#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել

Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել շատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակն առաջնորդող Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել։  Հիշեցնենք, որ Ասլանյանը 2021 թ․ դեկտեմբերի 15-ին ձերբակալվել և որպես մեղադրյալ է ներգրավվել, ըստ ՔԿ-ի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար։ Նա կալանավորվել է 2021-ի դեկտեմբերի 16-ին։ Այս տարվա հունիսի 13-ին էլ ՀՀ վարչապետի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը։ ԱԺ ընդունած նոր օրենքով մինչև համայնքի նոր ղեկավար ընտրվելը վարչապետը ավագանու անդամներից կարող է նշանակել պաշտոնակատար: Ըստ ընդդիմադիրների՝ այս օրենքի ընդունումը հենց Վանաձորի նախկին ղեկավարից՝ Մամիկոն Ասլանյանից ձերբազատվելու համար էր: Ասլանյանի հայտարարությունը վերաբերում է հունիսի 23-ին հրավիրված Վանաձորի ավագանու նիստին, որը, սակայն, չէր կայացել քվորման բացակայության պատճառով։  Ասլանյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ. Համբերությամբ լցված սպասեցինք, որպեսզի որոշակիորեն հանդարտվի նախորդ օրերի 2,5 միլիարդանոց «օճառային օպերան», որ հասկանանք, թե մեղադրող կողմերի դրամատիկ ցինիզմի աստիճանն ինչ չափերի է հասնում: Փորձենք պարզաբանել անպարզաբանելին... Վերջերս, Վանաձորում «համայնքանպաստ» աննախադեպ հռետորաբանությամբ ավագանու նիստի հրավերք էին իրազեկել։ Դա այն դեպքում, երբ նախորդ ողջ ընթացքում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից նախաձեռնած նույնաբովանդակ նիստերի կազմակերպումը մերժվել էր անհասկանալի պարզաբանումներով: Նաև, փաստաթղթային տարբերակով, քաղաքապետարանը «հիմնավորել» էր մերժումը՝ նիստի գումարումը համարելով անօրինական, քանի որ մեր քաղաքին ու Հանրապետությանը հայտնի մի գործչի հատուցանելի (утром жалоба-вечером должность) ծառայությունների դիմաց դատարանը արգելանք էր դրել նիստեր անցկացնելու վրա: Դեռ ավելին, կողպվել էին նիստերի դահլիճի դռները, որպեսզի ավագանու անդամների մուտքը սահմանափակվի։ Եթե նիստերի անցկացումը թույլատրվեր, ապա համայնքը կձևավորվեր, կունենար համայնքի ղեկավար, իսկ բյուջեն կհաստատվեր դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին: Իրավական առումով ոչինչ չի փոխվել, հետևաբար ի՞նչ սկզբունքով կամ ի՞նչ անսկզբունքայնությամբ էր նիստ գումարվելու. առաջին հայացքից հասկանալի չի, մանավանդ, մեծ ծրագրեր պլանավորելու համար արդեն բավականին ուշ է, նույնիսկ իրերի հաջող ընթացքի պարագայում ծրագրերի իրականացումը ֆինանսական և օրացույցային այս տարում բացառված է (ծրագրերի հաստատում, նախագծա-նախահաշվային աշխատանքներ, մրցույթներ, աշխատանքների իրականացում), հետո էլ այդ թմբկահարվող գումարի կեսից ավելին համայնքի ներդրման չափն է: Այդ գումարը համայնքից ոչ ոք չի կարող տանել և այդ գումարը ենթակա է տնօրինման համայնքի կողմից, համայնքի կարիքների համար: Եվ ուրեմն, այդ գումարը ոչ մի տեղ չի կորչում: Ի դեպ՝ այդ գումարն արգասինքն է մեր նախորդ տարիների աշխատանքի, իսկ մյուս մասը կառավարության ենթադրվելիք ներդրման չափն է, որը ևս ցանկության դեպքում չի կորչում։ Սա նիստի չկայացումը (ոչ մեր մեղքով ու պատճառով) որպես մահազդ ներկայացնողների համար։ Նշենք նաև, որ բացի Մամիկոն Ասլանյանին ապօրինաբար կալանքի տակ պահելուց, ավագանու նիստերի վրա ապօրինի (հայտնի գործարքի դիմաց) արգելանքներ դնելուց՝ նախորդ ամիսներին նաև օրենքների մեջ խայտառակ փոփոխություններ են կատարվել, որոնցով, ապօրինաբար, ավագանուն շրջանցելով, ընտրական պրոցեսները ոտնահարելով, իշխանությունները կոպտորեն միջամտել են ՏԻՄ աշխատանքներին և փորձել են ձևավորել անօրինական իշխանություն։ Այս ողջ ընթացքում քաղաքը մատնված էր անտերության և անիշխանության, և հիմա ոմանք հիշել են, որ կա խնդիր, կա ավագանու ինստիտուտ, որ կարևոր գործառույթ ունի իրականացնելու։ Այժմ որոշ հին ու նոր, գունագեղ ու լուսատու «քաղաքասերներ», տարբեր ժամանակաշրջաններում «սատանայի փաստաբանի» դերը ստանձնած, այժմ մարող աստղերի շարքերից դեռևս կենդանության թույլ նշաններ ցույց տվող «ազնվության» դրոշակակիրներ, մի քանի չկողմնորոշվող կոչնակներ ու ուղղակի մոլորյալ քաղաքացիներ հիշել էին, որ քաղաքը սիրել է պետք ու հատուկ հանձնարարությամբ, «մատաղի» տեքստեր բաժանելով, ստանձնել էին համայնքի նկատմամբ սեր ձոնելու անփառունակ «սազանդարությունը» և գավառական շանտաժի դիմելու զավեշտալի գործելաոճը, իսկ մի այլ կացնային (топорный) թևով էլ ավագանու անդամներին էին հրավիրում պետական «դռներ», ահաբեկում ու սպառնում, թե եկեք նիստի, այլապես վատ է լինելու։ Այս նույն մարդիկ ու «մարդուհիները» ամիսներ շարունակ պահպանել են մեռելային լռություն և ականջալուր չեն եղել տեղի ունեցող սանձարձակություններին, ոմանք նաև ակտիվ դերակատարում են ունեցել մարդ «բռնել տալու» ստոր գործի և իշխանազավթման փորձի մեջ։ Այս արարի միակ սփոփիչ բաղադրիչն այն էր, որ Մամիկոն Ասլանյանին չէին սպառնացել, որ եթե նիստի չգա, վատ է լինելու... Ահաբեկիչներին, սպառնացողներին և իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում խելոք մնալ, արտահայտություններում լինել զուսպ, այլապես արտահայտչամիջոցների նկատմամբ հնարավոր են նաև վիրահատական ու գռեհիկ միջամտություններ, իսկ ավելի ցինիկներին հիշեցնենք, որ գանգատուփի մեջ տեղադրված ամեն պարունակություն ուղեղ չէ, իսկ լեզվի ամեն դայլայլ էլ հոդաբաշխ խոսք չէ։ Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, սնվեք, քայլեք, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին։ Փաստորեն, իրենք քաղաքը տանեն կոլապսի, ավագանու նիստերի վրա արգելանք դնեն, մարդ կալանավորեն, պատանդի պես պահեն, հիմա կոկորդ պատռելով այլո՞ց մեղադրեն ապօրինի նիստին չգալու և քաղաքը չշենացնելու մեջ: Մենք մեր քաղաքի ու համայնքի նկատմամբ միշտ եղել ենք պատասխանատու և մեր գործողություններով երբեք քաղաքի շահը չենք ստորադասել ոչ անձնական և, առավել ևս, ոչ էլ քաղաքական շահերին։ Չձևավորված համայնքում ի՞նչ բյուջե էին ընդունում, ի՞նչ համամասնությամբ, ի՞նչ առաջնահերթությամբ, կամ ընդհանրապես ինչպե՞ս է հիմա կոչվում կամ անվանվում գոյություն չունեցող համայնքը։ Կամ բյուջե հաստատելն այս պահին ի՞նչ կապ ուներ ապագայի սուբվենցիոն ծրագրերի հետ։ Մի՞թե կարելի է նման էժանագին մեթոդներով մարդկանց մոլորության մեջ դնել, խաբել, անարցունք լացել` բա էկեք-հասեք, նիստ արեք, այլապես կորած ենք... Այսինքն, սերը համայնքի նկատմամբ ոչ թե նախորդ տարիներին կատարված աշխատանքներն ու բազմաթիվ ծրագրերն են, ոչ թե ժովովրդի տված վստահության քվեն իրացնելն է, այլ մեր ու համայնքի նկատմամբ իրականացվող իրավական ահաբեկչությանը սատարելն ու մեր ձեռքերով մեր համաքաղաքացիների ընտրական իրավունքից բացահայտ զրկելն է։ Եվ որքանո՞վ է բարոյական համայնքի ղեկավարի թեկնածուին ապօրինի կալանավորել, թույլ չտալ նրա ընտրությունը ավագանիում, ավագանու նիստերն ապօրինի արգելել ու նրա թիմակիցներին հրավիրել դե յուրե այդ խայտառակությանը մասնակից դառնալու, դրանով նաև վաստակաշատ մարդկանց, ավագանիներին անվանարկել, պախարակել, պիտակավորել, դեռ ներկայացման անունն էլ դնել «սուբվենցիա՝ հանուն քաղաքի փրկության»: Այս նույն քարոզիչները գուցե հաշվեն, թե անցնող մի քանի ամիսներին համայնքն ի՜նչ վնասներ է կրել, ի՜նչ ծրագրեր չեն իրականացվել, ի՜նչ գումարներ չեն հավաքագրվել, ինչու՞ խոշորացված համայնքը չի ձևավորվել, ինչու՞ համայնքը բյուջե չունի, ինչու՞ են անցյալ տարվանից կիսատ ծրագրեր մնացել, այդ ու՞մ կառավարման ժամանակաշրջանի տնտեսած միջոցներով են այսօր ներդրում անում և ի՞նչ գումարների մասին է խոսքը, որով պիտի ծրագրեր իրականացվեին... Վերջապես, ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու հանրապետության երրորդ քաղաքը անիշխանության մատնելու, խոշորացված համայնքի կայացումը վիժեցնելու համար։ Այս ենթադրյալ նիստի բուն նպատակը անցած ապօրինությունները լեգիտիմացնելն էր ու մնացած ավագանիներին նվաստացնելով ներքաշելը այդ գործընթացների մեջ. այլ պատճառաբանություններն առնվազն անտրամաբանական ու ոչ օրինական են։ Մամիկոն Ասլանյան դաշինքը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ քանի դեռ համայնքում վերականգնված չեն սահմանադրական, իրավական պրոցեսները, քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, Չի՛ մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման, այդ թվում` անհասկանալի նիստերի, անորոշ քննարկումների և ընդամենը ականջին հաճելի բեմականացումների։ Երբ ամեն բան կընթանա օրենքի, ընտրական իրավունքի իրացման տրամաբանության մեջ, դաշինքը ամեն բան կանի համայնքի ներսում համերաշխության, հանդուրժողականության խաթարված մթնոլորտը վերականգնելու համար, ներողամտորեն, հանուն համայնքի, կշարունակի իրականացնել իր կողմից խոստացված ծրագրերը։ Վանաձորում և ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային, իրավապաշտպան, դիվանագիտական կազմակերպություններին և ընդհանրապես օրինապաշտ քաղաքացիներին կոչ ենք անում ցանկացած ձևաչափում բարձրացնել այս աղաղակող երևույթների մասին` հանուն մեր համայնքի և երկրի իրավական անվտանգության, հանուն օրենքի ու սահմանադրականության։ Երկար ստացվեց, բայց ստիպված էինք»։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:02 - 25 հունիսի, 2022
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին հարուցված և  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի աշխատանքները համակարգող, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 83-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի հետ՝ ընտրությունների ժամանակ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Ա. Ապրոյանի պահանջով նա նախապես ձեռք բերած տարբեր սննդամթերքն, ըստ միևնույն ապրանքատեսակների խմբաքանակի, տեղավորել է մեկական փաթեթներում և հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակից տեղափոխել Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան: Դրանից հետո Ս. Զաքոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար նույն գրասենյակի ղեկավար Ա. Ապրոյանի  հետ, նախնական համաձայնությամբ, համաձայն նախապես կազմված ցուցակի և դրանում ընդգրկված ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, 2021թ. հունիսի 8-ին և 9-ին նշված բնակարան այցելած ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է տարբեր տեսակի սննդամթերքի տեսքով կաշառք: Նախաքննության ընթացքում Ա. Ապրոյանին և Ս. Զաքոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 2021թ.դեկտեմբերի 17-ին Ս. Զաքոյանի վերաբերյալ մասն անջատվել է քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նաև Ա. Ապրոյանի մասով քրեական գործը: Դատական քննության ընթացքում Ս. Զաքոյանի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, իրականացվել է համաձայնության վարույթ, որի արդյունքներով դատարանը 2022թ. մայիսի 4-ին կայացրել է մեղադրական դատավճիռ` Ս. Զաքոյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ չորս տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, միաժամանակ ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող այլ պարտականություններ: Ա. Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է:
13:21 - 12 մայիսի, 2022
«Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները

«Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները

2022 թ․ մարտի 27-ին Վեդի համայնքում տեղի են ունեցել համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Համայնքում ձևավորվել է 28 տեղամաս։ «Անկախ դիտորդը» ներկայացրել է Վեդիի արտահերթ ընտրություններին քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները։ Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումներն են եղել կուտակումները, ընտրողների տեղափոխությունը, քվեախցիկում մեկից ավել անձանց միաժամանակյա գտնվելը: Հարկ է նշել, որ առանձին տեղամասերի շրջակայքում (50 և 100 մ շառավղով) կուտակումները բաղկացած են եղել երկու ուժերի ներկայացուցիչներից կամ բաժանված են եղել երկու ճամբարների և կրել ոչ միայն տևական, այլև շուրջօրյա բնույթ՝ շարունակվելով մինչև ձայների հաշվարկի ավարտը և վերափոխվելով տոնախմբության «իրենց» թեկնածուի հաղթանակի դեպքում: Ի տարբերություն հաճախ հանդիպող 5-10 հոգանոց կուտակումների, այս ընտրություններին առաքելությունը ականատես էր դարձել որոշ դեպքերում մի քանի տասնյակ մեքենաների և մարդկանց հավաքների: Միաժամանակ հարկ է նշել, որ միայն 4 դեպքում են նկատվել կուտակման հետ զուգորդվող ընտրողների տեղափոխության դեպքեր: Այս իրադրության վրա կանգ առնելով անհրաժեշտ է պարզաբանել. 3 բնակավայրերում ընտրողների տեղափոխությունը իրականացվում էր թեթև մարդատար ավտոմոբիլներով՝ բազմաթիվ անձանց կողմից, սակայն դիտարկվող ժամանակահատվածներում 1-2 անգամ մեկական անձ, իսկ Վանաշեն բնակավայրում՝ Երևան-Վեդի երթուղային ավտոբուսի միջոցով: Չնայած դիտորդները ավտոբուսը տեսել են դատարկ երթևեկելիս, ԻՀՀ կուսակցության վստահված անձի խոստովանությամբ տեղափոխությունը կազմակերպված է եղել հենց իր կուսակցության կողմից՝ երևանաբնակ համագյուղացիների համար: Վիճաբանության երեք դեպքերից երկուսը կապված են եղել ՔՊ կուսակցության հետ: Եթե դեպքերից մեկը իրենից ներկայացնում էր հաճախ հանդիպող՝ հանձնաժողովի նախագահի և վստահված անձի միջև բուռն անհամաձայնություն, ապա մյուսը՝ տվյալ ընտրություններում որևէ կարգավիճակ չունեցող ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների վեճն էր ԻՀՀ վստահված անձի, 168.am լրատվական կայքի ներկայացուցչի և տեղամասում հերթապահություն իրականացող ոստիկանի հետ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղազարյանն և Ասլանյանը տեղամասերով շրջագայելով նկատել էին տեղամասային կենտրոններից մեկում (սակայն ոչ քվեարկության սենյակում) ԻՀՀ 2-րդ վստահված անձի և ինքնուրույն դուրս հրավիրել նրան: Վեճը բավականին տևական բնույթ էր կրում քանի որ պատգամավորները ոչ միայն չէին հեռանում ՏԿ տարածքից, պնդելով իրենց ներկայության «սահմանադրական իրավունքը», այլև մտել էին քվեարկության սենյակ և հեռացել միայն հանձնաժողովի նախագահի հորդորից հետո: Դիտարկման ընթացքում ակնհայտ է դարձել, որ պատգամավորներն իրենց հերթին չեն ունեցել տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ և վստահեցրել են, որ իրենց պատգամավորական մանդատն իրավունք է տալիս գտնվել տեղամասային կենտրոնում։ Մինչդեռ դիտորդների կողմից արձանագրած երեք վիճաբանություններից որևէ մեկի դեպքում բռնություն չի կիրառվել և բուն վեճի խոսույթը չէր պարունակում ճնշման կամ մասնագիտական գործառույթները իրականացնելու խոչընդոտ, առաքելությանը հայտնի է դարձել Ուրցաձոր բնակավայրում ծեծի մեկ դեպք: Այս դեպքն էլ, երկու կողմի ներկայացուցիչների պնդմամբ, կրում էր կենցաղային շարժառիթներ, որոնք սրվել էին քաղաքական պայքարի ֆոնին: Այնուամենայնիվ, դեպքի վերաբերյալ գործ է հարուցվել ոստիկանության կողմից Քր. օր.-ի 149.2 հոդվածի հիմքով: Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք է արձանագրվել, Լուսառատ բնակավայրում, որտեղ կուտակման մասնակիցներից մի քանիսը վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում News.am լրատվականի թղթակցի հասցեին: Այնուամենայնիվ, իրավիճակը հանգուցալուծվեց ոստիկանների օգնությամբ, որոնք տարածքից հեռացրեցին մեկ անձի: Ընտրողների կողմից քվեարկությունից առաջ կամ հետո կուսակցության շտաբ մտնելը նկատվել է Եղեգնուտ և Լուսառատ համայնքներում՝ երկու դեպքում էլ խոսքը գնում է ՔՊ կուսակցության շտաբների մասին: Քվեարկության գաղտնիության բացահայտման արձանագրված մեկ դեպքը վերաբերում էր միայն քվեարկությունից հետո որպես օգնող գրանցված քաղաքացու կողմից այլ անձի հետ քվեարկության խցիկ մուտք գործելուն: Միաժամանակ առաքելությանը հայտնի են դարձել Վեդի քաղաքի 13/5 տեղամասում քվեարկած քվեաթերթիկի լուսանկարման երկու դեպք՝ յուրաքանչյուր կուսակցության օգտին մեկական քվեաթերթիկի: Երկու դեպքում էլ ոստիկանությունը բացատրություն է վերցրել ընտրողներից և հանգամանքները ուսումնասիրվում են: Քարոզչության ակներև դեպք է արձանագրվել Սիսավան համայնքում, որտեղ հանձնաժողովի 2 անդամները (Հայաստան խմբակցության և ԸԸՀ-ի կողմից նշանակված) ԻՀՀ առաջին համարի թեկնածու, միևնույն համայնքի նախկին ղեկավարի քվեարկության ժամանակ հոտնկայս ծափահարություններով դիմում էին մյուս անդամներին և Թարթիկյանի հետ տեղամաս ժամանած լրագրողներին. «Ողջունենք մեր հաղթանակած թեկնածուին» կոչերով: Դաշինքի դիտորդները ծանոթացել են իրավիճակին տեղամասի գրանցամատյանում արված արձանագրությունից, ինչից հետո առանձնազրույցներ են ունեցել հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և միջադեպում ներգրավված երկու անդամների հետ՝ կողմերից ոչ մեկը չի վիճարկել արձանագրության ճշմարտացիությունը: Զրույցների բովանդակությունից պարզ է դառնում, որ խնդրահարույց է եղել նաև ԶԼՄ-ների վարքագիծը. Հ2 հեռուստատեսության թիմը տեղամասի մոտ իրականացրել է կարճ հարցումներ ընտրողների հետ, հարցադրելով, արդյո՞ք «դուք ուզու՞մ եք ունենալ հզոր համայնք», թեկնածուի հետ ՏԿ մտած ԶԼՄ-ների ներկայացուցիչները չէին գրանցվել գրանցամատյանում, նկարահանել են միայն ծափողջույնների հատվածը և դադարեցրել նկարահանումը, երբ հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել հանձնաժողովի անդամներին: Այնուհետև, խնդրահարույց է նաև հանձնաժողովի նախագահի վարքագիծը, ով հեռացրել է տեղամասային կենտրոնից լրագրողներին՝ առանց ընթացակարգերը հարգելու: Ընդհանուր առմամբ տարբեր ժամերին համայնքում խնդիրների ռիսկայնությունը տարբերվել  է, ինչպես դա երևում է դիտորդների կողմից յուրաքանչյուր երեք ժամը ներկայացվող ամփոփ զեկույցներից։ Ռիսկայնությունը գնահատվել է 1-4 սանդղակով, որտեղ 4-ն առավելագույն ռիսկայնությունն է։ Գնահատականի հիմքում դիտորդները հաշվի են առել ոչ միայն իրենց դիտարկած միջադեպերը, այլև երկու կողմերի վստահված անձանց, տարբեր խմբակցություններից ներկայացված հանձնաժողովի անդամների և այլ աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունները: Ստորև բերված գծապատկերում ներկայացված են դիտորդների միջինացված գնահատականները։ Այսպիսով օրվա ընթացքում հիմնական խնդիր են եղել կուտակումները, ապա կողմնակի անձանց ներկայությունը և հանձնաժողովների ոչ կոմպետենտությունը։
16:47 - 01 ապրիլի, 2022
Վեդիի ընտրությունների վերահաշվարկի, վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ դիմումներ չեն ստացվել. Մուկուչյան

 |armenpress.am|

Վեդիի ընտրությունների վերահաշվարկի, վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ դիմումներ չեն ստացվել. Մուկուչյան |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ չեն եղել, ԿԸՀ-ն թեկնածուներից չի ստացել նաև վարչական լծակի հնարավոր կիրառման վերաբերյալ ահազանգեր, դիմումներ. ԶԼՄ-ներում, սակայն, եղել են այդպիսի հրապարակումներ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ահազանգեր եղե՞լ են:  «Վեդի խոշորացված համայնքի հետ կապված՝ ընտրությունների նախապատրաստման ընթացքում դիմումներ, որպես այդպիսին, չեն ստացվել: Ընտրությունների օրը մենք հետևել ենք ԶԼՄ-ների հաղորդումներին, հրապարակված ցանկացած նյութի հետ կապված եղել է շատ օպերատիվ կերպով արձագանք»,-ասաց Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը վստահեցրեց՝ գուցե այդքան տեսանելի չի եղել, բայց հրապարակված ցանկացած հանգամանք եղել է թե տարածքային հանձնաժողովի, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: «Քվեարկության օրը, ավարտից հետո դիմումներ չեն ստացել, վերահաշվարկի դիմումներ չեն եղել»,-նշեց նա: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ տեղեկություններ կան, թե Վեդիում որոշ համայնքներում ասել են, թե քաղաքացիները կարող են հարկեր չվճարել՝ Մուկուչյանն ասաց, որ այդ հանգամանքի վերաբերյալ հանձնաժողովում դիմումներ չեն ստացել, որը հիմք կարող էր հանդիսանալ վարույթներ իրականացնելու համար: «Այդ կապակցությամբ եղած առանձին հրապարակումներում բերված փաստերը չէին պարունակում բավարար որոշակիություն, որով հնարավոր լիներ գոնե վարույթ իրականացնել»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչական լծակի կիրառման հետ կապված ահազանգ եղե՞լ է՝ նա ասաց, որ այդպիսի դիմումներ, ահազանգեր թեկնածուների կողմից չեն եղել: Եղել են նման հանգամանքներ պարունակող հրապարակումներ լրատվամիջոցներում:   «Ցանկացած նման հրապարակման պարագայում շատ օպերատիվ կարգով փորձել ենք հասկանալ հանգամանքները, անհրաժեշտության դեպքում տրվել են պարզաբանումներ, որպեսզի հնարավոր հետագա իրավախախտումներից զերծ լինենք»,-ասաց Մուկուչյանը: Վեդիի ընտրությունները կայացել են 2022-ի մարտի 27-ին: Ընտրություններին մասնակցել են  «Իմ Հզոր Համայնք» և  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է 13 հազար 139 ձայն,  «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 9 հազար 694 ձայն:
14:47 - 30 մարտի, 2022
Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք. 6-ով նյութեր են նախապատրաստվում

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք. 6-ով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ: ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ:   Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք: Մասնավորապես՝   քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում, ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում, առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում, հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում: ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց: Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն»:
13:47 - 28 մարտի, 2022
ՔՊ-ն հաղթել է Վեդիի ավագանու ընտրություններում

ՔՊ-ն հաղթել է Վեդիի ավագանու ընտրություններում

Երեկ՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Ըստ նախնական տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող 37 015 քաղաքացիներից մասնակցել է 23 378-ը կամ 63,16%-ը։ ՔՊ-ն հավաքել է 13 139 ձայն կամ 35,59%-ը, իսկ «Իմ հզոր համայնք»-ը՝ 9 694 ձայն կամ 26,18%-ը։ Համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ Սպարտակ Թարթիկյանը։ Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ։  Վեդիում 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 42.86% ձայների քանակով, ՔՊ-ն 2-րդ տեղում էր 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը երրորդ տեղում՝ 16.31%-ով:
09:40 - 28 մարտի, 2022
Վեդի համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%

Վեդի համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%

Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի համամասնական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 37 015 քաղաքացիներից մասնակցել է 23 378-ը կամ 63,16%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Նշենք, որ այդ ընտրություններին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 16-ին Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել էին ինքնաբացարկի դիմումներ։  Վեդիում 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 42.86% ձայների քանակով, ՔՊ-ն 2-րդ տեղում էր 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը երրորդ տեղում՝ 16.31%-ով:
21:43 - 27 մարտի, 2022
Այսօր Վեդի համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն

Այսօր Վեդի համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն

ԿԸՀ-ից հայտնում են, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում են 62 տեխնիկական սարքավորումներ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 2 տեղական հասարակական կազմակերպություններ և «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։ Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:
10:56 - 27 մարտի, 2022
Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

armenpress.am: Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչև մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որևէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը և գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
11:12 - 24 մարտի, 2022
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

news.am: Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաև ոստիկաններ կան։ «Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։ Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
13:43 - 23 մարտի, 2022
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը |news.am|

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը |news.am|

news.am: Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները: ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդ որում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց: Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց. «Մեծագույն հարգանքով ձեր հանդեպ, Վարդենիսի բնակչության հանդեպ: Ինչու ենք այսպես վարվում, որովհետեւ գիտենք, որ այսօր մենք արտահայտեցինք նրանց իրական ցանկությունը եւ տրամադրությունները: Այո, ինչ-որ վստահված էր մեզ, արել ենք, ինչ կարողացել ենք արել ենք, օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները: Մեծ պատասխանատվությամբ Վարդենիս համայնքի բնակիչների առջեւ, որոնք մեզ ձայն են տվել, մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ ՔՊ-ն ստացել է 13 մանդատ, «Միասնական Վարդենիսը»՝ 4 եւ 1 մադատ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը: Տրվել է հնարավորություն, որ փոքր խմբակցությունները միավորվեն, մենք դրա հետ բացարձակ չենք համակերպվում: Մեր ընտրողները դեմ են նման լուծմանը, մենք էլ նրանց հետ դեմ ենք: Ոչինչ մեզնից չի կախված:  Ինչ էլ անեք հետագայում՝ հաջողություն, ուզում ենք հավատալ, որ ձեր նպատակները բարի են»: ՔՊ խմբակցության ղեկավար Արամ Մելքոնյանն էլ հավելեց. « Մենք չեն խոսում օրենքի բացից, որի արդյունքում ժողովրդի մեծամասնության քվեն տարած ՔՊ խմբակցությունը դուրս է գալիս այստեղից եւ մնացածը թողնում է մյուս երկու խմբակցությունների վրա: Մենք պարտավոր ենք մեր ընտրողի առջեւ»: Դրանից հետո ՔՊ խմբակցության 13 անդամները լքեցին ավագանու նիստը։ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու 27 մանդատներից 13-ն ստացել էր ՔՊ-ն, 10 մանդատ ստացել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը եւ 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս»-ը: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին: Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Վարչական դատարանը փետրվարի 2-ին էր մասնակի բավարարել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
11:57 - 16 մարտի, 2022
«Թող չեղյալ համարեն համայնքապետի իրենց ընտրությունը». Բողոքի ակցիա՝ Փարաքարում |news.am|

«Թող չեղյալ համարեն համայնքապետի իրենց ընտրությունը». Բողոքի ակցիա՝ Փարաքարում |news.am|

news.am: Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, այսօր՝ մարտի 2-ին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված եւ չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը»: Նրանք նշեցին, որ իրենք հավաքել են ընտրողների 60 %-ի ստորագրությունները եւ պահանջում են արտահերթ ընտրություններ: Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները: Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։ Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք եւ ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել  ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից: Հունվարի 3-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը կառավարությունից պահանջել էր ցրել ավագանին եւ նոր ընտրություններ նշանակել, քանի որ եթե համայնքի ղեկավարը երկու շաբաթվա ընթացքում չի ընտրվում, ապա օրենքով կառավարությունը արտահերթ ընտրություններ է նշանակում։
11:40 - 02 մարտի, 2022
Հնարավոր չէ՝ նոր ընտրություններ լինեն. իրենք օրենքը սխալ են մեկնաբանում. Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար |news.am|

Հնարավոր չէ՝ նոր ընտրություններ լինեն. իրենք օրենքը սխալ են մեկնաբանում. Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար |news.am|

news.am: Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո դեռեւս փաստաթղթերի հանձնում-ընդունում չի կատարվել։ «Արփի-Ամասիա» դաշինքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասաց, որ համայնքում ավագանու նիստեր տեղի են ունենում, խնդիրը միայն  փաստաթղթերի հանձնում-ընդունում չկատարելն է։ Հանձնում-ընդունում չի կատարում նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված թեկնածու Մերգել Ղարիբյանը։ Թեկնածուն Վարչական վերաքննիչ դատարանում վիճարկում է Ամասիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Ջեմմա Հարությունյանի խոսքով՝ համայնքում ընտրություններն անցել են առանց խախտումների։ Անդրադառնալով իր դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ Հարությունյանն ասաց. «Ո՞ւմ դեմ բողոքի ակցիա չեն անում, ես դա նորմալ եմ ընդունում։ Իրենց ներկայացուցիչը հրաժարվել է 6 մանդատից, թող գնան, իրենք էլ պատասխան տան, թե ինչու են հրաժարվել ընտրության արդյունքներով իրենց մանդատները վերցնել։ Հնարավոր չէ, որ նոր ընտրություններ լինեն։ Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում»։ Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ, Ամասիա եւ Արփի խոշորացված համայնքները միավորվեցին եւ դարձան մեկ խոշորացված համայնք, որն արդեն կոչվեց Ամասիա։ Ընտրություններում առավել թվով ձայն էր ստացել իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն (1217 ձայն), «Արփի-Ամասիա» դաշինքը՝ 1200 ձայն եւ ՀՀԿ-ն՝ 750 ձայն: ՔՊ-ն եւ «Արփի Ամասիան» պետք է ստանային 6-ական մանդատներ, իսկ ՀՀԿ-ն՝ 3։ Սակայն, ՔՊ-ի ավագանու թեկնածուները, մինչեւ մանդատների բաշխումը, ինքնաբացարկ էին հայտնել, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն Ամասիա համայնքում։ Բայց մյուս երկու ուժերը վերցրել էին մանդատները եւ միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ էին ընտրել Ջեմմա Հարությունյանին:
13:26 - 15 փետրվարի, 2022