Թումո

Թումո կենտրոնը բացվել է 2011 թ․ Երեւանում: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում: Հայաստանից դուրս կա 2 միջազգային կենտրոն Փարիզում եւ Բեյրութում: Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Կողբում, Մասիսում, իսկ արտերկրում` Մոսկվայում, Կալիֆոռնիայիում, Տոկիոյում, Տիրանայում եւ Նուր-Սուլթանում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը  նախատեսված է 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթական կենտրոն, որը մասնագիտացած է դիզայնի եւ տեխնոլոգինարի ոլորտում:

Թումոն դարձել է «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող «Կրթության, վերապատրաստման եւ իրազեկման բարձրացման» անվանակարգում: Մրցանակը տրվում է պահպանման, հետազոտության, նվիրված ծառայության, կրթության, վերապատրաստման եւ իրազեկման բարձրացման ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կազմակերպություններին եւ անհատներին:

2018 թվականի փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար։

Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը մայիսի 15-ին Փարիզում արժանանացել է է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու պարգեւատրվել է շքանշանով: Շքանշանը Փափազյանին հանձնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Palmes Académiques ասպետի կոչումն ու շքանշանը տրվում է գիտության եւ կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար:

Կապանում «Թումո» կրթական ծրագրի իրականացման համար կառավարությունը անշարժ գույք կնվիրաբերի «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին

Կապանում «Թումո» կրթական ծրագրի իրականացման համար կառավարությունը անշարժ գույք կնվիրաբերի «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին

«Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցի 18/6 հասցեում գտնվող 1332 քառ․ մետր մակերեսով հարթակները իրենց տրամադրելու խնդրանքով՝ «Թումո» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։ Գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Շենքի շուկայական արժեքը 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ կազմել է 52 600 000 ՀՀ դրամ։ Հիմնադրամի ծրագրի համաձայն, այս գույքը հարակից տարածքում արդեն իսկ առկա կառույցների հետ կծառայի Կապան քաղաքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը։ Այս նպատակով հիմնադրամը 2 տարվա ընթացքում 300 մլն դրամի ներդրում կկատարի, առաջին տարում՝ 140 մլն դրամ, երկրորդ տարում՝ 160 մլն դրամ։ 1332 քմ մակերեսով հարթակները, ինչպես նաև՝ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.3 հեկտար մակերեսով հողամասը ՏԿԵ նախարարությունը կնվիրաբերի հիմնադրամին։ Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերաց­ված։ Նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապե­տու­թյանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն։
12:51 - 14 դեկտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիխտերին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը: Կողմերը վերահաստատել են տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը, քննարկել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին: Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերը՝ ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ տնտեսական փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում գերմանական կողմը գոհունակություն հայտնելով «ԹՈՒՄՈ» կենտրոնի՝ Գերմանիայում պաշտոնական բացման կապակցությամբ, ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ջանքերը «ԹՈՒՄՈ»-յի նախագծի առաջմղման գործում՝ նշելով, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում ՏՏ ոլորտը հեռանկարային է, ինչը նաև կայուն հենք է համագործակցության նոր ուղղությունների նախանշման գործընթացում:
14:47 - 12 ապրիլի, 2022
Մարտակերտ քաղաքում բացվել է Արցախի առաջին Թումո տուփը

Մարտակերտ քաղաքում բացվել է Արցախի առաջին Թումո տուփը

Արցախի առաջին Թումո տուփն այսօր բացվել է Մարտակերտ քաղաքում: Միանալով Ստեփանակերտում գործող կենտրոնին, այն սկիզբ է դնում Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է «Թումո» կենտրոնը: «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է․ մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին»,- բացման միջոցառմանը հայտարարեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ տեղեկացնում է, որ պետական նախարար Արտակ Բեգլարյանը մի խումբ պաշտոնատար անձանց հետ Մարտակերտում մասնակցել է Թումո տուփի բացման արարողությանը: Նա  բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և ԱՀ կառավարության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագիրը՝ առաջնահերթորեն ընդգծելով տեխնոլոգիական կրթության կարևորությունը պատանիների շրջանում: «Տեխնոլոգիական կրթության խրախուսումը և, առհասարակ, ինքնուսուցման տարաբնույթ հնարավորությունների ընձեռումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Հարցն ավելի մեծ կարևորություն է ստանում, երբ խոսում ենք ապակենտրոնացված կրթական համակարգի զարգացման մասին: Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում և սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունը անչափ կարևոր է Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերևացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ներկայացնելով նոր տուփի հնարավորությունները՝ ընդգծել է, որ շաբաթական 320 աշակերտ կարող է օգտվել կրթական ծրագրերից, ձեռք բերել ինքնուրույնություն և Մարտակերտից աշխարհի ցանկացած կետում աշխատանք գտնելու առավելություն: Հավատարիմ ապագային միտված կրթական ծրագրերի արդիականացման քաղաքականության իրականացմանը՝ պետական նախարարը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է Թումոյի ընդլայնման ծրագրերն Արցախում: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ընթացիկ տարում նախատեսվում է նման տուփերի բացում նաև Մարտունիում և Ասկերանում, ինչպես նաև Ստեփանակերտի Թումո կենտրոնի աշխատանքների ակտիվացում: Արարողությանը մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Արամ Հարությունյանը և ԷԼեոնորա Ավանեսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք:
21:47 - 10 փետրվարի, 2022
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը շուտով կվերածնվի` որպես Թումո կենտրոն: Հավատարիմ մնալով իր մոտեցումներին` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծրագիրը չշահագործվող, սակայն պատմական արժեք ունեցող շենքերում: Այս մասին հայտարարություն է տարածել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ «Խորհրդանշական է, որ կենտրոնը կառուցվելու է ճարտարապետական արժեք և հատուկ պատմություն ունեցող շենքում: Իհարկե, շատ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը, սակայն շատ կարևոր է մեզ ժառանգություն հասած հին կառույցին նոր ոգի, նոր կյանք տալը»,- նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: Շենքի վերակառուցման ու նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2023 թվականին, ինչից հետո կենտրոնն իր դռները կբացի Կապանում ու հարևան համայնքներում բնակվող ավելի քան 1000 պատանիների առջև: Թումոյի կրթական ծրագիրը կհասնի Սյունիք մինչ շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը․ մոտակա շաբաթներին Կապանում տեղադրվելու է Թումո տուփ, որը կենտրոնի շահագործումից հետո կտեղափոխվի մարզի այլ համայնք: Սյունիքի մարզի բոլոր համայնքներում ապրող պատանիներին Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու համար «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է բացել ևս մեկ կենտրոն` Սիսիան քաղաքում, ինչպես նաև 6 Թումո տուփ` Գորիս, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Շաքի, Շինուհայր, Տեղ գյուղերում: Կապանի Թումոյին միացված կլինեն Քաջարանի և Մեղրիի տուփերը, իսկ Սիսիանին` Գորիսի, Շաքիի, Շինուհայրի, Տեղի Թումո տուփերը: Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել շաբաթական շուրջ 320 պատանիների, որոնք ինքնուսուցման փուլը տուփում անցնելուց հետո կմեկնեն Կապանի կամ Սիսիանի կենտրոններ` գործնական դասընթացներին և հատուկ աշխատարաններին մասնակցելու: Այսպիսով, առաջիկա տարիներին երկու Թումո կենտրոնները ու վեց տուփերը միասին կկազմեն կրթական ցանց Սյունիքի մարզում` պատանիներին տալով որակյալ կրթություն համաշխարհային շուկայում պահանջված բնագավառներում: Հարգելի գործընկերներ, մամուլի հաղորդագրության անգլերեն տարբերակը և նկարները կարող եք ներբեռնել` սեղմելով ներքևի կոճակը։
17:42 - 01 դեկտեմբերի, 2021
Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը |armenpress.am|

Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում տեղի ունեցավ  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված և Թումո Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցեցին  Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի գործընկերներ: Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց  Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին՝  խոսքը 50 մլն դոլար արժողությամբ «Թումո Հայաստան» ծրագրի մասին է: «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ: Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզիբեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ»,- նշեց Մարի Լու Փափազյանը՝  տեղեկացնելով, որ Թումո կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ: Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ է, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Թումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Սեպտեմբերի  18-ին ժամը 19:00-ին, Թումո Գյումրիի շենքի դիմաց կկայանա բացօթյա համերգ: Համերգի ընթացքում Հասմիկ Պապյանի կատարմամբ կհնչեն հատվածներ «Անուշ» օպերայից, որի պրեմիերան տեղի է ունեցել այդ նույն շենքի բեմում դեռևս 1912 թվականին: Օպերային կատարումներին կհաջորդի Բամբիռ խմբի ռոք համերգը: Նշենք, որ Թումո շենքի նոր նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Բեռնար Խուրին, բազմաթիվ հնարավորություններ է բացում  ինչպես թումոցիների, այնպես էլ Գյումրիի բոլոր բնակիչների համար։ Այն կունենա դասասենյակներ, ձայնագրման ստուդիա, բացօթյա տեռաս միջոցառումների համար, կինոդահլիճ, որտեղ կկազմակերպվեն կինոցուցադրություններ ինչպես Թումոյի ուսանողների, այնպես էլ հանրության համար, ինքնուսուցման հարթակ, որը հնարավորություն կունենա բեմի վերածվելու եւ կապահովի թատրոնի մշակութային վերածնունդը։
13:26 - 18 սեպտեմբերի, 2021
Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel

Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel

Der Spiegel. Հայաստանն արդեն ունի 4 Թումո կենտրոն, Գերմանիան այժմ ցանկանում է հետևել այդ օրինակին. տեխնոլոգիական հմտությունների նոր կենտրոնները նպատակ ունեն ներգրավել երեխաների և երիտասարդների: Այս միտքն այժմ հավանության է արժանացել «ականավոր ֆիզիկոսի» կողմից (խմբ. Անգելա Մերկել): Անգելա Մերկելը խթանում է հայկական կրթական ռազմավարությունը` գերմանացի դպրոցականների համար այն օրինակ դարձնելով: Հինգշաբթի կանցլերը իր աջակցությունը հայտնեց Գերմանիայում ողջ տարածքում երեխաների և երիտասարդների համար տեխնոլոգիական կենտրոնների կառուցման օգտին` հայկական Թումո ծրագրի հիման վրա: Թումո կենտրոնն անվանակոչվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի այգիներից մեկի անունով: Թումոն առաջարկում է անվճար դասընթացներ 14 ուղղություններում, ներառյալ` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում և խաղերի ստեղծում: Դասընթացներն բաց են 12-ից 18 տարեկան պատանիների համար: Ծրագիրը կենտրոնացած է գործնական նախագծերի իրականացման վրա: «Որպեսզի ծրագիրը աշխատի նաև Գերմանիայում, դաշնային կառավարությունը, նահանգները, համայնքապետարանները և դոնորները պետք է ավելի սերտ համագործակցեն»,- ասել է Մերկելը: Նա մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի կողմից կազմակերպված առցանց միջոցառմանը: Հայկական նախագծի մասնաճյուղը բացվել է Գերմանիայի մայրաքաղաքում 2020-ի աշնանը, և դաշնային կառավարության պլանների համաձայն, այն չպետք է լինի միակը: Կրթության դաշնային նախարար Անյա Կարլիչեկն ասաց, որ Գերմանիայում Թումո կենտրոնների տեղակայման 20 վայր արդեն նախանշվել է, իսկ եւս 25-ը պետք է ավելացվի ամռանը: Ըստ Կարլիչեկի` կենտրոնները պետք է «սարդոստայնի պես» տարածվեն ամբողջ Գերմանիայով, այդ թվում` փոքր համայնքներում: Դրանք կֆինանսավորվեն պետության ​​և մասնավոր ընկերությունների կողմից: Այս որոշման պատճառնեից է նաև ծրագրավորման մասնագիտական հմտությունների պահանջարկը աճը բիզնեսում: Մերկելը Թումոյին առաջին անգամ ծանոթացել է Երևանում 2018 թվականի պաշտոնական ​​այցի ընթացքում և տպավորվել է տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացման այս մոդելով: Բեռլինում, հիմնվելով հայկական մոդելի վրա և KfW բանկի աջակցությամբ, կառուցվեց Թումոյի մասնաճյուղը, որում մինչև 1500 երեխաներ կարող են խաղային ձևով հմտանալ տեխնոլոգիաների ոլորտներում: Համավարակի պատճառով Բեռլինի կենտրոնում ուսումը դեռ առցանց է, իսկ ուսանողների թիվը 350-նն է: Ծրագիրը, որը ստեղծվել է Հայաստանում 2011 թվականին, արդեն տարածվել է նաև այլ երկրներում: Հայաստանում կա չորս կենտրոն, կան կենտրոններ Լիբանանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, ևս մեկը շուտով կբացվի Ուկրաինայում։
18:48 - 18 հունիսի, 2021
Քննարկվել է Արարատի մարզում «Թումո» կենտրոնի և «Թումո տուփերի» հիմնադրման ծրագիրը

Քննարկվել է Արարատի մարզում «Թումո» կենտրոնի և «Թումո տուփերի» հիմնադրման ծրագիրը

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին:Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արթուր Մկրտչյանը և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը:Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման, կրթական ծրագրերի ներդրման և «Թումո տուփերի» ստեղծմանն ու երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման ծրագիրը։Երկուստեք ընդգծվել է մարզի պատանիների շրջանում «Թումոյի» կրթական ծրագրերի հասանելիության կարևորությունն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Արարատի մարզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, ինչպես նաև անձամբ իր ու մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու իր ղեկավարած մարզում այս ծրագրի իրագործմանը:Քննարկման ընթացքում վերահաստատվել է նաև «Մասիսի զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությամբ Մասիս քաղաքում «Թումո» կենտրոն կառուցելու մտադրությունը: Ըստ «Թումո» կենտրոնի ներկայացուցիչների կողմից ներկայացված նախնական քարտեզի՝  նախատեսվում է 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթություն՝ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:
21:00 - 09 մարտի, 2021
«Թումո» տուփեր կստեղծվեն Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի մի շարք այլ համայնքներում

«Թումո» տուփեր կստեղծվեն Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի մի շարք այլ համայնքներում

Երեկ ընդունեցի «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:    «Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։   Հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի և 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր են նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում են փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում։   Հավանություն տվեցի ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն և տուփեր տեղադրել` ելնելով բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից և նպաստավոր այլ գործոններից։   Ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքն արդեն տվել են իրենց դրական արդյունքները: Ես կարևորում եմ այն համայնքների ընտրությունը, որտեղ ուսուցումը հասանելի լինի նաև սահմանամերձ համայնքների դպրոցականների համար։   Կփորձենք նաև «Թումո» կենտրոնի և տուփերի ստեղծման որոշակի հարցերում ներգրավել բարերարներին։ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքները պատրաստակամ են աջակցել ծրագրին, որպեսզի մարզի մնացած տուփերը ևս սեղմ ժամկետներում կառուցվեն ու կյանքի կոչվեն։   Ըստ Մարի Լու Փափազյանի՝ փոխհամաձայնությամբ ընտրված համայնքներից յուրաքանչյուրում, կախված սովորողների թվաքանակից, կտեղադրվի 2-3 «Թումո» տուփ։ Կենտրոնը և տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով և դասավանդող մասնագետ կադրերով:   Մարտի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում է Գավառի «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփը, ընթացքի մեջ է հերթական տուփի բացումը Սևան քաղաքում»։
11:36 - 06 մարտի, 2021
«Թումո» կենտրոն կբացվի նաև Ջավախքում
 |aliq.ge|

«Թումո» կենտրոն կբացվի նաև Ջավախքում |aliq.ge|

aliq.ge: Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիների համար: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Թումո կենտրոնից ստացված հաղորդագրությունից: Ըստ տեղեկության, Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի: Հայտնի է, որ Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին:
23:54 - 02 մարտի, 2021
Թումոն կմասնակցի Վենետիկի ճարտարապետական բիենալեին

Թումոն կմասնակցի Վենետիկի ճարտարապետական բիենալեին

2021 թվականի մայիսին Թումոն մասնակցելու է Վենետիկի ճարտարապետական բիենալեին` իր անհատական տաղավարով գլխավոր, Արսենալ սրահում: Վենետիկի բիենալեն ճարտարապետական աշխարհի գլխավոր ցուցահանդես-միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են աշխարհի ճարտարապետական ամենանորարար նախագծերն ու ամենահեղինակավոր հետազոտողները: 17-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի խորագիրն է «Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին»: Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան կցուցադրի ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների արդեն միջազգային դարձած ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Երևանից ու Ստեփանակերտից մինչև Բեռլին ու Բեյրութ: Ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան «երկխոսության մեջ մտնել» Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու շրջապատող միջավայրին: Բիենալեն այս տարի կենտրոնանալու է աշխարհի ու հատկապես ճարտարապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու դրանց լուծումների վրա: Այս պատճառով միջոցառման մասնակիցների ցուցակը հնարավորինս ընդգրկուն է` ներառելով ոչ միայն ճարտարապետական ամբողջ համայնքը, համալսարաններն ու ամենախոշոր ստուդիաները, այլ նաև արվեստագետների, քաղաքական գործիչների, լրագրողների և այլոց: Բիենալեի համադրողն այս տարի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի դեկան Հաշիմ Սարկիսն է:  «Մեզ նոր տարածական պայմանագիր է պետք: Քաղաքական տարաձայնությունների խորացման և տնտեսական աճող անհավասարությունների համատեքստում մենք ճարտարապետներին կոչ ենք անում պատկերացնել տարածքներ, որոնցում մենք կարող ենք առատորեն ապրել միասին»,- Բիենալեի հայտարարման իր խոսքում նշել է Հաշիմ Սարկիսը: Համավարակի պատճառով մեկ տարի ուշ անցկացվող ճարտարապետական բիենալեն մաս է կազմում 1895 թվականին հիմնադրված արվեստի բիենալեի: 1980 թվականից անցկացվող բիենալեի հիմնական օրակարգը ժամանակակից հասարակության, հումանիստական և տեխնոլոգիական հարցերի ճարտարապետական լուծումների առաջարկն ու ցուցադրումն է: Չնայած բիենալեի ակադեմիական ուղղվածությանը, այն նաև հնարավորություն է տալիս ճարտարապետներին ողջ աշխարհից ներկայացնել նոր, տեղական նշանակության նախագծեր: Այս տարի բիենալեում կներկայացվի 112 նախագիծ 46 երկրից: Միջոցառումը բաժանված է երկու հիմնական տաղավարի. մշտական` ազգային տաղավարներ Բիենալեի այգիներում և Արսենալը, որտեղ մեկ հարկի տակ ներկայացված են բազմաթիվ նախագծեր ամբողջ աշխարհից:
14:53 - 26 հունվարի, 2021
Բերդ քաղաքում կբացվի Թումո տուփ

Բերդ քաղաքում կբացվի Թումո տուփ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին Բերդ քաղաքում տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների նոր նախագիծի՝ Թումո տուփի բացունը։Թումո կենտրոնը հայտնում է, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Թումո կենտրոնի և Գավառի Թումո տուփի աջակիցներ Կենտրոնական բանկի և Ամունդի-ԱԿԲԱ ընկերության ղեկավարությունը։Թումո տուփ նախագծի նպատակն է փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։ Ուսանողները՝ ինքնուսուցման փուլը Բերդի Թումո տուփում անցնելուց հետո, ուղևորվելու են Թումո Դիլիջան՝ մասնագիտացված դասընթացներին մասնակցելու։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել նաև այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Օրեր առաջ  բացվել է առաջին Թումո տուփը Գավառում։
22:34 - 24 դեկտեմբերի, 2020
Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և dot818 ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության  զարգացմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։Բացման միջոցառմանը Թումոյին և Գավառի Թումո տուփի հովանավոր dot818 ընկերությանը միացան ՀՀ ԿԳՍՄՆ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո շրջանավարտներ ու Գավառի տուփի ապագա ուսանողներ։Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումոյի մարզային ընդլայնումը էլ ավելի մեծ թափ է ստանում Գավառի Թումո տուփի բացումով: Հաշված օրերից ևս մի Թումո տուփ կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Այս գործընթացը շարունակական է, և դրանով մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի անգամ ամենափոքր համայնքների պատանիներին»: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց Տուփի ծրագրի իրականացումը փոքր համայնքներում․ «Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ անգամ այս դժվարին ժամանակահատվածում կարողացան բացել առաջին Թումո տուփը Գավառում։ Մարզպետարանը և մեր համայնքները պատրաստակամ են աջակցել առաջիկա Թումո տուփերի բացմանը Գեղարքունիքի մարզում։ Ուրախությամբ նշեմ, որ առաջիկայում Սևանում ևս կունենանք Թումո տուփ։ Կարևորում եմ Թումոյի կրթական ծրագրի էլ ավելի ապակենտրոնացումը․ այսպես երեխաները կարողանում են հենց իրենց համայնքում ստանալ ժամանակակից կրթություն»։  Համագործակցությանն ու նախագծի կարևորությանն ԱՄՆ-ից անդրադարձավ dot818-ի հիմնադիր Դավիթ Տոնոյանը՝ նշելով․ «dot818-ը շատ ոգևորված և հպարտ է Գավառի Թումո տուփ նախագծի իրականացմամբ։ Հայ պատանիների մտքի բնական ճկունության զարգացումն է մեր հաջողությունների երաշխիքը արհեստի, արվեստի, շինարարության, մշակույթի և գիտության մեջ։ Լավագույնն եմ ցանկանում Գավառի երեխաներին և Թումոյի թիմին։ Մինչ հաջորդ նախագիծ Հայաստանում»։ Միջոցառմանը նաև տեղի ունեցավ Թումո տուփի ամենաառաջին գրանցված գավառցի պատանիների ծանոթացումը ծրագրին ու հանդիպումն արդեն փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ: Եգորը, Հայկն ու Լարիսան առաջին փորձարկումներն արեցին ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։Dot818-ը ամերիկյան մարքեթինգային ընկերություն է, որը հիմնվել է 2011 թվականին Կալիֆորնիայում: Այն զբաղվում է հրատարակչական, գովազդի և մարքեթինգի գործառույթներով: Կալիֆորնիայում տեղակայված գլխամասից բացի այն նաև ունի գրասենյակ Հյուսիսային Կարոլինայում և Մեծ Բրիտանիայում:Թումո տուփի հաջորդ ուղղությունը Տավուշի մարզի Բերդ քաղաքն է։ Դրա բացումը նույնպես կկայանա այս ամիս:
17:36 - 18 դեկտեմբերի, 2020
Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ

Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տիկին դեսպանն ասել է, որ ուշի-ուշով հետևել են վերջին երկուսուկես տարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքերով, իրականացվող բարեփոխումները վերջնականացնում են հեղափոխության օրերին սկիզբ առած գործընթացները: Եվրամիության անդամ Լիտվայի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պատրաստ են աջակցել մեր երկրին բազմավեկտոր բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ողջունելով դիվանագետին՝ նախարար Ա.Հարությունյանը ներկայացրել է կատարված և ընթացիկ աշխատանքները․ նա նշել է, որ արդեն փոխվել են նախադպրոցական կրթության, հանրակրթության մասին օրենքները, վերանայվում է Հանրակրթության պետական չափորոշիչը, շրջանառվում է բուհերի ու գիտության բնագավառները կարգավորող օրենքի նախագիծը, մշակման փուլում են ոլորտային ռազմավարությունները: Նախարար Ա.Հարությունյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը` փաստելով, որ Հայաստանի դպրոցների շուրջ կեսում արդեն գործում են ինժեներական լաբորատորիաներ։ Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված են ԲՏ ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ։ Տիկին Ի.Ստանիտե-Տոլոչկինեն նաև անդրադարձել է լիտվացի ճարտարապետ Յուրգիս Բալտրուշակտիսի անվան կրթաթոշակի հաջողությամբ իրականացվող ծրագրին և եկող տարի մշակույթի բնագավառում երկկողմ նախագծեր և սպորտի ոլորտում մրցաշարեր անցկացնելու հնարավորությանը՝ միևնույն ժամանակ կարևորելով Լիտվայում հայ համայնքի ակտիվ գործունեությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-լիտվական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր:
11:34 - 25 սեպտեմբերի, 2020
Արցախում առաջին 3 Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում․ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Թումո»-յի տնօրենի հետ

Արցախում առաջին 3 Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում․ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Թումո»-յի տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար: Պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում: Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում: Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական այդպիսի ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները: Սերունդների որակյալ կրթության ապահովման գործում մեր այսօրվա յուրաքանչյուր ներդրում վաղը բազմապատիկ վերադարձվելու է երկրի զարգացմանը»,- գրել է նա:  
15:10 - 20 սեպտեմբերի, 2020
Մոսկվայում «Թումո» կենտրոն է բացվել |armenpress.am|

Մոսկվայում «Թումո» կենտրոն է բացվել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 26-ին բացվել է թվով 3-րդ միջազգային «Թումո» կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից։ «Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաև Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ Թումոյի ծրագրին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ մի շարք ժամանակակից ոլորտներում: Թումոյի և Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետևյալ 8 ոլորտներում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Ապագայում կբացվի ևս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա և ստեղծագրություն: «Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց և կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաև Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա Թումոյի ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով իր խոսքում նշել է. «Այս տեխնոլոգիական կրթությունը շատ պահանջված է Մոսկվայում, մոդայիկ: Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»: Նոր Թումո կենտրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարևանությամբ: Այն ունի իր սեփական շենքը` անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներով` ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, երաժշտական ստուդիա և այլն: Թումո Մոսկվայում սովորելու է շուրջ 2000 ուսանող: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն այս տարվա հոկտեմբերին: Մանրամասների և գրանցման համար կարող եք անցնել հղումով` tumomoscow.ru: Մինչև տարվա ավարտը պլանավորվում է ևս 2 միջազգային կենտրոնի բացում` Բեռլինում և Տիրանայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
09:28 - 27 օգոստոսի, 2020