ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

Երևանի պետական համալսարանը համագործակցային նոր կապեր է հաստատում Լիտվայի բուհերի հետ

Երևանի պետական համալսարանը համագործակցային նոր կապեր է հաստատում Լիտվայի բուհերի հետ

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մայիսի 20-ին հյուրընկալվել են Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող երկրի նախագահի պատվիրակության կազմում Հայաստանում են՝ ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և հաստատելու գործընկերային նոր կապեր։ «Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, բարեփոխման իրագործվող ծրագրերը, առաջնային նպատակներն ու նախագծերը, որոնք միտված են կրթության որակի բարելավմանն ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ Լիտվացի գործընկերներին ներկայացվեցին ԵՊՀ-ի և Լիտվայի համալսարանների միջև արդեն իսկ հաստատված համագործակցությունները և դրանց շրջանակում իրականացված ծրագրերը։ ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ համալսարանը պատրաստակամ է հաստատելու նոր կապեր, կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ՝ միտված ուսանողների, դասախոսների և հետազոտողների կարողությունների բարձրացմանը, փորձի փոխանակմանն ու նրանց միջև հաղորդակցության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լիտվայի պատվիրակության ղեկավար, Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, հանդիպման ընթացքում խոսել է իրենց երկրի բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության, իրականացվող գործընթացների և ռազմավարական նպատակների մասին՝ փաստելով, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ Լիտվան ցանկանում է ընդլայնել և առավել խորացնել առկա համագործակցությունը։ Բուհերի ներկայացուցիչներն էլ հանդիպման ընթացքում խոսել են իրենց համալսարանների գործունեության հիմնական ուղղությունների և այն ոլորտների մասին, որոնց շրջանակում կարելի է փոխգործակցություն ծավալել։ Կողմերն արձանագրել են, որ համատեղ կրթական, հետազոտական ծրագրերի իրագործումը, փոխանակման ծրագրերի իրականացումը, ամառային դպրոցների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հետագայում կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի իրականացումը արդյունավետորեն կխթանեն համագործակցությունը ինչպես բուհերի, այնպես էլ երկու երկրների միջև։ Նշվում է, որ հանդիպման ավարտին պատվիրակության անդամները եղան ԵՊՀ այն ֆակուլտետներում և կենտրոններում, որոնց հետ կցանկանային համագործակցություն հաստատել՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը և իրականցվող աշխատանքներին։ Նրանք այցելել են ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացել բակալավրի և մագիստրոսական ծրագրերին, եղել նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, արյունաբանական լաբորատորիայում, էկոլոգիայի և բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության ամբիոններում: Լիտվայի Հանրապետության բուհերի պատվիրակության կազմում ընդգրկվել են նախագահի՝ կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտոր Ռեգինա Վալուտիտեն, Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը, Կլայպեդայի համալսարանի հաղորդակցության և մարքեթինգի բաժնի ղեկավար Ինգա Պետրաուսկիենեն, Վիլնյուսի համալսարանի կրթության որակի և զարգացման բաժնի ղեկավար Անդրիուս Ուժդանավիչուսը, Վիլնյուսի Գեդեմինասի տեխնիկական համալսարանի Անտանաս Գուստայնիսի ավիացիոն ինստիտուտի դեկան Յուստաս Նուգարասը և Լիտվայի սպորտի համալսարանի ռեկտոր Դիանա Ռեկլայտիենեն։ Նրանց հետ համագործակցային կապեր հաստատելու, դրանց արդյունքում նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու վերաբերյալ քննարկմանը ԵՊՀ ռեկտորի հետ մասնակցել են պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահագն Ագլյանը, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, կենսաբանության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Աննա Կարապետյանը և Աննա Փոլադյանը։
22:06 - 20 մայիսի, 2022
ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

Մայիսի 3-ին oragir.news կայքում հրապարակվել է «ԵՊՀ-ն նոր ձև է գտել ուսանողներին ցույցերից հեռու պահելու համար․ ռեկտորի ապօրինի «հրամանը»» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը)։ Հոդվածում նշվում է, որ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին դեկանատներից հաղորդագրություններ են ստացել, որ ռեկտորի որոշման համաձայն՝ նրանց չի թույլատրվում մասնակցել թեզի պաշտպանությանը, քանի որ չեն վճարել ուսման վարձը։  «Ուսանողները տարակուսանքի մեջ են։ Բանն այն է, որ ռեկտորի համապատասխան հրամանը պետք է հրապարակված լինի ԵՊՀ-ի կայքում, այնինչ այդ մասին որևէ գրառում չկա։ Նկատենք նաև, որ դեկանատներից ուսանողներին ուղարկված հաղորդագրության մեջ ևս չի նշվում հիշատակված հրամանի համարը։ Ակնհայտ է, որ ԵՊՀ ռեկտորը նոր ձև է գտել ուսանողությանը բողոքի ակցիաներից հեռու պահելու համար, քանի որ նախորդ օրերին ԵՊՀ-ում դասապրոցեսը խաթարվել է։ Նշենք, որ ԵՊՀ-ում ուսանողները կարող են ուսման վարձը վճարել մաս-մաս, իսկ մագիստրատուրայի ավարտական կուրսում՝ ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը»,- նշվում է հոդվածում։ ԵՊՀ-ից, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են հետևյալը․ «Համաձայն Երևանի պետական համալսարանի և մագիստրանտի միջև 2020թ. կնքված «Առկա ուսուցման ձևով մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ» պայմանագրի 3.2.7 կետի՝ ավարտական կուրսի ուսանողը պարտավոր է ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարն ամբողջությամբ վճարել մինչև մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից»:  Oragir.news-ը նաև պնդում է, թե ուսանողներին ուղարկված նամակում նշված հրամանը պետք է հրապարակված լինի համալսարանի կայքում, բայց «այդ մասին որևէ գրառում չկա»։ Խոսքը վերաբերում է ԵՊՀ ռեկտորի՝ «Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգը սահմանելու մասին» հրամանին, որը հրապարակված է Պետհամալսարանի փաստաթղթերի համար նախատեսված կայքում։ Այս հրամանով սահմանվում է, որ ուսանողները և՛ առաջին, և՛ երկրորդ կիսամյակում կարող են ուսման վարձը բաժանել 4 մասի՝ ամեն ամիս վճարելով դրա մի մասը։ Սակայն ավարտական կուսերի ուսանողները պարտավոր են ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարը վճարել մինչև ավարտական աշխատանքի կամ մաիգիստրոսական թեզի նախապաշտպանությունը։ ԵՊՀ-ին նաև խնդրել էինք հայտնել, թե ուսանողներն ինչ ընթացակարգով են տեղեկանում այն մասին, որ վարձը չվճարած կամ թերի վճարած լինելու դեպքում չեն կարող մասնակցել թեզի պաշտպանությանը։ Պետհամալսարանից մեզ հայտնել են, որ ուսանողներն ուսումնառության վերաբերյալ տեղեկությունները կարող են ստանալ համալսարանի պաշտոնական կայքից, իսկ անհատապես նրանց վերաբերող տեղեկությունը ֆակուլտետների դեկանատներն ուղարկում են համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեներին։ Այսպիսով, oragir.news-ի պնդումը, թե ԵՊՀ մագիստրատուրայի ավարտական կուրսում ուսանողները կարող են ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը, կեղծ է, քանի որ ըստ ռեկտորի հրամանի և ուսանողների հետ կնքված պայմանագրի՝ ուսանողները վարձը պետք է մուծեն մինչև թեզի նախապաշտպանությունը։ Աննա Սահակյան
21:38 - 05 մայիսի, 2022
Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալին

Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալին

Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:Մասնավորապես` Ա. Թ.-ն, նույն բուհի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 1-ին կուրսում դասավանդելով «Մաթեմատիկական անալիզ» առարկան, իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից հիշյալ առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և այդ կերպ նրանց համալսարանից հեռացվելու հանգամանքը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին ԵՊՀ վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է հիշյալ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 96.424 ՀՀ դրամին համարժեք 200-ական ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ կաշառք:Կաշառքի առարկան ստանալուց հետո` նույն օրը, Ա. Թ.-ն վերը նշված ուսանողներից ընդունել է քննությունը և համապատասխան գիտելիքներ չունենալու պայմաններում քննական առարկայի լուծարքային տեղեկագրում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց կողմից դրական գնահատական ստանալու վերաբերյալ, այնուհետև` տեղեկագիրը դրել շրջանառության մեջ:Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:59 - 29 ապրիլի, 2022
ԵՊՀ-ն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով․ ԵՊՀ մամուլի խոսնակ

ԵՊՀ-ն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով․ ԵՊՀ մամուլի խոսնակ

ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» հրապարակմանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Ի պատասխան ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 15-ին՝ ժամը 18։15-ին, արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում եմ, որ Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով (ենթադրում եմ, որ փորձառու քաղաքական գործիչը բարեխիղճ շփոթմամբ է սեփական գրառումը «զարդարել» մեկ այլ կուսակցության՝ ԱԺԲ-ի թռուցիկով): Նախկին պատգամավորի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ժամանակին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք էր սկսել դպրոցների եւ բուհերի հանրապետականացման դեմ ու ես էլ այդ արշավը ողջունողներից էի։ Մենք սրբազան պայքար էինք մղում տարատեսակ մեծ ու փոքր կուսակցական բազեների դեմ ու որպես «Սանտա-Բարբարա» էինք նայում Նիկոլի բացահայտած «Զիբիլիքսի» շոուն։ Իսկ երբ բուհերը ապակուսակցականացնելու սրբազան գործի համար ողջ կրթական եւ բուհական համակարգը քպ-ացվեց, իսկ քպ-ական Սուրեն Պապիկյանը նշանակվեց ԵՊՀ խորհրդի նախագահ, որ ՔՊ-ական ռեկտորի հետ ուս ուսի տված պայքարեն իրենք իրենց դեմ, այ էդ նուրբ հոգեբանական սուբլիմացիան անգամ Ֆրոյդը չի կարողացել ընկալել։ Եվ ահա բուհերի քաղաքականացման դեմ ծրագրի շրջանակներում այսօր մայր բուհն ու նրա գրադարանը զարդարվել էին ԱԺԿ քաղաքական կառույցի թռուցիկներով։ Չէ, ես որեւէ պրետենզիա չունեմ տվյալ քաղաքական միավորման դեմ, բայց եթե ԵՊՀ-ն ականապատվեր ՀՀԿ, ԲՀԿ, Դեմկուս կամ՝ «Հայոց մայրեր» կուսակցության թռուցիկներով, նույն լեգիտիմ հարցադրումն ուղղելու էի Սուրեն Պապիկյանին եւ ռեկտոր Հովհաննեսին։ Հիմա ԵՊՀ-ն կուսակցական օթյա՞կ է, թե մայր բուհ-ում պարզապես քաոս է»։  
22:04 - 15 փետրվարի, 2022
Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է մամուլում տարածված տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք: «Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,- գրել է Աբրահամյանը: Անդրադառնալով տարածվող տեղեկատվությունը, թե գլխավոր դատախազը դիմել է ՌԴ-ին քաղաքացիության հարցով՝ Աբրահամյանը գրել է, որ արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա՝ հիշեցնելով, որ նման տեղեկատվություն տարածվել էր նաև 2021 թվականի նոյեմբերին, որը հերքվել է:
12:40 - 24 հունվարի, 2022
Սուրեն Պապիկյանը հենց գնացել է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար․Նիկոլ Փաշինյան
 |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը հենց գնացել է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար․Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերը կուսակցականացնելու, դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու, պաշտոնյաների համար թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերելու հարցերին։ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում նշել է, որ իրենք չեն շեղվել նախանշված ուղուց։ Մասնավորապես, իրենց կուսակիցներին բուհեր ուղարկելը, ըստ վարչապետի, ուղղված է հենց ապակուսակցականացումը երաշխավորելուն։ «2020 թվականի իրադարձություններ ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն, մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90 տոկոսը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին, շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ  պետության ողնաշարին թիկունքից հարվածեցին։ «Ես 2018 թվականից հետո և՛ բուհական համակարգին, և՛ դիվանագիտական համակարգին, տվել եմ 100 տոկոսանոց ազատություն։ Ազատություն այն առումով, որ դիվանագիտական համակարգում քաղաքական նշանակումներ չենք արել, բայց, կներեք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսին տեղի ունեցած հանրահավաքում դրոշ էին բռնում կանգնում։ Այն, ինչպես պահեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, դա խայտառակություն է։ Երբ իրենք իրենց ձեռքով թղթեր էին զեկուցում ինձ, սակայն հրապարակային ասում էին, որ տեղյակ չէին այդ մասին։ Ո՞վ է ասում, որ այդ պահվածքն անարձագանք է մնալու։ Դեռ այս հարցերի հետևից շարունակելու ենք գնալ»,-ասաց ՀՀ վարչապետը։ Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ գնելուն, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեքենաները հին են, պարբերաբար խափանվում են և դրանց սպասարկման համար մեծ գումարներ են ծախսվում։ «Մեքենաներ ձեռք են բերվել նաև ինձ համար։ Մենք մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել։ Ինձ համար դա խնդիր չէ, ես պարզությունը չեմ կորցրել, բայց 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան խափանվել է։ Այդ մեքենաները ձեռք են բերվել 2007 թվականին, ու դրանք նրա համար չեն, որ ինձ տեղից տեղ տեղափոխեն, այլ որ պետական պահպանության ծառայությունը իրականացնի օրենքով իր առջև դրված գործառույթները։ Նույնը տեղի է ունենում ԱԺ նախագահի դեպքում։ Տեսնում ենք, որ 2008 թվականին ձեռք բերված մեքենայի սպասարկման վրա ծախսվում են միլիոնավոր դրամներ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
23:06 - 24 դեկտեմբերի, 2021
Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը |armenpress.am|

Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը |armenpress.am|

armenpress.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում  բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր: Հոգաբարձուների խորհուրդը չի դիտարկել մյուս թեկնածուի՝ Արծրունի Սահակյանի դիմումը, ով դիմել էր կարգի խախտմամբ, քանի որ  ըստ կանոնակարգի գոյություն ունի  փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի  հստակ օր և ժամ:  Արծրունի Սահակյանի փաստաթղթերը ներկայացվել են ժամկետից ուշ, ինչի պատճառով էլ  ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը փակ նիստի ընթացքում  նրա թեկնածությունը չի դիտարկել:
14:30 - 17 դեկտեմբերի, 2021
«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|

«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|

tert.am: Մենք անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ այս տարիներին իշխանությունը բոլոր անկախ պետական կառույցները հարմարեցրել է իրեն, որ դառնան իրենց կամակատարը և այդ օրինակը կատարվում է ԵՊՀ–ում։ Այս մասին այսօր ԵՊՀ–ում, որտեղ իրականացում էր ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, իսկ զուգահեռ բողոքի ակցիա են իրականացնում ուսանողները, ասաց ուսանող Տարոն Մանուկյանը։ «Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր ունենանք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու։ Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չէինք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը»,–ասաց նա։ Ուսանողը նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են և ամենամեծ վտանգը ԵՊՀ–ի քաղաքականացումն են համարում։
12:22 - 17 դեկտեմբերի, 2021
ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

Նոյեմբերի 1-ին oragir.news լրատվական կայքը «Կառավարությունը շարունակում է «խաղաղության» օրակարգը․ պատերազմին մասնակցած ուսանողների վարձն այլևս չի զեղչվում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, հղվելով ԵՊՀ իր աղբյուրներին, հայտնում էր, որ այս ուսումնական տարվա սկզբից  ԵՊՀ-ն հրաժարվում է 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչել, և ուսման վարձը չզեղջելու որոշումը կայացրել է կառավարությունը, սակայն այն դեռևս թղթային ձևակերպում չունի։ Նշված լուրի իսկությունը ստուգելու համար հարցումով դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև կապ հաստատեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ անցյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 44-օրյա պատերազմի մասնակից 4200 ուսանող ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում։ Սա եղել է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ։ Նախարարության պատասխանի համաձայն՝ ամռանը զորացրված 1200 ուսանող նույնպես կստանա այդ փոխհատուցումը, և գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ դեռ կան ուսանողներ, որոնք չեն զորացրվել։ Բացի տրամադրված փոխհատուցումից՝ փոփոխություններ են կատարվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» օրենքում, և ավելացվել է ուսման զեղչ ստացող ուսանողների շրջանակը, մասնավորապես՝ «մարտական գործողությունների մասնակից ուսանողներին լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հատվածը։ Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում։ Գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկանալ նաև, թե արդյոք ուսման վարձի փոխհատուցման խնդիրներ առաջացել են, և արդյոք շարունակվելու են պատերազմական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումները։ Համաձայն նախարարության պատասխանի՝ բուհերում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման որոշակի խնդիրներ առաջացել են։ Դրանք վերաբերել են ուսումնական տարվա սկզբում ուսանողների հրամանագրմանը և բուհի հետ պայմանագրեր կնքելուն, որի համար ուսանողները պետք է որոշակի վճարումներ կատարեին։ Ինչ վերաբերում է այս ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրելուն՝ պատասխանում նշված է, որ նախարարությունն արդեն սկսել է բուհերի ներկայացրած տվյալների ամփոփումը, որոնց հիման վրա էլ ուսանողները պետք է ստանան ուսման վարձի համապատասխան ֆինանսական փոխհատուցում։ Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ ենք հաստատել նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերը, թե ԵՊՀ-ն հրաժարվում է ուսման վարձերը զեղչել, իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգորյանի խոսքով ԵՊՀ-ում բնականոն հավաքագրվում են ուսանողների փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն նախարարություն, որից հետո նախարարությունը պետք է ուսումնասիրի և պահանջներին համապատասխանելու դեպքում կատարի ուսանողների վարձի փոխհատուցումը (Ազնիվ Գրիգորյանի հետ զրուցել ենք նոյեմբերի 1-ին)։ «Մենք քննում ենք յուրաքանչյուր ներկայացված դիմում, լինում են, որ դիմումները թերի են լինում, այդ դեպքում էլ ուսանողները մերժում չեն ստանում, մենք ուղղորդում ենք նրանց և ժամանակ տրամադրում, որ փաստաթղթերը կարգի բերեն և նորից ներկայացնեն։ ԵՊՀ անունից տեղեկացնեմ, որ ուսանողները  մտավախություն չպետք է ունենան, որովհետև երբ վարձավճարի փոխհատուցման որոշումը կայացվի, եթե անգամ վարձավճարի մի մասը ուսանողները վճարած լինեն, ավել վճարված գումարները կվերադարձվեն»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը։ Այսպիսով՝ տարածվող տեղեկությունները, թե ԵՊՀ-ն և կառավարությունը հրաժարվում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների փոխհատուցում տրամադրելուց, ճիշտ չէ, քանի որ ԵՊՀ-ում դիմումների հավաքագրումն իրականացվում է բնականոն, իսկ նախարարությունը պատրաստակամ է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձերը։ Նարեկ Մարտիրոսյան
17:03 - 13 նոյեմբերի, 2021
Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով): Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
13:31 - 12 նոյեմբերի, 2021