ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

ԵԽԽՎ հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը։ Պատգամավորն իր ելույթում ասել է. «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող, ինչպես ընդունված է ասել, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, եւ, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստաշրջանում, այժմ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են հարձակվել մեզ վրա, եւ ես ստիպված եմ արձագանքել: Տիկի՛ն Արպադարայ, ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք եղել ենք, կանք եւ բաց կլինենք մեր տարածաշրջանում բոլոր տեսակի կապի եւ տրանսպորտի միջոցների բացման համար: Բայց տիկնա՛յք եւ պարոնա՛յք, միջազգային իրավունքը պարզապես գլուխկոտրուկ չէ, որի միջից դուք կընտրեք ձեր հավանած կտորները եւ կասեք, որ այն միջազգային իրավունքն է: Միջազգային իրավունքը մեկ, եզակի երեւույթ է, դուք չեք կարող կիսել դրա ոչ մի մասը: Տիկին Արպադարայն ասում է. «Ո՛չ, մեզ բաց շփում հարկավոր չէ, մեզ անհրաժեշտ է Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք ունենալ, որովհետեւ պատմականորեն այն մեզ է պատկանում»: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ սա նշանակում է. «Մենք ներկայացնում ենք մեր պահանջները, եւ եթե դուք չեք բավարարում դրանք, ապա մենք կնվաճենք ձեզ»: Մինչդեռ մենք բոլորս լուռ ենք, ոչ-ոք չի ցանկանում արձագանքել. այս հայտարարությունն ագրեսիայի ուղղակի կոչ է, դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք աջակցում ենք բոլոր տրանսպորտային եւ հաղորդակցության օբյեկտների բացմանը, բայց առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության, քանի որ դա խաթարում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը: Ցավոք, պարոն Հուսեյնովը դահլիճում չէ: Մի քանի օր առաջ ես ասացի, որ այս հարթակը նախատեսված է ոչ միայն խոսելու, այլեւ լսելու համար: Ես կարծում եմ, որ դուք պետք է այստեղ լինեք եւ լսեք:   Երբ Շուշիում ստեղծված իրավիճակը համեմատում եք Ստրասբուրգի հետ, ապա բավարար է քայլեք Ստրասբուրգի փողոցներով եւ կտեսնեք, որ յուրաքանչյուր փողոց ունի երկու անուն՝ ցուցափեղկերի վրա ֆրանսերենով եւ գերմաներենով նշված, որովհետեւ այս երկիրը հարգում է այն մարդկանց, ովքեր ապրում են եւ ովքեր կարող են ապրել այստեղ: Երբ դուք մեղադրում եք մեզ «Շուշին տարիներ շարունակ օկուպացնելու եւ ոչնչացնելու մեջ», մենք Ձեզ ցույց ենք տալիս Շուշիի հնագույն եւ շատ կարեւոր մզկիթը վերանորոգված, իսկ դուք հակառակը եկեղեցիներն եք ավերում, Շուշիի հայերեն անվանումն եք փոխում: Տիկի՛ն Արփադարայ, ձեր բանտերում 38-ից ավելի ռազմագերի ունենք, քանի՞ անգամ եք այցելել նրանց, քանի՞ անգամ եք ձեր ղեկավարությանը՝ այդ ընտանեկան պետությանը, ասել, որ նրանք պետք է ազատ արձակվեն ոչ միայն եռակողմ հայտարարության, այլ նաեւ Ժնեւի կոնվենցիայի դրույթներից ելնելով, եւ այն պատճառով, որ դրանք այս կազմակերպության արժեքներն են, եւ մենք կցանկանայինք լինել այս կազմակերպության հենքը: Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք այս բանավեճից, բայց մենք ունենք մարդիկ՝ ողջ մարդիկ, որոնք ամեն օր ադրբեջանական բանտերում գտնվում են կտտանքների սպառնալիքի ներքո, եւ ոչ-ոք դրան չի արձագանքում. երբեմն ինձ թվում է, թե ես խոսում եմ, բայց ինձ ոչ-ոք չի լսում: Շնորհակալություն եւ կներեք, չափազանց զգացմունքային ելույթի համար»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:  
21:19 - 24 հունիսի, 2022
Զարմացած եմ, թե ինչպես հարևան երկրներում բարձրաստիճան կին պաշտոնյաները կարող են խոսել պատերազմի օգտին. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Զարմացած եմ, թե ինչպես հարևան երկրներում բարձրաստիճան կին պաշտոնյաները կարող են խոսել պատերազմի օգտին. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, և ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, և, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին` Ժաննա Բարսեղյանին, որը ներկայումս Ստրասբուրգի քաղաքապետն է: Մեկ այլ հայ ուժեղ կին՝ Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչև 1921 թ.՝ նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը: Ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբևէ, բայց դեռևս բավարար չէ. 35 տոկոս է: Բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը` մենք ակտիվորեն մասնակցում ենք նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում: Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին: Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության և անվտանգության հարցերում: Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին և մարտահրավերներին: Ագրեսիվ պատերազմի հետևանքով Հայաստան է տեղահանվել և ապաստան ստացել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են: Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ` այդպիսով բարդացնելով կանանց և աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց և աղջիկների խնդիրները` անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին: Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց և աղջիկների վրա: Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները և հարևան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի և բռնության օգտին՝ գտնելով արդարացումներ»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:    
15:55 - 23 հունիսի, 2022
Մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյան

Մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ նախագահող, տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ և հանգիստ ժամանակներ: Մենք, իսկապես, հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից և արհավիրքից: Այսօր բոլորը մտահոգված են, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա: Խաղաղությունն ընդամենը պատրանք էր. նույնիսկ խաղաղ և անվտանգ թվացող ժամանակներում պատերազմը միշտ եղել է Եվրոպայում և նրա շուրջ, աղետները եղել են մեր մեջ, բայց մենք աչք ենք փակել դրանց վրա: Ինչո՞ւ էինք մենք անտարբեր և խուլ՝ իմանալով, հետևելով և կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և այլուր զինված հակամարտությունների մասին: Բարդ հարց, բայց միանգամայն պարզ պատասխան: Այդ ագրեսիաները, պատերազմները, զինված հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները պակաս նկատելի էին, քանզի մեզանից շատերի կարծիքով՝ մեզանից շատ հեռու էին տեղի ունենում: Մենք ուզում էինք հավատալ, որ այդ պատերազմները միայն հեռուստացույցով են ընթանում: Պարզապես թերթելով հեռուստատեսային ալիքը՝ մարդիկ կարող էին անտեսել իրականությունը: Միջազգային քաղաքականության արդի վիճակը և վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ և պաշտպանված պետությունները: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգայուն լինենք անգամ ժողովրդավարությունից, մարդու հիմնարար իրավունքներից և օրենքի գերակայությունից փոքր-ինչ շեղվելու հարցում, որոնք խարխլում են խաղաղության և կայունության հիմքերն ու պարարտ հող ստեղծում պատերազմի համար: Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, որոնք խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից: Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կաված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը և մարդկային արժանապատվության պահպանումը: Հարգելի՛ գործընկերներ, մի՛ անհանգստացեք, այս ելույթում ես չեմ անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պարզապես հիշե՛ք, որ մեր հիմնարար սկզբունքների, կոնկրետ խախտումների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների: Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս հարթակը ոչ միայն զրույցի վայր է, այլև՝ լսումների: Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, և, խնդրում եմ, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:  
17:35 - 22 հունիսի, 2022
Ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն։ Ելույթը՝ ստորև․  «Ես բարձր եմ գնահատում այս զեկույցը՝ լավ գրված եւ ճիշտ ժամանակին: Քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարում: Սակայն այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ քաղաքական կուսակցությունները դրա փոխարեն կառուցում են իրենց նախընտրական արշավները, հռետորաբանությունը, երբեմն էլ՝ գործողություններն ատելության, ռասիզմի եւ այլատյացության վրա: Դա տեղի է ունենում Եվրոպայում եւ Եվրոպայի սահմաններից դուրս: Երբեմն նման քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները հայտնվում են սեփական ծուղակում: Նրանք ատելությունն այնքան են տարածում եւ ամրապնդում, որ հետո չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկել եւ հաղթահարել այն ատելությունը, որը նրանք ստեղծել են եւ սերմանել: Հատկապես վտանգավոր է, երբ անմիջական հարեւանությամբ ապրող հասարակության նկատմամբ է տարածվում ու քարոզվում նման ահռելի ատելություն: Եւ ավելի վտանգավոր է, երբ գոյություն ունի չլուծված հակամարտություն, որը, միեւնույն ժամանակ, խաղաղ կարգավորման կարիք ունի՝ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Ադրբեջանում համակարգային հայատյացության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք Բաքվի Ռազմավարի պուրակի դեպքը, որը փառաբանում է պատերազմը, պատկերում գերության մեջ գտնվող հայ զինվորներին, որտեղ նվաստացնում են մարդկային արժանապատվությունը եւ անմարդկային դարձնում հայերին: Նույնիսկ դպրոցականներին են տարել այդ այգի: Սա պետության կողմից հովանավորվող ատելության եւ ռասիզմի դեպք էր: Հայ զինվորների մանեկենները հանվել են միայն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա: Արդարադատության միջազգային դատարանն արդեն ներկայացրել է միջանկյալ որոշում՝ կոչ անելով Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության եւ խտրականության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ իր պաշտոնյաների եւ հասարակական հաստատությունների կողմից, որոնք ուղղված են հայազգի կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ»: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ հենց Ադրբեջանում պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում եւ քարոզում ատելություն հայերի նկատմամբ: Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը եւ իր խորհրդարանական վեհաժողովը նույնպես պետք է բարձրաձայնեն եւ պետական մակարդակով ատելության խոսքը, ռասիզմը եւ այլատյացությունն ուղղակիորեն կոչեն իրենց անուններով, եւ մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ, քանի որ ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:
12:52 - 22 հունիսի, 2022
Նույնիսկ ամենաբարդ հարցերը հեշտությամբ կլուծվեն, եթե կողմերի նպատակը խաղաղությունն է. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

Նույնիսկ ամենաբարդ հարցերը հեշտությամբ կլուծվեն, եթե կողմերի նպատակը խաղաղությունն է. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

«Իմ եզրակացությունը, որը հիմնված է տարբեր հակամարտությունների եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերլուծության վրա, այն է, որ համաշխարհային անվտանգության եւ խաղաղության բանալին ժողովրդավարությունն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս փուլում դեռ մարդու իրավունքների խնդիր է»։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում ասել է  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը՝ շարունակելով. «Այս ամենի համատեքստում ակնհայտ է դառնում, որ նման հակամարտությունները պետք է լուծվեն հօգուտ ժողովրդավարության, քանի որ ժողովրդավարական հասարակությունները հակամարտություններ չեն առաջացնում։ Նրանք լուծում են կոնֆլիկտները։ Ժողովրդավարական հասարակությունում նույնիսկ ամենաբարդ հարցերը հեշտությամբ կարող են լուծվել, եթե երկու կողմերի նպատակը խաղաղությունն է, եթե երկու կողմերն իսկապես ձգտեն խաղաղության, ապա ամենահրատապ խնդիրները կգտնեն իրենց լուծումը։ Բայց երբ հակադրում ենք այս երկու համակարգերը՝ ժողովրդավարությունը եւ ինքնավարությունը, պարզ է դառնում, որ մի կողմից գործ ունենք խաղաղության իրական ցանկության, իսկ մյուս կողմից՝ խաղաղության ոգեշնչման իմիտացիայի հետ, ինչը ընդամենը փորձ է  գոհացնել միջազգային հանրությանը: Այդ իսկ պատճառով ժողովրդավարական հասարակությունների համար այդքան դժվար է հասնել խաղաղության։ Եվրոպայի խորհուրդը պետք է լինի  նորաստեղծ, զարգացող, երիտասարդ դեմոկրատական երկրների կողքին։ Եվրոպայի խորհուրդը պետք է ապացուցի այն հասարակություններին, որոնք բռնել են ժողովրդավարության ուղին, որ խաղաղության անհրաժեշտության պնդումը ճիշտ է։ Մենք չպետք է թույլ տանք, որ ավտորիտար ռեժիմները հասնեն իրենց նպատակին»,-ասել է Ջուլհակյանը։
10:14 - 22 հունիսի, 2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Պարո՛ն նախագահ, անցած տասնամյակների ընթացքում մեր կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, բազմազանությունը եւ ժողովրդավարական պետականության համար այլ կարեւոր խնդիրներ: Բայց եւ մեզ չհաջողվեց անդրադառնալ ժողովրդավարական խաղաղության առավել հիմնարար հարցերին, այն է՝ կյանքի իրավունքի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը: Ինձ թվում է՝ մենք սկսել ենք մարդկային ճակատագրին վերաբերվել բավականին ընտրողաբար եւ շատ հաճախ՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Այս վեհաժողովում որոշ քննարկումներ ցույց են տալիս՝ մենք թույլ ենք տվել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշ եվրոպացիների տառապանքն ավելի կարեւոր համարվի, քան մյուս եվրոպացիներինը, որ որոշ եվրոպացի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անվերապահ լինի, իսկ մյուսներինը՝ միայն դեկլարատիվ: Մեծ ջանքեր ենք գործադրել անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, սակայն աչք ենք փակում այն հանգամանքի վրա, թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ինչպես է նոր մահաբեր սպառազինություն ստեղծում եւ ազատ վաճառում շուկայում: Երբեւէ չեմ լսել, որ որեւէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություններ բացահայտեն, թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ սպիտակ ֆոսֆորային ռումբերը: Անդամ որոշ երկրներ ցույց են տվել, որ ուժի եւ փողի կիրառմամբ կարելի է լուծել որոշ հարցեր՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Պարո՛ն նախագահ, մեր կազմակերպության համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ բացատրելով, որ Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով: Սա շատ անընդունելի դիրքորոշում է, որը, ըստ էության, խրախուսում է նոր խախտումներ: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ մեր կազմակերպության որեւէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա մեր մանդատի սահմաններում չէ: Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների եւ մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն եւ բանաձեւեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը եւ նրա մարմինները՝ ներառյալ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետեւում եւ չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել: Պարո'ն նախագահ, այս բոլոր խնդիրները բարձրաձայնում եմ միայն մեկ նպատակով՝ նպաստելու մեր կազմակերպության զարգացմանը եւ այն ավելի հարմարեցնելու մեր փոթորկված աշխարհին: Կարծում եմ՝ հարգանքի, վստահության եւ երկխոսության միջավայրի վերահաստատմամբ է, որ կարող ենք մեր կազմակերպությունը դարձնել միջազգային համագործակցության եւ ազատ աշխարհի արժեքների պաշտպանության համապատասխան ֆորում»,- եզրափակել է Արմեն Գեւորգյանը: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:56 - 21 հունիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրի վրա

ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրի վրա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: «Հայաստանում իրականացված հետեւողական բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման գործում իրագործվել են, այդ թվում` Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, ինչի շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: «Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով մինչ օրս առկա չլուծված հումանիտար խնդիրներին: Նա հյուրերի ուշադրությունը հրավիրել է, մասնավորապես, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցի վրա: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ կգտնվի այս մարդկանց հայրենադարձման հարցում: Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության մասին, նշել, որ շարունակվում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ հայտարարությունները: Նա ընդգծել է, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով` Հայաստանում նկատելի է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Նշվում է, որ կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որն ընդգրկում է ցանկացած ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լայն շրջանակ։
19:18 - 17 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը

Արարատ Միրզոյանը Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը տեղի է ունեցել առանձնազրույցի, ապա՝ ընդլայնված ձևաչափով:  Արարատ Միրզոյանը ողջունել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին այցը Հայաստան՝ կարևորելով այն Հայաստան-ԵԽ ավելի քան 20 տարիների համագործակցության ընթացքն ու ձեռքբերումները գնահատելու և հետագա համատեղ անելիքներն ուրվագծելու տեսանկյունից: Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողական է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության ապահովման ու դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում և այս համատեքստում ընդգծել ԵԽ՝ որպես առանցքային միջազգային գործընկեր կառույցի դերակատարությունը:  Երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող Հայաստանի համար Գործողությունների ծրագիրը և դրա շարունակականությունը՝ միտված վերոնշյալ ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող ջանքերի աջակցությանը:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հացերի։ Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը՝ ԱԳ նախարարը նշել է, որ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:  Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնություններն ու ԵԽԽՎ համապատասխան բանաձևի ընդունումը: Կարևորվել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը: ԱԳ նախարարն ընդգծել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացման և ինքնության խեղաթյուրման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը՝ գործընկեր երկրների և կազմակերպությունների կողմից նպատակաուղղված ջանքերի շարունակակակությունը:  Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել նաև ադրբեջանական ղեկավարության կողմից հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը և Արցախի քաղաքացիական բնակցության նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկման գործողությունները և հույս հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամություն և հետևողականություն կցուցաբերի։ Հանդիպմանը հետևել է Արարատ Միրզոյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի մասնակցությամբ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի մարման արարողությունը:  Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳ նախարարը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նախօրեին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
19:07 - 17 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին: Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի առանցքային դերը և գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը ցավով փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցն է: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27), որն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմանների վրա իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին և բազմաթիվ այլ հրատապ հարցերին: Նա ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմատենչ քաղաքականություն:
17:03 - 09 հունիսի, 2022
Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Արարատ Միրզոյան

Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Արարատ Միրզոյան

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այցը լավ հնարավորություն է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների հետ համագործակցության հարուստ օրակարգի առաջմղման համար և նշել, որ Հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: ՀՀ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել անդամակցությունից ի վեր ԵԽ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդման ուղղություններով: Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2021 թ. ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում:  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում նպատակաուղղված կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:
19:08 - 08 հունիսի, 2022
Վարչապետն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Վարչապետն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի հետ գործընկերությունը, որի՝ վերջերս ընդունված բանաձևով արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ու դրական ընթացքը, ինչպես նաև այն, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է: Վարչապետը, կառավարության և եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում, հիշատակել է նաև ՄԻԵԴ-ի հետ հետևողական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգի շուրջ: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ, և այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը: Կլեր Բազի-Մալորին նշել է, որ կիսում է վարչապետի տեսակետը, և Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին այդ գործընթացում: Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս: Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում և այդ ճանապարհին կարևորում է Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների օժանդակությունը:
17:12 - 08 հունիսի, 2022
Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի այսօրվա նիստում հանդես է եկել հայտարարությամբ։ Այն պատգամավորը հրապարակել է Թելեգրամի իր ալիքում. «Կցանկանայի խոսել այն փաստի մասին, որ Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են մեր ուշադրությունից։ Դրանք չկարգավորված հակամարտություններն են: Այս առումով մենք պետք է խոսենք ոչ այնքան այն մասին, թե ինչպես աշխատել և ճիշտ շփվել երեխաների հետ, այլ՝ թե ինչպես գտնել ուղիներ և մեխանիզմներ, որպեսզի հակամարտության գոտիներում գտնվող երեխաները հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների համար: Վեհաժողովի վերջին նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար։  Գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնու՞մ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առաջ։ Ավելի քան երեսուն տարի սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում։ Միայն մեկ տարբերությամբ՝ նրանց մեջ հայրենասիրության  և արդարության զգացումն ավելի սուր է։ Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի, նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում և գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում և պահպանվում։ Նրանք հազվադեպ երևույթ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են։  Ուստի խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Ղարաբաղի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։ Ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։ Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու  ազատությունները»։
13:57 - 18 մայիսի, 2022
Արուսյակ Ջուլհակյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին

Արուսյակ Ջուլհակյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, այդ շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձի կարևորության և այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին: «Հարգելի՛ գործընկերներ, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքներից մեկն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է: Իսկ ինչո՞ւ է կարևոր պայքարել կոռուպցիայի և կլեպտոկրատիայի դեմ: Դա կենսական է, քանզի, իմ համոզմամբ, կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է: Այն խաթարում է ժողովրդավարությունը, խաթարում է օրենքի գերակայությունը՝ ազդելով իրավապահ մարմինների և դատական համակարգի վրա, այն ազդում է պետական մարմինների արդյունավետության, տնտեսական միջավայրի վրա եւ, ի վերջո, կարող է հանգեցնել ազգային ինքնիշխանության կորստի: Կոռուպցիան նաև կարող է ավտորիտար առաջնորդների առաջացման պատճառ դառնալ, առաջնորդների, որոնք օգտագործում են հանրային պաշտոնն անձնական օգուտի համար՝ դրանով վտանգելով ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Կոռումպացված առաջնորդները կառչում են իշխանությունից իրենց հովանավորչական ցանցերի միջոցով և շահագործում օրենքի գերակայությամբ առաջնորդվող երկրներին՝ թաքցնելու և պաշտպանելու համար իրենց գողացված ակտիվները: Այս ղեկավարները նաև սովոր են ռազմավարական կոռուպցիան օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք: Կարծում եմ՝ ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ՝ կոտրելով «գողանալ, քողարկել, ծախսել» շղթան: 2018թ. հայկական խաղաղ հեղափոխությունից հետո, ի թիվս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված այլ բարեփոխումների, ՀՀ կառավարությունն անդրադարձել է նաև նշված խնդրին: 2020 թ. փետրվարից Հայաստանում գործող ընկերությունները պարտավոր են ներկայացնել իրական սեփականատերերի և շահառուների մասին հայտարարագիր: Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի և շահառուների համար ստեղծվել է բաց ռեգիստր, որը հանրության համար նրանց դարձնում է թափանցիկ: Ինչ վերաբերում է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմանը, 2020 թ. Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը նախատեսում է գույքի բռնագանձում առանց մեղադրական դատավճռի: Այն ոչ միայն կօգնի վերականգնել գողացված ակտիվները Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այլ նաև կիրառելի կլինի կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ դեպքերի համար: Օրենքի մշակման և ընդունման ժամանակ հաշվի է առնվել Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների փորձը նշված ոլորտում: Այս օրենքի հիման վրա Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, և այժմ մենք արդեն տեսնում ենք նշված կառուցակարգերը գործողության մեջ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի ունեցվածքի վերաբերյալ առաջին գործերն արդեն ուղարկվել են հայաստանյան դատարաններ, և մենք այժմ սպասում ենք բռնագանձման գործընթացի առաջին արդյունքներին: Սա նշանակում է, որ ժամանակն է մտածելու, թե ինչպես և ինչի համար ենք օգտագործելու բռնագանձված ապօրինի ակտիվները: Այս տեսանկյունից քննարկվող բանաձևը և համապատասխան հանձնարարականը մեզ համար չափազանց կարևոր և օգտակար կլինեն: Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նշել, որ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք միավորել մեր ջանքերը կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարում, որն իր հերթին կօգնի մեզ ամրապնդել և պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները: Մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրները, ժողովրդավարական համակարգերը շատ հաճախ թիրախ են դառնում՝ օգտագործելով հենց լվացված փողերը: Այսպիսով, կարևոր է հասկանալ, թե ինչ կարող է անել ժողովրդավարությունը իրենց և միմյանց պաշտպանելու համար»,- եզրափակել է խոսքը Արուսյակ Ջուլհակյանը:
11:49 - 29 ապրիլի, 2022
Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակներից մեկի այնհայտարարությանը, թե Ադրբեջանն արել և անում է ամենը խաղաղության հասնելու համար։ «Ջուլհակյանն ընդգծել է՝ ինքը հասկացել է, որ, լինելով միևնույն կազմակերպությունում, իրենք, այդուհանդերձ, տարբեր կերպ են ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնարար արժեքները։ «Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները։ Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության։   Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող և ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ և ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության։ Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության։ Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կարևորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի բանաձևերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ և փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ։ Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները և հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ։ Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձևերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքը այդ տարածքներից, դա խաղաղություն չէ։ Հետևաբար, հարգելի կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը։ Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, և ի վերջո իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին»,- ասել է Ջուլհակյանը։  
11:12 - 27 ապրիլի, 2022
Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

 Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Աղաջանյանը իր ելույթում նշել է, որ ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն  այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար՝ հավելելով, որ ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ՝ խախտելով Մարդու իրավունքների ևհիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան։ «Մասնավորապես՝ հիմք ընդունելով Կառավարության պահանջը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբոտնձգություններին , ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպականկոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները։ Չնայած վերոգրյալին, նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնածիր պարտավորությունները։ Որպես այդպիսին՝ 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանականճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը։ Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձբնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով»,- ասել է Աղաջանյանը: Նա հավելել է, որ նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150,000 մարդ թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։ «Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել 2 օր անց։ Հարգելի գործընկերներ, վերոգրյալը էթնիկական զտման դասական օրինակ է։ Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից։ Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում ՀարավայինԿովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը։  
13:58 - 26 ապրիլի, 2022
Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Այս մասին ապրիլի 25-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը : Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, «Ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։ Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը։ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա'մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա'մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում: Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։ Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։ Պարոն նախագահ, Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը։ Եվ վերջապես, պարոն նախագահ, նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին։ Շնորհակալություն»։
10:54 - 26 ապրիլի, 2022