ՀՀ զինված ուժեր

Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն:

Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։ ՀՀ զինված ուժերը կազմված են հետեւյալ մասնագիտացված զորքերից. ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր: Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետեւյալ զորատեսակներից. մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, հրթիռային զորքեր եւ հրետանի, օդադեսանտային զորքեր, ինժեներական զորքեր, կապի զորքեր։

Զինված ուժերը կառավարվում են Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի կողմից։ Գործող պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն է, Գլխավոր շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը։ Ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում զինված ուժերը ենթարկվում են վարչապետին։

Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈւ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝  նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները: Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կառավարման եւ նրանց ԶՈւ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրին Հայաստանը միացել է վերապահումով, ըստ որի՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան համաձայնագրին:
14:28 - 10 հունիսի, 2022
Դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում ԶՈՒ կարիքների համար անորակ և թանկ գնով վրանների ձեռքբերման վերաբերյալ քրեական գործից

Դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում ԶՈՒ կարիքների համար անորակ և թանկ գնով վրանների ձեռքբերման վերաբերյալ քրեական գործից

2021թ. հոկտեմբերի 21-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը,  խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները՝ մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դրա արդյունքում 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ, չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր, նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում՝ 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Նշված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչպես նաև N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է: Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: Վերոնշյալ անձանց վերաբերյալ անջատված մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Անջատված մյուս մասով քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:
12:35 - 09 հունիսի, 2022
Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները․ Սուրեն Պապիկյան |tert.am|

Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները․ Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: Խոսքը վերաբերում է ՊՆ կառուցվածքի փոփոխություններին։ Դրանից հետո կունենանք ԳՇ պետի նշանակում։ Նոր մոդել կունենանք, որով ԳՇ պետը կլինի նախարարի առաջին տեղակալը։ ԶՈՒ-ն զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԳՇ պետ չնշանակելու մասին հարցին․ «Գնում, սպասարկում, ապահովում․ դրանցով պիտի զբաղվեն այլ վարչություններ ՊՆ կազմում։ Դա պիտի արվի ոչ զինվորականների կողմից, շատ բաներ պիտի լինեն պատվիրակված, օրինակ ինչպես սննդի դեպքում էր։ Օրենքն առաջիկայում կմտնի ԱԺ ու կունենանք ԳՇ պետ։ Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները, ուզում եմ հասկանամ ինչի՞ մեջ է խնդիրը»։
09:32 - 07 հունիսի, 2022
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպան կստանա պետական բնակարան |armenpress.am|

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպան կստանա պետական բնակարան |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողի համար սահմանեց բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Գործընթացը ենթադրում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունը ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում։ Իսկ 20 տարվա զինվորական ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում։ Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին»,- ասաց Պապիկյանը։ Պաշպանության նախարարի խոսքով՝ բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգն ու պայմանները սահմանվելու են Կառավարության որոշումով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց նախագիծը, ըստ որի՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային հատկացվելու է պետական բնակարան։ «Ինքը բնակարանը այդ պահին ստանում է և կարող է այդ բնակարանը օգտագործել ինչպես ուզենա։ Կարող է բնակվել, կարող է վարձակալությամբ տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում»,- ասաց Փաշինյանը։
13:04 - 02 հունիսի, 2022
Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական վարչությունից՝ նշելով, որ փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։ Աջակցության առավելագույն չափը կազմում է՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը, դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը: Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ են կցել նաև շահառուի ստորագրված դիմումն ու փաստաթղթերի լուսապատճենները: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
12:21 - 02 հունիսի, 2022
Ըստ Տոնոյանի փաստաբանական խմբի՝ իրավասու պետական մարմնից ապացույցներ են ստացվել, որ հրթիռները ձեռքբերման ժամանակ շահագործման ժամկետների մեջ են եղել

Ըստ Տոնոյանի փաստաբանական խմբի՝ իրավասու պետական մարմնից ապացույցներ են ստացվել, որ հրթիռները ձեռքբերման ժամանակ շահագործման ժամկետների մեջ են եղել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իրավասու պետական մարմնից անհերքելի ապացույցներ են ստացվել, որոնք փաստում են՝ խնդրո առարկա հրթիռները ձեռքբերման ժամանակ շահագործման ժամկետների մեջ են եղել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը: Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին: Դատարանում ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը նաև կհրապարակի հիշյալ փաստաթղթերը»:
10:30 - 25 մայիսի, 2022
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործով, հսկողություն իրականացնող դատախազի տրված ցուցումի պահանջների կատարման արդյունքում, ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մարտական կարգադրությամբ պաշտպանության հարավային ուղղությամբ նշանակված է եղել զորախմբի հրամանատարի պաշտոնում։ 2020թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։ Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Արդյունքում հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է: Ա․Մ․-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Իր հերթին ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված՝ իրենց երթուղին և վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու և այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու մասին հանձնարարականը, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում և միջոցներ չի ձեռնարկել ընդունված որոշման կենսագործման ուղղությամբ։ Դրա հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020թ․հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն զորամասի շտաբի պետ՝ տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հանձնարարել է իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի որդուն՝ պայմանագրային զինծառայողին, հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Այդ կերպ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ վերջինս զորամասի հիմնական կազմի հետ միասին գտնվել է մարտական ծառայությունում։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երկրորդ դրվագով ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետ և տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
10:53 - 24 մայիսի, 2022
Oրենսդրական պահանջների խախտմամբ գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Oրենսդրական պահանջների խախտմամբ գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ զինվորական դատախազությունում 2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նրանք խախտել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա հետևանքով 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում, 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Նշվում է, որ վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:23 - 26 ապրիլի, 2022
Բացահայտվել է ՀՀ քաղաքացի զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը

Բացահայտվել է ՀՀ քաղաքացի զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ: Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի: Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ: Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել: 2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
11:06 - 25 ապրիլի, 2022
Երասխի հատվածում առաջարկել ենք, որ Ադրբեջանը մի քանի դիրք հետ քաշի մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից․ Նիկոլ Փաշինյան

Երասխի հատվածում առաջարկել ենք, որ Ադրբեջանը մի քանի դիրք հետ քաշի մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից․ Նիկոլ Փաշինյան

Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։ Այս մասին կառավարության նիստից առաջ ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ։ Ընդ որում՝ պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ»,- ասաց նա։ Վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմը հանդես է եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանյի դե յուրե հաստատված սահմանագիծը։ «Բացի ամբողջական հետքաշումից՝ մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես՝ Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով՝ երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ այդպես էլ չհասկացան՝ Ադրբեջանը ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ․ «Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք անցնելու դրանց իրագործմանը ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»։
12:34 - 24 մարտի, 2022