Ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղեգծով՝ ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի կողմնակից քաղաքական ուժ է, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային ինքնիշխան շահի հիման վրա կառուցող զարգացած պետության կայացումը:

Բերձորի եւ Աղավնոյի հանձնումով տեսանելի է, թե ինչ է նշանակում նշաձող իջեցնել. Րաֆֆի Հովհաննիսյան
 |news.am|

Բերձորի եւ Աղավնոյի հանձնումով տեսանելի է, թե ինչ է նշանակում նշաձող իջեցնել. Րաֆֆի Հովհաննիսյան |news.am|

news.am: Եթե օգոստոսի 25-ին Բերձորը և Աղավնոն հանձնվեն Ադրբեջանին, ապա Արցախը կշրջափակվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մի քանի օր առաջ մենք տեսանք, թե ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ Արտաքին գործերի  նախարարը հայտարարեցին, որ չեն ընդունել այնպիսի պլան, որը կապ ունի Բերձորի հանձման հետ: Սա պաշտոնական Երևանի կարծիքն էր: Եվ ահա այդ հայտարարությունից մի քանի օր հետո մի մարդ որոշեց, որ պետք է հանձնի հայրենի տարածքները, այն տարածքները, որի մասին եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկար։ Հիմա արդեն տեսանելի է՝ ինչ է նշանակում նշաձողի իջեցում»,- ասաց նա: Հովհաննիսյանի խոսքով՝ առանց հայ ժողովրդի տեսակետը հաշվի առնելու ապօրինի հանձնվում են տարածքներ: «Նիկոլ Փաշինյանը հայրենադրուժ է, ինքը դրժել է իր սահմանադրական երդումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, ինքը պետք է ունենա այդ հատկանիշը՝ ինքն իրեն հեռացնելու համար։ Ինչպես մենք նախկինում կյանքի ճանապարհ բացեցինք, հիմա այդ կյանքի ճանապարհը փակվելու է հենց մեր ձեռքով: Մենք ունենալու ենք զոհեր, և այդ զոհերի մեղավորը լինելու է քաղաքացի Փաշինյանը»,- ասաց նա:
13:58 - 09 օգոստոսի, 2022
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ազգային վստահության խորհրդի ստեղծման անհրաժեշտության մասին և հրապարակեց իր կազմած ցուցակը  |factor.am|

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ազգային վստահության խորհրդի ստեղծման անհրաժեշտության մասին և հրապարակեց իր կազմած ցուցակը |factor.am|

factor.am: «Ունենք մեկ ամիս պատմության ընթացքը փոխելու համար»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀ վարչապետի ինքնաբացարկը կամ ժողովրդի պահանջով նրա հրաժարականը: Քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին` սթափվել։ «Մեզ պետք է այդ ինքնաբացարկը, իսկ եթե չէ, եթե իր ընտանիքը չկարողանա, իր կուսակցական ընկերները չկարողանան այս ամսվա ընթացքում դուրս գալ այդ նյութական կապվածությունից, ուրեմն դա պետք է անի այն պետական մարմինը, որ տեսնում է ազգային պետական շահը։ Եվ եթե այդ պետական մարմինն էլ ուզում է մեղասակից դառնալ, ուրեմն` ժողովուրդը»,– ասաց Հովհաննիսյանը։ Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի խնդիրը պետք է լինի ազգային վստահության խորհրդի ստեղծումը: Հովհաննիսյանը հրապարակեց ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։ «Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան»,– հրապարակեց Րաֆֆի Հովհաննիսյանը` միաժամանակ հայտնելով, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։ Նա նաև հայտարարեց, որ իր համար որպես պայքարի մեկնարկի օր է նախանշել օգոստոսի 8-ը։
15:31 - 05 օգոստոսի, 2022
Ես դա համարում եմ թյուրիմացություն․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խաղաղապահների կողմից իր մուտքն Արցախ արգելելու մասին

 |factor.am|

Ես դա համարում եմ թյուրիմացություն․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խաղաղապահների կողմից իր մուտքն Արցախ արգելելու մասին |factor.am|

factor.am: Ընթանում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ռուս խաղաղապահների կողմից իր մուտքն Արցախ արգելելու մասին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում էր Արցախ՝ մասնակցելու թոռան մկրտությանը, որը պետք է տեղի ունենար Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի Սուրբ Հովհաննես վանքում, մինչդեռ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք: «Ես սա համարում եմ թյուրիմացություն և հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն՝ Արցախի պետական տոնի նախօրեին, Արցախի Հանրապետության իշխանությունը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ – մայոր Վոլկովը, ԱԱԾ-ն կվերականգնեն իրենց ինքնիշխանությունը, լիազորությունը և արժանապատվությունն ու իմ բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում և, ինչպես ամեն տարի, մասնակցելու Արցախի Հանրապետության հռչակման տոնակատարությանը»: Նրա խոսքով՝  կարևոր չէ, թե այդ որոշման աղբյուրը գալիս է Բաքվում նստած ռազմական հանցագործի՞ց, թե՞ Երևանում թաքնված նախկին գերագույն հրամանատարից, որը թիրախավորել է մի ընտանեկան մկրտության արարողություն. «Սրա տիրույթը գեներալ-մայորն է, Արցախի հանրապետության տակավին ինքնիշխան պետականությունն ու ՀՀ պատկան մարմինը: Դրանցից որևէ մեկը պիտի չասի, որ ես մեկնաբանություն չունեմ: Մի կողմ դնենք, որ սա նախկին արտգործնախարար է՝ Արցախի, Հայաստանի ինքնիշխանության, պետականության իմ ինքնակշիռը, հաշվեկշիռը իմ և Աստծո միջև է, դա հրապարակման ենթակա չէ: Բայց որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի հանրապետությունում»:
13:13 - 05 օգոստոսի, 2022
Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ «Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»: Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ եւ խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաեւ հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։ «Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետեւում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարեւանի հետ մեկտեղ»,- ասաց Հովհաննիսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
11:20 - 01 օգոստոսի, 2022
Սահմանագծման-սահմանազատման քողի տակ չգնալ նոր արկածախնդրության՝ հող նախապատրաստելով հայրենատվության հերթական տխեղծ արարի կենսակոչման համար. «Ժառանգություն»

Սահմանագծման-սահմանազատման քողի տակ չգնալ նոր արկածախնդրության՝ հող նախապատրաստելով հայրենատվության հերթական տխեղծ արարի կենսակոչման համար. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Հայաստանի եւ Արցախի շուրջ սեղմվող թուրք-ադրբեջանական օղակը գնալով ավելի ու ավելի է պրկվում: Արդեն մեկ շաբաթից ավել, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, հումանիտար աղետի է ենթարկվում Արցախի բնակչությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի ենթակայության ներքո արցախահայության՝ ցանկացած կարգավիճակով մնալու անհնարինությունը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վտանգավոր ժամանակագրությունը, եւս մեկ անգամ արձանագրում է՝ ա. Ադրբեջանը չի կատարել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց վերադարձնելու մասին դեռեւս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը. բ. 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբավորումներն ամրացել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում. գ. Ադրբեջանական հրոսակախմբերը տարբեր տեսակի բռնաճնշումների, սպառնալիքների ու հակամարդկային այլ գործողությունների միջոցով հումանիտար ճգնաժամ են առաջացրել Արցախում՝ կոպտորեն ոտնահարելով տեղաբնակների իրավունքները: Պայթեցվել է եւ ցայսօր չի գործում Արցախ մտնող գազատարը, պարբերաբար տեղի են ունենում էլեկտրաէներգիայի անջատումներ, բարձրախոսով հնչում են Ստեփանակերտին մոտ գտնվող Խրամորթ բնակավայրը դատարկելու կոչեր ու սպառնալիքներ, սահմանամերձ մի շարք հատվածներում խոչընդոտվում է խաղաղ գյուղատնտեսական աշխատանքների կատարումը եւ այլն. դ. Հայոց բռնի հայրենազրկումն ու կրոնամշակութային ժառանգության ցեղասպանությունն ամեն օր շարունակվում են: Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում պատկան մարմիններին՝ առանց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, անխտիր բոլոր հայ ռազմագերիների հայրենադարձության եւ Արցախի սուբյեկտայնության ու տարածքային ամբողջականության ճշգրտման, հայ-ադրբեջանական սահմանագոտու սահմանագծման-սահմանազատման քողի տակ չգնալ նոր արկածախնդրության՝ հող նախապատրաստելով հայրենատվության հերթական տխեղծ արարի կենսակոչման համար: Կոչ ենք անում նաեւ ՀՀ ներքաղաքական տիրույթի դերակատար ուժերին՝ իջնել սեփական «ԵՍ»-ի բարձունքից եւ դուրս գալ ներկայից անցյալ ձգվող վտանգավոր տեղապտույտից: Պատերազմի եւ խաղաղության չուրվագծված հերթական այս հանգրվանում ազգային ու պետական շահերի վրա խարսխված համախումբ նոր իշխանության կազմավորումը օրվա հրամայականն է: Այլապես Արցախի հայաթափման եւ պետականության աղճատման համար սերունդների նզովքից չենք խուսափելու ոչ մեկս:
18:04 - 15 մարտի, 2022
Իշխանությունը կորցրել է պետությունը ներկայացնելու՝ ժողովրդական մանդատը․ «Ժառանգություն»

Իշխանությունը կորցրել է պետությունը ներկայացնելու՝ ժողովրդական մանդատը․ «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, այն ներկայացնում ենք ստորև․ «Գործող իշխանությունը թե՛ խոսքով, թե՛ գործով կատարելապես սպառել է Հայաստանի Հանրապետության ազգային շահին ծառայելու՝ ժողովրդից ստացած մանդատը: Արդեն կարիք իսկ չունենալով վկայաբերելու եղերական պատերազմին առնչվող բազմաթիվ դրվագներ, որոնք արժանապատիվ մարդու համար ինքնաբացարկի լուրջ ազդանիշներ պետք է լինեն, կարելի է՝ իբրեւ անառարկելի իրողության ամփոփիչ հավաստում, մատնանշել նրա ղեկավարի վերջին առցանց ասուլիսը: Ցավալի է, բայց՝ փաստ. հայազգի մարդը հայերենով պաշտպանում էր ոչ թե Հայաստանի կամ նրա քաղաքացու շահերը, այլ՝ բացառապես օտարինը, թշնամունը, իր կուսակիցներինը, իր անձնականը: Արցախի, Ցեղասպանության, «անկլավների» եւ պետության տարածքային ամբողջականության մասին նա խոսում էր ոչ թե իր ժողովրդի հետ եւ ոչ թե որպես վերջինիս կողմից պատվիրակված գերագույն ծառա ու հրամանատար, այլ որպես ինչ-որ խորամանկ ծածկագիր-ուղերձ հղող՝ իր հարեւան նոր գործընկերներին, որոնք բռնազավթել են Արցախի, անգամ, Հայաստանի զգալի հատվածներ, եւ ում թեզերը նա սիրով վերաշարադրում էր ասուլիսի ժամանակ: Այդպիսով՝ նա միանձնյա փորձում է, հաչս աշխարհի եւ իրականում, հողին հավասարեցնել մի ողջ ազգի, նվիրյալ սերունդների, նահատակված հերոսների սրբազան պայքարը հանուն ազատության, անկախության, արդարության ու արժանապատվության: Հանուն Հայրենիքի: Այդ իրավունքը նա չունի: Այդ իրավունքը չունի եւ իր կուսակցությունը: Ոչ մեկը չունի: Մենք այսքան տարի չենք անձնավորել, զորակցել ենք՝ հավատարիմ առաջընթացի մեր մշակած սկզբունքներին, որոնք ավանդում են պետության ինքնիշխանություն, ազգի շահ, քաղաքացու ազատություն, դատական անկախություն, կրթության ապակուսակցականացում, քաղաքական բանտարկյալների բացառում, իրավունքի իշխանություն: Գործող վարչապետը իքն է շփոթել անձը պետության հետ եւ երկիրը տանում է ոչ թե հեռատես, ազգօգուտ խաղաղության, այլ՝ դեպի համակործանում: Եթե նա ի զորու չէ պեղելու հայկական եւ համամարդկային այն եզակի հատկանիշները, անելու իր համար անհնարն ու պատվով հեռանալու պաշտոնից, բոլոր մնացածներս պետք է կանգնենք Հայաստանի Հանրապետության կողքին, օգնենք, զորավիգ լինենք, որպեսզի նա ստանա իրեն արժանի եւ օրինակարգ հերթափոխը»,- նշված է հայտարարության մեջ:
12:52 - 27 դեկտեմբերի, 2021
Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է «Ժառանգություն»-ը լքելու մասին Նարինե Դիլբարյանի հայտարարությանը

Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է «Ժառանգություն»-ը լքելու մասին Նարինե Դիլբարյանի հայտարարությանը

 «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է Նարինե Դիլբարյանի՝ կուսակցությունը լքելու մասին հայտարարությանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ ստորև.  «Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին: Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում: «Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»:
12:23 - 03 մայիսի, 2021
Որոշել եմ հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից, դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով. Նարինե Դիլբարյան

Որոշել եմ հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից, դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով. Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր գրել է, որ որոշում է կայացրել հեռանալ կուսակցությունից: «Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են: Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված»,- գրել է Դիլբարյանը:
14:05 - 02 մայիսի, 2021
Փաշինյանը պետք է հեռանա․ 8 կուսակցություն համատեղ հայտարարություն է տարածել

Փաշինյանը պետք է հեռանա․ 8 կուսակցություն համատեղ հայտարարություն է տարածել

Մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, սակայն հրաժարականի պնդումները, ի խախտումն իրավական և քաղաքական բոլոր հիմքերի, Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին և քաղաքացիներին վերջնագիր ներկայացրեց, թե հրաժարական տալով՝ շարունակելու է լինել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և միայն այս դեպքում կհամաձայնի անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։ Այս մասին համատեղ հայտարարություն է տարածել ութ կուսակցություն։ «Հայտարարում և զգուշացնում ենք․ Ա․ Նիկոլ Փաշինյանը պետք է  հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։ Բ․ Ն․ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը, որի հետևանքով մենք կունենանք ցածր օրինականություն ունեցող թույլ և խամաճիկային խորհրդարան, այսինքն՝ նաև գործադիր իշխանություն։ Գ․  Ցածր իրավակարգության խորհրդարանի ձևավորումը անմիջաբար պատճառ կդառնա ներքաղաքական, քաղաքացիական բախումների և Հայաստանի Հանրապետության կազմաքանդման։ ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ /«Ժառանգություն» կուսակցություն ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն»
23:14 - 28 ապրիլի, 2021
ՀՀ նախագահը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը

ՀՀ նախագահը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր նախաձեռնած խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Նարինե Դիլբարյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ «ժառանգությունը» ճգնաժամի հանգուցալուծման համար կարևորում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արհեստավարժների անցումային կառավարության ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների, նոր ընտրական օրենսգրքի ընդունման խնդիրները, ինչպես նաև ընդգծել է Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը՝ որպես փոխըմբռնման ու երկխոսության հարթակ:
17:22 - 16 մարտի, 2021
«Ժառանգություն». «Քաղաքական- պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարե՛լ վարչապետական ճգնաժամը»

«Ժառանգություն». «Քաղաքական- պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարե՛լ վարչապետական ճգնաժամը»

«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Նոյեմբերի 9-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա ստորագրեց  եռակողմ հայտարարությունը՝ ի խախտումն ՀՀ գործող իրավակարգի՝ սպասված հրադադարի անհիմն ուշացումով և ՀՀ-ի ու Արցախի համար վտանգաբեր պայմաններով, արդեն պարզ էր, որ պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած վարչապետը պետք է հեռանա իր կառավարությամբ հանդերձ: Ցավոք, «Ժառանգության» առաջարկները օրենսդրական ճանապարհով լուծելու խորքային ճգնաժամը և ՀՀ-ում սահմանադրական կարգի վտանգումը հաղթահարելու չգործեցին, պետական և ազգային ողջամտության ձայնին ակնաջալուր չեղան պատկան մարմինները. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարեց ռազմական դրությունը վերացնելու և Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընտրելով նոր վարչապետ և կառավարություն: «Ժառանգությունն» այսօր արձանագրում է, որ վարչապետի արդեն անկառավարելի դարձած քայլերի և գործողությունների պատճառով Հայոց պետականությունը ցնցակաթվածի մեջ է, իր կողմնակիցներին ընդդիմադիրների դեմ դուրս բերելու, թիմակիցների միջոցով բարձրաձայնած «կրակելու» սպառնալիքների պարագայում անհրաժեշտ է անհապաղ չեզոքացնել օրհասական վտանգը իրավաքաղաքական ճանապարհով: Քաղաքացիական պատերազմի բռնկման և խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու բոլոր հետևանքների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կլինի, նրա հրաժարականը և քաղաքական խորհրդակցություններն այլընտրանք չունեն: «Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, հանրային ուժերին շտապ համախմբվելու, խորհրդակցությունների միջոցով հաղթահարելու վարչապետական ճգնաժամը: Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահերն անսակարկելի են ու բացարձակ գերակա:
15:09 - 25 փետրվարի, 2021
Վարչապետի թեկնածու առաջադրած ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որի միջոցով առաջ են գնալու. Դիլբարյան |1lurer.am|

Վարչապետի թեկնածու առաջադրած ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որի միջոցով առաջ են գնալու. Դիլբարյան |1lurer.am|

1lurer.am: Ամենակարևորը, ինչին սպասում են «Ժառանգությունը» և ես, հետևյալն է՝ ի՞նչ ենք անում, ո՞վ է գալու: Այդ «ով»-ը շատ կուզենայի, որ լինի ոչ թե պարզապես անձ, այլ ծրագրի, գաղափարների համախմբում: Այս մասին ԱԺ խորհրդարանական լսումների իր ելույթում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը: Նա ընդգծեց, որ եթե խոսքը համաձայնության կառավարության մասին է և ընդհանուր ծրագրերի, կարծում է՝ առաջին տեղում պետք է լինեին տեխնոկրատիան և մասնագետները: «Մենք տեսանք, թե ինչի հանգեց այն իրողությունը, երբ փորձ, մասնագիտական կարողունակություն չունեցող մարդիկ ստանձնեցին պաշտոններ՝ շատ գեղեցիկ խոսքեր ասելով»,- ասաց Դիլբարյանը՝ նշելով, որ չպետք է կրկնել նախորդ սխալները, քանի որ դյուրին է մեղադրել միմյանց՝ ասելով՝մեկը ազգային է, մյուսը՝ ոչ. այդ խոսույթից էլ պետք է փորձել բարձրանալ՝ հանրությանը ներկայացնելով մասնագիտական հանրույթի կարծիքները: Դիլբարյանը կարծում է, որ վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր ուժերը պետք է ներկայացնեն նաև այն թիմը, որոնց միջոցով իրենք առաջ են գնալու՝ նշելով, որ ներկայացված գրեթե բոլորի ծրագրերը համընկնում են: Նարինե Դիլբարյանն ասաց, որ պետք է վստահել գաղափարին, թիմում ընդգրկված մարդկանց, և միայն այդ պարագայում կկարողանանք վերականգնել ՀՀ ինքնիշխանությունը և մտածել այն մասին, որ կարող ենք հաղթել: «Պետք է դնենք գաղափարներ և թիմ. դա հստակ է և հաջողության բանալին է»,- ասաց Դիլբարյանը:
13:45 - 07 դեկտեմբերի, 2020
Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները: Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին:Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների: Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն: Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են: Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին»:
13:58 - 16 նոյեմբերի, 2020
Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Ակնհայտ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը ոչ միայն փորձում է հանրության ուշադրությունը շեղել իր ազգադավ նպատակները ավարտին հասցնելու գործողություններից, այլեւ, կիրառելով իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքները  ոտնահարող, բռնապետական գործողություններ, ապօրինաբար մեկուսացնելով ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչների, հող է նախապատրաստում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն առաջիկայում արգելելու համար: Հանրության մոտ բացասական վերաբերմունք ձեւավորելու եւ սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք, թե իբր ընդդիմադիր առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել են Փաշինյանի սպանությունը: Ս.թ. նոյեմբերի 14-ին այդ մեղադրանքով ապօրինի ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նույն շինծու մեղանդրանքներով ձերբակալվել են նաեւ ՀՀԿ նախկին պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԶՈւ գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Սիսական ջոկատի հրամանատար՝ Աշոտ Մինասյանը, նույն ջոկատի անդամ, դաշնակցական, մտավորական Աշոտ Ավագյանը: Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղաքական բանտարկյալների մեծաթիվ բանակ: Բազմիցս շեշտել ենք, որ ազգադավ իշխանությունների դեմ պայքարում  առաջնորդվում ենք սահմանադրականությամբ եւ օրինականությամբ` ի տարբերություն իշխող կուսակցության եւ նրան սատարող խմբավորումների: Սեփական վարքագծի հիվանդագին մտասեւեռումը տարածելով իր ընդդիմադիրների նկատմամբ` իշխանությունը մարդկանց ահաբեկելու ապարդյուն փորձեր է կատարում` առանց հասկանալու, որ ապօրինաբար բանտարկված յուրաքանչյուր հայրենասերի փոխարինում են տասնյակ նվիրյալներ: Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների եւ համախմբվել՝ սահմանադրական ճանապարհով ժամ առաջ Փաշինյանի աղետաբեր վարչախմբից ազատվելու համար: Հայրենիքի փրկության մեր պայքարը շարունակվում է:
16:05 - 15 նոյեմբերի, 2020