Լիբիա

Լիբիական Արաբական Հանրապետությունը կամ պարզապես Լիբիան պետություն է Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին եւ Եգիպտոսին: Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովով: Տարածքը 1759,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 7,131,872 մլն (2015)։ Մայրաքաղաքը՝ Տրիպոլին է։ Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի։

Լիբիան հանրապետություն է։ Որպես ժամանակավոր սահմանադրություն 1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան։ Օրենսդրական, ինչպես նաեւ պետական իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամանատարը։ Խորհուրդը նշանակում է կառավարություն եւ որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը։ 1969-ի սեպտեմբերից պառլամենտն արձակված է, սակայն 2011 թվականի իշխանափոխությունից հետո երկրի օրենսդիր մարմին հռչակվեց խորհրդարանը, իսկ երկրի ղեկավար դարձավ խորհրդարանի ղեկավարը։

Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով Եվրամիության երկրները քննարկում են ռուսական նավթից հրաժարվելու սցենարը։ Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա։ CNN-ը գրում է այն մասին, թե արդյոք հնարավոր է փոխարինել ռուսական նավթն այլընտրանքով, և ի՞նչ խնդիրներ ունեն այն երկրները, որոնք կարող են դա անել։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Եվրոպան ձգտում է խաթարել Մոսկվայի ջանքերն Ուկրաինայի ուղղությամբ՝ իրեն զրկելով ռուսական նավթից, Մերձավոր Արևելքի երկրները դառնում են նավթի միակ արտադրողները, որոնք բավականաչափ հնարավորություններ ունեն՝ ռուսական նավթը փոխարինելու։ Հարցն այն է, թե արդյոք նրանից որևէ մեկն ունի տեխնիկական հնարավորություն և, որն ավելի կարևոր է, պատրաստակամություն՝ դա անելու։ Արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են կիրառել՝ ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանին պատժելու, սակայն Եվրամիությունը դեռևս չի դադարեցրել նավթի ու գազի ներկրումը՝ Մոսկվայի եկամուտների հիմնական աղբյուրը, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանը։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել անմշակ նավթի օրական 2,2 մլն բարելի և նավթամթերքի օրական 1,2 մլն բարելի պակասի։ Չնայած որ Մերձավոր Արևելքի երկրներն ունեն աշխարհում նավթի հայտնաբերված պահուստների գրեթե կեսը, ենթակառուցվածքներում ներդրումների պակասը, հակամարտությունները, քաղաքական դաշինքներն ու պատժամիջոցներն այն պատճառներից մեկն են, որոնք այս տարածաշրջանին թույլ չեն տա օգնության հասնել Եվրոպային։ Ներկայացնում ենք ուղեցույց այն մասին, թե ինչ կարող են և չեն կարող անել նավթ արտադրող պետությունները՝ փոխհատուցելու ռուսական գազի պակասը։   Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ Այս երկու երկրներին բաժին է ընկնում ՕՊԵԿ-ի պահուստային հզորությունների առյուծի բաժնը՝ օրական մոտ 2,5 մլն բարել, ասում է Energy Intelligence գործակալության ներկայացուցիչ Ամինա Բաքրը։ Սակայն ՕՊԵԿ-ի՝ նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան բազմիցս մերժել է այն սահմանաչափը գերազանցող ծավալներ արդյունահանելու ԱՄՆ պահանջը, որը համաձայնեցված է Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մյուս արտադրողների հետ, և հազիվ թե ականջալուր լինի նավթի արդյունահանումն ավելացնելու Եվրոպայի կոչերին։ Վերլուծաբաններն ասում են, որ Պարսից ծոցի ներկայիս սպառողներին մատակարարվող նավթի վերաուղղումը Եվրոպա կարող է թանկ արժենալ։ Նրանք կարծում են, որ դա սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի և նրա նավթի հիմնական գնորդ Չինաստանի հետ ձևավորվող ռազմավարական գործընկերությունը։   Իրաք Տեսականորեն՝ Իրաքը կարող է արդյունահանել օրական լրացուցիչ 660 հազար բարել նավթ, ասում է փորձագետ Յուսեֆ Ալշամիրին։ Ներկա պահին երկիրն արդյունահանում է օրական 4,34 մլն բարել նավթ, իսկ արդյունահանման նրա առավելագույն հզորությունը կազմում է 5 մլն բարել, սակայն միջկրոնական տարաձայնություններն ու Բաղդադում առկա քաղաքական փակուղին նշանակում են, որ այս երկրի վրա չի կարելի հույս դնել։ Նավթի արդյունահանման ավելացման համար Իրաքը նաև չունի ենթակառուցվածքներ, և կարող են տարիներ անցնել, մինչև որ նավթային նախագծերում կատարված ներդրումներն արդյունք տան, կարծում են վերլուծաբանները։   Լիբիա Լիբիայում նավթահանքերի աշխատանքը պարբերաբար խաթարվում է երկրում առկա քաղաքական լարվածության պատճառով։ Ապրիլի վերջին այս երկրի Ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ երկիրն օրական ավելի քան 550 հազար բարելով պակաս նավթ է արդյունահանում՝ երկրում քաղաքական իրավիճակից դժգոհ խմբերի կողմից նրա հիմնական նավթահանքի և արտահանման տերմինալների արգելափակման պատճառով։ Վերամշակման գործարաններից մեկն էլ տուժել է զինված բախումների պատճառով։ Փորձագետ Ալշամիրիի խոսքով՝ նավթի արդյունահանման ավելացման հարցում Լիբիայի վրա նույնպես «գրեթե չի կարելի հույս դնել», քանի որ դրա արդյունահանման մի մասը տարիներով խափանված է եղել՝ անկայունության և առանցքային նավթահանքերում անընդմեջ տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։   Իրան ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի համատեղ հզորություններից զատ՝ Իրանն, ըստ ամենայնի, շուկայում նավթի ծավալի ավելացման հաջորդ ամենապատրաստված երկիրն է, սակայն Իրանի դեմ դեռ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ 2015 թ-ի միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։ Վերլուծաբանների կարծիքով՝ երկիրը կարող է օրական մինչև 1,2 միլիոն բարել նավթ մտցնել շուկա, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ փետրվարի կեսի դրությամբ Իրանն ունեցել է 100 մլն բարել նավթ լողացող պահեստներում, ինչը նշանակում է, որ նա կարող է երեք ամիս շարունակ օրական 1 մլն բարել նավթ, կամ համաշխարհային մատակարարումների 1%-ն ապահովել։ Սակայն ԱՄՆ-ն հազիվ թե «անհաջող գործարք կնքի Իրանի հետ միայն նրա համար, որ ավելի շատ նավթ մտնի շուկա», - ասում է Ամինա Բաքրը։   Տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մեջ չմտնող երկրները, որոնք նույնպես նավթի արդյունահանման ավելացման ներուժ ունեն, այդ թվում՝ Նիգերիան ու Վենեսուելան, նույնպես խնդիրների են բախվում։ Երբ ասում են, որ երկիրն արդյունահանման լրացուցիչ հնարավորություն ունի, դա նշանակում է, որ այն «կարող է այդ արդյունահանումն ապահովել 30-90 օր», ասում է Ալշամարին։ Այդ պատճառով էլ ռուսական նավթի արգելքը «կարող է վնասակար լինել համաշխարհային տնտեսության համար»։ Այդ դեպքում Եվրոպային կմնա միայն ԱՄՆ տարբերակը։ Սակայն անգամ եթե ԱՄՆ-ն ավելի շատ նավթ արդյունահանի, դա բավարար չի լինի և չի ապահովի Եվրոպայի պահանջարկը, քանի որ ամերիկյան նավթը շատ թեթև է: «ԱՄՆ շատ թեթև նավթն այնքան էլ չի համապատասխանում եվրոպական շուկային, ոչ էլ հարմար է ավելի շատ դիզելային վառելիքի արտադրման համար, որի կարիքն իրոք կա», - ասում է փորձագետներից մեկը։   Նորա Վանյան
16:51 - 12 մայիսի, 2022
Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Ամերիկյան «Politico» ամսագիրը գրում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին, որոնց վրա ազդել են մի շարք առանցքային իրադարձություններ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը տարօրինակ հարևաններ են․ երբեմն՝ ռազմավարական լավ գործընկերներ, երբեմն էլ՝ տարածաշրջանային ոխերիմ ախոյաններ»։ Ներկա պահին Թուրքիայի առաջնորդը միջնորդի դեր է ստանձնել և նախորդ շաբաթ այցելել Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատ՝ անձամբ ողջունելու խաղաղ բանակցություններ վարող ռուսական և ուկրաինական պատվիրակություններին։ Այս դերը ստանձնելով՝ Էրդողանը բարակ սառույցի վրայով է քայլում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են, և դա գալիս է պատմական իրողություններից։ Այդ հարաբերությունները կրում են Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակի, էներգետիկ անվտանգության, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած պատերազմների լարվածությունը։ Վերջին տարիներին Թուրքիան խոցել է ռուսական ռազմական օդանավ, ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 33 թուրք զինվորական, և սպանվել է Անկարայում Մոսկվայի դեսպանը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուկրաինական հակամարտությունն առանց կաշկանդվելու անվանում է «պատերազմ», արգելափակում ռուսական ռազմանավերի երթուղին դեպի Սև ծով և ուկրաինական զորքերին Bayraktar կործանարար անօդաչու թռչող սարքեր վաճառում՝ ի հեճուկս Մոսկվայի մեծ վրդովմունքի։ Մյուս կողմից Անկարան նյարդայնացնում է նաև Կիևին՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, իսկ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ «այրել Ռուսաստանի հետ կամուրջները»։ Ներկայացնում ենք յոթ առանցքային իրողություն, որոնք վերջին տասը տարում ազդել են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ձևավորման վրա։ Անձնական շփումներ Էրդողանի և Պուտինի միջև հարաբերությունները թշնամականից վերածվել են բարեկամականի՝ շնորհիվ 2016թ․-ին Էրդողանի դեմ իրականացված պետական հեղաշրջման փորձի։ Այդ հարաբերությունները ջերմ էին մինչև 2015թ․-ի նոյեմբերը, երբ թուրքական F-16-ը թուրք-սիրիական սահմանի վրա խոցեց ռուսական ռմբակոծիչը։ Պուտինը զայրալից տոնով հայտարարեց, որ այդ միջադեպը «մեջքից հարված էր»։ 10 ամիս տևած առճակատման ընթացքում Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, կոչ արեց իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա, որը մեծապես կախված է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցերից։ Սա, ի վերջո, Էրդողանին ստիպեց ներողություն խնդրել Պուտինից։ Սակայն հենց պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում 2016թ.-ի հուլիսին ինչպես երբևէ մտերմացրեց նրանց հարաբերությունները։ «Մինչ [ԱՄՆ նախկին նախագահ] Օբաման և նրա եվրոպացի գործընկերները մի կողմ էին քաշվել, Պուտինն անհապաղ դարձավ Էրդողանի փրկիչն ու առաջարկեց իր աջակցությունը։ Լուրեր էին պտտվում նաև, որ ռուսներն են Էրդողանին զգուշացրել»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի պրոֆեսոր Քեմալ Քիրիշքին։ Իրականում, երկու առաջնորդների միջև կապերն այնքան սերտ էին, որ, ըստ փորձագետների, կարողացան հաղթահարել այնպիսի իրադարձություններ, որոնք սովորաբար բերում են երկկողմ հարաբերությունների խզման՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը 2016թ․-ին, սիրիական պատերազմում Ռուսաստանի մասնակցության առաջացրած լարվածությունն ու Սիրիայում 2020թ․-ին ռուսական ավիահարվածների հետևանքով տասնյակ թուրք զինծառայողների զոհվելը։ Ղրիմի թաթարներ Ղրիմի թաթարները նույնպես Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության աղբյուր են։ Թուրքիան պատմական կապեր ունի Ղրիմի թաթարների հետ, որոնք թյուրքական էթնիկ խմբին են պատկանում։ Հաշվի առնելով էթնիկ կապերն ու Թուրքիայում թաթարների մեծ համայնքի առկայությունը՝ Էրդողանը հաճախ է փորձում պաշտպանել նրանց։ 2014թ․-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, որը թարմացրեց համայնքի՝ խորհրդային ժամանակների հետ կապված վախերը (Իոսիֆ Ստալինի հրամանով 1944թ․-ին ավելի քան 200 000 թաթարներ են արտաքսվել Միջին Ասիա, որտեղ նրանց գրեթե կեսը զոհվել է)․ բարդ պահ էր Թուրքիայի համար։ Անկարան անմիջապես դեմ արտահայտվեց բռնակցմանը, պահպանեց կապերը տեղի համայնքային առաջնորդների հետ, Կիևում թաթարների նոր կենտրոն հիմնեց և անաղմուկ պայմանավորվեց բանտից ազատ արձակել երկու թաթար քաղաքական գործիչների։ 2014թ․-ին հավաստիացրեց, որ Պուտինը խոստացել է, որ նրանք պաշտպանված կլինեն։ Սևծովյան անվտանգություն Թուրքիան վերահսկում է մուտքը Սև ծով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Մոնտրյոյի 1936թ․-ի կոնվենցիայի համաձայն՝ նա պետք է երաշխավորի դրանցով երթևեկող քաղաքացիական նավերի «լիակատար ազատությունը», նրան միայն թույլատրվում է արգելափակել ռազմական նավերը պատերազմի դեպքում։ Ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 28-ին հայտարարել է, որ նեղուցները փակ են ռազմանավերի համար։ Սակայն թուրքագետ Սթիվեն Քուկն ասում է, որ այն նավերը, որոնք Ռուսաստան են վերադառնում, դեռ կարող են դա անել։ Լեռնային Ղարաբաղ Մինչդեռ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն: Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղեմի դիմակայությունում Մոսկվան ու Անկարան տարբեր կողմերի են սատարում։ Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, և Անկարան վաղուց է Բաքվին մատակարարում նույն «Bayraktar» ԱԹՍ-ները, որոնք Ուկրաինային է վաճառում։ Նույնպիսի սերտ կապեր Հայաստանի հետ ունի Ռուսաստանը, երկու երկրներն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունեն և Մոսկվայի առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ են։ Անգամ եթե Անկարան այժմ կարգավորում է իր հարաբերությունները Երևանի հետ, իսկ Մոսկվան վերջերս որոշել է ամրապնդել Բաքվի հետ համագործակցությունը, նրանք ստիպված են պաշտպանել իրենց պատմական գործընկերներին լարվածություն առաջանալու դեպքում։ Երբ 2016թ․-ին Լեռնային Ղարաբաղում էսկալացիա տեղի ունեցավ, [ռուսական և թուրքական] կողմերը խայթող արտահայտություններով փոխանակվեցին, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի հռետորաբանությունն «անընդունելի» անվանեց։ Սակայն երբ 2020թ․-ի նոյեմբերին այդ տարածքում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, քննադատությունն ավելի մեղմ էր, քանի որ Ռուսաստանը միջնորդ էր և ապահովեց հրադադարը՝ Ադրբեջանին թույլ տալով պահպանել իր տարածքային նվաճումները։ «Չնայած այն բանին, որ նրանք հակամարտության հակառակ կողմերում էին, և Թուրքիայի աջակցությունն ունեցող ուժերն առավելության հասան Ռուսաստանի աջակցությունն ունեցողների նկատմամբ․․․ նրանք հրադադարի հաստատումը երաշխավորելու ուղիներ գտան»,- ասում է թուրքագետ Սթիվեն Քուկը՝ հավելելով, որ «երկու առաջնորդները կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և հարաբերությունները չփչացնել»։ Սիրիա և քրդական հարց Սիրիան ևս մի ճակատ է, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան բախվել են միմյանց հետ, բայց վերադարձել դեպի համագործակցություն, թեև տարբեր կողմերի են սատարում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո հակամարտությունը տեղափոխվեց Թուրքիայի հարավարևելյան սահման՝ նրա մտահոգությունն առաջացնելով իր սահմանին Սիրիայի քրդերի ինքնավար շրջանի ձևավորման և փախստականների հոսքի վերաբերյալ։ Երբ 2015թ․-ին Ռուսաստանը միջամտեց իրավիճակին՝ Բաշար Ասադի ռեժիմին օգնելու համար, Պուտինն ու Էրդողանը գժտվեցին։ Լարվածությունը սրվեց, երբ նույն տավա մեջ Թուրքիան ռուսական ռազմական օդանավ խոցեց, որը հայտնվել էր իր օդային տարածքում։ Սակայն, երբ Էրդողանը դրա համար ներողություն խնդրեց, կողմերը սկսեցին համագործակցել։ Թեև իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երբ 33 թուրք զինվորական զոհվեց Իդլիբին հասցված ավիահարվածների հետևանքով, այս երկու երկրների առաջնորդները կրկին համաձայնության եկան։ Թեև [Իդլիբում] փխրուն հրադադարը պահպանվում է, Սիրիան մինչ օրս Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիք է։ Լիբիա Լիբիայի հարցում դիմակայությունը սկսվել է 2011թ․-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո։ Դրան հետևած պատերազմում Մոսկվան սատարում էր Արևելյան Լիբիայում Խալիֆ Հաֆթարի ռեժիմը՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով։ Անկարան, սակայն, աջակցում էր Ազգային համաձայնության կառավարությանը՝ զենք և ԱԹՍ-ներ տրամադրելով։ Սակայն, չնայած դրան՝ այս երկու երկրների առաջնորդները կարողացել են փոխըմբռնման հասնել, ինչպես Սիրիայի հարցում։ Բնական գազ Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ կարևորագույն էներգետիկ կապերը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերականորեն կայուն են։ Թուրքիան երկար ժամանակ եղել է ռուսական գազի սպառման խոշոր շուկա՝ 2005թ․-ից անմիջականորեն գազ ստանալով «Երկնագույն հոսք» խողովակաշարով։ Այսօր նա նույնպես ներկրում է բնական գազի 45%-ը Ռուսաստանից, թեև այդ կախվածությունը նվազում է։ Էրդողանն ու Պուտինը համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի վերաբեյալ։ Սակայն իր էներգետիկ անկախությունը մեծացնելու նպատակով Թուրքիան սեփական ռեսուրսներն է ուսումնասիրում և 2020թ․-ին հայտարարել է Սև ծովում բնական գազի աղբյուր հայտնաբերելու մասին։ Թեև Թուրքիան դեռ կշարունակի գնել ռուսական նավթն ու գազը, երկրի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից (ըստ ՌԴ-ի՝ «հատուկ ռազմական գործողություն»- Infocom) հետո գազի ներկրման կրճատման Եվրոպայի ներկայիս ձգտումները կարող են Թուրքիային դարձնել մատակարարումների այլընտրանքային հնարավոր երթուղիների կենտրոն»:   Նորա Վանյան
21:27 - 06 ապրիլի, 2022
Մակրոնը հայտնել է, որ առաջիկայում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան

Մակրոնը հայտնել է, որ առաջիկայում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։ «Այս սկիզբը անհրաժեշտ է, այն վստահելի է դարձնում քաղաքական այն գործընթացը, որը մենք երկար ժամանակ է քննարկում ենք…Այս վարձկանները կլքեն Լիբիայի տարածքը առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Մակրոնը Փարիզում այսօր կայացած Լիբիայի հարցով միջազգային համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ համոժողովին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Դբեյբան, պաշտոնակատարը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և այլ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
22:49 - 12 նոյեմբերի, 2021
Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ինչպես տեղեկացնում է  թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կարեւորել է ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում, ինչպես նաև առաջնահերթություն է համարել Լիբիայում կառավարության նոր կազմի շուտափույթ հաստատումը: Էրդողանը Մերկելի հետ զրույցում նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ կանոնավոր շփումներին և երկխոսությանը:  
19:35 - 05 մարտի, 2021
Գեներալ Հաֆթարը Թուրքիային Լիբիայից հեռանալու երկու տարբերակ է առաջարկել |tert.am|

Գեներալ Հաֆթարը Թուրքիային Լիբիայից հեռանալու երկու տարբերակ է առաջարկել |tert.am|

tert.am: Թուրքիան երկու ճանապարհ ունի Լիբիայից դուրս գալու, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը՝ հղում տալով Լիբիայի ազգային բանակի հրամանատարի խոսքերին:Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային, Լիբիայից խաղաղ հեռանալու կամ պատերազմն ընտրելու հարցում՝ հաշվի առնելով, որ  երկու կողմերից էլ որոշիչ առճակատումներ են սկսել:Հաֆթարը, հինգշաբթի օրը Լիբիայի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ, Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատարության կողմից Բենղազի քաղաքում կազմակերպված արարողության ժամանակ ասել է. «Անկախությունը ոչ մի արժեք չունի, ազատությունը ոչ մի նշանակություն չունի, չկա անվտանգություն, չկա խաղաղություն, և թուրքական բանակի ոտքերն աղտոտում են մեր մաքուր երկիրը: Թշնամու համար այլընտրանք չկա: Զավթիչը կարող է հեռանալ միայն խաղաղ ու կամավոր կերպով, կամ զենքի ուժով և ուժի կամքով»:
17:47 - 25 դեկտեմբերի, 2020
Եգիպտոսի օդուժի Rafale կործանիչները Լիբիայի հետ սահմանին ոչնչացրել են ահաբեկչական խոշոր շարասյուն |tert.am|

Եգիպտոսի օդուժի Rafale կործանիչները Լիբիայի հետ սահմանին ոչնչացրել են ահաբեկչական խոշոր շարասյուն |tert.am|

tert.am: Եգիպտոսի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իր ուժերը կանխարգելիչ հարված են հասցրել Լիբիայի հետ սահմանին գտնվող ահաբեկչական տարրերի դեմ, որի ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչներով, զենքով և զինամթերքով բեռնված 21 չորս անվահեծ մեքենա:Այս մասին հայտնում է almasdarnews.com-ը՝ նշելով, որ գործողության մասին տեղեկատվությունը ստացվել է ՊՆ հայտարարության այն հատվածից, որտեղ մանրամասնվում են սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը «պետության բոլոր ռազմավարական ուղղություններում ահաբեկչության դեմ պայքարի զինված ուժերի կողմից գրանցած հաջողությունները»։Թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ճշգրիտ օդային հարվածներ են հասցվել Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Rafale կործանիչներով, որոնք այս գործողությունում գլխավոր դերակատարում են ունեցել՝ թիրախավորելով և ոչնչացնելով Լիբիայի սահմանի մոտ գտնվող ավելի քան 20 մեքենա զենք ու զինամթերք պարունակող ահաբեկչական շարասյունը:
11:42 - 12 դեկտեմբերի, 2020
Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում ու Գերմանիայում իր դեսպաններին |1lurer.am|

Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում ու Գերմանիայում իր դեսպաններին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան հետ է կանչել ԵՄ-ում, Իտալիայում և Գերմանիայում իր դեսպաններին՝ բողոքելով Լիբիա զենքի փոխադրման կասկածանքով թուրքական բեռնանավում խուզարկություն իրականացնելու Գերմանիայի փորձի կապակցությամբ: Այս մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից՝ փոխանցում է Al Arabiya-ն: «Այս գործողության շրջանակում գերմանական «Համբուրգ» ռազմանավը մանրամասնորեն հարցաքննել է թուրքական դրոշով M / V Roseline A առևտրային նավը, որը Ամբարլի նավահանգստից դեպի Միսրատա ներկ, այլ նյութեր ու մարդասիրական օգնություն էր տեղափոխում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: Թուրքական կողմն ափսոսանք է հայտնել, որ իրենց նավը ստիպված է եղել շեղվել երթուղուց, իսկ անձնակազմին հարցաքննել են «հանցագործների նման»: Անկարան հայտնել է, որ խիստ դատապարտում է նման բռնի գործողությունը:
12:35 - 24 նոյեմբերի, 2020
Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը խնդիրների պատճառ է դարձել |armenpress.am|

Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը խնդիրների պատճառ է դարձել |armenpress.am|

armenpress.am: Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը սկանդալի պատճառ է դարձել: Ինչպես հայտնում է գերմանական «Շպիգել»-ը, նոյեմբերի 22-ին Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը:  Թուրքական «Ռոզալին Ա» բեռնատարը կիրակի օրը կանգնեցվել է Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքից մոտ 200 կիլոմետր հյուսիս: Գերմանական «Համբուրգ» ֆրեգատը  ԵՄ ղեկավարած «Իրինի» առաքելությունից ստացել է ցուցումներ, որ զենքն անօրինական ճանապարհով է մտնելու Լիբիա: Անկարայի մերժումը ստանալուց հետո գերմանացի զինվորները ստիպված են եղել անմիջապես դադարեցնել բեռի ստուգումը: «Ռոզալին Ա»-ն շարունակել է իր ճանապարհորդությունը դեպի Լիբիա:
16:51 - 23 նոյեմբերի, 2020
Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Գերմանական Der Spiegel լրատվական կայքը հոկտեմբերի 29-ին ծավալուն անդրադարձ է կատարել արցախա-ադրբեջանական պատերազմին ու ներկայացրել մարտական գործողություններին մասնակցած սիրիացի վարձկանի հետ հարցազրույց։ Դահամ Ալասադի, Գիոմ Պեղյեի, Քրիստոֆ Ռոյթերի հեղինակած հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։ Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում Շաբաթներ շարունակ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալների։ Նրանք պետք է ի կատար ածեն Թուրքիայի նախագահի ծավալապաշտական ֆանտազիաները, ինչի համար շատերն իրենց կյանքի գնով են վճարում։  Թարեքը ողջ է վերադարձել։ Մեր օրերում նրա վերադարձն ավելի շուտ բացառություն է այն հազարավոր սիրիացիների համեմատ, որոնք Թուրքիայից որպես վարձկաններ էին տարվել Կովկաս։ Սեպտեմբերի սկզբից սկսած՝ նրանց փուլ առ փուլ նետում են Ադրբեջանի հարձակվողական առաջնագիծ, որտեղ նրանք պայքարում են՝ վերադարձնելու մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը։ Իրականում միայն սպանվածներն են արագ վերադառնում։ Մյուս դեպքերում վարձկանները պետք է ամիսներով մնան այնտեղ։ Թե ինչպես Թարեքին հաջողվեց պատերազմից երկու շաբաթ հետո տուն վերադառնալ, դրամատիկ շրջադարձերով հարուստ մի պատմություն է։ Սա պատմություն է թուրքական իշխանության ծավալապաշտապան պլանների, բայց նաեւ վերջինիս տապալման մասին։ Այնուամենայնիվ, կա մեկը, որը եղելությունն իր սեփական դիտանկյունից կարող է պատմել, թեեւ նրա պատմածների միայն որոշ մասն է հնարավոր ստուգել։ Թարեքի պատմությունը սկսվում է բուն մարտերից շատ ավելի առաջ։ Արդեն օգոստոսի կեսերից թուրքական բանակի կողմից վերահսկվող սիրիական ապստամբների կենտրոն Իդլիբում եւ Հալեպի հյուսիսային շրջանում լուրեր էին պտտվում, որ թուրքերը նորից տղամարդկանց են հավաքագրում՝ ինչպես Լիբիա ներխուժելու ժամանակ։ Սակայն այս անգամ զինյալներ էին հավաքագրում Ադրբեջանի համար՝ թուրքերի եղբայրների՝ ինչպես նրանց անվանում են Անկարայում։ Նախատեսված էր, որ սիրիացիները պետք է պահպանեին թուրքական ռազմաբազանները՝ դրա համար ստանալով ամսական մինչեւ 2000 դոլար, ինչը կասկածելի կերպով շատ գումար էր պահակության համար։ «Պահակության մասին պատմությանը ոչ ոք էլ չէր հավատում»,- ասում է Թարեքը, որը թուրքական գաղտնի ծառայությունների վախից իր իսկական անունով չի ներկայանում։ «Հիմա արդեն ամեն ինչ միեւնույն է։ Առջեւում ձմեռ է։ Ո՞նց պետք է ապրենք, որտե՞ղ պետք է ապրենք»։ 21-ամյա երիտասարդը եւ նրա ծնողները փախստական են դարձել իրենց իսկ երկրում, երբ անցած ձմեռ Բաշար ալ Ասադի զորքերը գրավեցին նրանց գյուղը։ Երբ պատերազմը (խմբ. սիրիական) սկսվեց, Թարեքը դեռ դեռահաս էր, նա այդպես էլ դպրոցը չավարտեց, որովհետեւ շուտով, ըստ էության, այլեւս դպրոց չէր էլ լինելու։ Երբ թուրքերը Լիբիայի համար զինվորագրում էին իրականացնում, նա դեռ իր ընտանիքի հետ ապրում էր իրենց գյուղում։ Սեպտեմբերին շրջանառվող լուրերը հաստատվում են։ Թուրքերը հավաքագրման հարցը թողել էին իրենց ենթակայության տակ գտնվող սիրիական փորձառու կազմակերպություններին՝ առաջին հերթին երկու ավազակային խմբավորումների՝ Համզա եւ Սուլթան Մուրադ դիվիզիաներին։ Ամեն ինչ կազմակերպվում էր գլխավոր շտաբի հրահանգներով։ Սեպտեմբերի 22-ին Բասուտա գյուղում՝ Համզա խմբավորման գլխավոր կայանատեղիում, հավաքում են մոտ 700 տղամարդու՝ նրանց տարիքը եւ պիտանիությունը ստուգելու համար։ Անձնագրին եւ այլ փաստաթղթերի ոչ ոք ուշադրություն չէին դարձնում, մերժում էին միայն նրանց, որոնք 18 տարեկանից փոքր էին երեւում։ Այդ ժամանակ հավաքագրում են մոտ 500 հոգու՝ այդ թվում Թարեքին եւ նրա 42-ամյա վաղեմի ծանոթ Մուհամեդ ալ Շալանին։ Ի տարբերություն շատերի՝ վերջինս երկար տարիների մարտական փորձ ուներ, եւ նրա հրամանատարության տակ պետք է լիներ մի փոքր խումբ՝ այդ թվում եւ Թարեքը։ Բացի ամսական 1500 դոլար աշխատավարձից եւ վիրավորման դեպքում բժշկական ծախսերից՝ զոհվելու պարագայում նրանց ընտանիքները պետք է ստանան 60 հազար դոլար, ինչպես նաեւ Թուրքիայում կացության իրավունք։ Պայմանավորվածությունը գրավոր չի ամրագրվում։ Բայց եթե Թուրքիան չվճարի, անմիջապես այդ լուրը բերնեբերան կտարածվի։ Չէ՞ որ ի վերջո բոլորը փողի համար էին այնտեղ։ Ասադի ռեժիմի դեմ պայքարում Էրդողանի ցույց տված օժանդակությունը պատանդի կարգավիճակում է դրել սիրիացիներին. Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որի գնալով ավելի մեծ հատվածներ դեռեւս 2015 թվականից սկսած թուրքական ռազմական եւ գաղտնի ծառայություններն են վերահսկում, բնակություն է հաստատել ավելի քան 3 միլիոն մարդ՝ «բանտարկված» լինելով՝ մի կողմից՝ Ասադի զորքերի, մյուսից՝ Թուրքիայի կողմից։ Նրանք մի տեսակ կենդանի հումք են դարձել, որոնց Էրդողանը գործի է դնում իր ռազմական գործողություններում՝ ինչպես Լիբիայում, Սիրիայի քրդական բնակավայրերում եւ այժմ էլ Լեռնային Ղարաբաղում։ Հազիվ թե սիրիացիներից որեւէ մեկը գիտի՝ ինչ կռիվ է սա ընդհանրապես, եւ որ իրենք դարձել են Ստալինի իշխանական խաղերի վերջին զոհերը։ Հենց Ստալինն էր հայերով բնակեցված տարածքը ժամանակին կցել Խորհրդային Ադրբեջանին։ Հայերը, օգտվելով փլուզվող Խորհրդային Միության քաոսային իրավիճակից, գրավել էին Լեռնային Ղարաբաղը։ 1994 թվականից սկսված՝ փխրուն հրադադար էր հաստատվել։ Երբ Բասուտայում ավարտվում է ռազմական ստուգատեսը, տղամարդիկ տեղափոխվում են սահման եւ ստանում կապույտ համազգեստ։ Անվտանգության աշխատողները հավաքում են նրանց անձնագրերը եւ հեռախոսները։ Հաջորդ առավոտյան զինյալները մեկնում են Թուրքիա՝ Գազիանթեփի օդանավակայան։ Խումբը բաժանվում է։ Թարեքը եւ եւս 300 հոգի բեռնատար ինքնաթիռով մեկնում են Անկարա, այնտեղից էլ արդեն մարդատար ինքնաթիռով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այնուհետեւ զինվորական ավտոբուսներով նրանց տեղափոխում են Իրանի սահմանին գտնվող զինվորական հավաքատեղի։ Այնտեղ նրանց բաժանվում են ռուսական զենքեր, բայց մինչեւ այդ պահը այդպես էլ չեն հասկանում՝ իրենց ինչ է սպասվում։ Հետո հանկարծ գիշերվա կեսին հրաման է գալիս. «Շտապ պատրաստվե՛ք, հարձակվելու ենք հայերի վրա»,- հիշում է Թարեքը։  Սիրիացիներից բաղկացած 10-15 հոգանոց յուրաքանչյուր խմբի կցվում է ադրբեջանցի մի թարգմանիչ։ Իսկ թուրքական զինվորականներից, որոնց բազաները սիրիացիները իբր թե պետք է հսկեին, ոչ մեկն այդպես էլ չի գալիս ո՛չ այդ գիշեր, ո՛չ ավելի ուշ։ Մոտավորապես ժամը 3-ի սահմաններում լսվում է ավտոշարասյան ձայնը, եւ սկսվում ադրբեջանական զորքերի տեղափոխումը։ «Մենք առաջնագծի ճանապարհն անգամ չգիտեինք»,- պատմում է Թարեքը,- «դեռ տեղ էլ չէինք հասել, երբ սկսվեցին մարտերը»։ Ավտոշարասյունն առաջնորդող մեքենան ստանում է առաջին ուղղակի հարվածը, որից հետո խավարի մեջ հրե գունդ է փայլատակում։ «Մենք կանգ առանք։ Ադրբեջանցիների մի մասը զոհվել էր, մի մասն էլ՝ փախել։ Իսկ մենք չգիտեինք՝ ուր պետք է փախչել առհասարակ։ Մեր գլխավերեւներում որոտում էին մարտական ինքնաթիռները, հեռվում լսվում էին պայթյունի ձայներ, մենք սողսողալով հասանք մի թաքստոց եւ սպասեցինք»։ Ըստ Թարեքի խոսքերի՝ միայն վաղ առավոտյան, երբ դադարել էին կրակոցները, եկան զինվորներ եւ սիրիացիներին հետ տարան ճամբար։ Այդ գիշերը բոլորը ողջ մնացին։ Շալանը՝ զորքերի առաջնորդը, եւ եւս մի քանի հոգի գնում են Համզայի դիվիզիայի հրամանատարի մոտ, որն ուղեկցել էր առաջին զորախմբին, եւ բողոքում, որ իրենց բերել են անծանոթ մի տեղ եւ տեղանքին օտար՝ իրենք դատապարտված են դառնալ թնդանոթի միս։ Հրամանատարը, որն իրեն շնորհել էր Սաիֆ Աբու Բաքր հաղթական անունը, զայրույթով պատասխանում է. «Դուք այստեղ կռվելու համար եք եկել։ Այլընտրանք այլեւս չունեք»։ Հաջորդ գիշեր էլ են էժան պրծնում։ Կրկին սիրիացիների շատ խմբեր ուղարկվում են առաջնագիծ։ Այս անգամ նրանք հայտնվում են հայ դիպուկահարների եւ ականանետերի կրակի տակ, ոչ մի մետր առաջ չեն կարողանում շարժվել, իսկ նահանջելիս չեն կարողանում անգամ իրենց զոհերի մարմինները վերցնել։ Շալանը նորից է գնում հրամանատարի մոտ։ Սաիֆ Աբու Բաքրը հանում է ատրճանակը, պահում ծերունու քունքին եւ գոռում. «Ես քեզ հենց հիմա կսպանեմ, եթե հետ կանգնես»,- պատմում է Թարեքը։ Դրանից հետո Սաիֆ Աբու Բաքրը դիմում է Թարեքին եւ մյուսներին. «Այլեւս հետ ճանապարհ չկա։ Դուք պետք է կռվեք, կամ էլ ես ձեզ հենց հիմա կգնդակահարեմ»։ Սաիֆ Աբու Բաքրը, որի քաղաքացիական անունը Սաիֆ Բալուդ է, 2012 թվականին որպես երիտասարդ լեյտենենտ միացել էր ապստամբերին։ Շուտով նա իր հպատակությունն է առաջարկում թուրքերին եւ 2013 թվականի ամռանը սկսում է համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, կարճ ժամանակ անց նրան հաջողվում է փախչել Թուրքիա, որտեղ նա դառնում է ԻՊ-ի դեմ պայքար մղող խմբավորման պարագլուխը։ Այդ խմբավորմանն աջակցում էր Ամերիկայի գաղտնի ծառայությունը։ Թուրքական անվտանգության ծառայության ապարատին հավատարիմ լինելու շնորհիվ՝ նա շուտով դառնում է Համզայի դիվիզիայի ղեկավար, ստանում բրիգադի գեներալի կոչում եւ անընդհատ նոր զորքեր է հավաքագրում Անկարայի համար։ Սակայն Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում։ Սաիֆ Աբու Բաքրը որոշում է փակի տակ պահել ահաբեկիչների համառ ղեկավար Շալանին, որից հետո ավելի ու ավելի շատ զինյալներ են ընդդիմանում։ Ի վերջո թուրք սպաները միջնորդում են՝ ասելով, որ սիրիացիները իրավունք ունեն մեկ անգամ զանգել, պետք է մի քիչ էլ կռվեն, մինչեւ հաջորդ հերթափոխը կգա Սիրիայից։ Սեպտեմբերի 29-ի մարտերից մեկի ժամանակ զոհվում է Մուհամեդ ալ Շալանը։ Զինվորագրվածների ընտանիքներն այժմ սպառնում են Սիրիայում տեղակայված Համզայի գլխավոր շտաբին. «Մեր որդիներին ողջ հե՛տ վերադարձրեք, կամ էլ մենք ձեզ կսպանենք»,- պահանջում են նրանք։ Միայն առաջին շաբաթների ընթացքում զոհվել են տասնյակ սիրիացիներ՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից, բայց նաեւ փախստականներ՝ Սիրիայի այլ հատվածներից։ Դերզորցի Քասեմ Մուստաֆա ալ Ղաթմուռը, որը մասնացել էր նաեւ Լիբիայի կռիվներին եւ ողջ մնացել, ասում է. «Սկզբում Լիբիա, հիմա Ադրբեջան․ շնորհակա՛լ եմ քեզ, Էրդողա՛ն, որ մեզ աշխարհը ցույց ես տալիս»։ Միայն հոկտեմբերի 4-ին 40 դիակ հետ է տարվել Սիրիա։  Մի թուրք սպա դիմում է Թարեքին եւ ողջ մնացած մյուս սիրիացիներին ու ասում. «Եթե ուզում եք ձեր աշխատավարձը ստանալ, պետք է շարունակեք կռվել»։ Ըստ Թարեքի՝ իրենք հրաժարվել են գումարից։ Հոկտեմբերի 12-ին նրանք վերադառնում են Սիրիա, սակայն նրանց մի մասին թուրքական գաղտնի ծառայությունները ձերբակալում են՝ հավանաբար շատ համառ ու անհնազանդ լինելու պատճառով։ Մյուսներին ստիպում են լռել։ Թարեքի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ մինչեւ հոկտեմբերի վերջը 3000-4000 սիրիացի վարձկաններ են Ադրբեջան ուղարկվել։  Իսկ կռիվը շարունակվում է։ Միջազգային հանրության պարտադրած 3 հրադադարներից եւ ոչ մեկը չպահպանվեց։ Ադրբեջանը կարծես փորձում է այն իրավիճակն օգտագործել՝ մինչեւ վերջին սիրիացին հետ նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Սիրիացի հուսահատ ընտանիքները ստանում են իրենց որդիների դագաղները։ Թուրքիայից հրահանգված է՝ սպանվածներին արագ եւ լուռ թաղել։ Ըստ տեղացիների՝ իրենց հարազատները մարտում որպես նահատակներ են մահացել, ոչ թե հանցագործներ։ Թաղման ժամանակ իմամն (մահմեդականների հոգեւոր առաջնորդը) իր քարոզում հիշատակում է նաեւ Թարեքի հորեղբայրներից մեկի եւ զարմիկի անունը․ երկուսն էլ զոհվել են Լեռնային Ղարաբաղում։ «Այս ամենի մեջ արժանապատվության գոնե մի փոքր նշյուլ կա»,- դառնացած ասում է բարեկամներից մեկը,- «նրանք գնացին կռվելու, որովհետեւ ուզում էին գոյատեւելու համար գումար վաստակել»։ Թարգմանությունը՝ Շահանե Խաչատրյանի
21:21 - 31 հոկտեմբերի, 2020
Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Պաշտպանության բանակի զինված ուժերն օրերս՝ հոկտեմբերի 19-ի մարտերի ընթացքում, խոցել են հակառակորդի հինգ անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար»։  Ադրբեջանը «Բայրաքթար» տեսակի անօդաչուները միայն նախօրեին չէ, որ կիրառել է։ Պատերազմական գործողությունների դեռեւս երրորդ օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Ստեփանյանն այդ օրը նշել էր, որ կործանիչներն ապահովում էին ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:  Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի ՊԲ-ի խոցած «Բայրաքթար»-ների թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի, ուղղակի խոցված սարքերից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէր ընկել: «Բայրաքթար» ՏԲ2-ը 6,5 մ երկարությամբ, թեւերի 12 մ բացվածքով եւ մինչեւ 55 կգ բեռնատարողությամբ հարվածային ԱԹՍ է։ Այն կարող է զարգացնել մինչեւ 222 կմ/ժ արագություն, գործողության շառավիղը 150 կմ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8200մ։ Այս տեսակի ԱԹՍ-ն կարող է իր վրա կրել կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր:  «Baykar Makina» ընկերությունը 2000-ականներին է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին: Իսկ մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել է 2014-ին՝ Թուրքիայի արեւելքում: Այս սպառազինության կիրառման մասին առաջին պաշտոնական տեղեկությունը եղել է 2016 թվականին։ Նշվել է, որ այն օգտագործվել է քրդական ստորաբաժանումների դեմ: Ի դեպ, Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Կանադայի WESCAM ընկերությունն է այն արտադրել՝ այս տարվա հունիսին, իսկ «Բայրաքթար» TB2-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Ժամանակակից պատերազմներում հարվածային անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահզոր զենքերից։ Թուրքական այս անօդաչուները ակտիվորեն գործածվել են հիմնականում Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, ապա, փաստորեն, նաեւ մեր տարածաշրջանում։ Պնդումներ կան, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն խոցելը բավականին բարդ է․ մինչ օրս հայտնի է աշխարհում խոցված մոտ 30 «Բայրաքթարի» մասին՝ այդ թվում՝ արցախա-ադրբեջանական սահմանի այս մարտերի ընթացքում ոչնչացվածները։ Ե՞րբ եւ որտե՞ղ են խոցվել «Բայրաքթարները» Բաց որոնման արդյունքներով՝ առաջին խոցված «Բայրաքթարի» մասին փաստական նյութը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին է եղել․ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերին հաջողվել է խոցել Ազգային միասնության կառավարության Ֆայզ Սարաջի անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է Այն-Զարայի շրջանում` Տրիպոլիից հարավ։ 2020 թվականի հունվարի 22-ին Լիբիայի Ազգային բանակը ոչնչացրել է թուրքական եւս մեկ «Բայրաքթար» TB2, որը պատրաստվում էր օդ բարձրանալ Տրիպոլիի Միտիգա օդանավակայանից: Լիբիայի Ազգային բանակը փետրվարի 25-ին խոցել է եւս մեկ «Բայրաքթար»՝ մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող Սուք Ալ-Խամիսի շրջակայքում։ Լիբիայի զինված ուժերի գեներալ-մայոր Ահմեդ Սալեմի խոսքերով՝ փետրվարի 28-ին Ազգային բանակը խոցել է վեց «Բայրաքթար», որոնցից միայն երկուսի նկարներն են տեղադրվել համացանցում: Եւս երկու «Բայրաքթար» էլ խոցվել է մարտի 31-ին․ այս մասին նույնպես հաղորդել է Լիբիայի բանակի մամուլի ծառայությունը։ Ապրիլի 11-ին Լիբիայում դարձյալ «Բայրաքթար» է խոցվել։ Լիբիայի զինված ուժերը եւս երկու «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ են խոցել ապրիլի 17-ին, մեկն էլ՝ հաջորդ օրը։ Մայիս ամսվա ընթացքում Լիբիայում խոցվել է 3 «Բայրաքթար»՝ մայիսի 2-ին, 12-ին եւ 23-ին։ Հաջորդ ամիս Լիբիական բանակը խոցել է եւս երեքը․ երկուսը՝ հունիսի 7-ին, մեկը՝ հաջորդ օրը։ Փաստորեն, թուրքական հարվածային այս դրոնները, որ ակտիվորեն կիրառվել են Սիրիայում, Լիբիայում ու Արցախում, այդքան էլ անխոցելի չեն։ Ինչպես նշեցինք, մեր կողմի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները շուրջ 25 օր տեւող պատերազմական գործողությունների ընթացքում արդեն մեկ տասնյակի հասնող «Բայրաքթար» են զգետնել։  Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ մեր խոցած «Բայրաքթարներից» մեկի նկարն էլ հրապարակեց։ Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած «Բայրաքթարներից» մեկի կտորները Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
14:38 - 21 հոկտեմբերի, 2020