ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը․ Փաշինյանը՝ ղազախական թերթին տված հարցազրույցում

Շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը․ Փաշինյանը՝ ղազախական թերթին տված հարցազրույցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ. Հարց - Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկապես, այս փաստաթուղթը դարձել է առանցքային հանգրվան երկկողմ գործընկերությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու ճանապարհին՝ մեծամասամբ ուրվագծելով մեր միջպետական հարաբերությունների ընդհանուր սկզբունքներն ու հիմնական առաջնահերթությունները։ Դրանից հետո անցած ժամանակաշրջանը հստակ ցույց տվեց, որ երկկողմ համագործակցության ներուժի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է հայ և ղազախ ժողովուրդների հիմնարար շահերին։ Այսօր մեր հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել փոխադարձ քաղաքական կամքի առկայությունը, որը թույլ է տալիս առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ հարստացնելով դրանք նոր բովանդակությամբ և ռազմավարական ուղենիշներով։ Մենք վճռական ենք զարգացնել երկկողմ հարաբերություններն իրական իրավահավասարության, փոխօգնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա, որոնք հավասարապես թանկ են և՛ հայ, և՛ ղազախ ժողովուրդների համար։ Հենվելով դարավոր ամուր կապերի վրա՝ մեր երկրներն ակտիվորեն և նպատակաուղղված հանդես են գալիս միջպետական երկխոսության և համագործակցության համապարփակ և հետևողական աճի օգտին գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական փոխգործակցությունից և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումից, մինչև մշակութային և հումանիտար կապերի խորացում և միջտարածաշրջանային մակարդակով գործընկերային կապերի զարգացում: Միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ ունեցած լուրջ հիմքերի հետ մեկտեղ, անկասկած, ունենք բավականին լայն դաշտ հետագա համատեղ աշխատանքի համար։ Հարց - 2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով։ Սակայն, չնայած նման դինամիկային, մեր երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ներուժը հիմնականում իրացված չէ։ Ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային համագործակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անցյալ տարվա երկկողմ ապրանքաշրջանառության աճը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։ Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նրա հերթական՝ տասներորդ նիստը, կայացել է այս տարվա ապրիլի սկզբին։ Հաշվի առնելով այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվեց տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և արտահանման-ներմուծման և տարանցման գործարքների նոր շղթաների բացահայտման խնդիրներին, մոտ ապագայում կարելի է ակնկալել համապատասխան արդյունքներ։ Ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչության արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին (համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում և այլն): Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեր տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Բացի այդ, կարծում եմ, որ «բիզնեսը բիզնեսի համար» (B2B) ձևաչափով ուղղակի կապերի հաստատումը կարող է նպաստել նաև մեր երկրների առևտրատնտեսական ներուժի իրացմանը։ Այս առումով հատկանշական է հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակում կատարված աշխատանքը, որը նույնպես տեղի ունեցավ այս ամսվա սկզբին Երևանում։ Հարց - Այսօր Ղազախստանում կա հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, մինչդեռ Ձեր երկրում ղազախական կապիտալով մոտ 100 ընկերություն է գործում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մեր պետությունների համար ներդրումային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ մեր երկրում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։ Մեր կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ մեր ղազախ գործընկերներին։ Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն և ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը և նորարարությանը: Նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ և գործում են պարզեցված ընթացակարգեր։ Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար: Այս առումով, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ղազախստանի գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ներդրումները խթանելու նպատակով ուղիղ շփումների կարևորությունը։ Երկու երկրների պետական կառույցները, վստահ եմ, իրենց հերթին կապահովեն կապիտալի համապատասխան պաշտպանությունը, ինչպես նաև ապահով և կանխատեսելի ներդրումային միջավայր: Հարց - Ղազախստանն այսօր Կենտրոնական Ասիայի առաջատարն է թվայնացման ոլորտում՝ ֆինտեխից մինչև էլեկտրոնային կառավարում, և այս ուղղությամբ հետագա զարգացումը մնում է մեր երկրի առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդիականացմանը և գիտելիքի տնտեսության զարգացմանը։ Այս ոլորտում ի՞նչ փորձով կարող են փոխանակվել մեր երկրները միմյանց հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՏՏ արդյունաբերությունը Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ գործարարության համար բարենպաստ պայմանների, որակյալ աշխատուժի և կառավարության աջակցության շնորհիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում ցույց է տալիս կայուն՝ տարեկան 20% աճ, այն դարձնելով երկրի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Միջազգային ասպարեզում հայկական ընկերությունները մեծ համբավ ունեն ծրագրային ապահովման, մշակման, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ֆինտեխ նորարարական ստարտափների ոլորտներում։ Հաշվի առնելով երկու երկրների՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների միջև առկա մեծ փոխադարձ հետաքրքրությունը, կարծում եմ, որ աշխատանքը, որը տարվում է այս ոլորտներում փոխգործակցության կոնկրետ մեխանիզմների և ձևերի որոշման ուղղությամբ, տեսանելի ապագայում կարող է վերածվել հեռանկարային համատեղ նախագծերի։ Հարց - Պարոն վարչապետ, ըստ Ձեզ, ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերի համադրումը կարո՞ղ է ստեղծել տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել՝ հարթելով աշխարհաքաղաքական բեկումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։ Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի: Հարց - Ղազախստանն ու Հայաստանը փոխգործակցում են ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ կառույցների շրջանակներում։ Արդյոք մեր երկրները փոխըմբռնում ունեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բազմակողմ հարթակներում մեր հարաբերությունները նույնպես բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ մտքերի անկեղծ փոխանակմամբ և առաջացող խնդիրների համատեղ լուծումներ փնտրելու պատրաստակամությամբ։ Հայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը, մասնավորապես՝ պետական ինքնիշխանության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման, պետական սահմանների անխախտելիության ու անձեռնմխելիության հարցերում։ Մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։ Ողջ վերը նշվածի համադրությունը միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները միջազգային համայնապատկերի առանցքային հարցերի վերաբերյալ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Հարց - Ավանդաբար, հումանիտար կապերը և մարդկային շփումները մեծ ներդրում են ունենում պետությունների միջև փոխըմբռնման և համագործակցության զարգացման գործում: Ղազախստանում ապրում են մեծ թվով էթնիկ հայեր, ովքեր հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մշակույթն ու լեզուն, ամրապնդել կապերն իրենց պատմական հայրենիքի հետ։ Քանի՞ էթնիկ ղազախ է ապրում Հայաստանում։ Միջպետական մակարդակով ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի երկու ժողովուրդների մերձեցումը շարունակվի փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատմականորեն լինելով մեծ սփյուռք ունեցող ժողովուրդ՝ հայերը քաջ գիտակցում են, թե որքան կարևոր է ունենալ ազատ արտահայտվելու հնարավորություն և պահպանել իրենց լեզվական, էթնիկ, մշակութային և կրոնական ինքնությունը: Մեր կառավարության համար մարդկանց միջև կապեր հաստատելուն ուղղված պայմանների ստեղծումը, մշակութային և տեղեկատվական կենտրոնների և հայրենակցական միությունների գործունեությունը խրախուսելը կրում է առաջնահերթ բնույթ։ Այսօր Ղազախստանում ապրում և արարում են տասնյակ հազարավոր հայեր՝ իրենց զգալի ներդրումն ունենալով մեզ բարեկամ երկրի կայացման և զարգացման գործում։ Լինելով իրենց երկրի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միևնույն ժամանակ անում են ամեն ինչ իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները պահպանելու համար։ Մենք, իհարկե, խորապես շնորհակալ ենք Ղազախստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ ներառականության և հավասարության այդպիսի առողջ մթնոլորտ ստեղծելու համար։ Չնայած Հայաստանում բնակվող էթնիկ ղազախների համեմատաբար փոքր թվին՝ մեր ժողովուրդը միշտ համակրանքով և խորը վստահությամբ է վերաբերվել ղազախ ժողովրդին՝ բարձր գնահատելով մեր դարավոր բարեկամությունը։
12:38 - 13 ապրիլի, 2024
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
 |news.am|

ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս միությունից։ Բրյուսելում ուրբաթ օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոնի մասնակցությամբ։ դեր Լեյենը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։
12:34 - 11 ապրիլի, 2024
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող ավտոմեքենաների համար վճարման հաշվարկի նոր կանոնները |armenpress.am|

armenpress.am: Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։ Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներմուծում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված ավտոմեքենաներ, և նրանց համար, ովքեր այդ ընթացակարգն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը, նշել են ՌԴ կառավարությունում։ Ոչինչ չի փոխվի այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ են ներկրում և մաքսազերծման ընթացակարգերն անցնում անմիջապես Ռուսաստանում: Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրված էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է անպայման իրականացվի Ռուսաստանում։ Խոսելով այն մասին, թե ինչպես կարող են նոր կանոններն ազդել Ռուսաստանի ավտոշուկայի իրավիճակի վրա՝ «Ավիլոն» բաժնետիրական ընկերության նոր մեքենաների վաճառքի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ստարիկովը նշել է, որ մեքենաների տեսականու կրճատում, ինչպես նաև առաքման ժամկետներում զգալի փոփոխություններ չեն նախատեսվում։ «Ավտոմեքենաների արժեքն այս ֆոնին կարող է բարձրանալ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում վճարումները հաստատված են, և դա ճիշտ է. ավտոմեքենայի վերջնական գնում ներառված են բոլոր վճարումները՝ մաքսայինը, ակցիզայինը, ԱԱՀ-ն։ Թե ինչպիսին կլինի գների աճը կոնկրետ թվերով, դեռևս բարդ է կանխատեսել», - հավելել է Ստարիկովը:
12:10 - 01 ապրիլի, 2024
ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանության արժանացավ
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ-ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանության արժանացավ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների ապրանքների համար մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը թույլ կտա ստեղծել մաքսային հայտարարագրերի միասնական համակարգ, համընդհանուր համակարգի կիրառում անվտանգության մաքսային վճարների համար (օրինակ՝ ալկոհոլի համար), հարկերի և այլ տուրքերի վճարման, լիազորված մաքսային օպերատորների համար մաքսային հսկողության պարզեցված ռեժիմների օգտագործման, ինչպես նաև բեռների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման համար։ Այսպիսով, ընկերությունները կկարողանան անցնել նույն ընթացակարգերն ու օգտվել նույն արտոնություններից ոչ միայն իրենց երկրում, այլև ԵԱՏՄ ողջ տարածքում։ Նշվում է, որ համաձայնագրի նախագիծը մշակվել է մինչև 2025 թ. Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրի շրջանակներում։ Կառավարությունում հաստատվելուց հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան և Ազգային ժողով` քննարկման:
11:43 - 14 մարտի, 2024
Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար
 |tert.am|

Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար |tert.am|

tert.am: Հայաստանում հինգ տարի է՝ գազի գինը կայուն է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ «Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ տեղի չունենան»,- ասաց նա։ Ըստ Վարդանյանի՝ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։ Վարդանյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասով անդամ երկրների միջև կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ։  Նախարարի տեղակալի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև կոնսենսուս չլինելու պատճառով նախնական քննարկումներում որոշում է կայացվել հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումը՝ մինչև հնարավոր կլինի կոնսենսուսի գալ։ «Առաջին առանցքային հարցն այն է, որ գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է լինի բոլորի համար նույնը։ Այստեղ Ռուսաստանը և Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանն ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները պետք է այլ լինեն։ Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը մոտարկվեն կամ համաձայնեցվեն կամ դադարեն գործել։ Եվ այս դեպքում ևս Ռուսաստանը և Ղազախստանը համաձայն չեն դրան և կարծում են, որ պետք է երկկողմ պայմանագրերը շարունակեն գործել մինչև իրենց ավարտը։ Մեր դեպքում պայմանագիրը գործում է մինչև 2043 թվականը և դրան զուգահեռ պետք է գործի ընդհանուր շուկան։ Մենք կարծում ենք, որ դրան զուգահեռ հնարավոր չէ, որ գործի ընդհանուր շուկան, որովհետև գազի ամբողջ ծավալի մատակարարումն ապահովվում է հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում։ Սրանք են առանցքային հարցերը, որոնց շուրջ անդամ երկրները չեն եկել համաձայնության»,- եզրափակեց Վարդանյանը։
15:07 - 11 մարտի, 2024
ՀՀ ընկերությունները ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ-ի պետական գնումների գործընթացներին. նախագիծ |1lurer.am|

ՀՀ ընկերությունները ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ-ի պետական գնումների գործընթացներին. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից են պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում համագործակցությունը և ինտեգրումը: Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները անդամ պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ: «Եթե հիշում եք, մինչև այժմ միայն Հայաստանն էր միակողմանի ձևով ընդունում մեր գործընկեր երկրների ԿԲ-ների կողմից լիցենզավորված բանկերի թողարկված երաշխիքները: Հայկական ընկերությունները երբ փորձում էին մասնակցել ԵԱՏՄ երկրների պետական և մունիցիպալ գնումներին, իրենցից պահանջվում էր բանկային երաշխիք, բայց հայկական բանկերի կողմից թողարկված երաշխիքները չէին ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով փաստացի սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից»,- նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ հայկական բանկերը բոլոր պահանջներին բավարարում են, և համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ ընկերությունները պետք է ավելի մեծ հասանելիություն ունենան ԵԱՏՄ-ի՝ պետական (մունիցիպալ) մակարդակում գնումների գործընթացներին: Վերջինիս խոսքով՝ Հայաստանը միակողմանի ճանաչում էր ԵԱՏՄ բոլոր երկրների երաշխիքները, քանի որ մեր շուկան շատ փոքր է, և եթե նայեինք, թե ինչ էինք ստանալու՝ սահմանափակելով խոշոր կազմակերպությունների հասանելիությունը մեր շուկա, մենք ավելի շատ տուժելու էինք, քան օգուտ էինք ստանալու: «Սրանով նաև մենք հիմա քննարկում ենք լրացուցիչ պայմաններ սահմանել բանկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գնումների շրջանակում, որպեսզի որոշակի ռիսկեր փակվեն, այսինքն՝ հաջորդ քայլը լինելու է նոր օրենսդրության շրջանակում դիտարկել նաև բանկային երաշխիքները, թե որոնք ենք ընդունում»,- ասաց Ավանեսյանը: Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է: Մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները:
11:56 - 28 փետրվարի, 2024
ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը
 |armenpress.am|

ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։ «Մենք հաստատում ենք (խմբ․՝ այդ տեղեկատվությունը)», - ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ների աղբյուրների հաղորդած նման տեղեկությունները։ Բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու պլանների մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։ Արտահանումն արգելելու մասին որոշումն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու պահանջարկի աճը ամառային արձակուրդների և դաշտային աշխատանքների, ինչպես նաև նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման ժամանակ։ Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։ Բենզինի արտահանման արգելքը գործում էր 2023 թվականին սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը՝ ավտովառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակը կայունացնելու նպատակով։ Արգելքը հանելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ներքին շուկան հագեցվել էր վառելիքով և ստեղծվել էր առաջարկի ավելցուկ։ Այն ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը չէր բացառել անհրաժեշտության դեպքում ավտոմոբիլային բենզինի արտահանման արգելքի վերականգնումը։ 2023 թվականի սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում արգելք էր դրվել նաև ամառային դիզվառելիքի արտահանման վրա՝ պայմանավորված ներքին շուկան հագեցնելու անհրաժեշտությամբ։ Արգելքը վերացվել է նոյեմբերի 22-ին։
11:34 - 27 փետրվարի, 2024
ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք
 |armenpress.am|

ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք |armenpress.am|

armenpress.am: ԵԱՏՄ անդամ պետությունները կսահմանեն արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև կամրագրեն այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը։ Նրա խոսքով՝ սահմանվում է նաև ֆինանսական աջակցության ձևաչափը` Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Նա պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին  2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին, Մոսկվայում: Զեկուցողի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք: Նախատեսվում է նաև բարձր տեխնոլոգիական, նորարական և  մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական  համագործակցություն իրականացնելու միջոցով խթանել փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր: «ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար: Դա այն բյուջեն է, որը նախատեսվում է սուբսիդավորման համար»,-ընդգծեց Նարեկ Տերյանը: Ըստ նրա` մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3,8 մլն ԱՄՆ դոլարը: Ֆինանսական աջակցության ծրագիրը կգործի 5 տարի: Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ այս պահին ԵԱՏՄ-ում իրականացվում է նման նախագիծ` «Էլեկտրոբուս», որին մասնակցում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Այդ նախագիծը կարող է դիտարկվել որպես այս ծրագրի շահառու»,-ասաց Նարեկ Տերյանը: Ըստ նրա` տնտեսվարողների հետ քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի կոոպերացիոն ծրագրեր կարելի է իրականացնել: Նշվել է, որ հիմնական հետաքրքրվածությունը ցուցաբերվել է մետալուրգիայով զբաղվող ընկերությունների կողմից: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։
15:01 - 26 փետրվարի, 2024
Ռուսաստանը խոստանում է օգնել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահության ժամանակաշրջանում
 |hetq.am|

Ռուսաստանը խոստանում է օգնել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահության ժամանակաշրջանում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը կիսում է ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթությունները։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ՝ Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում հայ գործընկերներին։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար»,- ասել է Միշուստինը։ Նա նշել է, որ ուրախ է ողջունել 2024 թվականին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ղազախ գործընկերներին կազմակերպման համար։ Առանձին Միշուստինը արդյունավետ աշխատանք է մաղթել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, որի կազմը փոփոխվել է: «Կոլեգիայի հարգելի նախագահ Բակիտժան Սագինտաև, կոլեգիայի հարգելի անդամներ, ձեզանից շատերին մենք քաջ ծանոթ ենք։ Վստահ եմ, որ ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կնպաստեն «հնգյակի» երկրների համագործակցության ամրապնդմանը, կօգնեն արդյունավետորեն լուծել մեր առջև դրված խնդիրները՝ ի շահ քաղաքացիների», - եզրափակել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
20:05 - 02 փետրվարի, 2024
Մեր քաղաքացիները պետք է զգան ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Մեր քաղաքացիները պետք է զգան ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի, սակայն, մեր կարծիքով, անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի փուլային անցումը կպահանջի առանձին քննարկում և մանրամասն մշակում։ Կարծում ենք, որ տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա մեզ լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հավելել է՝ ակնհայտ է և միևնույն ժամանակ օրինաչափ, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան վերը նշված ոլորտի օրենսդրական կարգավորումը։ Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզն արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը կոչված է լուծելու իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։ «Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
16:16 - 02 փետրվարի, 2024
Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ
 |armenpress.am|

Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմերով (ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ)։ Դրա արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։ Հանդիպման օրակարգում ներառված են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկումը, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիրը և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Նիստից առաջ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները այցելել են Digital Almaty-2024 համաժողովի թվային ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 300 միջազգային ՏՏ ընկերությունների թվային նախագծեր։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
14:03 - 02 փետրվարի, 2024
Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

hy.armradio.am: Ռուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, Մոսկվայում մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է կազմակերպությունում նախագահող երկրի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով, միջպետական ​​հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։ «Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում էին մեր երկրների փոխվարչապետերը։ Դրան մասնակցեցին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Սա շատ կարևոր, շրջադարձային իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր որոշումները, կյանքի կկոչվեն և բնականաբար կպահանջեն շփումներ և այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չթվարկեմ, մենք աշխատում ենք այդ հարցի վրա, իհարկե, նման փոխանակումներ, այդ թվում՝ բարձր մակարդակով այցելություններ, օրակարգում են»,- ասել է դեսպանը։
09:41 - 19 հունվարի, 2024