Ժոզեպ Բորել

Բորելը հավանական է համարել Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմը

Բորելը հավանական է համարել Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմը

Եվրոպայում բարձր ինտենսիվության պատերազմի հավանականությունը այլևս ֆանտազիա չէ: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ՝ դրանից խուսափելու համար, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Բորելի խոսքով՝ Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ են միջոցներ թշնամուն զսպելու համար։ Նա նշել է, որ Միությունը պետք է «պաշտպանական մեխանիզմ» ստեղծի՝ իր պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Բացի այդ, դիվանագետը խոստովանել է, որ այդ մեխանիզմը ֆինանսավորելու համար անհրաժեշտ կլինի դիմել ԵՄ երկրների ընդհանուր պարտքային պարտավորություններին։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ մոտ ապագայում անհնար է ստեղծել ԵՄ միասնական բանակ։ Նա պարզաբանել է, որ պետությունները ցանկանում են ինքնուրույն վերահսկել իրենց պաշտպանական քաղաքականությունը։
11:52 - 10 ապրիլի, 2024
Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով: «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն: Նախագահ Ֆոն դեր Լայենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները: Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։ Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100.000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։ Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։ Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։ Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:
17:31 - 05 ապրիլի, 2024
Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս. Ժոզեպ Բորել
 |armenpress.am|

Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս. Ժոզեպ Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։ Այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձր ներկայացուցիչը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա և ընդգծեց, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական ՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար։ Ժոզեպ Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը: Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
15:18 - 05 ապրիլի, 2024
Ֆոն դեր Լայենը և Բորելը դատապարտել են Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը
 |1lurer.am|

Ֆոն դեր Լայենը և Բորելը դատապարտել են Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը |1lurer.am|

1lurer.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցավակցություն են հայտնել և դատապարտել են Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։ «Ահաբեկչությունը կրկին թիրախավորել է անպաշտպան մարդկանց։ Միջազգային հանրությունը պետք է ամուր համախմբվածություն պահպանի ահաբեկչության նման արհավիրքի դեմ պայքարում»,- գրել է Բորելը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 
17:55 - 23 մարտի, 2024
Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․  «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։ Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։
16:41 - 28 փետրվարի, 2024
Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
 |tert.am|

Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Եվրոպական միության առաքելության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Հուսով ենք՝ դա հնարավոր կլինի։ Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի»,-նշեց Մարագոսը՝ մանրամասնելով, որ այդ ցանկության մասին Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հայտնել է անցյալ շաբաթ։ ԵՄ դեսպանի խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես անվտանգության ուղղությամբ համագործակցության ամրապնդման մասով։ «ԵՄ-ն իր բարձր ներկայացուցչին ու Եվրահանձնաժողովին խնդրել է դիտարկել հնարավորություն, որով հնարավոր է բարելավել ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր ուղղություններով»,-ասաց նա: Անդրադառնալով նոր օրակարգին՝ ԵՄ դեսպանը նաև նշեց, որ այն մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժի հետազոտմանն ու օգտագործմանը։ «Սա շատ կարևոր փաստաթուղթ է, որը կյանքի կոչման ճանապարհին է, բայց իրականում մենք կարող ենք միասին ավելի լավ արդյունքների հասնել։ Ոչ թե որևէ այլ պատճառներով, այլ հայ ժողովրդի և այստեղի բիզնեսի՝ արժեքների ու հարգանքի, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա հիմնված ավելի լավ կյանք ունենալու ձգտումներին ավելի լավ արձագանքելու համար»,-ասաց նա։
15:00 - 22 փետրվարի, 2024
ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել |1lurer.am|

ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, և իրականացնել ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրահանձնաժողովի հանձնարարականներով եվրաինտեգրման ճանապարհին։ Հայտարարությունն արվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստում: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ թեկնածու երկրի կարգավիճակը, որը Վրաստանին տրվել է 2023 թվականի դեկտեմբերին, նոր մակարդակի ջանքեր է պահանջում։ Նա նշել է, որ Բրյուսելը մտադիր է մեծացնել Թբիլիսիին տրամադրվող օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում: Այժմ այդ գումարը կազմում է 63 մլն եվրո։ Նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ չնայած Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ «Մենք պատժամիջոցներ չենք կիրառում և այդ առումով ունենք շատ ամուր փաստարկներ։ Միևնույն ժամանակ, Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար»,-ասել է Կոբախիձեն, նաև վստահեցրել, որ Թբիլիսին ակտիվորեն աջակցում է Կիևին՝ «ելնելով վրաց և ուկրաինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող հատուկ բարեկամությանից»։
12:56 - 21 փետրվարի, 2024
Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն անտեսելու» մեջ։ «Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որևէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո», - հայտարարել է Բաքուն՝ նշելով․ - «Հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բավական համարժեք էին և լոկալ բնույթի: Բաքվի գործողությունը կանխեց նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»։ «Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։ Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։
10:14 - 14 փետրվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ՀՀ արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումներում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև այն համաձայնագրերին, որոնք հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները», - ընդգծեց նախարար Արարատ Միրզոյանը։
20:16 - 13 փետրվարի, 2024
Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել
 |1lurer.am|

Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Բրյուսելում կայացած հանդիպումից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել ճեպազրույցով: «Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ, պարոն Միրզոյան: Սա Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի հինգերորդ նիստն է: Մենք այսօր հստակ վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղով: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Սակայն այս համաձայնագրի ամբողջ ներուժը դեռևս իրացված չէ»,- ասել է Բորելը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական Միությանը, Բորելը նշել է, որ որոշում է կայացվել աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ: Նրա խոսքով՝ կա երկկողմ հետաքրքրվածություն, և այժմ այդ տեսլականի կյանքի կոչման համար հստակ ճանապարհային քարտեզ է հարկավոր: «Մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության սկզբունքներն անցնող տարի շարունակեցին ամրապնդել մեր համագործակցությունը: Ես ողջունում եմ արդարադատության որոլտի բարեփոխման ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարը և կոչ եմ անում Հայաստանին շարունակել քայլերը խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում»,- ասել է Բորելը: Նա շնորհավորել է Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալու համար՝ դա որակելով որպես կարևոր և խիզախ որոշում Բարձր հանձնակատարի խոսքով՝ անդրադարձ է եղել առևտրի, էներգետիկայի, հաղորդակցության, ավիացիայի, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի շահագործման և այլ հարցերին: «Ես վերահաստատում եմ ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մասնակցությանը Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության այլ ծրագրերի»,- ասել է Բորելը:
19:15 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր. Բորել
 |armeniasputnik.am|

Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր. Բորել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։   «Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ այս միջադեպը պետք է մանրամասն հետաքննել։ Սա կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը»,– ասել է Բորելը։   Նա ևս մեկ անգամ հաստատել է երկարաժամկետ խաղաղության մասին Եվրամիության հանձնառությունը՝ երկրների ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։
18:35 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։ Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը: Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։
15:34 - 13 փետրվարի, 2024
Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել
 |tert.am|

Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել |tert.am|

tert.am: Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է դադարեն աղաչել նրան, որ դադարեցնի Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունը և սկսեն քայլեր ձեռնարկել, օրինակ՝ սահմանափակել զենքի մատակարարումն Իսրայելին:Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Բոլորը գնում են Թել Ավիվ և աղաչում են այդքան մարդ չսպանել։ Չափազանց շատ սպանվածներն ինչքա՞ն են, ի՞նչ չափանիշներ են։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ մեկին չի լսում։ Նրանք ցանկանում են տարհանել Գազայի բնակչությանը։ Ո՞ւր, դեպի Լուսի՞ն»,- ասել է Բորելը: «Դադարեք խոսել, խնդրում եմ և ինչ-որ բան արեք», - հավելել է նա: ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել Իսրայելին զենքի մատակարարումները։ «Քանի՞ անգամ եք նախարարներից լսել, որ շատ մարդիկ են սպանվել, եթե այդպես եք կարծում, եթե կարծում եք, որ շատ մարդ է սպանվել, ապա միգուցե ավելի քիչ զենք պետք է տրվի, որ ավելի շատ զոհեր չլինի», - հռետորական հարց է հնչեցրել Բորելը: Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները, ինչն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240-ի գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։
11:07 - 13 փետրվարի, 2024