Իջևան

Իջևան (նախկինում՝ Քարվանսարա), քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ափին, Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1961 թվականին։ Բնակչություն-19 099 (2018 թվականի դրությամբ)։

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Հայկ Ղալումյանն է։

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում |armenpress.am|

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը։ Այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։ Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են, Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է։ Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ է բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։ Պլանավորվում է ևս մեկ օպերատիվ գրասենյակ բացել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
14:00 - 12 սեպտեմբերի, 2023
ՀՀ ՔԿ-ն դատախազին է ուղարկել Իջևանում կոռուպցիոն չարաշահումների վարույթի մեղադրական եզրակացությունը

ՀՀ ՔԿ-ն դատախազին է ուղարկել Իջևանում կոռուպցիոն չարաշահումների վարույթի մեղադրական եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և մի քանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վարույթով նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2011-2019թթ. ընթացքում Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Վ. Ղ.-ն 2016թ. հունիսի 1-ին  իր ընկերոջ կնոջը նշանակել է «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2016թ. հուլիսի 3-ին՝ նույն հիմնարկի տնօրեն: «2017թ. վերոնշյալ ընկերոջ կողմից ԱԺ պատգամավոր ընտրվելու և կնոջ հետ Երևան քաղաք տեղափոխվելուց հետո Իջևան համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ հսկողություն չի իրականացրել ընկերոջ կնոջ կողմից 2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ։ Այդ ընթացքում վերջինս փաստացի աշխատանքի չի ներկայացել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, իսկ Իջևանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 698.365 ՀՀ դրամ խոշոր չափերի գումարը յուրացվել է ՓԲԸ տնօրենի կողմից: Բացի այդ, ՓԲԸ-ում որպես լրագրող ձևակերպված անձի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, ՓԲԸ տնօրենը, ունենալով համապատասխան լիազորություններ, ոչ միայն նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել և չի լուծել աշխատանքային պայմանագիրը, այլև պաշտոնեական դիրքն օգտագործելով հանձնարարել է հաշվարկել և նրան վճարել այդ ժամանակահատվածի համար դրույքաչափերով նախատեսված աշխատավարձը՝ ընդհանուր 1.074.997 ՀՀ դրամի չափով՝ փաստացի այդ աշխատակցի օժանդակությամբ կատարելով վատնում: Տնօրենը նույն հիմնարկի հաշվապահին և փոխտնօրենին հանձնարարել է կազմել իր և հիշյալ լրագրողի՝ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի ցուցակներ և աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր։ Դրանց մի մասը հաստատել է ինքը՝ այդպիսով կատարելով պաշտոնեական կեղծիք։ Իսկ մյուս մասը, իր բացակայության ընթացքում, հանձնարարել է հաստատել փոխտնօրենին՝ դրդելով վերջինիս և հաշվապահին կատարել կեղծիք։ Այդ կերպ հիմնարկի վերոնշյալ երեք աշխատակիցների օժանդակությամբ տնօրենի կողմից յուրացվել, վատնվել է խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 1.700.000  ՀՀ դրամ գումար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (երկու դրվագ), պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և փաստաթղթերի կեղծմանը դրդելու համար։  Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՓԲԸ-ի նախկին փոխտնօրենին, հաշվապահին, ինչպես նաև «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին մամուլի պատասխանատուին։ Բոլոր 5 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան հանձնելու համար:  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:03 - 10 մայիսի, 2023
Իջևանի նախկին քաղաքապետի կողմից առերևույթ չարաշահումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իջևանի նախկին քաղաքապետի կողմից առերևույթ չարաշահումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված տարաբնույթ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն, նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել Իջևանի նախկին քաղաքային գործկոմի ենթակայության տակ գտնվող շինվերանորոգման վարչության տարածքը, հնարավորություն ունենալով այն անհատույց տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մինչ վերջինիս կողմից համապատասխան ընթացակարգով համայնքին դիմում ներկայացնելը, 2013-2014թթ. ընթացքում շահադիտական նպատակով նշված տարածքը բաժանել է 4 մասի և օտարել իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց։ Վերջիններս հետագայում դրանք անհամեմատ բարձր արժեքներով վաճառել են ՀՀ ՊՆ-ին: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2007թ. հոկտեմբերի 15-ին Իջևան համայնքի ավագանու նախկին անդամը նույն համայնքի կողմից հայտարարված մրցույթում աճուրդի արդյունքներով ճանաչվել է հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 55.700 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է համայնքի Արցախյան 144/10 հասցեի 0,2969 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով վերջինիս տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Պարզվել է, որ աճուրդի անցկացման ժամանակ թույլ տրված չարաշահումների արդյունքում համայնքի ավագանու նախկին անդամը ճանաչվել է հաղթող: 2013թ. հուլիսի 10-ին տարածքը վերջինիս վաճառվել է 3.687.000 ՀՀ դրամով, որը 2013թ. օգոստոսի 29-ին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 45.000.000 ՀՀ դրամով: 2007թ. մայիսի 2-ին Իջևանի քաղաքապետի մտերիմը, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվելով հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 48.750 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144 հասցեի 0,2599 հա մակերեսով հողամասը: 2013թ. դեկտեմբերին նշված հողամասը 3.227.958 ՀՀ դրամով վաճառվել է Իջևանի քաղաքապետի այդ մտերիմին, որը 2014թ. հունիսին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 38.470.000 ՀՀ դրամով: Բացի այդ, 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի նախկին մարզպետի վարորդի որդին, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվել է հաղթող։ Վերջինս Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 42.225 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144/4 հասցեի 0,2815 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով նրան տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Վերջինս հիշյալ տարածքում ունեցել է գաջի արտադրամաս: 2014թ. մայիսին նշված անձը գնել է հիշյալ հողատարածքը 3.496.230 ՀՀ դրամով, սակայն հողատարածքը ՀՀ ՊՆ-ին չի վաճառել՝ գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով: 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Իջևանի քաղաքապետարանում անցկացվել է կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել  Իջևանի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը: 2014թ. ապրիլի 25-ին նրան տրվել է Արցախյան փողոցի 144/5 հասցեի 7977 քմ հողամասի կառուցապատման իրավունք: Վերջինս հիշյալ հողատարածքը վարձակալել է տարեկան 331.632 ՀՀ դրամ վճարով: Այնուհետև՝ 2015թ. սեպտեմբերին հիշյալ հողատարածքի և դրա վրա առկա շինության կառուցապատման իրավունքը վաճառել է ՀՀ ՊՆ-ին` 63.000.000 ՀՀ դրամ գումարով: Պարզվել է նաև, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերը նշված հողատարածքները ՀՀ կառավարության 21.03.2013թ. թիվ 246-Ն և 19.09.2013թ. թիվ 1022-Ն որոշումներով հանվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ չմասնավորեցվող հողերի կազմից։ Սակայն հիշյալ որոշումների ընդունման համար Իջևանի համայնքապետարանից կառավարություն են ներկայացվել իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներ: Նշված փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:17 - 15 դեկտեմբերի, 2022
Իջևանի գինու գործարանի մոտակայքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Իջևանի գինու գործարանի մոտակայքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Իջևանի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները  վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ: Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: *** Սեպտեմբերի 1-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Այրվել է մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 67 փրկարար ծառայող և անտառտնտեսությունից 20 աշխատակից։Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ *** Սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՊՆ մեկ ուղղաթիռ, 102 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության 20 աշխատակից։Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ։
09:58 - 03 սեպտեմբերի, 2022
ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

Տավուշի մարզի Իջևան համայնքում երեկ՝ նոյեմբերի 14-ին անցկացվել են ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրությանը մասնակցում էր երկու ուժ՝ ՀՅԴ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն կամ 15․86%, իսկ ՔՊ-ն՝ 10 003 ձայն կամ 80․78%։ ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ-ի ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։ Նշենք, որ Իջևանում ընտրողների ընդհանուր թիվը  33 090 է, քվեարկությանը մասնակցել է 12 383-ը կամ 37․42%-ը։ Անվավեր քվեաթերթիկների քանակը 414 է։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
09:41 - 15 նոյեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար, նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը։ Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում, միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին: Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:
17:59 - 09 ապրիլի, 2021
ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, գրասենակներում։ ԱԱՏՄ տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։ Տեսչականի աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, արձանագրել են տեղում շտկվող խախտումներ, ինչի մասին իրազեկվել են տնտեսավարողները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ վարակի տարածումը կանխելու միակ ելքը կանխարգելիչ նորմերի պահպանումն է։
21:17 - 04 դեկտեմբերի, 2020