ԵԽ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը․ անդրադարձ է արվել ռազմագերիների խնդրին

Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը․ անդրադարձ է արվել ռազմագերիների խնդրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը  և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Դեյվիդ Մքալիսթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել հայ խորհրդարանականների հետ արդյունավետ ու սերտ համագործակցության փաստը: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:   Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ:   Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:
16:20 - 22 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է՝ կարեւոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության եւ ըմբռնման աստիճանը մեծ է: Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները։
13:05 - 22 հուլիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի:   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ՝ անվտանգային հարցեր, չլուծված սոցիալական, տնտեսական ու հումանիտար խնդիրներ։ Նորին Սրբությունը նկատել է, որ նման այցերը ամրապնդում ու զորացնում են համագործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ նպաստելով նաև առկա մարտահրավերների հաղթահարմանը։   Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Ադրբեջանում միչև օրս պահվող ռազմագերիներին և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունը խոսել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կրոնամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության մասին, որի հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայկական քրիստոնեական հնագույն մշակույթի շուրջ յոթ հազար պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։   Խոսելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորության մասին՝ Վեհափառ Հայրապետը տարակուսանք է հայտնել հարևան երկրների կողմից շարունակ հնչող սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների մթնոլորտում պարտադրվող խաղաղության հնարավորության առնչությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հատնել, որ բարեկամ երկրները, միջազգային հանրությունը և Եվրոպայի խորհուրդը հստակ կեցվածք կդրսևորեն մտահոգիչ այս խնդիրների վերաբերյալ և քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող նման երևույթների զսպման, Արցախի ժողովրդի ազատ, անկախ ու անվտանգ կյանքի ապահովման ուղղությամբ։   Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ է կատարեց հակամարտության ընթացքում և հետպատերազմյան շրջանում Եկեղեցու գործադրած ջանքերին, ի մասնավորի՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին։   Իր հերթին, Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետի մատնանշած խնդիրներն ԵԽ ուշադրության կենտրոնում են։ Վերջինս հատկապես կարևորեց սահմանների անվտանգության, գերիների վերադարձման, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Արցախի ժողովրդի անվտանգության առաջնահերթությունները։ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ իր հիմնական նպատակն է երկխոսության և փոխըմբռնման միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև հաստատել տևական խաղաղություն և վերացնել առկա հակամարտությունները։   Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևոր է համարել նաև մշակութային ու կրոնական երկխոսությունը՝ ողջունելով տարածաշրջանում խաղաղության և կայության հաստատմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերը։  
17:42 - 17 հունիսի, 2022
Անընդունելի է հայ ռազմագերիների և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի քաղաքականացումը․ Միրզոյանը՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ ասուլիսում

Անընդունելի է հայ ռազմագերիների և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերի քաղաքականացումը․ Միրզոյանը՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ ասուլիսում

ԱԳՆ-ն տարածել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով․  «Հարգելի՛ Գլխավոր քարտուղար, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Հայաստանում:   Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից  է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների կողմից ունեցած նպաստը Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում և ընդգծել, որ 2018թ. և 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող:  Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևոր գործիք է կազմակերպության կողմից Հայաստանի համար իրականացվող Գործողությունների ծրագիրը։ Ծրագրային համագործակցության այս ձևաչափը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացման, թե՛, ընդհանուր առմամբ, ԵԽ շրջանակներում մեր ստանձնած պարտավորությունների կատարման համար։  Այսօր տիկին գլխավոր քարտուղարի հետ գոհունակություն ենք հայտնել ներկայումս իրականացվող 2019-2022թթ. ծրագրի շրջանակներում արձանագրված հաջողությունների կապակցությամբ, և ցանկանում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել՝ շարունակելու այս ձևաչափով համագործակցությունը՝ ձևավորելով նոր՝ 2023-2026թթ. Գործողությունների ծրագիրը: Ուզում եմ ընդգծել, որ 2018թ.-ին Հայաստանի ժողովուրդը միակամորեն ընտրել և 2021թ. վերահաստատել է ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերկայության ապահովամ և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղին և չի շեղվելու դրանից: Հայաստանը վճռականորեն առաջ է շարժվելու բարեփոխումների իր օրակարգով և այդ ճանապարհն անցնելու է՝ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ: Հարգելի՛ ներկաներ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ այսօր անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ.-ին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:  Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի և անդամ երկրների կողմից: Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Հարգելի՛ գործընկերներ, Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքներն ինչ բոլորը և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է։ Նույն կերպ անընդունելի են  նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը: Կարծում ենք՝ հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող այս հարցերում Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը և Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները: Ամփոփելով խոսքս, կրկին ողջունում եմ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և նրան ուղեկցող պատվիրակությանը և խոսքը սիրով փոխանցում եմ տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Շնորհակալություն»։
17:21 - 17 հունիսի, 2022
Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: «ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին ընդունելության համար և ընդգծել, որ ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է: Գլխավոր քարտուղարն անգնահատելի է համարել հատկապես Արդարադատության նախարարության դերակատարումը ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն, ոստիկանական, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած բարեփոխումները և ունեցած ձեռբերումները: Այս համատեքստում նախարարը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԵԽ անդամ հանդիսացող, ԵԽ մի շարք համաձայնագրեր և կոնվենցիաներ վավերացրած Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ԵԽ Գլխավոր քարտուղարը խոստացել է աջակցել իրավական դաշտում խնդրի լուծմանը: ԵԽ պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ Սահմանադրական, դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, բռնության դրսևորումների և թրաֆիքինգի կանխարգելումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել աջակցությունն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի դերը հատկապես Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների աջակցության հարցում: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական քայլ է գնահատվել ԵԽ գործընկերների կողմից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների շուրջ: Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես արդարադատության ոլորտի զարգացման առանցքային գործընկեր:
19:11 - 16 հունիսի, 2022
Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. ՀՀ վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. ՀՀ վարչապետը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարի այցը՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ: Վարչապետը կարևորել է միջազգային հանրության, նաև ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին հարցին բազմակի անդրադառնալու համար: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը, և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում, և բարձր գնահատել 2021 թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք ազատ էին և մրցակցային: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները: Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ գլխավոր քարտուղարն էլ վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ, փորձով ու գիտելիքներով գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
17:39 - 16 հունիսի, 2022
Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում

Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այն հաջողությամբ է իրագործվում՝ գոհունակությամբ հիշեցնելով, որ նման գնահատական է տվել նաև ԵԽ քարտուղարությունը 2022 թ. մարտի 2-ին Երևանում կայացած ԵԽ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստին: Կողմերը խոսել են Գործողությունների ծրագրի անհրաժեշտ շարունակականության մասին: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող համատեղ օրակարգային առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի առանցքային աջակցությունը՝ իր ինստիտուտներով և մոնիթորինգային մեխանիզմներով: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին ԵԽԽՎ բանաձևին, որով Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացը: Հանդիպման օրակարգային հարցերից են եղել 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա, չլուծված հումանիտար խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը: Ալեն Սիմոնյանն արձանագրել է, որ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ նախորդ հանդիպումից ի վեր մեծ չէ առաջընթացը ռազմագերիների վերադարձի հարցում, և անհագստացնող են միջազգային մասնագիտացված կառույցների կողմից զեկույցները հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների ու այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման մասին: Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին այս խնդիրներին բազմակի անդրադարձի համար՝ կարևորելով տիկնոջ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը և կարևորությունը:
17:16 - 10 հունիսի, 2022
Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է. Եվրոպայի խորհրդի վիճակագրություն

Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է. Եվրոպայի խորհրդի վիճակագրություն

Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է և համեմատելի է Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, այդ մասին է վկայում Եվրոպայի խորհրդի հարապարակած՝ 2021 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ «Մեր երկիրը շարունակում է ամրապնդել նախորդ տարիների վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում՝ դրանց կայունությունը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում 11%-ի չափով (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3536, 2019 թ-ին՝ 2266, 2020թ-ին՝ 2221 անձ, իսկ հաշվետու ժամանակահատվածում՝ 1976 անձ)։ Զեկույցում համեմատական է տարվել նաև 2011 և 2021 թվականների միջև և արձանագրվել, որ 2011 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 52 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երրորդ լավագույն արդյունքն է: Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի հետ: Հայաստանում 2021 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 2.3% ընդհանուր համամասնությունից, որը շատ ավելի ցածր է եվրոպական միջինից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ: Սա գրեթե երեք անգամ ցածր է եվրոպական միջինից (102 անձ): Այս ցուցանիշով Հայաստանը դասակարգման աղյուսակում զիջում է միայն մեկ երկրի:
20:49 - 11 ապրիլի, 2022
Արդարադատության նախարարությունը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Արդարադատության նախարարությունը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների 5-րդ հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և երկու ծրագրերի համակարգող Նինո Գոբրոնիձեն։ «Ողջույնի խոսքում Մարտին Շմիդտը կարևորել է երկու ծրագրերով ունեցած ձեռքբերումները և նշել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում ևս դիտարկվում է բանտային բժշկության և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների հետագա շարունակականությանը վերաբերող միջոցառումների նախատեսումը:  Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվորպայի խորհրդին, ի դեմս գրասենյակի ղեկավարի` Մարտինա Շմիդտի,  ունեցած փայլուն համագործակցության համար` կարևորելով երկու ծրագրերի իրապես մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը: Միաժամանակ, Սարգսյանը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու Նախարարության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրում կունենան ավելի լայն և ընդգրկուն համագործակցության օրակարգ, ինչը միտված կլինի թե՛ գործող ծրագրերի արդյունքների ամրապնդմանը և թե՛ նոր թիրախների նախանշմանը և հասցեագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են երկու ծրագրերի շրջանակում իրականացված գործողությունները, արդյունքները և առաջիկա քայլերը։ Այնուհետև հարցուպատասխանի միջոցով համակարգող խորհուրդների անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Ծրագրերը թիրախավորում են մի շարք կարևոր համակարգային լուծում պահանջող հարցեր, այն է.1) Հոգեկան առողջության զննություն.2) Խոշտանգումների կանխարգելում.3) Ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելում.4) Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացում: Նշվում , որ վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորում են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում:
19:44 - 07 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին  ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և  զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման ու շարունակականության ապահովման, անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները։ Սուրեն Պապիկյանը կարևորել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շարունակականությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:
17:36 - 06 ապրիլի, 2022
Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։ Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաև Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, ընդգծեց Արցախի բնակչության բնականոն կյանքին սպառնացող ադրբեջանական քաղաքականության շարունականությունը և միջազգային հանրության կողմից թիրախավորված կոչերի ու քայլերի անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։  
20:16 - 28 մարտի, 2022
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմել է ՄԱԿ-ի ու ԵԽ գրասենյակներ ու փաստեր է ներկայացրել Արցախում ադրբեջանական զորքերի գործողությունների առնչությամբ։ Թաթոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակներ գրավոր ձևակերպված փաստեր եմ փոխանցել, այդ թվում` քննարկմամբ այն մասին, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը` 1) թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն. 2) ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական ահաբեկումներ. 3) դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար. 4) այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի. 5) այսօր արդեն սպանել են Արցախի պաշտպանության բանակի երկու և վիրավորումներ հասցրել մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն:Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով»:
18:38 - 25 մարտի, 2022
Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից լինել

Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից լինել

Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից համարվել 2022 թ-ի մարտի 16-ից։ Սա բխում է 2022 թ-ի մարտի 16-ին Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումից, ասված է Եվրախորհրդի կայքում հրապարակված հայտարարությունում։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ-ի մարտի 22-ի որոշման համաձայն՝ դատարանը շարունակելու է քննել կոնվենցիայի ենթադրյալ խախտման առնչությամբ Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները, եթե այդ խախտումները տեղի են ունեցել մինչև 2022 թ-ի սեպտեմբերի 16-ը», - ասված է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ Նախարարների կոմիտեն շարունակելու է վերահսկել դատական վճիռների կատարումը։ «Ռուսաստանը պարտավոր է ամբողջությամբ մարել իր ֆինանսական պարտավորությունները մինչև մարտի 16-ը, նա նաև պատասխանատվություն է կրում մինչև այդ ամսաթիվը կուտակված բոլոր պարտքերի համար», - նշված է հայտարարությունում։   Նորա Վանյան
18:51 - 23 մարտի, 2022
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին
 |1lurer.am|

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին |1lurer.am|

1lurer.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վրա: «Պարո՛ն Կլաար, Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Լեռնային Ղարաբաղը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին: Տիկի՛ն Միյատովիչ, Ձեզ դեռ հետաքրքրո՞ւմ են մարդու իրավունքները»,- գրել է Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Արցախի ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների ուշադրությունը նույնպես հրավիրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: 
14:29 - 22 մարտի, 2022