ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց հաղթանակով. ԿԳՄՍՆ

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց հաղթանակով. ԿԳՄՍՆ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել:   Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները:     ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում. «Համբարձումը կամային բարձր որակներ և ֆանտաստիկ տրամադրվածություն դրսևորեց: Մրցակիցը բարձրահասակ էր, պետք էր ներքևից աշխատել, բայց առաջին ռաունդում այդպես չարեց ու պարտվեց 2-3 հաշվով: Երկրորդ ռաունդում արդեն կիրառեց շատ գրագետ մարտավարություն, իսկ երրորդ ռաունդում աշխատեց ֆիզիկական պատրաստվածությունը: Իրեն շատ լավ էր զգում, իսկ մոլդովացին հոգնել էր: Կարևորը՝ պատրաստ է և նպատակամղված»:   ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մրցումային երկրորդ օրը վատը չէր. «Մեր հարվածային ուժերը դեռ ռեզերվում են»:       Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը:  
20:02 - 24 մայիսի, 2022
ԿԳՄՍ փոխնախարարները Վալերի Ֆրելանդի և Էլզա Ուրիզվերեայի հետ քննարկել են հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

ԿԳՄՍ փոխնախարարները Վալերի Ֆրելանդի և Էլզա Ուրիզվերեայի հետ քննարկել են հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

ՀՀ կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 23-ին հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտ­պանության միջազգային դաշինքի (ALIPH - International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հան­դիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգաց­ման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցութ­յան բաժնի պետ Վարդուհի Սահակյանը: Հանդիպման ընթացքում փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը կարևորել են համագործակցությունը Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ և համապատասխան ծրագրեր ներկայացնելու պատրաստակամություն հայտնել՝ հետագա գործակցության իրականացման նպատակով: Վալերի Ֆրելանդն իր հերթին ներկայացրել է դաշինքի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն   հիմնադրվել է 2017 թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությամբ՝ միտված կոնֆլիկտային և հակամարտային ու հետհակամարտային տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանութ­յանը։ Նրա խոսքով՝ դաշինքը ֆինանսավորում են ութ երկրներ (Ֆրանսիա, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Լյուքսեմբուրգ, Չինաստան, Մարոկկո, Մոնակո) և չորս մասնավոր դոնորներ։ Նշվել է, որ հիմնադրումից ի վեր դաշինքը գործունեություն է իրականացրել շուրջ 30 երկրում՝ ֆինանսական և գիտական օժանդակություն ցուցաբերելով տարբեր հուշարձանների, թանգարանների ու դրանց հավաքածուների, ձեռագրերի ու արխիվների և ոչ նյութական ժառանգության պաշտպանության և վերա­կանգնման համար: Վալերի Ֆրելանդի խոսքով՝ Արցախում մշակութային հուշարձանների վերանորոգման ծրագրերում դաշինքը դիտարկում է ֆրանսիական «Œuvre d’Orient» ՀԿ-ն (քրիստոնեական հուշարձանների վերանորոգմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն) ներգրավելու հնարավորությունը։ Վալերի Ֆրելանդը փաստել է՝ Հայաստանում դաշինքը նպատակ ունի իրագործել հետևյալ ծրագրերը՝ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի (Institut national du patrimoine) օժանդակությամբ ու հայ և ֆրանսիացի մասնագետների հետ Սյունիքի մարզում 17-18 դդ. Անապատ վանքի վերանորոգում և Հայաստանում հայկական պատմամշակութային հաստատություննե­րի պահպանման, ամրապնդման և թվայնացման աշխատանքների իրակա­նա­ցում։
18:44 - 23 մայիսի, 2022
Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|

Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|

hetq.am: Այս տարի ամենապահանջված բուհական մասնագիտությունները հինգն են՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», ԵՊՀ-ի «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ», այս մասին մայիսի 19-ին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։  Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանն անդրադարձան պահանջված եւ չպահանջված մասնագիտություններին, ինչպես նաեւ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող հարցերին։ Հայկուհի Գեւորգյանը ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների վերաբերյալ ասաց, որ համեմատելով անցած տարիների ցուցանիշներին՝ կարող են ասել, որ պատկերը գրեթե անփոփոխ է, սակայն մասնագիտության ընտրության սկզբունքն է տարբեր։  Նախկինում դիմորդներն ընտրում էին առարկաներ, քննությունների հիման վրա ընդունվում բուհի այս կամ այն բաժիը, իսկ վերջին երկու տարվա ընթացքում դիմորդը կոնկրետ մասնագիտություն է ընտրում եւ միայն այդ առարկայի համար էլ հանձնում է քննությունները։ Անդրադառնալով աշխատաշուկայի պահանջներին, Գեւորգյանն ասաց, որ դիմորդների տեսանկյունից բժշկական մասնագիտություն ընտրածների թվաքանակը շատ է, սակայն մասնագետների պահանջարկն ավելի մեծ է մարզերում, իսկ Երեւանում հետագայում աշխատանքի տեղավորման հարց կառաջանա։ Նրա խոսքով՝ բժշկական ոլորտի բոլոր մասնագիտությունների համար պահանջարկ կա մարզերում, ինչը վերաբերում է նաեւ միջին մասնագիտական ուսհաստատություններին։ Անդրադառնալով երկրորդ՝ ամենաշատ դիմորդներ ունեցող մասնագիտությանը՝ «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», նշեց, որ պարզ չէ, թե որ ուղղությունն են ընտրել դիմորդները հետագայում աշխատանք գտնելու համար։ Ըստ Գեւորգյանի՝ գրավիչ են դարձել միջին մասնագիտական եւ արհեստագործական մասնագիտությունները, եւ աշակերտների ընտրությունը դեպի միջին մասնագիտական եւ արհեստագործական ոլորտներ, փոխվել է։ «Փոխվել է հասարակության պատկերացումներն աշխատաշուկայի, կրթության  եւ մասնագիտությունների նկատմամբ,- ասաց «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավարը,- հասարակության մեջ դեռեւս կա այն կարծրատիպը, թե միջին մասնագիտական եւ արհեստագործական կենտրոնները ոչ գերազանցության կենտրոններ են, այսինքն եթե աշակերտը չի ունենում բավարար գիտելիքներ բուհերի համար, պիտի կրթությունը շարունակի քոլեջներում, ուսումնարաններում»։ Թեհմինե Կարախանյանը ներկայացրեց աշակերտների հետ տարվող աշխատանքները մասնագիտության ընտրության, կողմնորոշման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ թեեւ 2013թ.-ից կա համագործակցություն մասնագիտական կենտրոնների եւ ԿԳՄՍՆ-ի հետ, սակայն պետք է զարկ տալ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ պարտադիր դասընթացների անցկացմանը դպրոցներում։ Նրա խոսքով՝ խմբակներից մեկը, որը պարտադիր կլինի սովորողների համար, կլինի մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, եւ պարտադիր կլինի 7,8-րդ դասարաններից սկսված մինչեւ 12-րդ դասարան։ Խմբակներում աշխատանքները պետք է իրականացնեն սոցմանկավարժները, հոգեբանները, ՄԿՈՒ տնօրենները, իսկ այն դպրոցներում որտեղ չկան մասնագետներ, տնօրինության որոշմամբ՝ կընտրվի մասնագետ։  Այս տարի ծրագիրը փորձնական ձեւով իրականացվել է Տավուշի մարզում՝ «Հանրակրթության պետական չափորոշչի» հետ համատեղ։ Այն հաջողությամբ իրականացվելու դեպքում՝ պարտադիր կդառնա հանրակրթական բոլոր դպրոցների համար։ 2023-24 թթ. ուստարում դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր։ Դասընթացը հնարավորություն կտա տեղեկացնել երեխային մասնագիտությունների, աշխատաշուկայի մրցակցային լինելու մասին։ Ծրագիրն իրականացվելու է ուստարվա ամբողջ ընթացքում՝ շաբաթական մեկ ժամով։  Գեւորգյանի խոսքով՝  ծրագրի շրջանակում արտադասարանական հանդիպումներ պետք  է իրականացվեն գործատուների, համայնքում հաջողած գործարարների հետ, հանդիպումներ կլինեն ծնողների հետ, որոնք կդառնան մենթոր երեխայի համար։ Գեւորգյանը կարեւորեց ՄԿՈւ-ներում կարիերայի կենտրոնների բացմանը, ասաց, որ 2021-2022 թթ. 96 հաստատությունների շրջանավարտների 40%-ը գտել է իր մասնագիտությամբ աշխատանք, որը բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ տարիների հետ։ «Բոլորիս համար պարզ է, եթե մասնագետը չգիտի՝ իրենից ինչ է պահանջում աշխատաշուկան, չի կարող լինել ավելի զինված հմտություններով եւ կարողություններով»։ Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան պահանջված մասնագետների պակասին, Գեւորգյանը տեղեկացրեց, որ որակավորում ունեցող մասնագետների պակաս կա գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաեւ մանկավարժական մասնագիտությունների ոլորտում Ըստ նրա՝ մանկավարժների պահանջարկ լինելու է առաջիկա մի քանի տարիների ընթացքում, նշեց, որ Մանկավարժական համալսարանում այս տարվա դիմորդներից ֆիզիկա եւ քիմիա առարկաների համար կա մեկական դիմորդ։ Որպես լուծում՝ առաջարկում  է վերանայել նպատակային ուսուցման կարգը եւ պետական պատվերի իջեցման գործընթացը։
16:16 - 23 մայիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը մայիսի 20-ին ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,  Հանդիպմանը ներկա են եղել Լիտվայի Հանրապետության  փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլք։ «Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել Լիտվայի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին այցելության և համագործակցության համար։ Նրանք շեշտել են, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարելավմանը, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է միջկառավարական ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև առաջարկել է քննարկել կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ գիտության, կրթության և սպորտի բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հիմքեր՝ փոխգործակցության առավել առաջմղման և հայ-լիտվական հարաբերությունների խորացման համար։ Նա կարևորել է Լիտվայի փորձը և լավագույն փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ Առաջարկվել է սերտացնել համագործակցությունը երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, իրականացնել համատեղ տեղեկատվական նիստեր, դիտարկել թվային դիպլոմների (e-passport) տրամադրման հնարավորությունը: Նշվում է, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով հյուրերին և նշելով, որ կրթությունը ՀՀ-ում գերակա ոլորտ է, ներկայացրել է կրթության ոլորտում արված փոփոխությունները և երկու երկրների բուհերի միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Կարեն Թռչունյանն ընդգծել է նաև հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։ «Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիտվական կողմը ևս հետաքրքրված է ՀՀ-ի հետ իրականացվելիք ծրագրերով։ Նա առաջարկել է ակտիվացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը, կրկնակի դիպլոմների տրամադրման և կադրերի վերապատրաստման կազմակերպման հնարավորությունը»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ՝ հավելելվ, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխադարձ շարժունությանը, կարճաժամկետ պրակտիկաներին, Լիտվայի համալսարանի հենքի վրա հայագիտական կենտրոնի ստեղծմանը, ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր:
21:57 - 20 մայիսի, 2022
Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Վարդան Քալանթարյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարին համագործակցության համար՝ հուշարձանների պահպանության գործում կարևորելով մասնավոր հատվածի աջակցությունը պետությանը: Բարերար Վարդան Քալանթարյանը նշել է, որ ծնունդով Չորաթան գյուղից է, և եկեղեցու վերականգնման աշխատանքներին ուղղված քայլերը նախաձեռնել է դեռևս 2014 թ.-ից: Վերականգնման նախագիծն արդեն համաձայնեցվել է, բացվել է խորանը, պեղումներն իրականացվել են, և դրանց արդյունքում պարզվել է՝ 16-րդ դարով թվագրվող եկեղեցին իրականում 13-րդ դարի կառույց է: «Ամենայն հարգանք տածելով մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ՝ հինը պետք է պահպանենք և ավելացնենք նորը»,- ասել է բարերարը՝ հավելելով, որ այս ընթացքում եկեղեցու հարակից տարածքը ձեռք է բերվել, և վերականգնումից հետո եկեղեցին կդառնա գործող՝ շահագրգիռ բոլոր կողմերի նախնական համաձայնությամբ: Ի պատասխան՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն արձանագրել է. «Շատ ուրախալի է, որ մարդիկ չեն մոռանում իրենց ծննդավայրը, և դրա արդյունքում շահում է նաև հուշարձանը»: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ, հետագայում բարերարի ջանքերով այն գրանցվել է համայնքի անունով: Տարածքում նախատեսվում է կառուցել նաև զանգաշտարակ և հոգևորականի կացարան»,- ասված է հաղորդագրությունում։
14:25 - 20 մայիսի, 2022
Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում


 |armenpress.am|

Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում |armenpress.am|

armenpress.am: Այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընդունելության կարգում փոփոխություններ են եղել, որով նախատեսված է միասնական քննությունները հանձնել երկու հատ: Նախկինում ավելի շատ գերիշխում էր մեկ քննությունով ընդունվելը: «Մայիսի 10-ին ավարտվել է հայտագրումը: Արդյունքներն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից: 5 հազար 587 դիմորդ է դիմել այս առարկայից քննությունն հանձնելու համար: Երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5 հազար 429, երրորդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկան է՝ 5 հազար 253 դիմորդ»,-ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները այս տարի շրջելով բոլոր մարզերում, 12-րդ դասարան ունեցող դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել են նոր կարգը: Ամեն դեպքում կան դիմորդներ, որոնք նախանշված ժամկետում չեն հայտագրվել: Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն դիմել են ԿԳՄՍ նախարարին: Համատեղ քննարկման ընթացքում որոշում կկայացվի: Ի՞նչն է պատճառը, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնող դիմորդների թիվն այդքան մեծ է: Կարո Նասիբյանի խոսքով՝ երբ դիտարկում ենք մասնագիտությունների ցանկը, ապա տեսնում ենք, որ չնչին բացառությամբ «Անգլերեն» առարկայից քննության պահանջ նշված է գրեթե բոլոր մասնագիտությունների գծով: Դրանից բացի,  ըստ Կարո Նասիբյանի, տարիների փորձը ցույց է տալիս, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողներն ավելի բարձր միավորներ են ստանում: Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես,  առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու: «Ունենք մասնագիտություններ, որոնք ընդհանրապես չեն դիմել: Խոսքը, մոտավորապես, 160 մասնագիտությունների մասին է: Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում: Դիմորդ չկա ջութակի, դիրիժորական բաժնում»,- ասաց Կարո Նասիբյանը: Այս տարի ավելացել է քննական կենտրոնների թիվը: Եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը: Ավելացված քննական կենտրոնները գործելու են Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում, Երևանում: 
15:17 - 19 մայիսի, 2022
Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն. աշխատանքները մեկնարկել են

Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն. աշխատանքները մեկնարկել են

Մեկնարկում են 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձաններ՝ վերականգնման աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքային խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Այցին ներկա էին նաև վերականգնման, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենությունը: Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղը՝ կառուցված 19-րդ դարի վերջին (1896 թ.), Դիլիջանի ամենահին շինություններից է: Ճարտարապետական այս կառույցի վթարային վիճակը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2024 թ.: Այցի ընթացքում թանգարանի տնօրենության հետ քննարկվել են հուշարձան շենքի ճարտարապետական առանձնահատկությունների պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր: Դիլիջան համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավիթի տանիքածածկերի նորոգման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ աշխատանքային այցի ընթացքում արձանագրվել են համալիրի գավիթի ծածկասալերի փոխարինման անհրաժեշտությունը, ճեմասրահի անցման կամարակապ թաղի վթարային վիճակը: Քննարկվել է նաև համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցու գրատուն-զանգակատան թմբուկների վերականգնման հնարավորությունը: Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքում մասնագետներն անդրադարձել են 2022 թ. նախատեսված միանավ սրահի կենտրոնական թաղի վերականգնման աշխատանքներում կիրառվող նյութերի և շինհրապարակի կազմակերպմանն առնչվող խնդիրներին: Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի այցելության ժամանակ քննարկման առանցքում էին տանիքի լանջերի արևմտյան հատվածի նորոգումը, տարածքի մաքրման և բարեկարգման անհրաժեշտությունը: Հընթացս իրականացվել է տեղազննություն համալիրի հարավային մասում գտնվող Արղության Երկայնաբազուկների և Զաքարյան իշխանների դամբարանների հատվածում: Ուսումնասիրվել են իրականացված աշխատանքներն ու պեղումների արդյունքները: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ նշյալ հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել են հետևյալ միջոցները՝ 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 735 052 ՀՀ դրամ. 2. ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 544 096 ՀՀ դրամ. 3. ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 392 074 ՀՀ դրամ. 4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 300 000 ՀՀ դրամ:
14:05 - 19 մայիսի, 2022
Թանգարանների առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը. Վահրամ Դումանյան

Թանգարանների առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը. Վահրամ Դումանյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ( ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում մասնավորապես նշված է. «Սիրելի՛ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունն այդ մարտահրավերների դիմագրավման և թանգարանների կարևորագույն դերի, հնարավորությունների ուղղությամբ: 2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն առաջարկում է բացահայտել թանգարանների ուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն, որոնք կարևորագույն գործոններ են համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Պահպանելով հիմնական առաքելությունը՝ հավաքչություն, պահպանություն, կրթություն,  հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են՝ դառնալով միջգիտակարգային հանգույցներ, որոնք ավելի ինտերակտիվ են, ճկուն և համայնքակենտրոն: Ընդլայնելով իրենց դերը որպես մշակութային-կրթական կենտրոններ՝ թանգարանները թիրախավորում և հասցեագրում են արդի խնդիրները՝ վերարժևորելով իրենց հավաքածուները և ժառանգությունը, ստեղծելով ավանդույթներ, որոնք նորովի են ներկայացնում մեր անցյալը և փոխանցում նոր գաղափարներ՝ կառուցելու ավելի լուսավոր և կայուն ապագա: Անառարկելի է թանգարանների դերն ազգի պատմության հանրահռչակման, քաղաքացիական և ազգային դաստիարակության, և այս համատեքստում՝ թանգարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական ներդրումը և անձնական նվիրումը թանգարանների զարգացման և կայացման գործում: Կրկին շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ»:
13:02 - 18 մայիսի, 2022
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին կմասնակցի շուրջ 3 500 աշակերտ 450 դպրոցից

 |armenpress.am|

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին կմասնակցի շուրջ 3 500 աշակերտ 450 դպրոցից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մշակույթի գործիչների կյանքի ու գործունեության ճանաչելիությունը բարձրացնելու, աշակերտներին արվեստին առավել մոտեցնելու, նրանց գիտելիքները հարստացնելու և մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի հետ, իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ փորձում են հանրակրթությունը փոխկապակցել արտադպրոցական կրթության հետ, որովհետև դպրոցը չի կարող իր առջև դրած խնդիրը լուծել միայնակ: «Հանրակրթության պետական չափորոշիչով առաջնորդվելով՝ ձգտում ենք անել հնարավորը, որ դպրոցն ավարտելով՝ աշակերտները լինեն ակտիվ, նախաձեռնող, ստեղծարար քաղաքացիներ: Չենք կարող  այդ արդյունքին հասնել, եթե կրթության մեջ չկա պարտադիր  բաղադրիչ, որն արվեստի կրթությունն է, եթե չկա պարբերական կապ արվեստի տարբեր ճյուղերի հետ, եթե հնարավորություն չենք ընձեռում աշակերտներին զարգացնելու իրենց նախասիրությունները: Այս ծրագիրը, որն իրականացնում ենք 3-րդ տարին, թույլ է տալիս արձագանքել ամենաբազմազան խնդիրներին և դրանց հասցեագրմանը»,- շեշտեց փոխնախարարը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հիշեցրեց՝ հաճախ ենք խոսում անընդունելի բարքերի, մարդկային հարաբերությունների մեջ համապատասխան մշակույթի, պետականության, հայրենասիրության և այլ կարևոր արժեքների բացակայության մասին: Ըստ Խզմալյանի՝ չի կարելի բարձրագույն արժեքների մասին խոսել՝ առանց մշակութային հենքի: «Առանց կիրթ, մշակված լինելու այդ ամենին անդրադառնալը նշանակում է զբաղվել դատարկաբանությամբ: Այս նախագծերով փորձում ենք ձևավորել վաղվա քաղաքացուն, նրա վերաբերմունքը, մտածողությունը, աշխարհայացքը»,- ընդգծեց Խզմալյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում Երևանի և տարբեր մարզերի աշակերտները կհանդիպեն և՛ հասուն, և՛ երիտասարդ սերնդի այնպիսի արվեստագետների, որոնք իրենց անցած ճանապարհով, իրենց գործունեությամբ այդ հաջողության ու արժեքների հաստատողն են: «Երբ խոսում ենք այն մասին, որ պատանի սերնդի մեջ արժեքաբանական խախտում կա, մոռանում ենք, որ այդտեղ պետք է ավագներին մեղադրել: Ինչո՞վ ենք մենք լցնում պատանու, երիտասարդի տեղեկատվական դաշտը: Բնությունը դատարկություն չի սիրում: Եթե մենք այնտեղ դրական բովանդակություն չենք ձևավորում, կասկածելի արժեքներ են ձևավորվում: Նմանատիպ ծրագրերով մշակութային կրթության, ժամանցի, գիտելիքի խնդիրներն ենք կարգավորում, լուծում ենք մեր արվեստագետների ճանաչելիության և հանրային վարկանիշի հարցը»,- ասաց փոխնախարարը: Նա հիշեցրեց, որ նախարարությունը հաջողությամբ իրականացնում է  նաև «ԴասԱ», «Դասարան պլյուս դասական», «Զարդագիր» կրթամշակութային ծրագրերը, իսկ առաջիկայում կիրագործի «Դասարվեստ» նախագիծը, որի շրջանակում Ազգային պատկերասրահի որևէ կտավ պետք է դուրս գա այնտեղից, մուտք գործի դպրոց, և դպրոցում այդ արժեքի շուրջ կազմակերպվեն քննարկումներ, դասախոսություններ: «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը նշեց, որ ծրագիրն արդեն մեկնարկել է, և ձևաչափը  հաջող է, քանի որ մասնակից աշակերտները ոգևորված են եղել: «Շուրջ 50 արվեստագետ կմասնակցի հանդիպում-քննարկումներին, որոնք աշակերտների համար կբացահայտեն կերպարվեստի, երգարվեստի, պարի, թատրոնի, գրականության և արվեստի այլ ճյուղերի գաղտնիքները: Հույս ունենք, որ ծրագիրը շարունակական բնույթ կունենա, և արվեստագետների շարքը կհամալրվի: Նախաձեռնությանը կմասնակցի շուրջ 3 500 դպրոցական՝ 450 դպրոցից, Երևանից և ՀՀ մարզերից։ Հանդիպումները կանցկացվեն մշակութային հաստատություններում ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի բեմադրությունը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը»,-հայտնեց նա ու հավելեց՝ բոլոր հանդիպումները կնկարահանվեն, կպատրաստվեն հեռուստահաղորդումներ, որոնք կընդգրկեն նաև տվյալ արվեստագետի մասին պատմող ճանաչողական տեսահոլովակ: Ասուլիսին ելույթ ունեցան նաև «Մեկնարկ» տաղանդի զարգացման  նպատակային ծրագրի անդամներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահարներ Արթուր Գրիգորյանը և Արմեն  Պուչինյանը:
15:49 - 17 մայիսի, 2022
Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար

Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է բոլորին՝ մայիսի 18-ին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: 2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում,  նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ: Այս տարի ևս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի  125 թանգարաններ: Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի  21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն:
13:34 - 17 մայիսի, 2022
Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ արդյունքներն ավելի քան գոհացնող են: «Բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել: Մեր մարզիկները մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ և ձախ ձեռքով»,- ասում է Սարգիս Ստեփանյանը և ընդգծում՝ առաջնության մասնակիցներից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Ֆեդերացիայի նախագահը փաստում է, որ հատկապես ուրախացրել է Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը. «Սարգիսը, որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում է հաշմանդամություն ձեռք բերել, աջ ձեռքով ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Երկար տարիներ է, ինչ մրցակիցը մարզվում է ու բավականին փորձառու է»: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը 14 մարզիկ է մասնակցել: Մարզիկներն արդեն Երևանում են:
11:42 - 17 մայիսի, 2022
ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականների հերթական հաջողությունները Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 16 երկրի 116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան), Հայկ Աղեկյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան)։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։ Օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Հայկ Աղեկյանը՝ բրոնզե մեդալի: Նախորդ՝ 55-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձևաչափով, Լեոնիդ Ասատրյանը և Հայկ Աղեկյանը նվաճել էին բրոնզե մեդալներ: Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 37 մեդալների (1 ոսկե, 6 արծաթե և 30 բրոնզե):
16:06 - 16 մայիսի, 2022
Պետք է վստահ լինել՝ ուսուցիչն ունի առարկայական գիտելիք դասավանդվող առարկայից․ ԿԳՄՍ փոխնախարար

Պետք է վստահ լինել՝ ուսուցիչն ունի առարկայական գիտելիք դասավանդվող առարկայից․ ԿԳՄՍ փոխնախարար

Այսօրվանից՝ մայիսի 16-ից, մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև 2021-2022թթ․ ուստարվա ավարտին, տեղեկացրեց, որ 5-օրյա ռեժիմով սովորողների համար ավարտական օրը կլինի հունիսի 23-ը, տեղի կուենան վերջին դասի արարողությունը։ 6-օրյա ռեժիմի դեպքում՝ վերջին դասը կլինի հունիսի 6-ին։ Այս տարի 12-րդ դասարանը կավարտի 21 հազար երեխա, իսկ 9-րդ դասարանը՝ 34 հազար 500։ 4-րդ դասարանցիների համար գիտելիքի ստուգման օրեր կլինեն հունիսի 10-ը և 13-ը։ 9-րդ դասարանցիները 2 կենտրոնացված քննություն կհանձնեն՝ «Հայոց լեզվից» և «Մաթեմատիկայից»։ «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, իսկ «Մաթեմատիկայինը»՝ հունիսի 30-ին, հունիսի 8-ից կիրականացվեն այլ առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում։ 12-րդ դասարանի ավարտական քննությունները կլինեն «Հայոց լեզու և գրականության» հունիսի 8-ին, «Պատմություն» առարկայինը՝ հունիսի 15, «Մաթեմատիկայինը»՝ հունիսի 22-ին, առաջիկայում կհրապարակվեն միասնական քննությունների օրերը։ Նոր ուսումնական տարում 1-ին դասարանցիների գրանցումը նորից կլինի առցանց համակարգով, որը կիրառվել է 2021-2022 թթ․-ին։ Հունիսի 21-ից առցանց հայտագրման ծրագիրը բաց կլինի առաջնահերթություն ունեցող աշակերտների համար, որոնք տվյալ դպրոցում ունեն արդեն իսկ սովորող քույր կամ եղբայր կամ աշխատող ծնող։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում, իսկ հուլիսի 6-ից հայտագրումը կիրականացվի հայերեն ուսուցում իրականացվող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր 1-ին դասարանցիների համար, հունիսի 12-ից կկարողանան դիմել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացիություն ունեցող կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող երեխաների համար, որոնց ուսուցումը կարող է լինել ոչ հայերենով։ Հայտագրման համակարգը գործելու է ողջ ուստարվա ընթացքում։ Անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, Անդրեասյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դրույքաչափի փոփոխություն կլինի, 1 դրույքի համար փոփոխություն է սահմանվել 200 հազար դրամի չափով և դրան կգումարվի նաև 30-50 տոկոս հավելավճարը։ Հայտագրման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 7-ը ներառյալ, ուսուցիչները կկարողանան ներկայացնել հայտերը։ Էլեկրոնային մատյանում ակտիվացել է սյունակ, որտեղ ուսուցիչը կարող է նշել կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկության մասին։ Բուն ատեստավորման գործընթացը կիրականացվի սեպտեմբերին։ Հոկտեմբերից սկսված՝ ըստ ցուցաբերած արդյունքների, աշխատավաձը կփոփոխվի։ Ատեստավորման կարող են դիմել 5-12-րդ դասարանում դասավանդող բոլոր առարկաների ուսուցիչները, ատեստավորումն ընթանալու է հիմնականում թեստային եղանակով, իսկ «ՆԶՊ», «Երաժշտություն», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա» առարկների դեպքում այլ բնույթով։ «Պատմություն» առարկայի դեպքում ուսուցիչները կարող են ընտրել ատեստավորման թեստային և ոչ թեստային տարբերակը։ Անդրադառնալով կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրացվող հարցերին՝ փոխնախարարը ասաց, որ երբեք չեն ասել, որ կամավոր ատեստավորման արդյունքում պարզում են՝ որ ուսուցիչն է լավը, որը՝ վատը։ Նրա խոսքով՝ լավ ուսուցիչ լինելու համար պետք է ունենալ թե՛ անհրաժեշտ գիտելիքը, թե՛ անհրաժեշտ մանկավարժական հմտությունները, թե՛ նաև այն փորձառությունը, որը թույլ է տալիս ցանկացած դասարանում, ցանկացած դժվարություններ պարունակող իրավիճակներում որպես մանկավարժ ճիշտ դրսևորվել․ «Կամավոր ատեստավորումն ունի մեկ նպատակ՝ դրա նվազագույն շեմը պարզել, իսկ նվազագույն շեմը իմացությունն է այն առարկայի, որը դասավանդում ես։ Եթե սկզբնական գիտելինքերի շտեմարանը չի համապատասխանում այն առարկային, որը դասավնադում ես, եթե ֆիզիկա ես դասավանդում, բայց ֆիզիկա չգիտես, ապա քո մանկավարժական հմտություններն ու երեխաների հետ հետադարձ կապի ապահովումը չեն կարող համարվել բավարար պետության կողմից, և չի կարող դիտվել որպես առանց խնդրիների իրավիճակ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
16:01 - 16 մայիսի, 2022
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի նպատակներից է խթանել ազնիվ պայքարում մրցելու կամքը և թիմային ոգին. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի նպատակներից է խթանել ազնիվ պայքարում մրցելու կամքը և թիմային ոգին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մեկնարկի և պարգևատրման արարողությանը, որն անցկացվել է Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ փոխնախարարներ Կարեն Գիլոյանը և Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք: Մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի դպրոցի մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ: «Հարգելի՛ ներկաներ, նախ ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ շատ գոհ եմ, որ միասին այսօր այս միջոցառումը կազմակերպեցինք: Մենք հաղթողներին ողջունեցինք, բայց կխնդրեմ, որ շատ բուռն ծափերով ողջունենք նաև մեր մյուս մասնակիցներին՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Արցախի, Գեղարքունիքի, Երևանի, Կոտայքի և Տավուշի գեղեցիկ թիմերին: Ուզում եմ նաև, որ մենք հեռակա ողջունենք այն բոլոր դպրոցների թիմերին, որոնք մասնակցել են ընտրական փուլին: Ջերմ և բուռն ողջույններ՝ մեր մրցավարական թիմին, որի ամենակարևոր պարտավորությունն է ապահովել մրցման արդարությունը և ճշգրտությունը: Քննարկումների արդյունքում նախ արձանագրեցինք, որ սա շատ լավ և կարևոր նախաձեռնություն է: Մտածում էինք, որ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցումների շարք է Հայաստանում տեղի ունենում, և այդ շարքը, ինչպես տեսնում եք, ընդլայնվում է: Որն է սրա նպատակը. նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, նպատակը՝ խթանել առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը, հաղթանակի կամք քաջալերել բոլոր ոլորտներում և, ի վերջո, մարդկանց մոտեցնել իրար: Մեր բոլոր մրցումներին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հույս ունեմ, և նախարարությունն էլ խոստանում է, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա: Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ չի զարգացած, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում, թիմային տրամաբանությունը, գործակցության, համագործակցության տրամաբանությունն այնքան էլ լավ չի զարգացած: Սրա մեջ, ի միջի այլոց, կա ճշմարտություն. մենք դա տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած այլ ոլորտներում: Եվ մենք մտածում էինք, որ պետք է, բացի վերը նշվածից, նաև թիմային ոգին զարգացնող մարզաձևից իրականացնենք այս դպրոցական գավաթը: Երբ թիմային ձևի մասին մտածում ենք՝ առաջին միտքը գալիս է ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Հաջորդ պահին հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որ դրա համար ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մարզադաշտ, դահլիճներ, ուրիշները՝ չունեն: Հետևաբար, ուզում էինք այնպիսի մի մրցում իրականացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներին և դպրոցականներին հասանելի լինի։ Հաջորդը՝ սովորաբար վազքն անհատական մրցաձև է համարվում։ Մենք փորձեցինք գտնել այն ձևը, որը զուտ թիմային է։ Ինչպես նկատեցիք, «Վարչապետի գավաթի» խաղարկության պարագայում անհատական ցուցանիշները հաշվի են առնվում միայն թիմային ընդհանուր ցուցանիշի տրամաբանության մեջ, և հաղթում է այն թիմը, որի բոլոր մասնակիցների ցուցանիշները նվազագույնն են։ Այսինքն` թիմն ամբողջությամբ առաջ է անցել։ Կանոններով սահմանված էր, որ եթե թիմից նույնիսկ մի հոգի չի հասնում եզրագծին, թիմն ամբողջությամբ դուրս է մնում մրցանակների համար պայքարից։ Մենք տեսանք այդ թիմային տրամաբանությունը։ Ես հիշում եմ արմավիրցի այն աղջնակին, որը եզրագծին հասավ լացելով։ Ես հետո իրեն հարցնում եմ` ինչո՞ւ էիր լացում, ասում է՝ որովհետև կողքս ցավում էր։ Բայց ինքը հանուն իր թիմի հարկ համարեց, որ նույնիսկ իր կողքը ցավելու վիճակով՝ եզրագիծը հատի։ Սա թիմային տրամաբանության ամենավառ արտահայտությունն էր, և ուզում եմ, որ աղջնակին մենք անպայման ծափահարենք դրա համար։ Այս ընթացքում մենք նաև որոշումներ կայացրեցինք։ Որոշեցինք, որ այս մրցաշարն ամեն տարի տեղի կունենա այս նույն վայրում, այսինքն` մայրուղուց Պարզ լիճ ընկած տարածությունում։ Երթուղիները կոնկրետ ինչպես կորոշվեն, դա արդեն մասնագետներն ամեն տարի կանեն։ Հաջորդ տարիներին կփորձենք մեր բոլոր մրցումների մրցավարությունը մաքսիմալ էլեկտրոնային դարձնել, որպեսզի մեր մրցավարներն ավելի հեշտ աշխատեն և շատ չչարչարվեն։ Հաջորդ խնդիրը, որ կրկին մրցաշարի մասնակիցների հետ քննարկումներով որոշեցինք, հետևյալն է` հաջորդ տարի՝ բուն մրցման նախորդ օրը, կկազմակերպենք ճամբար։ Այսինքն` թիմերը կմոտենան այս տարածքին նախորդ օրը: Մրցավարները, մյուսները, մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն այստեղ, կծանոթանան վազքուղուն, գուցե մարզվեն, նախնական մարզում իրականացնեն։ Երեկոյան կունենանք ճամբար, թիմերն իրար հետ կծանոթանան, կշփվեն։ Այսինքն` կգիշերեն այս տարածքում, կտեսնենք՝ կամ վրանային ավան կլինի, կամ այլ պայմաններ կստեղծվեն։ Հաջորդ օրը տեղի կունենա բուն մրցույթը` արդեն նույն տրամաբանության մեջ։ Մենք նաև մասնակիցներից, երեխաներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի են տարածության և երկարության մասին, նրանցից մի մասն ասաց, որ երկար է, մի մասը՝ կարճ։ Որոշեցինք, որ կուսումնասիրենք դպրոցական տարիքի երեխաների համար միջազգային ստանդարտներով սահմանված ամենաերկար, ուշադրություն դարձրեք` ոչ թե ամենակարճ, այլ ամենաերկար տարածությունը, և հաջորդ տարի մրցումը կիրականացնենք այդ տարածությամբ։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա մրցաշար է թիմային տրամաբանության մասին, որովհետև հաղթում է թիմը, և բոլոր թիմերն այսօր հաղթող են, որովհետև նրանք դուրս են եկել դեմ հանդիման այս փորձությանը, և բոլորը պատվով հաղթել են։ Ուզում եմ հիշեցնել, որ ներկաները, այստեղ բոլորը հաղթող են, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իրենց մարզում, Արցախի թիմն էլ՝ Արցախում, հաղթել են և այստեղ են եկել որպես հաղթող։ Սա նշանակում է` նրանք թիմային ոգով տոգորված, հաղթանակի կամքով տոգորված մարդիկ են, քաղաքացի են։ Եվ ահա մեր դպրոցականներին, աշակերտներին, քաղաքացիներին այդ ոգով տոգորելով՝ մենք մեզ, բոլորիս էներգիա ենք տալիս, հույս ենք տալիս, բոլորով ի ցույց ենք դնում մեր կամքը և վճռականությունը, որ Հայաստանն իսկապես լինելու է ազատ և երջանիկ երկիր, Արցախը լինելու է ազատ և երջանիկ։ Եվ ահա այստեղ են այդ ազատությունը և երջանկությունն այսօր կերտող և վաղը վայելող մեր սերունդները, մեր երեխաները, մեր եղբայրները և քույրերը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրապես տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն»։ Միջոցառմանը մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել: Մրցաշարի պարգևատրման ֆոնդը կազմել է 14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են ստացել ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար ստացել են, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100-հազարական դրամ աշակերտները, 300 հազար դրամ ուսուցիչը և 75- հազարական դրամ աշակերտները:
17:25 - 14 մայիսի, 2022