ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և երեք բարձրաստիճան սպայի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործով, հսկողություն իրականացնող դատախազի տրված ցուցումի պահանջների կատարման արդյունքում, ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մարտական կարգադրությամբ պաշտպանության հարավային ուղղությամբ նշանակված է եղել զորախմբի հրամանատարի պաշտոնում։ 2020թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։ Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Արդյունքում հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է: Ա․Մ․-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Իր հերթին ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված՝ իրենց երթուղին և վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու և այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու մասին հանձնարարականը, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում և միջոցներ չի ձեռնարկել ընդունված որոշման կենսագործման ուղղությամբ։ Դրա հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020թ․հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն զորամասի շտաբի պետ՝ տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հանձնարարել է իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի որդուն՝ պայմանագրային զինծառայողին, հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Այդ կերպ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ վերջինս զորամասի հիմնական կազմի հետ միասին գտնվել է մարտական ծառայությունում։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երկրորդ դրվագով ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետ և տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
10:53 - 24 մայիսի, 2022
Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը նման է ավազե պարանի․ «Որտեղ որոշես փաթաթել, այն ցաքուցրիվ է լինելու»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հայտարարեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հիշեցնենք՝ Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Ըստ մեղադրանքի՝  2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար եւ ունենալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նա, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ, հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Նորայր Փանոսյանի մեղադրանքը եւս այս դրվագների վերաբերյալ է․ նա այդ ժամանակ զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։ Նախաքննության ընթացքում Փանոսյանը կալանավորված է եղել, այժմ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2020 թվականի մարտ ամսից, դատարանն ապացույցների հետազոտման փուլում է։ Հրապարակվեցին գործում առկա զննությունների արձանագրություններ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը հրապարակեց նախաքննության ընթացքում կատարված զննությունների արձանագրությունները, որոնց թվում էր Արդարադատության նախարարությունից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ստացված մի սկավառակի զննության արձանագրություն։ Սկավառակի մեջ, ինչպես դատախազը նշեց, առկա էր երկու թղթապանակ՝ «Հրայր Թովմասյան 1» եւ «Հրայր Թովմասյան 2» վերնագրերով։ Դրանցում Նոտարական պալատի բանկային հաշվի քաղվածքներն էին, կնքած վարձակալության պայմանագրեր։ Չանդրադառնալով արձանագրության բովանդակային մասին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց զննել բուն սկավառակը՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են թղթապանակներին այդ անվանումները տրվել, արդյո՞ք ի սկզբանե այդպես են վերնագրված եղել, թե՞ երբ քննիչը պահանջել է, կատարող անձն է այդ անվանումը տվել։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական պատճառներով սկավառակը կզննեն նիստի ավարտին, այժմ կշարունակեն ապացույցների հետազոտումը։ Պաշտպանը, սակայն, պնդեց՝ մինչեւ չիմանան, թե ինչ պայմաններում են ստեղծվել այդ թղթապանակները, չեն կարող վստահաբար ասել, որ դրանք համապատասխանում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված «այլ փաստաթուղթ» ապացույցի տեսակին․ «Ես պնդում եմ, որ առկա թղթապանակները վարույթն իրականացնող մարմնի կամայականության եւ նախարարության պաշտոնատար անձանց հետ անօրինական համագործակցության արդյունք են, որովհետեւ դրանք ի սկզբանե առկա չեն եղել նախարարությունում, համապատասխան վայրից ստացվել են, եւ համապատասխան վայրում այդ անվանումներով թղթապանակներ առկա չեն եղել»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ Հրայր Թովմասյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ց են ենթադրել, որ սկավառակի վրա նշված «Հրայր Թովմասյան»-ը հենց ինքն է, որովհետեւ ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում այդ անուն-ազգանունով 123 անձ կա․ «Միգուցե մյուս Հրայր Թովմասյաններից մեկն է, միգուցե նրան է պետք բերել, այստեղ կանգնեցնել, դուք ասացիք՝ վրան գրված է, եթե վրան գրված լիներ ձեր անուններից մեկը, ձեր գլխավոր դատախազի անունը, ի՞նչ էիք անելու»,- դիմելով դատախազներին՝ հարցրեց Թովմասյանը։ Դատավորը հիշեցրեց, որ նա իր հայտարարությունները պետք է դատարանին ուղղի, ինչից հետո Թովմասյանը շարունակեց․ «Ես ասում եմ՝ ՀՀ նախագահի անունն էր վրան գրված կամ Պողոս Պողոսյան էր գրված,  ինչի՞ց եք ենթադրել, որ դա ես եմ, եթե վրան գրվածով որոշել եք, որ դա ապացույց է, եւ դատարանն էլ ժամանակ է վատնում դա ուսումնասիրելու վրա, եկեք փորձաքննություն նշանակենք, պարզենք՝ 2012 թվականի՞ն է գրվել «Հրայր Թովմասյան», թե՞ 2019-2020 թթ, ես ձեզ վստահեցնում եմ, որ 2020 թ է գրված լինելու կամ 2019-ին, 2018-ին»։ Դատախազները, այնուամենայնիվ, արձագանքեցին Թովմասյանի հայտարարություններին։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանն ասաց՝ թե ում են նկատի ունեցել, ապացույցների գնահատման արդյունքում է պետք պարզել, բայց կարիք չկա իրենց կամ գլխավոր դատախազի անունը շահարկելու, ինչ-որ օրինակներ բերելու, եւ եթե վիճարկման առարկա է, թե երբ է դա կատարվել, ապա կողմը կարող է համապատասխան ընթացակարգով միջնորդություն ներկայացնել, որի վերաբերյալ իրենք դիրքորոշում կհայտնեն, այնինչ պարզապես հայտարարության տեսքով զուտ կասկածի տակ դնելը անհարկի քննադատություն է։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հարցրեց․ «Գլխավոր դատախազն էլ մեկը չէ, ինչի՞ց ենթադրեցին, որ հենց գործող գլխավոր դատախազին նկատի ունենք թե՞ բոլոր գլխավոր դատախազներին են պաշտպանում»։ Արձագանքելով դատախազ Արմեն Մուրադյանն ասաց․ «Ցանկացած,  բոլորին»։ Մյուս դատախազ Արսեն Մարգարյանն էլ նշեց՝ չի կարծում, թե որեւէ իրավաբանի համար ֆայլի վերնագիրը պիտի ապացույց հանդիսանա, դրա բովանդակությունն է ապացույց․ «Հարցում են կատարել, ինչ ստացել են, դա էլ զննության են ենթարկել, չզննեի՞ն»,- հարց հնչեցրեց նա՝ ասելով, թե ֆայլի անվանումը չի կարող ապացույցի թույլատրելիության կասկածի տեղիք տալ։ Նա նաեւ նշեց՝ չի կարծում, որ այլ Հրայր Թովմասյանին նկատի ունեցած լինեն, քանի որ գործով քննվում է այդ տարածքների հետ դատավոր Հրայր Թովմասյանի առնչությունը։ Կարճ ժամանակ անց, երբ դատարանը զննեց սկավառակը, պարզ դարձավ, որ դրանում առկա երկու թղթապանակները ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ այն նույն օրը, երբ Նախարարությունից ուղարկվել են նախաքննական մարմնին։ Պաշտպանն արձանագրեց, որ Հրայր Թովմասյանի անվանումը գրվել է սոսկ ցույց տալու նպատակով, թե Թովմասյանը կապ ունի այդ տարածքների հետ։ Ըստ պաշտպանական կողմի՝ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն Հաջորդ ապացույցը, որ քննարկվեց, նախաքննության ընթացքում կատարված գաղտալսումների ձայնագրությունները պարունակող սկավառակն էր։ Դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ սկավառակը եւս պետք է հետազոտել, որպեսզի հետագայում չհնչեն հայտարարություններ, թե այդ ձայնագրությունները քննիչի ենթադրություններն են։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ուստի այն ոչ թե պետք է հետազոտել, այլ պետք է հանել ապացուցողական բազայից՝ անթույլատրելի ապացույց ճանաչելով։ Բանն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչի վերաբերյալ, օրենքի համաձայն, պետք է արձանագրություն կազմել, իսկ ըստ պաշտպանների՝ քրեական գործում նման փաստաթուղթ առկա չէ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանը չի կարող դրանց գնահատական տալ, երբ կհասնեն միջնորդությունների փուլին, պաշտպանները կարող են համապատասխան միջնորդություն ներկայացնել․ «Միջնորդությունները, որոնք կներկայացվեն ապացույցների թույլատրելիության, արժանահավատության, գնահատման վերաբերյալ, դատարանը հետաձգելու է, եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս»,- ասաց նա։ Ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը պնդեց՝ իրենք կաշկանդված չեն այս փուլում եւս միջնորդություններ ներկայացնելուց․ «Պետք է ուսումնասիրվի տվյալ սկավառակի ծագումնաբանությունը, թե ինչպես է այն հայտնվել այս քրեական գործում, եւ մի փաստաթուղթ կա, որը կարող է ուղղորդել, դա արձանագրությունն է՝ տվյալ ՕՀՄ-ն անցկացնալու մասին, «լազերային սկավառակ» ՕՀՄ գոյություն չունի ոչ օրենսդրության մեջ, ոչ բնության մեջ»,- ասաց նա։ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցը  պետք է հասու չլինի նաեւ դատավորին, որովհետեւ որքան էլ նա անաչառ եւ կամային լինի, դա կարող է ազդեցություն թողնել նրա ներքին համոզման վրա։ Այնուհանդերձ, բուն միջնորդությունը դատարանը չքննարկեց՝ շարունակելով հրապարակել գործում առկա փաստաթղթերը։ Դրանցից մեկն էլ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկության արձանագրությունն էր։ Պաշտպանական կողմը պնդեց, որ այդ ապացույցը չպետք է հետազոտվի, որովհետեւ այն եւս ձեռք է բերվել օրենքի խախտմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խուզարկություն կատարելու որոշմանը։ Քննիչը դատարանի թույլտվությամբ խուզարկել է Թովմասյանի բնակարանը, սակայն այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է, եւ ամիսներ անց Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը․ «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ իմ բնակարանի խուզարկությունը եղել է անօրինական»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է քննիչը լուսանկարել իր բնակարանը․ «Իրենք եկել էին իմ տուն՝ գտնելու այդ տարածքների հետ կապված ինչ-որ պայմանագիր, ես ուզում եմ հասկանալ՝ երբ քննիչը իմ ննջարանը նկարում էր, կարծում էր՝ դա պատին կպցրա՞ծ էի լինելու, այսինքն՝ նկարում էր որպես ապացու՞յց, երբ իմ բնակարանի սանհանգույցն էր նկարում, ի՞նչ էր կարծում, որ այդտե՞ղ էի փակցրել, ի՞նչի համար էր նկարում»,- ասաց նա՝ ենթադրելով, թե գալու նպատակը այլ է եղել․ «Հիմա ես չեմ ուզում, որ Դուք իմանաք՝ իմ ննջարանում ինչ կա, այդ իրավունքը ունե՞մ թե՞ չունեմ, ուզում եմ հասկանալ՝ իմ պատը կապույտ էր թե կարմիր, ի՞նչ կապ ունի, որ այդ լուսանկարները բերել են»,- դիմելով դատարանին՝ հարցրեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա են լուսանկարների պատճենները, դրանք անգույն են․ «Ավելի լավ, կարող էր մի հոգեբան գալ ու ասել, որ եթե տան պատերը կարմիր են, ուրեմն՝ նա հակում ունի նոտարներին հանձնարարություն տալու»,- արձագանքեց Թովմասյանը։ Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո պաշտպանական կողմի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 2-ին։   Միլենա Խաչիկյան
20:40 - 19 մայիսի, 2022
Կընդլայնվի պաշտոնատար անձ հասկացությունը. Գալյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը |armenpress.am|

Կընդլայնվի պաշտոնատար անձ հասկացությունը. Գալյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Գալյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի եւ գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ: «Պետք է նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները, անշուշտ, կնպաստեն ոչ վաղ անցյալում մեր պետությունում ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը»,- հավելեց Գալյանը։ Նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը ընդլայնել և դրանում, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։ Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ որոշակի խումբ անձանց նկատմամբ։  «Խոսքը կրկին պաշտոնատար անձանց մասին է, և «պաշտոնատար անձ» ասելով օրենքի իմաստով պետք է հասկանալ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց»,- հստակեցրեց Գալյանը: Հաշվի առնելով այն, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, ինչպես նաև կարող են ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը, առաջարկվում է հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, ուսումնասիրության ժամկետ նախատեսել 3 տարի՝ 2 տարվա փոխարեն, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա։ «Որոշակի ուսումնասիրություններ իրենց բովանդակությամբ բավականին բարդ են, բազմադրվագ, պարունակում են, օրինակ՝ 40-50 անուն անշարժ գույք, 10-20 իրավաբանական անձինք, փոխկապակցված բազմաթիվ անձինք, և այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ավելի ողջամիտ է ուսումնասիրության ժամկետը նախատեսել 2-ի փոխարեն 3 տարի։ Իհարկե, ասվածը չի նշանակում, որ բոլոր առկա ուսումնասիրություններով այդ ժամկետը մեխանիկորեն դառնալու է 3 տարի։ Ոչ, մենք ուսումնասիրությունները շարունակելու ենք և ավարտելու ենք, շատ ուսումնասիրություններ՝ մոտ ապագայում»,- շեշտեց Գալյանը։ Առաջարկվում է նաև մեկ բովանդակային փոփոխություն ևս կատարել, ըստ որի վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն պետք է ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռք բերման արժեքի չափով գումար։ «Խոսքը ոչ բոլոր դեպքերի մասին է, այլ միայն այն դեպքերի, երբ այդ շուկայական արժեքի պարզումը կլինի անհնար։ Անհնարինության հանգամանքը վարույթ իրականացնող մարմինն ինքը չի կարող որոշել, այլ այդ մասին պետք է փաստի պատշաճ գիտելիքներ ունեցող փորձագետը։ Նախատեսվում է նաև, որ գույքի՝ արտասահմանում գտնվելու հանգամանքի պատճառով, երբ իրավասու մարմինը զրկված կլինի շուկայական արժեքը պարզելու հնարավորությունից, կարողանա պահանջել անձից ոչ թե այդ գույքի կամ դրա շուկայական արժեքը, այլ ձեռքբերման արժեքը, այսինքն՝ պայմանագրային արժեքը, եթե այդպիսին հայտնի է։ Իհարկե, առաջարկվող փոփոխությունը կողմին չի զրկում համապատասխան գույքի շուկայական արժեքը ներկայացնելու իրավունքից»,- հստակեցրեց Գալյանը։ Նախագծով առաջարկվում է նաև տեխնիկական փոփոխություններ իրականացնել։
12:44 - 19 մայիսի, 2022
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում |1lurer.am|

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման արդյունավետությունը բարձրացնելով:   «Մենք առաջարկում ենք ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը և, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, այդ հասկացության շրջանակներում ներառել նաև այն անձանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն»,- ասաց Գալյանը: Առաջարկվում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն ունենա շուկայական արժեքի փոխարեն պատասխանողից պահանջել նաև գույքի ձեռքբերման արժեքը: Եթե գույքը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, առաջարկվում է, որ այդ դեպքում ևս ծագի իրավասու մարմնի լիազորությունը՝ պատասխանատուից պահանջելու այդ գույքի ձեռքբերման, այն է՝ պայմանագրային արժեքը:
12:42 - 18 մայիսի, 2022
Հայաստանի և Եգիպտոսի գլխավոր դատախազներն ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայաստանի և Եգիպտոսի գլխավոր դատախազներն ստորագրել են համագործակցության հուշագիր

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ամրապնդված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության 5 տասնյակից ավելի ստորագրված փաստաթղթերով: Դրանց կարևոր մաս է կազմում նաև 2007թ. Կահիրեում կնքված քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրիրը, որով կարգավորվում են հարաբերությունները իրավական փոխօգնության ոլորտում և որի հենքին ՀՀ դատախազությունը տարիներ շարունակ ՀՀ արտգործնախարարության միջոցով համագործակցել է ԵԱՀ իրավասու մարմինների հետ: «Ներկայում երկու երկրների դատախազությունների միջև գործակցության խորացման անհրաժեշտությունը Արթուր Դավթյանը պայմանավորել է նաև վերջին շրջանում քաղաքացիների փոխայցելությունների կտրուկ ավելացման հանգամանքով, ինչը առաջ է քաշում նաև միմյանց երկրներում նրանց իրավունքների պաշտպանության առավել գործուն միջոցների և երաշխիքների ապահովման խնդիր: Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավին ողջունել է ՀՀ գլխավոր դատախազին իր երկրում գտնվելու առթիվ և  համոզմունք հայտնել, որ այցը նոր խթան կհանդսանա երկու երկրների դատախազությունների միջև հարաբերություններին նոր մեկնարկ տալու համար: Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազներն արժևորել են Եգիպտոսի հայկական համայնքի դերը ինչպես երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտների, այնպես էլ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև կապերի ամրապնդման, իրավական փոխօգնության, ինչպես նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության զարգացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Արթուր Դավթյանը և Համադա Էլ Սավին ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: Վերջինս ուղղված է ահաբեկչության և անդրազգային հանցագործությունների, ներառյալ՝ կազմակերպված հանցավորությանն, կոռուպցիայի, կիբեռհանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարում գործակցությանը, երկու երկրների իրավական համակարգի, օրենսդրության, ահաբեկչության, փողերի լվացման և այլ հարցերով փորձի փոխանակմանը, իրավական օգնության և հանձնման հարցումների շուրջ խորհրդատվությանը: Նշվում է, որ փորձի հարստացման, կարողությունների զարգացման, դատախազական գործառույթների իրացման արդյունավետության բարձրացման շրջանակներում հուշագրով նախատեսվում են նաև դատախազների, փորձագետների փոխայցելություններ: Հուշագրի ստորագրումը գնահատելով որպես  գործընկերային հարաբերությունների իրավական հիմքերի ամրապնդման կարևոր քայլ՝ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան՝ առավել առարկայական քննարկելու հետագա համագործակցության հնարավորություններն ու եղանակները:
18:32 - 17 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժվել է․ դատախազությունը պարզաբանում է տարածել

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժվել է․ դատախազությունը պարզաբանում է տարածել

Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք  է տալիս: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը՝ պարզաբանելով, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի: Մասնավորապես՝ միջնորդության մեջ նշված հանգամանքների ստուգման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու ցուցում տալու մասով այն բավարարվել է, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով՝ մերժվել այն հիմնավորմամբ, որ միջնորդության մեջ նշված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները, լինելով միջնորդության հեղինակների վերլուծություններն ու հետևությունները, հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման։ Եվ հենց քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ:
16:41 - 17 մայիսի, 2022
Խծաբերդի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Խծաբերդի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N  զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը: Սակայն 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝  անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ»  հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին, հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու արդյունքում էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին։ Վերոնշյալ արարքները կատարելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հոսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:02 - 17 մայիսի, 2022
Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը  |news.am|

Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը |news.am|

news.am: Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, նրանց ձեռքին կան զոհված զինծառայողների նկարները։ Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին: Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են: «Մենք վրդովմունքից դուրս ենք եկել փողոց, փակել ենք փողոցը՝ պահանջելով, որ գան, մեր բոլոր հարցերին պատասխան տան, ոչ թե սպասենք մայիսի 19-ին ժամը 1-ին»,-ասաց զոհվածի հարազատներից Անահիտ Մանասյանը: Դատախազը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի մասին ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ծանուցագիր չի ստացել: Դրա մասին տեղեկացել է առավոտյան ժամը 10-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նիստը պետք է սկսվեր: Նա նաև նշեց, որ ինքը տեղյակ է, թե որ օրն է տեղի ունենալու հաջորդ նիստը, և պատրաստ է ներկա լինել:
13:46 - 17 մայիսի, 2022
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության, 2021թ. հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նշված ՓԲԸ-ում կատարված ստուգման արդունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է նշված ՓԲԸ-ում առանձին շինարարական, շինմոնտաժային և վերանորոգման և այլ պայմանագրային պարտավորությունների կատարման՝ օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վիճակը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցավոր չարաշահումներ: Մասնավորապես, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի և N ՍՊԸ-ի միջև 20.09.2012 թ. կնքված 832.026.000 ՀՀ դրամի կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագրի հիմքով իրականացվել են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքի, կաթսայատան-պոմպակայանի և էլեկտրական ենթակայանի շենքերի արտաքին կոնստրուկցիանների շինմոնտաժային, տանիքների, արտաքին պատերի երեսպատման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ: Ընտրանքային շինարարական աշխատանքների հսկիչ չափագրումներով, սակայն, հայտնաբերվել են նշված աշխատանքների վրաբերյալ հանձնման-ընդունման արձանագրություններով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված ընդհանուր 3,7մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով աշխատանքներ: Բացի դրանից՝ 2012 թ. կնքված համաձայնագրով պայմանագրի գինը փոփոխվել և կազմել է 791 196 400 ՀՀ դրամ, 2013 թ. կնքված այլ համաձայնագրով այն փոփոխվել և կազմել է 872 590 300 ՀՀ դրամ: Իսկ 24.03.2014 թ. ընկերության և նույն ՍՊԸ-ի միջև կնքված 1 042 413 200 ՀՀ դրամի կապալի այլ պայմանագրով ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման աշխատանքները: Ինչպես 20.09.2012 թ., այնպես էլ 24.03.2014 թ. կնքած կապալի աշխատանքների գնման պայմանագրերի կատարման ժամկետները հընթացս կնքված մի քանի համաձայնագրով շարունակաբար փոփոխվել են, և վերջնաժամկետներ են սահմանվել, համապատասխանաբար, 2015 թ. դեկտեմբերի 30-ը և 31-ը, ինչով խախտվել են ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշման՝ պայմանագրով նախատեսված ժամկետների և պայմանների փոփոխման համար նախխատեսվող սահմանափակումների վերաբերյալ պահանջները: Համաձայն այդ պայմանագրերի՝ «Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ չկատարված աշխատանքների գնի 0.05 տոկոսի չափով: Պարզվել է, սակայն, որ պայմանագրերից մեկի դեպքում 181 080 200 դրամի, իսկ մյուսի դեպքում՝ 488 046 400 դրամի աշխատանքները կատարվել են նախատեսված վերջնաժամկետներից հետո, և յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձման ենթակա տույժերը՝ ընդհանուր 64 819 400 ՀՀ դրամի չափով, չեն հաշվարկվել և չեն գանձվել: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող ուրիշի գույքը հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու` ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների առերևույթ հատկանիշների վերաբերյալ տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ (Փորձաքննության կատարումը փորձագիտական հիմնարկից դուրս) և 181-րդ հոդվածների (Դատաբժշկական քննություն) կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:29 - 16 մայիսի, 2022
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Դատախազությունը կրկին չի հաստատել ՀՀ ոստիկանության  նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն ետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին: Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում, նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես` պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առքուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120.000.000 ՀՀ դրամով ու 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առքուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը: Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017թ. 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առքուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը: Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013թ. Արշակ Հակոբյանին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար: Այդ նպատակով Արշակ Հակոբյանը 2013 և 2014թթ. կնքված առքուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71.556.000 ՀՀ դրամով և 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար «Mercedes-Benz G 500» մակնիշի և «Mercedes-Benz S 500L» մակնիշի ավտոմեքենաները, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151.756.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2017թ. ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018թ. ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 2017 թվականի տարեկան հայտարարագրում Արշակ Հակոբյանը դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նաև նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` 2017թ. արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008թ. արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի ավտոմեքենաները: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /: Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/: Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
16:15 - 16 մայիսի, 2022
Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն այսօր հայտարարեցին, որ իրենց համար բացարձակ անհասկանալի է, թե ինչում են իրենք մեղադրվում։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ սկսվեց նրանց եւ եւս երկու անձի վերաբերյալ գործի դատաքննության փուլը։ Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչ արարքներ են մեղսագրվում ամբաստանյալներին։ Ըստ այդմ, Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, նպատակ ունենալով հնարավորինս էժան գնով ձեռք բերել նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի վարույթում քննվող գործերից մեկով սնանկ ճանաչված քաղաքացու՝ Սիմոն Աղեկյանի անշարժ գույքը, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է այդ գործով սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը եւ խոչընդոտել գույքի իրացման բնականոն գործընթացը։  Խոսքը Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի վրա գտնվող բնակարանը ձեռք բերելու մասին է, որը դրված է եղել աճուրդի։  Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում Աշոտ Խաչատրյանը, 2018-2019 թթ. ընթացքում  չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, եւ հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, ինչի հետեւանքով աճուրդները չեն կայացել, բնակարանի մեկնարկային գինն էլ արհեստականորեն նվազեցվել է՝ 26 մլն 400 հզ դրամից դառնալով շուրջ 12 մլն 382 հզ դրամ։ Դրանից հետո արդեն, ըստ մեղադրանքի, Նարինյանն այդ գործընթացում ներգրավել է իր մորաքրոջ որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին՝ տրամադրելով նրան անհրաժեշտ միջոցներ, եւ Մարտիրոսյանը, մասնակցելով աճուրդին, բնակարանը ձեռք է բերել արդեն իջեցված գնով։ Սակայն մեղադրական եզրակացության համաձայն՝ Մարտիրոսյանը հանդիսացել է ձեւական գնորդ, եւ թեեւ սեփականության իրավունքը գրանցվել է նրա անունով, բնակարանը փաստացի պատկանել է Նարինյանին։ Դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ նույն ժամանակահատվածում տվյալ սնանկության գործը վարող դատավոր Արա Կուբանյանը, տեղեկացված լինելով Նարինյանի եւ Խաչատրյանի այդ գործողություններից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, որեւէ միջոց չի ձեռնարկել հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ։  Այնուհետեւ նպատակ ունենալով վերացնել բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները, մասնավորապես՝ իրականացնել նշված հասցեում բնակվող անձանց վտարումն ու առկա գույքի հարկադրաբար դուրսբերումը՝ Արա Կուբանյանը  սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին 2020 թ փետրվարի 6-ին հանձնարարել է Տիգրան Մարտիրոսյանից ետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրենց՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար։ Արդյունքում, դիմումը տալու նույն օրը՝ փետրվարի 6-ին, կայացվել է դատական ակտ, որում, սակայն, որպես  կայացման ամսաթիվ նշվել է փետրվարի 4-ը․ «Այնուհետեւ, կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտի հիման վրա 2020 թ փետրվարի 6-ին Արա Կուբանյանի կողմից տրվել է կատարողական թերթ, աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույքի կենցաղային իրերը, շարժական գույքը դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ»- ընթերցեց դատախազը՝ նշելով, որ այդ գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ՝ սնանկ ճանաչված անձի եւ այդ հասցեում բնակվող մյուս համասեփականատերերի օրինական շահերը։ Այսինքն՝ դատավոր Արա Կուբանյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, Տիգրան Մարտիրոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Շարունակելով իր ելույթը՝ դատախազը հայտնեց, որ նշվածից բացի, Գեւորգ Նարինյանը, հանդիսանալով հայտարարատու անձ եւ պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ներկայացնել ճշգրտիր հաշվետվություններ, 2017-2020 թթ ընթացքում 100 հզ ԱՄՆ դոլարին համարժեք 47 մլն 581 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, ինչը գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով․ «Դրանից բացի, նույն ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրերում Նարինյանը թաքցրել եւ չի ներառել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները եւ գույքի նկատմամբ իրավունքը»,- ասաց Արամյանը։ Վերջինիս խոսքով՝ նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա դրամական միջոցների հանցավոր ծագումը՝ Նարինյանը Վարչական դատարանի դատավոր, իրեն մտերիմ Անի Հարությունյանի հետ կազմել է 2020 հունիսի 4-ի թվագրմամբ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն տրամադրելու վերաբերյալ ձեւական պայմանագիր։ Հիշյալ գումարը մուտք է եղել Անի Հարությունյանի բանկային հաշվեհամարին, որից հետո փոխանցվել է Նարինյանի՝ մեկ այլ բանկում գործող հաշվեհամարին, եւ վերջնարդյունքում դրանց հաղորդվել է օրինական տեսք։ Այսինքն՝ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու մեջ։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ հասկանալի՞ է առաջադրված մեղադրանքը, եւ արդյո՞ք նրանք իրենց մեղավոր են ճանաչում։ Ամբաստանյալ Գեւորգ Նարինյանն ասաց, որ իրեն բացարձակ անհասկանալի է, եւ խնդրեց տեւական ժամանակով հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք մեղադրողի համար հարցեր նախապատրաստեն՝ գոնե դրանց միջոցով հասկանալու համար մեղադրանքի էությունը։ Դատավորը նախ նշեց, որ ամբաստանյալը մեղադրանքի պարզաբանման առումով դատախազին հարցեր տալու իրավունք չունի, ապա հիշեցրեց, որ երբ նախորդ դատական նիստին ինքը հարցրեց՝ Նարինյանը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, վերջինս դրական պատասխան տվեց, ուստի նա ունեցել է ժամանակ դրան ծանոթանալու եւ պատրաստվելու համար։ Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք չեն պատկերացրել, որ այսքան արագ կանցնեն դատաքննության փուլին՝ հաշվի առնելով դատական նիստի բազմանդամ լինելը։ Պաշտպանը նաեւ նշեց, որ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրանքի պարզաբանումը դատարանի վրա է դնում, սակայն իրենք այն համոզմանն են, որ մեղադրանքը պարզաբանելով՝ դատարանը մեղադրողի դեր կստանձնի, ուստի դա պետք է հենց մեղադրող դատախազն անի, ինչը որ, ըստ նրա, պրակտիկայում արվում է․ «Մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է հենց մեղադրանքը պարզաբանելուց, եթե մեղադրողը հրաժարվում է պարզաբանելուց, ուրեմն հրաժարվում է մեղադրանքից»,- ասաց նա։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, նշեց, որ մեղադրանքի էության վերաբերյալ մեղադրողից պարզաբանում ստանալու դատավարական կարգ չկա։ Նա նաեւ ընդգծեց, որ մեղադրանքի պարզ չլինելը եւ անորոշ լինելը տարբեր բաներ են․ պարզ չլինելը նշանակում է, որ անձը չի հասկանում, թե ինչ է գրված, ինչու է հենց այդ հոդվածն ընտրված, իսկ մեղադրանքի անորոշությունը, որի մասին, ըստ դատավորի, պաշտպանական կողմը խոսում է, նշանակում է, որ մեղադրանքում գրվածն ու ընտրված հոդվածը իրար չեն համապատասխանում․ «Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրանքը անորոշ է, ապա անորոշ մեղադրանքը հանգեցնում է արդարացման դատական ակտի, բայց դատարանը այս փուլում մեղադրանքի անորոշությունը չի ստուգում, դրա հետ կապված Ձեր դիրքորոշումները Դուք կարող եք ամեն ապացույցի հետազոտումից հետո անել»,- ասաց նա՝ խնդրելով Նարինյանին հայտնել՝ ընթերցված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է․ «Եթե ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, ես չեմ կարող բարձրաձայնել իմ մեղավորության կամ անմեղության մասին»,- պատասխանեց Նարինյանը։ Դատավորի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է նախաքննության փուլում հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, արձագանքեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ասելով, որ Նարինյանը նշել է, որ առհասարակ հանցագործություն չի կատարել։ Տեւական ժամանակ այս հարցի քննարկումը շարունակվեց, ինչից հետո ի վերջո դատավորն ընթերցեց Նարինյանին մեղսագրվող անօրինական արարքները եւ արձանագրեց, որ նա հրաժարվում է հայտնել՝ իրեն մեղավոր ճանաչում է թե ոչ։ Ամբաստանյալ Արա Կուբանյանը եւս հայտնեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչում են իրեն մեղադրում․ «Այստեղ մեղադրանք չկա, եւ իրավաբանական որակումն էլ սխալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հույս ուներ, թե մեղադրողը կհրաժարվի այս մեղադրանքից։ Այնուհանդերձ, դատավորի հարցին ի պատասխան՝ Կուբանյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ հոդվածն ինքնին հասկանալի է, բայց իրենք ուզում են հասկանալ, թե այդ հոդվածի շրջանակում Կուբանյանը կոնկրետ ինչ գործողություն կամ անգործություն է արել․ «Սա սովորական քրեական գործ է, բայց անսովոր է այնքանով, որ երկու դատավոր են ամբաստանյալի աթոռին, եւ իրավաբանական պրոֆեսիոնալիզմն այստեղ ավելի բարձր պետք է լինի, եւ եթե մենք մեղադրանքի կողմի հետ գտնվում ենք մրցակցության մեջ, ապա մեղադրանքի կողմն է  պարտավոր բացահայտել դա»։ Կուբանյանի մյուս պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, թե Գլխավոր դատախազը կատարել է գործողություն, որի լիազորությունը չուներ․ «Ո՞վ է իրավունք վերապահել նրանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտը անվանել «կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտ», մենք նման դատական ակտ չունենք, ցանկացած ակտ, քանի դեռ վերացված կամ փոփոխված չէ, օրենքի ուժ ունի»,- ընդգծեց նա։ Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը եւս հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ, եւ անհասկանալի է, թե ինքն ինչ գործողություն չի կատարել, որը պարտավոր էր կատարել, եւ ինչ գործողություն կամ անգործություն է կատարել, որը չպետք է կատարեր։ Դատավորի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքում նշված չէ, թե Խաչատրյանը, հրապարակային սակարգության կարգն իբր խախտելով, ում է խաբել, ում է վախեցրել, ովքեր են եղել այդ հնարավոր գնորդները։ Անդրադառնալով այն ձեւակերպմանը, թե Խաչատրյանը ի պաշտոնե կախվածության մեջ է եղել Նարինյանից՝ պաշտպանն ասաց, որ այդ կախվածությունը վերացական է, եւ նրանց միջեւ եղել են սոսկ դատավոր-սնանկության կառավարիչ հարաբերություններ․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 244 դատավոր կա, հիմա պիտի համարենք, որ ինչքան սնանկության կառավարիչ կա, բոլորը կախվածության մե՞ջ են այդ 244 դատավորներից»,- ասաց նա։ Խաչատրյանի մյուս պաշտպան Խաչատուր Ղանդիլյանն էլ ընդգծեց, որ նշված չէ, թե իր պաշտպանյալը հրապարակային սակարգությունների անցկացման կարգի կոնկրետ որ կանոնն է խախտել։ Անդրադառնալով աճուրդի մեկնարկային գինը ձեւականորեն իջեցնելու ձեւակերպմանը՝ նա ասաց․ «Օրենքով սահմանված դրույթները կիրառելով՝ մենք կարող ենք ապացուցել, որ 26 միլիոնից 13 միլիոն հասցնելով, ոչ թե արհեստական նվազեցվել է, այլ բացի նրանից, որ Խաչատրյանը գործել է օրենքով սահմանված կարգով, նաեւ կարող էր էլ ավելի նվազել՝ ընդհուպ հասցնելով շուրջ 3 միլիոնի»։ Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը,  դատավորի հարցին ի պատասխան, հրաժարվեց մեղադրանքի հասկանալի լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ առայժմ չցանկանալով նշել նաեւ՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը թե՞ ոչ։ Նա միայն հայտարարեց, որ դատավոր Արա Կուբանյանին առաջին անգամ է տեսնում։ Այնուհետեւ քննարկվեց ապացույցների հետազոտման հաջորդականության հարցը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց նախ հետազոտել գործում առկա նյութերն ու իրեղեն ապացույցները, ապա հարցաքննել տուժողին, որից հետո՝ վկաներին, եւ վերջում միայն՝ ամբաստանյալներին։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատախազ Արամ Արամյանը Միլենա Խաչիկյան
00:47 - 14 մայիսի, 2022
«Դիմադրություն» շարժումը երթով հասավ դատախազության շենքի մոտ 
 |news.am|

«Դիմադրություն» շարժումը երթով հասավ դատախազության շենքի մոտ |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Դիմադրության շարժման» երթը, որը ուղղություն վերցրեց դեպի դատախազության շենք: Երթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի  դատավարական կարգավիճակ, ինչպես նաև պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավվեն որպես մեղադրյալ։ «Առաջին պահանջը բավարարվել է մի քանի օր առաջ, չնայած այս մարդիկ դա պահանջում էին նոյեմբերի 9-ից սկսած։ Հիմա ծնողները հավաքվում են գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի»,-ասաց Վարդևանյանը՝ առաջարկելով երթով շարժվել դեպի դատախազություն կանգնելու ծնողների կողքը, միանալու պահանջին, քանի որ նրանց պահանջն արդար է։ Մասնակիցները անցան Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով եւ հասան դատախազության մոտ:
18:12 - 12 մայիսի, 2022
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական հետապնդման մարմիններում նախաձեռնված քրեական համապատասխան վարույթների նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրվել են Երևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող հավաքներին, երթերին, դրանց շրջանակներում կազմակերպվող բողոքի, անհնազանդության գործողություններին մասնակցելու համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ առանձին մարզերում  բնակվող քաղաքացիներին առերևույթ հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մի քանի դեպքեր: «Դրանցից 3-ով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որոնցից մեկով երկու անձ ներգրավվել է որպես մեղարդյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ մեկ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մասնավորապես՝ 2022թ. մայիսի 5-ին համացանցում տարածվել է երկու անձի հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որը վերաբերել է հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հանգամանքներին: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված 2 անձանց ինքնությունը, տվյալներ են ստացվել Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռելու, վերջինս կողմից իր հերթին այլ անձանց  նյութապես շահագրգռելու վերաբերյալ: Ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը: Համացանցում հրապարակվել է այլ ձայնագրության վերաբերյալ մեկ այլ տեսանյութ՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձայնագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ չորս անձանց մասնակցությամբ տեղի ունեցող խոսակցության ընթացքում նրանցից երեքը Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ անունով ներկայացած անձին առաջարկում են ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերին 2000 ուսանողի մասնակցելու և որոշակի գործողություններ՝ անհնազանդության ակցիաներ կատարելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Դեպքեի առթիվ 2022թ. մայիսի 10-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ սեղմ ժամկետներում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է կոնկրետ գործողություններ կատարելու ցուցում, նախաքննությունը շարունակվում է: Մեկ այլ դեպքում, Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել ԶԼՄ հրապարակման կապակցությամբ, ըստ որի՝ 2022թ. մայիսի 4-ին վարորդներին ստիպել են բեռնատար, բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել Երևան քաղաքի «Կիևյան» և «Դավթաշեն» կամուրջները: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 4 անձինք իրենց կողմից վարվող «Էյ ԴԻ Էյ Թեք» ՍՊԸ-ին պատկանող տարբեր մակնիշների բեռնատար,  բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի Կիևյան և Դավթաշեն կամուրջների երթևեկելի մասերը, ինչի հետևանքով խաթարվել է նշված հատվածների բնականոն երթևեկությունը: Դեպքի առթիվ 2022թ. մայիսի 5-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի վարորդներին 2022թ. մայիսի 4-ին Երևանի տարբեր հասցեներում անհնազանդության ակցիաներ իրականացնելու և երթևեկությունը արգելափակելու հանձնարարություն տրվելու վերաբերյալ: Կատարվածի  ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: Բացի նշվածները, 2022թ. մայիսի 4-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ  դեռևս ինքնությունը չպարզված անձը հարկադրել է երկու քաղաքացիների մասնակցել նույն օրը Երևան քաղաքում անցկացվող հավաքներին, նյութապես շահագրգռել նրանց, ինչի արդյունքում վերջիններս «Մերսեդես» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի «Հաղթանակ» կամուրջի երթևեկելի ուղղությունները: Նշված դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում հիշեցնել, որ հավաքներին, երթերին, դրանց ընթացքում կատարվող գործողություններին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դրսևորումները քրեական օրենքով արգելված արարքներ են, որի համար, որպես պատիժ, նախատեսված է ընդհուպ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելու փորձերից, ՀՀ դատախազության կողմից հստակ հետևողականություն է դրսևորվում և դրսևորվելու  յուրաքանչյուր նման դեպքի, փորձի արձանագրման պարագայում դրանցում ներգրավված անձանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու, բավարար հիմքերի պայմաններում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Միաժամանակ քաղաքացիներին կոչ ենք անում նման հանցավոր ոտնձգությունների առերեսվելու կամ այդպիսի երևույթների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ունենալու պարագայում դրանք տրամադրել իրավապահ մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ Infocom-ն ավելի վաղ անդրադարձել է Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի մասնակցության խոսակցության ձայնագրությանը։
16:30 - 12 մայիսի, 2022
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին հարուցված և  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի աշխատանքները համակարգող, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 83-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի հետ՝ ընտրությունների ժամանակ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Ա. Ապրոյանի պահանջով նա նախապես ձեռք բերած տարբեր սննդամթերքն, ըստ միևնույն ապրանքատեսակների խմբաքանակի, տեղավորել է մեկական փաթեթներում և հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակից տեղափոխել Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան: Դրանից հետո Ս. Զաքոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար նույն գրասենյակի ղեկավար Ա. Ապրոյանի  հետ, նախնական համաձայնությամբ, համաձայն նախապես կազմված ցուցակի և դրանում ընդգրկված ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, 2021թ. հունիսի 8-ին և 9-ին նշված բնակարան այցելած ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է տարբեր տեսակի սննդամթերքի տեսքով կաշառք: Նախաքննության ընթացքում Ա. Ապրոյանին և Ս. Զաքոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 2021թ.դեկտեմբերի 17-ին Ս. Զաքոյանի վերաբերյալ մասն անջատվել է քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նաև Ա. Ապրոյանի մասով քրեական գործը: Դատական քննության ընթացքում Ս. Զաքոյանի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, իրականացվել է համաձայնության վարույթ, որի արդյունքներով դատարանը 2022թ. մայիսի 4-ին կայացրել է մեղադրական դատավճիռ` Ս. Զաքոյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ չորս տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, միաժամանակ ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող այլ պարտականություններ: Ա. Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է:
13:21 - 12 մայիսի, 2022