Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը խորհրդատվական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության, դրա ազդեցության նվազեցումը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա։ Կազմակերպության ղեկավար մարմիններն են գործադիր տնօրենը, ծրագրերի համակարգողն ու 5 անդամներից բաղկացած խորհուրդը:

Կազմակերպությանն է պատկանում FIP.am ապատեղեկատվության դեմ պայքարող հարթակը (ֆակտ-չեքինգ): «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակումները հիմնականում վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, ժողովրդավարական արժեքներին ու հաստատություններին, տնտեսությանը, ընտրություններին, ինչպես նաև որոշ ոլորտներում քաղաքացիների իրավունքներին: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իր գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացնում է ընտրությունների դիտորդություն։

Հետ կանչել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը․ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

Հետ կանչել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը․ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով կառավարության փետրվարի 10-ի նիստում առանց զեկուցման հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հայտարարությունում ասվում է. «ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հետընթաց է գրանցում ժողովրդավարական արժեքներից, ինչպես նաև կայուն զարգացման և կանաչ տնտեսության նպատակներից: Այն վնաս կպատճառի շրջակա միջավայրին, հանրության առողջությանը, կենսական ու տնտեսական շահերին, կխախտի քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Տարիների փորձը ցույց է տվել, որ ընդերքօգտագործման ծրագրերի դեմ քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է եղել հանուն մարդու առողջության, առողջ շրջակա միջավայրի իրավունքների պահպանման, հանուն տեղի բնակիչների կենսապայմանների պաշտպանության և իրենց գործնեության ընտրության իրավունքի, ինչը կարող է սահմանափակվել հանքարդյունաբերության պատճառով: Բողոքի ակցիաները հանքարդյունաբերական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման ձև են: Եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ ծրագրին, ապա իր իրավունքը պաշտպանում է նաև քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, քանի որ չկան իրավական մեխանիզմներ՝ որոշումներ կայացնելիս համայնքի բնակչության կարծիքը պարտադիր հաշվի առնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու։ Հանրությունը նաև զրկված է այդ որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից: Օրենսդրական այս փոփոխությունն, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։ Հակասահմանադրական է սույն օրինագծի՝ հետադարձ ուժ ունենալու դրույթը, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Օրենսդրական այս փոփոխությունը վատթարացնում է ողջ հանրության իրավական վիճակը և խախտում նրա իրավունքները։ Անթույլատրելի է, 1-2 ընկերությունների վիճակը բարելավելով, ոտնահարել Հայաստանի ողջ հանրության իրավունքները։ Ակնհայտ է, որ օրենսդրական այս փոփոխությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին: Խնդրահարույց է նաև, որ, օրինագծի համաձայն, փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու: Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»: Այսպիսով, Ընդերքի մասին օրենսգրքի այս նոր փոփոխություններով գործադիրը հեռանում է ժողովրդավարական արժեքներից, վտանգում է տեղական ժողովրդավարության գործընթացը, քանի որ այս փոփոխության համար բացակայում է հասարակության հետ կոնսենսուսը, ինչպես նաև այն զրկում է համայնքի բնակիչներին՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար խաղաղ պայքարելու հնարավորությունից։ Մենք՝ ներքոստորագյալ կազմակերպություններս և ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը: Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից վերադարձնել օրինագիծը ՀՀ կառավարություն՝ այն հակասահմանադրական, հակաօրինական և հակաժողովրդավարական լինելու հիմքով։ Հայտարարությունը բաց է միանալու համար: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ «Գոյ» բնապահպանաիրավական ՀԿ «Միհր» ստեղծագործողների միություն» ՀԿ Հայաստանի կանանց նախաձեռնություն «Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ «Գյումրու առաջընթաց» ՔԶՀԿ ՀԿ «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ «Յանուս» իրավական ՀԿ «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ «Թուխմանուկ» ՀԿ Էկոլոգիական հասարակական դաշինք «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ Արթուր Համբարձումյան, Էկո-իրավաբան «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ «Հանրային վերահսկողություն» ՀԿ «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ «Երեխաների հասարակություն մանկապատանեական ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ «Նոր Հորիզոններ» ՀԿ Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան «Թումանյան» փաստաբանական գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Մերի Աղախանյան, ռեժիսոր «Կանանց իրավունքների տուն» ՀԿ «Մեկ առողջություն» կոալիցիա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ «Կայուն ապագա» երիտասարդական ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ Անահիտ Մանուկյան` բժիշկ, անհատ ձեռնարկատեր «Դալմա-Սոնա» Հիմնադրամ Վաղինակ Տեր-Հովհաննիսյան, Եվա Մարգարյան, «Քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական լիգաների ասոցիացիա»-ի Հայաստանի Երիտասարդ դեսպաններ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
16:38 - 17 փետրվարի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները

ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Հայտնում են Արդարադատության նախարարությունից, մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից Որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան): «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան): Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան). «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան): Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։
16:34 - 12 հունվարի, 2022
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով  մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով: Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի ու այլ պաշտոնյաների կողմից Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային նկրտումների և դրա մի մասի գրավման՝ տարիներ տևած և վերջերս հաճախակիացած հրապարակային սպառնալիքներին զուգահեռ: Այս ներխուժումը շեշտակի սրում է իրավիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձևավորված որոշակի կայունացումից հետո։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ստեղծված իրավիճակը  համարում են ոչ միայն ուղղակի սպառնալիք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման, Հայաստանի անվիճելի մաս հանդիսացող տարածքի օկուպացիայի և այդ տարածքներում ապրող բնակչության ֆիզիկական գոյության համար, այլև՝ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված անմիջական մարտահրավեր։ Արձանագրում ենք, որ՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր օրինական ակնկալիքներն ունի, որպես  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իր տարածքային ամբողջականության խախտման այս դեպքի վերաբերյալ ստանալու ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական և ռազմական հակազդում՝ համաձայն պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների, այնինչ մինչ օրս ՀԱՊԿ անդամ-երկրներից որևէ մեկը չի դատապարտել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել իրենց զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Թեև ՀԱՊԿ առանցքային անդամ-պետություն Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունի ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան հենակետեր ունի նաև Սյունիքի մարզում, սակայն մինչ օրս որևէ տեսանելի քայլ (օրինակ՝ ուժի ցուցադրություն) չի կատարել և չի հանդես եկել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման կամ դրա աջակցության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, չի դատապարտել Ադրբեջանի կառավարության ակնհայտ ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանի կառավարության գործողություններն ակնհայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային անվտանգության ամրապնդման մասին» ՄԱԿ-ի ԳԱ հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերին։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս գտնում ենք, որ․ 1․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, հնարավոր պատերազմական գործողությունների կանխարգելման, ինչպես նաև բնակչության ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ համախմբել ողջ պաշտպանական և անվտանգային ներուժն ու միջոցները։ 2․ Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալու հարցով պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կիրառելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործողություններ և ընդունելու անհրաժեշտ որոշումներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ Քաղաքական երկխոսություն ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Ազատ քաղաքացի» ՀԿ
20:40 - 14 մայիսի, 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնում է, որ սկսում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը։  ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, հավատարիմ հանրային կարևոր հարցերում քաղաքացիների ներգրավվածության բարձրացման հարցում իր առաքելությանն ու հանձնառությանը, ներկայացնում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը։ Reforms.am-ն իր մեջ ներառում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։ Եթե բարեփոխումների վերաբերյալ տեղեկությունները մինչ այս հանրությանը հասանելի էին միայն երկարաշունչ փաստաթղթերի, օրենքների ու նախագծերի տեսքով, ապա այժմ դրանք ներկայացված են դասակարգված ու համակարգված՝ համառոտ և մանրամասն տարբերակներով՝ շարադրված հակիրճ, պարզ ու հասկանալի լեզվով։ Reforms.am-ը հարմար ու կիրառելի ուղեցույց է բոլոր այն հետաքրքրված անձանց համար, որոնք ցանկանում են իրազեկ լինել երկրում ընթացող բարեփոխումներից, հետևել դրանց շուրջ ծավալվող քննարկումներին ու կարծիքներին։ Բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ու ներգրավվածությունն այդ բարեփոխումների վերջնական իրականացման կարևոր գրավականն է»:
18:51 - 12 մայիսի, 2021
Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են. ՀԿ-ների հայտարարությունը

Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են. ՀԿ-ների հայտարարությունը

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։ Թեև հայտարարությունը չի անդրադառնում ընտրական օրենսդրությանը, սակայն շրջանառվում է թեզը, որ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքական ուժերին և ընտրական համակարգին անհրաժեշտ է 6 ամիս ժամանակ՝ նոր կանոններով ընտրությունների պատրաստվելու համար, հետևաբար՝ առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքով։ Միաժամանակ, նշվում է, որ ընտրական օրենսդրության փոփոխությունների համար անհրաժեշտ է «կոնսենսուս» Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների միջև։Վերոնշյալ երկու թեզերը բխում են Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների վերաբերյալ լավ պրակտիկայի կանոնագրքի» դրույթներից, սակայն երկուսն էլ մեջբերվում են ձևապաշտական մոտեցումով և մեկնաբանվում հայեցողաբար։  Այս առնչությամբ՝ հարկ է արձանագրել հետևյալը. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար առաջարկվող ժամկետն անհրաժեշտ է ընտրական օրենսդրության կայունության, այդ փոփոխությունների կանխատեսելիության ու նոր կանոններով ընտրություններին նախապատրաստվելու առումով։ Կարևոր է հիշել, որ Ընտրական օրենսգրքի առավել արմատական փոփոխությունները եղել են 2018թ. հեղափոխության մասնակից ժողովրդական լայն զանգվածների օրակարգային առաջնահերթությունը, ինչով պայմանավորված՝ դրանց վերաբերյալ քաղաքական քննարկումներ են սկսել ծավալվել դեռևս 2018 թվականի ամառվանից և ձեռք են բերվել որոշ փոխադարձ համաձայնություններ, թեև դրանք չի հաջողվել ընդունել տվյալ տարվա վերջին կայացած ընտրություններից առաջ: Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ ներկայում առաջարկվող փոփոխություններն էլ, իրենց հերթին, բազմիցս՝ 2020 թվականի օգոստոսից սկսած, ներկայացվել և քննարկվել են շահագրգիռ հանրության շրջանակներում՝ աննախադեպ ներառական և թափանցիկ գործընթացներով: Բացի այդ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է, որ փոփոխվող դրույթներն ուժի մեջ են մտնում աստիճանաբար: Այսինքն, առավել արմատական և քաղաքական փոփոխություններն՝ անմիջապես, իսկ ընտրական համակարգի նախապատրաստում պահանջող լրացուցիչ տեխնիկական ու ընթացակարգային պահանջները՝ ժամանակի ընթացքում։ Եվ վերջապես, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական խորը ճգնաժամ է, որի պայմաններում լավագույն պրակտիկաներին առնչվող ընդհանրական խորհուրդները չեն կարող անբեկանելի համարվել: Առավել ևս այդպիսի նախադեպ Հայաստանում արդեն եղել է 2018 թվականին, երբ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընտրախախտումներին առնչվող դրույթները ընդունվել և ուժի մեջ են մտել սեպտեմբերի 7-ին՝ անմիջապես Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, իսկ 2018թ․ հոկտեմբերի վերջին քվեարկության էր դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Փոփոխությունները չընդունվեցին, սակայն ինքնին դրանց ներկայացնելու և ընդունումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելու հեռանկարի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել որևէ բացասական անդրադարձ: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի միջև «կոնսենսուսի» հասնելու անհրաժեշտության մասին պնդումներին, հարկ է արձանագրել, որ ներկայիս ժամանակահատվածում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կոնսենսուսը հնարավոր չէ հենց քաղաքական պատճառներով, քանի որ որոշ կուսակցություններ  նախընտրում են իշխանության հասնել ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իսկ ուրիշները՝  փողի, քրեական ազդեության կամ վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով: Գործող օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանական լծակներին այդ վերջին ճանապարհով հասնելու, հետևաբար Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը՝ դիրքորոշում է նաև այդ երևույթների հանդեպ: Իրականում, Հայաստանի Հանրապետությունում առկա է շատ ավելի լայն՝ ժողովրդական, քաղաքացիական ու քաղաքական զանգվածների համակողմանի կոնսենսուս Ընտրական օրենսգիրքը փոխելու առումով: Սրա մասին վկայում է, այն, որ. Ընտրողների լայն զանգվածների և քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը դրսևորվել է 2018թ. հեղափոխության օրերին, Ընտրական օրենսգրքի կարևորագույն կետերի (օրինակ՝ ընտրակարգ, անցումային շեմ, մանդատների բաշխում և կոալիցիաների ձևավորման ժամկետներ) շուրջ արդեն իսկ կայացել են քաղաքական քննարկումներ 2018թ.-ին, և ստացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համաձայնությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված՝ վերջին ներկայացուցչական սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կարևորվում է Հայաստանի բնակչության 74 տոկոսի կողմից, Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջին միացել են 30-ից ավել կազմակերպություններ և քաղաքացիական ակտիվիստներ, արտահերթ ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխություններով իրականացնելը կարևորագույն խնդիր են համարում գաղափարախոսությունը կարևորող կուսակցությունները: Սույնով վերահաստատում ենք 2021թ․ մարտի 16-ի մի շարք կազմակերպությունների կողմից արտահայտված դիրքորոշումը, և արձանագրում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելը հիմնականում կախված է իշխող կուսակցության քաղաքական կամքից, պետության ու սեփական ժողովրդի առաջ պատասխանատվությունից և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմությունից:  Հայտարարությանը բաց է։ Միանալու համար խնդրում ենք լրացնել հասարակական կազմակերպության տվյալներն այստեղ։ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Ուղղակի ժողովրդավարություն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ»
13:10 - 21 մարտի, 2021
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առցանց քննարկումները շարունակվում են |hetq.am|

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առցանց քննարկումները շարունակվում են |hetq.am|

hetq.am: Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվում են: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 18-ի քննարկումն առնչվում էր ընտրական ցուցակներին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ելույթում նշեց, որ ընտրական ցուցակների առնչությամբ տարիներ շարունակ մտահոգություններ են հնչել, որ ընտրական ցուցակները բավական ուռճացված են: Իոաննիսյանն առաջարկում է ժամկետանց անձնագրեր ունեցող անձանց չներառել ընտրողների ցուցակում, ներառել միայն այն անձանց, ովքեր քվեարկության օրվա նախորդող կես տարվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ: Ռիսկային է նաև անգործունակ ճանաչված անձանց տվյալները ցուցակում ներառելը, առաջարկվում է դատարանի կողմից անգործունակ ճանաչված, ինչպես նաև գործունակության սահմանափակումը վերացած անձանց տվյալները փոխանցել լիազոր մարմին, որպեսզի վերջինս դրա հիման վրա ներառի կամ չներառի այդ անձանց տվյալները ընտրողների ցուցակում: Տեղաշարժման խնդիր ունեցող անձինք, փոփոխությունների դեպքում, կկարողանան իրենց նախընտրած ընտրատեղամասերում քվեարկություն կատարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր տեղամասերն են հարմարեցված տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար: Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընտրական ցուցակներն ունենան որոնման հնարավորություն: Դանիել Իոաննիսյանի խոսքով` այժմ էլ ընտրական ցուցակներում հնարավոր է որոնում կատարել, սակայն տեսականորեն հնարավոր է, որ ոստիկանությունն այնպիսի ձևաչափով ընտրական ցուցակները հրապարակի, որ հնարավոր չլինի որոնում կատարել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը վիճելի որակեց ոչ վավեր անձնագրով քաղաքացիներին ընտրական ցուցակներից հանելու առաջարկը: Նրա խոսքով` Հայաստանում ևս կան քաղաքացիներ, որոնք տևական ժամանակ առիթ չեն ունեցել օգտագործել անձնագիրը, ինչի հետևանքով վերջինիս վավերականության ժամկետը սպառվել է: ԿԸՀ ներկայացուցչի կարծիքով` հեռավոր բնակավայրերի նման բնակիչները այդ տեխնիկական խնդիրների պատճառով կարող են զրկվել իրենց սահմանադրական իրավունքից` ընտրելուց: Առաջարկվում է նաև փոստային ծառայության ծանուցումը փոխարինել այլ ձևերով, օրինակ` հեռախոսային հաղորդագրություններով: ԿԸՀ ներկայացուցիչը ողջունեց այս առաջարկը` ասելով, որ թերևս ԿԸՀ կայքը դրա լավագույն լուծումը տվել է, և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր տվյալները գտնել և տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն: Առցանց քննարկումները կշարունակվեն նաև օգոստոսի 21-ին:
16:59 - 18 օգոստոսի, 2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներկայացրել է Արցախի համապետական ընտրությունների դիտարկման զեկույցը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներկայացրել է Արցախի համապետական ընտրությունների դիտարկման զեկույցը

Հուլիսի 31-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի 2020 թվականի համապետական ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» դիտորդական առաքելության զեկույցի ներկայացումը։ Զեկույցում տեղ են գտել են ինչպես 2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած համապետական՝ Ազգային ժողովի և հանրապետության նախագահի ընտրությունների, այնպես էլ ապրիլի 14-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի դիտարկման արդյունքները։ Ընդհանուր առմամբ, դիտորդական առաքելությունն արձանագրել է որոշակի դրական միտումներ, բայց և ընտրական գործընթացի բազմաթիվ թերացումներ, խախտումներ և ոչ բավարար քաղաքական կամք՝ դրանց վերացման համար։ Մասնավորապես, դիտորդական առաքելությունն արձանագրել է խախտումներ կապված քվեարկության գաղտնիության, ընտրատեղամասերի կահավորման, ընտրողների ցուցակնների կազմման, վարչական ռեսուրսի չարաշահման, ոստիկանության ու ընտրական հանձնաժողովների աշխատանքների, նախընտրական քարոզչության իրականացման կարքի, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման հետ։ Դրանով հանդերձ, ըստ զեկույցի՝ Արցախի համապետական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, թեև այդ մրցակցության արդարության չափը չէր համապատասխանում ժողովրդավարական հասարակությունում ընտրություններին ներկայացվող պահանջներին, իսկ արձանագրված խախտումների ամբողջականությունը կարող էր ազդել թե Ազգային ժողովի և թե հանրապետութայն նախագահի ընտրությունների արդյունքների վրա: Միևնույն ժամանակ, դիտորդական առաքելությունը հանդես է եկել Արցախում ընտրական գործընթացների վերաբերյալ մի շարք առաջարկություններով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի էապես բարեփոխել Արցախի Հանրապետության ընտրական համակարգը։ Առաքելությունը նաև արձանագրել է, որ 2020 թվականի ընտրությունները ավելի մեծ հանրային վստահություն էին վայելում, քան դրանց նախորդող 2012 թվականի նախագահական և 2015 թվականի Ազգային ժողովի ընտրությունները: Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։  
21:50 - 31 հուլիսի, 2020
ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ

ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ

ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ . «Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանափակել Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորներին ազատել պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում (բայց ոչ ՍԴ դատավորի): Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ զավթված է եղել կոռուպցիոն ռեժիմի կողմից և դատական համակարգը եղել է այդ զավթման և՛ օբյեկտը, և՛ ակտիվ մասնակիցը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը տարիներ շարունակ իր որոշումներով լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները և անհնարին դարձրել երկրում քաղաքական, հետևաբար՝ նաև տնտեսական ու սոցիալական փոփոխությունները: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված էր դատական համակարգի, նաև՝ Սահմանադրական դատարանի որոշ չափով անկախացում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում և դատարանի նախագահի՝ դատավորների կողմից ընտրություն: Սակայն, միևնույն ժամանակ, կոռումպացված ռեժիմի կողմից ներդրվել էր տվյալ բարեփոխումը փաստացիորեն ի չիք դարձնող դրույթ՝ հետաձգելով նշված փոփոխությունները 17 տարով: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ողջունում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունը՝ որպես   Սահմանադրական դատարանի լեգիտիմության ապահովմանն ուղղված նախաձեռնություն: Միևնույն ժամանակ, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները կարծում են, որ պետության զավթումն ապահոված գործող Սահմանադրությունը չի կարող ապահովել իրավական պետության սկզբունքների ապահովումը, և հորդորում են իշխանություններին սեղմ ժամկետներում ընդունել իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող, պետական մարմինների լեգիտիմությունը երաշխավորող նոր Սահմանադրություն: Մինչ այդ, կոչ ենք անում արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ իրականացնելով դատավորների և իրավապահների լայնածավալ և խորքային վեթինգ, ինչը լեգիտիմ կերպով ձևավորված խորհրդարանի առաքելությունն ու պատասխանատվությունն է՝ թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիների հանդեպ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ»
15:14 - 22 հունիսի, 2020
Ինչի մասին է լռում և երբ է խոսում Հանրային հեռուստաընկերությունը |uic.am|

Ինչի մասին է լռում և երբ է խոսում Հանրային հեռուստաընկերությունը |uic.am|

uic.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. մարտ ընկած ժամանակահատվածում ամենօրյա կտրվածքով մշտադիտարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում հանրության շրջանում քննարկումների տեղիք տված կարևոր իրադարձությունների լուսաբանման ընդհանուր պատկերը: Մասնավորապես, մշտադիտարկման են ենթարկվել «Լուրերի» գլխավոր թողարկումները, փրայմ թայմում տեղ գտած քաղաքական հարցազրույցները, հանրային քննարկումները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած որոշ իրադարձություններ դուրս են մնացել Հանրայինի լուսաբանման տիրույթից: Մասնավորապես, Հանրայինի եթերից դուրս է մնացել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի՝ երեխային վրաերթի ենթարկելու թեման, չնայած այն մեծ աղմուկ էր բարձրացրել և անգամ քրեական գործ էր հարուցվել: Նույն կերպ Հանրայինը չի անդրադարձել «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը, չնայած՝ թեմային արձագանքել էին մի շարք լրագրողական կազմակերպություններ, և այս դեպքի առիթով նույնպես հարուցվել էր քրեական գործ: Հանրայինի ուշադրությունից «վրիպել են» նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականը և որոշ պաշտոնյաների (որոնք ավելի ուշ ազատվեցին զբաղեցրած պաշտոնից) հասցեին նրա հնչեցրած մեղադրանքները: Մշտադիտարկումը պարզել է, որ երբեմն Հանրայինը թեմային անդրադարձել է, բայց ուշացումով, առանց տեղեկատվական առիթը լուսաբանելու, երբեմն էլ՝ պաշտոնական արձագանքից հետո միայն: Այսպես՝ սկանդալային «Հուզանք ու զանգ» պերֆորմանսի միջադեպը, երբ հարձակում էին գործել դրա մասնակիցների վրա, դուրս էր մնացել Հանրայինի եթերից: Թեմային անդրադարձել են միայն միջադեպից մի քանի օր անց՝ հարցազրույցների տեսքով: Նույն կերպ՝ ոչ ամբողջական էր ներկայացվել «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, չնայած տարածված մանիպուլյացիաներին, այնուամենայնիվ, այնքան մեծ աղմուկ էր բարձրացրել, որ դրան ստիպված էր անդրադառնալ երկրի վարչապետը: Հանրության շրջանում աղմուկ բարձրացրած որոշ դրվագներ էր Հանրայինի ուշադրության կենտրոնում են հայտնվել պաշտոնական արձագանքից հետո: Մասնավորապես, Վայոց ձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ փոխգնդապետի ծեծի միջադեպին անդրադարձ եղել է մի քանի օր անց՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի պարզաբանման տեսքով: Նույն կերպ Հանրայինը չի անդրադարձել նաև քաղաքապետարանին «Կամազների» նվիրաբերության թեմային, որում լրատվամիջոցները և ընդդիմադիրները կոռուպցիոն ռիսկեր էին տեսնում: Մի քանի օր անց թեմայի շուրջ խոսելու համար հարթակ էր տրամադրվել քաղաքապետ Հայկ Մարությանին: Հանրայինը յուրովի մեկնաբանություն է տվել նաև «Այո»-ի տարբերանշանի գրագողության թեմային: Նախ՝ աղմուկի առաջին օրը թեման ընդհանրապես անտեսվել է, հաջորդ օրը, երբ հարցը պաշտոնապես լուծվել էր, թեմային անդրադարձ է կատարվել մի ռեպորտաժով, որում գրագողության փաստը, կարծես, «ներվում էր»: Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
15:53 - 02 հունիսի, 2020
Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները

Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը, դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված ստացավ: Հաստատվեց, որ պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված խորհրդարանական քրեական հակամշակույթին բնորոշ խայտառակ ավանդույթները  ոչ միայն վերացված չեն, այլև շարունակվում են: Ափսոսանքով ենք  արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար: Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու  բռնության  և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է  և ունի օրինական  և բավարար լիազորություն՝ բռնության  մշակույթը վերացնելու համար: Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ պատասխանելու  և խուլիգանական արձագանքների համար: Ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է ներկայացնելու զանգվածային, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով թավշյա հեղափոխություն իրականացրած, ցանկացած խնդիր առանց բռնության լուծելու կարողություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիներին: Առաջարկում ենք, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար: Պահանջում ենք նաև  խորհրդարանական  և խմբակցությունների մակարդակում պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդհուպ մինչև որոշ պատգամավորների կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցի քննարկումը: Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն: Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող նման բառեր կամ արտահայտություններ որևէ մեկի հասցեին ուղղակի կամ անուղղակի օգտագործելն ու ակնարկելը, դահլիճում ձեռնամարտ խթանելը, խրախուսելն ու իրականացնելը,  պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը: Պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է հանդիսանա բացառապես քաղաքակիրթ քաղաքական և գաղափարական բանավեճի օրինակ: ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած Խորհրդարանից և հատկապես խորհրդարանական մեծամասնությունից պահանջում ենք պատասխանատու լինել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների մասով, չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի և սնանկ բովանդակության կրողը և բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ համակարգային  խնդիրների լուծման համար: Հայտարարությունը բաց է միանալու համար։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Հանրային լրագրության ակումբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Արտակ Քյուրումյան, փորձագետ
21:42 - 08 մայիսի, 2020
Եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա․ ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակ |uic.am|

Եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա․ ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակ |uic.am|

uic.am: «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը»  կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների՝ մարտի 31-ին կայացած առաջին և ապրիլի 14-ին կայացած երկրորդ փուլի ընթացքում: Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցան թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Վերջինս, սակայն, կոչ արեց բոյկոտել  ընտրությունները: Մեթոդաբանություն Ամբողջ հանրապետությունում ձևավորել է 282 տեղամաս (այդ թվում՝ մեկը Երևանում): Ընտրությունների առաջին փուլում Հայաստանից և Արցախից 113 դիտորդներ (այդ թվում 9 շրջիկ խումբ) բոլոր շրջաններում դիտարկել էին ձևավորված 281 տեղամասերից 49-ը և բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները: Երկրորդ փուլում առաքելության մեջ ներգրավված է եղել 65 դիտորդ: Վերջիններս ընտրությունների ընթացքին հետևել են 48 տեղամասում տեղադրված տեսահեռարձակման սարքերի միջոցով, 3 խումբ իրականացրել է շրջիկ դիտորդություն: Մեթոդաբանության փոփոխությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակով: Առաքելության սահմաններում իրականացվել է նաև մեդիայի, իրավապահ համակարգի աշխատանքների մշտադիտարկում և ընտրողների ցուցակների սահմանափակ դիտարկում: Ընտրական վարչարարություն Ընտրություններից մի քանի օր առաջ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ, մարդու իրավունքների պաշտպանի ու հանրային հեռուստատեսության ջանքերով և «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորհրդատվական աջակցությամբ Ստեփանակերտի և շրջկենտրոնների բոլոր տեղամասերում (թվով 48) տեղադրվել են տեսախցիկներ: Չնայած տեսահեռարձակման օրենսդրական պահանջ չկա, սակայն դա (բոլոր տեխնիկական թերություններով հանդերձ) տվել է պատկերի և ձայնի հեռարձակման միջոցով ընտրությունների վերահսկման լրացուցիչ հնարավորություն, ավելացրել է ընտրությունների թափանցիկությունը: Ընտրական հանձնաժողովները, գերակշռապես, բավականին վատ էին տիրապետում ընտրական օրենսդրությանն ու ԿԸՀ որոշումներին: Այդուհանդերձ, ընտրական հանձնաժողովները, հիմնականում, պատրաստակամ էին աշխատել շրջիկ դիտորդների հետ, և չիմացության արդյունքում թույլ տված բազմաթիվ թերություններ դիտորդների առաջարկությամբ վերացվում էին: Ընտրական հանձնաժողովներում հաճախ նկատվում էր բարձիթողի վիճակ, պարտականությունների բաշխման իրական վիճակահանության չիրականացում, ընտրողների ցուցակներին ծանոթանալու դեպքեր, տեղամասային կենտրոնի կահավորման և այլն խնդիրներ: Չնայած ընտրությունների առաջին փուլում գրանցվել էին Արցախի ոստիկանության կողմից ընտրողների ցուցակները վարելու, կազմելու, հրապարակելու, ինչպես նաև նույն անձի՝ ցուցակում կրկնակի ներառված լինելը բացառելու մասով էական խախտումներ (որոնց մասին քննություն է ընթանում Հատուկ քննչական ծառայությունում), սակայն երկրորդ փուլում այդ խնդիրների կրկնություն չի նկատվել, ընտրողների ցուցակներում կրկնվող անձինք չեն հայտնաբերվել, ցուցակները ամբողջությամբ հրապարակվել են: Արցախի ոստիկանությունը, սակայն, պատշաճ միջոցառումներ չի ձեռնարկել նախընտրական փուլում և քվեարկության օրը կատարված հանցագործությունների նախականխման ու բացահայտման (այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով) ուղղությամբ, ինչը կարող է ընկալվել որպես արդարադատության դեֆիցիտ և անպատժելիության մթնոլորտ: Այդուհանդերձ, գլխավոր դատախազության կողմից հիմնական խախտումների մասին ահազանգերը գրանցվել են, մի շարք դեպքերով կայացվել են քրեական գործ հարուցելու որոշումներ (այդ թվում՝ մեր հաղորդումների հիման վրա): Խախտումներ չեն հայտնաբերվել ոստիկանության քրեակատարողական վարչության «Շուշի քրեակատարողական հիմնարկում» քվեարկության դիտորդության ժամանակ: Ի տարբերություն սրա՝ էականորեն աճել են ոստիկանի՝ առանց հանձնաժողովի նախագահի հրավերի տեղամասում գտնվելու դեպքերը թե՛ առավոտյան նիստին, թե՛ քվեարկության ընթացքում և թե՛ ձայների հաշվարկի ժամանակ։ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տեղամասերը կահավորվել են թեքահարթակներով, ինչը էապես հեշտացրել է հենաշարժական խնդիրներով քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը: Երկրորդ փուլում արձանագրված խախտումները Ժամը 07։00-08։00-ն դիտորդներն արձանագրել են հանձնաժողովի անդամների կողմից վկայական չկրելու դեպք 16 տեղամասում, ոստիկանի՝ առանց հանձնաժողովի նախագահի կարգադրության քվեասենյակ մուտք գործելու դեպք 14 տեղամասում, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք չունեցող անհայտ անձանց ներկայության դեպք 10 տեղամասում։ Հարկ է նշել նաև, որ հանձնաժողովի գործառույթների վիճակահանությունը մեծ մասամբ չի իրականացվել, իսկ դիտարկված 11 տեղամասում նիստը տեղի է ունեցել քվեարկության սենյակից դուրս՝ այլ սենյակում։ Քվեարկության ընթացքում՝ 8։00-20։00 ընկած ժամանակահատվածում, 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով դիտարկման նախնական արդյունքներով դիտորդական առաքելության կողմից արձանագրվել է. ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 80 դեպք, այդ թվում՝ տեղամասում ոստիկանների գտնվելու մեծաթիվ դեպքեր, տեղամասում ներկա անձանց (այդ թվում՝ հանձնաժողովի անդամների) կողմից վկայականը տեսանելի չկրելու 86 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու կամ ծալելու 260 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 9 դեպք, այլ անձի կողմից հանձնաժողովի նախագահի լիազորություններն իր վրա վերցնելու 21 դեպք, քվեասենյակում կուտակումների 15 դեպք։ Ձայների հաշվարկի նիստին արձանագրվել է. արդյունքների ամփոփման նիստի ընդհատում 2 տեղամասում, ներկա գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 11 դեպք, որոնք գրանցվել են 6 տեղամասային կենտրոններում, 12 տեղամասերում արդյունքների ամփոփմանը ներկա է եղել վկայականը տեսանելի չկրող 27 անձ, ոստիկանի՝ առանց հանձնաժողովի նախագահի կարգադրության քվեասենյակ մուտք գործելու 17 դեպք, որոնք գրանցվել են 7 տեղամասային կենտրոնում, քվեաթերթիկների հաշվարկի ընթացակարգը խախտվել է 36 անգամ՝ 11 տեղամասերում: Դիտարկված երկու տեղամասերում (Մարտակերտի թիվ 4/2 և Ստեփանակերտի թիվ 1/30) տեսախցիկներով ակնհայտ նկատելի էր շատ ընտրողների կողմից քվեախցիկում ինչ-որ լրացուցիչ թերթիկների շրջանառություն, ինչն առերևույթ նման է քվեաթերթիկների «կարուսելի» (վերահսկվող քվեարկության տարատեսակ, երբ ընտրողին տրվում է քվեարկված քվեաթերթիկ և պահանջվում այն նետել քվեատուփը, իսկ ստացած քվեաթերթիկը դատարկ հանել տեղամասից)։ Այդ դեպքերը կարող են ամբողջությամբ բացահայտվել միայն քննությամբ, և դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն: Բացի վերոնշյալ խախտումները, 7։00-ից մինչև տեղամասերում ձայների հաշվարկի նիստի ավարտը գրանցվել է ԱՀ ԿԸՀ սահմանած կարգի խախտման ավելի քան 285 դեպք, երբ դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ։ Ընտրատեղամասերում լուրջ վիճաբանության և ծեծկռտուքի դեպքեր չեն դիտարկվել: Ստեփանակերտում դիտորդները նաև հաշվարկել են ընտրողի հետ քվեարկության խցիկ մուտք գործող անձանց քանակը և այն էապս չի տարբերվել գրանցամատյաններում գրանցված օգնողների թվից: Թվով 10 ընտրատեղամասում իրականացվել է նաև քվեարկողների թվի հաշվարկ, որը 8 տեղամասի պարագայում շատ մոտ է եղել պաշտոնական արդյունքներին, իսկ մյուս երկու տեղամասերում եղել է էական տարբերություն (2 տեղամասից մեկում, սակայն, եղել է կապի խափանում): Օրվա ընթացքում տեսախցիկների տեսադաշտի ու հեռարձակման մասով խնդիրներ առաջացել են ավելի քան 10 ընտրատեղամասում, սակայն դրանք վերացվել են ընտրական հանձնաժողովների, տեխնիկական սպասարկող անձնակազմի և մեր դիտորդների շնորհիվ։ Քվեարկության արդյունքների վերլուծությունը Եթե ընտրությունների առաջին փուլի ժամանակ մասնակցությունը քաղաքային համայնքներում եղել է 70 տոկոս, գյուղականներում՝ 76 տոկոս (տարբերությունը`6 տոկոս), ապա 2-րդ փուլում քաղաքային տեղամասերում այն կազմել է 35 տոկոս, իսկ գյուղականում՝ 56 տոկոս (տարբերությունը`21 տոկոս)։ Ընդ որում, թվով 22 ընտրական տեղամասերում (բոլորը գյուղական համայնքներ) երկրորդ փուլի ժամանակ մասնակցությունը եղել է ավելի շատ, քան առաջին փուլում, որը ողջամտորեն չունի սոցիոլոգիական և քաղաքագիտական բացատրություն: Հարկ է նկատել, որ տեսախցիկներով կահավորված են եղել հենց քաղաքային տեղամասերը: Որևէ գյուղական տեղամասում տեսախցիկի միջոցով հեռարձակում չի եղել: Այդ գյուղական տեղամասերում չի իրականացվել դիտորդություն, իսկ ընդդիմության վստահված անձինք ընդհանրապես չեն եղել տեղամասերում: Գյուղական ընտրական տեղամասերում մասնակցության անբացատրելի համեմատական բարձր ցուցանիշն առավել մտահոգիչ եզրահանգումների տեղիք է տալիս է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման և երկրորդ փուլում մրցակցության փաստացի բացակայության լույսի ներքո: Նկարագրվածը հիմք է տալիս ենթադրելու, որ քաղաքացիական հասարակության և ընդդիմության կողմից չվերահսկված ընտրական տեղամասերի զգալի մասում եղել են կոպիտ խախտումներ: Ընտրողների ազատ կամարտահայտումը Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև ԻՔՄ-ն չի իրականացրել երկարաժամկետ դիտորդական առաքելություն, սակայն այն իրականացվել է մեր գործընկեր «Ականատես» դիտորդական դաշինքի կողմից, որը մտահոգություններ է բարձրացրել վարչական ռեսուրսի օգտագործման և քարոզչությանը զուգորդվող բարեգործության հետ կապված։ ԻՔՄ-ն ևս բազմաթիվ զրուցակիցներից  ահազանգեր է ստացել քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ կապակցված բարեգործության մասին: Հաճախ այդ բարեգործությունն իրականացվել է շինանյութի տրամադրման և այլ պետական ծրագրերի շրջանակում, սակայն բնակիչներին մատուցվել է որպես թեկնածուներից մեկի կողմից տրվող աջակցություն: Այս հանգամանքները հիմք են տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված ներգործություն։ Այս մտահոգությունները էապես ավելանում են ընտրությունների օրն արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու բազմաթիվ դեպքերի ֆոնին: Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ խախտումները կրում էին լատենտային բնույթ և, որպես կանոն, եզակի դեպքերում են նկատվել դիտորդների կողմից, կարող ենք ենթադրել, որ այդ դրանք եղել են շատ ավելի շատ, քան արձանագրվել են, հետևաբար, այդ առումով ամբողջական պատկերը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ, հնարավոր չէ նաև ճշգրիտ թվային գնահատական տալ, թե Արցախի Հանրապետության ընտրողների քանի տոկոսը չի կարողացել քվեարկության խցիկներում իրականացնել իրական կամարտահայտում՝ կաշկանդված լինելով ստացած բարեգործությամբ կամ իրենց նկատմամբ կիրառված վարչական լծակներով: Եզրահանգումներ Այսպիսով, կարելի է ասել, որ Արցախի համապետական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն այդ մրցակցության արդարության չափը էապես տարբերվում էր ժողովրդավարական հասարակությունում ընտրություններին ներկայացվող պահանջներից: Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ առաջին և երկրորդ փուլում եղել են խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ թե՛ Ազգային Ժողովի և թե՛ հանրապետության նախագահի քվեարկության արդյունքների վրա: Թեպետ ընտրությունների թափանցիկության ապահովման ուղղությամբ Արցախի Հանրապետության իշխանությունները իրականացրել էին էական ջանքեր, սակայն առերևույթ էր ընտրախախտումների դեմ պայքարի (դրանց նախականխման ու բացահայտման) քաղաքական կամքի դեֆիցիտը: Ընտրական հանցագործություններ գործած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որի մասով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացնելու է հետևողական վերահսկողություն: Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, համակարգը և վարչարարությունը էական բարեփոխման կարիք ունեն: Տեղամասերից տեսահեռարձակման և դրանք թեքահարթակներով կահավորման ողջունելի պրակտիկան պետք է զարգացվի: «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»
15:56 - 15 ապրիլի, 2020
143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն
 |armtimes.com|

143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն |armtimes.com|

armtimes.com: «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը Արցախում անցկացվող այսօրվա ընտրությունները դիտարկում է հիմնականում օնլայն ռեժիմով: Արցախի մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:«Հիմնականում դիտորդությունը անում ենք հեռակա՝ տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով, որովհետեւ ամեն դեպքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեր համար մի քիչ սկզբունքային էր դիտորդների անվտանգությունը, որպեսզի ռիսկի չդիմենք: Հայաստանից եկել է մոտ 10 հոգի, բոլորը կորոնավիրուսի թեստ անցած, բայց այդքանս ենք, մնացածը աշխատում են օնլայն ռեժիմով»,- ասաց Իոաննիսյանը: Նա հիշեցրեց, որ առաջին փուլին հետեւում էին 113 դիտորդով, հիմա 65 հոգով ենք հետեւում, բայց օնլայն: ՀԿ-ն այսօրվա ժամը 14:00-ի տվյալներով արդեն նաեւ հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով տեղամասերում դիտարկման արդյունքները: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ չնայած տեղամասերում առկա տեսախցիկների աշխատանքի որակին եւ որոշ դեպքերում տեղադրված դիրքի անհարմարությանը, ժամը 14։00-ի դրությամբ 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով դիտարկման նախնական արդյունքներով դիտորդական առաքելության կողմից արձանագրվել է․ ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 44 դեպք, վկայականը տեսանելի չկրող անձի ներկայության 40 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու 143 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 6 դեպք, հանձնաժողովի նախագահի լիազորություններն այլ անձի կողմից իր վրա վերցնելու 10 դեպք, քվեասենյակում կուտակումների 14 դեպք։ «Այս ամենից զատ՝ հարկ է նշել, որ 7։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգը, դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ 125 դեպքում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
19:29 - 14 ապրիլի, 2020