Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն

Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն

Երևանի ավագանին մայիսի 24-ի նիստում հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում. համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ Ավագանու որոշմամբ՝ համայնքային մի շարք բաժնետիրական ընկերություններ կվերակազմակերպվեն: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ նպատակը ծրագրում ընդգրկված պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների ու շենքային պայմանների բարելավումն է, ինչպես նաև արդյունավետ կառավարման ապահովումը: Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքրաթիվ բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար: «Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի, պատմաբան, հայագետ, մանկավարժ, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի, օրթոպեդ - վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Քրիստափոր Պետրոսյանի, պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կկրի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անունը: Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին:
21:17 - 24 մայիսի, 2022
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածի վերականգնման աշխատանքները կանցկացվեն շուրջօրյա ռեժիմով |armenpress.am|

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածի վերականգնման աշխատանքները կանցկացվեն շուրջօրյա ռեժիմով |armenpress.am|

armenpress.am: Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները այսօրվանից կամ վաղվանից շուրջօրյա աշխատանքային ռեժիմով կիրականացվեն, որպեսզի կարճ ժամանակահատվածում ամրացումն ավարտվի և երկկողմ գծով ճանապարհի երթևեկը բացվի։ Այս մասին մայիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ պետք է վերակառուցվեն նաև գործող ստորգետնյա կոմունիկացիաները։ «Հեղեղատար համակարգը ամբողջությամբ կվերակառուցվի նորովի՝ այդ թվում ոռոգման խողովակը։ Հաշվարկներն այսօր կավարտվեն, վաղը վերջնականապես փոխադարձ համաձայնությամբ կքննարկվի, և կսկսվեն աշխատանքները»,-ասաց նա։ Մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փլուզման մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 6:55, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ճանապարհահատվածից մոտ 22 քմ փլուզվել է, երեք արտաքին լուսավորման սյուն՝ շրջվել, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան:
11:59 - 23 մայիսի, 2022
Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին

Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին (Yerevan Tech Forum 2022):   «Նախաձեռնության նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝ համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած մարտահրավերները, մշակել դրանց լուծումները: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ քաղաքապետն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այսօր քաղաքում կիրառվող որոշ սմարթ (խելացի) լուծումներն ու շեշտել, որ քաղաքային իշխանությունն աշխատանքներ է տանում հատկապես տրանսպորտի ոլորտում դրանք զարգացնելու ուղղությամբ: Ֆորումի ընթացքում քննարկվել է նաև Երևանը՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստեր ձևավորելու հնարավորությունը: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 25 տեղական ու միջազգային խոսնակ, 30 ընկերություն և ոլորտով հետաքրքրված 1000-ից ավելի անհատ: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շրջել է նաև ֆորումի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, քննարկել ոլորտային մի շարք թեմաներ»։
16:56 - 21 մայիսի, 2022
Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել է ուղեգծերի ժամանակավոր փոփոխություն

Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել է ուղեգծերի ժամանակավոր փոփոխություն

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։  Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում հետևյալն էր՝ Լենինգրադյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխված ուղղությունը հետևյալն է՝ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Միկրոավտոբուսային 26 երթուղու համար նախկինում սահմանված էր հետևյալ երթուղին՝ Լենինգրադյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխված ուղղությունը հետևյալն է՝ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին նախկինում գործում էր Լենինգրադյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ։ Ժամանակավոր սահմանվել է Լենինգրադյան փողոց, Հալաբյան փողոց, Հրազդանի կիրճ, Աթենքի փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Հետադարձը հետևյալն է՝ «Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փողոց, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։ «Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում։
15:34 - 21 մայիսի, 2022
Երևանի փոքր պոլիկլինիկաները կմիանան առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին

 |armenpress.am|

Երևանի փոքր պոլիկլինիկաները կմիանան առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին |armenpress.am|

armenpress.am: Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բժշկական այս հաստատություններ տարեկան շուրջ 1 մլն 400.000 բուժառու է այցելում: Տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներում կուտակված խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումն այսօր համակարգային ու հիմնարար փոփոխություններ են պահանջում: Տեղերում իրականացված ուսումնասիրությունների ու նախնական կարիքների գնահատման արդյունքում ձևավորել է հստակ պատկեր: «Մենք գույքագրել ենք ոլորտի առկա խնդիրները և հանդես ենք եկել կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, ինչն իրենից ենթադրում է մաքսիմալ արդյունավետ կառավարում: Փոքր պոլիկլինիկաները միանալու են առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին: Ընդլայնելու ենք նաև բժշկական ծառայությունները»,-նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը: Համեմատաբար փոքր թվաքանակով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներում խնդիրները տարբեր են, կապված են բուժման, արդյունավետ կառավարման, հարմարավետ պայմանների ապահովման հետ: Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ խնդիրը միայն ֆիննականին չի վերաբերում: Կան խնդիրներ՝ կապված  ծառայությունների հասանելիության հետ: «Օրինակ, փոքր պոլիկլինիկաները դեղորայքային ապահովման խրոնիկ խնդիր ունեն: Երբ նրանք մրցույթ են հայտարարում, փոքր պատվերների դեպքում մատակարարված կազմակերպությունները շատ հաճախ մասնակցության հարցով հետաքրքրված չեն լինում: Մեկ կամ երկու ամսով դեղերի մատակարարումը հետաձգվում է, ինչը հանգեցնում է քաղաքացիների դժգոհություններին: Խոշոր պոլիկլինիկաներում նման խնդիր չկա, որովհետև պատվերի չափը մեծ է լինում»,-նշել է փոխքաղաքապետը:
13:57 - 21 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված ավելի քան 300 միլիոն դրամ  վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված ավելի քան 300 միլիոն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների փաստի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ Երևանի քաղաքապետարանի մի շարք նախկին պաշտոնատար անձանց կողմից ինչպես պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, այնպես էլ՝ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցի 13/15 և 13 հասցեներում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2000քմ և 3500քմ ընդհանուր մակերեսով հողամասերն առանց հրապարակային սակարկությունների՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, 2010թ. փետրվարին և 2011թ. հուլիսին օտարվել են, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 308.652.000 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, իսկ Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:43 - 20 մայիսի, 2022
Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները

Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները

2022թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ կիրականացվի «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը կանցկացվի Երևանի քաղաքապետի կողմից, և ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցելու համար Երևանի 9-րդ դասարանի աշակերտը պետք է պատրաստի զեկույց, որում կներկայացնի Երևանի միջավայրի հարմարեցման կամ մատչելիության, կամ կրթության, կամ քաղաքի արտաքին ձևավորման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաներ: Զեկույցին ներկայացվող պահանջներն են. զեկույցը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը. ներածական մաս (հիմնախնդրի նկարագրություն, նպատակ, խնդիրներ), հիմնախնդրին առնչվող առկա իրավիճակը, պատճառներն ու հետևանքները, խնդրի առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքը, զեկույցը պետք է լինի հայերեն և առավելագույնը 300 բառ ծավալով (չգերազանցի 1 էջը): Հավաքված բոլոր զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ձևավորված բազմամասնագիտական աշխատանքային խումբը կընտրի լավագույն 64 զեկույցները ներկայացրած աշակերտներին, որոնք կհրավիրվեն մասնակցելու ավագանու նիստին: Քաղաքապետարանի գործող ավագանու անդամներից, ինչպես նաև հրավիրված այլ փորձագետների կողմից կգնահատվեն ներկայացված զեկույցները, և առավելագույն միավորներ ստացած զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան իրենց զեկույցը ներկայացնել երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին: Մասնակցության համար զեկույցը պետք է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 20-ի օրվա ավարտը՝ լրացնելով հայտի ձևաթղթի բոլոր դաշտերը` Կդիտարկվեն միայն այն զեկույցները, որոնք կհամապատասխանեն ներկայացված բոլոր չափանիշներին:
17:07 - 17 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը |armenpress.am|

armenpress.am: Երևանում շուտով կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը կլինի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին քայլը: Մասնավորապես, մեկ կամ երկու ամսից Երևանի մինչև 3 երթուղում հնարավոր կլինի վճարում կատարել քարտային համակարգով, QR կոդով, տեխնիկական այլ միջոցներով: Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նշեց, որ սա փորձնական ծրագիր է հասկանալու համար բացերը, առավելությունները: «Մի քանի երթուղիներում պիլոտային ծրագիրը կներդնենք, կհասկանանք, թե որքանով է հարմար, ինչ հնարավորություն է տալիս, ինչ խնդիրներ են լինում, ինչ ավելացնելու ու պակասեցնելու անհրաժեշտություն կա: Քարտային համակարգը հնարավորություն կտա և՛ քարտով, և՛ տեխնիկական այլ միջոցներով վճարել ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում»,-ասաց Հայկ Սարգսյանը: Միասնական քարտային համակարգի վերջնական ներդրման համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային պարկը լինի թարմացված: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը: Մինչ այժմ Երևան է ներկրվել է 100 փոքր դասի և 211 միջին դասի ավտոբուս: Ընդհանուր 311 շարժակազմով թարմացվել է Երևանի ավտոբուսների պարկը: Ներկրված բոլոր ավտոբուսները շահագործվում են, չհաշված՝ ռեզերվները: «Երթուղիներում թարմացումները կատարվեցին հետևյալ սկզբունքով: Շահագործման 15 տարին լրացած միկրոավտոբուսները, որոնք դեռ գործում էին, ավտոմատ կերպով դուրս մնացին: Շահագործեցինք նոր ավտոբուսները: Ընթացքում դժվարություններ եղան, գազելներն ավելի փոքր էին, շատ փողոցներով կարողանում էին երթևեկել, իսկ նոր ներկրված ավտոբուսներն այդ հնարավորությունը չունեին: Մենք վերանայեցինք երթուղիները: Այդտեղ որոշ թաղամասերի բնակիչներից բողոքներ ստացանք, որոնք ասում էին, թե ժամանակին իրենց փողոցով անցնում էր երթուղին սպասարկող տրանսպորտը, հիմա՝ ոչ: Մեր կողմից ոչ մի դիտավորություն չկար, պարզապես նոր տրանսպորտային միջոցների չափերով, փողոցների նեղությամբ պայմանավորված վերանայեցինք երթուղիները: Մենք վերանայեցինք նաև շարժակազմի քանակը: Օրինակ 28 համարի երթուղին սկզբում համալրեցինք 10-12 ավտոբուսով, հետո հասկացանք, որ պետք է ավելացնել»,-ասաց Հայկ Սարգսյանը: Նոր երթուղային ցանցի ներդրմամբ նախատեսվում է երթուղիներում շահագործել 12 մետրանոց ավտոբուսներ: Արդեն պայմանագիր է ստորագրվել ու շուտով Երևանը կունենա 87 հատ 12 մետրանոց ավտոբուս: Բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսներն առանձին երթուղիներ կունենան, հիմնականում կերթևեկեն լայն փողոցներով, լայն պողոտաներով: Դա ենթադրում է, որ այսօր արդեն այդ ուղղություններով երթևեկող միջին, փոքր դասի ավտոբուսները կարող են ուղղորդվել այլ երթուղիներ: Նախատեսվում է նաև ներկրել 15 նոր տրոլեյբուս, ինչպես նաև 100 միջին դասի նոր ավտոբուս:
09:47 - 17 մայիսի, 2022
Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա |armenpress.am|

Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանում մայիսի 16-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր  ձեռնարկել ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար:  Անդրադառնալով վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակներին , Սարգսյանը նշել է, որ դրանք  պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն: Խորհրդակցության ընթացքում Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ ամբողջությամբ հիմնանորոգվել է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը. մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը :Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար էլ Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ: Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը: Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում: Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում: Ընթացիկ տարում կնորոգվի Շտապբուժօգնության ծառայության շենքի տանիքը: Հանձնարարվել է նախագծային աշխատանքներում հաշվի առնել նաև էներգախնայողության բաղադրիչը, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել ՄԱԿ-ի հետ համատեղ: Վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման գործընթացը: Այս պահին քաղաքում մնացել է 64 գործող աղբախուց: Մայիսի 16-ից  մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ մինչև հունիսի 7-ը: Հարցերի դեպքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետները պատրաստ են ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն:
17:48 - 16 մայիսի, 2022
Ծիծեռնակաբերդի բարձունքում 420 ծառ և թուփ է տնկվել

Ծիծեռնակաբերդի բարձունքում 420 ծառ և թուփ է տնկվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է: Դեռևս 2019 թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են սկսվել, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար աշխատանքներին ներգրավվել է շուրջ 160 աշխատակից: «Ավելի քան 400 մեքենա աղբ է տեղափոխվել տարածքից: Այստեղ առկա էին բազալտի մեծ շերտեր, քարեր, մենք այդ ամենը մաքրեցինք այնպես, որ հասնենք հողային շերտին: Բնաբաժակներն ապահովված են անհրաժեշտ բաղադրիչներով հարուստ հողախառնուրդով»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը: Որպեսզի աշխատանքներն արդյունավետ լինեն, մոտեցումներն էլ մասնագիտորեն հիմնավորված՝ տարածքում կատարվել է նաև հողագիտական ուսումնասիրություն, և նմուշառումներն ուղարկվել մասնագիտացված կենտրոն: «Խնդիրն այն էր, որ գետինը հիմնականում ծածկված էր մեծ քարերով, որոնք մաքրել ենք: Մոտավորապես 1.2 մ խորությամբ փոսեր ենք փորել, դրան համապատասխան հողախառնուրդը լցրել փոսերը և նոր միայն ծառատունկ սկսել: Դա ծառերին հնարավորություն է տալիս 2-3 տարի այդ հողախառնուրդում աճել, որից հետո արմատային համակարգը կուժեղանա և արդեն բնական հողում էլ կսկսի բնականոն աճել»,- ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը: Մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածը մասնագետները չորս հատվածի են բաժանել: Գործընթացն իրականացվում է մի շարք ուղղություններով. ծրագրի այս փուլում աշխատանքներ են տարվում համայնքապատկան մասի շուրջ 2 հա տարածքում: Գարնանային ծառատունկի ընթացքում արդեն իսկ տնկվել են 420 ծառ և թուփ: «Երևանի զարգացման ծրագրով քաղաքականությունը միտված է կանաչ տարածքների ընդլայնմանը, որի վառ օրինակներից մեկն այս տարածքի վերականգնումն է: Այստեղ հիմնվում է անտառային գոտի: Նաև թփապատման ծավալուն աշխատանքներ ենք քաղաքում իրականացնում, որը երկրորդ շերտի բուսականությունն ավելացնելու հնարավորություն է տալիս: Այն կարևոր նշանակություն կունենա մեքենաների արտանետումները զտելու-կլանելու և օդը մաքրելու գործում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով լուծվել է նաև ոռոգման ցանցի խնդիրը: Ջուրը տարածք հասցնելու նպատակով փոխվել է ջրագիծը: Այս ծավալուն նախագիծը, բնապահպանական նշանակությունից բացի, ունի ևս մեկ կարևոր խորհուրդ. խնամված, ակնահաճո միջավայր ստեղծել հայության համար խորհրդանշական Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում:
19:43 - 14 մայիսի, 2022
Շաբաթօրյակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. քաղաքապետը հետևել է աշխատանքներին

Շաբաթօրյակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. քաղաքապետը հետևել է աշխատանքներին

Մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու և խնդրահարույց տարածքներն աղբից մաքրելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում շաբաթօրյակ է կազմակերպվում՝ տեղեկացնում են քաղաքապետարանից:   Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս անգամ միացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Աշխատանքներին վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:   Վարչական շրջանի մաքրությունն իրականացվել է հասցեագրված տարածքներում: Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբը տեղափոխելու գործին ներգրավվել է 12 ջրցան, 8 փոշեկուլ մեքենա, 3 մեծ և 5 փոքր տրակտոր, 10 «ԿամԱԶ», ինչպես նաև «ԶԻԼ» մակնիշի 4 ինքնաթափ։
19:23 - 14 մայիսի, 2022