ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ  այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով,  խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերության և նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի և Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաև Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաև հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի և Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդ կերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով  և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին և Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 25 մայիսի, 2022
Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը մեծացել է՝ կապված կոռուպցիոն գործերի թվի հետ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: «2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 10-11 քրեական գործ»,- ասաց Սարգսյանը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեին թողնել միայն այն գործերը, որոնք կատարվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 3-րդ և 4-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: «Խոսքը բոլոր այն կոռուպցիոն գործերի մասին է, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար և մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմից»,-նշեց փոխնախարարը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
16:31 - 17 մայիսի, 2022
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Դատախազությունը կրկին չի հաստատել ՀՀ ոստիկանության  նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն ետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին: Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում, նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես` պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առքուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120.000.000 ՀՀ դրամով ու 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առքուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը: Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017թ. 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առքուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը: Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013թ. Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար: Այդ նպատակով Արշակ Հակոբյանը 2013 և 2014թթ. կնքված առքուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71.556.000 ՀՀ դրամով և 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաները, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151.756.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2017թ. ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018թ. ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 2017 թվականի տարեկան հայտարարագրում Արշակ Հակոբյանը դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նաև նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` 2017թ. արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008թ. արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի ավտոմեքենաները: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /: Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/: Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
16:15 - 16 մայիսի, 2022
Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված  հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

«Հայաստան» խմբակցության քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը Tert.am-ին տված հարցազրույցում օրերս ոչ ճշգրիտ պնդումներ է արել։ Մասնավորապես, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջերս տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ ՀՅԴ-ն Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել՝ ասել է․ «Իրավական տեսակետից անթույլատրելի է, երբ դու, օրինակ, հավաքների հրահրման, նյութական շահագրգռվածության հոդվածով փորձում ես իբր գործընթաց իրականացնել, բայց հետո մի հատ այլ գործ ես սկսում, որտեղ հիմքը, որն ինքնին արդեն ապօրինի է, չի կարող հիմք դառնալ երկրորդ գործողության համար»։  Արծվիկ Մինասյանը, ըստ ամենայնի, նկատի ունի երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով մայիսի 6-ին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, որի շրջանակում խուզարկություն է իրանացվել գործով մեղադրյալ ներգրավված անձանց բնակարաններում, ինչի արդյունքում հայտնաբերվել են ձեռագիր նշումներով նոթատետրեր։ Դրանց վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերված նոթատետրերը բովանդակում են 2021 թ․ տեղի ունեցած ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ․ «Ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Այսինքն՝ Մինասյանը, հավաքներին առնչվող քրեական գործը (եւ/կամ իրականացված խուզարկությունը) որակելով ապօրինի, ասում է, թե իրավական տեսանկյունից անթույլատրելի է դրա շրջանակում երկրորդ գործողությունն իրականացնել (երկրորդ քրեական գործը հարուցել)։ Իրականում, սակայն, դա այդպես չէ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու առիթները։ Ըստ այդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործ հարուցելու առիթ է իր լիազորություններն իրականացնելիս քննիչի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետևանքների հայտնաբերումը։ Այսինքն՝ բոլոր այդ դեպքերում, երբ իր լիազորություններն իրականացնելով՝ քննիչը հայտնաբերում է որեւէ հետք կամ տվյալ, որն առերեւույթ վկայում է նոր հանցագործության մասին, ապա դա առիթ է նոր քրեական գործ հարուցելու համար։ Ավելին, նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ դա քննիչի պարտականությունն է։ Մասնավորապես, ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Իսկ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ոչ թե Քննչական կոմիտեի քննիչն է հարուցել նոր քրեական գործը, այլ հայտնաբերված նյութերը փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղ էլ այն հարուցվել է, պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի դեպքերին առնչվող գործերի քննությունը, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, իրականացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։ Հետեւաբար, անկախ այն հանգամանքից, որ պայմանականորեն ասած, առաջին քրեական գործը պատգամավորը համարում է ապօրինի, իրավական տեսանկյունից թույլատրելի է դրա շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդ քրեական գործը հարուցել։ Ինչ վերաբերում է խուզարկության օրինականությանը, Քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանի խուզարկությունն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տվյալ դեպքում դատարանի թույլտվությունն առկա է եղել, եւ խուզարկությունն իրականացվել է դրա հիման վրա։ Նույն հարցազրույցում խոսելով «Դիմադրություն» շարժման նկատմամբ իշխանությանը սատարող որոշ շրջանակների դրսեւորած վերաբերմունքից՝ Արծվիկ Մինասյանն ասում է․ «Փորձում են կուրորեն ցեխհարձակումներ իրականացնել «Դիմադրություն» շարժման կամ դրա ներկայացուցիչների նկատմամբ, էն երիտասարդ գործիչների, որոնք այս օրերին «Դիմադրություն» շարժման շրջանակում ներկայանում են հանրությանը, ասենք, չգիտեմ, կարող են վերցնել Իշխան Սաղաթելյանին, Աննա Գրիգորյանին, Արամ Վարդեւանյանին եւ պիտակավորել նախկիններ, արտահայտությունը անհասկանալի է, Աննա Գրիգորյանի կամ Արամ Վարդեւանյանի նախկինը ո՞րն է, երբ այդ մարդիկ որեւէ պետական պաշտոն անգամ չեն ունեցել»։ Մինչդեռ Արամ Վարդեւանյանի կենսագրությունն ուսունասիրելով՝ պարզ է դառնում, որ նա տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգում՝ զբաղեցնելով նաեւ պետական պաշտոններ։ Մասնավորապես, 2011-2012 թվականներին Վարդեւանյանը եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, 2012 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ, 2012-2014 թթ.՝ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2014-2016 թթ. Վարդեւանյանը եղել է ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական, 2016-2017 թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական, իսկ  2017- 2018 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: Այդ ժամանակ գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի օգնականի պաշտոնները ներառված են պետական հայեցողական պաշտոնների շարքում։ Նշենք նաեւ, որ գործող օրենքի համաձայն էլ, ի թիվս այլնի, դրանց շարքում են ներառվել նաեւ ՍԴ նախագահի խորհրդականի, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի պաշտոնները։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանի այդ պնդումը եւս, թե Արամ Վարդեւանյանը նախկինում որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, իրականությանը չի համապատասխանում։   Միլենա Խաչիկյան
18:24 - 12 մայիսի, 2022
Բացահայտվել են ՀՅԴ անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՀՅԴ անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում: Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ  նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15.000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 6.470.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից: Բացի այդ, նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 3.513.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները: Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրույթան մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:26 - 08 մայիսի, 2022
Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազը առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։  Նշենք, որ 53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաեւ քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, զոհված զինծառայողների մի խումբ ծնողների պահանջի հիման վրա ապրիլի 26-ին Գլխավոր դատախազությունը ցուցում էր տվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ զոհված զինծառայողներին գործով տուժող, իսկ նրանց ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին։ Միեւնույն ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացվել էր առանձին պահանջ՝ նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, որը հսկող դատախազն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննարկելու նպատակով: Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել էր, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ առարկություն էր ներկայացրել։  Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ դատախազը վերացրել է քննիչի առարկությունը  եւ որոշում կայացրել 27 զոհված զինծառայողի տուժող ճանաչելու մասին, քանի որ պատշաճ կերպով այդ միջնորդություններն են ներկայացված եղել․ «Իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչելու ընթացակարգն արդեն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեի,- հեղ․) շրջանակում կլինի»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։ Հիշեցնենք՝ քրեական գործը, որի մասին խոսվում է, հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում, որին հետագայում միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանցով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։   Միլենա Խաչիկյան
21:38 - 04 մայիսի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմին առնչվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը, մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նման հիմքով միջնորդության հետաձգումը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  ապրիլի 26-ին ստացել են պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 309-րդ հոդվածի 3-րդ մաս): Հսկող դատախազի կողմից միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
15:43 - 03 մայիսի, 2022
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց
 |factor.am|

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Հովսեփյանի կալանքի ժամկետը կրկին երկարեցվել էր փետրվարի 28-ին։ Պաշտպանական թիմը հայտարարել էր, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։ Դիմումի մասով մինչ օրս պատասխան չի ստացվել։   Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։   «Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հովսեփյանը կառուցել է Բյուրականի առանձնատունը: Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը։ Այն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում դրա արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք է բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան» հեռուստաընկերության սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով»,- նշվում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներում։    Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու համար: Առաջադրված մեղադրանքները ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահը չի ընդունում։    
15:33 - 29 ապրիլի, 2022
Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալին

Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալին

Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:Մասնավորապես` Ա. Թ.-ն, նույն բուհի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 1-ին կուրսում դասավանդելով «Մաթեմատիկական անալիզ» առարկան, իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից հիշյալ առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և այդ կերպ նրանց համալսարանից հեռացվելու հանգամանքը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին ԵՊՀ վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է հիշյալ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 96.424 ՀՀ դրամին համարժեք 200-ական ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ կաշառք:Կաշառքի առարկան ստանալուց հետո` նույն օրը, Ա. Թ.-ն վերը նշված ուսանողներից ընդունել է քննությունը և համապատասխան գիտելիքներ չունենալու պայմաններում քննական առարկայի լուծարքային տեղեկագրում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց կողմից դրական գնահատական ստանալու վերաբերյալ, այնուհետև` տեղեկագիրը դրել շրջանառության մեջ:Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:59 - 29 ապրիլի, 2022
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև՝ 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում, նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես` պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120.000.000 ՀՀ դրամով ու 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը: Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք:   Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017թ. 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:   Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013թ. Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար:   Այդ նպատակով Արշակ Հակոբյանը 2013 և 2014թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71.556.000 ՀՀ դրամով և 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաները, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151.756.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը:   Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2017թ. ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018թ. ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 2017 թվականի տարեկան հայտարարագրում Արշակ Հակոբյանը դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նաև նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` 2017թ. արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008թ. արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /: Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/: Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` վերջիններիս պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:38 - 27 ապրիլի, 2022
Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան. Բյուրականում ապօրինի օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու միջոցներ են ձեռնարկվել

Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան. Բյուրականում ապօրինի օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու միջոցներ են ձեռնարկվել

Ավարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի՝ դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 310-րդ հոդվածով (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ): Իսկ 2021թ դեկտեմբերի 10-ի որոշմամբ Վրեժ Մարկոսյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրական եզրակացությունը կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել էր նախաքննության ավարտ և քրեական գործի նյութերը ծանոթացման նպատակով տրամադրել մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: 2021թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգման նպատակով ստացվել էր քրեական գործը, որով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել էր քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցում: Ցուցումի կատարման արդյունքում հետագա նախաքննության ընթացքում գործով ձեռք են բերվել ինչպես Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորող, այնպես էլ առանձին մեղադրանքներում արդարացնող, որոշ արարքների իրավաբանական որակումը փոփոխելու համար հիմք հանդիսացող, ինչպես նաև նրա կողմից ևս մեկ այլ, նախկին մեղադրանքում չներառված, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ ապացույցներ: Ըստ այդմ՝ գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող քննիչի՝ 2022թ. ապրիլի 4-ի որոշմամբ Ա. Հովսեփյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Մյուս մեղադրյալ Վ. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա.Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ ու որդիների անվամբ գրանցված 6 տասնյակից ավելի անշարժ, շարժական գույքերի, դրամական միջոցների, ինչպես նաև Ա.Հովսեփյանի հետ փոխկապակցված թվով 15 ՍՊ ընկերությունների շարժական և անշարժ գույքերի, դրամական միջոցների և կանոնադրական կապիտալում առկա բաժնեմասերի վրա: Կալանք է դրվել նաև Վ.Մարկոսյանի 800.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ, շարժական գույքերի և ֆինանսական (դրամական) միջոցների վրա: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2022թ. ապրիլի 15-ին հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ըստ էության քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Բացի այդ, վերոնշյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից 2022թ. ապրիլի 1-ին որոշում է կայացվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավար Հ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ համայնքապետարանի աշխատակիցներ Ա Սարգսյանի և Ա. Դավթյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նշված որոշմամբ հաստատվել է, որ Բյուրական համայնքի ընդհանուր՝ 27.796 հա մակերեսով թվով 10 հողատարածքները ձևական աճուրդի միջոցով 2010թ. հոկտեմբերի 25-ին օտարվել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ապա՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի որդուն՝ Ն. Հովսեփյանին: Նշված հողամասերի հետ կապված, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ա. Հովսեփյանը: Նկատի ունենալով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքին պատկանող հիշյալ հողատարածքները օտարվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թ. Շահվերդյանին՝ իր իրավասության սահմաններում ձեռնարկելու գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները՝ նշված հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:41 - 15 ապրիլի, 2022
Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. վերջինս մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013 թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015 թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: ​Մասնավորապես` Աղվան Հովսեփյանը, Ա. Ս.-ի հետ 2007 թ. հիմնադրելով տեխնիկական զննման գործունեություն իրականացնող «Տրանս-սիստեմ» ՍՊ ընկերությունը, իրականացրել է դրա կառավարման գործառույթները: Աղվան Հովսեփյանը, հովանավորելով այդ ընկերությունը, իր պաշտոնի հեղինակությունն ու պաշտոնեական դիրքից բխող հնարավորություններն օգտագործելով, դիմել է ոլորտը կարգավորող նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձին, ինչի արդյունքում 2007 թ. հիշյալ ընկերությանը տրամադրվել է համապատասխան լիցենզիա: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը որոշել է ընկերության մասնակիցների շրջանակը, շահույթի բաշխման կարգն ու չափերը: Ընդ որում` Աղվան Հովսեփյանի որոշմամբ նշված բիզնեսում ներգրավվել են նաև նրա հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակիցներ, իսկ 2015 թ.-ից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել նրա որդին` Նարեկ Հովսեփյանը։ Բացի այդ, 2008 թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015 թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի անվադողեր: ​ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերությունների կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Վերը նշված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 788 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015 թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև` 2015 թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն ՀՀ դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին: Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն ՀՀ դրամը: Քրեական գործով հիմնավորվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն ՀՀ դրամով 2009-2011 թթ. ընթացքում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց անուններով` այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարը: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում կառուցել և շահագործել փոքր ՀԷԿ, 2010 թ. հոկտեմբերին իր մտերիմ, նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերմամբ ապահովել 27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Այնուհետև, ապօրինի օտարված հողամասերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Աղվան Հովսեփյանը դրանք ձևական առուվաճառքի պայմանագրերով ձևակերպել է նախ իր ազգականի անունով, իսկ 2017 թ. դարձյալ ձևական կնքված նվիրատվության պայմանագրով` նույն հողատարածքները նվիրաբերել որդուն: Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը, նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության գծով հովանավորչության համար 2011 թ. ընթացքում նրանից որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով` վերը նշված ընկերության շուրջ 206 մլն ՀՀ դրամ արժողությամբ 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով իր որդուն` Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով: Այնուհետև Աղվան Հովսեփյանը, անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հորդորել է Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության: Բաժնետոմսերի վաճառքից ստացված` Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն ՀՀ դրամ: Արդյունքում՝ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն ՀՀ դրամը: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վ. Ղ.-ին փաստացի պատկանող ավելի քան 672 մլն ՀՀ դրամ արժողությամբ 3,0078 հա հողատարածքը Աղվան Հովսեփյանի առաջարկով ձևակերպվել է «Տիգրան Մեծ» ՓԲԸ հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի անվամբ` որպես Ղարիբյան եղբայրների միջև առկա գույքային տարաձայնությունները հարթելու երաշխիք, որից հետո Աղվան Հովսեփյանը Վրեժ Մարկոսյանին դրդել է վերջինիս վստահված վերոհիշյալ հողատարածքը նվիրատվության պայմանագրով գրանցել Նարեկ Հովսեփյանի անվամբ: Արդյունքում Աղվան Հովսեփյանի դրդմամբ Վ. Մարկոսյանն անհատույց օտարման եղանակով Վ. Ղ.-ին փաստացի պատկանող հողատարածքը վատնման եղանակով` նվիրատվության պայմանագրով 2017 թ. գրանցել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը), 190-րդ հոդվածի (փողերի լվացում) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով : Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: ​Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  
16:32 - 12 ապրիլի, 2022
Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ է կատարել

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ է կատարել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից պետական ծառայության դեմ ուղղված, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու դեպքեր: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, պարզվել է, որ նշված կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Ա.Ի.-ն 2020-2021թթ. իրեն ամրակցված բնակավայրերում բնակվող, անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ: Այդ անձանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով նա անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ և ընտանիքներին փաստագրել է անապահովության գնահատման համակարգում: Այդ պայմաններում տվյալ ընտանիքները ստացել են ընտանեկան նպաստ, ինչի դիմաց Ա.Ի.-ն անձամբ ստացել է ընդհանուր 85.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Քրեական գործը Ա.Ի.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:       Որոշումներ են կայացվել վերոնշյալ 5 անձանց նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հաշվի առնելով, որ վերջիններս միջին ծանրության հանցանք կատարել են առաջին անգամ և աջակցել են հանցագործության բացահայտմանը: Քննության ընթացքում պարզվել է, որ բացակայում են միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից նպաստառուների անձնական գործերում ներառված որոշակի տվյալների ստուգման, ծառայողների պաշտոնի անձնագրերով նախատեսված գործառույթների իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Վերջինս հանգեցրել է նպաստառուների գործերում թերի և սխալ տեղեկատվության ներառմանը, ինչի արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման միավորը արհեստականորեն բարձրացվել է և մի շարք շահառուներ չեն հանվել հաշվառումից՝ շարունակելով ստանալ նպաստ: Ավելին, մի շարք դեպքերում անձանց գույքային դրության, ընտանիքի անդամների փաստացի թվաքանակի, նրանց պատկանող ընտանի կենդանիների քանակի վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելը ուղղորդված է եղել հենց սոցիալական ծառայության աշխատակցի կողմից, և նման շարունակական բնույթ կրող ոչ իրավաչափ վարքագիծը հնարավոր է եղել բացահայտել միայն մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումների արդյունքում:   Հաշվի առնելով, որ վերահսկողական մեխանիզմների բացակայությունը նպաստում է կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը, իսկ նմանատիպ հանցագործություններ նախորդ տարիներին արձանագրվել են նաև Լոռու մարզի սոցիալական ծառայության տարածքային մի քանի այլ կենտրոններում՝  ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի   նախարարության միասնական սոցիալական ծառայության պետին: Միջնորդագրով խնդիր է դրվել ձեռնարկելու միջոցներ՝ նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատանքային գործունեությունը պատշաճ վերահսկելու, աշխատակիցների կողմից թույլ տրված հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու գործուն մեխանիզմներ ներդնելու համար: Առաջարկվել է նաև քննարկել նշված 5 անձանց ընտանիքների փաստագրման և նպաստների վճարման իրավաչափությունը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:16 - 08 ապրիլի, 2022
Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը և աշխատակիցները

Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը և աշխատակիցները

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն, նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ի և Տ.Մ.-ի օժանդակությամբ Վանաձոր քաղաքի մի խումբ անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել և ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել է խոշոր չափերով կաշառք:   ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ն 06.04.2022 թ. ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը ձերբակալվել են նաև նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ.Մ.-ն և Տ. Մ.-ն:   Վերջիններս կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:   07.06.2022 թ. «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Է. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:   Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` վերը նշված հանցագործությունների և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:   Կարևորելով հանցագործությունների կանխարգելման գործում քաղաքացիների իրազեկվածության դերը՝ Հակակառուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանի համար 2.5, իսկ ընտանեկան գերեզմանի համար՝ մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածքները տրամադրվում են բացառապես անվճար հիմունքներով («Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենք, հոդված 10, մաս 3-րդ):   ​Ըստ այդմ` ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մնացած բնակավայրերի (այդ թվում` Վանաձորի) գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվող հողատարածքների դիմաց քաղաքացիներից վճարներ պահանջելն ու գանձելն անօրինական արարք է և հանգեցնում է քրեական պատասխանատվության:   Ի դեպ, անօրինական է համարվում և քրեական պատասխանատվություն է առաջացնում նաև քաղաքացիների կողմից հիշյալ տարածքները ձեռք բերելու դիմաց օրենքով չնախատեսված վճարումներ կատարելը, ինչը տվյալ դեպքում կարող է դիտվել որպես կաշառք տալ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:45 - 07 ապրիլի, 2022