ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի կեղծ հայտարարագրի վերաբերյալ ՀՔԾ-ն գործ է քննում |1lurer.am|

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի կեղծ հայտարարագրի վերաբերյալ ՀՔԾ-ն գործ է քննում |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ կապված՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում։ Այդ մասին ՀՔԾ-ից հայտնել են «Լուրեր»-ին՝ ի պատասխան գրավոր հարցման։ Մինչ Հատուկ քննչական ծառայություն հասնելը Մանուկյանի գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրի հարցը նախ հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտում, ապա նյութեր են փոխանցվել Ազգային ավտանգության ծառայության քննչական դեպարտամենտին, իսկ ԱԱԾ-ից գործը փոխանցվել է ՀՔԾ-ին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծել է Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված հայտարարագրերը և, ինչպես ԿԿՀ-ի պատասխանում է նշվում, «արձանագրվել են որոշ անհամապատասխանություններ ու անճշտություններ»։ Մայիսի 21-ին հանձնաժողովը պարզաբանման ենթակա հարցեր է ուղղել Մանուկյանին՝ նրա գրանցման վերաբերյալ, սակայն համապատասխան գրությունը Մանուկյանին կա՛մ չի հասել, կա՛մ նախկին պաշտոնյան հրաժարվել է այն ընդունել։ ԿԿՀ-ն իր ուղարկած հարցերը հիմնավորել է այն կասկածներով, որ Մանուկյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեցել են գույքի ավելացում, որը ողջամտորեն չի հիմնավորվել։ Այնուհանդերձ, քանի որ փոստային հասցեով ուղարկված նամակը տեղ չի հասել, հետևաբար Մանուկյանից պարզաբանումներ չեն ստացվել, նշված հարցով Գլխավոր դատախազություն դիմելու հիմքերը բացակայել են: Մյուս հարցին, թե ի՞նչ անհամապատասխանություններ ու անճշտություններ են հայտնաբերվել Մանուկյանի հայտարարագրում, ԿԿՀ-ից պատասխանել են՝ «նպատակահարմար չէ տրամադրել տեղեկատվություն Անդրանիկ Մանուկյանի հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ, քանի որ դրանք Հանձնաժողովի կողմից չեն որակվել որպես վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28 հոդվածով նախատեսված արարքներ»։ Օրենսգրքի այս հոդվածը վերաբերում է սահմանված ժամկետներում հայտարարագիր չներկայացնելուն կամ կարգի խախտմամբ ներկայացնելուն։ Անդրանիկ Մանուկյանի հայտարարագրի հետ կապված խնդիրն այնուհետև հայտնվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտում։ Ինչպես «Լուրեր»-ին հայտնել են՝ ԱԱԾ-ում քրեական գործ է քննվում նախկին դեսպանի կողմից առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և կեղծ տվյալ ներկայացնելու փաստի կապակցությամբ։ Քրեական գործի հարուցման օրն այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղից էլ «Լուրեր»-ին գրավոր պատասխանել են՝ «նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող տրամադրել»։ Նշենք, որ ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ՀՔԾ-ն երբևէ որևէ հաղորդագրություն չեն տարածել Մանուկյանին առնչվող այս գործի վերաբերյալ, ուստի զարմանալի է ՀՔԾ-ի «այլ մանրամասներ» ձևակերպումը։ Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը թողել է 2018-ի օգոստոսին։ Պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նա նշել է, որ ունի 2 բնակարան, Audi A8 և BMW 750I մակնիշի մեքենաներ։ Մանուկյանը վերջինը ձեռք էր բերել 118.000 եվրոյով։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ դեսպանն ունեցել է 3.1 միլիոն դոլարի հանձնած փոխառություն, նկարների հավաքածու։ Դրամական միջոցները կազմել են 90 միլիոն դրամ, 60 հազար դոլար և 350 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 24 հազար դոլար։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում
12:58 - 17 սեպտեմբերի,2021
Ընդհանուր առմամբ ընտրական հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել 75 անձի. ՀՔԾ

Ընդհանուր առմամբ ընտրական հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել 75 անձի. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույն մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ փորձել են 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառք տալ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ` արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պետրոսյանի կողմից այդ գումարը ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը հանցագործությունը ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ: Վերը նշված հանցավոր արարքների` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար խմբի կազմում երկու կամ ավելի անձանց գումարի տեսքով կաշառք տալու փորձի համար Ռուբեն Խլղաթյանին և Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 75 անձի: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:39 - 15 սեպտեմբերի,2021
Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |factor.am|

Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |factor.am|

factor.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը։ Ըստ փաստաբանի՝ ընտրված խափանման մյիջոցն անհիմն է և չի համապատասխանում փաստական տվյալներին։ Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 000 000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800 000 000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ Հովսեփյանը նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 299 404 414 ՀՀ դրամ:
13:56 - 14 սեպտեմբերի,2021
Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|

Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի ամենազգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և, դրանով պայմանավորված, անշուշտ կմեծանա գործերի քննության արդյունավետությունը։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։  «Անկախ նրանից՝ ես կղեկավարեմ այդ մարմինը, թե այլ անձ, ամեն դեպքում դա դրական տեղաշարժ է»,- հավելեց Խաչատրյանը: Ըստ ՀՔԾ պետի` քննչական մարմինը առհասարակ պետք է ունենա իր օպերատիվ մարմինը, ինչպես շատ զարգացած երկրներում է: «Կցանկանայի, որ այդ մարմինը ունենար նաև իր փորձագիտական հզորությունները, փորձագիտական կենտրոն՝  համալրված լավագույն մասնագետներով ու տեխնիկայով»,- եզրափակեց Խաչատրյանը:
13:05 - 10 սեպտեմբերի,2021
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է. ՀՔԾ

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է: Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում:
12:43 - 07 սեպտեմբերի,2021
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված  պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Մասնավորապես,  Արա Մկրտչյանը, նպատակ ունենալով հնարավորինս բացառել  իր ղեկավարած համայնքի բնակիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունները, միաժամանակ` «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար, 2021 թվականի հունիսի 17-ին Քասախ համայնքի վարչական շրջանում գտնվող «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ: Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև շահարկելով դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախկին տարիներին որպես համայնքի ղեկավար իր լիազորություններն իրականացնելը ներկայացրել է իբրև համայնքի բնակիչների համար կատարած «լավություն»: Այնուհետև, նշելով, որ ժամանակն է կատարվածի դիմաց պատասխան «լավությունը» ստանալու, Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Բացի այդ, Արա Մկրտչյանը նույն ժողովի ընթացքում Քասախ համայնքի բնակիչներին բարեգործության անվան տակ խոստացել է մատուցել ծառայություններ` ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դեմ քվեարկելու և «Պատիվ ունեմ» դաշինքի հաղթանակի դեպքում մրցույթ հայտարարել և ասֆալտապատել «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության հարակից տարածքն ու այգի կառուցել: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով:
18:18 - 31 օգոստոսի,2021
Գառնիկ Իսաղուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու և բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Գառնիկ Իսաղուլյանի կողմից սուտ մատնություն կատարելու և բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել: Ըստ առաջադրված մեղադրանքի` Գառնիկ Իսաղուլյանը 2020 թվականի նոյեմբերի 23-ին` «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վերջինիս թիմի անդամները համագործակցել են Բաքվի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, Թուրքիայից ու Ադրբեջանից ստացել են 48 միլիոն ԱՄՆ դոլար և նշված գումարով 2018թ.-ին ՀՀ-ում հեղափոխություն իրականացրել: Այդպիսով Գ. Իսաղուլյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի դիտավորությամբ ըստ էության մեղադրել է առանձնապես ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ՝ կատարելով սուտ մատնություն: Բացի այդ, նույն ասուլիսի ժամանակ Գ. Իսաղուլյանը հայտնել է, թե իբր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագրեր է բաժանել հայերենին տիրապետող ադրբեջանցիների, որից հետո վերջիններս մտել են Քաջարան և գնացել Արցախ: Այսինքն` գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, Գ. Իսաղուլյանը հարցազրույցի ընթացքում հայտնել է ևս մեկ չկատարված հանցագործության մասին` այդպիսով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղղակի դիտավորությամբ մեղադրելով առանձապես ծանր հանցագործության՝ պետական դավաճանության մեջ: Այնուհետև Գ. Իսաղուլյանը 2020 թվականի դեկտեմբերի 13-ին  «168.am» լրատվական կայքում, իսկ դեկտեմբերի 14-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսների ժամանակ, դարձյալ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է թե իբր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն՝այդպիսով Սամվել Բաբայանին ուղղակի դիտավորությամբ հանիրավիմեղադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Բացի այդ, Գ. Իսաղուլյանը հրապարակային՝ հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Youtube» ինտերնետային կայքէջում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին հրապարակված տեսանյութում դիտավորությամբ հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր՝ նշելով, որ ՀՀ վարչապետին ֆիզիկապես ոչնչացնողը պետք է ստանա ազգային հերոսի կոչում և 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար: Գ. Իսաղուլյանը միաժամանակ հավաստիացրել է, որ Նիկոլ Փաշինյանին վնասելը հակաօրինական գործողություն չէ՝ այդ կերպ հրապարակայնորեն արդարացնելով նաև նման բռնությունը: Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Գառնիկ Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երեք դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:43 - 17 օգոստոսի,2021
ՀՔԾ պետը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ

ՀՔԾ պետը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի հետ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին, Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության շրջանակներում իրականացվող ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող միջոցառումներին ու ծրագրերին: Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առանձնահատկությունները: Հաշվի առնելով հիշյալ բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, հատկապես պրակտիկ փորձի և կոնկրետ քրեական գործերի քննության հաջողված դեպքերի ներկայացմամբ: Կողմերը դիտարկել են քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից մասնագիտական մեթոդիկաների ներդրման և դրանց գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել համապարփակ, բազմաբաղադրիչ քննության իրականացման առանձնահատկություններին` այդ համատեքստում կարևորելով քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ:
17:31 - 10 օգոստոսի,2021
Պատգամավորության թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Պատգամավորության թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Հ.Է.-ն, Մ.Ու.-ն և Գ.Ա.-ն խմբով, նախնական համաձայնությամբ նույն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 000-ական ՀՀ դրամ կաշառք` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Հիշյալ դաշինքի կողմից ներկայացված պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Հ. Է.-ն դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար ընտրողներին կաշառք առաջարկելու և խոստանալու հարցում նախնական համաձայնության է եկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ։ Մասնավորապես, Հ.Է.-ն Մ.Ու.-ի հետ խոսակցությունների ընթացքում վերջինիս առաջարկել է գումարի դիմաց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկող հնարավորինս մեծ թվով ընտրողների հավաքագրել` նշելով, որ պայմանները հանդիպման ընթացքում կհստակեցնի իր հետ համագործակցող Գ.Ա.-ն: Վերջինս 2021 թվականի հունիսի 14-ին Մ. Ու.-ի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց առաջարկվում է 20 000 ՀՀ դրամ կաշառք: Մ.Ու.-ն,  ընդունելով Հ.Է.-ի և Գ.Ա.-ի առաջարկը, նույն օրն այդ մասին տեղեկացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող իր ծանոթներին` վերջիններիս խոստանալով 20 000-ական ՀՀ դրամ կաշառք` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց։ Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու` առաջարկելու և խոստանալու համար Գ.Ա.-ին և Մ.Ու.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Մ. Ու.-ն լիովին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Հ.Է.-ն նույնպես որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:29 - 22 հուլիսի,2021
Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանը նույն համայնքի երեք բնակչուհիների հետ նախնական համաձայնությամբ ավելի քան 40 ընտրողների առաջարկել և տվել են կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. «Վ. Հովհաննիսյանը, համակարգելով վերը նշված նախընտրական շտաբի աշխատանքները, 2021 թվականի հունիս ամսվա սկզբին նույն շտաբի աշխատակցուհի Ն. Մանուկյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Նորամարգ  համայնքի բնակիչներին մեկ ձայնի դիմաց 15.000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև` 2021 թվականի հունիսի 16-ին, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանին անձամբ տվել է նախ՝ 240.000 ՀՀ դրամ, ապա՝ 300.000 ՀՀ դրամ՝ ընտրողներին վերոհիշյալ նպատակով տրամադրելու համար: Ն. Մանուկյանը, իր հերթին, ընտրողներ հավաքագրելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջիններիս կաշառք տալու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Նորամարգ համայնքի բնակչուհիներ Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանի հետ, իսկ վերջինս նաև Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընդհանուր 645.000 ՀՀ դրամ կաշառք են բաժանել Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների` յուրաքանչյուրին 15.000-ական ՀՀ դրամ: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք առաջարկելու և տալու համար Վ. Հովհաննիսյանին, Ն. Մանուկյանին, Է. Կարապետյանին և Ի. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:00 - 20 հուլիսի,2021
Առուշ Առուշանյանի պաշտպաններն ստորագրել են քննչական խումբ կազմելու արձանագրությունը. ՀՀ ՀՔԾ

Առուշ Առուշանյանի պաշտպաններն ստորագրել են քննչական խումբ կազմելու արձանագրությունը. ՀՀ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին անդրադարձել է  Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի նոր հայտարարությանը։ «Քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ», ինչին ի պատասխան` ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը»,- նշված է ՀՔԾ մամուլի ծառայության պարզաբանման մեջ։ Ըստ աղբյուրի՝  պաշտպանության կողմն արդեն երկրորդ անգամ անհասկանալի կերպով պնդում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն տրամադրվել իրենց և դատարանին: «Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հիշյալ փաստաթղթերի փաթեթը բացակայել հենց պաշտպանների մոտ այն դեպքում, երբ դրանց պատճենները վարույթի ընթացքում ներկայացվել են կողմերին և դատարանին: Սակայն անկախ այս հանգամանքից, ինչպես արդեն նշվեց, պաշտպանները դեռևս 2021 թվականի հուլիսի 15-ին ծանոթացել են քննչական խումբ կազմելու մասին որոշմանը, ինչի մասին փաստում է դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը` հավաստված վերջիններիս ստորագրություններով»,- հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, որի համաձայն, այսպիսով` առավել քան ակնհայտ է, որ պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:   Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ՀՔԾ-ն պաշտպաններին կոչ է անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելուց:
21:20 - 19 հուլիսի,2021
Ավարտվել է Մասիսի տարածաշրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Մասիսի տարածաշրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնել է Մասիսի տարածաշրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. «Ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով պարզվել է, որ Կ. Գրիգորյանն ու Ռ. Հակոբյանը, ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում, 2021 թվականի հունիսի 9-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մի շարք ընտրողների, այդ թվում՝ Վ. Գալուստյանին և Ս. Բաղդասարյանին, իսկ վերջիններիս միջոցով նաև նրանց ազգականներին ու ծանոթներին առաջարկել են տարբեր չափերի կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը, ընդունելով հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու դիմաց որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ ստանալու առաջարկը, Կ. Գրիգորյանին են փոխանցել նաև իրենց ընտանիքի անդամների և ծանոթների անձնագրային տվյալները, որից հետո` մինչև ընտրությունների անցկացման օրը, Կ. Գրիգորյանից անձամբ քանիցս պահանջել են կաշառքի գումարները: Բացի այդ, Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը իրենց ծանոթներին տեղեկացրել են Կ. Գրիգորյանի կողմից Մասիսի տարածաշրջանի հաշվառում ունեցող հնարավորինս շատ ընտրողների կաշառք տալու պատրաստակամության մասին և ստացել նրանց համաձայնությունը` գումարի դիմաց վերը նշված դաշինքի օգտին կողմ քվեարկելու վերաբերյալ,  ապա այդ մասին տեղեկացրել են Կ. Գրիգորյանին և վերջինիս փոխանցել նշված ընտրողների անձնագրային տվյալները՝ այդպիսով նպաստելով ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն: Երկու և ավելի ընտրողների կաշառք տալու համար Կ. Գրիգորյանին և Ռ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընտրակաշառք ստանալու և ընտրակաշառքի միջնորդության համար Ս. Բաղդասարյանին ու Վ. Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի և 154.9-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:56 - 19 հուլիսի,2021
Ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք. ՀՔԾ

Ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմն այսօր մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը, երբ տվյալ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է այլ քննիչ: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:«Կարևորելով հանրության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 10-ին քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել Խ. Մեջլումյանը, ով նույն օրը քրեական գործն ընդունել է վարույթ:Ա. Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրվա դրությամբ Խ. Մեջլումյանի՝ քննչական խմբի ղեկավար հանդիսանալու հանգամանքի մասին են վկայում քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ քննչական խումբ կազմելու մասին որոշումը մեղադրյալին և պաշտպաններին ծանոթացնելու մասին 2021 թվականի հուլիսի 15-ին կազմված արձանագրությունը, որի վրա առկա են վերջիններիս ստորագրությունները: Ուստի անհերքելի է, որ Ա. Առուշանյանի պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը հանրությանն ապակողմնորոշելու և քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք»,- նշվում է հաղորդագրությունում:
20:44 - 18 հուլիսի,2021
Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Իր հանցավոր նպատակի իրականացման համար Ա.Ա.-ն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցվել Ա.Ա.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լ.Ա.-ն հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց: Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Ա.Ա.-ի պահանջով Լ.Ա.-ն կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Ա.Ա.-ից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-220.000 ՀՀ դրամ: Հետագայում` նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ա.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մի խումբ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրողներին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:  Մասնավորապես, Գորիս համայնքի ղեկավարը Լ.Ա.-ին հանձնարարել է ստանձնել նշված դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն քարոզարշավին ու ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին: Ա.Ա.-ի կազմակերպմամբ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, իր հերթին,  2021 թվականի հունիսի 7-ին հաջորդած տարբեր օրերի ընթացքում անձամբ` հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Քարահունջ բնակավայրի բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` պարտադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Բացի այդ, օգտագործելով հիշյալ ընտրողների՝ սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, Լ.Ա.-ն վերջիններիս հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել վերը նշված դաշինքի օգտին: Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա.Ա.-ին 15.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:09 - 15 հուլիսի,2021