Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ 

Ծնվել է 1970 թ. ապրիլի 26, ք. Ախալքալաքում (Վրաստան)։ 

1996-2000 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում (ավարտել է գերազանցությամբ), 1987-1993 թթ.՝ ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետում (ավարտել է գերազանցությամբ)։

2020 թ.-ից ՀՖԿՍՊԻ դասախոս է, 2018 թ. եղել է բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ։ 2016-2020 թթ.՝ Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար, 1996-2016 թթ.՝ Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան, 2007-2014 թթ.՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար։

2005 թ.-ից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, 2002-2019 թթ.՝ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2019-2021 թթ.- նախագահի տեղակալ, 2000 թ.-ից՝ Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, 1995թ.՝ «Նորք» հեռուստատեսության «Լուրեր» բաժնի լրագրող։

1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը։ Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն: 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:

1988-1989 թթ. ծառայել է բանակում, ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար։

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին:

2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ։

ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. Կարեն Գիլոյանը Թաթարստանի սպորտի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. Կարեն Գիլոյանը Թաթարստանի սպորտի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին: Կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. hետևողական ջանքեր են գործադրվում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ անցկացնելով «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող միջոցառումներ խճուղավազք, դպրոցականների թիմային խճուղավազք, հեծանվավազք, լող և սեղանի թենիս մարզաձևերում: Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի խոսքով՝ իրենք ևս կարևորում են մասսայական սպորտի զարգացումն ու այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնց շրջանակում ևս կարելի է դիտարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը: Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարարը նշել է, որ համագործակցության հնարավորություններ կան նաև ջրացատկ մարզաձևում. «Մենք ջրացատկի շատ ուժեղ կենտրոն ունենք, համագործակցում ենք միջազգային ֆեդերացիայի հետ, իսկ հայ մարզիկներից մեկն արդեն իսկ ուսանում և մարզվում է մեզ մոտ: Այսինքն՝ այս մարզաձևում համագործակցության սկիզբն արդեն դրված է, թեև համատեղ ծրագրերի իրականացման ավելի մեծ ներուժ կա»: Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության հնարավորությունը, մասնավորապես Թաթարստանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր՝ կապված ուսանողների փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլնի հետ: Մատնանշվել է Հայաստանում հատկապես սպորտային մենեջմենթը զարգացնելու կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
16:24 - 25 հուլիսի, 2022
Հովհաննես Բաչկովը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչման է արժանացել. կոչումներ են շնորհվել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Հովհաննես Բաչկովը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչման է արժանացել. կոչումներ են շնորհվել մարզաշխարհի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Վստահ եմ՝ այսօր ձեզ համար շատ նվիրական օր է, քանի որ ձեր կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար ստանում եք մարզական կոչումներ: Պատվով կրե՛ք այն, բայց մի՛ մոռացեք, որ պետք է անպայման հասնել Սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը: Դրա համար պետք է շատ աշխատել և լավ արդյունքներ գրանցել: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացել է բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: «Բաչկովը դեռ շատ լուրջ ասելիք ունի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական սպորտում: Հուսամ՝ նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսը կունենա»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հույս հայտնել, որ Բաչկովի օրինակը վարակիչ կլինի երիտասարդ մարզիկների համար, ու տարիներ անց նրանք ևս կկարողանան արժանանալ այդ պատվավոր կոչմանը: ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ մարզական կոչմանն արժանացել են սամբիստ Գրիգոր Բեկնազարյանը, հրաձիգներ Արուսյակ Գրիգորյանն ու Գոհար Հարությունյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռազմիկ Միսակյանը և Արթուր Զաքարյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արման Դարչինյանը: Սպորտի վարպետի մարզական կոչմանն էլ արժանացել են Մանե Պողոսյանը (սպորտային մարմնամարզություն), Աննա Մանթաշյանը (սպորտային մարմնամարզություն), Մարինա Գալստյանը (սեղանի թենիս), Մարիա Խաչատրյանը (սեղանի թենիս), Ռաֆիկ Հովհաննիսյանը (սեղանի թենիս), Գարեգին Գրիգորյանը (պաուերլիֆտինգ), Վահե Բուդաղյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Մարտիրոսյանը (պաուերլիֆտինգ), Ջիվան Հովհաննիսյանը (պաուերլիֆտինգ), Արմեն Խաչատրյանը (լող), Գագիկ Հայրապետյանը (լող), Ալեքսանդրա Ավագյանը (լող), Արթուր Շախպազյանը (բռնցքամարտ), Հակոբ Ուզունյանը (ֆուտզալ), Սարո Գալստյանը (ֆուտզալ), Գարեգին Մաշումյանը (ֆուտզալ), Համլետ Ադամյանը (բռնցքամարտ), Վլադիմիր Հարոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Գևորգ Թադևոսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Միքայել Միքայելյանը (դահուկային սպորտ), Թադևոս Պողոսյանը (դահուկային սպորտ), Տիգրան Մանուկյանը (հրաձգություն), Անդրանիկ Ավետիսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սերգեյ Սարգսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Նարեկ Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ) և Մանվել Խնձրցյանը (ազատ ոճի ըմբշամարտ):
17:49 - 18 հուլիսի, 2022
Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանի, վստահություն է հայտնել, որ նոր պայմաններն ավելի եռանդով աշխատելու կմղեն։ «Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրու՝ մեծ ավանդույթներ ունեցող համալիր մանկապատանեկան մարզադպրոցը չուներ մշտական տարածք. մարզվում էին, մեղմ ասած, անմխիթար մարզադահլիճներում։ Վստահ եմ՝ նոր պայմանները կդրդեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակամղված և խանդավառ, իսկ մոտ ապագայում մեկս մյուսին կշնորհավորենք նոր մասնաշենքում մարզված և արդեն կայացած մարզիկների մեծ հաղթանակների կապակցությամբ»,- ասել է նախարարը։ Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին և չնայած անբարենպաստ պայմաններին՝ աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել։ Նախկինում գիշերօթիկ դպրոց հանդիսացող այս շենքը ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցին։ Մարզադպրոցի՝ ուսումնամարզական գծով փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով՝ արդեն կահավորվել են մարզադահլիճը, բռնցքամարտի, ձյուդոյի դահլիճները։ «Ունենք նաև մարզասրահ, աշխատասենյակներ։ Դասասենյակների միավորման պարագայում կարելի է ստանալ մարզադահլիճներ, որտեղ մեր 700-ից ավելի սաներն ավելի արդյունավետ մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան»,- վստահեցրել է նա։ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունն իր վերաֆինանսավորմամբ այս տարի ամբողջովին կնորոգի մարզադպրոցի տանիքը, իսկ հաջորդ տարվա գարնանն արդեն ձեռնամուխ կլինեն դասարանների վերափոխմանը մարզադահլիճների․ «Մենք մի քանի մարզաձևեր կունենանք այստեղ, իսկ մարզադպրոցը կհագեցնենք ամենաժամանակակից և բարձրակարգ գույքով։ Սա դեռ սկիզբն է։ Գյումրին մեծ ավանդույթների քաղաք է։ Երկրորդ համալիր մարզադպրոցն էլ այդ ավանդույթների մի մասի կրողն է։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որ այս դպրոցն այսուհետ կարողանա աշխատել առանց խնդրի ու հետագայում էլ տա այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք»։
11:59 - 25 հունիսի, 2022
Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սևանա լճի թերակղզում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Մրցաշարն անցկացվել է այսօր Գեղարքունիքի մարզի Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 1 փուլով և երկու տարիքային խմբով (առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ): Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: Պիտի ասեմ, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Իհարկե, սկզբնական շրջանում որոշակի տեղաշարժեր կլինեն, մինչև մրցաշարերը տեղավորվեն ավելի հաստատուն տրամաբանությամբ: Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որպեսզի մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ, և մեծ հաշվով կարողանանք նաև մասսայականացնել սպորտը: Նաև պիտի հույս ունենանք, որ սա պիտի նպաստի՝ ոչ միայն մրցաշարերի առիթով մարդիկ հեծանիվ վարեն, այլև առօրյա կյանքում: Ժամանակակից աշխարհում՝ ընդհանրապես, խցանումների պայմաններում՝ մասնավորապես, հեծանիվը, իհարկե, կարող է հետաքրքիր, օգտակար, առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակներից մեկը հենց դա է՝ խթանել առողջ ապրելակերպը, խթանել ֆիզկուլտուրան, խթանել սպորտը: Շատ ուրախ եմ, որ մրցաշարերը նաև իրենց ավանդական տեղն են գտնում. խճուղային հեծանվավազքի անցկացման վայրը Սևանն է, դպրոցական վազքի թիմային տեղն արդեն որոշել ենք, որ կլինի Պարզ լիճը, նաև սեղանի թենիսի մրցաշար ունենք, որը մշտական տեղ չունի, բայց նաև հընթացս կորոշենք: Նախնական՝ առաջինը տեղի է ունեցել Չարենցավանում, վազքինը՝ Էջմիածնում: Սա նաև հանրապետությունում որոշակի մրցաշարային աշխարհագրություն ապահովելու նպատակ ունի»: Վարչապետը նաև խոսել է այն մասին, որ այս մրցաշարի ընթացքում տարեց մասնակցի համար նախատեսված մրցանակը ստացել է երիտասարդ մասնակիցը, որի պատճառը տարեցների պասիվ մասնակցությունն է եղել, և ընդգծել, որ լրացուցիչ խթան կմտածեն, որպեսզի տարեցների մասնակցությունն ավելի ակտիվ լինի:  Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել մրցաշարի մշտական գործընկերներին, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին. «Մրցավարները շատ կարևոր են: Մեր մրցութային ամենակարևոր պայմաններից և ցանկություններից մեկն այն է, որ մրցումները տեղի ունենան կատարյալ արդարության պայմաններում, և որևէ կասկած չլինի, որ իսկապես հաղթել են ուժեղագույնները»: Վարչապետն ուրախությամբ ընդգծել է, որ կան կրկնակի մրցանակակիրներ, կա նաև մրցանակակիր, որը երեք մրցանակ է ստացել՝ երկուսը՝ հեծանվավազքից, մեկը՝ վազքից, և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի այն մարդկանց, ովքեր նախկինում առիթ չեն ունեցել մասնակցելու այս մրցաշարերին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կազմակերպիչները պետք է ամեն բան անեն՝  մրցաշարերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու բոլոր պոտենցիալ մասնակիցներին և քաջալերեն, որպեսզի ամեն տարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ լինեն: Երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600.000, 3-րդ տեղը՝ 400.000, 4-րդ տեղը՝ 150.000, 5-րդ տեղը՝ 100.000, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական և 11-20-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Այս մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում ենթարկվել են դոպինգ-ստուգման»:
19:16 - 28 մայիսի, 2022
Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել մարզադպրոցներում առկա խնդիրների վերաբերյալ

Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել մարզադպրոցներում առկա խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել նախարարության ենթակա 26 մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Օրակարգում մի քանի հարց է ներառված եղել: Քննարկվել են մարզադպրոցների՝ 2021 թվականին կատարած աշխատանքները, մարզադպրոցներում առկա խնդիրները: Խոսելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ Նարինե Շահբազյանն ընդգծել է, որ 2021 թվականին առաջին անգամ հաջողվել է մարզադպրոցներին ֆինանսավորել միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ոչ թե սիմվոլիկ, այլ հենց այն գումարով, որը ներկայացրել էին ֆեդերացիաները. «Կարծում եմ՝ այդ գումարն արդյունքների ձեռքբերման նպատակով կարող է տարեցտարի ավելանալ: Խոսքն այն մասին է, որ արդյունքներ գրանցած մարզադպրոցներն ու մարզիչները որոշակի առավելություններ կունենան: 2021 թվականին այցեր ենք կատարել մարզադպրոցներ, վերհանել ենք որոշակի խնդիրներ և դրանց մեծ մասին լուծում ենք տվել: Այսօր, ցավոք սրտի, մեր մարզադպրոցներում տիրում է մի իրավիճակ, երբ մարզիչը, 5 տարի աշխատելով, ոչ մի մասնակից չի ներկայացնում Հայաստանի առաջնություններում: Տարիներ շարունակ Հայաստանի առաջնություններին մասնակցում են նույն մարզիչների նույն սաները»: Մասնավորապես, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի խոսքով, ըմբշամարտի մարզիչների քանակը բավականին մեծ է, բայց Հայաստանի պատանեկան առաջնություններին մինչև 100, իսկ մեծահասակների առաջնություններին առհասարակ 60-70 մարզիկ է մասնակցում. «Այս թիվը, իհարկե, չի կարող բավարարել ԿԳՄՍ նախարարությանը: Այս առումով մենք անելիքներ շատ ունենք: Մեր ենթակայության ներքո գտնվող 26 մարզադպրոցների ու 2 քոլեջների հանրագումարով 102 մեդալ ենք նախորդ տարում նվաճել, ինչը ևս բավականին մտահոգիչ ցուցանիշ է»: Նարինե Շահբազյանը կարևորել է նաև մարզիչների կրթության հարցը, ինչը, վարչության պետի խոսքով, իսկապես թերի է մի շարք մասնագետների պարագայում: Քննարկման ընթացքում արծարծվել են նաև մարզադպրոցների խնդիրներին առնչվող հարցեր. մարզադպրոցների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ոլորտի պատասխանատուներին են ներկայացրել իրենց թե՛ գույքային, թե՛ վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը: Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել բոլոր դիտարկումները և հնարավորության սահմաններում լուծում տալ առկա խնդիրներին:
18:15 - 18 փետրվարի, 2022
«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժիշկները և մերսողները |armenpress.am|

«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժիշկները և մերսողները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ից բացի այս տարի կպարգևատրվեն հավաքականի մարզիչները, անձնական մարզիչները, բժիշկներն ու մերսողները: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հասարակությունում լավագույն տասնյակի ընտրությունը նորից արժեքավորվի: Դրա համար ՀՀ կառավարությունը հատկացրել է գումար: Այս տարի առաջին անգամ տասնյակի մարզիկներ, հավաքականի մարզիչները, անձնական մարզիչ և բժիշկները, մերսողները առանձին կպարգևատրվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս տարի առաջին անգամ SMS քվեարկության միջոցով կորոշվի «Հանդիսատեսի համակրանք»-ը, որին ներկայացված կլինեն այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարզիկները, որոնք հանրահռչակում են Հայաստանը: «Տարվա լավագույն տասնյակը»-ի համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 50 միլիոն դրամ: Նախնական տվյալներով ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին, իսկ պարգևատրման արարողությունը կկայանա 23-25-ն ընկած ժամանակահատվածում:
16:42 - 30 նոյեմբերի, 2021
Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք՝ տեղում ծանոթանալու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Նախարարն ընթացիկ աշխատանքները գնահատել է բավարար և հույս հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ՝ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:
14:38 - 20 նոյեմբերի, 2021
Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանը Կազանում կմասնակցեն «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:  Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը կհետևեն այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով:
13:42 - 07 սեպտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է մաղթել։ «Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։
16:28 - 24 հուլիսի, 2021
Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով Ումար Կրեմլյովի այցը Հայաստան՝ Կարեն Գիլոյանը կարևորել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությունը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել:  «Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: Մեզ համար կարևոր է առաջընթացի հեռանկարների շուրջ լիարժեք երկխոսություն ունենալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մեր երկրում անցկացնել միջազգային մրցաշարեր: Այս համատեքստում երաշխավորում եմ պետության աջակցությունը: Ցանկանում ենք ակտիվացնել գործընկերային հարաբերությունները և դրանք դարձնել առավել արդյունաբեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և վերահաստատել միջազգային ֆեդերացիայի՝ բռնցքամարտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը:  Ումար Կրեմլյովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստել է, որ միջազգային կառույցը ևս ցանկանում է առկա համագործակցությանը նոր որակ հաղորդել: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը դրական է արձագանքել Հայաստանում խոշոր մրցաշար կազմակերպելու առաջարկին՝ չբացառելով անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը:  «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ի դեմս Հովհաննես Հովսեփյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան  շատ ակտիվ և նախաձեռնող ղեկավար ունի: AIBA-ն գործուն քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտում բռնցքամարտի տեղն առավել ամրապնդելու, մարզաձևի լավագույն ավանդույթները վերականգնելու ուղղությամբ և բաց է համագործակցության համար: Մեծ հարգանքով եմ վերաբերում ձեր պատմական երկրին և ժողովրդին, որը սպորտի նկատմամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի»,- ասել է Ումար Կրեմլյովը:  Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարեն Գիլոյանին հրավիրել է ներկա գտնվելու հոկտեմբերին Սերբիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, ինչին ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել: 
13:00 - 13 հուլիսի, 2021
Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու են միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: «Աշխատանքները պետք է իրականացնել հնարավորինս արագ և արդյունավետ: Հապաղել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր օրը կորուստ է սպորտի համար: Վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն, իսկ հայ մարզիկները միջազգային մրցումներում առավել բարձր արդյունքներ կգրանցեն: Բացի դրանից՝ Արարատի մարզն ավելի սպորտային տեսք կստանա՝ հնարավորություն ունենալով անցկացնելու միջազգային մրցաշարեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը տեղեկացրել է, որ որոշ ընթացակարգային հարցերից հետո առաջիկա օրերին ներկայիս՝ դեռևս 1980-ականներին տեղադրված վազքուղին կապամոնտաժվի, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, և կմեկնարկեն նոր վազքուղու կառուցման աշխատանքները: «Շնորհակալ ենք հետևողական վերաբերմունքի համար: Մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը բխում է բոլորիս շահերից»,- ասել է Կարեն Բենիամինյանը և վստահեցրել, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Արտաշատ կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են նաև համայնքի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների զարգացմանը, բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու տարբերակներին առնչվող հարցեր:
17:51 - 02 հուլիսի, 2021
Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

Կարեն Գիլոյանը Սոֆիայում ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Սա ըմբիշների համար Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Պայքարի է դուրս գալու 474 ըմբիշ՝ 84 երկրից, ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակչի մասնակիցները: Այժմ Հայաստանն ըմբշամարտից Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. Տոկիոյում մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և ազատոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:
13:02 - 05 մայիսի, 2021
Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Գիլոյանը լիահույս է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կկարողանա լուծել ասպարեում առկա խնդիրները: «Կարևորն այն էր, որ հայկական բռնցքամարտն իրավունք չուներ լիներ պառակտված: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանին՝ վստահության համար: Ամեն ինչ արել եմ օրենքի տառը պահելով: Հույս ունեմ, որ նորընտիր նախագահն ի վիճակի կլինի լուծել ներկայում բռնցքամարտում առկա խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը: Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
16:22 - 29 ապրիլի, 2021
Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Դումանյանին և Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի ապրիլի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ներկա գտնվելու և մեդալակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: 2. Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետու-թյան 2021 թվականի պետական բյուջեով արտասահման-յան պաշտոնական գործուղումների համար նախատես-ված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ևnսպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապե-տի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
12:37 - 30 մարտի, 2021
Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրեններին

Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների տնօրեններին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Քննարկվել են մարզիչների սոցիալական խնդիրներին, նրանց վերապատրաստումներին, մարզումային նորագույն մեթոդներին և մոտեցումներին, մարզադպրոցներում առկա պայմաններին առնչվող և մի շարք այլ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է հարցերը դնել իրավական հիմքի վրա, ապա կատարել համապատասխան կարգավորումներ՝ ի նպաստ մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների: Անդրադառնալով մարզիչներին սոցիալական փաթեթ տրամադրելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է մեծածավալ ուսումնասիրություն կատարել հանրապետությունում գործող մարզադպրոցներում և համապատասխան կազմակերպություններում՝ առկա իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար. «Առաջիկայում կլինեն շրջայցեր նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցներ և մարզական հասարակական կազմակերպություններ: Միայն իրավիճակի խորքային ուսումնասիրության դեպքում հնարավոր կլինի հանդես գալ համապատասխան առաջարկություններով և կարգավորումներով: Նախարարությունը կարևորում է ուժեղ մարզադպրոցներ ունենալը. դրա համար անհրաժեշտ են փոխադարձ ըմբռնում և համատեղ աշխատանք: Եթե յուրաքանչյուրն իր գործառույթները և լիազորությունները հստակ գիտակցի ու աշխատի դրանց համապատասխան, ապա ոլորտում եղած խնդիրներն արագ կլուծվեն, և առաջ կգնանք զարգացման ճանապարհով»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է՝ չափազանց կարևոր են մարզիչների պարբերական վերապատրաստումները. «Ոչ ոք ամենագետ չէ: Սպորտն արագ տեմպերով է զարգանում, մարզումային մեթոդները և մոտեցումները պարբերաբար պետք է վերանայվեն և լինեն ժամանակին համահունչ: Ուստի կոչ եմ անում հարցին լրջությամբ վերաբերվել, ակտիվ և բարեխղճորեն մասնակցել վերապատրաստման միջոցառումներին, ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն հայկական սպորտի զարգացմանը»: Հանդիպման ավարտին Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց օպերատիվ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
12:47 - 25 մարտի, 2021