Հակոբ Սիմիդյան

Հակոբ Սիմիդյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարն է։ 

Ծնվել է 1984 թ. ապրիլի 20-ին Երևանում։ 

2004 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը՝
երկրաբան

2005-2007 թթ. աշխատել է «Օրրան» ՀԿ-ում։
2009-2012 թթ. աշխատել է «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի
տեղակալ 
2013 թ.  աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն
2012-2017 թթ.  եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական 
2018 թ.  աշխատել է որպես «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն 
2018-2019 թթ. եղել է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ 
2020 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
2018-2021 թթ.  եղել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար
2021 թ. օգոստոսի 2-ից աշխատել է վարչապետի գլխավոր խորհրդական։ 
2021 թ. դեկտեմբերի 10-ից Շրջակա միջավայրի նախարար է։ 

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա
 |news.am|

Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ին Սեւանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշում կայացրեց; Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց. «Մենք հիմնվում ենք ԳԱԱ գիտական հետազոտությունների վրա:  2023-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց  մինչեւ 2024-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար: Քվոտաների սահմանումը սկսվել է 2020-ից: 2021-ին այն եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին եւ 2023-ին՝ 600 տոննայի շրջանակում: 2024-ի հուլիսին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի՝ հասկանալու համար, թե նոր քվոտայի կարիք կա, թե ոչ»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Չեխիայի մեր գործընկերները պարզեցի՞ն, թե ինչքան պաշար կա Սեւանա լճում, ինչին Սիմիդյանը պատասխանեց. «Մենք օր-օրի սպասում ենք տվյալներին, վերջնաժամկետը փետրվարի 29-ին է»:
12:05 - 08 փետրվարի, 2024
Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|

Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|

hetq.am: Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ամփոփեց 2023 թվականը և պատմեց, որ 2023 թ.-ին 314 հա անտառպատման աշխատանքներ են իրականացվել: Նախարարը հույս ունի, որ 2024-ին մեծ թափով առաջ կգնան այս ոլորտում և ևս 1000 հա անտառ կհիմնեն: Հակոբ Սիմիդյանին հարցրինք, թե ինչ ընթացք է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, այդ 10 մլն-ից քանի՞սն է մինչ օրս տնկվել, ինչ կպչողականություն է ապահովվել: «Դա 2020 թվականին նախատեսված միջոցառում էր: Ինչի 2020 թվականին չկայացավ, կարծում եմ բոլորիս պարզ է, հայտնի իրադարձությունները` քովիդը և 44-օրյա պատերազմը, և քանի որ ամբողջ միտքը, որ 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 մլն ծառ տնկվեր, ըստ էության, հայտնի պատճառներով, այդ ծրագիրը չիրականացավ: Ծրագիրը նաև 10-երի խորհուրդն էր ունեցել: Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց ես արդեն ասացի, որ 2024 թվականի համար նախատեսել ենք 1000 հա անտառ տնկել, դա, եթե չեմ սխալվում, 1 մլն ծառի մասին է»,- պատմեց Հակոբ Սիմիդյանը: Անդրադառնալով ծառերի կպչողականութանը՝ նախարարը նշեց, որ կպչողականության աստիճանը իրենց էլ չի բավարարում, դրա համար նաև միջազգային փորձն են ուսումնասիրում, որ արդյունավետ ճանապարհով գնան: «Ես հիմա կոնկրետ չասեմ, նաև դաշտային աշխատանքների արդյունքում կլինի` կհասկանանք, թե ինչու չունենք մեծ կպչողականություն»,- ասաց նախարարը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 մլն ծառ տնկելու, իր որակմամբ, ամբիցիոզ ծրագրի մասին: 10 մլն ծառը, համաձայն վարչապետ Փաշինյանի, «կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»:
17:50 - 15 հունվարի, 2024
 Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

tert.am: Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել էին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝  բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։ Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։ «Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշեց նա։ Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։ «Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո՝ նույնքան։ Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է։ Փոխվարչապետի հետ ենք հանդիպում ուզում»,- հավելեց նա՝ նշելով, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։
12:00 - 22 դեկտեմբերի, 2023
Ձկնաբուծարանների ներկայացուցիչների հետ քննարկվել է փակ շրջանառու համակարգը

Ձկնաբուծարանների ներկայացուցիչների հետ քննարկվել է փակ շրջանառու համակարգը

Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` քննարկելու ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ:   ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը ներկայացրել է Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի վիճակի փոփոխությունները 2010-2023 թվականների ընթացքում, անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016 թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքներին, ինչպես նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում պարզաբանված խնդիրներին։   Այսպիսով՝   ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքների համաձայն՝ 2016 թ. Արարատյան դաշտում փաստացի ջրառը կազմել է 1,608.5 մլն խմ, որից 809.0 մլն խմ (կամ 50%)՝ ձկնաբուծության նպատակով. 2016 թ. ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 640 մլն խմ, որից` 535 մլն խմ (կամ 85%)՝ ձկնաբուծության նպատակով. 2022 թ․ ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 1,1 մլն խմ, որից 851 մլն խմ (կամ 75%) ձկնաբուծության նպատակով. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում մեր կողմից պարզաբանվել են մի շարք կարևորագույն խնդիրներ: 2016-2017 թթ․ նկատվել է ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացում մինչև 0.36 մ երկրի մակերևույթից բարձր՝ շուրջ 4000 լ/վ հորերի կոնսերվացման և լուծարման արդյունքում, ինչպես նաև ձկնաբուծարանների ջրածավալների 30% կրճատման արդյունքում։   2018 թ․ ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2 մ-ով և դադարել է շատրվանել: Դատարանի որոշմամբ վերաբացվել են 5 ձկնաբուծարաններ՝ շուրջ 4000 լ/վ։ Համաձայն դիտարկումների ցուցանիշների 2019-2023 թվականներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.74 մետրով։   Նախարարն անդրադարձել է նաև 2023 թվականին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի գույքագրման աշխատանքներին․ իրականացրել է 2387 խորքային հորերի գույքագրում։ Քննարկվել է նաև Փակ շրջանառու համակարգը։   Այս համակարգը թույլ կտա ապահովել ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոս մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում` հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի առավելագույնը 60 տոկոս ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն։   Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի օգտագործումը չի առաջացնի ձկնաբուծարանի արտադրողականության կրճատում: Ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո կրկին օգտագործվելու է նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով մինչ այդ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի 100 տոկոսը:   Փակ շրջանառու համակարգի ներդնման ժամանակ ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո հարստացվում է թթվածնով և վերադարձվում է կրկնակի օգտագործման:   Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողները իրենց միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում-քննարկում կազմակերպել սույն թվականի դեկտեմբերի 19-ին։  
20:50 - 18 դեկտեմբերի, 2023
«Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց
 |news.am|

«Անհնար բան են առաջարկում. Սիմիդյանը խաբել ա մեզ». ձկնաբույծների բողոքի ակցիան Կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց |news.am|

news.am: Ձկնաբույծներն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը 2-3 շաբաթ առաջ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մոտ 15 օր առաջ մեզ խոսք տվեցին, որ պետք է մեկ շաբաթում կարգը որոշելու հետ կապված մեզ հետ քննարկում անցկացնեն, մոնիտորինգ կանեն ապօրինի հորերը, թիվը կճշտեն, կասեն: 15 օր անցել է, մեզ ոչ մեկը չի զանգել: Եկել ենք, որ մեզ պատասխան տան՝ ինչու չեն փակվում 700 ապօրինի հորերը, որ հոսում է գետերը: Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի խոսքով, 700 ապօրինի հոր կա: Հնարավոր է՝ մի մասը ոռոգման հետ կապված է, բայց փետրվարին իմաստ չունի ոչ ոռոգելու, ոչ այդ ջրերը բաց պահելու: Կարող են փականել մինչեւ գարնան սեզոնը գա: Մեր փորձից ելնելով, մարդիկ կան, որ ինքնահոս չի գալիս ջուրը, պոմպերից են օգտվում, թող փակեն եւ այդ մարդիկ իզուր հոսանք չեն ծախսի»: Նա ընդգծեց, որ շրջակա միջավայրի նախարար Սիմիդյանը իրենց խաբել է, խոստացել է հանդիպում, բայց չահնդիպում չկա մինչեւ հիմա: Մեկ այլ ձկնաբույծ էլ նշեց. «Վարկերի տակ ենք, չենք կարողանում, գնալով հետ ենք գնում, խեղդված վիճակում ենք: Ջերմացներ ունենք, էդ փողերն էլ բերում, դնում ենք այդտեղ, չենք կարողանում կերակրեն ձուկը: Հիմա մենք հոժարակամ ասում ենք՝ եկեք մեր ձկնաբուծարանը վերցրեք, արեք ձեր առաջարկածը, բայց իրենք անհնարին բան են առաջարկում: Դա չլինող բան է: Էդ նասոսները չինական են, կարճ ժամանակ հետո խափանվում են, դա 1-2 ժամում սարքելու գործ չի, իսկ եթե չսարքեցինք, ձուկը 2-3 ժամ հետո լրիվ կսատկի: Դա չլինող բան է, դրա համար մեծ գումարներ են պետք, իսկ մենք դեռ մեր վարկերը չենք վերջացրել: Հիմա բոլոր ձկնաբույծները վարկերի տակ են, թող գան փաստաթղթերով նայեն: 700 աղբյուրներ կան, թող դրանք բերեն փականային համակարգի, կարգավորեն, տեսնեն՝ որեւէ փոփոխություն լինում է, նոր գան մեզ մոտ: Մենք հոժարակամ կդնենք, կփակենք: Մեկ է՝ օգուտ չկա, վնաս ենք կրում, ավելի լավ է գան շուտ մեզնից գնեն»:
11:40 - 11 դեկտեմբերի, 2023
Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա: Ըստ նախարարի՝ 8-ժամյա ծառայությունը ռիսկեր է պարունակում: Առաջարկվում է Անտառային կոմիտեի հիման վրա ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ների պահպանությունն առանձնացնել: Նախատեսվում է ծառայողին օժտել նոր հնարավորություններով, որ վերջինս կարողանա իրավախախտման պարագայում այն արձանագրել, վարույթ հարուցել, վնաս հաշվել և վարչական իրավախախտումների շրջանակում կատարված ապօրինության դեպքում նաև տուգանք սահմանել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 աշխատակիցների և Ազգային պարկերի պահպանության 345 աշխատակիցների հաստիքներն առաջարկվում է առանձնացնել և շուրջ 1176 հաստիքակազմ ունեցող նոր ծառայություն հիմնել: Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյոք ծառայությունն ունենալո՞ւ է բավարար ֆինանսական միջոցներ և ծառահատումների դեմ պայքարում հավասար վերահսկողություն իրականացվելո՞ւ է և՛ մանր, և՛ խոշոր ծառահատում իրականացնողների նկատմամբ: Նախարար Հակոբ Սիմիդյանը փաստել է, որ ծառայության զինման համար կան նախատեսված բյուջետային հատկացումներ, ակնկալվում է նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Նախատեսվում է ունենալ 3500 հատ ձայնի և ծխի տվիչ, որոնք յուրաքանչյուր խախտման դեպքում արձագանքելու են, իսկ տեխնիկական նկարող սարքերը տեղում ֆիքսելու են, թե ինչ է տեղի ունենում: Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ ծառայության խնդիրը լինելու է կանխարգելիչ: Պատգամավոր Արման Ղազարյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ, նախնական տվյալներով, ծառայությանն անհրաժեշտ է լինելու 5 մլրդ դրամ: Վերջնական հաշվարկը հնարավոր կլինի կատարել, երբ ենթաօրենսդրական ակտով հաստատվի կառուցվածքը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կարևորելով նախաձեռնությունը և որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը, նշել է, որ ներկայացված փաթեթով մի շարք հիմնարար հարցեր մնում են անպատասխան, օրինակ՝ խախտում կատարած անձի ձերբակալման ու ազատությունից զրկման իրավունքների իրացման, ոստիկանության հետ համագործակցության, քաղաքացիների իրավունքները չոտնահարելու հարցերը և այլն: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ, այո՛, անտառային տարածքների և հողերի մասով չկա պատշաճ պահպանման համակարգ: Անդրադառնալով ջրային ավազանների, կենսաբանական հուշարձանների, հատուկ պահպանվող տարածքների մասով պահպանության առանձնահատկություններին՝ խմբակցության քարտուղարը կարևորել է ծառայության գործառույթների հստակեցումը, որ համակարգն արդյունավետ գործի: Եզրափակիչ ելույթում Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին:
14:27 - 21 նոյեմբերի, 2023
Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը
 |1lurer.am|

Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը |1lurer.am|

1lurer.am: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։ Այս մասին տեղեկացրին շրջակա միջավայրի նախարարությունից: Նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ երկու երկրների շահագրգիռ կառույցներից։ Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, նախարարը գործընկերների հետ քննարկել է սույն թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերի ընթացքը։ Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանն երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպությանը շարունակական և արդյունավետ համագործակցության համար և անդրադարձել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունների կայուն զարգացումը բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ոչ միայն հարևան պետություն է, այլև առևտրային և շրջակա միջավարի պահպանության առումով ռազմավարական կարևոր գործընկեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առկա ձևաչափով քննարկել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը»,- նշել է նախարարը։ Կարևորելով Արաքս սահմանային գետի պահպանության վերաբերյալ արդյունավետ համատեղ և շարունակական աշխատանքն ու արձանագրած հաջողությունները՝ նախարարը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով և անդրադարձել է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին իր հերթին շնորհակալություն է հայտնել նիստը նախաձեռնելու համար։ Պարոն Իրաջ Հեշմաթին նաև իր երախտիքն է հայտնել հայ գործընկերներին Արաքս գետի ջրի որակի հանդեպ մշտական ուշադրության և դրա պահպանությանն ուղղված ջանքերի համար։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է հանդիպումը, քանի որ տևական դադարից հետո ազդարարվում է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսման մեկնարկը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման ծրագիրը, աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը և հաստատվել է տարեկան ժամանակացույցը։
17:56 - 15 նոյեմբերի, 2023
Սիմիդյանը իրանցի իր գործընկերոջ հետ խոսել է Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքի ապահովման մասին

Սիմիդյանը իրանցի իր գործընկերոջ հետ խոսել է Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքի ապահովման մասին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների սերտ հարաբերությունները, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի միավորումը։ Անդրադարձ է կատարվել Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Կողմերը փաստել են, որ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները լուծելու համար պետք է առավել ակտիվ համագործակցել, իրականացնել փոխայցեր, դիտարկումներ և համատեղ միջոցառումներ։ Այս ուղղությամբ երկու կողմերը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում, և այդ նպատակով նախարար Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։ Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:
10:03 - 11 սեպտեմբերի, 2023
ՇՄ նախարարը գործուղվել է Կանադա՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու

ՇՄ նախարարը գործուղվել է Կանադա՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ՇՄ նախարարությունը։   Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:   Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։   Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրների ներկայացուցիչներ Կանադայում համաձայնեցին ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:   Կենսաբազմազանության նոր գլոբալ շրջանակային հիմնադրամը (GBFF) նախագծված է մոբիլիզացնելու և արագացնելու ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։ Նոր հիմնադրամը, որը վավերացվել և գործարկվել է Վանկուվերում արդեն ունի նախնական ներդրումներ ՝200 միլիոն կանադական դոլար Կանադայից և 10 միլիոն ֆունտ ստերլինգ Միացյալ Թագավորությունից:   ԳԷՀ-ն ընտրվել էր նոր հիմնադրամը կառավարելու համար Կենսաբազմազանության վերաբերյալ COP15 կոնվենցիայի գագաթնաժողովում 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նրա կառավարող խորհուրդը հաստատել է դրա ծրագրերը 2023 թվականի հունիսին Բրազիլիայում:   Հիմնադրամի ռեսուրսների 20 տոկոսը կաջակցի կենսաբազմազանությունը պաշտպանելու և պահպանելու նախաձեռնություններին: Այն նաև առաջնահերթություն է տրամադրելու զարգացող փոքր կղզի պետություններին և քիչ զարգացած երկրներին, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը:   Նստաշրջանի աշխատանքները շարունակվում են։
11:41 - 26 օգոստոսի, 2023
Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։ «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։ Նշենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ Իսկ հունիսի 20-ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
16:25 - 20 հուլիսի, 2023
Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
 |aysor.am|

Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, նաև պահանջում է դադարեցնել շինարարությունը։ Նշենք, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Շինհրապարակը գրեթե ամեն օր գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։ 
14:04 - 20 հուլիսի, 2023
Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

aravot.am: 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (լուսանկարում)։ «Սեւանա լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել, դրա համար, ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ իրացվել է։ Շուրջ 580 տոննայի քվոտա ենք տվել, որից 37․6 մլն բնօգտագործման վճար է ստացվել։ 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Եվ սա շարունակական է լինելու։ 300 մլն դրամ հատկացրել ենք Սեւանա իշխանի ծրագրի շարունակման համար»,- ասաց նա։ Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ որսի 600 տոննա քվոտայի շրջանակներում շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել, այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ են օգտվել ծրագրից։ «Մենք գիտենք, որ Սեւանա լճից այդ 600 տոննա սիգը չէ, որ դուրս է բերվում։ Քվոտայի սահմանումը 2020 թվականից է սկսել, միտքն այն է, որ հաշվարկենք ձկնատեսակի պաշարները, սահմանենք քվոտա եւ կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ։ Անցած տարի երկու փուլով է եղել, առաջին փուլով գարնանային շրջանում 300 տոննա քվոտա ենք սահմանել։ Հաշվառում ենք իրականացրել, որի արդյունքում պաշարները թույլ են տվել, որ երկրորդ 300 տոննան էլ կարողանանք տրամադրել։ Այս տարի նույն տրամաբանությամբ ենք առաջ գնում, հաշվառման արդյունքում գարնան համար արդեն 300 տոննա սահմանվել է, քվոտան, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ արդեն տրամադրվել է։ Սպասում ենք Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան եւ Սեւանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում կանեն։ Հուսամ, որ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակներում»,- ասաց նա։ Սեւանա լճի ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքների շրջանակում 2022-ի բյուջեով նախատեսված է եղել 118 մլն դրամ։ «2023 թվականին ամփոփելիս հուսամ մենք արդեն 400 հեկտար ափամերձ տարածք կմաքրենք»,- ասաց Սիմիդյանը։
12:48 - 06 հունիսի, 2023
Պահպանել խստացումները․ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկումը

Պահպանել խստացումները․ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկումը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։    Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:   Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Սևանա լճում առկա սիգ ձկնատեսակի պաշարների մասին, քանակի դինամիկային, ինչպես նաև սիգի ձկնկիթի արտահանման արգելքին․   «Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,- նշել է նախարարը։ Այնուհետև ներկայացվել են գերատեսչությունների կատարած աշխատանքները և գույքագրված խնդիրները։   Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում. դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:   2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ։   Նախարարը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես Սուրբծննդյան տոնի օրերին՝ առաջարկելով դիտարկել նաև նախարարության ենթակա մարմիններից օժանդակող մարդուժի ընդգրկման հնարավորությունը։    
15:40 - 05 հունվարի, 2023
Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումները: Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022 թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի: Նախաձեռնվել են ծրագրի արդյունավետության բարձրացմանը միտված քայլեր: Ներկայացվել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման ուղղությամբ աշխատանքները: Վարչապետը նշել է, որ նշված ծրագրերի հաջող իրականացումը Կառավարության առաջնահերթությունների շարքում է և հանձնարարել պատասխանատուներին դրանք պահել ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարին են ներկայացվել խորքային հորերի լուծարման և/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, իրականացման և տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները: Զեկուցվել է արտեզյան ավազանի վիճակի և գետային էկոհամակարգերի պահպանության մասին: Վարչապետն ընդգծել է, որ ջրառի, հորատման և արտեզյան ավազանի արդյունավետ կառավարման գործընթացը ռազմավարական խնդիր է, և հանձնարարել է առաջ շարժվել տեսանելի, չափելի գործողությունների ծրագրով: Տեղեկատվություն է ներկայացվել Սևանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաև սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ: Ի թիվս մյուս միջոցառումների՝ նշվել է, որ հաշվետու տարում սիգի արդյունագործական որսի ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող ձկնորսների թիվը հասել է 800-ի, 2022 թվականից արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում է այս տարի ամռանը ունենալ ևս 3 հանրային լողափ՝ համապատասխան կահավորմամբ և անվճար ծառայությունների ցանկով: Աշխատանք է տարվում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ: Քննարկման առարկա են դարձել նաև բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները: Նշվել է, որ թույլատվական փաստաթղթերի՝ լիցենզիաների էլեկտրոնային համակարգի ներդրմամբ զգալիորեն կրճատվել են դրանց տրամադրման ժամկետները։ Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է ոլորտային ուղղություններով ռազմավարական տեսլականի հստակեցումը, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և միջգերատեսչական համագործակցությունը: Կառավարության ղեկավարը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է անտառտնկման ծավալների ավելացման անհրաժեշտության վրա և հանձնարարել ներկայացնել կոնկրետ գործողությունների ծրագիր՝ տնկանյութի արտադրության խթանում, ներմուծում և մյուս բաղադրիչները ներառելով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքների ծառայության ներդրմանը՝ նշելով, որ վերջինիս գործունեության հիմքում պետք է դրվեն նոր չափանիշներ և սկզբունքներ: Վարչապետ Փաշինյանը նաև հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում իրականացնել Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների մասին:
17:05 - 04 հունվարի, 2023