը մտահոգիչ է համարում։ Եթե հաշվի առնենք անգամ մեթոդաբանական որոշ տարբերությունները՝ օրինակ՝ այն, որ ԱՄԿ-ն օգտագործում է նաև 75-ից բարձր տարիքային խմբի ցուցանիշները, պատկերը շեշտակի չի փոխվում։ «Սա մտահոգիչ է, մի քանի տոկոսի պլյուս-մինուս տարբերություն չէ, որ ասենք՝ գնահատումների տարբերությունը կարող է բերել։ Ըստ իս՝ բավականին մեծ տարբերություն է, լրիվ հակառակ միտում է ցույց տալիս»։  Լուսինե Քալանթարյանի խոսքով ազգային կարիքների համար օգտագործելու համար ազգային վիճակագրությունն ավելի ճշգրիտ է։ Նա նաև նշեց, որ պատրաստվում է դիմել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ տվյալները ճշտելու։ Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով Լյուսի Մանվելյան
10:54 - 05 դեկտեմբերի, 2023
Վահե Հովհաննիսյանը Ռոլանդ Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության ներգրավման մասով աշխատանքները

Վահե Հովհաննիսյանը Ռոլանդ Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աջակցության ներգրավման մասով աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:  Վահե Հովհաննիսյանը տիկին Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման նպատակով հնարավոր աջակցության ներգրավման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները։ Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ռոլանդ Փրայսը եւս ընդգծել է նշյալ աշխատանքների կարևորությունը և նշել ՀԲ թիմի՝ այդ միջոցառումների իրականացման շրջանակներում Հայաստանին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև առաջիկա համագործակցության, այդ թվում՝ «Ծրագիր արդյունքի դիմաց» («PforR») գործիքի կիրառմամբ նախատեսվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ վերջիններիս իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության կողմից ուղենշված բարեփոխումների շրջանակին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
17:18 - 28 նոյեմբերի, 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման հետևանքով ձևավորված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև դրա հաղթահարման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։ Փոխվարչապետը հատուկ ընդգծել է Կառավարության արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։
18:25 - 27 նոյեմբերի, 2023
«Մարտունի» ԲԿ-ի  և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման համար նախատեսված գումարը չի հերիքել
 |news.am|

«Մարտունի» ԲԿ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման համար նախատեսված գումարը չի հերիքել |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում 61,835 մլն դրամ հատկացրեց Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վարկային ծրագրի շրջանակներում իրականացվում են Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները: Վերոնշյալ շինարարական  աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023-ի չորրորդ եռամսյակում:  2023թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված վարկային միջոցները ներկայումս բավարար չեն շինարարական աշխատանքների ավարտը ժամանակին ապահովելու համար: Առաջարկվում է ծրագրի շրջանակներում կատարել հոդվածային վերաբաշխում, այն է. Ընթացիկ ծախսերը պակասեցնել ընդհանուր 29,479.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 23,265.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 6,214.0 հազար ՀՀ դրամ), «շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածն ավելացնել՝ ընդհանուր 86,743.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 82,000.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 4,743.0 հազար ՀՀ դրամ), «նախագծահետազոտական ծախսեր» հոդվածը՝ ընդհանուր 3,796.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 3,100.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 696.0 հազար ՀՀ դրամ), «այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածի համաֆինանսավորման գումարն ավելացնել 775.0 հազար ՀՀ դրամով: Ընթացիկ ծախսերից նվազեցված ողջ գումարն առաջարկվում է ուղղել ծրագրի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Հաշվի առնելով, որ ընթացիկ ծախսերի գծով առկա տնտեսված գումարները բավարար չեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու համար,առաջարկվում է ծրագրի «շինարարական աշխատանքներ» հոդվածի վարկային մասի համար անհարժեշտ մնացած գումարը՝61,835.0 հազար ՀՀ դրամն ավելացնել՝ մեծացնելով վարկային ծրագրի 2023թ. բյուջեով հատկացված գումարը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը և ծրագրի ժամանակին ավարտը: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները կավարտվեն, կկատարարվի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հագեցումն ու արդիականացումը՝պայմանագրերով նախատեսված ժամկետներում:
11:38 - 23 նոյեմբերի, 2023
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ կազմակերպության մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիի գլխավորությամբ ու ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ II) շրջանակում իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքները՝ այս համատեքստում առանցքային համարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված միջոցառումները։ Նախարարը շեշտել է, որ տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով՝ Կառավարությունը շարունակում է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել առկա ֆինանսական խնդիրները։ Այս համատեքստում դիտարկվել է նաև տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով ՀԲ-ի հետ համագործակցությանը՝ Նարեկ Մկրտչյանն արդյունավետ է որակել համատեղ իրականացված աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Միասնական սոցիալական ծառայության 34 տարածքային կենտրոններից 31-ի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են, ինչը հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին մատուցվող անհրաժեշտ ծառայությունները դարձնել ավելի համակարգված ու օպերատիվ։ Միխալ Ռուտկովսկին ևս դրական է գնահատել նախարարության հետ համագործակցությունը, նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով և վստահություն հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։
21:49 - 09 նոյեմբերի, 2023
Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ ՏԿԵՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստանում են՝ քննարկելու SIDA-ի դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող  «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (Հայաստան, RESILAND) ծրագրի մանրամասները։                                 «Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ ամենատարբեր ժամանակներում Տարածքային կառավարման նախարարությունը Համաշխարհային բանկի հետ   բազմաթիվ  հաջողված ծրագրեր է իրագործել ջրամատակարարման, համայնքային զարգացման, ճանապարհաշինության և այլ որոտներում։ Նրա խոսքերով՝ ևս մի  ծրագրի շուրջ աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս։ ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկը նմանատիպ ծրագրեր   իրականացրել է այլ երկրներում ևս, որտեղ հաստատապես եղել են լավ լուծումներ և հույս հայտնել, որ այդ երկրների  փորձառությունը շատ օգտակար կլինի  Հայաստանի համար։                                  Որքան էլ նախագիծն առնչվում է շրջակա միջավայրին, ՏԿԵ փոխնախարարի խոսքերով, ոչ պակաս կարևոր է այդ միջավայրի կառավարումն ու զարգացումը համայնքային ու մարզային համատեքստում։ Պատվիրակության ղեկավար, առաջադրանքի թիմի ղեկավար և բնապահպան  Ֆիսեհա Աբիսան իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ներկայացնելով, որ իրենց առաքելության նպատակն է քննարկել ծրագրի շրջանակը, կառուցվածքը, բաղադրիչները, գնահատել ինստիտուցիոնալ կարողությունները։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի նախագիծն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։  Վաչե Տերտերյանը  և ՀԲ ներկայացուցիչը վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը կլինի շարունակական»,- ասվում է նախարարության տարծած հաղորդագրության մեջ։
14:53 - 16 սեպտեմբերի, 2023
Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դարձել. ՀԲ

Հայաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր է դարձել. ՀԲ

Ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀԲ կենտրոնական գրասենյակից: Որոշումը պաշտոնականացվել է Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնել է Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։ ՄԶԸ դոնոր դառնալու մասին Կառավարության որոշումը Հայաստանը վավերացրել է 2023 թ. մարտի 10-ին՝ ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինել դադարելուց ինը և միջինից բարձր եկամտով երկրի կարգավիճակ ձեռք բերելուց չորս տարի անց։ Անդամակցելու որոշումը կայացվել էր 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանն ու Համաշխարհային բանկը Երևանում իրենց գործընկերության 30-ամյակն էին տոնում։ «Հայաստանը, լինելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այլևս չի օգտվում Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար։ Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ կվերահաստատի ինչպես Համաշխարհային բանկի խմբի հետ արդյունավետ փոխգործակցությունը, այնպես էլ իր համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանում Համաշխարհային բանկի ներգրավվածության մեկնարկը տրվել է 1992 թվականին՝ երկրի անկախացումից մեկ տարի անց, շուկայական տնտեսության երկրի անցմանը օժանդակելու նպատակով։ Սկզբնական ներգրավվածությունը գլխավորապես ՄԶԸ վարկերի և կայունացման ծրագրերի միջոցով էր՝ աջակցելով անցումային բարեփոխումներին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է ինստիտուցիոնալ բարեփոխումների և ենթակառուցվածքի ներդրումների լայն շրջանակի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ջուրը և ճանապարհները, ինչպես նաև կրթությունը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը։ «Համաշխարհային բանկի ներգրավվածության սկզբից ի վեր Հայաստանը տնտեսական խոր վերափոխման է ենթարկվել՝ 30 տարվա ընթացքում հնարավորություն ունենալով ՄԶԸ աջակցություն ստացող երկրից ՄԶԸ դոնոր երկիր դառնալու»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։  «Համակարգված բարեփոխումներն օգնել են պահպանել կայուն տնտեսական աճը՝ այդպիսով բարելավելով երկրում բազմաթիվ մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Գործընթացում Հայաստանը կարևոր գիտելիք է կուտակել այն մասին, թե ինչպես բարեփոխել, ինչն այսօր ՄԶԸ աջակցություն ստացողների համար կարող է մեծ արժեք ունենալ»։
12:18 - 11 ապրիլի, 2023
Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։
14:35 - 04 ապրիլի, 2023