ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|

2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ–ում բուհական ընդունելության գործող կարգը, սկզբունքները վերանայում են, մշակվում են նոր սկզբունքներ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը։ Նա նշեց, որ Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն կան ըստ այդ նոր չափորոշիչների ավարտող առաջին շրջանավարտները։ «Տավուշի մարզի շրջանավարտները հնարավորություն կունենան դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով ընդունվել բուհ։ Սա նրանց համար հավելյալ հնարավորություն է»,– նշեց նախարարը։ Նա նաև նշեց, որ տավուշցի շրջանավարտների համար ընդունելության թեստերը կիրառվեն նոր ձևաչափով, իսկ 2026 թվականից այս համակարգը կգործի հանրապետության բոլոր շրջանավարնտների համար։ «Նոր թեստերի առաջադրանքները հնարավորություն կտան ձևավորել տրամաբանական մտածողություն, այլ ոչ թե տարներ շարունակ շտեմարաններով ու թեստերով անգիր անելու, վարժեցնելու հմտությունները։ Թեստերը կստուգվեն ինքնաշխատ եղանակով, այսինքն մարդկային գործոնը բացառված է»,– նշեց Անդրեասյանը։ Նա ավելացրեց, որ դպրոցական ավարտական փուլում դեռ երեք պարտադիր քննություն կա` հայոց լեզու–գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, կան նաև որոշ կարգավորումներ ազգային փոքրամասնությունների ու ռուսերենով ուսուցման համար։ «Այս տարի նախատեսում ենք ներառել բոլոր առարկանները, և շրջանավարտները հնարավորություն կունենան կամընտրությամբ հանձնել այն առարկան, որը իրենց պետք է բուհ ընդունվելու համար։ Պետք է գնանք նրան, որ ընդունելության քննություններն իրականացվեն համակարգչային եղանակով, այլ ոչ թե թղթով, ինչպես հիմա է»,– ընդգծեց նախարարը։ Անդրեասյանի խոսքով` պետք է աստիճանաբար գնան այն մեխանիզմին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջ, որպեսզի դիմորդները բավարարեն դրանք։ Բացի այդ, ավագ դասարաններում կան կրեդիտային համակարգ ու հիմա մեր որոշ բուհեր աշխատում են դպրոցների հետ, որպեսզի ընդունելության ժամանակ հաշվի առնվեն նաև կրեդիտները։
17:27 - 25 ապրիլի, 2024
Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով
 |1lurer.am|

Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով |1lurer.am|

1lurer.am: ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն: Միչդեռ, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: Թեմային առնչվող որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 25-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:   «Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք Քրեական օրենսգրքում սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն մեր միջազգային պարտավորություններին»,- ասաց նա: Ըստ որոշման նախագծի՝ մյուս փոփոխությունը վերաբերում է կրիպտոարժույթների դաշտի՝ որոշակի առումով կարգավորմանը: Ըստ նախարարի՝ կարգավորումը «որոշակի» է, քանի որ այս պահի դրությամբ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց մի կարևոր բաղադրիչ կա, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար: «Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք ակտիվների շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ՝ ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»,- ասաց նախարարը: Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ: Անդրադառնալով կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների թվին՝ նախարարը նշեց, որ 2023-ին միայն արձանագրվել է 249 դեպք: Վարչապետ Փաշինյանը արձագանքեց՝ այս հարցում, սովորության համաձայն, ուշանում ենք. «Եթե սպասենք, տեսնենք, թե երբ ամբողջ աշխարհն այս հարցերին հարաբերվելու նոր կուլտուրա կունենա, մենք այստեղ էլի ուշանալու ենք՝ բաց թողնելով և՛ տեխնոլոգիական զարգացումը... Ի վերջո, կրիպտոարժույթը ինչ է, կրիպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին եղել է ժամանակին փողը, անկանխիկ փողը»: Փաշինյանը նաև նկատեց՝ կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա: ԿԲ նախագահ Գալստյանը արձագանքեց՝ օրենքը նախաձեռնվել է, շուտով կդրվի շրջանառության մեջ: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց՝ պետք է պարզել, թե կրիպտոակտիվները ինչ հնարավորություններ կարող են ստեղծել ՀՀ-ի համար: Ըստ այդմ՝ ԲՏԱՆ-ն մտադիր է մի շարք աշխատանքային քննարկումներ նախաձեռնել. «Եթե կրիպտոարժույթների մասով որոշենք, որ պիտի խիստ պահպանողական կեցվածք որդեգրենք, դրանից աշխարհում ոչինչ չի փոխվելու, և մենք տասնամյակներ անց ուղղակի արձանագրելու ենք, որ այս զարգացումներից հետ ենք մնացել»: Քննարկման շրջանակում Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ քանի որ չկա օրենսդրական կարգավորում, ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում: Վարչապետն ասաց, որ այս տարի պետք է հարցը լուծել: Պետք է գործընթացն սկսել և ընթացքում լավարկման արդյունքում առաջ գնալ:
13:10 - 25 ապրիլի, 2024
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
 |news.am|

«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության, իսկ սարքավորումները նոր արտադրական տարածքի կառուցման համար։   Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 330 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 80 աշխատատեղ՝ 470 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 94-ի՝ 429 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 155․6 մլն դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՎԱԼԱՆ ՊՐՈՖ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև կահույքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 13․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 131 աշխատատեղ՝ 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև174-ի՝192 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․46 մլրդ դրամ:
12:02 - 25 ապրիլի, 2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
 |tert.am|

Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ |tert.am|

tert.am: ՀՀ–ում ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Հայտարարել 2024 թ. ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. հունիսի 30-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ:   Պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2024 թ. մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները:   Սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի մինչև 2024 թ. հուլիսի 31-ը:
11:51 - 25 ապրիլի, 2024
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
 |news.am|

Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Մասնավորապես տեղեր  են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, համակարգչային  գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:   4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում: «Ադրբեջանագիտություն» և «Վրացագիտություն» կրթական ծրագրերի  ֆինանսավորումը ներառված է 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված տեղերի քանակը նախորդ ուստարվա համեմատությամբ ավելացվել է 27 տեղով: Նախատեսվում է 2024-2025 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 219 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 171 տեղ՝ ընդհանուր տեղերի 16.3 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3.8 %-ը (ընդամենը՝ 40,9%): Այսպիսով, 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1270 տեղ, որից 1054-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 8-ն է: Պաշտպանության նախարարությունը հայտ է ներկայացրել 40 տեղի համար՝ նախորդ ուստարվա 94 տեղի փոխարեն: Այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է ՊՆ բյուջեի միջոցների հաշվին: Պաշտպանության նախարարության առաջարկությամբ 20 անվճար նպատակային տեղ է հատկացվել մագիստրատուրայի այն դիմորդներին, որոնք հանդիսանում են ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերովուսումնառությունը և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունն ավարտած շրջանավարտներ: 2024-2026 թվականների ՄԺԾԾ-ով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ՊՆ-ին հատկացված 350 անվճար տեղերից 160-ը տրվել է նույն կրթական ծրագրի 2024-2025 ուստարվա անվճար տեղերի ընդունելությանը, թափուր մնացած 190 տեղից 20 տեղը,ըստ Պաշտպանության նախարարության հայտի, նախատեսված էհատկացնել մագիստրոսի կրթական ծրագրով նպատակային ընդունելությանը (20 տեղ):
11:43 - 25 ապրիլի, 2024
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում հյուպատոսություն կբացի
 |civilnet.am|

Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում հյուպատոսություն կբացի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը Իրանում հյուպատոսություն կբացի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Հյուպատոսությունը գործելու է Թավրիզ քաղաքում՝ փոխադարձության շրջանակում՝ հաշվի առնելով, որ Իրանը 2022-ի հոկտեմբերին հյուպատոսություն է բացել Կապանում։ «Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։
11:40 - 25 ապրիլի, 2024
Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն ունեն նաև միջխորհրդարանական կապերն ու փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
18:39 - 23 ապրիլի, 2024
ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է առաջին սահմանային սյունը

ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է առաջին սահմանային սյունը

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
16:22 - 23 ապրիլի, 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր:  Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս: Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել տնտեսության զարգացման հետագա հնարավորությունների ու քայլերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ կատարման վերաբերյալ: Միաժամանակ, վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ:  
15:22 - 23 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: Վարչապետի առաջին կանգառը եղել է Մեդովկայի միջնակարգ դպրոցում: Նիկոլ Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թ․ նոյեմբերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 860 մլն 153 հազար դրամ է։ Հաջորդիվ վարչապետն այցելել է մարզի մի շարք դպրոցներ, որտեղ կառուցվել են նոր մարզադահլիճներ: Ստեփանավանի N 1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները սկսվել էին 2022 թ․ մայիսի 30-ին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 270 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 178 մլն դրամ է։ Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 276 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 89,8 մլն դրամ է։ Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան N 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 336 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 256,8 մլն դրամ է։ Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել իրականացված շտկումները, սակայն միաժամանակ ընդգծել շինարարական աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ անորակ աշխատանք չի ընդունվելու: Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Վանաձորի 3,9 կմ երկարությամբ Դեմիրճյան փողոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 930 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը: Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին: Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը: Վարչապետը Ստեփանավանում ծաղիկներ է խոնարհել «Հայրենական մեծ» պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին, Վանաձորում` հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Կառավարության ղեկավարի Լոռու մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածում, որտեղ 11 կմ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 3 մլրդ 153 մլն դրամ: Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին:
10:10 - 21 ապրիլի, 2024
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ի՞նչ է սա նշանակում:   Պատասխան – Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Հարց - Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը: Պատասխան – Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց: Հարց – Այսօրվա հայտարարության մեջ նշվում է նաև, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին: Արդյո՞ք սա Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում: Պատասխան – Ոչ: Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով և ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետև կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, և այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում: Հարց - Սահմանազատման հանձնաժողովների համատեղ մամլո հաղորդագրության մեջ հիշատակվում է նաև անկլավ/էքսկլավների հարցը, ի՞նչ է դա նշանակում: Պատասխան – Հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) և այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաև անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը: Հարց – Փաստորեն սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու: Պատասխան – Դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների: Հարց – Իսկ գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Պատասխան – Ոչ: Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան: Հարց – Իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենում: Պատասխան – Ոչ: Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում: Հարց - Սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը: Պատասխան – Նախ արձանագրենք, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան: Հարց - Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը: Պատասխան – Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները: Նկարում այսօրվա պայմանավորվածություններն արտահայտող քարտեզ է:
17:27 - 19 ապրիլի, 2024
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
18:40 - 18 ապրիլի, 2024