ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, որոնց համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
19:36 - 18 ապրիլի, 2024
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
18:40 - 18 ապրիլի, 2024
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|

factor.am: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև մի շարք մասնակից պետություններում վերջին տարիներին ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների բազմաթիվ խախտումները զգալիորեն վատթարացրել են հարաբերությունները ԵԱՀԿ անդամների միջև։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։ «Մենք միասին չկարողացանք բարեխղճորեն իրագործել մեր ընդհանուր որոշումները: Արդյունքում, պետությունների միջև անվստահությունն աճում է, և վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ նվազում է»,- ասել է Բորգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ «մնում է սպառնալիքի տակ»։ Ըստ Բորգի՝ կազմակերպությունը, Ուկրաինայից զատ, իր ուշադրությունը կենտրոնացրել է ձգձգվող հակամարտությունների վրա, այդ թվում՝ Մերձդնեստրում և Հարավային Կովկասում։ «Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև առաջիկա այցը Հարավային Կովկաս հանդիսանում են  գործընկերների հետ երկխոսության մեր համատեղ ջանքերի մի մասը՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար»,- հայտարարել է Մալթայի ԱԳ նախարարը։ Բորգը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։  
13:28 - 17 ապրիլի, 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչին

Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանն ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը:   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։   Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, ներկայացրել է անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։   Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին:   Վեսա Հակկինենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար:
19:02 - 15 ապրիլի, 2024
Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպին։ Նա նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները, միաժամանակ բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնական դուրս գալ: «Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով», - ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել է Ջեյմս Հիպպին։
19:11 - 10 մարտի, 2024
ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մարտի 2-ին Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:   Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։   Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի, մասնավորապես 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։   Արարատ Միրզոյանն ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։   Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
11:44 - 03 մարտի, 2024
«Երևանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից»․ Բայրամով |azatutyun.am|

«Երևանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից»․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից՝ նորմալացման գործընթացն ու խաղաղության բանակցությունները չվնասելու համար, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել։ Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի էջում միայն նշված է, որ Բայրամովը Շմիդի հետ քննարկել է ԵԱՀԿ օրակարգին, կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր, իսկ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայում են նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Երեկ Ռուբինյանն ու Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը բանավիճել են Անթալիայում ՀՀ Սահմանադրության ու սպառազինության գնումների հարցերի շուրջ։
13:15 - 02 մարտի, 2024
ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում  տեղի ունեցող զարգացումների շուրջ

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։ Միաժամանակ, կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։ Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:  
22:13 - 16 փետրվարի, 2024
ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ
 |armenpress.am|

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները: «Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», - ասվում է զեկույցում:  Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը  շարունակաբար ճնշվել է: Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։ Ընտրատեղամասերի 93 տոկոսի տվյալների մշակման արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,1 տոկոսը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում։
19:07 - 08 փետրվարի, 2024
Բաքուն ձերբակալել, ապա արտաքսել է ԵԱՀԿ դիտորդին |azatutyun.am|

Բաքուն ձերբակալել, ապա արտաքսել է ԵԱՀԿ դիտորդին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի իշխանությունները ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակին ձերբակալել, ապա արտաքսել են երկրից, պաշտոնական Բեռնն առայժմ չի մեկնաբանում լուրը։ Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Նիկ Գուգերը Բաքու է ժամանել շաբաթ օրը ԵԱՀԿ դիտորդների կազմում՝ նախապես ունենալով համապատասխան հավատարմագիր և թույլտվություն։ Բաքվի օդանավակայանում, սակայն, ոստիկանները նրան ձերբակալել են, առգրավել անձնագիրը, ապա ժամեր անց արտաքսել Թուրքիա։ Քաղաքական գործիչն իր դիվանագիտական անձնագիրը ստացել է միայն Ստամբուլ հասնելուց հետո։ Սկանդալի այս մանրամասները հրապարակում է շվեյցարական «Բլիք» պարբերականը, որի հարցումներին Շվեյցարիայի արտգործնախարարությունն ու այդ երկրում Ադրբեջանի դեսպանությունը դեռևս չեն արձագանքել։ Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչությունը միայն նշել է, որ հարցով զբաղվում է դիվանագիտական խողովակներով։ Պաշտոնական Բաքուն ևս մինչ այս պահը չի պարզաբանել՝ ինչու է եվրոպացի քաղաքական գործիչն արտաքսվել։ Միջադեպը դեռևս չի մեկնաբանել նաև ԵԱՀԿ-ը։ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է։ Կառույցն անցած օրերին մեկ տարով սառեցրել է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ պատճառների թվում նշելով Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ պատերազմը, Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրները, քաղբանտարկյալների աճող թիվը։ ԵԽԽՎ-ի դժգոհությունն էր հարուցել հատկապես այն հանգամանքը , որ Ալիևի վարչակազմը հրաժարվել է կառույցի պատվիրակությանը հրավիրել Ադրբեջան՝ հետևելու չորեքշաբթի օրը կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքին, չնայած Բաքուն ունի հրավերն ուղարկելու պարտավորություն՝ որպես մոնիթորինգի ենթակա երկիր։ Ադրբեջանցի պատգամավորների հնարավոր վերադարձը ԵԽԽՎ հենց այս խնդրի լուծմամբ են պայմանավորում: Պատժամիջոցների նախաձեռնության հեղինակ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում պնդել է՝ որոշումը կարող են վերանայել, եթե Ալիևի վարչակազմը կրկին թույլատրի ԵԽԽՎ ներկայացուցիչների մուտքը երկիր: «Ադրբեջանը խախտել է ԵԽԽՎ կանոնները և մեզ չի հրավիրել ընտրություններին․ սա փոխելու դեպքում մենք պատրաստ կլինենք համագործակցել։ Քաղբանտարկյալների առկայության դեպքում մենք պետք է նրանց հետ հանդիպելու հնարավորություն ունենանք, այդ դեպքում մենք պատրաստ կլինենք միասին աշխատել», - ասել է Շվաբեն: Մինչ այդ, միակ եվրոպական կառույցը, որին Ալիևի վարչակազմը թույլատրել է ժամանել Ադրբեջան և հետևել ընտրություններին, ԵԱՀԿ-ն է: Կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հունվարի վերջին հրապարակած միջանկյալ զեկույցում արդեն քննադատել է նախընտրական գործընթացները, ընդգծելով, որ քարոզարշավն ընթանում է առանց իրական քաղաքական մրցակցության, առանց քաղհասարակության մասնակցության, անկախ լրատվամիջոցների դեմ իշխանությունների ճնշումների պայմաններում։ Ավելի մանրամասն`  azatutyun.am-ում։   
22:06 - 05 փետրվարի, 2024
Բաքվի կողմից չեմ լսել հավաստիացում, որ պատրաստ են ՌԴ-ում կնքել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան |tert.am|

Բաքվի կողմից չեմ լսել հավաստիացում, որ պատրաստ են ՌԴ-ում կնքել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Վերջին շրջանում զանազան միջնորդությունները միջնորդություն չեն բառի դասական իմաստով, այնպես, ինչպես հայկական հանրությունը ընկալում էր այդ եզրույթը ԵԱՀԿ Մինսկի խմբի դեպքում, երբ առաջարկներ էին մշակվում և ներկայացվում կողմերին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում այդ միջնորդությունները առավելապես նոր հանդիպումներ կազմակերպելու մասին են։ Միրզոյանը խոսեց նաև այն մասին, թե արդյո՞ք Բաքուն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր ՌԴ-ում։ «Չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացում ո՛չ փակ և ո՛չ էլ հրապարակային հանդիպումների ընթացքում չեմ լսել։ Եթե Սերգեյ Լավրովը այդպես է պնդում, գուցե ինչ-որ հիմք ունի»,- ասաց Միրզոյանը։ 
17:01 - 23 հունվարի, 2024
Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը

Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։ Նախարար Միրզոյանը համաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով այն մարտահրավերները, որոնց բախվում են ԵԱՀԿ-ն և նրա պատասխանատվության տարածքում գտնվող երկրները, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում. աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։ Նախարար Միրզոյանն ունեցել է ավելի քան քսան հանդիպում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ երկրների ԱԳ նախարարների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև 2024թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Մալթայի արտաքին գործերի նախարարի հետ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի, ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչի, ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԵՄ անդամ երկրներից Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՌԴ, Անդորրայի, Լիխտենշտայնի, Չեռնոգորիայի ԱԳ նախարարի հետ։ Կայացել է նաև ԱԳ փոխնախարարի հանդիպումը Կանադայի գործընկերոջ հետ։ Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացվել են այն մարտահրավերները, որոնց բախվում է ՀՀ-ն. ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքները, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ տեսլականն ու ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքները։
17:07 - 02 դեկտեմբերի, 2023